«Աշակերտք Քրիստոսի. եւ առ ամենայն տիեզերս առաքեալք.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որք առիք զպատուէր քարոզել աներկիւղ զԲանն կենաց յաշխարհի.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որք արժանի եղէք տեսանել մարմնով զՈրդին Աստուծոյ յայտնապէս.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր»:
(Շարակնոց)
Այս երանելի Շմաւոնը (Սիմէոնը կամ Սիմոնը), որը եօթանասուներկու աշակերտներից մէկն էր, ըստ մարմնի՝ մարդացեալ Աստուծոյ՝ մեր Փրկիչ Քրիստոսի ազգականն էր: Նա չի նոյնացւում Շմաւոն Նախանձայոյզ կոչուած Սիմոն Կանանացու հետ, որը տասներկուսի թւում էր, բայց նաեւ առաքեալ է կոչւում, ինչպէս Տիրոջ միւս աշակերտները, անգամ նաեւ առաքեալների աշակերտները: Արդ, նա, որի մասին է առաջիկայ ճառը, նաեւ Քրիստոսի ազգական է կոչւում, ընդ որում նա Յովսէփ Աստուածահօր եղբօր՝ Կղէովպասի որդին էր, Տեառնեղբայր կոչուած Յակոբոսի եղբայրը: Այս Կղէովպասն Էմմաւուսի ճանապարհին իր ուղեկցի հետ վիճում էր Տիրոջ Յարութեան մասին, տեսաւ Տիրոջը՝ չճանաչելով Նրան, համարձակ խօսեց Նրա հետ եւ ճանաչեց միայն այն ժամանակ, երբ Նա բեկեց հացը: Նա հիւսն սուրբ Յովսէփի եղբայրն էր, որը նշանեց ամենասուրբ Կոյս Մարիամ Աստուածածնին եւ հայր եղաւ Աստուծոյ Որդու եւ Կոյսի Որդու համար, որով Կէովպասը համարւում է մեր Փրկչի հօրեղբայրը, իսկ նրա որդիները՝ Տիրոջ հօրեղբօր որդիները:
Եւ ահա նրանցից մէկը Քրիստոսի ազգական հռչակուած այս երանելի Շմաւոնն էր, այսինքն Տիրոջ հօրեղբօր որդին, որն ըստ հրեական սովորութեան՝ աւետարանում Յիսուսի եղբայր է կոչւում միւս եղբայրների՝ Յակոբոսի, Յովսէսի եւ Յուդայի հետ միասին:
Արդ, Փրկչի համբարձումից յետոյ Շմաւոնը միւս առաքեալների եւ աշակերտների նման նախ քարոզչութեամբ շրջեց այլեւայլ տեղերում ու աւետարանեց Յիսուս Քրիստոսին՝ իբրեւ ականատես վկայ եւ Աստուծոյ Բանի սպասաւոր, շատերին լուսաւորեց ճշմարիտ հաւատքով՝ կրելով տեսակ-տեսակ նեղութիւններ եւ չարչարանքներ Տիրոջ անուան համար, ապա Յակոբոս Արդար տեառնեղբօր նահատակութիւնից յետոյ եղաւ Երուսաղէմի եպիսկոպոսը: Քանզի Յակոբոսի վկայութիւնից եւ Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ մնացած աշակերտները կարճ ժամանակ անց Տիրոջ ազգատոհմի հետ հաւաքուեցին Երուսաղէմում եւ խորհուրդ արին, թէ ով է արժանի զբաղեցնել Յակոբոսի տեղը, եւ միաբան հաստատեցին, որ Երուսաղէմի եկեղեցու Աթոռին արժանաւորը, թէպէտ ծեր հասակում, նրա Շմաւոն եղբայրն է:
Եւ նա սկսեց Պաղեստինի բոլոր կողմերում առաւել գործադել իր առաքելութիւնը՝ քարոզելով Քրիստոսի աստուածութիւնը: Շինեց եկեղեցիներ՝ ապահովելով քահանաներով ու սպասաւորներով եւ այդպէս երկար տարիներ մնաց հովուապետական աթոռին, մինչեւ որ արդիւնաւէտ գործերով խոր ծերութեան հասաւ:
Ներոնի օրօք՝ եկեղեցու դէմ առաջին հալածանքներից յետոյ, որ եղան Տիրոջ մօտ 65 թուականին, երբ նահատակուեցին Պետրոս եւ Պօղոս առաքեալները, Տիրոջ մօտ 93 թուականին Դոմետիանոսը, որը սուրբ Յովհաննէս աւետարանչին՝ մնացած վերջին առաքեալին, աքսորեց Պատմոս կղզի, յարուցեց երկրորդ հալածանքները: Այնուհետեւ Դոմետիանոսը դարձեալ գրգռուեց եբրայեցիների դէմ եւ հրամայեց կոտորել բոլոր նրանց, որոնք Դաւթի տնից էին, որպէսզի ըստ իրեն՝ հրեաների թագաւորական ցեղից ոչ մի ժառանգորդ չմնար, Հերովդէսի նման Յուդայի ցեղից որեւէ մէկը չտիրէր հրեայ ազգին, եւ թագաւորական ցեղի անուամբ ոչ ոք Հերովդէսից առաւել չզօրանար տէրութեան մէջ: Բայց սա նաեւ Աստուծոյ ծածուկ տնօրինութեամբ էր, որպէսզի հրեաները ճշմարիտ Քրիստոսին՝ փառքի Թագաւորին մերժելուց յետոյ այլեւս չակնկալէին փնտռել Մեսիային արտաքին թագաւորական շուքով: Եւ այս պատճառներով հաւատացեալ հրեաներից շատերը, որ Դաւթի ցեղից էին, նահատակուեցին, որոնցից ոմանք մեր Փրկչի ըստ մարմնի մերձաւոր ազգականներից էին:
Իսկ սուրբ Շմաւոնը թէպէտ նշանաւոր մէկն էր այդ ցեղում, բայց քանի որ խիստ ծեր էր, կայսեր որոնողները նրա համար ջանքեր չթափեցին: Սա եւս Աստուծոյ նախախնամութեամբ էր, որպէսզի երկարէր նրա կեանքը հաւատացեալների համար: Սակայն բռնեցին Շմաւոնի երկու եղբօրորդիներին, որոնք Յուդայի որդիներից կամ թոռներից էին, եւ տարան Դոմետիանոսի առջեւ՝ ասելով. «Ահա սրանք Դաւթի ցեղից եւ Յիսուսի ազգատոհմից են»: Թագաւորը նրանց հարցրեց. «Արդարեւ դուք Դաւթի ցեղի՞ց էք»: Եւ նրանք խոստովանեցին՝ այո: Կայսրն սկսեց քննել նրանց ունեցուածքի եւ կարողութեան մասին՝ իմանալու, թէ արդեօ՞ք նրանք նշանաւոր եւ հարուստ մարդիկ են, մինչեւ իսկ՝ կարո՞ղ են թագաւորութեան թեկնածուներ լինել: Սակայն տեսաւ, որ նրանք չունէին մեծ ունեցուածք, այլ միայն ունէին երեսուն գին ունեցող անդաստաններ, որոնցից հասոյթ էին տալիս եւ կերակրւում էին իրենց ձեռքի աշխատանքով: Մինչեւ իսկ որպէս վկայութիւն նրանք ցոյց տուեցին իրենց ձեռքերն ու տանջուած մարմինները, որոնք կոշտացել էին իրենց ամենօրեայ աշխատանքից եւ չարչարանքներից: Նրանց հարցրին Քրիստոսի եւ Նրա Արքայութեան մասին, թէ «Ինչպէս, որտեղ եւ երբ է յայտնուելու Նրա Թագաւորութիւնը, Որի մասին ասում էք, թէ երկինք է վերացել»: Նրանք պատասխանեցին. «Այն թագաւորութիւնն այս աշխարհից չէ եւ ոչ էլ երկրի վրայ է լինելու, այլ երկնքից ու հրեշտակներից էլ վեր: Նա պիտի յայտնուի աշխարհի վերջում եւ պիտի գայ՝ դատելու ողջերին ու մեռածներին եւ հատուցելու իւրաքանչիւրին՝ ըստ իր գործերի»: Նրանց մէջ մահապարտութեան արժանի ոչինչ չգտնելով՝ Դոմետիանոսը անգոսնեց նրանց իբրեւ տառապած մարդկանց, ազատ արձակեց եւ միաժամանակ հրամայեց նաեւ դադարեցնել քրիստոնեաների դէմ հալածանքները: Երբ նրանք ազատուեցին, շրջեցին՝ այցելելով եկեղեցիներին: Ովքեր մէկ անգամ տեսնում էին նրանց, մանաւանդ նրանց հօրեղբայր երանելի Շմաւոն ծերունուն՝ Երուսաղէմի եպիսկոպոսին, մեծարում էին իբրեւ Քրիստոսի կենդանի վկաների ու մեր Փրկչի ազգականների:
Այնուհետեւ, երբ Տիրոջ 98 թուականին թագաւորեց Տրայիանոսը, նա յարուցեց երրորդ հալածանքները: Դարձեալ սկսեցին որոնել ու փնտռել Դաւթի ցեղից մնացածներին, մինչեւ իսկ երկու կողմից՝ հրեաներից ու հռոմէացիներից, թշնամիներ դուրս եկան Շմաւոնի դէմ եւ ամբաստանեցին նրան Տրայիանոսի ատեանի առաջ, թէ նա Դաւթի տնից է ու քրիստոնեայ է: Նրա գլխաւոր ոսոխները ժամանակի հերովդիանոսական աղանդաւորներից էին, որոնց մէջ կային ոչ քչերը Դաւթի տնից, որոնք մինչ մատնում էին ուրիշներին, մատնուեցին եւ իրենք:
Արդ, չարախօսութեան այսպիսի պատճառաբանութեամբ բռնեցին ծերունի Շմաւոնին եւ բերեցին կայսերական հիւպատոսի՝ Ատտիկոսի առաջ, որը նստում էր Երուսաղէմում եւ նշանակուած էր Տրայիանոս ինքնակալի կողմից: Շատ հարցաքննելուց յետոյ նա երանելուն երկար օրեր սաստիկ տանջանքների ենթարկեց: Ստիպում էր նրան հեռանալ քրիստոնէական հաւատքից, որպէսզի ազատ արձակուի, բայց նա, ըստ իր առաքինութեան եւ կատարեալ հասակին վայել, ատեանի առաջ աներկիւղ քարոզում էր Քրիստոս Աստծուն: Եւ այնպիսի ուրախութեամբ էր կրում բոլոր տանջանքները, որ ամէն մարդ զարմանում էր, թէ ինչպէս էր նա համբերում իր հարիւր քսանամեայ հասակում: Ապա նրան բանտ տարան, որտեղ մնաց անսուաղ եւ երկար օրեր տանջուեց քաղցից ու ծարաւից: Իսկ հիւպատոսը, պատկառելով ծերունու սպիտակ մազերից եւ փառահեղ տեսքից, գթաց նրան ու կամեցաւ արձակել, սակայն դարձեալ սկսեցին աւելի խիստ ամբաստանել նրան՝ ասելով. «Պէտք չէ, որ դա ապրի, որովհետեւ հակառակ ինքնակալների՝ քարոզում է ոմն Խաչեալի՝ որպէս Աստուծոյ եւ մեծ Թագաւորի»: Այդ պատճառով իշխանը հարկ համարեց հրաման տալ, որ նա իր Առաջնորդի օրինակով բեւեռուի խաչին, որից երանելի Շմաւոնը մեծապէս ուրախ եղաւ եւ լցուեց այնպիսի անպատմելի ուրախութեամբ, որ ասես թէ արժանացել է արքայական պատուի եւ ծիրանու, որովհետեւ նա պարծանք ու փառք էր համարում իր Ազգակցին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, խաչակից եւ ամէն բանում նման լինելը: Եւ այդպէս Տիրոջ 108 թուականին Երուսաղէմ քաղաքում հոգու յարազուարճ բերկրանքով եւ խաչելութեան չարչարանքներով հարիւր քսան տարեկան հասակում երանելի Շմաւոնը Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին եւ իբրեւ մէկի դիմաց հարիւրաւոր պտղաբերութեամբ հասունացած հունձք՝ ժողովուեց երկնքի Արքայութեան շտեմարանում:
Առաքեալների եւ Քրիստոսի աշակերտների մէջ Շմաւոնը վերջին նահատակուածներից է: Նրա մահից յետոյ կրկնակի եղան հեթանոսների, հրեաների եւ աղանդաւորների կողմից քրիստոնեաների դէմ հալածանքները, որոնք տեւեցին մինչեւ Կոստանդիանոս Մեծի լուսաւոր ժամանակները: Այդ պատճառով նախկին ժամանակաշրջանները կոչուեցին հալածանքների դարաշրջաններ, եւ առաւելապէս նրանց համար կատարուեց Տիրոջ այն խօսքը, թէ «Եթէ Ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն»[1] եւ առաքելական խօսքը, թէ «Բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն»[2]:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի ազգական Շմաւոնին յիշատակում է Յիսնակի պահոց երրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Կոռնելիոս հարիւրապետի եւ Զմիւռնիայի Պօղիկարպոս հայրապետի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա:
[1] Յովհ. ԺԵ 20:
[2] Բ Տիմ. Գ 12:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: