ՍՈՒՐԲ ՏԻՏՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԱՐՔԸ

Ի Քէն հայցեմք բազումողորմ ի ձեռն սրբոց Քոց առաքելոց.

Խնայեա՛, Տէ՛ր, ի յանձինս մեր:

Զորս ընտրեցեր յառաջ գիտութեամբ զարժանացելոց անձինս՝

Տպաւորել ի նոսա զհոգի շնորհաց Քոց, որով վանեալ հերքեցին զապստամբ թշնամին.

Բարեխօսութեամբ սոցա խնայեա՛, Տէ՛ր, ի յանձինս մեր:

Որք զխաւարն անգիտութեան մերկացին յամենայն ազանց՝

Զգեստաւորեալ զհեթանոսս. առաքելական կոչմամբ ի յոյս կենացն յաւիտենից.

Բարեխօսութեամբ սոցա խնայեա՛, Տէ՛ր, ի յանձինս մեր:

(Շարակնոց)

 

Տիտոսը, որը Պօղոս առաքեալի հեթանոսութիւնից դարձած աշակերտների մէջ ամենաաւագն էր, ըստ ոմանց՝ եղել է Քրիստոսի եօթանասուներկու աշակերտների թւում: Ազգութեամբ կրետացի էր՝ ծնուած այդ նոյն կղզում: Սուրբ Պօղոս առաքեալն իր բոլոր աշակերտների ու գործակիցների մէջ նրան առաւել պատուի էր արժանացնում: Թէպէտ նա Տիտոսին ուղղուած իր թղթում խանդաղատանքով նրան իր սիրելի որդին է կոչում[1], բայց կորնթացիներին ուղղուած թղթում իր եղբայրն է անուանում[2]: Եւ մէկ այլ տեղ պատուասիրում է նրան՝ ասելով. «Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ: Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւն աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է: ...  Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ: Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը»[3]: Եւ դարձեալ՝ «Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի: Մի՞թէ Տիտոսը ձեր ունեցածին աչք տնկեց: Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք»[4]:

 

Այնուհետեւ երբ Պօղոս առաքեալը նորից Երուսաղէմ ելաւ, Բառնաբասի հետ վերցրեց նաեւ Տիտոսին[5]: Ապա Տիտոսին ուղարկեց՝ առաքելաբար շրջելու մինչեւ Դաղմատիա[6] եւ ապա թողեց նրան Կրետէում իբրեւ այդ կղզու եպիսկոպոս[7], իսկ յետոյ դարձեալ նրան հրաւիրեց Նիկոպօլիս[8]: Քանզի Պօղոս առաքեալի հոգին այնքան էր կախուած նրանից աւետարանը քարոզելու գործում, որ անգամ ասում էր. «Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր, բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա»[9]: Մի կողմ թողնենք աւետարանը քարոզելու գործում նրա գործակցութեան մասին, որի համար ասում են, թէ Տիտոսը թէ՛ խօսքով եւ թէ՛ գրչով նաեւ Պօղոս առաքեալի թարգմանն էր, ինչպէս Մարկոսը՝ Պետրոս առաքեալի համար: Քանզի թէպէտ Պօղոս առաքեալն ինքը գլխովին ունէր լեզուներով խօսելու շնորհներ եւ առաւել պերճախօս էր եբրայերէն լեզւում, սակայն Տիտոսը, ստացած լինելով հելլենական կրթութիւն, Պօղոսի հոգին, որ եբրայական էր, քաջ թարգմանում էր յունարէն լեզուի: Այս բանին համամիտ է նաեւ Տիտոսի՝ իր դարձի սկզբնական շրջանի առանձին վարքագրութիւնը՝ գրուած Զինասի, այսինքն օրէնսգէտ Զենոնի կողմից, որը յիշատակուած է Պօղոս առաքեալի Տիտոսին ուղղուած թղթում[10]: Վկայագիրներն ու առաւել եւս մեր «Ճառընտիր»-ները, օգտուելով դրանից, թողել են նրա պատմութեան հետեւեալ օրինակը:

 

Տիտոսը Կրետէ կղզուց էր, խիստ բարեբարոյ եւ նշանաւոր տոհմից: Նա Կրետէ թագաւորի՝ Մինոս արքայի եղբօր որդին էր: Տիտոսը շատ ուսումնասէր էր եւ ցանկանում էր սերտել իմաստասիրական գրքերը, հելլենական մատենագրութիւնը, ինչպէս նաեւ ծանօթ լինել Հոմերոսի եւ Պլատոնի իմաստութեանն ու նրանց նման իմաստասէրների փիլիսոփայական հասկացութիւններին:

 

Եւ երբ քսան տարեկան էր, մի ձայն լսեց, որն ասաց իրեն. «Տիտո՛ս, Տիտո՛ս, պէտք է, որ դու հեռանաս այստեղից եւ փրկես քո հոգին, որովհետեւ քեզ ոչ մի օգուտ չեն տայ Հոմերոսի եւ Պլատոնի գրքերը, որը մտածում ես սովորել»: Իսկ նա զարմացաւ եւ այնուհետեւ սկսեց ընթերցել մարգարէական գրքերը: Վերցրեց Եսայի մարգարէութեան գիրքը, բացեց այն տեղը, որտեղ գրուած էր. «Նորոգուեցէ՛ք Իմ առաջ, ո՛վ կղզիներ»[11]: Եւ երբ ծածկեց գիրքը, հասկացաւ, որ աստուածային շնորհներ են իջել իր վրայ:

 

Քրիստոսի համբաւը շուտով հասաւ Մինոս թագաւորին, եւ ամբողջ կղզում տարածուեց Երուսաղէմում գործած Նրա սքանչելիքների լուրը: Թագաւորը զարմացաւ եւ ցանկացաւ տեսնել Քրիստոսին, ինչպէս Եդեսիայի Աբգար թագաւորը: Եւ խորհրդակցելով Կրետէի իշխանների հետ՝ Երուսաղէմ ուղարկեց իր եղբօրորդի Տիտոսին, նրա հետ նաեւ սուրհանդակներ ու իմաստուն այրեր, որպէսզի տեսնէին Քրիստոսին եւ այն սքանչելիքները, որ Նա գործում էր, ու վերադառնալով ամէն բան պատմէին ճշմարտութեամբ:

 

Երբ Տիտոսը Երուսաղէմ գնաց, տեսաւ Քրիստոսին,, երկրպագեց Նրան եւ ականատես եղաւ բոլոր սքանչելիքներին, որ Նա գործում էր Երուսաղէմում: Քրիստոսի մասին ստուգութեամբ թուղթ գրեց թագաւորին, այն իշխանների ու սուրհանդակների հետ ուղարկեց իր հօրեղբօրը, իսկ ինքը մնաց Երուսաղէմում՝ յարելով Տիրոջ աշակերտներին: Ականատես եղաւ Քրիստոսի չարչարանքներին, խաչելութեանը, մահուանը, թաղմանը, մեռելներից յարութեանը եւ երկինք համբարձուելուն: Եւ երբ Սուրբ Հոգին Վերնատուն իջաւ, Տիտոսը սուրբ առաքեալների հետ էր: Նա դասուեց Տիրոջ եօթանասուներկու աշակերտների թւում:

 

Երբ Պօղոսը պաղեստինեան Կեսարիայում հաւատաց Քրիստոսին, առաքեալները Տիտոսին եպիսկոպոս ձեռնադրեցին եւ Պօղոսի հետ ուղարկեցին՝ քարոզելու ամբողջ աշխարհում: Եւ գնալով նրանք բոլոր քաղաքներում եւ գաւառներում աւետարանում էին Քրիստոսին ու սերմանում կենաց Խօսքը: Մեծ նեղութիւններ եւ տանջանքներ կրելով՝ համբերում էին Քրիստոսի անուան համար եւ մկրտութեամբ լուսաւորում բազմաթիւ մարդկանց: Գործում էին անթիւ մեծամեծ նշաններ ու սքանչելիքներ, դրանցով յօժարեցնում մարդկանց հաւատալ Քրիստոսին, եւ այդպէս հաւատացեալների անթիւ բազմութիւններ անդադար ընծայում Աստծուն:

 

Գնալով Կրետէ կղզի՝ Պօղոս առաքեալը Տիտոսին Գորտինա քաղաքի՝ որպէս իր հայրենի ժառանգութեան եպիսկոպոս կարգեց: Եւ այնտեղից եկան Ասիա ու Եփեսոս: Մտան քաղաք եւ սկսեցին քարոզել փրկութեան աւետարանը: Ձեռք էին դնում բազմաթիւ հիւանդների վրայ, աղօթում Տիրոջ անունով եւ իսկոյն բժշկում: Նրանց գործած սքանչելիքների համբաւը տարածուեց ամբողջ գաւառում, եւ հրեաներից ու հեթանոսներից շատերը հաւատացին: Պօղոս առաքեալը հեռացաւ Սուրբ Հոգու կանչով ու եկաւ Հռոմ, իսկ Տիտոսը Պօղոսի քարոզութեան սկզբից մինչեւ նրա վախճանը չհեռացաւ նրանից, այլ միշտ շրջում էր նրա հետ՝ բազմաթիւ մեծամեծ տառապանքներ կրելով, մինչեւ որ Պօղոսը Ներոն կայսեր կողմից ընդունեց մարտիրոսութեան վճիռը եւ գլխատուեց Հռոմ քաղաքում:

 

Եւ սուրբ Տիտոսը մեծապէս սգաց, որ մնաց առանց սուրբ Պօղոսի: Իբրեւ որբացած՝ արտասուելով վերադարձաւ Հռոմից եւ եկաւ իր թեմը՝ Կրետէ կղզի, ուր որպէս իրենց հայրենակցի ընդունեցին մեծ ուրախութեամբ եւ նրա գալստեան համար մեծ տօնակատարութիւն արեցին: Բայց քանի որ նրա մերձաւորները դեռեւս հեթանոսներ էին, զարդարեցին կուռքերի տաճարը եւ Տիտոսին տաճար հրաւիրեցին: Տաճար մտնելով՝ սուրբն սկսեց աղօթել եբրայերէն լեզուով եւ ասել այս սաղմոսը. «Աստուա՛ծ մեր, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր մեզ»[12]: Աւարտեց աղօթքը, կնքելով փրկչական Խաչի նշանով, եւ յանկարծ Արտեմիսի բագինն ընկաւ ու փշրուեց: Ամբողջ ժողովուրդը, սուրբ առաքեալի վրայ սքանչելի նշան տեսնելով, նրան մի աստուած համարեցին եւ միաբան աղաղակեցին՝ ասելով. «Մէկն է Աստուած, որ այսօր երեւաց մեզ»: Եւ նա սկսեց քարոզել Քրիստոս Աստծուն, իսկ իրեն՝ որպէս Աստուծոյ ծառայ: Այդ օրը շուրջ հինգ հարիւր հոգի հաւատացին, իսկ Տիտոսը լուսաւորեց նրանց՝ մկրտելով սուրբ աւազանով: Նրանցից երէցներ ու սարկաւագներ ձեռնադրեց, շինեց եկեղեցի, որտեղ կարգեց այդ քահանաներին ու սպասաւորներին եւ ապա ելաւ-գնաց կղզու այլ վայրերն ու քաղաքները, որոնք բամաթիւ էին այդ կղզում: Ինը քաղաքներում բազմաթիւ սքանչելիքներ գործեց՝ քարոզելով Քրիստոսին եւ բոլորին աստուածգիտութեան դարձրեց: Շինեց եկեղեցիներ, ձեռնադրեց ինը եպիսկոպոսներ ինը քաղաքներում՝ Կնոսոսում, Յերապօլիսում, Կիւդոնիայում, Քերրոնիսոսում, Ելեւթերիայում, Լամբիսում, Կիսամիայում, Կամբանայում եւ Գորտինայում, որը դարձրեց մետրոպօլիս, որ թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք: Այնտեղ մնաց վեց տարի, հաստատեց նրանց ամենասուրբ Երրորդութեան հաւատի մէջ, անթիւ ու անհամար սքանչելիքներ գործեց եւ բարի օրինակ եղաւ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ խիստ առաքինի էր, անընչասէր եւ անշուք հանդերձներով: Նրա կերակուրը սոսկ պարտէզի բոյսերն էին եւ միայն խմելու ջուրը:

 

Նրա կեանքի օրերն այսքանն էին. քսանամեայ էր, երբ գնաց Երուսաղէմ՝ երկրպագելու Քրիստոսին, եւ մէկ տարի մնաց Նրա մօտ: Ապա Պօղոս առաքեալի քարոզչութեան ժամանակ երեսունութ տարի հետեւեց նրան, վեց տարի նստեց Կրետէում՝ իր Աթոռին, եւ ինը տարի շրջեց իր գաւառում: Եւ աշխարհում ապրած նրա կեանքի տարիների թիւը եօթանասունչորս էր: Այդքան տարիներ նա ճնշում էր իր մարմինը տեսակ-տեսակ առաքինութիւններով, իսկ քնելիս չէր հանգստանում բարձի վրայ, այլ գետնի, քրձի ու մոխրի վրայ:

 

Իսկ երբ պատրաստւում էր փոխուել առ Աստուած (որն ըստ վերոգրեալ հաշուարկի՝ Տիրոջ 86 թուականն էր), տեսաւ սուրբ հրեշտակների գնդեր, որ իջել էին իր մօտ: Տունը լցուեց անուշահոտ խնկի բուրմունքով, եւ մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նրան: Նրա երեսը պայծառացաւ, ապա ժպտաց, վեր կացաւ, տարածեց իր ձեռքերը դէպի երկինք եւ ասաց. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, ամուր պահեցի Քո հաւատը եւ անդրդուելի՝ Քո այս ժողովրդին: Այսուհետեւ Դու, Տէ՛ր, ամուր հաստատի՛ր եւ պահի՛ր Քո հօտը: Եւ այժմ Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին»: Եւ երբ ասաց՝ ամէն, աւանդեց հոգին առ Աստուած՝ իբրեւ Աստծուն հաճելի անուշահոտ խունկ: Եւ վերցնելով նրա մարմինը՝ պատեցին մաքուր կտաւներով, օծեցին իւղերով ու անուշահոտ խունկերով: Իսկ երբ գերեզման տարան՝ թաղելու, սքանչելի նշան եղաւ. կղզում պահուած եւ թաքցուած բոլոր բագիններն ընկան ու կոտրուեցին, որը տեսնելով բոլորն առաւել հաստատուեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատի մէջ, Որին փա՛ռք յաւիտեանս. ամէն:

 

Այս էր սուրբ Տիտոս առաքեալի կենցաղավարութիւնն ու ննջումը՝ քաղուած նրա աշակերտակցի՝ օրէնսգէտ Զենոնի գրութիւնից: Տիտոսին յիշատակում է նաեւ Իգնատիոս Աստուածազգեացը փիլադելփիացիներին ուղղուած իր թղթում, որտեղ գովաբանում է նրա սրբափայլ եւ կուսակրօն կեանքը: Կան նաեւ Տիտոսին ուղղուած Դիոնիսիոս Արիսպագացու երկու թղթերը. մէկը, որ կայ իր աստուածաբանական գրութիւնների շարքում, որը գրեց Տիմոթէոսի խնդրանքով եւ առանձին միւսը, որ կայ ամենասուրբ Աստուածածին Կոյսի ննջման եւ վերափոխման մասին գրութեան մէջ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

2.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:

 

 

[1] Տե՛ս Տիտ. Ա 4:

[2] Տե՛ս Բ Կորնթ. Բ 13::

[3] Բ Կորնթ. Ը 16-18, 23:

[4] Բ Կորնթ. ԺԲ 18:

[5] Տե՛ս Գաղ. Բ 1:

[6] Տե՛ս Բ Տիմ. Դ 11:

[7] Տե՛ս Տիտ. Ա 5:

[8] Տե՛ս Տիտ. Գ 12:

[9] Բ Կորնթ. Բ 12-13:

[10] Տիտ. Գ 13:

[11] Ես. ԽԱ 1:

[12] Սաղմ. ԿԶ 2: