Ընդ սուրբս Քո բարեբանեմք զՔեզ Քրիստոս Աստուած հարցն մերոց:
Որք խաչակից Քեզ գոլով յօժարութեամբ յանձն առին զդժնդակ տանջանս.
Ընդ նոսին օրհնեմք զՔեզ Քրիստոս Աստուած հարցն մերոց:
Որք մեռան ընդ Քեզ եւ կենդանացան. եւ թագաւորեալք վայելեսցեն ի Քո փառս.
Ընդ նոսին կենագործեա զմեզ Քրիստոս:
(Շարակնոց)
Մեծ եւ պատուական վկայուհին՝ վարդագեղ եւ շուշանափայլ սուրբ կոյս Վառվառան, Պամփլագոնիայի Հելիուպօլիս քաղաքից էր: Նա մեծահարուստ եւ հեթանոս ազնուականի՝ Դիոսկորոս անունով իշխանի մինուճար եւ իմաստուն դուստրն էր, որը ծածուկ դաւանում էր Քրիստոսին:
Այդ ժամանակաշրջանում՝ անօրէն Մաքսիմիանոս կայսեր թագաւորութեան օրօք, զօրացան հալածանքները քրիստոնեաների հանդէպ: Կայսրը դատաւորներ եւ զօրագլուխներ ուղարկեց իր տէրութեան բոլոր գաւառները, որպէսզի բռնէին ու ստիպէին քրիստոնեաներին զոհ մատուցել աստուածներին, իսկ հակառակ դէպքում սպանել ու կործանել՝ վերացնելով նրանց միաբանութիւնն ու կրօնը: Այդ նպատակով Հելիուպօլիս քաղաք եկաւ Մարկիանոս կամ Մարտիանոս անունով անաստուած եւ վայրենամիտ դատաւորը, որը քաղաքի իշխանների գործակցութեամբ տանջանքների էր մատնում այն բոլոր քրիստոնեաներին, որոնց գտնում էր: Այդ դատաւորին մեծապէս օգնում էր նաեւ Վառվառայի հայրը՝ Դիոսկորոսը, որը խիստ մոլեռանդ լինելով կուռքերի պաշտամունքի մէջ՝ բնաւ չէր կարծում, որ իր դուստրը եւս քրիստոնեայ է: Հայրը Վառվառային պահում էր ապարանքի վերնատանը, որովհետեւ նայելով դստեր վայելչագեղ կերպարանքին՝ հրամայել էր նրա համար բարձր աշտարակ շինել եւ նրան այնտեղ բնակեցնել, որպէսզի ոչ ոք չտեսնի նրան, մինչեւ որ հասնի ամուսնութեան համար կատարեալ հասակին: Վառվառայի գեղեցկութեան համբաւը տարածուել էր ողջ երկրով մէկ, եւ մեծամեծ իշխաններից շատերը ցանկանում էին հարսնացնել նրան իրենց որդիներին: Հայրը չգիտէր, թէ Աստուծոյ տնօրինութեամբ իր դուստրն ինչպիսի շնորհների էր արժանանում առանձնութեան մէջ: Վառվառան, համակուած Քրիստոսի սիրով, ցանկանում էր սրբութեամբ հարսնանալ Քրիստոսին եւ ապրում էր պարկեշտ վարքով, անբիծ հաւատքով ու կուսական մաքրութեամբ:
Մի օր հայրը բարձրացաւ աշտարակի վրայ՝ տեսնելու դստերը եւ ասաց նրան. «Դո՛ւստր իմ, Վառվառա՛, ահաւասիկ քեզ սպասում է հարսանեաց առագաստը: Ես պատրաստւում եմ քեզ կնութեան տալ մի մեծահարուստի որդու: Ի՞նչ ես կարծում եւ ի՞նչ ես խորհում քո սրտում, ասա՛ ինձ համարձակ»: Իսկ նա, խոժոռուած հօր խօսքերից, խռովուեց իր հոգում եւ երկնքին նայելով՝ հառաչեց ու ասաց. «Ո՛վ հայր իմ, մի՛ ստիպիր ինձ՝ թշուառականիս, ինքս ինձ դատապարտել եւ չար դահիճ լինել՝ զրկելով ինձ քաղցր եւ անհոգ կեանքից»: Հայրը հիացաւ դստեր պատասխանի վրայ եւ թողնելով նրան՝ իջաւ ներքեւ:
Օրեր անց Դիոսկորոսը որոշեց աշտարակի մօտ մի բաղինք շինել եւ հրամայեց արհեստաւորներին այն արագ կառուցել եւ գործը շուտ աւարտին հասցնել, որովհետեւ պատրաստւում էր հեռու ճանապարհ գնալ: Ապա գործը յանձնելով աշխատաւորներին՝ հեռաւոր երկիր գնաց:
Մի օր Վառվառան, իջնելով աշտարակից, տեսաւ բաղնիքի շինուածքը եւ նկատեց, որ հիւսիսային կողմում միայն երկու պատուհաններ կային: Կոյսն ասաց նրանց. «Ո՛վ ճարտարապետներ, դուք ձեր գործում հմտութիւն չունէք, որովհետեւ միայն երկու պատուհան էք բացել»: Մարդիկ ասացին նրան. «Ո՛վ տիկին, մենք կատարել ենք մեր տիրոջ՝ քո հօր հրամանը»: Քրիստոսի աղախինն ասաց նրանց. «Թող իմ հրամանով եւս մէկ պատուհան բացուի, որովհետեւ լուսանցոյցները պէտք է երեքը լինեն»: Եւ նրանց սրտից փարատելով իր հօր հանդէպ ունեցած երկիւղը՝ կատարել տուեց իր պատուէրը: Երանելին մարմարէ աւազանի մէջ, որ գտնւում էր արեւելեան կողմում, դրոշմեց նաեւ քրիստոնէութեան նշանը՝ իր ձեռքով ուրուագծելով տէրունական խաչի նշանը: Վառվառան մտաւ իր հօր ապարանքը, թքեց նրա կուռքերի երեսին եւ ասաց. «Սրանց նման պիտի լինեն կուռքեր ստեղծողները եւ դրանց ապաւինողները»:
Շատ օրեր անց եկաւ նրա հայրը՝ Դիոսկորոսը: Մտնելով բաղնիք՝ նա այնտեղ երեք լուսամուտ տեսաւ եւ ոչ թէ երկու, ինչպէս որ հրամայել էր եւ արհեստաւորներին ասաց. «Ինչո՞ւ արհամարհեցիք իմ հրամանը եւ այդպէս արեցիք»: Աշխատաւորները պատասխանեցին. «Մեր կամքով չէ, որ այդպէս արեցինք, այլ քո սիրելի զաւակի հրամանով»: Այնժամ նա կանչեց երանելի կոյսին եւ զարմանքով հարցրեց. «Դո՞ւ ես հրամայել բաղնիքում երեք լուսանցոյցներ բացել»: Եւ նա պատասխանեց. «Այո՛, ես հրամայեցի, որովհետեւ երկուսը չի արտայայտում Երրորդութեան կատարեալ Անձերին, քանզի իւրաքանչիւր մարդ, որ աշխարհ է գալիս, լուսաւորւում է եռեակ Լոյսով եւ Մի Աստուածութեամբ ժառանգում Արքայութիւնն ու յաւիտենական կեանքը: Այդ պատճառով բացել տուեցի երեք լուսանցոյցներ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: Հայրն ասաց նրան. «Որդեա՛կ իմ, մի՞թէ ցնորուել ես, չեմ հասկանում, թէ ինչ ես ասում այլաբանօրէն: Ասա՛ յայտնապէս, որպէսզի հասկանամ, թէ ինչ ես խօսում»: Այնժամ կոյսը յստակ ու համարձակ յայտնեց իր քրիստոնեայ լինելու մասին՝ յանձն առնելով Քրիստոսի սիրոյ համար վկայել արեամբ: Ցոյց տուեց նաեւ խաչի նշանը, որն ուրուագծել էր աւազանի մէջ ոչ թէ ճարտարութեամբ, այլ Տիրոջ զօրութեամբ, որովհետեւ նրա մատների հետքերը դրոշմուել էին աւազանի մէջ, ինչպէս փափուկ նիւթի կամ մոմի վրայ:
Այս լսելով՝ Դիոսկորոսը բորբոքուեց եւ լցուեց մեծ ցասումով: Նա իսկոյն հանեց իր սուրը՝ սպանելու դստերը, սակայն երբ կոյսն աղաղակեց Տիրոջը, մեծ սքանչելիք եղաւ. բաղնիքի դիմաց գտնուող ժայռը խորանաձեւ երկու մասի ճեղքուեց, եւ կոյսը ողջանդամ ու անվնաս անցաւ լերան միւս կողմը: Անօրէն հայրը չհասկացաւ Տիրոջ զօրութիւնը եւ կատարուածը սովորական երկրաշարժ համարեց: Պահ անց ելաւ մօտակայ լեռը եւ այնտեղ տեսնելով երկու հովիւների՝ հարցրեց նրանց դստեր մասին: Նրանցից մէկը լռեց, բայց միւսը նշանացի ակնարկութեամբ մատնեց կոյսին: Այնուհետեւ հայրը, գտնելով դստերը լերան խորշերում, ուժգին ապտակեց նրան եւ դաժանաբար հարուածելով՝ բռնեց նրա մազերից ու քարշ տուեց մինչեւ տուն: Արգելափակեց ու անսուաղ պահեց նրան մի մութ սենեակում՝ իբրեւ բանտում, կնքեց մուտքն իր մատանիով եւ նրա մասին տեղեկացրեց Մարկիանոս դատաւորին:
Օրեր անց իր հետ վերցրեց ծեր, անօրէն եւ անաստուած մէկին, որ զօրագլուխների դասից էր, կոյսին դուրս բերեց բանտից եւ մատնեց նրան դատաւորի ձեռքը: Այդ չարադեւ մարդը դատաւորին երդուել տուեց իրենց կուռքերով եւ ինքնակալներով, որ դաժան եւ անողորմ տանջանքներով կը սպանի իր զաւակին: Այնժամ դատաւոր Մարկիանոսը, ըստ իր սովորութեան նստելով բազմամբոխ հրապարակի բարձր բեմի վրայ եւ նայելով առաքինի ու գեղեցիկ Վառվառա կոյսին, ասաց նրան. «Դո՛ւստր իմ, կանանց մէջ ազնուակա՛նդ եւ վայելո՛ւչդ, գիտեմ, որ կարիք չունես զանազան հարցերի, որովհետեւ երեւում է, որ իմաստուն ես, հեզ եւ հանդարտ: Այժմ հարցնում եմ քեզ, ի՞նչ ես կամենում, ասա՛ ինձ, կատարելով ինքնակալի կամքը՝ զոհ մատուցել աստուածներին, հաշտուել նրանց հետ, վայելել աշխարհի ցանկալի փառքը եւ թագաւորների դուստր կոչուե՞լ, թէ՞ զրկուել այս քաղցր կեանքից եւ հետեւելով Գալիլեացու ուսմունքին՝ չարաչար տանջանքներով մեռնել իբրեւ մահապարտ ու Աստուած խոստովանել Նրան, Ով մեռաւ հրեաների ձեռքով: Ես իմաստուն եւ ազնուատոհմ կոյսիդ համար նախատինք եմ համարում կենդանի աստուածներին թողնելը, մի Մեռեալին հետեւելը եւ դառը տանջանքներին մատնուելը, որոնք անողորմաբար կը վերացնեն քո գեղեցկութիւնը: Այն Քրիստոսը, որ չկարողացաւ այլոց ձեռքից փրկել Ինքն Իրեն, ինչպէ՞ս կարող է ազատել քեզ»: Քրիստոսի աղախինը դատաւորին պատասխանեց. «Ես պատրաստ եմ այսուհետեւ իմ անձը պատարագ մատուցել կենդանի Աստծուն եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին, Նրան, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ դրանցում եղած արարածներին: Նա խոնարհուելով գթաց արարածներին, ճշմարտապէս մարդ եղաւ, կամաւորապէս ու առանց մեղքի կրեց բոլոր կրքերը մինչեւ խաչելութիւնը եւ տիրաբար խորտակեց մահուան իշխանի ու նրա խաւարային դասերի զօրութիւնը, որոնց դուք անգիտաբար աստուածներ էք խոստովանում ու հայհոյում Նրան, Ով Իր յարութեամբ շնորհեց մեզ անսպառ ու անանց բարիքներ եւ յաւիտենական կեանք: Բարի է եւ այս աշխարհի կեանքը, որովհետեւ այն եւս մեծ Աստուծոյ ձեռքի գործն է, սակայն այն չար է նրանց համար, ովքեր անառակ ցանկութիւններով եւ անաստուածութեամբ հետեւում են չարի պատրանքներին: Նրանք իրենց պաշտելի կուռքերի հետ պիտի այրուեն անշէջ գեհենում: Ես փափագելով սպասում եմ այն կեանքին, որ Աստուած պատրաստեց Իր սիրելիների համար: Նրա Տէրութիւնն անանց է, եւ Արքայութիւնը՝ մնայուն: Ես երկրպագում ու փառաւորում եմ Նրան, Ով այն հանգիստն է շնորհում մեզ: Հեթանոսներիդ ոսկեղէն եւ արծաթեղէն կուռքերը մարդկանց ձեռքի գործ են ու պիտի կորչեն երկնքի ներքոյ»:
Այնժամ բարկացած դատաւորը հրամայեց կապել կոյսին, չոր արջառաջլերով անխնայ հարուածել նրան ու մազեղէն քուրձերով շփել վէրքերը, որից կոյսի մարմինը շաղախուեց արեամբ: Ապա հրամայեց բանտարկել նրան ու ոտքերը սեղմել կոճղի մէջ: Եւ ահա կէսգիշերին արեգակի ճառագայթների պէս լոյս ծագեց բանտում, երեւաց Փրկիչը եւ ասաց նրան. «Վառվառա՛, Իմ անպարտելի՛ ու սիրելի՛ վկայ, քաջալերուի՛ր ու զօրացի՛ր, որովհետեւ քո նահատակութեան վկայութիւնը մեծ ուրախութիւն է հրեշտակների եւ մարդկանց համար: Այսուհետեւ մի՛ երկնչիր այդ դատաւորի սպառնալիքներից, որովհետեւ Ես քեզ հետ եմ՝ փրկելու համար բոլոր տանջանքներից, որ գալու են քեզ վրայ»: Այս ասելով՝ Փրկիչը կնքեց նրան սուրբ Խաչի նշանով եւ իսկոյն հրեշտակների հետ երկինք վերացաւ: Բժշկուեցին Քրիստոսի սուրբ վկայի վէրքերը, եւ նա ուրախութեամբ ցնծաց Փրկչի քաջալերութեան ու խոստումների համար:
Կար Յուլիա կամ Յուլիանէ անունով մի աստուածապաշտ եւ աստուածավախ կին, որը շրջում էր սուրբ Վառվառայի հետ ու ականատես լինում նրա նահատակութեան մրցապայքարին: Նա եկաւ բանտ ու երբ տեսաւ, որ առողջացել են նրա վէրքերը, փառաւորեց Աստծուն անպատում սքանչելիքների համար եւ ցանկացաւ նահատակակից լինել նրան: Ուստի յաջորդ օրը, երբ դատաւորը հրամայեց իր առջեւ բերել Վառվառային, նրա հետ եկաւ նաեւ Յուլիանէն:
Երբ դատաւորը տեսաւ, որ Վառվառայի վէրքերն առողջացել են, եւ նա կանգնած է զուարթադէմ ու կայտառ, ապշած հարցրեց կոյսին. «Տեսա՞ր, թէ ինչպէս աստուածները հոգատարութեամբ իսկոյն բժշկեցին քեզ»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ դատաւոր, քո աստուածները կոյր են եւ համր ու քեզնից աւելի անմիտ: Նրանք երբէք չեն զգում մարդկանց ցաւերը, որի պատճառով չեն կարող որեւէ մէկին ո՛չ բարիք անել եւ ո՛չ էլ չարիք: Իսկ մենք, որ զգայութիւն ունենք եւ ճանաչում ենք Աստծուն, չենք կարող թողնել լոյսը եւ գնալ դէպի խաւարը: Բայց եթէ դու գաս ճշմարտութեան հետեւից, ատես ու հեռանաս այդ սնոտի խաբէութիւնից, ես քեզ ցոյց կը տամ ինձ Բժշկողին: Իմ ճշմարիտ Բժիշկը իմ Տէրը եւ Քրիստոս Աստուածն է՝ աշխարհի Փրկիչը, Որին դու չես տեսնում, որովհետեւ խաւարել են հոգուդ աչքերը դիւային խարդախութիւնից եւ այս աշխարհի սին ու անցաւոր փառքից»:
Այնժամ բարկացած դատաւորը, առիւծի պէս կրճտացնելով իր ատամները, հրամայեց, որ կախեն նրան, քերեն կողերը, ներքեւից կրակ վառեն եւ կապարէ գնդերով հարուածեն նրա գլխին: Այս տեսնելով՝ Քրիստոսի երանելի աղախին Յուլիանէն դառնապես լաց եղաւ աղիողորմ արտասուքներով: Դատաւորը զինուորներին հարցրեց. «Ո՞վ է այդ կինը, որ այդպէս յորդ արտասուքներով լացուկոծ է անում անօրէն Վառվառայի համար»: Պատասխանեցին. «Քրիստոնեայ է եւ այդ պատճառով ցաւակից լինելով՝ ողբում է նրա համար»: Չարացած դատաւորը հրամայեց առաւել սաստկացնել կոյսի քերանքները եւ որովայնի տակ կրակ բորբոքել: Իսկ վկայուհին, աչքերը երկնքին յառելով, ասաց. «Սրտագէ՛տ Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, անստուէ՛ր Լոյս, Դու, որ Քո աննուազ ճառագայթներով լուսաւորեցիր արարածներին, նայի՛ր Քո աղախնու տառապանքներին եւ տե՛ս իմ սրտի անձկութիւնն ու փափագը: Մի՛ հեռացրու Քո օգնութիւնն ինձնից, այլ հաստատի՛ր իմ ոտքերը հաւատքի հաստատուն վէմի վրայ եւ անսասան պահիր ինձ թշնամու որոգայթներից, որպէսզի մարմնիս տկարութեան պատճառով չզարհուրեմ ու չվախենամ վկայական հանդէսի մրցապայքարից: Զօրացրո՛ւ ինձ, որպէսզի հեթանոսների առաջ աներկիւղ քարոզեմ ու խոստովանեմ Քո Աստուածութիւնը եւ չամաչեմ, ինչպէս որ սուրբ մարգարէն է սաղմոսում եւ ասում. "Թագաւորների առաջ վկայում էի Քեզ եւ չէի ամաչում"[1]»:
Տեսնելով, որ երանելի կոյսը համբերում է ամէն տեսակ տանջանքների՝ բռնաւորը հրամայեց սուսերով կտրել նրա ստինքները: Եւ երբ անողորմ դահիճները կատարեցին իրենց հրամայուածը, Վառվառան երկնքին նայելով աղօթեց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, երեսդ մի՛ շրջիր ինձնից եւ Քո Սուրբ Հոգին մի՛ հանիր Քո աղախնուց: Տուր ինձ փրկութեան ցնծութի՛ւն, եւ Քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ»[2]: Այս ասելուց յետոյ երանելին զօրացաւ Սուրբ Հոգով եւ անտանելի ցաւերը կրեց քաջութեամբ: Նոյնպիսի դառը տանջանքների մատնեցին նաեւ Վառվառայի չարչարակցին՝ Յուլիանէին: Եւ երբ անօրէն դատաւորը չկարողացաւ մտափոխել նրանց, հրամայեց միմեանցից առանձնացնել. Յուլիանէին բանտ նետել, իսկ Վառվառային մերկ, խայտառակ եւ ծաղրուծանակի ենթարկելով՝ շրջեցնել թէ՛ քաղաքում, թէ՛ քաղաքից դուրս: Երանելի վկան սկսեց աղօթել՝ ասելով. «Ամենակա՛լ Աստուած, Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի եւ Քո սիրելի Որդու, Դու երկինքը զգեստաւորեցիր ամպերով եւ լոյս ես հագել որպէս թիկնոց: Դու Ինքդ եղիր Քո աղախնուն զգեստաւորող եւ ծածկի՛ր իմ մերկութիւնը, որովհետեւ Քեզ համար եմ ուրախութեամբ յանձն առել նախատինքներ ու չարչարանքներ, ուստի ամբարիշտների ու անօրէնների առաջ ինձ մի՛ խայտառակիր»:
Այնժամ Փրկիչը՝ Քրիստոս, երեւաց նրան քերովբէական կառքով եւ հրամայեց հրեշտակներին ծածկել նրան լուսեղէն զգեստներով: Եւ այդպէս երանելին շրջեց համարձակութեամբ, մինչեւ որ նրան բերեցին մի գիւղ, որ Գելասիս էր կոչւում եւ Եւքայիտայից հեռու էր երկու մղոնով: Եկաւ նաեւ բռնակալը եւ դարձեալ սկսեց հարցաքննել կոյսին: Եւ տեսնելով նրա անսասան հաւատքը՝ վճռեց սուսերով գլխատել սրբուհուն եւ նոյն օրինակով նաեւ՝ Յուլիանէին:
Այնժամ Վառվառայի հայրը՝ Դիոսկորոսը, որն իբրեւ խորհրդակից եկել էր դատաւորի հետ, լցուեց մոլեգին բարկութեամբ եւ կամեցաւ անձամբ լինել իր դստեր դահիճը: Զինուորների բազմութեամբ եւ ամբոխի հետ նրան տարաւ լեռը, ուր պիտի նահատակուէր: Բազմայաղթ վկան մահուան էր գնում յօժարութեամբ: Ճանապարհին աղօթում էր՝ ասելով. «Նախայաւիտեա՛ն Աստուած, անսկիզբ եւ անհասանելի՛ Լոյս, բոլորի Արարի՛չ եւ Տէ՛ր, սուրբերի Պսակի՛չ, Յիսո՛ւս Քրիստոս, շնորհի՛ր Քո աղախնուն աւարտել իր նահատակութեան ընթացքը, որ Քո սիրոյ համար է եւ պարզերես համարձակութեամբ ու անտրտում ուրախութեամբ գալ ու հասնել Քեզ: Քո փառաւորեալ անուան փառքի եւ Քո հաւատացեալների պարծանքի ու օգտի համար շնորհներ տուր նաեւ ոսկորներիս: Ովքեր հաւատքով կը կատարեն իմ յիշատակը, կատարի՛ր նրանց խնդրանքները եւ փրկի՛ր բոլոր նեղութիւններից, սովից, սրից, հիւանդութիւններից, սուր վարակիչ համաճարակներից, տարաժամ մահից եւ թողութիւն շնորհի՛ր նրանց յանցանքներին: Խաղաղութեամբ ընդունի՛ր իմ հոգին իմ նահատակակից Յուլիանէի հոգու հետ միասին»:
Վառվառան հասաւ իր նահատակութեան վայրը եւ երբ ասաց՝ ամէն, ահա երկնքից մի ձայն լսուեց, որն ասաց. «Ե՛կ, Իմ ճգնազգեա՛ց եւ անպարտելի՛ նահատակ: Այսուհետեւ Իմ սիրելի աղախնու՝ Յուլիանէ կոյսի հետ հանգստացի՛ր Իմ արքայութեան շտեմարաններում: Ամէն բան քեզ կը տրուի այնպէս, ինչպէս որ խնդրեցիր»:
Եւ այդ վայրում Վառվառայի դաժան ու անօրէն հայրը սուսերով գլխատեց դստերը, իսկ զինուորներից մէկն էլ գլխատեց Յուլիանէին: Այդպէս նրանք նահատակուեցին ի Քրիստոս բարի խոստովանութեամբ, որ եղաւ Տիրոջ մօտ 300 թուականի դեկտեմբերի չորսին:
Երբ ամբոխը ցած էր իջնում լերան վրայից, երկնքից մեծ փայլատակումով հուր իջաւ եւ այրեց դատաւորին ու որդեսպան Դիոսկորոսին՝ անհետացնելով անգամ նրանց մոխրափոշին: Վաղենտիանոս անունով աստուածապաշտ եւ աստուածավախ մի մարդ վերցրեց սուրբերի նշխարները, պատանքեց, օծեց անուշահոտ խունկերով եւ պատուով թաղեց վերը յիշատակուած Գելասիս գիւղում, որտեղ մինչ օրս նրանց նշխարները սքանչելիքներ են գործում ի փառս ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Վառվառայի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին չորրորդ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ կոյսեր Թեկղի եւ Պելագիայի հետ:
[1] Սաղմ. ՃԺԸ 46:
[2] Սաղմ. Ծ 14:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: