Ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է երեկոյան ժամին`
ի դեմս Որդի Աստծո, որ իջեցվեց խաչից և պատանքով պատվելով` գերեզման դրվեց
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Քահ. - Ես կանչեցի Աստծուն, և Նա լսեց ինձ երեկոյան, առավոտյան և ամբողջ օրը:
Սրկ. - Սպասում էի իմ Աստծուն, և աչքս ուղղված էր Կենարարին, որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին:
Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Սրկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Խոնարհեցո՛, Տէ՛ր, զունկն քո» [ՁԵ] Սաղմոս
Մաղթանք
Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ. ամեն ինչի համար, Տեր, փառք Քեզ:
Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
«Ապրեցո՛զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ» [ՃԼԹ] Սաղմոս
ԵՐԳ
Կիրակնամուտի
Ալելուիա, ալելուիա:
[Աշակ. դաս.]: Կենարար սուրբի` անմահ երկնավոր Հոր սուրբ փառքի զվարթարար Լույս` Հիսուս Քրիստոս:
[Ավագ երեցի դաս]: Արևամուտին այստեղ եկածներս տեսանք երեկոյի լույսը: Օրհնաբանում ենք Հորը, Որդուն եւ Աստծո Սուրբ Հոգուն ու ամենքս ասում ենք «ամեն»: Արժանավորի՛ր մեզ ամեն ժամ երգաձայն օրհնաբանել Ամենասուրբ Երրորդությանդ փառավոր Անունը, որը կենդանություն է շնորհում, ինչի համար և աշխարհը փառաբանում է Քեզ:
Մաղթանք
Օրհնաբանված ես, Տե´ր, որ բնակվում ես բարձունքներում, և օրհնաբանված է Քո մեծ փառքը, որ լուսատուներին հաստատեցիր բարձունքներում, երկնքից լույս ծագեցրիր ամբողջ տիեզերքի վրա: Արարեցիր արեգակին` որպես տվնջյան լուսատու, լուսինն ու աստղերը՝ որպես գիշերվա լուսատու, [արարեցիր] նաև ճրագի լույսը: Դու ես գովելի, սուրբ և առաջին լույսը. խավարը փախչում է Քեզնից, ուստի Քո կենդանի լույսը, Տե´ր, ծագեցրո´ւ մեր սրտերում: Եվ մենք միաբան պիտի ասենք` «օրհնաբանված է Քո սուրբ փառքի անունը», և Քեզ պիտի մատուցենք երգաձայն օրհնաբանություն ու փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Քարոզ
Երեկոյան այս ժամին հասածներս` ամենքս միասին բարձրացնելով մեր ձեռքերը, փառավորում ենք Քեզ, մեր Տե´ր Աստված, որ մեզ շնորհեցիր այս օրը խաղաղությամբ անցկացնել և հասնել երեկոյան ժամին: Արժանավորի՛ր մեզ, Տեր, սուրբ սրտով և հրեշտակային երգով գոհաբանություն մատուցել ամենակալ Տեր Աստծուդ. ապրեցրո՛ւ եւ ողորմի՛ր: Ողորմի´ր մեզ, Տեր Աստված մեր, Քո մեծ ողորմությամբ. խնդրե´նք ամենքս միասնաբար:
Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր:
Մաղթանք
Երեկոյան այս ժամին հասածներս` ամենքս անդադար փառավորում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ԵՐԵԿՈՅԱՆ ՄԵՍԵԴԻՆԵՐ
Ըստ օրվա խորհրդի
Քրիստոսի Ծննդյան տոնի,
Ավետյաց, Վերափոխման և Աստվածածնի մյուս տոների համար
Ա. Տերն ինձ ասաց` «դու իմ որդին ես, և Ես այսօր ծնեցի քեզ»:
Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին, և ժողովուրդները սնոտի բաներ խորհեցին:
Բ. Իմ անձը պիտի օրհնաբանի Տիրոջը, և հոգիս պիտի ցնծա իմ Փրկիչ Աստծով:
Քանի որ նայեց Իր աղախնի խոնարհությանը, ուստի այսուհետև ինձ երանի պիտի տան բոլոր ազգերը:
Գ. Պիտի իջնի ինչպես անձրևը` բուրդի վրա, և ինչպես ցողը, որ ցողում է երկիրը:
Աստվա´ծ, Քո իրավասությունն արքային տուր և քո արդարությունը` թագավորի որդուն:
Հարության
ԱՁ. Տե´ր, հաղթող և հզոր, Տե´ր, հաղթող պատերազմում:
Տիրոջինն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհը և նրա բոլոր բնակիչները:
ԱԿ. Քո գահը, Աստվա´ծ, հավիտյանս հավիտենից է, Քո արքայության գավազանն արդար գավազան է:
Իմ սիրտը բարի խոսքեր բխեցրեց, և իմ գործերը պատմում եմ թագավորին:
ԲՁ. Տերը թագավորեց, պիտի ցնծա երկիրը, ուրախ պիտի լինեն բազմաթիվ կղզիները:
Նրա փայլատակումը երևաց տիեզերքում, տեսավ ու սասանվեց երկիրը:
ԲԿ. Տիրոջը նոր ե´րգ երգիր, ողջ երկի´ր, ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ:
Նրա առաջ գնացե´ք ցնծությամբ, ճանաչե´ք, որ Նա է մեր Տեր Աստված:
ԳՁ. Եկե´ք և տեսե´ք Աստծո գործերը, որ նշաններ ցույց տվեց և արվեստի գործեր կերտեց երկրի վրա:
Աստված մեր ապավենը և զորությունն է, մեր օգնականը` մեզ պատուհասող խիստ նեղությունների ժամանակ:
ԳԿ. Մեր Աստված երկնքում է ու երկրի վրա, և Նա արեց այն, ինչ կամեցավ:
Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից:
ԴՁ. Թող Քո ձեռքը լինի մարդու վրա, Քո աջը` մարդու որդու վրա, որին Դու զորացրիր քեզնով:
Դու, որ հովվում ես Իսրայելին, նայի՛ր,
դու, որ որպես հոտ առաջնորդում ես Հովսեփին:
ԴԿ. Աստվածների Աստված` Տերը խոսեց և ձայն տվեց երկրին:
Արեգակի ծագելիս մինչև արևամուտ:
Գալստյան
Օրհնյալ ես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, օրհնյալ ես, որ գալու ես:
Մեր Տեր Աստված հայտնվեց մեզ. կանխապես ուրախ տո´ն հռչակեք` լիուլի սեղաններ պատրաստելով:
Եկեղեցու
Տիրոջ բոլոր ծառաներ, այստեղ օրհնաբանե´ք Տիրոջը:
Որ գտնվում եք Տիրոջ տանը` մեր Աստծո գավթում:
Խաչի
Քեզնից երկյուղածներին նշան տվեցիր, որպեսզի փրկվեն աղեղի հարվածից:
Ինչպես որ փրկվեցին քո սիրելիները, այդպես էլ Քո աջով փրկի´ր և լսի՛ր մեզ:
Կիրակնամուտի
Հաճելի է ինձ, երբ Տերը լսում է իմ աղոթքի ձայնը: Քանի որ Նա իմ առջև խոնարհեցրեց Իր ականջը, և ես կյանքիս օրերում աղոթեցի Նրան:
Մարտիրոսների
ԱՁ. Քո ողորմությունը, Տե´ր, թող լինի մեզ վրա, քանի որ մենք Քեզ հուսացինք:
Արդարնե´ր, ցնծացե՛ք Տիրոջով, ուղղամիտներն արժանի են օրհնութան:
ԱԿ. Տերը սիրում է արդարությունը և չի թողնում, որ իր սուրբերն ընկնեն:
Արդարների փրկությունը Տիրոջից է. Նա վերակացու է նրանց իրենց նեղության ժամանակ:
ԲՁ. Աստված սքանչելի է Իր սուրբերի համար. Նա Իսրայելի Աստված է:
Տեր Աստված օրհնաբանված է, հանապազ օրհնաբանված է Տերը:
ԲԿ. Ինձ Տիրոջից, Որն արարել է երկինքն ու երկիրը:
Իմ աչքերը պիտի բարձրացնեմ դեպի լեռները, որտեղից օգնություն է գալու ինձ:
ԳՁ. Աստված փառավորված է Իր սուրբերի մտածումներում, Նա մեծ և ահասարսուռ է Իր շուրջ եղողների աչքին:
Երկինքը պիտի խոստովանի Քո սքանչելիքները, Տե´ր, և Քո ճշմարտությունը` սուրբերի եկեղեցիներում:
ԳԿ. Սիրելու եմ Քեզ, Տե´ր, իմ Զորություն. Տե´ր, ինձ հաստատուն Պահող, իմ ապավեն և իմ Փրկիչ:
Աստված իմ Օգնականն է, և ես հույսս դրել եմ նրա վրա. Նա է իմ ապավենը, իմ փրկության եղջյուրը, ինձ Ընդունողը:
ԴՁ. Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր աղոթում են Իրեն ճշմարտությամբ:
Տերը կատարում է Իրենից երկյուղողների կամքը, լսում է նրանց աղոթքը և ապրեցնում է նրանց:
ԴԿ. Արդարները ծաղկելու են ինչպես արմավենիներ, Լիբանանի մայրիների նման մեծաթիվ են լինելու:
Տնկվելու են Տիրոջ տան մեջ և ծաղկելու են մեր Աստծո գավթում:
Ապաշխարության
ԱՁ. Տերը կլսի ինձ, երբ ես դիմեմ Նրան:
Երբ ես դիմեցի Քեզ, Դու լսեցիր ինձ, Աստվա´ծ, իմ արդարության համեմատ:
ԱԿ. Իմ թշնամին թող չասի, թե «հաղթեցի նրան», և ինձ ճնշողները թող չցնծան իմ սասանվելու պատճառով:
Մինչև ե՞րբ պիտի երեսդ շրջես ինձնից, մինչև ե՞րբ իմ թշնամին պիտի իշխի ինձ. նայի՛ր և լսի՛ր ինձ, իմ Տե՛ր Աստված:
ԲՁ. Արդարի բերանն իմաստություն է բարբառում, և նրա լեզուն արդարություն պիտի խոսի:
Մի՛ նախանձիր չարերին, և ո՛չ էլ նրանց, ովքեր անօրենություն են գործում:
ԲԿ. Քաղցրությամբ վարվեցիր Քո ծառայի հետ, Տե´ր, Քո խոսքի համաձայն:
Դու քաղցր ես, Տե´ր, և Քո քաղցրությա´մբ խրատիր ինձ:
ԳՁ. Նայի՛ր և լսի´ր ինձ, իմ Տե՛ր Աստված:
Մինչև ե՞րբ ես, Տե´ր, իսպառ մոռանալու ինձ, մինչև ե՞րբ ես երեսդ շրջելու ինձնից:
ԳԿ. Քո գթությունն անսահման է, Տե´ր, փրկի´ր ինձ քո արդարությամբ:
Տե՛ս իմ խոնարհությունը և փրկի´ր ինձ, քանի որ ես չմոռացա Քո օրենքները:
ԴՁ. Աստվա՛ծ, ինձ օգնելո´ւ եկ, և, Տե´ր, շտապի´ր ընկերակցել ինձ:
Ամաչելու են և ամաթահար են լինելու նրանք, ովքեր հետապնդում էին ինձ:
ԴԿ. Լսի՛ր, Աստված, իմ աղոթքը, երբ ես աղաչում եմ Քեզ, իմ հոգին փրկի'ր թշնամու հանդեպ սարսափից:
Ինձ պիտի պահպանես չարերի հավաքներից, անօրենություն գործողների բազմությունից:
Աղուհացի
Երկուշաբթի. Ինձ հե'տ դարձրու, Տե՛ր, իմ մեղքերից, և իմ բոլոր անօրենությունները քավի՛ր ինձնից:
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Քո մեծ ողորմության համաձայն, ըստ Քո անհուն գթության քավի՛ր իմ բոլոր անօրենությունները:
Երեքշաբթի. Երանի բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից և ընթանում են Նրա ճանապարհներով:
Քո ձեռքերի աշխատանքի պտուղները պիտի ուտես, երանի է քեզ և դա բարի կլինի:
Չորեքշաբթի. Ինձ մի՛ լքիր, իմ Տե'ր Աստված, և մի՛ հեռացիր ինձնից. նայի'ր ինձ, Տեր, որպեսզի օգնես ինձ իմ փրկության համար:
Տե'ր, իմ բոլոր ցանկությունները Քո առաջ են, և իմ հեծեծանքը գաղտնի չմնաց Քեզնից:
Հինգշաբթի. Ծերությանս ժամանակ ինձ վայր մի՛ գցիր, Տե'ր, երբ իմ զորությունը նվազի, մի' լքիր ինձ:
Քեզ վրա եմ դրել իմ հույսը, Տե'ր, hավիտյան չեմ ամաչելու,
Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ:
Ուրբաթ. Իմ խնդրանքները թող բարձրանան Քո առաջ,
Տե'ր, Քո խոսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ:
Լսի'ր իմ ձայնը, Տեր, Քո ողորմության համաձայն,
և Քո արդարությամբ փրկի՛ր ինձ:
Ավագ հինգշաբթի օրվա համար
Սրբությամբ պիտի լվանամ իմ ձեռքերը և պիտի կանգնեմ Քո սեղանի շուրջբոլորը, Տե'ր:
Տե'ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի հարկաբաժինը:
Ուղղեցի
Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:
Ընդունի'ր այս երեկոյի մեր աղոթքը, Տե'ր, և մեր ձեռքերի կարկառումը:
Ավագ ուրբաթ օրվա համար
Ինձ որպես կերակուր լեղի տվեցին և իմ ծարավը հագեցրին քացախով:
Նրանց սեղաններն իրենց առջև դառնաու են որոգայթ` որպես հատուցում և որպես գայթակղություն:
Ուղղեցի
Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:
Մեր ձեռքերի վերհամբառնումը` որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ):
«Ուղիղ եղիցի»-ի կարգը
Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն,
Ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:
Մեր ձեռքերի վերհամբառնումը`
Որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ):
Հատուկ աջակողմյանների համար
Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:
Մեր ձեռքերի վերհամբառնումը` որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ):
Տե'ր, բարձրագոչ աղերսեցի Քեզ, ուստի լսի'ր ինձ:
Նայի'ր իմ աղոթաձայն խնդրանքներին, երբ ես աղերսում եմ Քեզ:
Քարոզ
Կիրականամուտի և տերունի բոլոր օրերի համար
(Աշակերտի դաս)
Ամենքս միաբան ասե՛նք, Տեր ողորմի՛ր:
Տե՜ր, ողորմի՜ր:
Համայն աշխարհի խաղաղության և սուրբ Եկեղեցու հաստատության համար աղաչե՛նք Տիրոջը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Սուրբ և ուղղափառ բոլոր եպիսկոպոսների համար աղաչե՛նք Տիրոջը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Տեր, Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կյանքի և հոգու փրկության համար աղաչե՛նք Տիրոջը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Վարդապետների, քահանաների, սարկավագների, դպիրների և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկների համար աղաչե՛նք Տիրոջը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Բարեպաշտ թագավորների և աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զորքի համար աղաչե՛նք Տիրոջը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը, որպեսզի ամենակալ Տերը նրանց առաջ հնազանդեցնի պատերազմող բոլոր թշնամիներին:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը մեր հայրերի և եղբայրների համար, որոնք գերության և չար ծառայության մեջ են:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը ճանապարհորդների և նավագնացների համար, որպեսզի նրանք խաղաղությամբ հասնեն բարի նավահանգիստը:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը hիվանդների և բոլոր վշտակիրների շուտափույթ առողջացման համար:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը օդի բարեխառնության, անձրևների քաղցրության և պտուղների առատության համար:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը Աստծո սուրբ Եկեղեցու ուխտավորների և բարի պտուղ տվողների համար:
Տե՜ր, ողորմի՜ր:
Եվ աղաչե՛նք բոլոր նրանց համար, ովքեր մատնված են անօրենների ձեռքը Քրիստոսի անվան համար:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը այն հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղղադավան հավատով ննջեցին` Քրիստոսի մոտ գնալով:
Տե՜ր, ողորմի՜ր:
Աղաչե՛նք Տիրոջը, որպեսզի Տեր Աստված փրկի մեզ երևացող և աներևույթ թշնամուց:
Տե՜ր, ողորմի՜ր:
Մաղթանք
Բարեխոս ունենք սուրբ Մարիամ Աստվածածնին՝ փառավորված և օրհնաբանված միշտ Սուրբ Կույսին, սուրբ Հովհաննես Մկրտչին, սուրբ Ստեփանոս նախավկային, սուրբ առաքյալներին և մարգարեներին, արի և հաղթող սուրբ վկաներին ու Քրիստոսի մեծ խոստովանողին՝ Հայաստան աշխարհի մեր սուրբ հայրապետ Գրիգոր Լուսավորչին:
Հիշեցե՛ք նաև բոլոր սուրբերին, և նրանց միջոցով աղաչե՛նք Տիրոջը:
Մերձեցած երեկոն և առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Քարոզ
Սուրբերի տոների և պահոց օրերի համար
(Աշակերտի դաս)
Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:
Աղաչե՛նք ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը` խաղաղության Թագավորին, խաղաղության և մեկ, սուրբ, ընդհանրական ու առաքելական Եկեղեցու համար, որպեսզի մեր Տեր Աստված բազում խաղաղ տարիներ պարգևի և մեզ խաղաղարար թագավոր առաքի Իր մեծ, սուրբ և ահասարսուռ անվան համար: Խաղաղությամբ պահի գավառների պետերին, զորավարներին, զորագլուխներին և ժողովրդին, մեր մուտքն ու ելքը, և խորտակի մեր դեմ պատերազմող բոլոր թշնամիներին: Ամենակալ Տերը թող ապրեցնի՛ և ողորմի՛:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մերձեցած երեկոն և առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Լսի՛ր մեր ձայնը, մեր Տե'ր Աստված, ընդունի'ր մեր աղաչանքները, մեր ձեռքերի վերհամբառնումը և աղոթքի խոսքերը` սրբագործելով երեկոյան մեր այս պաշտամունքը` որպես Քեզ համար պատրաստված հաճելի անուշահոտություն: Ամենակա'լ Տեր, մեր մեջ ավելացրո'ւ հավատքը, հույսն ու սերը և առաքինի բոլոր գործերը, որպեսզի, Քո բարեսեր կամքի համաձայն, միշտ` օր ու գիշեր բարեպաշտությամբ ապրելով հոգևոր մեր կյանքը` արժանի լինենք մեր հոգիների փրկությանը և Քո հոգևոր կյանքը մեզ շնորհելուդ համար աղաչենք Քեզ, Տե՛ր, ու շնորհներ և ողորմություն ընդունենք Քեզնից: Եվ գոհանալով փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Խաղաղություն ամենքին
Աստծուն երկրպագենք
Քեզ երկրպագելով, մեր Տե'ր Աստված, գոհանում ենք Քեզանից մեր ցերեկվա ընթացքը խաղաղությամբ անցկացնելու համար: Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, աղաչում ենք Քեզ, այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքերի ու առանց գայթակղության անցկացնել, հաստատուն լինել և մնալ Քո հանդեպ հավատի, հույսի, սիրո և պատվիրանապահության մեջ` խաղաղություն խնդրելով համայն աշխարհի համար, հաստատություն` Քո սուրբ Եկեղեցուն, և փրկություն` մեր անձերին: Որպեսզի Քեզնից ընդունելով մեր կողմից խնդրածները` մշտապես մեծավայելուչ փառաբանություն առաքենք բարձրունքներ` Քո ամենազոր Տերությանը, մեր Աստվա'ծ Քրիստոս, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Եվ ասվում է «Սուրբ Աստված»-ը` ըստ օրվա խորհրդի
Սո'ւրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ (երեք անգամ կրկնի՛ր):
Կցորդ
Փառավորված և օրհնաբանված միշտ սուրբ կույս` Աստվածածի'ն Մարիամ, Քրիստոսի մա'յր, մեր աղաչանքները մատուցի՛ր քո Որդուն և մեր Աստծուն:
Մաղթանք
Փրկելու մեզ փորձությունից և բոլոր տեսակի վտանգներից:
Քարոզ
(Ավագ երեցի դասից)
Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք:
Որպեսզի սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր աղաչանքների ձայնը լսելի լինի Տեր Աստծուն և մեզ վրա իջնի Տեր Աստծո ողորմությունն ու գթությունը: Մեր Ամենակալ Տեր Աստվա'ծ, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:
Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Համբարձի
(Ավագ երեցի դասից)
Իմ աչքերը պիտի բարձրացնեմ դեպի լեռները, որտեղից օգնություն է գալու ինձ:
Ինձ օգնություն է գալու Տիրոջից, Որն արարել է երկինքն ու երկիրը:
Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը չի ննջի:
Ինչպես որ չի ննջում և քուն չի մտնում Իսրայելի Պահապանը:
Տերը կպահպանի քեզ, և Տերը քեզ կընդունի Իր աջ ձեռքով:
Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, և ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:
Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, Տերը կպահպանի քո անձը:
Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետև մինչև հավիտյան:
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Այստեղ երգվում է «Համբարձի» շարականը`
ըստ օրվա խորհրդի
(Ավագ երեցի դասից)
Կիրակնամուտին սա' երգիր
ԱՁ.
Սուրբ ես, զորությունների' Տեր, որ բնակվում ես երկնքում, և բարեբանվում ես Քո սուրբերի կողմից: Երկնային զորությունները, սերովբեները և քերովբեներն անդադար օրհնաբանում են Քո սուրբ անունը: Քահանաները և նրանց հետ` սպասավորներն ու ժողովուրդը, երկրպագե'նք Քո Տերությանը:
Ո~վ Դու Լույս, որ հավիտենությունից էլ առաջ կայիր, Հոր կողմից առաքվեցիր և հոգեղեն լույսով լցրիր արարածներին, օրհնաբանվա'ծ ես, հավիտենակա'ն Թագավոր: Դու, որ վերստին հաստատեցիր սկզբնագո լույսը և Քո Հարությամբ հալածեցիր անգիտության խավարը, օրհնաբանվա'ծ ես, հավիտենակա'ն Թագավոր: Ուստի և մենք` լուսեղեն հրեշտակների հետ լուսավորվածներս, ցնծությամբ օրհներգե'նք հարության այս երեկոյան, օրհնաբանվա'ծ ես,:
Երկնաքաղաքացի Հովհաննեսը` կանանցից ծնվածների մեջ մեծագույնը, ազդարարող խոսքերով անապատում քարոզում էր արդարության Արեգակի լույսի ծագումը: Ճշմարիտ մարգարեն և Աստծո Որդուն ձեռնադրողը, նախընթաց կարապետն ու աստվածային օրենքները պատմողը հարդարում էր հավիտենական Թագավորի ճանապարհը: Անօրեն գինարբուքի մոլեգնած պահին Հերովդիադան որպես պարգև խնդրեց մարգարեի գլուխը` շիջանելով արուսյակն ու անաղոտ լապտերը:
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ Ամենասուրբ Երրորդությանդ երկրպագողներիս պարգևի՛ր հավիտենական կյանքի հարության հույսը:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Սուրբ Երրորդությանդ հավատացող այս ժողովրդին և Քո փառքի խորանին ապավինածներիս խաղաղության մեջ անխռո'վ պահիր:
Իսկ Առաքյալների տոնի օրը «Երկնաքաղաքացի» երգի փոխարեն ասվում է սա.
Քո սուրբ առաքյալների միջնորդությամբ հայցում ենք Քեզնից, Բազումողո'րմ, խնայի'ր, Տեր, մեր անձերը:
Քո նախիմացությամբ նրանց ընտրեցիր որպես արժանավոր անձեր` իրենց մեջ դրոշմելով Քո շնորհների Հոգին, որով վանելով` հաղթեցին ապստամբ թշնամուն. նրանց բարեխոսությամբ խնայի'ր, Տեր, մեր անձերը:
Նրանք բոլոր ազգերից հեռու վանեցին անգիտության խավարը` իրենց առաքելական կոչմամբ հեթանոսներին զգեստավորելով հավիտենական կյանքի հույսով. նրանց բարեխոսությամբ խնայի'ր, Տեր, մեր անձերը:
Ինչի համար և մենք` հավատացյալներս, պիտի տոնենք սուրբ առաքյալների հիշատակը. աղաչում ենք Քեզ, որ միայն Դու ես գթած, առատաձեռնորեն շնորհի'ր մեզ Քո մեծ ողորմությունդ, Տե'ր, Դու, որ ապրեցնում ես բոլոր արարածներին: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Արդ, Աստծո' մայր, քեզնից Ծնվածին աղաչի'ր մեզ համար. որպեսզի Նրա հետ լինելով՝ նորոգվենք Նրա սուրբ Հարությամբ. Նրա առջև միշտ բարեխոսի'ր մեզ ապրեցնելու համար: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Այսօր ցնծում են Սուրբ Հոգու շնորհներով զարդարված առաքյալները` օրհնաբանելով Հորից Ելնողին:
Կամ. Եվ Հուդան իր ձայնը բարձրացնելով` Տիրոջից խնդրում էր ամենքի համար տենչալի սուրբ Խաչը և հավատով գոչում էր. «Եկեք երկրպագե'նք աստվածային սուրբ Նշանին՝ օրհնաբանելով Կույսից Ծնվածին:
ՀԱՄԲԱՐՁԻՆԵՐ
Հարության
ԳԿ.
Ա. Օրհնաբանում ենք Քո Հարությունը, Մարդասե'ր, աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»: Քեզ օրհնաբանում են սերովբեները և գովաբանում են քերովբեները` աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»: Անդադրում բերանով, անլռելի բարբառով աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»:
ԳԿ.
Բ. Մենք ևս, հրեշտակների օրհնաբանությունը կիսելով, երգում ենք ու ասում. «Փառք Քո Հարությանը, Տե'ր: Դու խաչվեցիր մեզ համար, թաղվեցիր և Հարություն առար ու մեզ ազատեցիր մեղքերից: Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմա'հ Թագավոր:
Մարտիրոսների
ԳԿ.
Այսօր մարտիրոսների դասերը ցնծալով բերկրում են` ընդառաջ ելնելով Տեր Քրիստոսին` Աստծո Որդուն: Ձայնը երկնքից վկայելով` ասում է. «Եկե'ք, Իմ Հոր օրհնյալներ, երկնային խորանների ժառանգորդնե'ր: Զբաղեցրե'ք անկում ապրած այն ապստամբ թշնամու տեղը, որը վայր ընկավ երկնքից:
Ապաշխարության
ԴԿ.
Իմ աղոթքները թող որ մտնեն Քո սուրբ տաճարը, Տե'ր, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից: Թող որ Քո աջը, Տե'ր, հովանի լինի Քո ստեղծածների վրա, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից: Ընդունի'ր մեր երեկոյան աղոթքը, Տե'ր, Քո ծնողի բարեխոսությամբ, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից:
Քարոզ
Համայն աշխարհի խաղաղության և սուրբ Եկեղեցու հաստատության համար աղաչե՛նք Տիրոջը: Ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
(Աշակ. դաս): Գթառատ, բարեխնամո´ղ Հայր, որ բոլոր արարածների Արարիչն ես, երեկոյան այս ժամին ընդունի՛ր Քո ծառաների պաղատանքները, Դո´ւ, որ բոլորի նկատմամբ առատաձեռն ես Քո բարերար պարգևներով: Ողորմի՛ր, Տե՛ր, ամբողջ աշխարհի և Քո սուրբ Եկեղեցու հիվանդներին, վշտացածներին, ճանապարհորդներին, նավագնացներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալների հոգիներին: Քանի որ Դու, ամենակա´լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքներն առավել քան, քան մենք խնդրում ու իմանում ենք, և Քեզ Որդու և Ամենասուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղուհացի օրերին այստեղ ասվում է «Տէր ամենակալ» սաղմոսը` իր Քարոզ»-ի և «Աղոթք»-ի հետ մեկտեղ, իսկ դրանից հետո՝ «Որ բնակեալն»-ն է սաղմոսը: Իսկ պահոց մյուս օրերին և մարտիրոսաց տոներին ասվում է միայն «Որ բնակեալն»-ն է սաղմոսը: Եվ կիրակնամուտներին էլ ասվում է «Աստ օրհնեցէք» սաղմոսը:
Արձակման փոխ
«Որ բնակեալն է» [Ղ]Սաղմոս
Մաղթանք
Բարձրյալ Քրիստոսին մեզ ապավե´ն դարձնենք, որպեսզի չարիքը չհասնի մեզ և տանջանքը չմոտենա մեր տանը:
Քարոզ
Եվ մենք միաբան Տիրոջից ողորմություն խնդրելով` բոլորս միաբանությամբ ասե´նք:
Տե´ր, ողորմի՛ր, Տե´ր, ողորմի՛ր, Տե´ր, ողորմի՛ր:
Աղոթք
(Աշակ. դաս): Կյանքի Հույս, աղոթքներն Ընդունող, մեղքերը Քավող և խնդրանքները Կատարող, մեր Աստվա´ծ Քրիստոս, երեկոյան այս ժամին ընդունի՛ր մեր պաղատանքները Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և Քո բոլոր սուրբերի աղաչանքներով: Լսի՛ր մեզ, Տեր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո´ւն շնորհիր մեր մեղքերին, արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
(Աշակ. դաս): Հիշի՛ր, Տե՛ր, Քո սպասավորներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստացողներին, հոգնածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարեգործներին, թշնամիներին, ատելիներին, ինչպես նաև նրանց, ովքեր հավատով պատվիրեցին մեզ:
Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
(Ավագ երեցի դաս): Բարերա՛ր և բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր յուրաքանչյուր վտանգից և փորձությունից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
ՓՈԽ
Կիրակնամուտների
«Աստ օրհնեցէ՛ք» [ՃԼԳ] Սաղմոս
Քարոզ
Հավատով և միաբանությամբ Տիրոջից խնդրենք, որ Իր ողորմության շնորհները սփռի մեզ վրա: Թող Ամենակալ Տերն ապրեցնի և ողորմի:
Ապրեցրո´ւ, Տե´ր:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Խաղաղությա´ն Թագավոր, մեր անձերի օգնական և փրկիչ, մեր Աստվա´ծ Քրիստոս, Քո ժողովրդին պարսպվա´ծ պահիր սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո` խաղաղության մեջ: Փրկի՛ր երևացող և աներևույթ թշնամուց, արժանավորի´ր գոհությամբ փառաբանել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղոթք Հինանց Շրջանի Կիրակնամուտների Համար
Քո ամենազոր և հրաշալի Հարությանը, մեր Աստվա´ծ Քրիստոս, երկրպագում են հրեշտակային զորքերը, քանի որ միայն Դո´ւ անմահութուն ունես, Դո´ւ, որ բնակվում ես անմատույց լույսի մեջ: Եվ մենք` հողեղեն արարածներս, խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը: Եվ երկնային զորքերի հետ օրհնաբանություն և փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Քարոզ Խաչի
Սուրբ Խաչով աղաչե´նք Տիրոջը, որպեսզի այդ Խաչով մեզ փրկի մեղքից և ապրեցնի Իր ողորմության շնորհով: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:
Աղոթք
(Ավագ երեցի դաս) Պահպանի՛ր մեզ, մեր Աստվա´ծ Քրիստոս, Քո սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո` խաղաղության մեջ: Փրկի՛ր երևացող և աներևույթ թշնամուց, արժանավորի´ր գոհությամբ փառաբանել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Խրատ
Եկեղեցում երկրպագություն մատուցելու համար
«Ուրախ եղէ ես» [ՃԻԱ] Սաղմոս
Քարոզ Եկեղեցու
Սուրբ Եկեղեցով աղաչե´նք Տիրոջը, որպեսզի այդ Եկեղեցով մեզ փրկի մեղքից և ապրեցնի Իր ողորմության շնորհով: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:
Աղոթք
Այս սուրբ Եկեղեցու դռան և աստվածակիր ու մեծապայծառ սուրբ Նշանների առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ՓՈԽ
«Աղաղակեցէ՛ք» [ՂԹ] Սաղմոս
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Քարոզ
Օրհնաբանե´նք ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, Որը մեզ արժանի դարձրեց այս վայրում փառաբանություն մատուցելու և հոգևոր երգեր երգելու: Մեր ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:
Աղոթք
Այս տաճարում ու աստվածակիր և մեծապայծառ սուրբ Նշանների ու սուրբ Սեղանի առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղոթք
Այս սուրբ հարկի տակ և փառաբանության այս վայրում, որը հրեշտակների բնակարանն ու մարդկանց քավարանն է, աստվածակիր և մեծապայծառ սուրբ Նշանների ու սուրբ Սեղանի առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: