ՍՈՒՐԲ ՂՈՒԿԱՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որք ի սկզբանէ պատուեալ եղեն ի սէր բոլորից Հօր.

Առաքելական կոչմամբ զտիեզերս հրաւիրեցին յուսով հասանել մասին.

Վարդապետութեամբ սոցա ամենեքեան օրհնեսցուք զՏէր:

Որք ականատես եւ սպասաւորք եղեն մարմնացելոյ Բանին.

Գեր ի վերոյ անմարմնոց դասուցն հանդիպելով շնորհի.

Վարդապետութեամբ սոցա ամենեքեան օրհնեսցուք զՏէր:

Որոց դատողական աթոռ ահեղ ատենին հանդերձեալ մնայ.

Կատարել ի մեզ դատաստան ըստ գրեալսն.

Առ սոսա անկցուք զղջացեալ անձամբ պաղատելով.

Հաշտեցուցանել սոքօք ընդ մեզ զահաւոր զԴատաւորն:

(Շարակնոց)

 

Լուսաւոր անուն եւ բազում արդիւնաւէտ գործեր թողած ընտիր կարգաբան[1] սուրբ Ղուկաս աւետարանիչն անտիոքացի էր՝ ասորական Անտիոքից, որի պատճառով ոմանք ասում են, թէ նա ազգութեամբ ասորի է: Մասնագիտութեամբ բժիշկ էր՝ աշակերտած նշանաւոր բժշկապետի մօտ: Կիրթ էր արտաքին բոլոր գիտութիւնների մէջ եւ քաջատեղեակ ասորերէն, եբրայերէն եւ յունարէն լեզուներին: Պերճախօս էր, բարեզարդ բարքով եւ կուսակրօն վարքով:

 

Այն օրերին, երբ մեր երկնաւոր բժիշկը՝ Քրիստոս, շրջում էր մարդկանց մէջ, Ղուկասը, որը բժիշկ էր համարուած, լսեց այն սքանչելիքների մասին, որոնք Տէրը գործում էր միայն խօսքով, քանզի յարութիւն էր տալիս մեռելներին, լուսաւորում ի ծնէ կոյրերին, իսկոյն առողջացնում անդամալոյծներին եւ անբժշկելի հիւանդներին, լսել ու խօսել տալիս խուլերին եւ համրերին: Եւ խիստ զարմանալով որպէս անհնարին բաների վրայ, որոնք արդարեւ անհնարին են մարդկանց կողմից, Ղուկաս ուղարկուեց Երուսաղէմ, որպէսզի տեսնի Յիսուսին, լինի այն սքանչելիքների ականատեսը, իմանայ ճշմարտութիւնը եւ ապա վերադառնալով պատմի ստուգութեամբ:

 

Արդ, երբ Ղուկասը Երուսաղէմ հասաւ, տեսաւ Քրիստոսին եւ բազմաթիւ սքանչելիքների ականատես եղաւ: Իջեւանելով տեռատես կնոջ տանը, որը Յիսուսի ձեռամբ բժշկուել էր տասներկու տարուայ հիւանդութիւնից, հանդիպում էր արդէն բժշկուածներին, հարցուփորձ անում եւ խօսում նրանց հետ: Ինչպէս ասում են, այնժամ Ղուկասը յարեց Քրիստոսի աշակերտներին ու համարուեց եօթանասուներկու աշակերտների թւում: Եւ թէպէտ նա Անտիոքի հեթանոսներից էր, բայց տեսնում ենք, որ իր քաղաքակից անտիոքացի Նիկողայոսը եւս եկաւ ու միացաւ աշակերտներին եւ եղաւ սուրբ Ստեփաննոսի ընկերը, որը եօթանասուններից էր:

 

Ըստ այսմ՝ ոմանք Մեծն Գրիգորի հետ հաստատեցին, որ Ղուկասն ինքն էր Կղէովպասի ընկերը  եւ Յիսուսի ուղեկիցը Էմմաւուսի ճանապարհին, որի մասին իր պատմութեան մէջ նա լռում է խորհրդաբար` չտալով իր անունը: Եւ այստեղ տեղին է մէջբերել Ղուկասի ոչ միայն այն խօսքը, թէ «... ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան»[2], այլեւ՝ «Ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ»[3]: Եւ քանի որ յայտնի չէր ճշմարտութեան նորահաւատ աշակերտ այս Թէոփիլէսը, ապա կարելի է կարծել, որ նա՝ այդ անուանի մարդը, անտիոքացի բժշկապետն է՝ Ղուկասի ուսուցիչը, որն իր անունը ստացել է հաւատալուց յետոյ, քանզի «Թէոփիլոս» յունարէն լեզուից թարգմանաբար նշանակում է աստուածասէր:

 

Իսկ ուրիշները, որոնք Ղուկասին չեն համարում եօթանասունի թւում, ըստ «Ճառընտիր»-ների՝ գրում են, թէ կատարուած դէպքերին տեղեկանալուց յետոյ, որի համար Երուսաղէմ էր եկել, Ղուկասն այնտեղից վերադարձաւ Անտիոք՝ իր բժշկապետի մօտ: Եւ նրան կենդանի չգտնելով՝ ինքը զբաղեցրեց նրա տեղը՝ իբրեւ լաւատեղեակ մասնագիտութեանը: Սակայն նրա սրտի խորհուրդներն ուղղուած էին Աստծուն, այն էր՝ թողնել մարդկային այդ մասնագիտութիւնը, որ սովորել էր հեթանոս ժամանակ եւ որոնել առաւել բարձրագոյնը:

 

Այնուհետեւ տասներկու տարի անց նա գնաց Հելլադայի Աթէնք քաղաքի մօտ գտնուող Թեբաս քաղաքը եւ այնտեղ գտաւ Պօղոս առաքեալին, որը նշաններով եւ զօրութեամբ քարոզում էր Քրիստոսին: Այնժամ Ղուկասը, յիշելով ամէն բան, որ տեսաւ Երուսաղէմում, յարեց նրան, ուրացաւ իր հայրենի կռապաշտութիւնը եւ հաւատաց Քրիստոսին: Թողեց ամէն բան, ինչ ունէր Անտիոքում՝ ունեցուածք եւ ազգականներ, աշակերտեց Պօղոս առաքեալին ու գնաց նրա յետեւից: Եւ ինչպէս Պօղոս առաքեալը, նոյնպէս էլ Ղուկասը եղաւ քարոզիչ եւ առաքեալ: Ապա նրա հետ եկաւ Երուսաղէմ եւ հանդիպեց Պետրոս առաքեալին, որի համար ոմանք գրում են, թէ նա Պետրոսի աշակերտն էր եւ կարգուեց որպէս Պօղոս առաքեալի գործակից: Ղուկասի վաղօրօք դարձը յայտնի է նոյն այն խօսքերից, որը յայտնապէս գրում են նաեւ ոմանք, թէ Ղուկասը տեսաւ սուրբ Կոյս Աստուածածնին, լսեց նրա բերանից, ինչպէս եւ առաքեալների բերանից, Փրկչի բոլոր տնօրինական գործերի մասին:

 

Եւ ըստ այս տեղեկութեան՝ իր սիրելի աստուածասէր բարեկամի՝ ըստ ոմանց՝ Թէոփիլոսի խնդրանքով, Պօղոս առաքեալի հրամանով եւ Սուրբ Հոգու թելադրանքով գրեց աւետարանը, որ իր անուամբ է կոչւում: Ոմանք հաստատում են, թէ նա եղել է իր բնիկ Անտիոք քաղաքում, ուստի եւ գրել է ասորերէն լեզուով, Փրկչի համբարձումից տասնեօթ տարի անց, ոմանք էլ համարում են, թէ գրել է Հռոմում:

 

Ղուկասի գրքերում փայլում են գեղեցիկ հելլենախօսութիւնը եւ կարգաբանութիւնը՝ որոշակի ասորական ոճաբանութեամբ: Նրա աւետարանն այնքան գովելի եղաւ առաքեալների առաջ եւ նրանց միջոցով այնպէս տարածուեց բոլոր եկեղեցիներում, որ մինչեւ իսկ ընդհանուրի կարծիքով նոյն Ղուկասի մասին է Պօղոս առաքեալի ասած այս խօսքը՝ կորնթացիներին ուղղուած իր թղթում. «Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւն աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է»[4]:

 

Արդ, թէեւ Ղուկասն ի սկզբանէ յարում էր Պօղոս առաքեալին, բայց նրա առաւել գործակիցը եւ ուղեկիցը եղաւ այն ժամանակ, երբ Բառնաբասը Մարկոսի հետ գնաց Կիպրոս, Պօղոսը Շիղայի հետ Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերը, ապա Լիւստրա գալով՝ վերցրեց նաեւ Տիմոթէոսին, որպէսզի դրանից յետոյ, շրջելով Փռիւգիայում եւ Գաղատիայում, իջնեն Տրովադա: Այնուհետեւ սուրբ Ղուկասն իր «Գործք Առաքելոց» գրքում լուսաբանում է, որ ինքը եւ այլ ծառայակիցներ Պօղոս առաքեալի հետ էին: Գրում է, թէ նրա հետ գնաց Մակեդոնիա եւ այլ շատ տեղեր՝ ուսուցանելով եւ քարոզելով Քրիստոսի աւետարանը: Ապա Պօղոս առաքեալի հետ եկաւ Հռոմ եւ երկու տարի ծառայեց նրա համար, երբ կապանքների մէջ էր: Եւ այստեղ սուրբ աւետարանիչը Տիրոջ 63 թուականին աւարտին է հասցնում իր երկրորդ գործը՝ առաքեալների գործունէութեան պատմութիւնը:

 

Ինչպէս վկայաբաններն են ասում, այդ ժամանակներում՝ Պօղոս առաքեալի կապանքներից արձակուելուց փոքր-ինչ առաջ կամ յետոյ, Ղուկասը նրա հրամանով ուղարկուեց առանձին քարոզելու: Եւ սուրբ Եպիփանի հետ շրջելով բազմաթիւ վայրերում՝ Գաղղիայում, Իտալիայում, Դաղմատիայում, Մակեդոնիայում եւ այլ տեղերում, եղաւ մարդկանց հոգիների ու մարմինների կատարեալ բժիշկ՝ առանց դեղամիջոցների նշաններ գործելով հիւանդների վրայ եւ դէպի Տէրը դարձնելով բազմաթիւ մարդկանց: Այս ամէնն առաւելապէս գործեց Հելլադայի Թեբէս քաղաքում, որտեղ եղաւ տեղի եպիսկոպոսը: Քանդեց կուռքերի տաճարներ, շինեց եկեղեցիներ եւ իր ընտրեալ աշակերտներից կարգեց քահանաներ ու սպասաւորներ: Եւ Տիրոջ առաջ շատ չարչարանքներ ու հեթանոսների կողմից մեծ հալածանքներ կրելուց յետոյ կանչեց իր աշակերտներին եւ հաւատացեալ հօտին, դարձեալ Աստուծոյ խօսքը տարածեց նրանց մէջ ու հաստատեց նրանց ճշմարիտ հաւատքի մէջ, որը մինչ այդ պահն աւետարանում էր թէ գրչով եւ թէ՛ խօսքով: Ապա աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Ամենակա՛լ Տէր, որ նստում ես քերովբէական կառքին, որ բնակւում ես բարձունքներում եւ տեսնում ես խոնարհներին, գոհանում եմ Քեզնից եւ փառաւորում Քո սուրբ անունը, որովհետեւ պահում ես բոլոր նրանց, որոնք երկնչում են Քո անունից եւ խոստովանում միայն Քեզ՝ Սուրբ Երրորդութեանդ: Որպէս անպիտան ծառայ՝ ես կատարեցի Քո բոլոր հրամանները, իսկ այժմ փափագում եմ գալ Քեզ մօտ ու Քեզ եմ յանձնում ճշմարտութեան աշակերտներին: Կապեցի սատանային, որպէսզի Քո հաւատքից չպակասի Քո Արեամբ գնուած Քո ժողովուրդը: Դու պահպանի՛ր նրանց, որովհետեւ Քոնն է փառքը յաւիտեանս»: Եւ երբ աղօթքից յետոյ ասաց՝ ամէն, խաղաղութեամբ աւանդեց իր հոգին, որ եղաւ մօտաւորապէս Տիրոջ 90 թուականի հոկտեմբերի տասնութին, իր ութսուն տարեկան հասակում: Ինչպէս գրում են մեր «Ճառընտիր»-ները, նրա տապանի վրայ մեծամեծ նշաններ եւ բժշկութիւններ էին լինում:

 

***

 

Ամբողջ Նոր Կտակարանի մէջ այս սքանչելի անձնաւորութեան անունը յիշատակուած է միայն երկու-երեք անգամ, այն էլ Պօղոս առաքեալի թղթերի մէջ՝ զանազան ուրիշ անունների շարքում: Առաջինը յիշատակւում է Պօղոս առաքեալի Փիլիմոնին ուղղուած կարճ թղթի 24 համարի մէջ՝ իբրեւ իր գործակիցը եւ ապա կողոսացիներին ուղղուած թղթի մէջ՝ իբրեւ «սիրելի բժիշկ Ղուկասը»[5]: Մէկ այլ տեղում առաքեալը հաստատում է, որ բոլորը հեռացել են իրենից եւ գրում է. «Միայն Ղուկասն է ինձ հետ»[6]: Այս մէջբերումներից եզրահանգում ենք, որ Ղուկասը մասնագիտութեամբ բժիշկ էր եւ Պօղոս առաքեալի ամենամտերիմ ու անձնուէր գործակիցներից մէկը: Արդարեւ, «Գործք Առաքելոց» գրքի ԺԶ գլխի 11 համարից սկսած իրադարձութիւնները ներկայացւում են առաջին դէմքով, ինչը նշանակում է, որ հեղինակը ներկա ու մասնակից է եղել իրադարձութիւններին: Արդ, յայտնի է, որ «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը նոյն ինքը Ղուկասն է: Ուրեմն կարելի է հետեւութիւն անել, որ Պօղոս առաքեալի երկրորդ ճամփորդութեան ժամանակ, սկսած Տրովադա քաղաքից, Ղուկասն ընկերացել է Պօղոս առաքեալին մինչեւ նրա չորրորդ եւ մեզ յայտնի վերջին ճամփորդութիւնը դէպի Հռոմ: Նրա անունից եւ այլ զանազան հանգամանքներից կարելի է եզրակացնել, որ նա հրեայ չէր, այլ հեթանոսութիւնից դարձի եկած քրիստոնեայ մէկը:

 

Ղուկասի մեզ թողած անգին ժառանգութիւնը իր անունով մեզ թողած յայտնի աւետարանն է եւ «Գործք Առաքելոց» գիրքը: Ճիշտ չենք համարում աւետարանները մէկը միւսից գերադասելը: Նրանցից իւրաքանչիւրն այնքան կարեւոր է, որքան միւսները, եւ նրանցից մէկն այնքան անհրաժեշտ է, որքան միւս երեքը: Ի վերջոյ նրանցից իւրաքանչիւրն ունի իր ուրոյն գեղեցկութիւնը, իւրայատուկ համն ու հոտը, ինչպէս որ վարդն ու մեխակը կամ շուշանն ու ոսկեծաղիկն ունեն իրենց ուրոյն փառքն ու փայլը: Ղուկասի աւետարանը՝ իբրեւ գրուածք եւ բովանդակութիւն, ծայրից ծայր՝ Յիսուսի մանկութեան գողտրիկ դրուագներից մինչեւ Էմմաւուսի թախծոտ ճամփորդները, գեղեցկութիւն եւ կատարելութիւն է: Սրտագրաւ են «Բարի սամարացու» եւ «Անառակ որդու» անփոխարինելի առակները, որովհետեւ համամարդկային է աղքատների, տնանկների, խոնարհների, կանանց, մանուկների եւ մեղաւորների հանդէպ ցուցաբերուած առանձնակի հետաքրքրութիւնը մեր Փրկչի կողմից: «Փրկութիւն»-ը բանալի բառ է այս աւետարանի մէջ, իսկ աղօթքն այստեղ գերազանց տեղ է գրաւում: Համաքրիստոնէական հին շարականները՝ «Մեծացուսցէ», «Փառք ի բարձունս» եւ այլն, վերցուել կամ ներշնչուել են այս աւետարանից: Քրիստոնէական Եկեղեցու համար անփոխարինելի է Ղուկասի ծառայութիւնն իր «Գործք Առաքելոց» գրքով: Այն իր աւետարանի շարունակութիւնն ու երկրորդ հատորն է եւ ինչպէս ասում են, առաջին եկեղեցական պատմութիւնը: Առանց այս թանկարժէք գրքի՝ քրիստոնէական Եկեղեցու ծագման, ծննդեան եւ առաջին քայլերի մասին շատ բան պիտի խաւարի մէջ մնար: Նախ ներկայացնում է Եկեղեցու արմատաւորուելը եւ տարածուելը Պաղեստինի սահմաններում՝ որպէս կենտրոն ունենալով Երուսաղէմը, եւ ապա նրա տարածուելը մերձակայ երկրներում՝ Սիրիայում, Կիպրոսում, Փոքր Ասիայում, Յունաստանում եւ մինչեւ Հռոմ՝ որպէս կենտրոն ունենալով Անտիոքը եւ Եփեսոսը: Հակառակ Նոր Կտակարանի էջերում իր աննշմար մնալուն՝ Ղուկասը նախնական եկեղեցու ամենանշանաւոր գործիչներից մէկն է:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ղուկաս աւետարանչին յիշատակում է միւս երեք աւետարանիչների հետ՝ ս. Խաչի Զ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

  1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
  2. Շնորհք արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», երրորդ հրատ., Գանձասար, 1997:

 

[1] Կարգով խօսող կամ գրող:

[2] Ղուկ. Ա 2:

[3] Ղուկ. Ա 3:

[4] Բ Կորնթ. Ը 18:

[5] Կող. Դ 14:

[6] Բ Տիմ. Դ 10: