Յովսէփ ճշմարիտ եւ արդար.
հայցէր ի Պիղատոսէ զհասարակաց զՊարգեւատուն.
Որ տուաւ մեզ գանձ անկողոպտելի:
Պատեալ սուրբ կտաւօք զՄարմինն տէրունական՝
զարկողն զլոյս որպէս զօթոց.
Որ զգեցոյց մեզ զգեստ անկողոպտելի:
Եդաւ ի նորափոր ի վիմի եւ մատանեաւ կնքեցաւ.
Որ զնախաստեղծն կենդանացոյց. եւ զմարդկան կապանս մահու ելոյծ:
(Շարակնոց)
Յովսէփ Արիմաթացին՝ նախանձախնդիր այրը, Աստուածահօր անուանակիրը եւ Կենարարի թաղման մեծ գործը կատարողը, ի մի բերան մեծ գովութեամբ հռչակուած է բոլոր չորս աւետարանիչների կողմից որպէս բարեգործ, արդար, պարկեշտ, եւ մեծահարուստ այր: Նա հրեաների խորհրդի անդամ էր՝ հրեաների մէջ առաքինութեամբ ու իշխանութեամբ նշանաւոր մէկը, եւ որ բարձրագոյնն է՝ Քրիստոսի գալստեամբ ակնկալում էր Աստուծոյ Արքայութեանը: Ողջ սրտով հաւատում էր, որ Յիսուսը Քրիստոսն է, որի համար աշակերտեց Նրան՝ թէպէտ ծածուկ՝ վախենալով հրեաներից, բայց քանի որ չէր միաբանուել ընդդէմ Փրկչի նրանց խորհուրդներին եւ գործերին, իր տեղին ու ժամանակին պատրաստ էր պաշտպան կանգնել ճշմարտութեանը: Ուստի երբ տեսաւ, որ անօրէնները հեթանոսների իշխանութեան միջոցով մահուան տարան անպարտ Աստուծոյ Գառանը, այնուհետեւ վառուեց իր երկնաւոր Վարդապետի փառքի նախանձախնդրութեամբ եւ յայտնի դարձրեց իր ճշմարիտ աշակերտ լինելը: Համարձակուեց, իրեն վտանգի ենթարկեց, չվախենալով հրեաների կամ հեթանոսների սպառնալիքներից՝ մտաւ Պիղատոսի մօտ եւ խնդրեց Յիսուսի մարմինը՝ որպէս պարգեւ: Յայտնեց նաեւ անմեղ Միածնի համար Մօր անպատմելի կսկծի եւ իր մեծ սրտացաւութեան մասին, որը կարող էր փարատել միայն խաչելութեան անարգ մահուան Մատնուածին փառաւորապէս ամփոփելով, Որի մասին դատաւորն ինքն էր վկայել, թէ մահուան արժանի որեւէ բան չի գտնում Նրա մէջ: Ուստի Պիղատոսը համաձայնուեց տալ նրա խնդրանքը, այն էր՝ Յիսուսին իջեցնել խաչից եւ շուքով թաղել Նրա թշնամիների ողջ բազմութեան առաջ:
Այնժամ Յովսէփը, գործակից ունենալով Նիկոդեմոսին, նոր մաքուր կտաւներ գնեց եւ անուշահոտ խունկերով հանդերձ պատեց փառքի Տիրոջը: Թագաւորական օրէնքով երկնքի ու երկրի Թագաւորին պատուով ամփոփեց նորափոր վէմի մէջ, որն իր համար պատրաստել էր իր կալուածքում, որ կար Գողգոթա լերան մօտ գտնուող պարտէզում: Թէպէտ Յովսէփը կամենում էր Յիսուսի մարմինը դնելու համար այլ փառաւոր եւ մեծածախ շիրիմ պատրաստել մի նշանաւոր տեղում, բայց քանի որ արդէն ուրբաթ օրուայ շաբաթամուտ երեկոն էր, հարկ համարեց թաղել իր համար առձեռն պատրաստ այդ գերեզմանում, որը մօտ էր խաչելութեան տեղին: Սակայն այս եղաւ վերին տնօրէնութեամբ, որպէսզի յայտնի լինէր բոլորին, որ Տէրը թաղուեց Յովսէփի գերեզմանում՝ խաչի մօտ, որտեղ ոչ ոք երբէք չէր դրուել եւ որպէսզի միաժամանակ բոլորի առաջ աներկբայ լինէր Նրա յարութիւնը, եւ թէ յարութիւն առնողը ոչ ոք էր, այլ միայն Նա, Ով խաչուեց բոլորի առաջ եւ թաղուեց Յովսէփի վիմափոր գերեզմանում:
Արդ, ինչպէս որ երանելի Յովսէփը պատուեց Տիրոջը որքան կարողացաւ, նոյնպէս էլ անզուգական հատուցմամբ նա պատուասիրուեց իր Տիրոջ կողմից՝ արժանանալով տեսնել յարուցեալ Տիրոջը: Եւ այնուհետեւ Յովսէփի համար փառք ու պարծանք էր իրեն յայտնապէս դաւանել որպէս Յիսուս Քրիստոսի աշակերտ եւ համարձակ քարոզել Նրան որպէս կենդանի Աստուած եւ կեանքի ու մահուան Տէր: Եւ ոչ միայն այսքանը, նաեւ շատ գործերում նա իր նշանակալի առաւելութեամբ ու Աստուծոյ փառքի ճշմարիտ նախանձախնդրութեամբ նպաստաւոր եւ սատարող էր լինում առաքեալներին եւ բոլոր նոր հաւատացեալներին, որի պատճառով ոչ քիչ հալածանքներ ու վշտեր էր կրում հրեաների կողմից, սակայն երբէք չտկարացաւ իր խորհուրդների մէջ: Եւ այդպէս աւարտելով գործերով լի իր կեանքը՝ հրեական Արիմաթա քաղաքի իր տանը Աստուծոյ կամքով հանգաւ ի Քրիստոս:
***
Աւետարանների մէջ այս պատուական անձնաւորութեան մասին ասուածները համադրելով՝ կ՚ունենանք հետեւեալ պատկերը. «Հարուստ մի մարդ, պարկեշտ, բարեգործ ու արդար մի անձնաւորութիւն, Յիսուսի ծածուկ աշակերտ, որն Աստուծոյ Արքայութեան ակնկալութիւնն ունէր»[1]: Սուրբ Գրքի մեր թարգմանութեան մէջ կոչուած է նաեւ «նախարար», որն ուրիշ թարգմանութիւններ վերածել եւ դարձրել են «խորհրդական», «ժողովական», այսինքն հրեաների գերագոյն ժողովի՝ Սենետրիոնի անդամ: Ըստ այս սեղմ տուեալների՝ Յովսէփը ներկայանում է որպէս ազնուական թէ՛ իր նիւթական կեցութեամբ, թէ՛ հասարակական դիրքով եւ թէ՛ հոգով: Յովսէփն առաջինն էր այն սակաւաթիւ մեծահարուստներից, որոնք ծածուկ կամ յայտնապէս աշակերտում էին Յիսուսին եւ իրենց դիրքն ու նիւթական միջոցներն ի սպաս դնում քրիստոնէական իրաւունքի տարածման եւ յաջողութեան համար:
Երբ Յովսէփն իմացաւ, որ Յիսուս արդէն մահացել է խաչի վրայ, իմանալով նաեւ, որ ըստ իրենց օրէնքի՝ այդ օրը խաչի վրայ պիտի չմնար, համարձակութիւն ունեցաւ մօտենալ Պիղատոսին ու խնդրել Յիսուսի մարմինը՝ անձամբ թաղելու համար, եւ Պիղատոսը շնորհեց Յիսուսի մարմինը: Իր այս արարքով Յովսէփը գործնականապէս հաստատեց, որ արդարեւ բարեգործ եւ արդար մարդ էր, որովհետեւ որեւէ անտէր մեռելին տէր կանգնելը եւ նրան թաղելը մեծագոյն բարեգործութիւն էր համարւում հրեաների մէջ, իսկ համարձակութիւնն ու քաջութիւնն արդար մարդու յատկանիշներ են: Անարդար մարդը թէեւ կարող է յանդուգն կամ աներես լինել, բայց ոչ քաջ ու համարձակ՝ այս բառերի ուղիղ եւ իրական իմաստով: Յովսէփի այս արարքն աւելի մեծանում եւ արժէք է ստանում, երբ անդրադառնում ենք այն հանգամանքին, որ նա ցանկանում էր տէր կանգնել ու պատուով թաղել բոլորից լքուած մի Մեռեալի, Որը պետութեան ու իր ազգի բարձրագոյն իշխանութեան կողմից դատապարտուած է որպէս մի յանցագործ: Յովսէփը լաւ գիտէր, որ այդ արարքով իր վրայ պիտի հրաւիրէր իր պաշտօնակիցների զայրոյթը եւ թշնամանքը: Երկրորդ նկատելի հանգամանքն այն է, որ Յովսէփը Յիսուսի անարգ վախճանից յետոյ էլ չի դադարեցնում Նրա հանդէպ յարգանքն ու համակրանքը եւ ցանկանում է բարեկամական իր վերջին պարտականութիւնը կատարել երիտասարդ Վարդապետի նկատմամբ, որի հանդէպ անկեղծ սէր եւ համակրանք էր տածում: Սա արդէն իրական մեծութեան եւ ազնւութեան նկարագրի մի փաստարկ է, որով օժտուած էր Յովսէփը:
Յիսուսի պատուաւոր թաղումն անելուց յետոյ Յովսէփը գործնականօրէն հաստատում է աւետարաններում գրուածը, թէ «Սա չէր միաբանուել իր պաշտօնակիցներին խորհուրդներին եւ գործերին»: Որքան էլ աւետարանիչներից մէկն Յովսէփի աշակերտելը «ծածուկ» է ներկայացնում, բայց Յովսէփը, Պիղատոսին ներկայանալով եւ իր Վարդապետի մարմինն ուզելով, հաստատում է, որ հարկ եղած դէպքում չի քաշուել յայտնապէս գործելուց:
Ըստ երեւոյթին Յովսէփն Աստուծոյ Արքայութեան աւետարանիչն ու քարոզիչը չէր, բայց հոգեպէս ակնկալում էր, որ այդ թագաւորութիւնը հաստատուէր երկրի վրայ եւ ինքն անձամբ դրանում մաս կազմէր: Նա համարում էր, որ այդ Արքայութիւնը գտել էր գալիլեացի Վարդապետի վճիտ եւ հեղինակաւոր քարոզչութեան մէջ, որին ցանկանում էր հաւատարիմ մնալ նաեւ Քարոզչի մահից յետոյ:
Հարստութիւնն ու հասարակական բարձր դիրքը յաճախ իրենց մէջ այլասերիչ ուժ ունեն, եւ դրանց ենթարկուողը սովորաբար մեծամիտ, ամբարտաւան, նիւթապաշտ եւ եսակենտրոն պալարի է վերածւում: Պէտք է այդ ուժից մի աւելի մեծ զօրութիւն ունենալ՝ դիրքը եւ դրամը մարդկային ազնիւ նպատակներին ծառայեցնելու համար եւ ոչ թէ դրանց ծառան դառնալ:
Մխիթարական է տեսնել Յովսէփի պէս ազնիւ հոգիներ, որոնք չեն խաթարուել նիւթի եւ փառքի այլասերիչ ազդեցութիւնից: Յովսէփ Արիմաթացին արժանացաւ Յիսուսի աստուածային մարմինն անձամբ խաչից իջեցնելու եւ ընտանեկան իր նոր գերեզմանի մէջ թաղելու պատուին: Այս երանելի եւ սուրբ պարտականութիւնը կատարելուց յետոյ նա այլեւս չի յիշատակւում Նոր կտակարանում: Ըստ վաղ միջնադարեան մի աւանդութեան՝ նա գնում է մինչեւ Անգլիա՝ այնտեղ առաջին եկեղեցին հիմնելու համար: Նոյն աւանդութիւնն ասում է, որ Յովսէփն իր հետ այնտեղ է տարել նաեւ այն սկիհը, որը Յիսուս գործածեց վերջին ընթրիքին՝ հաղորդութեան սուրբ Խորհուրդը հաստատելիս: Յետագայում այս սուրբ սկիհը կորսուեց, բայց մնաց այն աւանդութիւնը, թէ այն պիտի գտնուի ամենաառաքինի ասպետի կողմից: Ուստի այս պատուին արժանանալու համար միջնադարեան ասպետները ջանացել են առաքինութիւնների մէջ գերազանցել միմեանց:
Յովսէփի գերեզմանը գտնւում է Փրկչական գերեզմանի մօտ եղող մի մատուռի մէջ, որը պատկանում է Հայոց իրաւասութեանը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յովսէփ Արիմաթացու յիշատակը տօնում է ս. Խաչի Զ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ Ղունկիանոս հարիւրապետի, Յովսէփ Աստուածահօր, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քոյրերի՝ Մարթայի եւ Մարիամի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Շնորհք արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», երրորդ հրատ., Գանձասար, 1997:
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
[1] Մատթ. ԻԷ 57-58, Մարկ. ԺՋ 42-43, Ղուկ. ԻԳ 50-52, Յովհ. ԺԹ 38:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: