ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳԻՒՏ (404թ.)

394 թուականին՝ եկեղեցաշինութեանը նուիրուած շրջանում, Մեսրոպ Մաշտոցն այդժամ մօտ քառասուն տարեկան էր՝ մի փորձառու, իր գործունէութեան մէջ արդէն եփուած, զարգացած եւ իմաստուն այր, որ մեծ խանդավառութեամբ նուիրուած էր իր կոչմանը: Հոգեւոր կրթութեան առաջին աղբիւրը Սուրբ Գիրքն է, եւ սուրբ Մեսրոպն աշխատում էր այն ընտելացնել հաւատացեալներին՝ հատուածներ կարդալով ասորի բնագրից եւ բերանացի թարգմանելով կարդացածը: Բայց եթէ պատահում էր, որ իր բացակայութեան ժամանակ ընթերցում էր մէկ ուրիշը, հնարաւոր չէր որեւէ մէկին օգուտ քաղել, որովհետեւ կարդացածն անհասկանալի էր լինում ժողովրդին: Այդ տխուր կացութեան նկարագիրն արժան է լսել Փարպեցուց: «Սուրբ Գիրքը հասկանալ փափագողները, - գրում է նա, - մեծ չարչարանքներով, հեռագնաց ճանապարհերով եւ երկարատեւ դեգերումներով պարտաւոր էին ասորական դպրոցներ գնալ: Եկեղեցական պաշտամունքներն ու ընթերցուածքներն էլ ասորական լեզուով էին, որովհետեւ պարսիկներն արգելում էին յունարեն ուսմունքը եւ քրիստոնէական պաշտամունքները թոյլ էին տալիս միայն ասորերէն լեզուով, որը ժողովուրդը չէր կարողանում լսել եւ օգուտ քաղել, իսկ եկեղեցու սպասաւորները մեծ չարչարանքով պարտաւորւում էին թարգմանել»: Այդ նպատակով եկեղեցական պաշտամունքի համար երկու նոր դասեր էին ստեղծուել ՝ վերծանողների դաս, որը կազմուած էր օտար լեզուով գրքերը կարդալու հմտութիւն ունեցողներից եւ թարգմանչաց դաս, որն էլ կազմուած էր օտարալեզու գրքերը ժողովրդին բերանացի եւ անմիջապէս թարգմանողներից: Սրա վրայ աւելանում էր այն, որ հաւատացեալների ձեռքին չէր մնում մնայուն, իր բնական մայրենի լեզուով գրուածք, եւ հնարաւոր չէր, որ ամբողջ ժողովուրդը լաւ ճանաչէր օտար լեզուն: Ինչ որ կրում էր Մեսրոպն իր գործունէութեան ընթացքում, նորութիւն չէր, որովհետեւ այդ դժուարութիւնը կար դեռեւս Լուսաւորչի օրերից, որը Հայ Եկեղեցին կրեց շուրջ մէկ ամբողջ դար: Սակայն արքունական քարտուղարութիւնից եկած մի սպասաւորի համար պահուած էր խորապէս մտատանջուել՝ այդ տարօրինակ կացութիւնից դուրս գալու համար եւ հոգալ, թէ ինչո՞ւ պիտի անհնար լինէր սեփական եւ ոչ թէ մուրացածոյ խօսքերով, մայրենի եւ ոչ թէ օտար լեզուով շահել տղամարդկանց եւ կանանց հոգիները բոլոր եկեղեցիներում: Ահա սա էր հայ գրերի գիւտի եւ հայ դպրութիւն հիմնելու բուն եւ ներքին շարժառիթը:

 

ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԳՐԵՐԸ

 

Բայց ի՞նչ էին դանիէլեան նշանագրերը, որոնք այն ժամանակ ողջունուեցին որպէս բարեբախտ մի գիւտ: Շատերի կողմից շատ ենթադրութիւններ եղան՝ առանց վերջնական եւ հաստատուն կռուանի հանգելու, որովհետեւ նախկին պատմիչներից ոչ ոք գոհացուցիչ լուսաբանում չի արել: Ոմանց համար դրանք հին հայկական տառեր էին, որոնք մոռացութեան էին մատնուած, ուրիշների համար՝ գործածութիւնից դուրս եկած հին փիւնիկեան տառեր, ըստ այլոց էլ՝ Դանիէլի կողմից յարմարեցուած նորահնար ձեւեր՝ ասորերէն լեզուի օրինակով: Այնուամենայնիւ, դանիէլեան նշանագրերը նուիրագործեցին հայ դպրութեան սկզբնաւորութիւնը:

 

Նորագիւտ տառերի յայտնութիւնից յետոյ դրանց ուսուցումն ու ուսուցչութիւնը յանձնարարուեց Մեսրոպին: Թագաւորի հրամանով բացուեցին դպրոցներ, եւ սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի ձեռնասունները սովորեցին ու հմտացան նախ իրենք, ապա դպրոցներում ուսուցանեցին մատաղ սերնդին: Հրաման էր տրուած ամենուր հայ աշակերտութեանը կրթել մեսրոպեան տառերով՝ այլեւս մէկդի թողնելով ասորերէն լեզուի եւ նրանց դպրութեան ուսուցումը:

 

ԳՐԵՐԻ ԳԻՒՏԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

 

Որքան էլ մենք հետամուտ լինենք միայն եղելութիւններին, սակայն չենք խորանում նրանց շուրջ խորհրդածութիւնների մէջ: Սակայն հնարաւոր չէ բոլորովին լուռ մնալ այն մեծ նշանակութեան մասին, որ ունեցան հայ գրերի գիւտը եւ հայ դպրութեան ստեղծումը մեր ազգի եւ մեր Եկեղեցու պահպանութեան վրայ: Եթէ հայ Եկեղեցին չունենար իր գիրն ու գիրքը, ուրեմն պիտի չկարողանար ապահովել իր ինքնուրոյն գոյութիւնը եւ պիտի ձուլուէր որեւէ այլ եկեղեցուն եւ գործածէր այլալեզու գիրն ու գրականութիւը:

 

Անհնար է, որ որեւէ հանրային մարմին կարողանայ հարատեւել լոկ իղձերի եւ զգացումների ոյժով: Կեանքն արտաքին եւ զգալի մի բան է, եւ պէտք է, որ արտաքին ու զգալի ոյժ լինի՝ այն ամրապինդ պահպանելու համար: Հայը, սկսած հինգերորդ դարից, կորցրեց իր քաղաքական կացութեան զօրութիւնը եւ եթէ չունենար իր գիրն ու գրականութիւնը, որոնք իբրեւ յոյսի խարիսխ եւ իբրեւ հաստատութեան հիմք՝ նրա ապաւէնն է եղել իր ալեծուփ վտանգների եւ իր ցիրուցան եղած կեանքի մէջ, այսօր հազիւ թէ հայ ազգի յիշատակը մնացած լինէր, ինչպէս որ զուր են փնտռւում մարերի, պարթեւների, ասորիների եւ բաբելացիների հետքերն այժմեան աշխարհում: Սուրբ Սահակի եւ Մեսրոպի խորաթափանց տեսութիւնը նշմարեց քաղաքական կեանքի քայքայուած վիճակը, կանխատեսեց ազգին սպառնացող կորուստը, մարգարէական հոգով զգաց ապագայի ապահովութեան կարիքը, ստեղծեց գրերը եւ փրկեց մեր ապագան: Այսօր եթէ հայ կայ, ապա նրան կեանք տուողը սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի միտքն է, եւ այդ մեծ բարիքն էլ ծնուեց Եկեղեցու ծոցից: Սահակն ու Մեսրոպը որքան մտքով բարձր, այնքան հոգով երկնային եւ աստուածահաճոյ անձինք եղան: Նրանց շրջապատեց եկեղեցականների ընտիր մի խումբ, եւ սահակ-մեսրոպեան աշակերտութեան հարիւրեակը մշտապէս մտաւ հայ եկեղեցու վարդապետների եւ երէցների դասակարգութեան մէջ: Եկեղեցին էր, որ հովանաւորեց այդ գործը, եկեղեցականներն էին, որ նուիրուեցին ազգաշէն այդ մեծ գործին: Գիրն ու գիրքը եկեղեցիով, եկեղեցին էլ գրով ու գրքով, միմեանց անբաժան ձուլուած, դարերի փորձանքների, հայի անլուր տառապանքների, հայութեան անտանելի վտանգների դէմ անպարտելի ոյժ եղան: Տասնհինգ դարերի մարտիրոսական նեղութիւններից յետոյ եթէ այսօր դեռեւս հայ եւ հայութիւն կայ, եթէ մտաւոր ու քաղաքական կեանքի մէջ յաջողակ եւ ընդունակ հայազգի սերունդ կայ, ապա դա զարմանք է ամբողջ աշխարհի համար: Իրաւամբ, դա պէտք է ճանաչել ու խոստովանել որպէս սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի անմահական գործի արդիւնք: Օրհնեա՛լ լինի նրանց յիշատակը. ամէն:

 

ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՈՀՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳԻՒՏԻ ՀԱՄԱՐ

 

Այնժամ յաւէտ ուրախանալով բերկրալի ցնծութեամբ՝ մեծ գոհութիւն ընծայեցին ամենողորմ Աստծուն, Ով չի անտեսում Իր ծառաների աղաչանքները, այլ ճշմարտութեամբ կատարում է Իրենից երկիւղածների կամքը, լսում նրանց աղօթքները եւ ապրեցնում նրանց: Քանզի Աստուած փառաւորեալ է Իր սուրբերի խորհուրդներում եւ փառաւորում է Իրեն փառաբանողներին: Արդարեւ, Տէրը չհատուցեց մեզ ըստ մեր մեղքերի, այլ զօրացրեց Իր ողորմութիւնն Իրենից երկիւղածների վրայ՝ վանելով մեզնից տգիտութեան խաւարը: Ուստի եկէք ցնծանք ի Տէր, օրհնենք մեր բարերար Փրկչին, շտապենք Նրա մօտ խոստովանութեամբ եւ գոհանանք Նրա առատ ողորմութիւնից: Հաւատացեա՛լ ժողովուրդ եւ Սիոնի՝ մեր պանծալի մօ՛ր սպասաւորներ, փառաւորէ՛ք եւ օրհնէ՛ք Աստծուն: Փառաբանէ՛ք Աստուծոյ բարերարութիւնը, բարձրացրէ՛ք Նրա անունը միասին եւ գոհացէ՛ք մեր բարերար Տիրոջից, քանզի Նրա ողորմութիւնը քաղցր է եւ յաւիտեան: Այժմ բացուեցին կոյրերի աչքերը, եւ լսեցին խուլերի ականջները: Այժմ վերացաւ մեր լեզուի կաղութիւնը, քանզի այն չէր կարողանում բարբառել կոշտ ու կոպիտ հնչող ասորերէն լեզուով կամ սեթեւեթել՝ ծռմռելով յունարէնը: Այժմ ի փառս եւ ի գովութիւն մարդասէր Աստուծոյ՝ յստակուեցին ծանրախօս լեզուները, ու զօրացաւ տգիտութեան պատճառով մեր տկարութիւնը: Այժմ չի լինի ասել խուժ, բայց լսել դուժ, այլ բարձրաձայն գովերգւում է ժողովրդի կողմից՝ յօրհնաբանութիւն սպասաւորների: Այժմ գրերի գիւտը կը լինի ունկնդրութիւն վերծանողների համար, ռամիկը կը ճանաչի Աստուծոյ պատուիրանները, եւ գեղջուկը կը գովաբանի սքանչելագործ Տիրոջը: Այժմ որեւէ մէկը թարգմանութեան կարիք չի ունենայ, եւ ոչ ոք ուրիշի մօտ չի գնայ ու չի ասի՝ ընթերցի՛ր ինձ համար, այլ միաբան միաւորուելով՝ մտերիմները եւ ոչ մերձաւորները, հեռաբնակներն ու մօտ ապրողները, փոքրերից մինչեւ մեծամեծները, կը ճանաչեն ճշմարտութիւնն ու արդարութիւնը եւ կը փառաբանեն Պարգեւատուին: Արձակուեցին բերանների կապանքները, փարատուեց նսեմ խաւարը, ամպի սիւնը լուսաւորեց, եւ հոգեւոր ստինքները կերակրեցին: Արդարեւ, վերացաւ աղքատիկ կերակուրը, ջրի դառնութիւնը քաղցրացաւ, իսկ հոգեւոր սեղանը եւ իմանալի մատռուակի բաժակը պատրաստ է: Ո՛վ հաւատացեալ ժողովուրդ, շտապէ՛ք եւ եկէ՛ք ճաշակելու ու զմայլուելու: Այն չի վաճառւում, այլ ձրի պարգեւ է: Առէ՛ք, լիացէ՛ք, բերկրէ՛ք եւ ճաշակէ՛ք, որովհետեւ Տէրը քաղցր է: Փա՛ռք վերառաքէք Կերակրողին, որովհետեւ անբաւ է Նրա մարդասիրութիւնը: Փա՜ռք Արարչին եւ Փրկչին, մեծութի՜ւն Մարդասէրին, գոհութի՜ւն գովելի Տէրութեանը, շնո՜րհ Շտեմարանապետին, օրհնութի՜ւն Ողորմածին, բարեբանութի՜ւն բժշկողին. ամէն: