Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն:
Հիսուսի վերջին զատկի օրը բավական ընդարձակ և ճյուղավորված խնդիրների առիթ է տվել ավետարանների տեղեկությունները ի մի բերելու, շարադրելու և նրանցում եղած պարագաները համաձայնեցնելու համար:
Այդ մասին բազմաթիվ հատորներ են գրված մեկնիչների և քննադատների կողմից, և իհարկե, մեր նպատակը չէ մեջբերել նրանց բոլորի ասածները, կրկնել և բաղդատել, քանի որ մեր ոճը ո՛չ քննական է, ո՛չ էլ գիտական, այլ ավետարանական պատմությունը մատչելի, ժողովրդական ոճով շարադրելուն ենք հետևում: Զատկի օրվան վերաբերող խնդրի կարևոր կետն այն է, թե որ օրն էր սկսվում բաղարջակերաց տոնը և հինգշաբթի երեկոն, երբ Հիսուս օրինական գառնակերությունը կատարեց, ճիշտ Նիսանի 14-ի երեկոն և բաղարջակերացի սկիզբը, թե՞ բաղարջակերաց տոնը սկսվում էր ուրբաթ երեկոյան, և ուրեմն զատկի տոնը և Նիսանի 15-ը ոչ թե ուրբաթ էր, այլ շաբաթ օրը կլիներ: Հույները, որոնք Ս. Հաղորդության խորհուրդը խմորյալ հացով են կատարում, ուզում են պնդել, որ հինգշաբթի երեկոյան բաղարջակերք չէր: Դրանով ուզում են ասել, որ ընթրիքի ժամանակ Հիսուս գործածեց խմորյալ, այլ ոչ թե բաղարջ հաց: Ավետարաններում ուրիշ տեղեր էլ կան, որոնք կարոտ են հատուկ բացատրության, սակայն հարմար չենք գտնում փոխել համապատումի ոճը և գրել այստեղ ապացուցողական և պատճառաբանյալ հոդված:
Մեզ համար բավական է ընդհանրապես և մեր քննությամբ իբրև ստույգ ընդունված տեսակետին հետևելով Հիսուսի վերջին զատիկը, այսինքն՝ Հռոմի 785-ը, մեր թվականի 30 և Հիսուսի կյանքի 34 տարու զատիկը կամ լուսնային նիսան ամսի 15-ը դնել ապրիլի 7-ին՝ ուրբաթ օրը: Դրանով ընթրիքն էլ կատարված կլինի համաձայն մովսիսյան օրենքի՝ հինգշաբթի երեկոյան, նիսանի 14-ի երեկոյան, արեգակնային ապրիլի 6-ի երեկոյին: Այս տարեթիվը հաստատվում է հիմնականում երկրորդ դարիՏերտուղիանոս վարդապետի գրած վկայությամբ, որը զննելով և ճշտելով գտել է, թե Հիսուսի մահն ու հարությունը տեղի է ունեցել երկու Գեմինոսների հյուպատոսության տարում, որն ընկում է Հռոմի 783 թվականին:
Զատկական խնդրի շուրջ եղած զանազան խնդիրները և ավետարանների համաձայնության կետերը պիտի ջանանք բացատրել համապատումում՝ ըստ կարգի, որով թե մեր ընդօրինական ոճը խախտված չի լինի և թե կարևոր կետերը լուսաբանած կլինեք:
55-56. Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:
Հիսուսի՝ Եփրայիմում առանձնության մեջ անցկացրած օրերն անցան, մոտեցան զատկի օրերը: Ամեն կողմից գալիս էին ուխտավորների քարավանները և Երուսաղեմը լցվում էր գավառացի հրեաներով, մանավանդ՝ գալիլիացիներով, որոնք վաղուց զրկված էին Հիսուսի ներկայությունից, առավել ևս՝ հրաշագործություններից, մինչ կարծում էին, թե մյուսներից առավել իրավունք պիտի ունենան իրենց հայրենակցի՝ Հիսուս Նազովրեցու վրա:Նրանք լսել էին Բերեայի կողմերում կատարված հրաշքների, մանավանդ վերջերս տեղի ունեցած Բեթանիացի Ղազարոսի հարության մասին, որը, կարծես, վերոհիշյալ հրաշագործության կենդանի և խոսուն հիշատակարանն է՝ կանգնեցված Երուսաղեմի մոտ: Մի քանի շաբաթ էր, ինչ Հիսուսի գործունեության մասին խոսքերը բոլորովին լռել էին: Մինչև անգամ ստույգ չգիտեին, թե այս օրերին որտեղ է գտնվում նա: Գիտեին միայն, որ նա սովորություն ունի կատարել զատկական պարտավորությունը և վախի պատճառով պարտավորությունը զանց անողներից չէ, ուստի վստահ էին, որ զատկական օրերին մեջտեղ կգա, և իրենք բախտ կունենան տեսնելու նրան և կօգտվեն նրա բժշկություններից: Այս էին ուղտավորների մտածումները, մյուս կողմից էլ նրանք զբաղված էին տոնական ծիսակատարություններին և զոհագործություններին իրենք իրենց պատրաստելով, պղծություններից մաքրվելով, սրբության օրենքները կատարելով: Ավետարանիչը գրում է, «Զի սրբեսցեն զանձինս իւրեանց»:
Այլ էին փարիսեցիների ու քահանայաօետերի, այսինքն՝ սինեդրիոնի անդամների և նրանց համախոհների մտածումները: Հիսուսի սպանությունը վերջնականապես որոշելուց հետո նրանք կարծում էին, թե Բեթանիայից Երուսաղեմ կգա, և իրենք հեշտությամբ իրենց որոշումը կիրականացնեն, այնինչ Հիսուս, առանց Երուսաղեմ մտնելու, անսպասելիորեն բռնում է Բեթսանի անապատի ճամփան և հասնում մինչև Եփրայիմ և, դադարեցնելով Իր գործունեությունը, անգամ Իր գտնվելու վայրը գաղտնի պահում ժողովրդից: Փարիսեցիները իրենց ակնկալիքից հուսախաբ էին եղել: Բայց նրանք նույնպես վստահ էին, որ Հիսուս անպայման Երուսաղեմ կգա զատկի համար: սակայն կարող էր առանց որևէ մեկին լուր տալու Երուսաղեմ մտնել, ինչպես արել էր վերջին Տաղավարահաց տոնին (Հովհ. 7:14-31): Այդ պատճառով հատուկ պատվիրել էին իրենց պաշտոնյաներին, որպեսզի Հիսուսի Երոսաղեմ գալու մասին իմանալուն պես, իսկույն կամ իրենք ձերբակալեին Նրան, կամ իրենց տեղեկացնեին: Ավետարանի բացատրությունը, թե «ոք գիտեսցէ, թէ ո՛ւր է, գուշակեսցէ զնմանէ», ուղղված է ոչ միայն պաշտոնյաներին, այլ ընդհանրապես բոլորին և իրավունք է տալիս հետևություն անելու, թե սինեդրիոնն անգամ պարգև էր խոստացել նրանց, ովքեր կհայտնեն Հիսուսի Երուսաղեմում կամ երուսաղեմից դուրս գտնվելու մասին: Հուդայի արարքը լիովին հաստատում է մեր կարծիքը: Եթե սինեդրիոնը նախապես հայտարարած չլիներ վարձատրության մասին, ինչու՞ պիտի հրապուրեր և հուսադրեր վարձք ստանալու ակնկալությունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: