Որ ի վեր ես, քան զամենայն զմիտս եւ զխորհուրդս.
Փառաց Թագաւոր, խնայեա՛ ի մեզ:
Որ միայն ունիս զանմահութիւն եւ զանեղութիւն.
Փառաց Թագաւոր, խնայեա՛ ի մեզ:
Որ նստիս ի քրովբէս, Երրորդութիւն անբաժանելի.
Փառաց Թագաւոր, խնայեա՛ ի մեզ:
(Շարակնոց)
Արդ, երիցս երանելի Յովսէփը, որն Աստուածորդու հայր կոչուեց, արդար այր էր՝ արդարների գլուխը, հազարաւոր եւ բիւրաւոր նահապետների դասերից ընտրեալը, նրանց պարծանքների պսակը, որի գովքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստծուց: Մատթանի որդի Յակոբի որդին էր, Յուդայի արքայական ցեղից եւ Դաւթի տնից, որի համար հրեշտակի կողմից կոչուեց «Դաւթի որդի» պանծալի անունով, որը յետոյ իւրացրեց իրեն որդիացած աշխարհի Փրկիչը՝ Յիսուս:
Յովսէփ արդարը, իբրեւ աննշան մէկը, բնակւում էր Գալիլեայի Նազարէթ փոքրիկ քաղաքում: Նշանաւոր թագազարմ նախնիներից պարզ, հասարակ մարդ էր դարձել, քանի որ այդ ժամանակ աստուածային նախախնամութեամբ նուազել էր Դաւթի տունը, եւ չէր մնացել մէկը, որ արժանի լինէր թագաւորել՝ ըստ մարմնի, որպէսզի Դաւթի թագաւորական ցեղից գերապանծ լինէր Քրիստոս երկնաւոր Արքայի գալուստը: Յովսէփն ապրում էր աղքատութեան մէջ, իր տան առանձին արհեստանոցում զբաղւում էր հիւսնութեամբ եւ ատաղձագործութեամբ, որպէսզի առաւել քաջայարմար հայր կոչուէր Նրա համար, Ով մեծահարուստ էր, բայց մեզ համար աղքատացաւ: Սակայն սքանչելի Յովսէփը միաժամանակ հարուստ էր հոգով՝ յոյժ առաւել գտնուելով մեծ հաւատով եւ աստուածպաշտութեամբ ու գերազանցելով բոլորին երկիւղածութեամբ: Կատարելութեան հասած այր էր ոչ միայն իր սերնդի մէջ, ինչպէս Նոյը, այլեւ բոլոր դարերում ու ժամանակներում: Հասել էր օրէնքների, արդարութեան կատարին եւ օրէնքներից առաւել օրինաւոր գտնուել իր սուրբ եւ անբիծ հոգով ու մարմնով: Միաժամանակ անարատ Կոյսից ծնուած ծոցածին Բանին հայր կոչուելու անզուգական կոչումով, անախտ փեսայութեան կարգով եւ երկրի վրայ որպէս երկնաւոր Հօր փոխանորդ՝ համարւում է փառաւորեալ միշտ Կոյսի ազնիւ, պատշաճ հովանաւորը եւ պահապանը:
Եսայի մարգարէն ի դէմս սուրբ Կոյսի՝ գրում է, թէ կնքուած խորհրդաւոր գիրք է, եւ երբ այդ կուսական մատեանը տրուեց Յովսէփին, նա պատասխանեց՝ ես չեմ կարող կարդալ, բայց միաժամանակ բարեյարմար գտաւ նշանել անարատ Հարսին՝ Տիրոջ Մօրը եւ Կոյսին, ու յանձն առաւ անկասկած պաշտպանութեամբ ամուր պահել կնքուած Դուռը եւ փակուած Պարտէզը: Եւ այս տնօրինուած էր աստուածային նախախնամութեամբ, քանզի ողջախոհ ու արդար այրը, պահապան կարգուելով անարատ Մօրը, հոգածու եղաւ նրա պատուի համար բոլոր նրանց հանդէպ, որոնցից ծածկուած էր Աստուածորդու կուսական ծնունդը, ինչպէս որ նախ խորհրդաբար ծածկուած էր հէնց իսկ Յովսէփից, որպէսզի օրինակը չունեցող դէպքերի գաղտնիութիւնն իմանար Աստծուց եւ առաւել արթնութեամբ պահէր ծածկուած Գանձը իր տան ագարակում՝ իբրեւ արքունի ներքին գանձատանը: Յովսէփ Արդարի կատարեալ առաքինութիւնը հանդէս եկաւ այնտեղ, երբ պէտք էր, որ նա վարանէր Կոյսի հանդէպ եւ աստուածային ծածկուած խորհուրդների շուրջ, որպէսզի մենք վարանումների տեղի չունենայինք: Թէպէտ սուրբ Կոյսը Գաբրիէլի աւետիսը ստացաւ այն ժամանակ, երբ նշանուած էր Յովսէփի հետ, եւ քանի որ կուսութեան ուխտով էր հարսնախօսութիւնը, նա համարձակ պատասխան տուեց հրեշտակին, թէ ինչպէ՞ս պիտի լինի որդեծնութեան այդ աւետիսը, քանի որ այր չեմ ճանաչում: Բայց երբ ստացաւ կուսութեամբ ծնելու պատգամների լրումը, այնժամ յանձն առաւ աստուածմայրութիւնը: Յովսէփը, որ եւս նոյն ուխտի մէջ անփոփոխ էր մնում, երբ տեսաւ Կոյսին Եղիսաբէթի տնից վերադառնալիս, որը նրա յղութեան նշան էր, սկսեց անասելի տարուբերուել իր խորհուրդներում: Մտածում էր. «Ինչպէ՞ս կարող է կոյսը յղանալ, որը այր չի ճանաչում ու չի մերձաւորուել, ինչպէս որ ես չեմ ճանաչում նրան եւ չեմ մերձաւորուել: Եթէ նրա մասին մտքովս անազնիւ բան անցկացնեմ, չեմ հաւատայ, իսկ եթէ կամենամ պահել նրա պատիւը, ապա ըստ օրէնքի՝ կը դժուարանամ անպարտ դարձնել նրան: Թերեւս աւելի լաւ է լուռ արձակեմ նրան, որպէսզի պահուի երկուսիս պատիւը»: Եւ քանի որ Արդարն արդարապէս խորհեց ու անմտածուած չմատնեց անարատ Կոյսին, արժանի եղաւ տեսնելու հրեշտակին եւ հասու եղաւ ծածուկ խորին խորհրդին: Տիրոջ թելադրանքով նա իր մօտ առաւ Կնոջը, այսինքն օրէնքով պսակուեց նրա հետ: Այդպէս ըստ օրէնքի՝ իր նշանածին տեսնում էր օրէնքից էլ վեր եւ անճառապէս ուրախ լինում: Աստծուց իրեն կնութեան տրուած միշտ Կոյսին մեծարում էր ոչ որպէս սոսկ տիկնոջ, այլ իսկապէս որպէս երկնքի եւ երկրի տիրածին Դշխուհու: Բոլոր տնօրինական գործերում փութաջան ծառայելով Աստուածամօրը եւ Աստուածորդուն՝ լցւում էր բոլոր շնորհներով եւ աստուածահաճոյ կենցաղավարութեամբ: Եւ ո՞ր խօսքը կը կարողանայ պատմել հրաշափառ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան օրերին Արդարի Աստուծոյ տան՝ իբրեւ իր տան տնտեսը լինելու եւ Կոյսի ու կուսածին Որդու խնամակալութեան, միաժամանակ եւ անպատմելի հոգսերի ու ջանքերի մասին, որ ունեցաւ հալածանքների եւ դէպի Եգիպտոս փախչելու, այս ու այն կողմ դառնալու եւ Նազարէթի տանը խնամակալութեան ժամանակ, կամ ամէն տարի Մարիամին եւ Յիսուսին Երուսաղէմ տանելիս, տասներկուամեայ մանուկ Յիսուսին փնտռելիս՝ Մօր հետ տագնապած շրջելով եւ տաճարում Նրան գտնելով: Ինչպէ՞ս կարող եմ անասելի եւ անճառելի խօսքեր ասել երանելի Յովսէփի մասին, որը որպէս հարազատ ստանձնիչ՝ անդադար հայրաբար սպասաւորում էր անճառ տնօրինութեամբ մարդացած եւ իրեն ու Աստուածամօրը որդիացած Աստծուն: Այս ամէնը եւ առաւելը յայտնի են սուրբ աւետարանից, ուր սքանչելի Յովսէփի ամբողջ գովքը բովանդակուած է մէկ գերադրական խօսքի մէջ՝ «Յովսէփը՝ Մարիամի մարդը»[1], ինչպէս որ Մարիամի գերագոյն ամբողջ մեծութիւնն է ամփոփուած նրա Աստուծոյ Մայր լինելու մէջ: Սակայն կամենալով փոքր ի շատէ յիշեցնել սուրբ Յովսէփի առանձնակի արժանապատւութիւններից գլխաւորները՝ որպէս տասներկու քարերով կամ տասներկու աստղերով պսակ, աւետարանական աւանդութիւնից կը շարադրենք հետեւեալը:
Նախ, սուրբ Յովսէփը թագաւորական զարմից էր եւ Դաւթի տան ժառանգ, ու նա իր ժառանգութիւնը փոխանցեց իրեն որդիացած Յիսուսին՝ Կոյսի եւ Աստուծոյ Որդուն: Այդ պատճառով ըստ Մատթէոսի աւետարանի՝ Քրիստոսի ազգահամարն սկսւում է Աբրահամից եւ աւարտին հասնում «Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս»[2] խօսքերով:
Երկրորդ, նոյն ազգահամարով Յովսէփն ազգակից էր Մարիամին եւ Յիսուսին, որովհետեւ ինչպէս որ Մարիամն էր Դաւթի տնից, այնպէս էլ Յովսէփը:
Երրորդ, նա ճշմարիտ խօսնայր եղաւ, այսինքն նշանուած այր եւ Աստուածամայր Կոյսի պսակուած փեսայ, ինչպէս աւետարանն է Յովսէփին կոչում Մարիամի մարդ, իսկ Մարիամին՝ Յովսէփի կին, սակայն ոչ ըստ աշխարհի օրէնքով սահմանուած կարգի, այլ գերօրինակ խորհրդով, որի մէջ փայլատակում էր հրով բորբոքուած անկիզելի մորենու խորհուրդը եւ ջահավառ, աստուածահրաշ ու անախտ սէրը՝ որպէս բոլոր շնորհների եւ առաքինութիւնների ծնող:
Չորրորդ, Յովսէփի այս փեսայութիւնը, որ նա ունէր շուշանափայլ կուսութեամբ ծաղկած մաքուր հովիտներում, առաւել հրաշափառ էր, քան եթէ սաղարթախիտ լինէր որդեծնութեամբ: Եւ այստեղ հարկ է շեշտել նրա անմերձ լինելը միշտ սուրբ Կոյս Մարիամին, որը հաւատքի ամուր կնիք է:
Հինգերորդ, նա՝ որպէս պահապան հրեշտակ, իր ծնողական գթով եղաւ սուրբ Կոյսին պահապանը եւ Փրկչի դաստիարակը: Եղաւ արթուն տանուտէր եւ հաւատարիմ սպասաւոր, որով ոչ միայն մարդկանց կասկածներից ազատ պահեց Տիրոջ անարատ Մօր եւ Կոյսի պատիւը, այլ, ինչպէս հայրերն են ասում, կուսական ծննդեան գաղտնիքը միառժամանակ ծածկեց բանսարկուից:
Վեցերորդ, որպէս Միածնի տնօրինութեան ծածուկ խորհուրդների ներքին խորհրդական՝ եղաւ Աստուծոյ խորին խորհուրդների մասնակիցը: Հրեշտակը հասկացրեց նրան չվախենալ իր մօտ առնել իր կնոջը՝ Մարիամին, «որովհետեւ, - ասաց, - նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է»[3]: Յայտնեց, թէ անմարմին Բանը մարմնացաւ Կոյսից, որ փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից, որի համար պատուիրեց անուանակոչել Նրան Յիսուս, այսինքն Փրկիչ:
Եօթերորդ, աւետարանում նա հռչակուած է «արդար» պարզ անուամբ՝ ի նշան բոլոր աստուածային եւ բարոյական առաքինութիւնների մէջ ծայրագոյն կատարելութեան:
Ութերորդ, հայրօրինակ պատուով կարգուեց որպէս Յիսուսի անուանակոչութիւնն իրագործող, եւ սա փոքր պատիւ չէ, որովհետեւ ինչպէս որ հրեշտակը սուրբ Կոյսին ասաց, թէ «Ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի Որդի ու Նրա անունը Յիսուս կը դնես»[4], այնպէս էլ Յովսէփին ասաց. «Նա մի Որդի պիտի ծնի, եւ Նրա անունը Յիսուս պիտի դնես»[5]:
Իններորդ, նա ոչ միայն ականատեսը, այլեւ աստուածային տնօրէնութեան մեծամեծ խորհուրդների մասնակիցը եղաւ, որովհետեւ Բեթլեհէմի այրում Փրկչի ծննդեան ժամանակ հրեշտակի աւետիսով այնտեղ գնացող հովիւները տեսան Մարիամին, Յովսէփին եւ մսուրում դրուած Մանկանը: Նաեւ ներկայ էր մոգերի երկրպագութեանը, որոնք եկել էին իրենց երեւացող աստղի առաջնորդութեամբ, ինչպէս եւ Յիսուսի ութօրեայ թլփատութեան, քառասնօրեայ տաճար գալստեան, ամէն տարի Երուսաղէմ գնալու, տասներկուամեայ Յիսուսին փնտռելու եւ այլ բոլոր տնօրինական գործերի ժամանակ:
Տասներորդ, քանի որ հրեշտակ էր մարմնի մէջ, ուստի հրեշտակները նրա մտերիմ բարեկամները եւ ամէն բան ազդարարողներն էին, որոնք մխիթարում էին նրան հոգսերի մէջ եւ առաջնորդում դժուարութիւնների ժամանակ:
Տասնմէկերորդ, նա Աստուածամօր ոչ միայն խնամարկուն եւ օգնականն էր, այլեւ օրինաւոր փեսան՝ սուրբ Կոյսի գլուխը եւ միաժամանակ ընդունում էր ինչպէս Կոյսի, այնպէս էլ Աստուածորդու վայելչական հնազանդութիւնը: Առաջինի համար առաքեալն ասում է. «Մարդը կնոջ գլուխն է, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցու»[6], իսկ Երկրորդի՝ Յիսուսի համար՝ «... հնազանդ էր նրանց»[7]: Եւ ի՞նչ կայ սրանից աւելի հրաշալի ու անմեկնելի:
Տասներկուերորդ, եւ վերջապէս, սուրբ Յովսէփն իրաւամբ ստացաւ աստուածհայրութեան կոչումն ու պատիւը՝ ամուսին լինելով Կոյսի համար, որն Աստուածամայր եղաւ: Մի օրինակ. եթէ մի անդաստանում առանց սերմ ցանելու հրաշապէս վերաբուսեալ ցորենի շեղջ գտնուի, ապա դա Տիրոջ անդաստանին է վայել: Նոյնպէս էլ երբ Աստուածորդին անսերմ յղութեամբ ծնուեց անարատ Կոյսից, որ նշանուած էր Յովսէփի հետ, տարադէպ չէր Նրա Յովսէփի Որդի կոչուելը եւ նրան հայր կոչելը՝ երկրի վրայ երկնաւոր Հօր փոխարէն: Եւ սուրբ Կոյսն էլ Աստուածորդու հետ խօսելու ժամանակ Յովսէփի մասին ասում էր՝ Քո հայրը՝ ըստ այն խօսքի, թէ «Ահաւասիկ հայրդ ու ես տագնապած Քեզ էինք փնտռում»[8], նոյնպէս էլ Յովսէփ Արդարը՝ իբրեւ հայրութեան իրաւասու ժառանգորդ, հայրաբար խնամարկում էր Աստուծոյ Որդուն եւ սուրբ Կոյսին: Իսկ թէ որ հասակում էր սուրբ Յովսէփը, երբ իր մօտ առաւ ամենասուրբ Կոյսին կամ երբ վախճանուեց, բոլոր ենթադրութիւններից ամենաճշմարիտն այն է, որը գրում է մեր Մովսէս Քերթողահայրը Սահակ Արծրունուն՝ ասելով. «Յովսէփը քառասունամեայ էր, երբ Կոյսը յանձնուեց նրան եւ Կենարարի երեսունմէկերորդ տարում ննջեց Նազարէթի իր տանը»: Եւ այսպէս Յովսէփի կեանքի բոլոր տարիները լինում են եօթանասունմէկ կամ եօթանասուներկու, իսկ վախճանը եղել է Փրկչի խաչելութիւնից երկու տարի առաջ: Եւ այդ երկու տարիների համար Մովսէս Խորենացին գրում է. «Եւ սուրբ Կոյսին սպասաւորում էր Յակոբ Արդարը, որին Յովսէփն էր յանձնել, որովհետեւ Յովսէփի կենդանութեան ժամանակ եւս այդ հեզ եւ արդար մարդը ծառայապէս հոգ էր տանում, մինչեւ որ Քրիստոս խաչի մօտ սուրբ Կոյսին Յովհաննէսին յանձնեց»:
Հաւանելի է այն աւանդութիւնը, որ Յովսէփ Աստուածահայրը եղաւ այն սուրբ ննջեցեալներից մէկը, որոնք յարութիւն առան Տիրոջ խաչելութեան ժամանակ եւ Նրա յարութիւնից յետոյ ելան գերեզմաններից, մտան սուրբ քաղաք եւ երեւացին շատերին: Ուստի պատահական չէ Յովսէփ Աստուածահօրը տօնելը Ղունկիանոս հարիւրապետի եւ Յովսէփ Արիմաթացու՝ այն մեծահրաշ պահը տեսնողների հետ: Եւ ինչպէս շատերն են ընդունում, Փրկչի համբարձման օրը սուրբ Յովսէփը Նրա հետ երկինք վերացաւ ոչ միայն հոգով, ինչպէս բոլոր արդարների երամները, այլեւ մարմնով: Եւ թերեւս այդ պատճառով է, որ երբէք չգտնուեցին նրա նշխարները՝ բացի հանդերձներից եւ այլ ինչ-ինչ յիշատակներից:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յովսէփ Աստուածահօր յիշատակը տօնում է ս. Խաչի Զ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ Ղունկիանոս հարիւրապետի, Յովսէփ Արիմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քոյրերի՝ Մարթայի եւ Մարիամի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
՚
[1] Տե՛ս Մատթ. Ա 16, 19:
[2] Մատթ. Ա 16:
[3] Մատթ. Ա 20:
[4] Ղուկ. Ա 31:
[5] Մատթ. Ա 21:
[6] Հմմտ. Ա Կորնթ. Ժա 3:
[7] Ղուկ. Բ 51:
[8] Ղուկ. Բ 48:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: