Մաղաքիա արք. Օրմանյան
37-43. Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»: Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»: Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին: Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը:
Հովհաննես ավետարանիչը Հիսուսի սիրելի աշակերտը, ավելի մոտից տեղյակ լինելով Նրա զգացումներին և Հիսուսի խորհուրդներին կատարելապես տեղյակ ու մասնակից, այս նշանավոր երեքշաբթիի դեպքերից ոչինչ չի պատմում փարիսեցիների հետ ունեցած հարաբերությունների մասին, առակների հարցումների և վայրերի մասին լռում է, բայց ընդարձակորեն պատմում է այն մտքի ու սրտի հուզումները, որոնց ենթարկվեց Հիսուսը, մարդկորեն քննելով անցածը և կշռելով ներկան: Այդ անցյալի և ներկայի բաղդատության մեջ, սրտի վրա ավելի ծանրացող կետը Հիսուսի քարոզությունների այդ ժամվա ապարդյուն արդյունքն էր: Այդքան հրաշքներից,աշխատանքից, քարոզությունից և այդքան ցնցող դեպքերից հետո պետք էր, որ ամբողջ Պաղեստինը, ուր ծայրից ծայր շրջեց Հիսուս, հոժարությամբ ու միաձայնությամբ ընդուներ ավետարանը, Երկնքի Արքայությանը աշակերտ լիներ և Հիսուսին հետևող դառնար: Մինչդեռ հակառակն էր պատկերը. Մեծերի կողմից սաստիկ ու կատաղի հակառակություն` ամեն կերպ թշնամությունների ու դավաճանությունների գործերով զորացած: Իսկ ամբոխի կողմից ցույց տված վերաբերմունքը մոլի ու անգիտակից համակրություն էր` պարզապես բժշկությունների օգուտից դրդված,առանց վարդապետության մեջ խորը թափանցելու և առանց հաստատուն հավատի կամ անկեղծ հետևողության նշաններ ցույց տալու, միայն անձնական օգուտից ելնելով փառաբանող և աղաղակող և ոչ թե ներքին զգացումներին հետևող ու հավատացող:
Այդ խորհդածությունը ավետարանիչը իր կողմից է գրում, սակայն այնպիսի ոճով, որ հայտնի ցույց է տալիս, թե իր կողմից խոսելու ժամանակ` Հիսուսի զգացումների թարգմանը կլինի, որովհետև Հիսուսի վերջնական որոշումը և հուսահատված գործելուց մի կողմ քաշվելը պատմելուց հետո Չոքաւ թաքեաւ ի նոցանէ, անմիջապես իբր փաստ ու բացատրություն վրա է բերում. Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա, և նոքա ոչ հաւատային ի նա. ուր սկսված եւ բառը վասն զի պատճառաբանության իմաստ է ստանում: Այս տխուր երևույթը, ավետարանիչի կարծիքով, պետք չէր դիտել իբրև անակնկալ բան, որովհետև շատ վաղուց Եսայի մարգարեն կանխատեսել էր այդ, և նախօրոք գուշակել էր, որ քարոզությունների հավատացող պիտի չլինի և այդ հաստատելու համար բերում է երկու վկայություններ Եսայուց. «Տէր, ո՞ հաւատաց ի լուր մեր, և բազուկ տեառն ու՞մ յայտնեցաւ» և մյուսը` «Կուրացոյց զաչս նորա, և ափշեցոյց զսիրտս նոցա, զի մի’ տեսցեն աչօք և իմասցին սրտիւք, և դարձցին և բժշկեցից զնոս»: Այս վկայությունները Եսայու մոտ գրված են այսպես. «Տէր, ո՞ հաւատաց լրոյ մերում, և բազուկ տեառն ո՞ւմ յայտնեցաւ» Ես. 53:1 և «թանձրացաւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ, և ականջօք իւրեանց ծանուս լուան, և զաչս իւրեանց կոփուցին, զի մի՛ երբեք տեսանիցեն աչօք և լուիցեն ականջօք և իմանայցին սրտիւք, և դառնայցին, և բժշկեցից զնոսա» Ես. 6:10 : Առաջին վկայությունը բերված է նույնությամբ, երկրորդը ոչ նույնությամբ. բայերի և դեմքերի տարբերություն կա: Մինչ Եսային ասում է. որ իրենք իրենց աչքերը և ականջները փակեցին, որ չտեսնեն ու չլսեն, Հովհաննեսը գրում է, թե ուրիշն է, որ նրանց աչքերն ու ականջները փակեց: Սակայն չպետք է հասկանալ, թե այդ ուրիշը իբրև թե Աստված ինքն է, որ անօրենների աչքն ու ականջները փակեց: Այդ բոլոր տարբերությունները կվերանան, եթե ընդունենք , թե իրենց չարությունն է, որ փակեց իրենց աչքն ու ականջը, այսինքն, նույնն է ասել, թե իրենք իրենց աչքն ու ականջը փակեցին, համաձայն Եսայու բնագրի:
Ուշադրության արժանի ուրիշ կետ էլ կա այս վկայությունների վերաբերյալ: Եսայու խոսքը, մանավանդ երկրորդ վկայությունը, իր ժամանակի ժողովրդին է վերաբերում, որովհետև նույն ինքն Եսային է իր համար խոսում, որին Աստված հրամայել էր գնալ ու քարոզել իր ժողովրդին և այս ժողովուրդն էր , որ կամովին փակել էր աչքն ու ականջը: Իսկ առաջին վկայությունը ընդհանուր կերպով մեսիական ընդունված հատվածից է վերցված: Հովհաննեսը, ընդհակառակը, այնպես է ցույց տալիս, կարծես թե իրոք Հիսուսի ժամանակակից ժողովրդի անհավատությունը Եսայու կողմից է գուշակվել, քանի որ գրում է . «Նոքա ոչ հաւատային ի նա, զի լցցի բանն Եսայեայի մարգարէին», և կամ «Ոչ կարէին հաւատալ, զի միւս անգամ ասէ Եսայի», և վերջում ավելացնում է. «Զայս ասաց Եսայի, զի ետես զփառս նորա և խօսեցաւ վասն նորա»: Համաձայն այս խոսքերի պետք է ընդունենք, որ Եսայու խոսքերը մարգարեական էին Հիսուսի համար: Արդեն իսկ առաջին վկայության ուղղակի մեսիական լինելը ընդհանրապես ընդունված է, իսկ եթե անգամ երկրորդ վկայության համար չկարողանանք ասել, թե մարգարեական է, ապա կարող ենք գոնե ասել, որ այն որպես օրինակ մարգարեական է, քանի որ Ս. Գրքի մեջ շատ կան իրեր, անձեր, դեպքեր, որոնք օրինակն են հանդիսանում Քրիստոսի և նրա մասին ասածները մարգարեական են: Օրինակ, զատկական գառի ոսկորների չկոտրտվելը և Հիսուսի ոսկորների չփշրվելը խաչի վրա Ելք 12:46 և Հովհ. 19:36: Ավելացնենք նաև, որ ինչ Եսային վերագրում է Աստծուն, Հովհաննեսը ան վերագրում է Հիսուսին, որով Քրիստոսի աստվածության գեղեցիկ փաստ է տալիս` երկուսն իրար միացնելով:
Երբ ավետարանիչը ցավում է, որ բոլոր մեծամեծերը Հիսուսին չուզեցին հավատալ, նշում է, որ թեև արտաքուստ հավատացողներ իր հայտ եկան, բայց ներքուստ հավատացողներ գտնվեցին, և որ այդպիսիները բազումք էին ու չէին համարաձակվում իրենք իրենց հայտնվել, որպեսզի չնզովվեն սինեդրիոնի փարիսեցիական ժողովից, չմերժվեն հրեա ժողովրդից և սրբությունների հաղորդակցությունից չզրկվեն: Այդպիսիների ընթացքը ավետարանիչը պախարակում է, որովհետև մարդկային փառքը գերադասեցին Աստծու փառքից, Աստծու սերը մարդու սիրուց ստորադասեցին, երկրայինն ավելի սիրեցին, քան երկնայինը, ճշմարտությունը ճանաչելով սուտը ընդունեցին: Այդ դատապարտությունը կտարածվեր նաև փարիսեցի Նիկոդեմոսի և Արիմաթացի Հովսեփի վրա էլ, սակայն Հովհաննեսը նրանց գովեստով է հիշում Հովհ. 19:38-39 և չենք կարծում, որ նրանց ակնարկած լինի: Սրանցից բացի գիտենք նաև Գամաղիել օրենուսույցին Գործ. 5:34, բայց չգիտենք, թե սրանցից բացի ովքեր են յիշխանաց անտի բազումք, որոնց ակնարկում է Հովհաննեսը այդ խորհրդածությունները գրելու ժամանակ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: