Որք զհանդէս նահատակութեան առ բռնաւորսն ցուցին.
Եւ յաղթեցին հաւատով. երրեակ լուսոյն եղեն մեզ առիթ.
Աղաչանօք սոցա կեցո զմեզ:
Որք զխաւար կռապաշտութեանցն վանեալ հերքեցին.
Եւ կանգնեցին մեզ նշան յաղթօղ ընդդէմ թշնամւոյն:
Աղաչանօք սոցա կեցո զմեզ:
Եւ հրաշափառ ճգնութեամբ պատերազմեալք ի յերկրի.
Վերհամբարձեալք երկնայնոց դասուցն եղեն երգակիցք.
Աղաչանօք սոցա կեցո զմեզ:
(Շարակնոց)
Այս անունով հռչակաւոր կոյսերը երկուսն են, որոնք վկայեցին հալածանքների ժամանակաշրջանում, բայց կայ եւ համանուն երրորդ ապաշխարող կինը, եւ նրանք՝ միապէս երեքն էլ, մեզ յայտնի են Պելագիա անունով:
ՍՈՒՐԲ ՊԵԼԱԳԻԱ ՏԱՐՍՈՆԱՑԻ
Պելագիան, որ Պօղոս մեծ առաքեալի քաղաքակիցը եւ Կիլիկիայի Տարսոն քաղաքում Դիոկղետիանոսի օրօք չարչարանքների մատնուած սուրբ տարագոսեանների ընթացակիցն էր, քաղաքի մի մեծահարուստ եւ հեթանոս մարդու չքնաղագեղ եւ իմաստուն դուստրն էր: Սաստիկ հալածանքների օրերին սուրբ Կլենոն եպիսկոպոսն առաքելաբար շրջում էր Կիլիկիայում եւ շատերին քրիստոնեայ դարձնում ու մկրտում: Իսկ արքունի որոնողները, իմանալով նրա Տարսոն գալստեան մասին, հսկեցին քաղաքի մուտքը, որպէսզի բռնէին նրան, սակայն Տիրոջ թելադրանքով եպիսկոպոսը խուսանաւեց, եւ կռապաշտները չկարողացան գտնել նրան: Այնժամ բռնեցին շատերին, որոնք աշակերտել էին եպիսկոպոսին. ոմանց սպանեցին հաւատքի համար, ոմանց էլ մատնեցին բանտարկութեան ու աքսորների:
Իսկ Պելագիան, որ վառւում էր Քրիստոսի սիրով, փափագում էր լսել քաջ նահատակների համբերութեան մասին ու նաեւ տեսնել նրանց: Ուստի ցանկացաւ հանդիպել Կլենոն եպիսկոպոսին եւ նրանից լսել ճշմարիտ ճանապարհի մասին, սակայն չէր կարողանում, որովհետեւ ծնողներն իրեն նշանել էին Սիմպլիկոս անունով դատաւորի որդու հետ, որը Դիոկղետիանոսի որդեգիրն էր եւ որն էլ կայսեր հրամանով հալածանքների էր ենթարկում Տարսոն քաղաքում եղած քրիստոնեաներին: Բայց երկնաւոր Փեսան՝ Քրիստոս, Որը հաճեցաւ Պելագիային, տեսիլքի միջոցով ձգեց նրան դէպի Իրեն, քանզի երազի մէջ երեւաց նրան Կլենոն եպիսկոպոսի կերպարանքով եւ յայտնեց նրա տեղը, որը գտնւում էր քաղաքից դուրս:
Յաջորդ օրը կոյսը թախանձեց իր մօրն ուղարկել՝ այցելելու իրեն մեծացրած դայեակին, որը բնակւում էր Տարսոն քաղաքից դուրս: Եւ իբրեւ թէ տեսակցելելու նրան՝ զարդարուած գնաց իր երկու նաժիշտների եւ մի քանի ներքինիների ու հաւատարիմ սպասաւորների հետ, որոնցից էին ծպտեալ քրիստոնեաներ Ղոնգինոսը եւ Յուլիանոսը: Եւ ահա լեռնակողմում հանդիպեց սուրբ եպիսկոպոսին, որը շրջում էր ծառաստանում: Այնժամ Պելագիան թողեց իր սպասաւորներին՝ հանգստանալու մի ծառի տակ, առաջացաւ իր երկու աղախինների հետ եւ խոնարհուեց եպիսկոպոսի առջեւ՝ ասելով. «Օրհնի՛ր մեզ, Քրիստոսի՛ ծառայ»: Եւ եպիսկոպոսը, զարմանալով, թէ ով է այդ շքեղ կոյսը ու ինչ է խնդրում իրենից, պատասխանեց. «Իմ Քրիստոս Աստուծոյ խաղաղութիւնը թող քեզ հետ լինի, դո՛ւստր»: Պելագիան ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած, որ երեւաց ինձ քո կերպարանքով եւ ուղարկեց քեզ մօտ՝ փրկուելու կործանումից: Արդ, աղաչո՛ւմ եմ քեզ, տէ՛ր իմ եւ հա՛յր իմ, ասա՛ ինձ, ի՞նչ կայ աւելի կարեւոր բան, որն ինձ կը մօտեցնի քո Տէր Աստծուն»: Եւ եպիսկոպոսը յայտնեց նրան մկրտութեան խորհրդի մասին ու ասաց կեանքի խօսքեր: Յօժարութեամբ ընդունելով լսած բոլոր խօսքերը՝ Պելագիան խնդրեց նրան ստանալ Քրիստոսի կնիքը: Եւ երբ եպիսկոպոսն աղօթեց, այդ տեղում կենդանի ջրի աղբիւր բխեց: Պելագիան տեսաւ երկու հրեշտակներ, որոնք կային աղբիւրի վրայ: Նրանք իրենց ձեռքին սպիտակ հանդերձներ ունէին: Այնժամ եպիսկոպոսը մկրտեց Պելագիային եւ նրա երկու նաժիշտներին ու հաղորդեցրեց նրանց Տիրոջ Մարմնի եւ Արեան սուրբ Խորհրդին, որը հալածանքների պատճառով միշտ կրում էր իր հետ: Ապա համբուրելով սուրբ եպիսկոպոսի գարշապարները՝ Պելագիան խնդրեց նրա օրհնութիւնը՝ զօրանալու Սուրբ Հոգու շնորհներով: Արհամարհելով իր տան ամբողջ հարստութիւնը եւ երկրաւոր փեսայի սէրը՝ Պելագիան ընծայեց իրեն՝ հարսնանալու իր երկնաւոր Փեսայ Քրիստոսին: Եպիսկոպոսն ասաց նրան. «Աստուած, Որին տուեցիր քո անձի գրաւականը, Իր սուրբ բնակութիւնից կ՚առաքի քեզ Իր օգնութիւնը եւ քեզ յաղթել կը տայ հակառակորդին»:
Այնժամ Պելագիան հանեց իր թանկարժէք հագուստները, դրանք տուեց եպիսկոպոսին եւ խնդրեց դրանք տանել ու հեռու վայրերում բաշխել աղքատներին: Իսկ ինքն, աղքատի զգեստ հագնելով, վերադարձաւ իր հեթանոս ծառաների մօտ, նրանց դարձրեց դէպի Քրիստոսի հաւատքը, եւ միասին եկան իր դայեակի տուն, որը տեսնելով կոյսի քրիստոնեայ լինելը, վախեցաւ ընդունել եւ իսկոյն նրան իր մօր մօտ ուղարկեց:
Երբ Պելագիան եկաւ տուն, մայրը տեսաւ նրան աղքատիկ հագուստներով, իսկ երբ իմացաւ, որ դուստրը քրիստոնեայ է դարձել, երեսնիվայր ընկած լաց եղաւ, սկսեց ողբալ եւ հարուածել իր երեսին ու գլխին: Իսկոյն այդ մասին լուր ուղարկեց եւ յայտնեց նրա նշանածին, որ թերեւս նա հնար գտնի՝ մտափոխելու իր դստերը: Եւ երբ երիտասարդն իրազեկ եղաւ, ընկղմուեց խոր տրտմութեան ու անյուսութեան մէջ, որովհետեւ գիտէր, որ կոյսի քրիստոնեայ լինելուց յետոյ չէր կարողանալու որսալ նրան իր սիրով եւ, յիմարաբար մոլեգնած աղջկայ հանդէպ ուժգին սիրով, անձնասպան եղաւ:
Այս լուրը հասաւ երիտասարդի հօրը՝ Տարսոն քաղաքի Սիմպլիկոս դատաւորին: Եւ մինչ նա մտածում էր վրէժ առնել Պելագիայից, նրա անգութ մայրը շտապեց անձամբ մատնել դստերը դատաւորի կամ թագաւորի ձեռքը՝ պատճառ բռնելով, որ եթէ ինքը չլինի իր զաւակին դատապարտողը, ապա կը բնաջնջուի իր ամբողջ ընտանիքը:
Արդ, երբ Քրիստոսի անարատ գառը՝ Պելագիան, կանգնեց դատաստանի ատեանի առաջ, բռնաւորն ասաց նրան. «Հնարաւոր չէ, որ դու որեւէ կերպ փրկուես իմ ձեռքից, եթէ չհեռանաս Քրիստոսից, Ում չես ճանաչել ի բնէ: Արդ, եթէ հնազանդուես իմ կամքին, բարի կը լինի քեզ համար, եւ ես քեզ մեծ փառքի կ՚արժանացնեմ, այլապէս կը զրկեմ քեզ կեանքից նորահնար մահուամբ»: Իսկ երանելի կոյսն, արհամարհելով նրա ողոքիչ եւ սպառնալից խօսքերը, համարձակ պատասխանեց. «Քա՛ւ լիցի, որ ես հնազանդուեմ քո չար կամքին, որովհետեւ Տէրն է իմ փառքը, Ով անթառամ պսակներով պսակում է Իր հաւատարիմ սիրելիներին: Որքան աւելացնես դժնի տանջանքները, այնքան ես առաւել շնորհներ կը գտնեմ Իմ Տէր Աստուծոյ եւ Քրիստոսի առջեւ: Իմացի՛ր, որ չես կարող հեռացնել ինձ Քրիստոսից՝ թէ՛ կեանքում, թէ՛ մահից յետոյ: Արդ, ինչ պիտի անես, արա՛ իսկոյն եւ մի՛ ուշացրու»:
Այնժամ բռնաւորի կողմից Պելագիային դժնի տանջանքներով կորստեան մատնելու դաժան հրաման ելաւ: Դահիճները շիկացրին ձուլածոյ պղնձէ մի ցուլ եւ սուրբ կոյսին մտցրին դրա մէջ: Եւ նա, ուրախութեամբ ներս մտնելով, փառաւորեց Աստծուն՝ ասելով. «Փա՛ռք Քեզ, Միածի՛ն Որդի, բարձրեալ Քրիստո՛ս Աստուած, Դու Քո գալստեամբ շնորհեցիր վերստին դէպի Քեզ դառնալ չարի պատրանքներով Քեզնից հեռացածներին եւ ոտքի տակ տալով թշնամու զօրութիւնը՝ անարատ լինել Քո առջեւ»: Եւ այդպէս աղօթելով՝ առ Աստուած աւանդեց իր հոգին: Նրա պատուական մարմինն այրուելով մոմի պէս հալուեց շիկացած ցլի մէջ: Ամբողջ քաղաքում անուշահոտութիւն բուրեց, եւ մարդկանց մեծ բազմութիւն հաւատաց Քրիստոսին, որոնց մէջ էին յաղթող զօրականներ Ագաթանիոսը (կամ Թէոնիկոսը) եւ Յուլիանոսը: Երբ բռնաւորը հարցրեց նրանց, թէ «Մեռա՞ւ այն աղջիկը, որ պղնձէ ցուլի մէջ էր», պատասխանեցին. «Նա ոչ թէ մեռաւ, այլ մարտիրոսացաւ, որովհետեւ վկայեց ճշմարիտ Աստծուն եւ չուրացաւ իր Արարչին ու Տիրոջը»: Այս խօսքերի համար նրանք մատնուեցին կապանքների ու բանտարկութեան եւ արժանացան վկայական պսակների:
Բռնաւորի հրամանով անօրէնները դուրս բերեցին Պելագիայի մնացած ոսկորները ու ցրեցին Լինատոն լերան վրայ, որպէսզի քրիստոնեաները պատուելով չթաղեն դրանք: Մինչ սրբուհին տեսիլքով կը երեւար Կլենոն եպիսկոպոսին եւ կը յայտնէր իր ոսկորների տեղը, ահա Տիրոջ հրամանով եկան չորս առիւծներ՝ պահպանելու սուրբ կոյսի նշխարները գազաններից ու թռչուններից: Եպիսկոպոսը գալով հաւաքեց նշխարները եւ տարա նոյն լերան գագաթը, որտեղ գտաւ մարմարէ մեծ ու ողորկ քար: Եւ երբ հալածանքները փոքր-ինչ դադարեցին, բերել տուեց նաեւ սրբատաշ քարեր, շինեց սեղան ու մատուռ եւ այնտեղ զետեղեց սրբուհու մասունքները: Հաւատացեալները մեծ խմբերով գնում էին այնտեղ, եւ սուրբ Պելագիայի բարեխօսութեամբ իւրաքանչիւրը ստանում էր իր խնդրանքները: Նրա գերեզմանի վրայ Կլենոն եպիսկոպոսը գրեց այս յիշատակարանը. «Սրբուհի Պելագիան իր անձը գրաւական տուեց Աստծուն եւ մինչեւ իր վախճանը պայքարեց ճշմարտութեան համար: Նա մարմնով հանգչում է այստեղ, իսկ հոգին հրեշտակների հետ թագաւորում է երկնքում»:
Սուրբ Պելագիան նահատակուեց Տիրոջ մօտ 290 թուականին կամ Դիոկղետիանոսի կայսրութեան առաջին տարիներին, որի ժամանակ Տարսոն քաղաքում Սիմպլիկոս դատաւորի ձեռքով նահատակուեցին շատերը:
ՍՈՒՐԲ ՊԵԼԱԳԻԱ ԱՆՏԻՈՔԱՑԻ
Այս երկրորդ Պելագիան՝ սքանչելի նորօրինակ նահատակը, Անտիոք քաղաքից էր, փառաւոր տոհմից եւ մեծահարուստ ծնողների զաւակ: Ըստ ոմանց նա ապրել է Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի կայսրութեան տարիներին, ըստ ոմանց էլ՝ նրանցից առաջ՝ Նումերիանոսի կայսրութեան օրօք: Պելագիան ամենայն սրբութեամբ ու առաքինութեամբ առանձին ապրում էր իր բարեպաշտ մօր եւ երկու քոյրերի հետ: Եւ ի Քրիստոս հաւատքի պատճառով քաղաքի իշխանները մատնեցին նրան՝ ասելով, թէ նրանք անարգում են կուռքերին ու պաշտում խաչը, եւ թէ՝ նրանք գեղեցկատես կոյսեր են: Առաւելապէս տարածեցին Պելագիայի չքնաղ գեղեցկութեան լուրը ու տեղեկացրին նաեւ նրա աստուածպաշտութեան մասին, որն այդ ժամանակ մօտ տասնհինգ տարեկան էր: Այս լսելով՝ անօրէն իշխանը, մտադիր լինելով հեռացնել Պելագիային հաւատքից, զինուորներ ուղարկեց, որպէսզի բռնութեամբ նրան իր մօտ բերեն: Եւ զինուորները, անակնկալ տուն մտնելով, կամեցան գազանաբար որսալ անբիծ աղաւնուն:
Իմանալով նրանց գալստեան պատճառը եւ տեսնելով, որ հնարաւոր չէ փրկուել չարի ձեռքից, Պելագիան ամբողջ սրտով աղաղակեց առ Աստուած՝ իրեն մի ելք ցոյց տալու համար: Ապա լուսաւորուելով Աստծուց՝ զուարթադէմ ու անխռով խօսեց զինուորների հետ եւ խնդրեց նրանց փոքր-ինչ համբերել, մինչեւ մտնի իր սենեակը, զգեստաւորուի իր թանկարժէք հագուստներով ու իր նաժիշտների հետ շուքով գնայ իշխանի առաջ: Աստուծոյ տնօրինութեամբ զինուորները կամակից եղան նրան, բնաւ չկասկածեցին նրա խօսքերին, որովհետեւ չհասկացան ասուած խօսքերի իմաստը, այլ աւելի հաւանեցին՝ կարծելով, թէ նա ցանկանում է խիստ հաճոյ լինել իրենց իշխանին:
Մինչ զինուորները նստած էին տան սրահի մուտքի մօտ, սրբուհին ելաւ վերնատուն, որտեղ սովոր էր աղօթել եւ ձեռքերը դէպի երկինք տարածելով՝ աղօթեց. «Մեր հայրերի՛ Աստուած, Դու գիտես եղածները եւ այն ամէնը, ինչ լինելու է: Փրկի՛ր ինձ այս որսողների որոգայթից, որովհետեւ ես պահել եմ իմ կուսութեան մարգարիտը՝ ակնկալելով հասնել երկնաւոր հարսանեաց առագաստին, որ պատրաստել ես Քո սիրելիների համար: Ես շտապում եմ անարատ մարմնով, անախտ սիրով ու անբիծ հաւատքով շուտով Քեզ մօտ գալ»:
Այս ասելով՝ կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ պատուհանից իրեն ցած նետեց թէ՛ փախչելու ակնկալութեամբ եւ թէ՛ կեանքը վտանգելու կամաւոր յանձնառութեամբ՝ բնաւ չվախենալով մահից, միայն թէ փրկէր հոգին ու մարմինը: Եւ որպէզի յայտնի լինէր, որ այդ արեց Աստուծոյ թելադրանքով, մեր Յայսմաւուրքն ասում է, թէ Տիրոջ հրեշտակն ընդունեց եւ անվնաս իջեցրեց նրան: Նրա որեւէ անդամ չվնասուեց կամ չխեղուեց, սակայն գրեթէ անշնչացաւ: Եւ նա, լուռ աղօթելով ու ձեռքերը խաչանման կրծքին դնելով, առ Աստուած աւանդեց իր հոգին:
Առ այս՝ սուրբ Ոսկեբերանը գրում է. «Որպէսզի իմանաս, որ այս ամէնը չեղաւ առանց Աստուծոյ տնօրինութեան, յայտնի է դարձնում յատկապէս նրա հաստատակամութիւնը, զինուորների անտեղեակ լինելը, Աստծուց իր խնդրանքը շնորհելը եւ գործն աւարտին հասցնելը: Արդարեւ, բարձրայարկ տներից ընկնողներից շատերը չեն մեռնում, եւ ուրիշներն էլ, խեղուելով որեւէ անդամով, ընկնելուց յետոյ ապրում են երկար ժամանակ: Սակայն Աստուած չթողեց, որ սրանցից որեւէ մէկը պատահի նրան, այլ փութապէս հրամայեց, որ հոգին թողնի մարմնին եւ ընդունեց նրան՝ որպէս արժանապէս ճգնած եւ կատարեալ ամէն բանում, որովհետեւ այդ մահը ոչ թէ մարդու անկման գործ էր, այլ Աստուծոյ տնօրինութեան»: Սուրբ Ոսկեբերանը գրում է. « ... Արժան է զարմանալ նրա վրայ եւ երանի տալ նրան: Երանի տալ Աստուծոյ մարտակցութեան համար եւ զարմանալ նրա յօժարութեան վրայ: Երանելին խռովք չունեցաւ, նա սենեակում մենակ չէր, այլ իրեն մերձ էր՝ Խորհրդակիցը՝ Քրիստոս, Ով քննում էր նրա սիրտն ու քաջալերում հոգուն: ... Նա զօրականներին խնդրեց մտնել սենեակ եւ զգեստափոխուել: Արդ մտնելով՝ ապականութեան վրայ անապականութիւն հագաւ, իսկ ժամանակաւոր կեանքի եւ մահուան վրայ՝ անմահութիւն: Նա վազեց թակարդների միջով եւ որպէս որսորդների ձեռքից փախած մի եղջերու՝ սլացաւ ոչ թէ դէպի լերան, այլ երկնքի կատարը, ուր նրա հետեւից հնարաւոր չէր հասնել: ... Նրա ընկած մարմնից, առաւել, քան բոլոր լուսափայլ փայլակներից, մթագնեցին բանսարկուի աչքերը, քանզի այնքան ահաւոր չէ երկնքից արձակուած կայծակը, որքան բոլոր կայծակներից առաւել սարսափելի էր վկայի մարմինը դեւերի փաղանգների համար: Նրա ընկած մարմինը դրուած էր ոչ թէ մահճում, այլ գետնին, սակայն անպատիւ չէր գետնին դրուածը, այլ ինքը՝ գետինն էր պատուական, որովհետեւ այն իր վրայ ընդունեց մեծ փառքով պերճացած մարմնին: Արդ, կուսական մարմինը, առաւել մաքուր քան բոլոր ոսկիները, դրուած էր անձուկ գետնին: Նա շրջապատուած էր հրեշտակներով, բոլոր հրեշտակապետերը պատւում էին նրան, եւ այնտեղ էր Նա Ինքը՝ Քրիստոս: Նա դրուած էր՝ պատուած մարտիրոսութեան թանկարժէք պատանքով, զարդարուած խոստովանութեան զարդով եւ բոլոր ծիրանիներից պատուական երկու՝ կուսութեան եւ մարտիրոսութեան պատմուճաններով»:
Արդ, տեսնելով, որ Պելագիան ուշանում է, զինուորները բարձրացան վերնատուն, բայց նրան չգտան: Ոսկեբերանը գրում է. «Զարմանում եմ, թէ ինչպէս թոյլ տուեցին զինուորները, ինչպէս կինը խաբեց տղամարդկանց, ինչպէս նրանք չկասկածեցին եւ ինչպէս չհասկացան դաւը»: Պատուհանից ցած նայելով՝ տեսան նրան մեռած՝ ասես թէ քնած: Զինուորներն այս մասին եկան ու պատմեցին իշխանին, որը խիստ զարմանալով՝ զղջաց: Պելագիայի մօր եւ քոյրերի մասին էլ Ոսկեբերանը գրում է, թէ նրանք փախան, իսկ մէկ այլ ճառում առանձին-առանձին ներբողում է անտիոքացի կոյսեր Բերնիկէին եւ Պռոսդոկէին ու նրանց մօրը՝ Դոմնինային, որոնք նահատակուեցին՝ իրենց գետը նետելով: Անտիոքացիները նրանց յիշատակը տօնում էին Սուրբ Խաչից քսան օր յետոյ: Պելագիայի քոյրերի եւ մօր մասին Ամբրոսիոսն էլ գրում է. «Երբ զինուորները տեսան, որ Պելագիան չընկաւ իրենց ձեռքը, սկսեցին փնտռել մօրն ու քոյրերին: Սակայն նրանք հոգու սլացմամբ ընտրել էին ողջախոհութեան ճանապարհը: Ուստի աճապարելով գնացին դէպի գետափ եւ իրենց յանձնելով Աստծուն՝ ասացին. "Ինչո՞ւ յապաղենք. ահաւասիկ ջուրը, ո՞վ է արգելում մեզ մկրտուել: Սա թող մկրտութիւն լինի, որով կ՚ունենանք մեղքերի թողութիւն եւ արքայութեան ժառանգութիւն: Թող այս ջուրը, որը վերստին ծնում է մարդկանց, որը վայելչութիւն է տալիս կոյսերին, որը բացում է երկինքը, որը ծածկում է տկարներին, հսկում մահուանը եւ մարտիրոսներ դարձնում, ընդունի մեզ: Աղաչո՛ւմ ենք Քեզ, արարի՛չ Աստուած, մի՛ թող, որ մենք բաժանուենք միմեանցից ինչպէս այս կեանքում, այնպէս էլ մահից յետոյ": Եւ այդպէս Քրիստոսի անուան վկայութեան ու կուսական մաքրութիւնը պահելու համար ձեռք ձեռքի տուած միաբան նետուեցին գետը»:
Սակայն որպէսզի տկարամիտներից, առաւել եւս երկչոտ օրիորդներից ոչ ոք թիւր չընկալի այս պատմութիւնը եւ օրինաւոր համարի անձնասպանութիւնը կուսութեանը վտանգ սպառնալու դէպքում, թող յիշեն մեծ Օգոստինոսի աստուածային պատգամը, թէ պէտք է առաւել սքանչանալ այսպիսինների վրայ, որի մասին այդ սուրբ վարդապետը զօրաւոր եւ ազդու խօսքերով ճառում է իր «Աստուծոյ քաղաքի մասին» գրքում: Իսկ մենք յիշեցնենք ընթերցողներին երկու կարեւոր բան. նախ այն, որ Ոսկեբերանը, Ամբրոսիոսը, Օգոստինոսը եւ բոլոր վարդապետները միաբան վկայում են, թէ Պելագիայի եւ նրա նման քչերի գործը գովաբանւում է այն պատճառով, որովհետեւ այն կատարուեց Աստուծոյ առանձին տնօրինութեամբ ու թելադրանքով: Եւ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ում կարող է անխտիր հասնել այսպիսի տնօրինութեան եւ ներքին թելադրանքի շնորհներ: Եւ ո՞վ է, որ չի տեսնում թէ՛ Պելագիայի եւ թէ՛ նրա նմանների մէջ կատարեալ աստուածային սէրը: Եւ ապա արժան է, որ սրբասէր կոյսերը տեղեակ լինեն այն ճշմարտութեանը, թէ կուսական մաքրութիւնն առաւել պէտք է լինի սրտում եւ ոչ թէ մարմնում: Այնպէս որ ոչ մի բռնութիւն չի կարող խանգարել սրտի մաքրութեանը, որքան էլ այն բռնանայ մարմնին: Եթէ որեւէ մէկին զոհաբերութեան մսից բռնութեամբ ստիպեն ուտել, ապա նա չի մեղանչում, որքան ժամանակ չի կամենում ուտել, ինչպէս որ անում էին շատ վկաներին: Եւ նա, ով արիաբար վանում է կուսութեան թշնամուն, զօրանում է Տիրոջով, ինչպէս Թեկղը եւ Հռիփսիմէն, ու մնում անպարտելի հոգով եւ մարմնով:
Այսքանը բաւարար է ճշմարտութիւնն իմանալու եւ սուրբ Պելագիա կոյսին իսկապէս նահատակ ընդունելու համար, որին ինչպէս հայրերը, այնպէս էլ բոլոր վկայագիրները գովաբանում եւ փառաւորում են որպէս ճշմարիտ առաքինի վկայուհու: Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները ի փառս Քրիստոսի տօնախմբում են նրա յիշատակի օրը: Ոսկեբերանի ժամանակներում նրա գերեզմանն անուանի ուխտատեղի էր Անտիոք քաղաքում:
ԱՊԱՇԽԱՐՈՂ ՊԵԼԱԳԻԱ ԱՆՏԻՈՔԱՑԻ
Աստուծոյ աղախին այս երրորդ Պելագիան տօնելի է, ինչպէս որ նախորդները: Կարծիք կայ, որ այս Պելագիան նրանց ժամանակակիցն էր, ըստ ոմանց էլ ապրել է հինգերորդ դարում՝ Թէոդոս Կրտսերի կայսրութեան օրօք, Անտիոք քաղաքում: Ասում են, թէ մի ժամանակ եղել է հեթանոս եւ պոռնիկ, ապա դարձել քրիստոնեայ, իսկ յետոյ՝ կատարեալ ապաշխարող եւ ճգնաւոր: Նրա մասին վարքը գրել է ժամանակակից եւ ականատես Յակոբոս սարկաւագը՝ Եդեսիայի սուրբ Նունոս եպիսկոպոսի աշակերտը:
Արդ, մի անգամ Անտիոքում տեղի հայրապետների մօտ ութ եպիսկոպոսների մասնակցութեամբ ժողով էր գումարուել: Նրանցից մէկը, որ ժամանել էր այդտեղ, տաբենացիների վանքի միաբան սուրբ Նունոս եպիսկոպոսն էր: Եպիսկոպոսները նստած էին սուրբ Յուլիանոսի վկայարանի մուտքի մօտ: Նրանց յորդորով Նունոս եպիսկոպոսը կեանքի խօսքեր էր ասում ունկնդիրների հոգու շինութեան համար: Եւ մինչ բոլորը հիացած էին նրա հոգեբուխ վարդապետութիւնից, տեսան, որ ահա մեծ շուքով մի պոռնիկ կին՝ Պելագիան էր անցնում, որը բոլորին հմայում էր իր պարով, դիւային երգերով ու անտիոքացիների մէջ աչքի էր ընկնում կաքաւելով եւ միմոսութեամբ: Իր հետեւորդները նրան Մարգարիտ էին կոչում, որովհետեւ ոտքից մինչեւ գլուխ նա զարդարուած էր մարգարիտներով եւ թանկարժէք քարերով, իսկ պարանոցը՝ ոսկէ մանեակով: Գնում էր աւանակին նստած, իսկ առջեւից եւ հետեւից գնում էր թանկագին հանդերձներով երիտասարդների ու աղջիկների բազմութիւն: Բոլոր աշխարհասէր մարդիկ ակնապիշ նայում էին Պելագիայի անչափ գեղեցկութեանը, իսկ նրանից բուրող մշկենու եւ այլ անուշահոտ բոյսերի հոտը տարածուել էր մերձակայքում: Տեսնելով, որ նա անամօթաբար անցնում է կիսամերկ եւ լկտիութեամբ, եպիսկոպոսները հառաչում էին եւ շրջում իրենց աչքերը: Իսկ երանելի Նունոսը խորհրդաբար երկար նայեց նրան ու նրա հետեւորդներին, ապա դարձաւ եւ եպիսկոպոսներին ասաց. «Մի՞թէ դուք չհիացաք դրա "գեղեցկութեամբ", ինչպէս որ ես»: Այս ասելով՝ երեսը դրեց իր ծնկներին եւ իր գոգը լցրեց արտասուքներով: Ապա սրտի խորքերից հոգոց հանելով՝ կրկնեց նոյնը՝ ասելով. «Մի՞թէ ձեզ հաճելի չէր նրա աննման "գեղեցկութիւնը"»: Եւ երբ նրանք լռեցին, ասաց. «Ինձ շատ հաճելի էր, որովհետեւ գեղեցկանալու այդ նոյն գործը Աստուած պիտի յիշեցնի մեզ Իր ահաւոր բեմի առջեւ, երբ դատի մեզ եւ մեր եպիսկոպոսներին: Աշխարհի կորստաբեր սիրոյ համար դա գործադրել է իր բոլոր ջանքերը՝ պճնուելու ամէն տեսակ զարդարանքներով, իսկ մենք Աստուծոյ սիրոյ համար ո՛չ սրբւում ենք հոգու ախտերից, ո՛չ էլ յիշում ենք երկնաւոր Փեսային, Ով խոստացաւ ցոյց տալ մեզ Իր արփիահրաշ երեսը, որին չեն համարձակւում նայել քերովբէները, եւ պարգեւել մեզ անպատում բարիքներ»:
Այնուհետեւ Նունոս եպիսկոպոսը Յակոբ սարկաւագի հետ եկաւ եկեղեցու սենեակ եւ ընկաւ երեսնիվայր: Նա բախում էր իր կուրծքը, ողբում եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ների՛ր ինձ մեղաւորիս եւ անարժանիս, որովհետեւ պոռնիկ կնոջ մէկ օրուայ զարդարանքը յաղթեց իմ հոգու բոլոր զարդերին: Ի՞նչ երեսով պիտի նայեմ քեզ, կամ ի՞նչ խօսքերով պիտի արդարանամ ծածկագէտ Աստծուդ առաջ: Վա՛յ ինձ, որ պիտի կանգնեմ Քո սուրբ Սեղանի առջեւ, բայց չմատուցեմ գեղեցիկ հոգի, ինչպիսին պահանջում ես ինձնից: Այն մեղաւոր կինը խոստացաւ հաճելի լինել մարդկանց եւ արեց, իսկ ես ուխտեցի հաճոյանալ Քեզ, բայց ստեցի ծուլութեանս պատճառով: Ես մերկ եմ երկնքի եւ երկրի առաջ ու զուրկ բարի գործերից: Սակայն, Տէ՛ր, իմ յոյսը եւ փրկութիւնը Դու ես Քո ողորմութեամբ»:
Կիրակի օրն՝ առաւօտեան, գիշերային պաշտամունքից յետոյ եպիսկոպոսն իր սարկաւագին ասաց. «Անուրջի մէջ տեսնում էի, որ մինչ կանգնած էի սուրբ բեմի առաջ, մի սեւ եւ խիստ աղտոտ աղաւնի, թռչում էր իմ գլխավերեւում: Ես չէի կարողանում տանել նրա զազրելի գարշահոտութիւնը: Նա մօտեցաւ ինձ, եւ երբ սարկաւագն ասաց՝ «Մի՛ ոք յերեխայից... », այնժամ նա աներեւոյթ եղաւ: Սակայն պատարագից յետոյ, երբ ցանկանում էի ելնել տաճարից, դարձեալ նոյն զազրատեսիլ աղաւնին թեւապարեց իմ շուրջը: Մեկնելով ձեռքս՝ ես բռնեցի նրան եւ գցեցի եկեղեցու գաւթում եղած մի կոնքի մէջ, իսկ նա, կոնքի մէջ թօթափուելով իր բոլոր աղտեղութիւններից, ձեան պէս սպիտակ ելաւ այնտեղից, սլացաւ դէպի բարձունքներն ու անհետացաւ իմ աչքից»:
Եւ ահա հէնց նոյն օրը յայտնի եղաւ տեսիլքի իմաստը: Երբ Նունոսն այլ եպիսկոպոսների հետ գնաց եկեղեցու հայրապետանոց, կանոնական կարգը կատարելուց եւ աւետարանը ընթերցելուց յետոյ Անտիոքի հայրապետը աւետարանը մօտեցրեց Նունոս եպիսկոպոսին՝ Աստուծոյ խօսքը ժողովրդին քարոզելու համար: Եւ նա, լցուած Սուրբ Հոգով, առանց պաճուճաբանութեան խօսեց հանդերձեալ Դատաստանի եւ արդարների ու մեղաւորների հատուցման մասին, որից բոլորը մեծապէս զղջման եկան: Աստուծոյ տնօրինութեամբ այնտեղ էր նաեւ այն պոռնիկ կինը՝ Պելագիան, որը ծպտուած էր այլ կերպարանքով: Նա երբէք ոտք չէր դրել Աստուծոյ տաճար, որովհետեւ հեթանոս էր, սակայն այդ օրը Տէրն ուղղեց նրան ոտքերը՝ եկեղեցի մտնելու եւ Նունոս եպիսկոպոսի խօսքերը լսելու համար: Եւ ահա, լսելով ճշմարիտ քարոզչութիւնը, խորապէս ցնցուեց հոգով եւ, մտաբերելով իր գործած բոլոր չարիքներն ու զանազան մեղքերը, Աստուծոյ երկիւղից արտասուքներ հեղեց եւ դառնապէս ողբաց:
Ապա դուրս ելնելով՝ պատուիրեց երկու երեխաների նայել ու իմանալ, թէ ուր է գնում եպիսկոպոսը, որտեղ է նա իջեւանում, ու իրեն տեղեկութիւն տալ: Եւ երբ իմացաւ, որ նա պէտք է գիշերն օթեւանի սուրբ Յուլիանոսի վկայարանում, նրան աղերսագիր ուղարկեց հետեւեալ բովանակութեամբ. «Քրիստոսի սուրբ աշակերտիդ՝ սատանայի աշակերտ եւ մեղաւոր կնոջիցս: Լսել եմ քո Աստուծոյ մասին, որ Նա խոնարհուեց երկնքից եւ երկիր իջաւ ոչ թէ արդարների համար, այլ որպէսզի փրկի մեղաւորներին ու խոնարհուեց այնքան, որ մօտ եղաւ մաքսաւորներին: Նա, Ում քերովբէները չէին համարձակւում նայել, շրջեց մեղաւորների հետ: Եւ դու, տէ՛ր իմ, որ մեծ սրբութիւն ունես, թէպէտ մարմնաւոր աչքերով չես տեսել Տէր Յիսուս Քրիստոսին, Ով ջրհորի մօտ յայտնեց Իրեն սամարացի պոռնիկ կնոջը, սակայն դու Նրա ճշմարիտ սպասաւորն ես, ինչպէս որ լսել եմ քրիստոնեաներից: Արդ, եթէ դու Քրիստոսի ճշմարիտ աշակերտն ես, մի՛ անտեսիր ինձ՝ քո միջոցով Փրկչին տեսնել ցանկացողիս, այլ արժանացրո՛ւ ինձ տեսնել քո սուրբ երեսը»:
Իսկ Նունոս եպիսկոպոսը պատասխանեց նրան հետեւեալ խօսքերով. «Ով էլ որ լինես, դու յայտնի ես Աստծուն թէ՛ քո խօսքերով եւ թէ՛ քո կամքով: Սակայն մի՛ փորձիր ինձ՝ նուաստիս, որովհետեւ ես Աստուծոյ մեղաւոր ծառան եմ: Եթէ քո մէջ ճշմարիտ է աստուածութիւնն ու հաւատքն ընդունելու փափագը եւ յօժարութիւնը, ու այդ պատճառով է, որ կամենում ես տեսնել ինձ, ապա ինձ մօտ կը լինեն նաեւ միւս եպիսկոպոսները: Ե՛կ եւ դու ինձ կը տեսնես նրանց ներկայութեամբ, որովհետեւ ինձ առանձին տեսնել չես կարող»: Ստանալով այս գրութիւնը՝ պոռնիկ կինն ուրախացաւ: Իսկոյն ելաւ ու գնաց այնտեղ, ուր իջեւանում էր եպիսկոպոսը, եւ երբ լուր տուեցին նրա գալստեան մասին, Նունոսը կանչեց նաեւ միւս եպիսկոպոսներին եւ ապա հրամայեց Պելագիային ներս մտնել:
Եւ նա, մօտենալով եպիսկոպոսների ատեանին, ընկաւ գետնին, բռնեց Նունոս եպիսկոպոսի ոտքերից եւ ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, տէ՛ր իմ, նմանուի՛ր քո Վարդապետին՝ Տէր Յիսուս Քրիստոսին եւ ցո՛յց տուր քո մարդասիրութիւնը: Ինձ քրիստոնեայ դարձրու, որովհետեւ, տէ՛ր իմ, ըստ իմ անուան նշանակութեան, որ Պելագիոս է, համատարած մեղքերի ծով եմ եւ անօրէնութեան անդունդներ»: Այնժամ եպիսկոպոսը ստիպեց նրան վեր կենալ եւ ասաց նրան. «Քահանայական կանոններն օրինադրել են չմկրտել պոռնիկին, եթէ նա երաշխիքներ չտայ, որպէսզի վերստին չթաւալուի սովորոյթ դարձրած զազրելի գործերի մէջ»: Իսկ Պելագիան դարձեալ ընկաւ եպիսկոպոսի ոտքերը, թրջեց դրանք իր արտասուքներով, սրբեց իր գլխի մազերով եւ ասաց. «Եթէ յապաղես ինձ մկրտելու եւ իմ յանցանքների աղտեղութիւնը մաքրելու գործում, ապա դու Աստծուն հաշիւ պիտի տաս իմ հոգու համար»: Եւ ջերմ արտասուքներով այնպիսի խօսքեր ասաց, որ բոլոր եպիսկոպոսներն ու ժառանգաւորները զարմացան նրա կատարեալ դարձի համար: Այնժամ Նունոս եպիսկոպոսն իր Յակոբ սարկաւագին ուղարկեց քաղաքի հայրապետի մօտ՝ պատմելու այդ ամէնը եւ խնդրելու ոմն սարկաւագուհու՝ պոռնիկ կնոջը կնքամայր լինելու համար: Հայրապետը մեծապէս ուրախ եղաւ եւ սարկաւագի հետ ուղարկեց աւագ սարկաւագուհուն՝ Ռոմանա կոյսին, որոնք գալով գտան պոռնիկ կնոջը՝ դեռեւս արտասուալից ընկած եպիսկոպոսի ոտքերի առաջ: Եպիսկոպոսը վեր կացրեց նրան եւ երախայացնելով[1] լսեց նրա մեղքերի անկեղծ խոստովանութիւնը: Ապա մկրտեց նրան, դրոշմեց ու հաղորդեցրեց Տիրոջ Մարմնի եւ Արեան սուրբ խորհրդին: Այնուհետեւ յանձնարարեց Ռոմանա սարկաւագուհուն տանել նրան երախայանոց ու եօթ օր ուսուցանել նրան աստուածպաշտութեան ամբողջ կարգը: Ոմանք, նայելով սովորական կանոններին, գրում են, թէ եպիսկոպոսը մկրտութիւնից առաջ եօթ օր նախ երախայացրեց նրան, սակայն Յակոբ սարկաւագը, որն ականատես վկան էր, յայտնում է, թէ եպիսկոպոսը նոյն օրը մկրտեց նրան՝ իր սրտագին զղջման համար եւ ապա եօթ օր պահեց երախայանոցում:
Այնժամ սատանան մարդու կերպարանքով դռների մօտ երեւաց Նունոս եպիսկոպոսին, շատ խօսքերով նախատեց նրան ու ողբալով ասաց. «Անիծեա՛լ լինի այն օրը, երբ դու ծնուեցիր: Բաւակա՞ն չէր, որ երեսուն հազար սարակինոսներին կորզեցիր իմ ձեռքից ու մկրտեցիր եւ խլեցիր իմ բնակութեան վայրը՝ Հելիուպօլիսը: Այժմ էլ վերցրիր ինձնից այն պոռնիկ կնոջը, որն իմ ամբողջ ակնկալիքն էր»: Նոյն կերպով չարը գանգատուեց նաեւ Պելագիային՝ ասելով. «Այդպէ՞ս ես ինձ հատուցում, տիկի՛ն իմ, Պելագիա՛: Յուդան արժանացաւ առաքեալ լինելու պատուին, սակայն մատնեց իր Տիրոջը, եւ դու, նմանուելով նրան, նոյն կերպ ինձ հետ վարուեցիր»: Իսկ սուրբ Նունոս եպիսկոպոսը Պելագիային ասաց. «Կնքի՛ր քեզ սուրբ Խաչի նշանով եւ հրաժարուելով սատանայից՝ փչի՛ր նրա երեսին ու թքի՛ր նրա վրայ»: Եւ երբ այդպէս արեց, չարն անհետացաւ:
Երկու օր անց, մինչ Պելագիան Ռոմանայի հետ երախայանոցում էր, դեւը քնից արթնացրեց նրան՝ ձայնելով նրան Մարգարիտ անուամբ: Յիշեցրեց նրան այն հարստութիւնը, որը ստացել էր իր գործակցութեամբ եւ ասաց. «Ինչո՞վ տրտմեցրի քեզ, որ թողեցիր ինձ, ասա՛, եւ ես կը կատարեմ քո կամքը: Մի՛ ամաչեցրու ինձ քրիստոնեաների առաջ»: Իսկ Աստուծոյ աղախին Պելագիան դարձեալ կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով, փչեց ընդդեմ բանսարկուի եւ ասաց. «Իմ Աստուածը, որ կորզեց ինձ քո ժանիքներից եւ տարաւ Իր երկնաւոր առագաստը, Նա Ինքն ընդդէմ քո կը կանգնի իմ առաջ»: Այնժամ դեւն աներեւոյթ եղաւ ու այլեւս չերեւաց:
Երրորդ օրը Պելագիան բերել տուեց իր ամբողջ ունեցուածքը եւ կանչելով Նունոս եպիսկոպոսին՝ այն յանձնեց նրա ձեռքն ու ասաց. «Տէ՛ր իմ, այս այն ունեցուածքն է, որով սատանան հարստացրեց ինձ: Այժմ թողնում եմ քո սուրբ կամքին, որպէսզի վարուես այնպէս, ինչպէս արժան կը համարես, որովհետեւ ինձ ցանկալի է իմ Տէր Յիսուս Քրիստոսի հարստութիւնը»: Եպիսկոպոսը կանչեց եկեղեցու տնտեսին եւ պատուիրեց նրան, որ այդ ունեցուածքից որեւէ բան չմտնի եկեղեցի, այլ ամբողջը բաշխուի որբերին, այրիներին ու կարիքաւորներին, որպէսզի մեղաւոր կնոջ հարստութիւնը դառնայ արդարութեան գանձեր:
Եպիսկոպոսի եւ սարկաւագուհու յորդորով Պելագիան կանչեց իր բոլոր ծառաներին ու աղախիններին, արձակեց նրանց, իր ձեռքով բաժին տուեց իր ունեցուածքից ու զարդերից եւ ասաց. «Շտապէ՛ք փրկել ձեզ այս չար աշխարհից, որ լի է մեղքերով, որպէսզի ինչպէս որ միասին էինք այս աշխարհում, նոյնպէս էլ յաւիտեան միասին լինենք հանդերձեալ աշխարհի երանաւէտ կեանքում»:
Ութերորդ օրը, երբ Պելագիան պիտի հանէր սպիտակ հանդերձը, որը եօթ օր կրում են նոր մկրտուածները, վաղ առաւօտեան արթնանալով հանեց այն եւ առանց մէկին ասելու վերցրեց եպիսկոպոսի մազեղէն պարեգօտը, կապեց իր մէջքին եւ թիկունքին քուրձ հագնելով՝ աղքատի կերպարանքով գիշերուայ մէջ ելաւ ու գաղտնաբար գնաց Երուսաղէմ: Բարձրացաւ Ձիթենեաց լեռը եւ որպէս Պելագիոս անունով մենակեաց մէկը՝ փակուեց մի խցում, եւ ոչ ոք չիմացաւ, թէ նա կին է:
Այս խօսքերի հեղինակը՝ Յակոբոս սարկաւագը, պատմում է. «Երեք կամ չորս տարի անց ես ցանկացայ գնալ Երուսաղէմ եւ երկրպագել մեր Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան տնօրինական վայրերին: Եւ երբ ես մեկնելու հրաման խնդրեցի Նունոս եպիսկպոսից, նա ինձ պատուիրեց՝ ասելով. "Սարկաւա՛գ եղբայր, երբ հասնես Երուսաղէմ, փնտռի՛ր այնտեղ Պելագիոս անունով աբեղային, որն առանձնացած ճգնում է տարիներ ի վեր: Գնա՛ եւ այցելի՛ր նրան, որովհետեւ ճշմարտապէս կարող ես շահել նրանից": Երբ հասայ Երուսաղէմ եւ երկրպագեցի այն տեում, որտեղից Քրիստոս յարութիւն էր առել, սկսեցի փնտռել Աստուծոյ ծառային: Եւ գտայ նրան Ձիթենեաց լերան վրայ, այնտեղ, որտեղ մեր Տէրն աղօթեց: Նա մնում էր մի անձուկ խցում՝ փակուած բոլոր կողմերից՝ միայն պատի վրայ մի փոքր պատուհան ունենալով: Երբ բախեցի պատուհանը, նա իսկոյն բացեց իմ առջեւ: Նա ճանաչեց ինձ, սակայն ես չճանաչեցի: Ինչպէ՞ս կարող էի ճանաչել նրան, եթէ նախկինում տեսել եմ անհամեմատ գեղեցկութեամբ, բայց այնուհետեւ երկարատեւ պահեցողութիւնից թորշոմած, իսկ աչքերը՝ փոս ընկած: Նա ինձ հարցրեց. "Որտեղի՞ց ես եկել, եղբա՛յր": Եւ ես պատասխանեցի. "Ես քեզ մօտ եմ ուղարկուել Նունոս եպիսկոպոսի հրամանով": Իսկ նա ասաց. "Թող նա աղօթի ինձ համար, որովհետեւ, արդարեւ, նա Աստուծոյ սուրբն է": Ապա փակեց պատուհանի փեղկը եւ սկսեց սաղմոսել երրորդ ժամի սաղմոսը: Իսկ ես, աղօթելով նրա խցի մօտ, հեռացայ այնտեղից՝ յոյժ զօրանալով նրա հրեշտակային տեսքից: Վերադարձայ Երուսաղէմ, սկսեցի շրջել վանքերով ու այցելել եղբայրներին եւ տեսնում էի, որ բոլորի մօտ հռչակուած էր տէր Պելագիոսի մեծ համբաւը: Ուստի որոշեցի դարձեալ գնալ ու տեսնել նրան եւ մխիթարուել նրա փրկաւէտ վարդապետութեամբ: Արդ, հասնելով նրա խցին՝ համարձակուեցի բախել, երբեմն էլ անուանապէս կանչել նրան, սակայն նա չպատասխանեց: Երկու-երեք օր համբերելով սպասեցի՝ յաճախակի տալով նրա անունը՝ տէ՛ր Պելագիոս, բայց որեւէ ձայն չլսեցի: Մտածեցի՝ կամ ոչ ոք չկայ, կամ էլ նա հեռացել է: Ապա Տիրոջ կողմից միտք եկաւ՝ գուցէ նա մեռել է: Ես բացեցի պատուհանի փեղկը, եւ երբ ներս նայեցի, նրան վախճանուած տեսայ: Փակեցի փեղկը, ամրացրի կաւով եւ գնալով Երուսաղէմ՝ յայտնեցի իմ բնակակիցներին, թէ՝ հրաշագործ մենակեաց սուրբ Պելագիոսը վախճանուել է: Այնժամ եկան սուրբ հայրերը՝ մենակեացների տարբեր միաբանութիւններով հանդերձ, բացեցին խցի դուռը, դուրս բերեցին նրա սուրբ մարմինը, որպէսզի արժանի պատուով ամփոփեն իբրեւ ոսկու գանձ եւ պատուական քար: Եւ ահա նրա մարմինն օծելու եւ զմռսելու ժամանակ հայրերը տեսան, որ նա կին է: Որոշեցին ծածկել այդ սքանչելիքը, սակայն հնարաւոր չէր թաքցնել ամբոխից: Բոլորը բարձրաձայն աղաղակեցին ու ասացին. "Փա՛ռք Քեզ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, քանզի բազում են Քո գանձերը, որ ծածկուած են երկրի վրայ ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց": Լուրը տարածուեց բոլոր տեղերում: Մոմերով եւ ջահերով եկան կոյսերի միաբանութիւնները, որը Երիքովից, որը Յորդանանից: Եւ այդպէս սուրբ հայրերը օրհնութեան երգերով տարան ու ամփոփեցին նրա սուրբ նշխարները»:
Ահա այսպիսինն էր պոռնիկ կնոջ վարքը եւ նրա առաքինի կենցաղավարութիւնը: Թող Տէրը ողորմի մեզ իր դատաստանի օրը: Նրան վայել է պատիւ եւ փառք, զօրութիւն եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Պելագիայի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին չորրորդ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ կոյսեր Վառվառայի եւ Թեկղի հետ:
[1] Նախքան մկրտութիւնը՝ նախապատրաստական շրջան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: