ՍՈՒՐԲ ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑՈՒ ՎԱՐՔԸ ԵՒ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

Իմաստութիւն երկնային իջեալ ի վերուստ.

Ժողովել զընտրեալսն ի սկզբանէ զյիմարս աշխարհի.

Եւ լցեր լուսով Քո իմաստութեան՝

Հալածել սովաւ զխաւարն անգիտութեան ի մէնջ.

Աղաչանօք սորա խնայեա՛ ի մեզ մարդասէր Փրկիչ

(Շարակնոց)

 

Առաքելական հայրերի գլուխը եւ եկեղեցու աստուածաբան վարդապետների պարագլուխը, Պօղոս առաքեալի աշակերտ Մեծն Դիոնիսիոսը, որ Արիսպագացի կամ Արիոսպագացի է կոչւում, աթենացիների դատաւորներից մէկն էր, որոնք նստում էին կուռքերի մեհեանում` իբրեւ ատեանի տան, որ կար Աթէնք քաղաքից դուրս եղող մօտակայ աւանում: Այնտեղ կար մի  հոյակապ  տաճար եւ պատերազմների աստուած Արեսի բագինը, որի պատճառով այդ վայրը ատտիկեցիների լեզուով կոչւում էր «Արիոս Բագոս», այսինքն Արեսի գիւղ կամ բլուր, եւ այդ տեղն աթենացիների մօտ համարւում էր տասներկու աստուածների դատաստանի վայրը: Այնտեղ էր նստում աթենացիների դատաւորների գլխաւորը: Դատաւորները մի ժամանակ թուով ինն էին եւ ապա եղան յիսունմէկը: Ինների կողմից արեան դատաստանը քննելուց յետոյ յիսունմէկի առջեւ նրանք դատապարտում էին մեղանչողներին, եւ այդ դատաստանը համարւում էր անվրէպ ու անհրաժեշտ: Ասում են նաեւ, թէ Արիսպագի դատաւորները դատաստան էին անում գիշերուայ մէջ, որպէսզի չնայէին խօսողներին, այլ միայն լսէին նրանց ասած խօսքերը:

 

Եւ այս դատաւորները քաղաքի մեծամեծների միջից ընտրուած այրեր էին որպէս ամենաառաքինի եւ իմաստուն անձինք, ինչպէս որ ամբողջ Աթէնքն է ճանաչուած որպէս իմաստասիրութեան քաղաք եւ իմաստութեան մայր: Եւ քանի որ այդ Արիսպագացի կոչումն առանձնայատուկ էր այս դատաւորների, յատկապէս նրանց գլխաւորի համար, հետեւաբար Դիոնիսիոսը կա՛մ գլխաւորներից մէկն էր, կա՛մ դատաւորների առաջնորդը:

 

Արդ, ինչպէս Ղուկասն է պատմում «Գործք Առաքելոց»-ում, երբ Պօղոսը, Սուրբ Հոգով լցուած, իմաստուն խօսքերով քարոզում էր Աթէնքում եւ Արիսպագոսի մէջ, ոմանք, յարելով նրան, հաւատացին, որոնց թւում նաեւ Դիոնիսիոս Արիսպագացին եւ մի կին՝ ըստ Ոսկեբերանի եւ Ամբրոսիոսի՝ նոյն Դիոնիսիոսի կինը՝ Դամարիս անունով, ու նրանց հետ՝ ուրիշներ իրենց ընտանիքներով եւ ծառաներով:

 

Սուրբ Գրքում այսքանն է Դիոնիսիոսի մասին յիշատակութիւնը, իսկ այլ բազմատեսակ պատմութիւններից մնացած բազմազան աւանդութիւնները հաւաքել են հին եւ նոր մատենագիրները, որոնք անուանի այրեր էին: Նրանք միաբան էին որոշ տեղերում եւ անմիաբան՝ այլ հարցերում, սակայն բոլորն էլ անծանօթ էին բուն աղբիւրին, այսինքն նոյն Դիոնիսիոսի բերանից մինչեւ իր դարձը գրուած հին պատմութեանը: Այն կայ մեր «Ճառընտիր»-ներում՝ թարգմանուած Տիրոջ 869 կամ 880 թուականին՝ հետեւեալ պատմութեամբ:

 

Դիոնիսիոս Արիսպագացին աթենացի նշանաւոր եւ փառաւոր մարդու՝ Սոկրատի որդին էր, որն իր մօր որովայնից ծնողների կողմից պիտի ընծայուէր իր ժամանակին՝ զոհաբերուելու դեւերի իշխանին՝ Դիոսին կամ դիցահայր կոչուող Արամազդին: Ուստի երբ նա եօթ տարեկան դարձաւ, նրա ծնողները մատուցեցին նրան տաճարի աստուածների իշխանին, որպէսզի երեխայի զոհաբերութեամբ կատարէին իրենց ուխտը: Երբ Արամազդի քրմերը տեսան գեղատեսիլ մանկանը, խղճացին եւ նրա ծնողներին ասացին. «Լաւ է ձեզ համար եւ առաւել հաճելի՝ աստուածներին, որ այդ մանուկը լինի իրենց սպասաւորը, քան թէ զոհը: Ուստի նրան կենդանի թողնենք, որպէսզի իր բոլոր օրերին նա պաշտամունք մատուցի աստուածներին»: Ծնողները մեծապէս ուրախ եղան եւ յօժարութեամբ երեխային թողեցին կուռքերի տաճարում:

 

Քրմերն անմիջապէս ձեռնամուխ եղան կրթել մանկանը եւ խնամքով պահեցին նրան իր ծնողների պատուականութեան ու հարստութեան համար: Օրեր անց եկաւ աստուածների իշխան Արամազդի տօնի օրը: Արիսպագոսի առաջնորդն իր գնդով եկաւ տաճար եւ այնտեղ տեսնելով Դիոնիսիոսին՝ հարցրեց. «Ո՞վ ես դու, մանո՛ւկ, եւ որտեղի՞ց ես»: Եւ երբ նրանից լսեց հօր անուան ու աստուածների պաշտամունքին ընծայուելու մասին, ուրախացաւ եւ քրմերին ու իմաստասէրներին հրամայեց առաւել մեծ ուշադրութեամբ հասցնել նրան իմաստութեան եւ կատարելութեան: Այնժամ իմաստասէրների առաջնորդ Դիոկրատէսը, որը թերեւս յետագայում հաւատաց եւ կոչուեց Հռեթէոս, մեծ յօժարութեամբ Դիոնիսիոսին սովորեցրեց ամբողջ գիտութիւնը: Եւ երբ պատանին հասաւ արբունքի, ամբողջ խորութեամբ քաջահմուտ եղաւ աստղագիտութեանը, որին աթենացիների մէջ տեղեակ էին միայն ամենաիմաստունները: Միաժամանակ հանճարեղ գտնուեց նաեւ փիլիսոփայութեան մէջ:

 

Այնուհետեւ երբ Դիոնիսիոսը կատարելութեան հասաւ, բոլորի հաւանութեամբ ընտրուեց նստել դատաւորների հետ, դատ անել եւ հրամանատու լինել: Այդ օրերին նորոգուեց Աթէնքի դատաստանոցը՝ Արիսպագոսի ատեանը: Եւ երբ ժողովրդի բազմութիւնը հաւաքուեց այնտեղ, դատաւորների գլխաւորը, իբրեւ թէ անյայտ աստուծոյ անուամբ տաճարի հրամանով, որ կար Աթէնքի սահմաններում, յայտարարեց աթենացի իշխաններին, իմաստուններին եւ քրմերին. «Ելէ՛ք եւ ասէ՛ք ամբողջ ժողովրդին, թէ ինչ է հրամայում ձեզ տիեզերքի ամենակալ իշխանը, որ իշխանութիւն ունի աշխարհի բոլոր թագաւորութիւնների վրայ: Ինձ համար դատաւորներ ընտրէք, որոնք արդար դատաստան կ՚անեն, եւ թող նրանց առաջնորդը լինի Սոկրատի որդի Դիոնիսիոսը, որպէս քահանաների բարեխօս, որպէսզի նրանք որեւէ պակասութիւն չունենան»: Այս լսելով՝ աթենացիները մեծապէս ուրախ եղան եւ արեցին, ինչպէս որ հրամայուեց իրենց:

 

Շատ ժամանակ չանցած՝ եկաւ հեթանոսական մեծ տօնի օրր, որը քրմերը նշում էին Եգիպտոսի Հեղիուպօլիս մեծապայծառ քաղաքում, որ Բիւրիտոնի եւ Դամասկոսի մօտ գտնուող Արեգ կամ Բալբաք կոչուող քաղաքն էր, ուր կար «Երեքքարեան» կուռքերի յայտնի մեհեանը:

 

Տօնակատարութեան համար քաղաքում բոլոր կողմերից մեծ բազմութիւն էր հաւաքուել: Եւ երբ այնտեղ կուտակուած ամբոխի պատճառով քրմերից մէկը յենուեց կուռքերին, արձաններից մէկն ընկաւ, եւ փշրուեց նրա պարանոցը: Մեծ շփոթութիւն ընկաւ քաղաքում, մեծ չարիքներ գործեցին այդ պատճառով, եւ շատերը կորստեան մատնուեցին: Տեղի առաջնորդները որոշեցին սպանել քրմին՝ որպէս աստուածասպան մեղապարտի, որովհետեւ վախեցան աստուածների պատուհասից: Բայց որպէսզի անմտաբար ոչինչ չանէին, ու աւելի չար բան չլինէր, բանտարկեցին նրան ու կատարուած ամէն բանի մասին տեղեկացրին Աթէնքի իշխանութեան քրմերին, որ թերեւս նրանք աւելի լաւ խորհուրդ տային իրենց կամ էլ ինչ-որ պարզաբանում ստանային:

 

Այնժամ Աթէնքի քրմապետը զոհ մատուցեց՝ աղօթելով դեւերի իշխանին եւ հրաման արձակեց, որ Դիոնիսիոսն ուղարկուի Արեգ քաղաք՝ դատ անելու եւ խռովութիւնից մի ելք գտնելու համար: Եւ Դիոնիսիոսը՝ իբրեւ հնազանդ ու անխոնջ ծառայ, ճանապարհ ընկաւ՝ տանելով իր հետ իր ուշիմ աշակերտ Ասղիփոսին եւ միւս իմաստուն այրերին: Երբ Արեգ քաղաքի ժողովրդին յայտարարուեց Արիսպագոսի մեծանուն դատաւորի՝ Դիոնիսիոսի գալստեան մասին, զարդարեցին ամբողջ քաղաքը, եւ բոլորը նրան ընդառաջ ելան: Մեծ բազմութիւն էր հաւաքուել՝ տեսնելու նրան եւ լսելու նրա դատաստանը: Եւ այս եղաւ Աստուծոյ նախախնամութեամբ՝ առաջիկայ մեծ դէպքերի հետ կապուած, որպէսզի ամէնքը հասկանային այդ օրերին կատարուածները:

 

Երբ Դիոնիսիոսը քաղաք մտաւ, հաստատեց իր աթոռը (կամ լուսնաձեւ գահը) եւ նստեց քաղաքի հրապարակում: Քրմերից կամ իշխաններից որեւէ մէկին նստելու հրաման չտուեց, եւ նրանք ժողովրդի բազմութեան հետ յոտնկայս լսում էին Դիոնիսիոսին, թէ ինչպէս նա պիտի դատի իրենց աստծուն սպանողին: Ուրբաթ օրուայ վեցերորդ ժամն էր, արեգակը հասել էր միջօրէին, եւ ահա երկիրն ահաւոր զօրութեամբ զարմանալիօրէն շարժուեց, ու կուռքերի արձաններն ընկան եւ փշրուեցին: Արեգակը խաւարեց, լուսինն իր լոյսը չտուեց, բոլոր աստղերը երեւացին ինչպէս տեսիլքում եւ աներեւոյթ եղան, թանձր խաւարն ու մէգը սփռուեցին մարդկանց վրայ, որից ոչ ոք չէր կարողանում տեսնել իր ընկերոջը, եւ բոլորը միապէս ընկան իրենց երեսների վրայ: Լեռները սասանուեցին, վէմերը պատռուեցին, բարձրաբերձ տաճարները փլուեցին, եւ դառը ողբի ու վայնասունի ահաւոր ձայները լսելի եղան բոլորին: Խաւարը տիրեց վեցերորդ ժամից մինչեւ իններորդ ժամը, եւ ապա լոյսը դարձեալ պայծառացաւ: Մարդիկ նայում էին միմեանց ու տեսնում, որ մեռելի գոյն ունէին: Այնժամ Արեգ քաղաքի քահանաներն ու ժողովրդի իշխաններն ընկան Դիոնիսիոսի առաջ եւ իբրեւ ծայրագոյն իմաստունի՝ խնդրեցին յայտնել, թէ որն էր այդ ահաւոր դէպքի պատճառը, որպիսին չէր եղած ի սկզբանէ: Իսկ Դիոնիսիոսն, իր աշակերտի հետ մէջտեղ բերելով աստղաբաշխական ուսումնասիրութիւնները, քննում էր լուսատուների դիրքը տարուայ եւ օրերի թուի համեմատութեամբ, հետազօտում էր երկնքի ու երկրի ժամանակների շրջապտոյտը եւ չէր գտնում, որ այդ տարուայ մէջ որեւէ տեղ պիտի խաւարում լինէր, մանաւանդ տեսնում էր, որ լիալուսին էր, եւ անհնար էր, որ արեգակը խաւարէր: Եւ երբ հասկացաւ, որ այդ գործը դուրս է բնութեան կարգից, պատուեց մեծ ահով ու զարմանքով: Եւ ինչպէս գրուած է սուրբ Պօղիկարպոսին ուղղուած Դիոնիսիոսի թղթում, այդ ժամանակ Արեգ քաղաքում իր հետ էր ընկերը՝ Ապողոփանէս իմաստասէրը: Նրանք միասին տեսնում եւ քննում էին ամէն բան ու մեծապէս զարմանում: Այնժամ Ապողոփանէսն ասաց. «Այս բոլորը, ո՛վ Դիոնիսիոս, աստուածների հատուցումներ են գործերի համար կամ այլափոխութիւններ, որը կարելի է համարել կա՛մ բնական կարգաւորութեան գործ, կա՛մ մարդկանց մեղքերի պատիժ»: Իսկ Դիոնիսիոսը մեծ վարանումների եւ ապշանքի մէջ էր: Թւում էր, թէ մի սքանչելի տեսիլք էր տեսել, որը նրա հոգու վրայ մեծ ազդեցութիւն էր թողել: Ապա սթափուեց իբրեւ քնից, տարածեց ձեռքերը եւ բազմութեան առջեւ պատառոտեց իր հանդերձները: Եւ երբ քրմերն ու իշխանները հարցրին պատճառի մասին, նա պատասխանեց՝ ասելով. «Ի գիտութիւն ձեզ՝ այսօր երկրի վրայ մեծ եւ ահաւոր իրադարձութիւն եղաւ, որովհետեւ այն ծածկուած եւ անծանօթ Աստուածը, երկնքից երկրի վրայ մի տեղ իջնելով, մարդկապէս սուրբ մարմին հագաւ: Ահաւասիկ այսօր չար մարդիկ բռնեցին Նրան եւ աշխարհի վրայ ինչ-որ մի տեղում կախեցին փայտից: Եւ բոլորը Նրա առջեւ կանգնած անգիտութեամբ պախարակում էին Նրան ու թշնամանում: Այս ահաւոր շարժումը եւ խաւարը երկրի վրայ այդ երկիւղից եղաւ»:

 

Այս խօսքը՝ իբրեւ Դիոնիսիոսի բերանից ելած, կայ նրա վարքագրութեան մէջ: Նոյն իմաստով՝ որպէս աւանդութիւնից քաղած, յոյն հին մատենագիր Միքայել Սիւնգեղոսը կրկնում է եւ գրում. «Դիոնիսիոսը, ապշած նորահրաշ դէպքերից եւ գիտութեամբ վեր լինելով մարդկանցից, մտածում էր կատարուածների մասին ու ասում. "Անճանաչելի Աստուած չարչարւում է մարմնով, որի պատճառով տիեզերքը խաւարեց ու շարժուեց"»: Ուրիշներն էլ գրում են, թէ այսպէս է ասում Դիոնիսիոսը. «Կամ Նա Աստուած է, որ չարչարւում է, կամ էլ չարչարակից է լինում չարչարուողին»: Հայոց «Յայսմաւուրք»-ն էլ գրում է. «Մարդացեալ Աստուծոյ անչարչարելի բնութիւնը չարչարւում է անծանօթների մէջ եւ անչարչարելի մնում»: Եւ նրանք բոլորը միեւնոյն միտքն են առաջ բերում:

 

Ինչպէս պատմութիւնն է ասում, այս ամէնից յետոյ Դիոնիսիոսը բերել տուեց մագաղաթ եւ դրայ վրայ գրանցեց, որ այդ օրն ուրբաթ էր, նշեց այդ օրուայ ժամը, ամիսը, տարին, եւ թէ քանի օրական էր լուսինը: Ապա հեշտութեամբ լուծելով քաղաքացիների մէջ ընկած խռովութիւնը՝ իբրեւ այնժամ տիեզերքում եղած մեծ գործի ստուերանման նախանշան, վերադարձաւ իր քաղաքը՝ Աթէնք՝ պահելով իր մօտ այն գրութիւնը՝ որպէս սքանչելիք եւ որպէս յիշատակ, «... որպէսզի, - ասաց, - իմ վախճանից յետոյ թերեւս մէկը հետաքրքրուի եւ գտնի, թէ ինչ եղաւ»:

 

Տասներկու տարի անց Աթէնք եկաւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Պօղոս առաքեալը, որը տեսնելով քաղաքը՝ դրսից եւ ներսից լցուած կուռքերով, սկսեց քարոզել նրանց հեռու մնալ սնոտի պաշտամունքներից ու հաւատալ ճշմարիտ Աստծուն եւ Նրա Որդուն՝ Յիսուս Քրիստոսին: Երբ առաքեալը պատմում էր նրանց Աստուծոյ Բանի իջման եւ մարդանալու, Նրա գործած հրաշքների եւ ապա չարչարանքների, մահուան, յարութեան եւ Իր Հօր մօտ երկինք վերանալու մասին, աթենացիներից շատերը ծաղրում էին նրան որպէս օտարախօս օտարականի: Նրա խօսքը հասաւ նաեւ Դիոնիսիոս Արիսպագացուն: Այնժամ արթնացաւ նրա սիրտն ու մտածեց, որ կը լուծուեն իր խորհուրդների տարակոյսները: Ուստի յաջորդ օրը՝ արեգակը ծագելուն պէս, իր իշխանութեամբ հրամայեց տարածել քաղաքում եւ ասել. «Դիոնիսիոսը՝ իմաստունների եւ առաջնորդների դատաւորը, հրամայում է ձեզ, որ բոլորդ հաւաքուէք Արիսպագոսի ատեանում, եւ ով ներկայ չլինի, պատժի կ՚արժանանայ»:

 

Այնժամ քաղաքի բազմութիւնը հաւաքուեց այդտեղ, իսկ Դիոնիսիոսը մեծ պատուով եկաւ, նստեց իր աթոռին եւ հրամայեց նստել նաեւ քրմերին ու իմաստուններին: Ապա կանչել տուեց Պօղոս առաքեալին եւ պատուիրեց նրան քարոզել իր լուր ամէնքի: Եւ աստուածազգեաց անձը՝ ընտիր անօթն ու Սուրբ Հոգու բնակարանը, սկսեց աւետարանել կենաց խօսքը: Աթենացիներին բարեպաշտներ կոչելով՝ առաքեալը դէպի իրեն ձգեց բոլոր լսողներին, բայց երբ յայտարարեց, թէ ճիշտ չեն իրենց պաշտամունքները եւ դէպի կորուստ են առաջնորդում, բոլորը լցուեցին մեծ բարկութեամբ: Եւ եթէ Դիոնիսիոսից եկած երկիւղը չզսպէր նրանց, նոյն պահին կը քարկոծէին նրան ու կը սպանէին: Եւ Պօղոսը շարունակեց. «Շրջեցի ես ձեր պաշտամունքի վայրերով եւ գտայ մի տաճար, որի վրայ գրուած էր. "Անճանաչելի, անհասանելի, անպարագրելի Աստուած": Բայց մենք ձեզ քարոզում ու աւետարանում ենք ծածկուած եւ անսահմանելի Աստծուն, Ում համար իմաստուններն ասում են, թէ մենք Նրա զարմից ենք: Մենք այդ ծածկուած եւ հզօր Աստծուն ենք պաշտում»: Եւ սկսեց պատմել մեր Տիրոջ տնօրինութեան, գործած հրաշքների, չարչարանքների, խաչելութեան, այդ ժամին լուսատուների խաւարման եւ երկրի շարժման մասին:

 

Եւ երբ Դիոնիսիոսը Պօղոս առաքեալից լսեց օրուայ եւ ժամի մասին, որում եղել էին այդ ահաւոր սքանչելիքները, ուղարկեց իր Ասղիփոս աշակերտին՝ բերելու այն մագաղաթը, որի վրայ Արեգ քաղաքում գրել էր կատարուած ահազդու դէպքերի մասին եւ հրամայեց ի լուր ամբողջ ժողովրդի բարձրաձայն ընթերցել այն: Այնժամ յայտնի եղաւ, որ Պօղոս առաքեալն այդ նոյն գրածի մասին էր խօսում ու յայտնի դարձնում, որ մեծ ուրբաթ օրուայ այդ բոլոր դէպքերը կատարուեցին Արարչի կամաւոր խաչելութեան պատճառով: «Եւ նոյն պահին, - գրում է Դիոնիսիոսը, - ես հաւատացի կենդանի Աստուծոյ Որդուն՝ Քրիստոսին, որովհետեւ Նա է անճանաչելի, ծածկուած, անսկիզբ, եւ անհասանելի Աստուած: Եւ պատուիրեցի Պօղոս առաքեալին, որ նախապատրաստի մկրտութեան: Եւ երբ այս արեց, նա իսկոյն մկրտեց ինձ, իմ կնոջը՝ Դամարիսին, որ յետոյ Մարիամ կոչուեց եւ աթենացի բազմաթիւ տղամարդկանց ու կանանց: Իսկ ես եւ իմ կինը՝ Մարիամը,  այդ օրուանից հետեւեցինք երանելի Պօղոս առաքեալին եւ այլեւս չհեռացանք նրանից մինչեւ այս երկրից նրա մեկնելը: Եւ նա իր ձեռքերով օրհնեց ինձ որպէս Աթէնքի եպիսկոպոս: Արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, ոչ թէ մարդիկ հեռացրին ու ազատեցին ինձ կուռքերի պաշտամունքից, այլ Աստուծոյ իմաստութիւնը»: Այս մասին է ակնարկում նաեւ Ոսկեբերանն իր «Յաղագս քահանայութեան» գրքում՝ ասելով. «Եւ այն Արիսպագացին, որ սնոտիապաշտ քաղաքից էր, չէ՞ որ Պօղոսի ատենախօսութեամբ իր կնոջ հետ հետեւեց Պօղոսին»: Ամբրոսիոսն էլ գրում է. «Դիոնիսիոս Արիսպագացին իր կնոջ՝ Դամարիսի եւ այլ շատերի հետ հաւատաց: Եւ այդպէս իմաստունների ու հռետորների դասերն այստեղ ու այնտեղ անկեղծ խօսքերով խոստովանում են իրենց պարտութիւնը՝ յօրինակ հաւատացեալների»:

 

Բայց քանի որ առաքեալներն ամենուրեք խօսքը հաստատում էին նշաններով, եկեղեցական պատմութեան անանուն մատենագիրը եւս գրում է մի սքանչելիքի մասին, որ եղաւ Դիոնիսիոսի դարձի ժամանակ, որը կրկնում է նաեւ «Յայսմաւուրք»-ը այս օրինակով. «Երբ Պօղոս առաքեալն աթենացիների առաջ քարոզում էր անծանօթ Աստծուն, նրա առջեւ բերեցին մի կոյր մարդու, որպէսզի լուսաւորէր նրան: Այնժամ Դիոնիսիոսը, որ քաղաքի առաջնորդն էր, ասաց նրան. "Մի՛ դիպիր նրան, այլ հեռու մնայ եւ ասայ՝ թող բացուեն քո աչքերը Քրիստոսի անուամբ: Եւ եթէ բացուեն կոյրի աչքերը, մենք կը հաւատանք Նրան, Ում դու քարոզում ես": Պօղոսը նրան պատասխանեց. "Դու ասայ այդ խօսքը եւ կը տեսնես իմ Աստուծոյ զօրութիւնը": Այնժամ Դիոնիսիոսը բարձրաձայն եւ երերուն հաւատով ասաց. "Ո՛վ կոյր, թող Քրիստոսի անուամբ բացուեն քո աչքերը": Իսկոյն բացուեցին կոյրի աչքերը, եւ Դիոնիսիոսը հաւատաց Քրիստոսին, նրա հետ նաեւ՝ ուրիշները քաղաքից»: Այնուհետեւ Դիոնիսիոս քաղաքապետը եպիսկոպոս եղաւ:

 

Դիոնիսիոսի աստուածաբանական գրքերից յայտնի է նաեւ այն ամէնը, որ մէջտեղ ենք բերել տասներկու վարդապետների վարքում, որ Հռեթէոս բարեփառ առաջնորդը, որն ինչպէս Դիոնիսիոսի արտաքին գիտութիւններ ուսուցանելու վարժապետն էր, այնպէս էլ նրա դարձից յետոյ եղաւ նրա հրահանգիչը աստուածային վարդապետութեան խրթին հարցերում, որովհետեւ Դիոնիսիոսից առաջ նախ ինքն էր հաւատացել: Նրանք երկուսն էլ սուրբ Աստուածածնի վերափոխման օրը առաքեալների հետ գտնւում էին Երուսաղէմում, որի պատմութիւնը Դիոնիսիոսը գրել է Տիմոթէոսին եւ Տիտոսին ուղղուած իր թղթերում, որոնց յիշատակութիւնը կատարում ենք նրա հետ միեւնոյն օրը: Ըստ աւանդութեան՝ երբ Դիոնիսիոսը սկզբում տեսել է սուրբ Կոյս Աստուածամօրը՝ լուսազգեաց եւ շրջապատուած հրեշտակներով, ասել է. «Եթէ ծանօթ չլինէի աւետարանի հաւատքին, Կոյսիդ կը պաշտէի որպէս աստուածուհու»:

 

Սուրբ Դիոնիսիոսն իրեն ուղղուած Զմիւռնիայի Պօղիկարպոս հայրապետի նամակից տեղեկացաւ, որ Ապողոփանէս իմաստասէրը բամբասել է իրենից քրիստոնէութիւն ընդունելու համար եւ իրեն հայրասպան ու հայրենատեաց կոչել՝ հայրերից աւանդուած կուռքերից հեռանալու եւ հելլենական մատեաններն ընդդէմ հելլենացիների օգտագործելու համար: Առ այս Դիոնիսիոսն այսպիսի պատասխան նամակ է գրել. «Բայց դու յիշեցրո՛ւ նրան, որ ես քրիստոնէութիւնն ընդունեցի ոչ թէ պատահաբար, այլ աստուածային ներգործութեամբ եւ ահեղ սքանչելիքներով, որոնցով նոյն Ապողոփանէսը եւս պարտաւոր էր գալ դէպի մեր սուրբ հաւատքը, որովհետեւ Արեգ քաղաքում նա ինձ հետ էր, երբ Փրկչի խաչելութեան օրը խաւարեցին լուսատուները բնութեան երեւոյթից դուրս»: Եւ յորդորեց Պօղիկարպոսին, որ ջանքեր գործադրի՝ Ապողոփանէսին դէպի հաւատքը ձգելու համար, որն էլ յաջողուեց Տիրոջով: Դիոնիսիոսն առանձին թուղթ գրեց նաեւ Ապողոփանէսին՝ որպէս նորահաւատի, ուր յիշեցնում էր նրան. «Խաւարման ժամանակ, որը տեսանք Արեգ քաղաքում, ես մօտ քսանհինգ տարեկան էի, եւ դու եւս գրեթէ իմ հասակակիցն էիր»: Զմիւռնիայում այս Ապողոփանէսը եղաւ լաւոդիկեցի Պողեմոն փիլիսոփայի աշակերտը, որն էլ աշակերտել էր Քրիստոսի հաւատացեալ Արիստադէս ճարտարախօս իմաստասէրին, ով քրիստոնեաների համար պաշտպանական գրութիւն էր տուել Ադրիանոս կայսրին:

 

Բացի բազմաթիւ նամակներից՝ սուրբ Դիոնիսիոսը գրել է նաեւ ճառեր, խոր քննութեամբ աստուածաբանական գրքեր եւ տեսակ-տեսակ պատգամներ, որոնցից շատերն աթենացիներն այրեցին ու ոչնչացրին, իսկ որոնք մնացին, չտարածուեց սկզբնական շրջանում, այլ՝ ժամանակ անց: Ինչպէս հռոմէացիների մօտ Գրիգոր պապը Դիոնիսիոսի գրուածքները յիշում է վեցերորդ դարի վերջում, իսկ Ստեփաննոս Սիւնեցի քերթողը դրանք Հռոմից մեզ մօտ բերեց ութերորդ դարի սկզբում: Այնուհետեւ բոլոր եկեղեցիներում դրանք հետազօտուեցին հզօր աստուածաբանների կողմից՝ պաշտպանելով որոշ ընդդիմախօսներից եւ թողեցին մանրակրկիտ մեկնութիւններ՝ դասելով դրանք հայրերի եւ վարդապետների գրքերի շարքում:

 

Սուրբ Դիոնիսիոսի նահատակութեան մասին մեր «Յայսմաւուրք»-ը գրում է. «Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացին ... բացի երեք գրքերից, որ հրեշտակների, եկեղեցու եւ հաւատի մասին են, գրեց նաեւ այլ գրքեր եւ դրեց Աթէնքի գրապահոցում: Իսկ հելլեն կռապաշտները, լցուած սուրբի հանդէպ նախանձութեամբ, այրեցին Դիոնիսիոսին եւ նրա տասը հատոր գրքերը: Նրա միայն երեք գրքեր են մնացել հաւատացեալների պահոցում, որն ունի սուրբ եկեղեցին»: Եւ վերջում կրկնում է, թէ քաղաքապետ Դիոնիսիոսը եղաւ նոյն Աթէնք քաղաքի եպիսկոպոսը եւ ապրեց ու նահատակուեց, ինչպէս որ գրուած է:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու յիշատակը տօնում է Խաչվերացի Ե կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը՝ սուրբ Տիմոթէոս եւ Տիտոս առաքեալների հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ: