Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:29

Մաղաքիա արք. Օրմանյան

29-37. Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»: Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»: Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»:
   
   Մի հրեա Երուսաղեմից ճամփա ընկավ՝ Երիքով գնալու համար, բայց ճանապարհին ավազակները կտրեցին առջևը, կողոպտեցին, ունեցած-չունեցածը վերցրին, իրեն էլ վիրավորեցին և մահամերձ վիճակով թողեցին ու հեռացան։ Խեղճ մարդը մնում է այնտեղ՝ չկարողանալով որևէ բան ասել և առանց որևէ օգնականի։ Պատահաբար մի ճամփորդ քահանա անցավ այդտեղից, տեսավ, բայց ուշադրություն չդարձրեց, խեղճ վիրավորն էլ մնաց հուսախաբ, այնինչ կարծում էր, թե քահանան կօգնի։ Քահանայի հետևից մի ղևտացի էլ անցավ։ Նա էլ ցուցաբերեց նույն անհոգությունը և խեղճ վիրավորն առանց օգնության մնում էր իր տեղում, ծանր էր հատկապես հուսախաբությունը։ Երկուսի հետևից երևում է երրորդ ճամփորդը․ վիրավորը նայում է և տեսնում, որ օտար մարդ է, հրեա չէ, այլ սամարացի մի վաճառական։ Վիրավորը քահանայի և ղևտացու անհոգությունը տեսնելով՝ հուսահատված, չէր մտածում, թե խրոխտ սամարացին կարող է հրեային օգնության հասնել։ Այս անգամ վիրավորի սպասվածի հակառակն է պատահում, արդյունքը՝ լավ։ Սամարացին շեղում է ճանապարհը, գալիս է վիրավորի կողմը, իջնում է ձիուց, մարդասիրությունից դրդված՝ մոտենում, զննում է վերքերը, իր ճամփորդական պայուսակից կտավներ է հանում, լվանում ձեթով ու գինով, լավ կապում է վերքերը, հագուստով փաթաթում նվաղած մարմինը, ըմպելիքի պաշար թողնում, սիրտը չի տանում խեղճին մենակ թողնել, վերցնում և նստեցնում է իր ձիու վրա ինքն էլ քայլելով տանում է ճանապարհին հանդիպած առաջին պանդոկը։ Գիշերը նրա հետ է անցկացնում, հոգ տանում ուտելիքի և բուժման համար, առավոտյան էլ վեր կենալով վճարում է պանդոկապետին իր և վիրավորի համար, նաև պատվիրում է պանդոկապետին, թե ինչ բուժում ու հոգ պիտի կատարի, հաշիվն էլ պահի, որ Երիքովից վերադառնալուց ինքը բոլորը վճարի։
    Հիսուսի բերած այս օրինակի համար ավետարանիչը չի գործածել «առակ» բառը։ Այդ հանգամանքը և մյուս կողմից Երուսաղեմի ու Երիքովի անունների հիշվելը և այդ ճամփին՝ Եդովմինի կամ Ադոմիմի ապառաժոտ ելքի մոտ ավազակների նշանավոր վայր լինելը շատերին առիթ տվեց պնդելու, թե Հիսուս ոչ թե մի առակ պատմեց, այլ իրոք կատարված մի եղելություն հիշեցրեց օրինականին։ Տեղական ավանդության մեջ էլ Եդովմինի, այժմ՝ Թալաթեդդում, ելքի վրա ցույց են տալիս վիրավոր հրեայի և բարեսեր սամարացու հանդիպած տեղը։ Այնուամենայնիվ, գրեթե բոլոր մեկնիչների կարծիքն այն է, թե սամարացու պատմությունը առակ է, այլ ոչ թե եղելություն։
    Հիսուսի ուզած կետի բացատրությունը շատ պարզ էր։ Ընկերոջը սեր ցույց տալու պարագան, առավելապես նրա օգնության կարոտ եղած ժամանակն է, իսկ ընկերոջ անձն էլ որոշելու հարցը՝ այդ օգնությունը ցույց տալու հանգամանքն է՝ առանց որոշելու, թե օգնության կարիքն ունեցողը ով և ինչպիսի մարդ է։ Հրեան էլ սամարացու համար ընկեր է նկատվում, երբ մեկը մյուսին օգնելու իրավիճակն է ստեղծում։ Բայց Հիսուս, առակը պատմելուց հետո, իմաստն ու մեկնությունը օրինականին է բացատրել տալիս․ «Ահա, - ասում է, մի դեպք, օգնության կարոտ մի հրեա, ում տեսնում են թե՛ մի քահանա, թե՛ մի ղևտացի և թե՛ մի սամարացի։ Ի՞նչ ես կարծում, այս երեքից ո՞ր մեկը կատարեց ընկերոջը սիրելու պատվիրանը և հասկացավ ընկերոջ ով լինելը»։ «Սրանից պարզ ի՞նչ կա, - պատասխանում է օրինականը, - անշուշտ նա, ով օգնեց խեղճին և ողորմեց»։ «Ուրեմն, - ասաց Հիսուսը,- քանի որ պատվիրանը գիտես, պատվիրանը բացատրելու ձևն էլ գիտես, հարցնելու և իմանալու բան չունես, գնա՛, ըստ այդմ գործիր, պահիր սիրո պատվիրանները և կհասնես փրկության ու կարժանանաս հավիտենական երջանիկ կյանքին»։ Ավետարանիչ չի ասում, բայց խոսքի ձևից հասկացվում է, որ օրինականն այլևս հարցեր չի տալիս և գնում է։ Նա ցանկանում էր Հիսուսին փորձել, Նրա կարողության չափն իմանալ և լավ ու կատարելապես ճանաչեց նրան։
    Սամարացու առակն այնքան պատշաճ և զգայուն է, որ հաճախ է կրկնվում և Սուրբ Հայրերը ուզել են նրա բարոյական իմաստի բացատրությունների մեջ մտնել, տալով պատմության ամեն մի պարագայի և տարրի իմաստն ու նշանակությունը։ Ճամփորդը, ճամփան, ավազակները, կողոպտելը, վիրավորելը, ձեթը, գինին, փաթաթելը, պանդոկը, դարմանը, վճարումը, մեր հոգևոր փրկության և բարոյական կյանքի հետ համեմատելով, հատուկ նշանակություն են ստացել, որոնց բացատրությունը ավելի շատ քարոզի նյութ է, քան՝ «Համապատում»-ի։
    Սակայն Հիսուս Իր առակով նպատակ է ունեցել իր Ավետարանի քարոզությունն էլ ակնարկել և հանդիմանել օրինականների ու քահանայապետերի ընթացքը։ Առանց խորհրդի չէ, որ բարեգործությունը սամարացուն տրվում է և բարեգործություն չանելը՝ քահանային և ղևտացուն։ Որովհետև Հիսուսի դատաստանով Իրենք Իրենց բանի տեղ դնող հոգևոր պաշտոնյաները անհոգ ու անպիտան մարդ կարող են լինել՝ զուրկ իսկական բարությունից, իսկ իենցից անարգված և անօրեն ու մեղավոր կարծված մաքսավորներն ու սամարացիները իսկապես բարիք գործելու հարմար մարդ կարող են լինել։