«Օրհնեն զՔեզ Աստուած զօրք ամենայն հրեշտակաց.
Արդարոց անձինք եւ հոգիք ամենայն սրբոց:
Գովեն զՔեզ Քրիստոս մարտիրոսացն ժողովք.
Դասք մարգարէից եւ գունդք ամենայն սրբոց:
Բարեբանեն զՔեզ Սուրբ Հոգի. որ միայնդ ես հզօր.
Եւ պահես զօրացեալ զյուսացեալս ի Քեզ»:
(Շարակնոց)
Հայաստանեայց եկեղեցու պարծանք այս հինգ փառաւորեալ վկաները Մեծ եւ Փոքր Հայքի սահմաններից էին: Նրանց պարագլուխը Եւստռատիոսն էր (յունարէնից թարգմանաբար նշանակում է բարի զինուոր կամ քաջ զօրական), որը հայրենի պատուաւոր կոչմամբ տէր Յուսիկ էր կոչւում: Ապրել է Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայսրերի օրօք ու ծնուել Արաւրակ քաղաքում, որ գտնւում է Եկեղեաց գաւառի մօտ: Առաքինի եւ քաջ այր էր՝ զինուորագրուած արեւելքի զինուորական գնդում եւ իր քաջութեամբ հասել էր իշխանական աստիճանի: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար նա իր օրինակով նահատակակիցներին տարել է հրապարակային վկայութեան եւ մեր «Ճառընտիր»-ն ունի նրանց նահատակութեան հետեւեալ սքանչելի պատմութիւնը:
Անօրէն Դիոկղետիանոս կայսեր թագաւորութեան ժամանակ ողջ հռոմէական իշխանութիւնը, տարուած բազմատեսակ կուռքերի մոլորութեամբ, լցուած էր հեթանոսական պաշտամունքներով: Ամէն մարդ, բարեպաշտութիւնն անօրէնութիւն համարելով, առանց զգալու մղւում էր դէպի չար կրօնը, կատարում էր յատկապէս ինքնակալների գրաւոր հրամանները, որոնք խոստանում էին մեծամեծ բարիքներ հասցնել նրանց, ովքեր ջանասիրաբար զոհեր եւ ընծաներ կը մատուցէին աստուածներին, իսկ պաշտամունքների մէջ ծուլացողներին հրամայում էին զրկել տնից եւ ունեցուածքից, որոնցից շատերը մեծ պատուհասներով մահուան վճիռ ընդունեցին: Ահա այսպիսի հալածանք, թշնամութեան ամպրոպ եւ պատուհասների սպառնալիք էր տարածուած ամբողջ երկրով մէկ:
Այդ իսկ ժամանակ անօրէն իշխանի ականջին լուր հասաւ, որ իբր ողջ Հայաստան աշխարհն ու Կապադովկիան ընդդիմացել են թագաւորական հրամանին եւ ցանկանում են միաբան ապստամբել՝ հետեւելով քրիստոնէական հաւատքին եւ իրենց մէջ ամուր պահելով Յիսուս Քրիստոսին, Որին եւ Աստուած են քարոզում: Լսելով այս մասին՝ Դիոկղետիանոս կայսրը խռովուեց իր սրտում եւ մեծ ցասումով լցուած վարանեց: Իսկոյն հրամայեց կանչել իր աւագանուն եւ հելլենացի իմաստուն խորհրդականներին ու երեք օր խորհրդակցելով՝ որոշեցին հեռացնել երկու երկրների վրայ նշանակուած կուսակալներին՝ անօրէն եւ անարի կոչելով նրանց: Եւ նրանց փոխարէն թագաւորն ուղարկեց երկու մարդու, որոնք եկել էին հելլենացիների երկրից, հմուտ եւ կիրթ էին հեթանոսական ուսմունքի մէջ եւ խորագիտութեամբ խորամանկ էին առաւել, քան սինկղիտոսների ամբողջ դասը: Նրանցից մէկի անունը Լիւսիաս էր, որը դուքս նշանակուեց բոլոր այդ սահմանների վրայ՝ իբրեւ կուսակալ մարզպան եւ զօրավար, իսկ երկրորդի անունն Ագրիկողայոս էր, որին տրուել էր այդ երկրների դատաւորական իշխանութիւնը եւ նաեւ յանձնարարուած էր, որ նրան սատարէր արքունի գնդի ամբողջ զինուորական դասը, այսինքն սահմանագունդը, որ կար այդ երկրներում եւ մերձակայ շրջաններում:
Արդ, երբ սրանք հասան այնտեղ, մտածում էին Աստուծոյ վկաներին օրհասական մահուան մատնել ոչ թէ պատշաճ առիթի դէպքում, այլ ինչպէս պատահէր: Երբ նրանց գտնում էին փոքր-ինչ իրենց վնասակար այլ դաւանութեամբ, կամ չարանախանձ մարդկանց բանսարկութեամբ, այնժամ արիւնարբու գազանների ժանիքներով կորստեան էին մատնում անթիւ բազմութեան: Այնուհետեւ Լիւսիաս դուքսը բնակութիւն հաստատեց Սատաղիա քաղաքում եւ բռնում էր այդ շրջանում բնակուող սուրբ այրերին ու կանանց, ում գտնում էր: Երբ շատ հարցաքննելուց եւ դառը տանջանքների մատնելուց յետոյ տեսնում էր նրանց հաստատուած ի Քրիստոս, կապանքներով ուղարկում էր Ագրիկողայոս դատաւորին՝ Սեբաստիա մայրաքաղաք, որպէսզի նրա ձեռքով սրի քաշուէին: Իր հերթին անօրէն Ագրիկողայոսն էլ Սեբաստիայում բռնուած քրիստոնեաներին ուղարկում էր Սատաղիա՝ Լիւսիաս դուքսի մօտ՝ նրա կողմից մահուան պատուհաս կրելու համար: Պատժուողներին թոյլ չէին տալիս բնակուել իրենց հայրենի հողում, որպէսզի նրանք չսատարուէին ընտանիքի կամ ազգականների կողմից, ու նաեւ որպէսզի նրանց մարմինները չարժանանային օրինաւոր թաղման եւ պատշաճօրէն գերեզման դրուէին:
Եւստռատիոսը մի իշխան էր Լիւսիաս բդեշխի դասից: Աստուածապաշտ եւ աստուածավախ մի այր էր, որն անպարսաւելի կենցաղավարութեամբ էր ապրում իր կեանքի օրերը: Տեսնելով անօրէն իշխանի դառնաշունչ մրրիկը՝ նա օրէցօր տխրում էր կատարուածների համար, որովհետեւ միշտ տեսնում էր քրիստոնեաներին հասած նորօրինակ պատուհասներ, որի համար արտասուագոչ պաղատանքներով ու խիստ պահեցողութեամբ գիշեր թէ ցերեկ անդադար աղօթքներ էր մատուցում մեր Փրկիչ Քրիստոսին, որ թերեւս Նա հաշտուի Իր ծառաների հետ, նայի Իր ժողովրդին, որին գնեց Իր արեամբ ու փրկի անօրէնների ձեռքից: Ինքը եւս տենչում էր սուրբերին հաւասար ջանք գործադրել նահատակութեան համար եւ նրանց հետ արժանանալ մեծ վկայութեան, սակայն տեսնելով անօրէն իշխանի խորամանկ դաւաճանութիւնը՝ փոքր-ինչ զգուշանում էր առաջիկայ մրցապայքարից, բայց այս վիճակում եւս քննում էր հանգամանքները:
Նա իր մօտ կանչեց իր հաւատարիմ ծառաներից մէկին եւ իր իշխանական գօտին տուեց նրան, որպէսզի տանի եկեղեցի, որ կար Արաւրակ քաղաքում, եւ որտեղից ինքը զինուորութեան էր եկել ու պատուիրեց. «Բոլորից ծածուկ մտի՛ր եկեղեցի, իմ գօտին դի՛ր Աստուծոյ սեղանի վրայ եւ թաքնուի՛ր եկեղեցում: Եթէ տեսնես շատերի կողմից վկայուած եւ բարձրեալ Աստուծոյ պատկառելի քահանայ Օգսենտիոսին, որը կը մտնի եկեղեցի՝ սովորական աղօթքը մատուցելու համար ու սեղանից կը վերցնի իմ գօտին, կը թողնես եւ ծածուկ կը վերադառնաս ինձ մօտ»: Երանելի Եւստռատիոսը մտածեց, որ եթէ երանելի Օգսենտիոս երէցն իր սուրբ ձեռքն առնի գօտին, դա կը լինի իր ցանկալի վկայութեան աստուածային տնօրէնութիւն, եւ այնժամ ինքը կը համարձակուի մտնել իր առջեւ դրուած մրցապայքարի մէջ: Իսկ եթէ պատահի, որ լինի այլ կերպ, կ՚իմանայ, որ պէտք է լռի, ծածուկ յետ կանգնի ու չհամարձակուի այդպիսի ժամանակներում յանդգնաբար վտանգաւոր մրցամարտի մէջ մտնել:
Օրեր անց Եւստռատիոսի ծառան, կատարելով հրամայուածը, վերադարձաւ ու պատմեց. «Եկեղեցի մտնելով՝ քո իշխանական գօտին դրեցի սեղանի վրայ, թաքնուեցի եկեղեցում ու տեսայ, որ նոյն պահին սրբազան Օգսենտիոս քահանան տաճար եկաւ եւ ասես թէ մէկից ուղարկուած՝ մտաւ խորան ու վերցրեց քո գօտին»: Այս լսելով՝ Եւստռատիոսը լցուեց անճառելի ուրախութեամբ, նոյն ժամին իշխանի ապարանքից վերցրեց իր բոլոր բարեկամներին եւ ճաշի ժամին մեծ ուրախութեամբ, զուարթ ու բերկրալի դէմքով նրանց հետ իր տուն եկաւ: Բոլոր ծանօթները զարմացել էին նրա անսովոր կերպարանքից, որովհետեւ ոչ ոք այդպէս զուարթագին երբէք չէր տեսել նրան: Այնժամ նրա հետ նստածներից Եւգինէոս անունով մէկը (թարգմանաբար նշանակում է ազնուացեղ կամ բարետոհմիկ), որ տարիքով փոքր-ինչ կրտսեր էր եւ նրա սիրելի բարեկամն ու քաղաքակիցն էր, համարձակ հարցրեց նրան՝ ասելով. «Մեր բարի՛ վարդապետ, պատուակա՛ն Եւստռատիոս, մի՞թէ քո այդ ուրախութիւնն իշխանի հրամանի պատճառով է, որը վաղը պատրաստւում է հրապարակ բերել քրիստոնեաների համար պատրաստուած տանջանքի բոլոր գործիքները: Թերեւս ակնկալում ես նրանցից ինչ-որ բան շահել եւ այդ պատճառով ես ուրախ»: Նա այդպէս ասաց, որովհետեւ այդ տարի Եւստռատիոսն էր կալանաւորների ոստիկանը: Այնժամ սուրբ Եւստռատիոսը պատասխանեց՝ ասելով. «Լա՛ւ ասացիր, սիրելի՛ եղբայր, քանզի եթէ իմ Տիրոջով ընդառաջ գնամ այդ բարիքներին, ապա ակնկալում եմ մեծամեծ բաներ շահել այն անապական եւ անկողոպտելի գանձերից»:
Յաջորդ օրն առաւօտեան, երբ լոյսը բացուեց, Լիւսիաս դուքսը հրամայեց քաղաքի մէջ բարձր բեմ պատրաստել եւ քաղաքացիների ողջ բազմութեանը միահամուռ այնտեղ հաւաքել: Եւ ինքն էլ գալով նստեց հրապարակի բեմին ու հրամայեց բերել բանտում արգելափակուած քրիստոնեաներին եւ տանջանքների մատնելով՝ հարցաքննել նրանց: Նրանց մէջ էր երանելի Օգսենտիոս քահանան, որին դուքսը բռնել էր այդ նոյն օրը եւ յաղթուելով նրա իմաստութիւնից՝ դասել յանցապարտների հետ: Իսկ սուրբ Եւստռատիոսը՝ որպէս ոստիկան, իսկոյն հասաւ բանտ եւ աղաչեց սուրբ վկային աղօթել իր համար, «քանզի, - ասաց, - ես եւս ցանկանում եմ այսօր կցորդ լինել ձեր չարչարանքներին»: Այնժամ բոլորը մեծ պաղատանքներով առ Աստուած տարածեցին իրենց սուրբ ձեռքերը եւ աղօթեցին նրա համար: Եւ երբ աւարտեցին աղօթքը՝ ասելով՝ ամէն, դուքսի հրամանով իսկոյն գնացին զինուորների կողմից բռնուած երանելի Եւստռատիոսի յետեւից եւ կանգնեցրին Լիւսիաս իշխանի դատաստանի ատեանի առաջ: Եւ նա հրամայեց սուրբերին մէկ առ մէկ մօտեցնել բեմի առաջ՝ սկսելով Օգսենտիոսից:
Այդ պահին առաջ եկաւ Քրիստոս Թագաւորի անյաղթ զինուոր Եւստռատիոսը եւ մեծ համարձակութեամբ Լիւսիաս իշխանին ասաց. «Արդարեւ, անցեալ օրն ինքնակալի գրաւոր հրամանը դարձեալ ընթերցուեց այս դատաստանում, այն հրամանը, ըստ որի բոլոր քրիստոնեաները պէտք է հարցաքննուեն՝ տանջանքների մատնելով: Այդժամ Օգսենտիոսը, որն իր երեւելի մեծ իշխանութեամբ եւ բարի վարքով առաւել մեծ էր պատերազմների մարտում արիութեամբ հանդէս եկողներից, արիաբար կանգնեց քո բեմի առաջ որպէս Քրիստոս Թագաւորի քաջ զինուոր, կշտամբեց քո անաստուածութիւնն աստուածային իմաստուն խօսքերով եւ համբերութեամբ սանձեց քո կարծեցեալ խոհեմութիւնը: Այդ օրուանից մինչեւ այժմ նա քաջամարտիկների բանտում է, եւ քանի որ հրամայեցիր սուրբերի հետ հարցաքննութեան կանչել նաեւ այդ արի եւ մեծ մարտիկին, ահա այժմ բոլորը՝ ինձնով հանդերձ, քո դատաստանի առջեւ են: Ես եւս, իմ կամաւոր յօժարութեամբ չարչարակից լինելով նրանց, զինուորագրուել եմ իմ անմահ եւ անվախճան Քրիստոս Թագաւորին, որպէսզի վերջ տամ քո բազմահնար խարդաւանքներին, որը քո հայր սատանան արմատացրեց քո սրտում, եւ իմ Աստուծով ամաչեցնեմ բռնաւոր բանսարկուին»:
Դուքս Լիւսիասը զարհուրեց այս անսպասելի խօսքերից ու այդ մարդու համարձակութիւնից, շառագունեց, սպառնալից նայելով նրան՝ որոտաց բարձր ձայնով եւ թունալի ցասումով ասաց. «Դառը, բայց եւ միեւնոյն ժամանակ պայծառ ու հռչակելի եղաւ այս օրն ինձ համար, որովհետեւ հանդիպեցի իբրեւ թէ հայրենի հելլենական իմաստութեամբ լցուած այս չարաբարոյ հռետորին ու դահճին: Նա արժանասաստ եւ արդարադատ դատաստան յարուցեց՝ գործադրել տալով թագաւորների հրամանները ոչ միայն իր, այլեւ աստուածների բարերարութիւնների դէմ ապստամբողների եւ ինքնակալների պատուէրն արհամարհողների վրայ»:
Այնուհետեւ անօրէն Լիւսիասը զինուորներին հրամայեց մերկացնել Եւստռատիոսին եւ ասաց. «Թող նախ իմ առաջ մերկանայ իշխանական պատմուճանից, թագաւորական ծիրանուց, ոսկեհուռ հանդերձներից ու պատուական գօտուց, եւ թող այս յայտնի օրինակ լինի բոլորին, որոնք հեռացել են զինուորական պատուից: Իր յանդուգն հրապարակախօսութեան համար մերկ մարմնով մօտեցրէ՛ք նրան, լարերով պրկէք ձեռքերն ու ոտքերը, տարածէ՛ք գետնին եւ քառակողմ ձգէք»: Եւ դահիճներն անմիջապէս կատարեցին հրամայուածը: Ապա դուքսն ասաց նրան. «Ո՛վ Եւստռատիոս, եթէ զղջալով չթողնես չարակրօն յամառութիւնիդ, չակնկալես, որ կորստաբեր խորհուրդներիդ համար կը փրկուես իմ ձեռքից»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Ո՛վ Լիւսիաս, պէտք է զղջան նրանք, ովքեր բարութիւնից դէպի չարութիւն են գնում, այլ ոչ թէ վատթարն արհամարհելով՝ հետեւում են ճշմարտութեանը, ինչպէս որ ես եմ ի սկզբանէ հետեւել իմ ճշմարիտ Աստուծոյ արդար օրէնքներին»: Դուքսն ասաց. «Նախքան տանջանքների մատնուելը նախ պատմի՛ր քո կեանքի մասին, ասա՛ քո անունը, թէ որն է քո հայրենիքը եւ երկիրը, որտեղ ծնուել ես, խօսի՛ր հաւատքիդ վերափոխման մասին, որ ծածուկ էր քո մէջ: Ամէն բան յայտնի՛ր ճշմարտութեամբ»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Ես ազգութեամբ եւ տոհմով Արաւրակ քաղաքից եմ, անունս Եւստռատիոս է, իսկ հայրենի հայկազեան լեզուով տէր Յուսիկ եմ կոչւում: Սակայն ես իմ Տէր Աստուծոյ՝ երկնքի եւ երկրի Արարչի ծառան եմ ու խոստովանում եմ Նրա Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, եւ ամենասուրբ Հոգուն: Մայրական խանձարուրներից եւ մանուկ հասակից ես այս պաշտամունքն եմ սովորել ու կրել»: Դուքսը ամբողջ գնդի զինուորներին հարցուփորձ արեց, թէ քանի տարի է նա եղել իշխանութեան մէջ եւ ինչ պարգեւներ ստացել թագաւորներից: Ովքեր ի սկզբանէ տեղեակ էին նրա վարքին, դուքսին ասացին. «Այս մօտեցող տարում լրացած կը լինի քսանեօթ տարին, ինչ նա զինուորական գործի մէջ է, իսկ դրանից առաջ՝ պատանի հասակում, ծառայել է հաշուապահի մօտ»: Դուքսը սուրբին ասաց. «Արդ, Եւստռատիո՛ս, այժմ տեսնելով քեզ վրայ հասած տանջանքների վշտերը, թո՛ղ քո ամբարտաւան խորհուրդները, որովհետեւ մենք քո հանդէպ ողջամիտ կամեցողութիւն ունենք, եթէ դու թօթափուես յանդուգն եւ վայրենի բարքից, սթափուելով օգնութեան կանչես բարեյաղթ աստուածների մարդասէր զօրութեանը եւ հպատակուես մեր ինքնակալների հրամանին»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Ես զոհ չեմ մատուցի չարաբարոյ դեւերին եւ խուլ կուռքերին, որոնք յօրինուել ու ստեղծուել են մարդկանց կողմից, քանզի նրանք բերան ունեն, բայց չեն խօսում, ականջ ունեն, բայց չեն լսում. աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ձեռքեր ունեն, բայց չեն շօշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, եւ խօսք չկայ նրանց բերաններում, որի համար մարգարէն ասում է. "Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ"[1] եւ "Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից"[2]»: Դուքսն ասաց. «Իմ ներողամտութեամբ զիջեցի քեզ՝ քո անհասկանալի մտքի շաղակրատ ճոռոմաբանութեան համար, սակայն դու անվայել խօսքեր ասացիր իմ դատարանում՝ հայհոյելով անմահ եւ բարերար մեր աստուածներին, նրանց մահկանացու կոչելով ու մեր ցասումը շարժելով: Ուստի քո յամառութեան համար հարկաւոր է վրէժ լուծել քեզնից եւ հռոմէական օրէնքով վրէժխնդիր լինել աստուածամարտներից: Բայց այժմ ասա՛ ինձ, մարդը, որ իշխան է մտքի վրայ եւ իմաստուն խորհուրդներ ունի, ինչպէ՞ս է համարձակւում անմահ Աստուած կոչել Նրան, որը խաչուեց պոնտացի Պիղատոսի կողմից եւ անարգաբար ձաղկուեց եբրայեցիների դասի կողմից: Նա, ով չկարողացաւ փրկել Իրեն, այլ իբրեւ չարագործ կախուեց փայտից, դու անմտօրէն Նրան բոլոր եղածների Արարիչ ես կոչում»: Սուրբ Եւստռատիոսը պատասխանեց. «Ո՛վ Լիւսիաս, եթէ քո հոգին խաւարած չլինէր ախտերի հողանիւթ զանգուածով, իսկ միտքդ էլ թմրած չլինէր բանսարկուի խորհուրդներով, թերեւս քեզ ցոյց տայի խաչեալ Տիրոջը՝ որպէս բոլոր արարածների Փրկիչ, նախքան յաւիտեանները Հօր մշտնջենաւոր Որդի, Իր անապական Ծնողի անսկիզբ ճառագայթ եւ կերպարանք, Ով անճառ խոնարհութեամբ իջաւ Նրա ծոցից եւ մարդկային մարմին հագաւ անարատ եւ միշտ Կոյս Մարիամից: Նա կրեց մեր բոլոր կրքերը, բացի մեղքերից ու Իր չարչարանքներով, աստուածահրաշ թաղմամբ եւ սքանչելի յարութեամբ կանգնեցրեց չար բանսարկուի խաբէութեամբ ընկած ու կործանուած մարդկային ազգին: Եթէ հրաժարուէիր քո ստայօդ եւ երազապատիր ցնորքներից, մտածէիր Աստուծոյ մեծամեծ սքանչելիքների մասին եւ զինուորագրուէիր իմ Քրիստոս Թագաւորին, ինձ նման ժառանգորդ կը լինէիր անապական եւ անվախճան յաւիտենական կեանքին, որն աչքը չի տեսել, ականջը չի լսել եւ մարդու սիրտը չի ընկել, եւ որն Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար»:
Այնժամ բորբոքուելով սաստիկ բարկութեամբ՝ անօրէն Լիւսիասը դահիճներին ասաց. «Դատարկ խօսքերով ճոռոմաբար եւ համարձակ պատասխան տալու համար թող դա լարերով բարձրացուի գետնից, ներքեւից հուր տարածուի, եւ թիկունքին ուժգին հարուածներ ստանայ: Ասէ՛ք դրան, որ հնազանդուի ինքնակալի հրամաններին ու չհայհոյի մեր աստուածների զօրութիւնն ու փառքը»: Եւ ծառաներն անմիջապէս կատարեցին բռնաւորի հրամանները: Երկար ժամեր կրակի բոցեր էին տարածում նրա լանջի եւ որովայնի տակ, այրւում եւ խորովւում էր վկայի ամբողջ մարմինը, մինչեւ անգամ ներքին անդամները: Դժնդակ տանջանքներով չարչարում էին նրան՝ փշալից գաւազաններով հարուածելով նրա թիկունքին, մինչեւ որ մարմնի մասերը պատառ-պատառ եղած գետնին էին ընկնում: Բայց այս ամէնով հանդերձ՝ նրանից ձայն չլսուեց, ու չայլայլուեց երեսի գոյնը, այլ բոլորը տեսնում եւ կարծում էին, թէ ասես նա օտար մարմնով է կրում պատուհասները:
Զարհուրած սուրբ վկայի համբերութիւնից եւ զարմացած, որ նա հոգին չի տալիս, բռնաւորը հրամայեց դադարեցնել տանջանքները եւ ծիծաղելով սուրբ վկային ասաց. «Ո՛վ Եւստռատիոս, ասա՛ ինձ, ի՞նչ ես մտածում, ցանկանո՞ւմ ես աւելի տանջանքներ կրել, որ ցնծալով ուրախանաս, քանի որ քեզ համար դա փառք ես համարում»: Եւստռատիոսն ասաց. «Յոյժ ըղձում եւ փափագում եմ այն ցանկալի փառքին, որին ինձ խոստանում ես հասցնել, որովհետեւ գրուած է. "Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ"[3]»: Դուքսը մօտ կանգնած իր զօրականներին ասաց. «Հարկ եմ համարում մատնել դրան բոլոր տանջանքներին, որոնց նա ցանկանում է: Դրա չարաբաստ մարմնի վրայ քացախի հետ խառնած աղ եւ բորակ լցրէք, որպէսզի մորմոքուեն դրա այրուած վէրքերը: Նաեւ գետնի վրայ խեցի եւ փշէ տատասկներ տարածէք, ու թող նա քայլի դրանց վրայով այնքան, որ բզկտուեն նրա ջլերն ու ոսկորները, որպէսզի յագենայ այն պարգեւներով, որ խնդրում է մեզնից»:
Չարի ծառաները մեծ ջանասիրութեամբ չարչարանքների պատուհաս էին հասցնում սուրբին, իսկ Քրիստոսի նահատակը դեռեւս մեծ ուժով մնում եւ դիմանում էր: Ո՛չ հեծեծանք եւ ո՛չ էլ մի խօսք չէր լսւում նրանից, այլ միայն իր սրտում գոհանում էր Տիրոջից տանջանքներ կրելու համար: Իշխանն ասաց. «Խիստ զարմացած եմ, թէ ինչպէս է Նազովրացու զինուորն իբրեւ խաղալիք համարում իր վրայ եկածները եւ քամահրում է մեզ տանջարաններով: Թող այժմ ասի՝ գոնէ սթափուե՞լ է եւ համաձա՞յն է երկրպագել մեծ աստուածներին՝ ըստ ինքնակալների հրամանի, որպէսզի պատիւ եւ փառք ընդունի մեզնից ու թագաւորներից»: Եւստռատիոսն ասաց. «Ձեր սնոտի աստուածների պատճառով, որոնցից երկնչում ես, պատուհասներ պատճառեցիր ինձ, ո՛վ տգէտ թագաւոր: Տանջելով իմ մարմինը՝ դու զօրացրիր հոգիս, արժանացրիր ինձ երկնային անպատում բարիքներին եւ փրկութեան ճանապարհ հարթեցիր, որպէսզի անարատութեամբ ելնեմ մարմնից, մտնեմ Նրա մօտ, ում փափագում եմ եւ Նրա կամքը կատարողների հետ վայելեմ մշտնջենաւոր ու անանց բարիքները: Այժմ իսկոյն արա՛, ինչ պիտի անես, որովհետեւ ես գարշելի եւ պիղծ եմ համարում քո աստուածներին, իսկ աշխարհի ամբողջ փառքն ու հարստութիւնը՝ անպիտան աղբ: Դրանք ապականացու եւ անարգ են ինձ համար, որպէսզի շահեմ Քրիստոսին եւ զուարթերես կանգնեմ Նրա առաջ գալիք յաւիտեանում»: Դուքսն ասաց. «Անզգա՛մ, չարաբա՛խտ եւ անմիտ խորհուրդներով արբա՛ծդ, ինչո՞ւ ես իսպառ կորցնում պատիւդ ու զինուորական իշխանութիւնը եւ դառնութեամբ զրկուելով աշխարհի քաղցր լոյսից՝ կամաւոր դժոխք իջնում, կամ ի՞նչ փոխարէն հատուցումների մասին ես խօսում, որոնց ակնկալում ես»: Երանելի Եւստռատիոսը պատասխանեց. «Հանդերձեալի յոյսը, որ ունենք, անճառելի է եւ լեզվուով անպատմելի, ու չկայ նրա օրինակը տեսանելի եւ ապականացու արարածների մէջ: Ինչպէս որ Աստուած անպատում բարիքներ խոստացաւ Իր կամքը կատարողներին, այնպէս էլ քեզ նման անհաւատների եւ ճշմարտութիւնն ուրացողների համար պահուած են գեհենի մշտնջենաւոր եւ անշէջ հուրը, ատամների կրճտոցը, աչքերի լացը, անքուն որդը եւ աղջամղջի արտաքին խաւարը: Ահա այս ամէնն է պատրաստուած սատանայի եւ նրա կամքը կատարողների համար: Իսկ մենք բարիքների յոյսով զանազան եւ դառը տանջանքներ ենք աներկիւղ կրում, որ ձեզնից գալիս են մեզ վրայ, որպէսզի փրկուելով բանսարկուի որոգայթներից՝ զուարթերես կանգնենք Քրիստոսի ատեանի առջեւ»: Լիւսիասն ասաց. «Ինչպէս դու ես ասում, եթէ քո Աստուածը հնար ունենար եւ կարողանար իսկոյն Իր անմահութեանը քեզ կցորդ դարձնել, ապա կը փրկէր նախորդ տանջանքերից, որոնց մատնեցի քեզ: Ուստի լսի՛ր ինձ, հեռացրո՛ւ քեզնից զուր յամառութիւնդ եւ ուղղուի՛ր»: Երանելին ասաց. «Ո՛վ խաւարասէր, չարի՛ գործակից եւ զրկուա՛ծդ յաւիտենական կեանքից: Նայի՛ր եւ տե՛ս ինձ, որին այդքան տանջանքներով մեռած ու կործանուած ես համարում: Ահա իմ Աստուծոյ համար անհնար չեղաւ դարձեալ նորոգել ու ինձ ողջ պահել՝ բժշկելով իմ բոլոր վէրքերը եւ մարմնիս ցաւերը»: Սուրբի այդ խօսքի վրայ, մինչ քաղաքի ամբողջ բազմութիւնն ապշած նրան էր նայում, յանկարծ նրա մարմնից ծառի կեղեւի նման ինչ-որ բաներ թափուեցին, եւ բազմութիւնը սուրբին ողջանդամ տեսաւ. ո՛չ սպի, ո՛չ էլ որեւէ վէրք չէր երեւում նրա սուրբ մարմնին: Այդ պատճառով քաղաքի բազմախումբ հասարակ ժողովուրդը փառաւորեց Աստծուն սքանչելիքի համար, որ Նա ցոյց տուեց Իր սուրբ վկայի վրայ:
Այնտեղ զօրականներից մէկը՝ Եւգինէոսը՝ սուրբ Եւստռատիոսի քաղաքակիցը, որն իշխանական պատուուվ նրա դասից էր, տեսնելով նրա ի Քրիստոս անսասան համբերութիւնը, աղաղակեց՝ ասելով. «Լիւսիա՛ս, Լիւսիա՛ս, ես եւս քրիստոնեայ եմ՝ բարձրեալ Աստուծոյ՝ երկնքի եւ երկրի Արարչի ծառան: Նզովում եմ քո կրօնը եւ արհամարհում քո աստուածներին ու դէմ եմ քո եւ անօրէն թագաւորների կամքին, ինչպէս իմ տէր Եւստռատիոսը»: Իսկ անօրէն իշխանը հրապարակի բազմութեան առջեւ նախատուելու համար ամօթից կախեց իր գլուխը եւ ապշած գետնին նայեց, ապա հրամայեց յայտարարել ու ասել. «Այս չարաբախտի եւ նորելուկի համար երկար հարցաքննութիւն է պէտք: Մենք այժմ չենք հասցնի, որովհետեւ ըստ մեր սովորութեան՝ շտապում ենք զօրքի հանդիսաւոր արարողութեանը: Իսկ այս կախարդներին՝ Եւստռատիոսին ու նրան համախոհ Եւգինէոսին, հրամայում եմ բանտարկել, երկաթէ շղթաներ հագցնել նրանց պարանոցներին ու ոտքերին եւ հսկողութեամբ պահել միւս մահապարտների հետ, որպէսզի դատեմ նրանց իմ ազատ եւ յարմար ժամին»: Այս ասելով՝ վեր կացաւ դատողական աթոռից:
Արդ, իշխանի հրամանով զինուորները քարշ տուեցին կապուած երանելիներին ու տարան բանտի ներքին ու խաւարտչին մի վայր: Երանելիները մեծ ցնծութեամբ եւ ուրախութեամբ օրհնում էին Աստծուն ու միաբան սաղմոսում՝ ասելով. «Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին»[4]: Կալանաւորները նրանց հետ ամբողջ գիշերն անց էին կացնում՝ Աստծուն աղօթելով, եւ սուրբ Եւստռատիոսից տեղեկանում նահատակութեան մրցապայքարի, արիութեան ու համբերութեան եւ դրանց փոխարէն անճառ բարիքների մասին, որոնք Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար:
Առաւօտեան, երբ ծագեց արեգակը, դուքսը շտապեց գնալ Նիկոպօլիս քաղաք, բայց նախ գնաց բանտ, ուր սուրբ վկաներն էին: Հրամայեց դուրս բերել միայն Եւստռատիոսին, եւ երբ նա եկաւ, ծիծաղելով, ուրախ դէմքով ու լրբութեամբ ասաց սուրբ վկային. «Ո՛ղջ եղիր, սիրելի՛ Եւստռատիոս»: Սուրբ պատասխանեց. «Թող բոլորի Աստուածը, Ում պաշտում եմ մանկուց, ողջունի քեզ ըստ արժանւոյն, ո՛վ Լիւսիաս»: Դուքսն ասաց. «Քո Աստուծոյ հետ ես գործ չունեմ, իսկ դու հիմա կը հագնես քեզ տրուած հողաթափերը, որ դրանցով մեզ հետ հեշտ ճանապարհ ընկնես»: Այդ հողաթափերը ներսից սուր-սուր ցցուած հաստ մեխերով էին, որ հասնէին մինչեւ ոտքերի ներբանները: Արդ, զինուորները, բերելով այդ երկաթէ հողաթափերը, հագցրին երանելու ոտքերին եւ ամրացրին կապիչներով, ապա իշխանը կնքեց իր մատանիով, որպէսզի ոչ ոք չխղճայ սուրբին եւ չհանի դրանք նրա գարշապարներից: Պատուիրեց դահիճներին նրան ծեծելով ու քարշ տալով ճանապարհ գցել իր այլ ընկերների հետ, որոնք բանտում էին, իսկ ինքը զօրքերի բազմութեամբ գնաց եւ երկու օր յետոյ բանակեց դղեակի մօտ, որը գտնւում էր Արաւրակ քաղաքի մօտ: Երբ սուրբերը հասան այնտեղ, այդ քաղաքի բոլոր բնակիչները դուրս եկան՝ տեսնելու երանելիներին, բայց վախենալով իշխանից՝ երանելի Եւստռատիոսի ազգականներից կամ սիրելի բարեկամներից ոչ ոք չհամարձակուեց մօտենալ նրան, որպէսզի իրենց եւս չբռնէին:
Մարդանոս անունով մէկը, լինելով առաջացած տարիքով եւ արդարութեամբ ապրած հասարակ մի մարդ, այդ օրերին իր համար տուն էր շինում: Իր տանից տան ձեղունը ծածկելիս նայում եւ տեսնում էր սուրբ վկաներին, որոնք կապանքներով անցնում էին գիւղի մօտով անցնող ճանապարհով: Սուրբերի մէջ նա տեսաւ երանելի Եւստռատիոսին՝ կապուած ձեռքերով, իսկոյն ճանաչեց նրան եւ շտապեց իջնել: Հայերէն լեզուով զրուցելով կնոջ հետ՝ ասաց. «Ո՛վ կին, տեսնո՞ւմ ես մեր տէր Եւստռատիոսին՝ մեր ամբողջ շրջակայքի իշխանին, որին տէր Յուսիկ են կոչում: Նա հրաժարուելով արհամարհեց աշխարհի այնքան գերապատիւ հարստութիւնը եւ փառքը, ամբողջ ունեցուածքի, ազգի եւ ընտանիքի երեւելի ճոխութիւնն ու քաջամարտ զինուորութիւնը, որի նմանը ոչ ոք չունէր ամբողջ երկրում: Եւ ահա նա այլ կալանաւորների հետ գնում է վկայական նահատակութեան հանդիսավայրը, որպէսզի ժառանգի յաւիտենական Արքայութիւնը»: Իսկ նրա սքանչելի եւ պարկեշտ կինն ասաց. «Ի՞նչն է խանգարում քեզ եւս գնալ, ուղեկցել նրան, հետեւել երկնաչու ճանապարհին եւ հաղորդ լինել նրա այն չարչարանքներին, որոնց շնորհիւ կը վերաբուսնի յաւիտենական ու անապական բրաբիոնը: Դու ինձ, երկու երեխաների եւ ամբողջ ազգատոհմի համար փրկութեան պաշտպան կը լինես»:
Այնժամ այդ սիրելի եւ պայծառ մարդը, վառուելով Սուրբ Հոգու հրով, ըղձալի տենչով շտապեց խառնուել Աստուծոյ սուրբ վկաների գնդին: Գրկեց իր երեխաներին, համբուրեց նրանց եւ ասաց. «Խաղաղութի՛ւն ձեզ, իմ սիրելի՛ որդիներ»: Ապա տարածելով իր ձեռքերը՝ աղօթեց Տիրոջը եւ արտասուագոչ պաղատանքներով ասաց. «Տէ՛ր Աստուած, երեւելիների եւ աներեւոյթների ամենակա՛լ Հայր, Դու Քո սիրելի Որդու՝ Յիսուս Քրիստոսի եւ ամենասուրբ Հոգուդ միջոցով նորոգեցիր բոլոր արարածներին, Քո Աստուածութիւնը ճանաչել տուիր մարդկանց բոլոր որդիներին եւ մեզ համար փրկութեան ճանապարհ հարթեցիր դէպի յաւիտենական կեանք, ուր անապական բարիքների պարգեւներ են պահւում Քեզ յուսացողների համար: Ուստի աղաչում եմ Քո ամենագութ ողորմութեանը, հեղի՛ր ինձ վրայ Քո բարերարութեան շնորհը եւ առաջնորդի՛ր ինձ անկեղծ սրտով եւ կատարեալ սիրով ընթանալ դէպի մարտիրոսութեան հանդէսը, որպէսզի ընդունելի պատարագ լինեմ Քո Աստուածութեանը: Եւ Դու, որ որբերի Հայրն ես եւ բոլոր յուսացողների Տէրը, Քո ամենազօր Աջով իմ երեխաներին պահի՛ր խաղաղութեամբ եւ անբիծ՝ ճշմարիտ հաւատքի մէջ: Նոյնպէս եւ պահպանի՛ր իմ կնոջը, որը եղաւ այս երանաւէտ կոչման հանդիսադիրը, որին հրաւիրուեցի Քո կողմից: Ուղարկի՛ր Քո խաղաղութեան հրեշտակին, որպէսզի առաջնորդի ինձ դէպի բարին եւ թողութիւն շնորհիր իմ յանցանքներին, որոնք չարի պատրանքով պաշարել են ինձ, քանզի Դու ամենակարող ես, եւ օրհնեալ է Քո անունը յաւիտեան»:
Այս ասելով՝ երանելի Մարդարիոսը սուրբերի յետեւից գնաց երանաւէտ ճանապարհով: Հանդիպեց նոյն գիւղում բնակուող Մուսատարիոս անունով մի մեծահարուստի, որը նշանաւոր եւ աստուածավախ մարդ էր, ու ասաց նրան. «Ահաւասիկ ես գնում եմ քո սիրելի ազգական տէր Յուսիկի՝ Եւստռատիոսի յետեւից, որպէսզի մեր Աստուծոյ կամքով նահատակակից լինեմ նրան՝ վկայելով ճշմարտութեան համար: Արդ, այսուհետեւ քեզ եմ յանձնում իմ տունը երեխաների ու ընտանիքի հետ: Ես կը խնդրեմ Տիրոջը, որ գալիք յաւիտեանում Նա քեզ վարձահատոյց լինի»: Այրը պատասխանեց նրան՝ ասելով. «Խաղաղութեամբ գնա՛ քո այդ անձկալի ու գեղեցիկ ճանապարհը եւ աւարտի՛ր քո ընթացքը մեր Տէր Աստուծոյ կամքով: Ինչ որ պատուիրեցիր, կը լինի այնպէս, ինչպէս կամենում ես»: Այնժամ երանելի Մարդարիոսը հրաժեշտ տուեց նրան, դղեակի մօտ հասաւ սուրբ վկաներին, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր իմ, Եւստռատիոս, ինչպէս որ հօտի ոչխարն է կարօտած գնում իր հովուի մօտ, այնպէս էլ ես հասայ քեզ՝ գալով մեծ փափագով ու կամենալով քեզ ճանապարհորդակից լինել: Արդ, ընդունի՛ր ինձ քո սուրբ դասի մէջ, որոնք քեզ հետ պիտի դուրս գան թշնամու դէմ վկայական նահատակութեան հրապարակում: Եւ ես թէպէտ անարժան եմ, սակայն պիտի Քրիստոսի վկայ լինեմ»: Եւ երբ այս ասաց, աղաղակեց. «Ես քրիստոնեա՛յ եմ, ինչպէս իմ պատուական տէրը՝ Եւստռատիոսը: Լսէ՛ք այս, սատանայի բոլո՛ր ծառաներ»: Այնժամ զինուորները բռնեցին նրան, կապեցին միւս սուրբ կալանաւորների հետ, տարան դղեակի բանտը եւ լուրն իսկոյն հասցրին Լիւսիաս իշխանի ականջին:
Երբ այս լսեց, դուքսն, առիւծի պէս մռնչալով, նստեց ատեանի աթոռին: Ապա նրա առջեւ բերեցին երանելիներին՝ կրկնակի կապանքներով ձեռքերը թիկունքին կապած, պարանոցներին շղթաներ հագցրած եւ իրենց բոլոր հանդերձներից մերկացած: Սուրբ Օգսենտիոս քահանան, որ կար սուրբերի մէջ, զուարթ երեսով, պայծառ դէմքով եւ ուրախ սրտով բոցավառում էր իր ընկերներին Քրիստոսի սիրով: Դուքսը նրան ասաց. «Օգսենտիո՛ս, այժմ ասա՛ մեզ, սթափուեցի՞ր այնքան չարչարանքներից ու բանտի նեղութիւններից, հրաժարուե՞լ ես կորստաբեր սնոտի պատրանքներից եւ մօտեցե՞լ ես արդեօք բարերար աստուածներին, թէ՞ դեռեւս նոյն յամառութեան մէջ ես»: Սուրբ Օգսենտիոսը պատասխանեց. «Ո՛վ Լիւսիաս, երդւում եմ իմ ճշմարիտ Աստուծով, որ հաստատուն է իմ սիրտը ի Քրիստոս հաւատքի մէջ: Աստուած եմ ընդունում Նրան՝ որպէս Հօր անծին ծնունդ, Նրա ամենակալ Հոգուն՝ որպէս Հօրից մշտնջենահոս բխում ու անճառելի եւ անքննին մի Աստուածութեանը, որին հաւատացել եւ պաշտում եմ մանկուց: Եւ եթէ նախկինից առաւել բիւրաւոր տանջանքների ու պատժիչ գանակոծումների մատնես ինձ, չես կարող միտքս իջեցնել երկնքի բարձրութիւնից: Այժմ ինչ որոշել ես, արա՛ իսկոյն»: Այնժամ դուքսը նրա համար արձակեց այս մահավճիռը. «Հրամայում եմ Օգսենտիոսին, որը չուղղուեց բազմաթիւ տանջանքներից յետոյ եւ չհպատակուեց ինքնակալին, գլխատել սրով անմարդաբնակ մի տեղում, որպէսզի նրա չարաբաստ մարմինը զրկուած լինի օրինաւոր թաղումից»: Իսկ երանելին, ստանալով այս դատավճիռը, ուրախութեամբ հասաւ նահատակութեան վայրը, ծնրադրեց եւ աղօթեց՝ ասելով. «Յաւիտենակա՛ն Աստուած, ամէնքի Տէ՛ր եւ Արարի՛չ, անճառելի՛ լոյս, բացի՛ր Քո ողորմութեան դուռն անարժանիս առջեւ, որ կամ Քո առջեւ այս ժամին: Յետեւում թողած բոլոր կենցաղային զբաղմունքները՝ ծարաւի հոգով գնում եմ դէպի նշանակէտը՝ ըստ Քո աւետարանական աստուածապատում անսուտ հրամանի, թէ "Եթէ մէկը չառնի իր խաչը եւ չգայ Իմ յետեւից, Ինձ արժանի չէ"[5]: Եւ ահա գալիս եմ Քեզ մօտ: Արժանացրո՛ւ ինձ, որ աչալրջութեամբ եւ զուարթերես կանգնեմ Քո ատեանի առջեւ ու անարատ պահի՛ր սուրբ վկաներիդ դասը, որոնք յանուն Քեզ ինձ կցորդ եղան չարչարանքներով եւ արժանացրո՛ւ նրանց բաժնեկից լինել այս վիճակին: Խաղաղութի՛ւն շնորհիր Քո սուրբ եկեղեցուն եւ Քեզ փա՛ռք յաւիտեանս»: Եւ ասելով՝ ամէն, նահատակուեց տեղում:
Այնուհետեւ անօրէն Լիւսիասը հրամայեց առաջ բերել սուրբ Մարդարիոսին, որպէսզի բազմամբոխ հրապարակի առաջ դատի նրան: Զինուորներն իսկոյն արձակեցին նրա պարանոցի շղթաները եւ բռնաբար քարշ տուեցին հրապարակ: Իսկ երանելին ասաց. «Տէ՛ր իմ, Եւստռատիոս, աղաչո՛ւմ եմ քեզ, աղօթի՛ր ինձ համար եւ սովորեցրո՛ւ ինձ, թէ ատեանի առաջ ինչ պատասխան տամ այն ապականիչ ու չար գազանին»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Իմ եղբա՛յր Մարդարիոս, ինչ որ հարցնի քեզ, բնաւ պատասխան մի՛ տուր, այլ միայն ասայ՝ ես քրիստոնեայ եմ եւ Քրիստոսի ծառան, ու սրանից բացի՝ այլ բան մի՛ ասայ»:
Եւ երբ դահիճները երանելուն կանգնեցրին իշխանի առաջ, դուքսն սկսեց խօսել ու ասել նրան. «Երի՛ցս թշուառական եւ բարիատեա՛ց, հեռացա՛ծդ աստուածների բարերարութիւններից, իսկոյն ասա՛, ի՞նչ է քո անունը, պատմի՛ր քո կեանքի, ազգատոհմիդ դիրքի եւ քո պաշտօնի մասին»: Սուրբ Մարդարիոսն իշխանին ասաց. «Կարեւոր չէ այն ամէնը, ինչ որ հարցնում ես, որովհետեւ ես քրիստոնեայ եմ եւ Քրիստոսի ծառայ»: Ատեանի սպասաւորները մօտեցան եւ ասացին նրան. «Եղկելի՛ եւ ամենանուա՛ստ, չգիտե՞ս այս ատեանի կարգը, պատասխանի՛ր՝ ըստ մեր տիրոջ հարցումների»: Երանելին պատասխանեց եւ ասաց. «Դարձեալ ասում եմ՝ քրիստոնեա՛յ եմ եւ Քրիստոսի ծառայ»: Տեսնելով նրա հաստատուն հաւատքը եւ անփոփոխ միտքը՝ դուքսը զայրագին ցասմամբ ասաց դահիճներին. «Ծակէ՛ք դրա ոտքերի պճեղները, դրանց միջով պարան անցկացրէք ու կախէք ձողից: Նաեւ հրաշէկ շամփուրներ մօտեցրէք դրա թիկունքին, որ կիզուեն ամբողջ մարմնի բոլոր անդամները, որ թերեւս գիտակցութեան գայ եւ արժանի պատասխան տայ մեր հարցումներին»: Եւ անօրէն իշխանի սպասաւորներն անմիջապէս կատարեցին բոլոր հրամանները:
Իսկ երանելի Մարդարիոսը տանջանքների մէջ ոչ մի պատասխան չէր տալիս, այլ միայն աղաղակում էր եւ ասում. «Քրիստոնեայ եմ՝ Քրիստոսի ծառան»: Կախաղանի վրայ երկար ժամեր յաճախակի փոխուող հրաշէկ շամփուրներով տանջելուց յետոյ հրկիզեցին սուրբ վկայի մարմինը, իսկ նա բարձրաձայն աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս, Քեզ եմ յանձնում իմ հոգին, ընդունի՛ր նրան խաղաղութեամբ եւ արժանացրո՛ւ լոյսերի մէջ բաժնեկից լինել սուրբերի ժառանգութեանը, որպէսզի Քեզ փառք վերառաքեմ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն»: Այս ասելով՝ աւանդեց իր հոգին: Երանելուն իջեցրին կախաղանից եւ քարշ տալով հեռացրին, որ շներին կերակուր լինի:
Անօրէն Լիւսիասը, որ հրճւում եւ ցնծում էր վկաների չարչարանքներով, զինուորներին ասաց. «Մերկացրէ՛ք եւ քարշ տալով ատեանի առաջ բերէք Սատաղիա քաղաքից այն Եւգինէոսին, որը հարցաքննւում էր Եւստռատիոսի հետ»: Եւ անմիջապէս հանդերձներից մերկացրած երանելուն բերեցին դուքսի առջեւ, որը դառնութեամբ եւ զայրագին ցասմամբ նայելով նրան՝ ասաց. «Ո՛վ ամենապիղծ եւ չարադեւ այր, ինչպէ՞ս կարողացար այդչափ յանդգնութեամբ համարձակուել ու արհամարհել անյաղթ եւ անպարտելի ինքնակալի հրամանը եւ այդ ամէնից յետոյ յանդգնեցիր անարգել մեծամեծ աստուածներին, որոնց պաշտում եւ պատւում են իրենք՝ մեր թագաւորները»: Սուրբ Եւգինէոսը պատասխանեց Լիւսիասին. «Իմ Աստուածը, Որին պաշտում եմ մանկուց եւ Որին յուսացել եմ, զօրացրեց ինձ եւ համարձակութիւն տուեց, որ թքեմ քո կուռքերի վրայ եւ արհամարհեմ քո սուտ ու ապականիչ կրօնը»: Այնժամ Լիւսիասը բորբոքուեց անասելի ցասումով եւ ասաց դահիճներին. «Նախ թող կտրուի դրա անարգող եւ հայհոյիչ լեզուն եւ զրկուի երկու ձեռքերից: Թող մահակներով ջարդուեն նրա ազդրերը, ջախջախուեն ոտքերի սրունքները եւ թող փշալից գաւազաններով հարուածեն թիկունքին»: Երբ դահիճներն արեցին այս ամէնը, սուրբի ոսկորներն ու մարմինը մածուեցին միմեանց: Եւ այդպէս դառը տանջանքների մէջ սուրբը քաղցրութեամբ աւանդեց իր հոգին:
Այնուհետեւ անօրէն իշխանն ամբողջ բանակով իջաւ այն դաշտը՝ տօնախմբութիւն անելու եւ արքունի զօրքը հաշուառելու համար: Զինավարժութիւնների ժամանակ իւրաքանչիւրին ընտրում էին՝ փորձելով ըստ քաջութեան եւ արիական ներհմտութեան: Այնժամ զօրքի բազմութեան մէջ աչքի ընկաւ մէկը՝ զարդարուած գեղեցիկ եւ հռչակելի տեսքով: Նրա անունը Ովրեստէս էր: Քաջ այր էր՝ վայելուչ եւ պանծալի հասակով, լցուած խոհեմութեամբ, իմաստութեամբ, հանճարով, զօրաւոր խօսքով եւ գործերով ու առաջադէմ զինավարժութեան մէջ: Երբ նա զօրահանդէսի շարքում կանգնեց Լիւսիաս իշխանի առաջ, դուքսը նայեց նրան, նկատեց նրա չքնաղ ու պարկեշտագեղ տեսքը եւ հաւանելով նրան իր մօտ կանչեց ու հրամայեց գեղարդը, որ ունէր ձեռքին, նետել թիրախին: Եւ նա իսկոյն երիվարով արիաբար սլացաւ առաջ, ուժ տուեց իր բազուկներին եւ գեղարդով դիպուկ խփեց առջեւ դրուած թիրախին: Եւ ահա արիակազմ երիվարի սրընթաց ցատկից ու նրա մարմնի եւ բազուկների յախուռն շարժումից, հանդերձներից տակից դուրս գալով մի ոսկէ խաչ երեւաց, որը թաքցուած էր նրա պատմուճանի կրծքի տակի գրպանում: Եւ երբ այս յայտնի եղաւ բոլորին, որը տեսաւ նաեւ Լիւսիասն ինքը, իսկոյն իր մօտ կանչեց քաջ նահատակին: Եւ երբ եկաւ-կանգնեց նրա առաջ, դուքսն իր ձեռքն առաւ աստուածընկալ նշանը եւ հարցրեց. «Սա ի՞նչ է, մի՞թէ դու եւս գալիլեացիներից ես՝ կախարդասար աղանդաւորներից»: Իսկ երանելի Ովրեստէսը, բացելով իր շնորհալի բերանը, ի լուր ամբողջ զօրքի՝ բարձրաձայն ասաց. «Ես խաչեալ Յիսուս Քրիստոսի ծառան եմ, Ով ստեղծեց երկինքն ու երկիրն ու նրանցում եղած բոլոր արարածներին: Ես այդ նշանը կրում եմ իմ անձի պահպանութեան համար՝ ընդդէմ իմ դէմ յարուցուած հակառակամարտ թշնամու զօրութեան»: Այնժամ դուքսն իր դահիճներին հրամայեց երկաթէ օղ բերել, հագցնել Քրիստոսի զինուորի գեղեցիկ պարանոցին ու ասաց. «Թող դա եւս մահապարտ Եւստռատիոսի հետ ուղեկից լինի մեր ճանապարհին»: Եւ յայտարարեց այն օրը, թէ երբ պիտի հարցաքննութեամբ դատապարտի նրանց:
Երբ դուքսը մեծ հանդիսութեամբ հասաւ Նիկոպօլիս քաղաք, այդ քաղաքի գնդի զօրականներից շատերը մեծ համարձակութեամբ մօտեցան Լիւսիաս իշխանին, միաբերան աղաղակեցին ու ասացին. «Ո՛վ Լիւսիաս, մենք եւս քրիստոնեայ ենք եւ զինուորագրւում ենք երկնաւոր Թագաւոր Յիսուս Քրիստոսին: Մենք Նրան ենք ապաւինում, Նրան ենք միայն պաշտում ու Նրա անունն ենք խոստովանում յաւիտեան: Արհամարհում ենք քո դիւաբնակ աստուածների բոլոր սնոտի պաշտամունքները: Այժմ ինչ որ պատրաստւում ես անել, արա՛ իսկոյն, որպէսզի ընծայուենք ճշմարիտ Աստծուն: Ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր Տիրոջ սիրուց, Ով անգոյութիւնից գոյութեան կոչեց երեւելի ու աներեւոյթ արարածներին: Ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ գազանների ժանիքները եւ ո՛չ էլ ամէն տեսակ տանջանքները չեն կարող հեռացնել մեզ Յիսուս Քրիստոսի սիրուց»: Այս եւ առաւել խօսքերով Նիկոպօլսի զօրականների միաբան բազմութիւնն աղաղակեց իշխանի առջեւ: Այնժամ դուքսը զարհուրեց եւ փոխեց երեսի գոյնը: Աչքերը մթագնեցին, ասես պատուեցին մութ մառախուղով, որովհետեւ վախեցաւ քաղաքացիների բազմութիւնից, որ յանդուգն յարձակումից չար բան չպատահի իրեն: Իմանալով, որ երկնաւոր Հովուի խաշները կամաւոր մահուան են մատնում իրենց, սկսեց քաղցրութեամբ խօսել նրանց հետ եւ հրապուրելով դարձնել նրանց դէպի իր չար կամքը: Բայց երբ տեսաւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքի մէջ նրանց հաստատուն միտքը, հրամայեց արձակել նրանց գօտիները եւ կապանքներով բանտարկել: Մտածում էր, թէ ինչպէս կործանի նրանց ու միաժամանակ ասում էր. «Թող շփոթութիւն չընկնի քաղաքացիների կամ ազգականների, մանաւանդ Եւստռատիոսեանների մէջ», որովհետեւ նա մեծ անուն ունէր: Վախենում էր նաեւ, որ գուցէ նրան տանջանքների մատնելով՝ դարձեալ սքանչելիքներ եւ հրաշքներ երեւան, ինչպէս նախորդ անգամ, որի պատճառով ոչ միայն քրիստոնեաները կը հաստատուեն հաւատքի մէջ, այլեւ հելլենացիները կ՚ապստամբեն իրենց աստուածների դէմ:
Հաստատուած այսպիսի չար խորհուրդներով, սուրբ Եւստռատիոսին եւ երանելի Ովրեստէսին ուղարկեց Սեբաստիա քաղաք՝ իր գործակից Ագրիկողայոս դատաւորի մօտ՝ գրելով նրան հրապարակային այս նամակը. «Մեծ աստուածների օգնութեամբ ողջո՛յն իմ գերահռչակ եւ վսեմախոհ տէր Ագրիկողայոս դատաւորին Լիւսաս դքսից: Անբաղդատելի, անհամեմատելի, պանծալի, ծայրագոյն ողջախոհութիւնների ամբողջ իմաստութեան կատարելութիւնները վեհագոյն խոհեմութեամբ յարաբարդուելով քո տրամախոհական մտքին, որ վեր է, քան ընդհանրական մակընթացութիւնները, քեզ վերընձիւղուած դիւցազնական արգասիքների անթառամ ոռոգումները եւ առաջնորդուած է դէպի իրողութեան բազմահանճար իմաստութեան գիտութիւնը, գերիվերոյ գտնուեցիր արեգակի ներքոյ բոլոր եղածներից: Որի համար բոլորի միջից ոչ մէկին չտրուեց տնօրինել տիեզերքի նախախնամութեան գործերը, քանի որ աստուածային եւ հեզահայեաց քո կամքին նրանք[6] աւելացրին ընդհանուրի ճանաչողութիւնը: Նրանք հաւաստի գիտեն, որ կարող ես հանդիսաւոր կերպով գիշերը ցերեկ դարձնել, որովհետեւ գիշերը քնողներն առաւել կարող են ննջել տալ անքուն աստղերին, քան թէ քո աչքերին: Առաւել տատամսողների հանդէպ առանց յոգնելու եւ ներըղձական տնօրինութեամբ տարածում ես անբաղդատելի պատշաճ հրամանները, որոնցով քո կողմից ամենուրէք կանխուեց խռովութիւնները եւ քեզ գերադրական անմահ աստուածներին բոլորովին հաւասար բարձր պատիւ տրուեց, արտափայլելով հրաշափառագոյնը: Քանզի նախքան քո խորհրդածութիւնը աստուածների օգնականութիւնն ամբողջն ամփոփ կերպով տարածում է քո իմաստուն խոհականութեան առջեւ եւ պարզապէս պէտք է ասել, որ բոլոր տեսակ առաքինութիւնները քո անձի մէջ են երեւում ու ցոյց տրւում: Եւ արդ, ինչպէս կարող եմ ամբողջը բացայայտել: Համառօտ ու սեղմ խօսքերով քո վսեմագոյն հանճարեղ իմաստութեանը տեղեկացնում եմ Եւստռատիոս անունով մարդու մասին, որին բազմաթիւ հարցաննութիւնից եւ չարաչար տանջանքների մատնելուց յետոյ տեսայ, որ նա գալիլեացիների աղանդի համախոհն է եւ դաւանում է մի խաչեալ հրեայի առասպելական կրօնին, որին Յիսուս են կոչում, որն իբրեւ չարագործ՝ մեռաւ նոյն եբրայական ազգի կողմից: Սակայն տեսայ, որ այդ մարդն անտեղեակ չէ իմաստասիրական գիտութեանը, լաւ մարզուած է հրապարակային մարտավարութեան մէջ եւ հասել է ծայրագոյն զինուորական աստիճանի: Իր չարասէր պաշտամունքի պատճառով ամէն բան արհամարհելի է նրա աչքին: Անհնազանդ լինելով ինքնակալի հրամանին ու անարգելով մեծապայծառ աստուածներին՝ միաժամանակ եւ կողոպտում է մեհեանները, որի համար ես, ճանաչելով դրա անաստուածութիւնը, բիւրապատիկ տանջանքներով, ասես թէ հնոցի բովում, հալեցրի նրա երկաթեայ մարմինը, սակայն նրա դարձի հնար չգտայ: Բազմաթիւ հարցաքննութիւններից եւ հարցումներից յետոյ յոյսս կտրեցի նրա փրկութիւնից ու կապանքներով ուղարկեցի նրան քո տէրութեան առջեւ, որպէսզի դու, հետեւելով քաջ այրերի անպարտելի հրամաններին, քո արդար դատաստանով կարողանաս վրէժխնդիր լինել նրանից՝ աստուածներին անարգելու համար: Ո՛ղջ եղիր»:
Այնուհետեւ զինուորները վերցրին նամակը, եւ կապուած սուրբերով հանդերձ՝ ճանապարհ ընկան: Ճանապարհին նրանք անդադար աղօթում էին Աստծուն եւ խօսում Տիրոջ անուան համար նահատակուած երանելի ընկերների մասին: Ապա երանելի Եւստռատիոսը հարցրեց Ովրեստէսին. «Եղբա՛յր Ովրեստէս, ասա՛ ինձ, ինչպէս նահատակուեց սուրբ Օգսենտիոսը եւ որտեղ, քանզի ես կալանաւորուած էի, իսկ դու զօրքում էիր»: Սուրբ Ովրեստէսը պատասխանեց. «Երբ դուքսը մահավճիռ արձակեց սուրբի համար, երանելին խնդրեց դահիճներին թոյլ տալ տեսակցել քո առաքինութեանը ու հրաժեշտ տալ քեզ: Սակայն թոյլ չտուեցին, որ լսեն նրան, որովհետեւ ճաշի ժամն էր, եւ որովայնի ծառաները շտապում էին կատարել իշխանի կողմից իրենց հրամայուածը: Եւ իսկոյն նրան տարան ձորակի մօտ մի վայր, որը մենք Լեռնոտն ենք կոչում: Նա ճանապարհին սկսեց սաղմոսել ու ասել. "Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով"[7]: Եւ երբ աւարտեց սաղմոսը, հասաւ այդ տեղը, ընկաւ երեսնիվայր ու արտասուագոչ պաղատանքներով աղօթեց իր սրտում: Ապա վեր կացաւ եւ իր շուրջ նայելով՝ տեսաւ ինձ: Ես մօտ էի կանգնած: Նա կանչեց ինձ եւ խորհրդաբար պատուիրեց. "Եղբա՛յր Ովրեստէս, ողջունի՛ր երիցս երանելի իմ տէր Եւստռատիոսին եւ ասա՛ նրան, որ աղօթի՝ փութով իմ յետեւից հասնելու համար, քանզի ես անձկալով սպասում եմ նրա գալստեանը": Այս ասելով՝ նա խոնարհեցրեց իր պարանոցը, եւ այդ տեղում իսկոյն գլխատեցին նրան: Իշխանի սպառնալիքների ահից հաւատացեալներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրա նշխարներին: Բայց գիշերուայ մէջ Արաւրակ քաղաքից վեց երէցներ եկան, ծածուկ վերցրին վկայի սուրբ մարմինը, բայց գլուխը չգտան, որի համար դառնապէս վշտացան: Այնժամ մի ագռաւ, ծառի վրայ նստելով, ուժգին ճիչ արձակեց: Երէցները գնացին այնտեղ եւ գտան նրա սուրբ գլուխը՝ կախուած ծառի ճիւղից: Անճառելի ուրախութեամբ լցուած՝ երէցները ամփոփեցին այն երանելու միւս նշխարների հետ»: Լսելով այս ամէնը՝ երանելի Եւստռատիոսն արտասուքների վտակներ թափեց աչքերից, ուժգին պաղատանքներով եւ աներկբայ յոյսով աղօթեց Տէր Աստծուն, որ նոյն օրինակով կատարուի նաեւ իրենց նահատակութիւնը, եւ սուրբ Ովրեստէսին ասաց. «Շտապ գնա՛նք, եղբա՛յր իմ, որպէսզի մենք եւս արժանանանք մշտնջենաւոր Լոյսի մէջ հասնել նրա ժառանգութեան բաժնին»:
Արդ, հինգ օր յետոյ սուրբ վկաներին տարան մայրաքաղաք Սեբաստիա: Երբ Ագրիկողայոս դատաւորը տեսաւ նրանց եւ լսեց Լիւսիաս դուքսի հրովարտակի խօսքերը, զինուորներին հրամայեց հէնց նոյն օրը բանտարկել վկաներին՝ ոտքերը կոճղի մէջ ամրացնելով: Յաջորդ օրը նստեց քաղաքի հրապարակի բեմի առաջ ու հրամայեց սուրբերին առաջ բերել: Դատաւորի հրամանը քարոզւում էր ի լուր ամէնքի եւ ասւում. «Գրաւոր նամակները, որոնք ուղարկուել են դուքս Լիւսիասից, թող դարձեալ ընթերցուի ի լուր ամբողջ ատեանի, որ յայտնի լինեն Եւստռատիոսի վերաբերեալ նրա կողմից գրի առուած ամբաստանութիւնները»: Եւ երբ ընթերցեցին, անօրէն Ագրիկողայոսը շարժեց իր գլուխը եւ սուրբերին ասաց. «Ո՛վ Եւստռատիոս, թող քեզ չթուայ, թէ այստեղ իմ տանջանքների դատաստանն այնպիսինն է, ինչպիսին տեսար ու կրեցիր մեծ դուքս Լիւսիասի կողմից: Ես աւելի չար ու դժնդակ պատուհասներ կը հասցնեմ քեզ ու նաեւ մահուան կը մատնեմ: Այժմ լսի՛ր ինձ: Նախքան տանջանքներ կրելը խոնարհուելով երկրպագի՛ր մեր մեծ աստուածներին եւ հպատակուի՛ր ինքնակալի հրամաններին, որպէսզի պարգեւներ ու պատիւներ ստանաս»: Այնժամ սուրբ Եւստռատիոսը պատասխանեց դատաւորին. «Ո՛վ իմաստունդ ու խոհեմագոյնդ իշխաններից, թագաւորները ե՞ւս ենթարկւում են օրէնքներին, թէ՞ չեն ենթարկւում»: Ագրիկողայոսն ասաց. «Այո՛, ենթարկւում են, որովհետեւ նրանք եւս պահում են դրանք»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Ամէն բանից առաջ պէտք է իմանալ, քեզ եւ քեզ հետ եղողների մօտ պահւո՞ւմ են օրենքները, թէ՞ դրանք միայն մատեաններում են գրուած»: Ագրիկողայոսն ասաց. «Ինչո՞ւ ես այդպէս խօսում, ո՛վ անսուրբ, ո՞վ է անամօթ յանդգնութեամբ գործում հակառակ օրէնքներին»: Երիցս երանելի Եւստռատիոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, կայսեր օրէնքների մէջ գրուած է. "Թող բռնութիւնը բացառուի ամէն ինչից՝ գործերից եւ խօսքերից, բայց համաձայնութիւնը իրաւացիօրէն թող լինի ամէն բանում": Պէտք է կա՛մ համաձայնութեան բերել իշխանին, կա՛մ համաձայնել իշխանութեան տակ եղողին ու կատարել նրա հրամանը: Եւ դարձեալ գրուած է. "Հրամայում ենք, որ իշխանը դատելիս երկիւղը խառնի հեզութեանը, որպէսզի չլինի, թէ ոմանք երկիւղի պատճառով թշնամութիւն անեն, եւ ոչ էլ ոմանք հեզութեան պատճառով անհոգութիւն բանեցնեն": Արդ, այսպէ՞ս է գրուած, ո՛վ դատաւոր, թէ՞ ոչ»: Ագրիկողայոսն ասաց՝ այդպէս է՛: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Այժմ խնդրում եմ քեզ, որ սահմանուած այս օրէնքի կարգը նաեւ իմ հանդէպ կիրառուի»: Ագրիկողայոսն ասաց. «Հարկ է մեծ երկիւղով այն ամուր պահել քո եւ բոլորի հանդէպ»: Եւստռատիոսն ասաց. «Արդարեւ, խնդրո՛ւմ եմ քեզ, ո՛վ իմաստունդ դատաւորներից, ըստ օրէնքի՝ հեզութիւն խառնիր քո երկիւղին: Շատ մարդկանցից աւելի փորձառու լինելով՝ ջանայ նախապէս յանձն առնել կա՛մ հնազանդուել օրէնքներին, կա՛մ հնազանդեցնել՝ ըստ այդ օրէնքի: Իսկ եթէ չես կարող այդպէս անել, ապա առանց խօսքի, հարցաքննութեան եւ օր օրուան յետաձգելու՝ պատուհասի՛ր ու սպանի՛ր: Իսկոյն արա՛, ինչ որ կամենում ես»: Ագրիկողայոսն ասաց. «Ինչ որ ցանկանում ես, ասա՛ համարձակ, որովհետեւ այս արդար դատաստանը հնազանդ է լինել ըստ օրէնքի, իսկ դու էլ, ըստ օրէնքի, հնազանդուի՛ր ինքնակալների հրամաններին»: Եւստռատիոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, ո՞ւմ ես հրամայում երկրպագել, աստուածների՞ն թէ Աստծուն»: Ագրիկողայոսն ասաց. «Աստծուն եւ աստուածներին»: Եւստռատիոսն ասաց. «Մեծագոյնների՞ն, թէ՞ փոքրերին»: Ագրիկողայոսն ասաց. «Այո՛, նախ Արամազդին եւ Ապոլոնին, ապա Պոսիդոնին»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Մարգարէներից եւ քարոզիչներից որո՞նք են հնազանդուել, կամ իմաստուններից որո՞նց էք տեսել նրանց երկրպագելիս»: Ագրիկողայոսն ասաց. «Ո՛վ Եւստռատիոս, եթէ դու լաւ ճանաչէիր Պլատոնին, Արիստոտելին, Հերմէսին, Հոմերոսին եւ նրանց միաձայն այլ իմաստուններին, կը պաշտէիր նաեւ նրանց յիշատակը»: Սուրբն ասաց. «Նրանցից ոչ մէկին անտեղեակ չեմ, այլ բոլորին լաւ գիտեմ մանկուց: Սովորել եմ երաժշտագիտութիւն, քաջատեղեակ եմ թուաբանութեան եւ աստղաբաշխական գիտութիւններին, հեռու չեմ երկրաչափական գծագրումներից, եւ իմաստասիրութեան կրթութիւնը մեր իսկ օրէնքն է: Ես դաստիարակուել եմ՝ հանդիպելով իմ առաքինասէր հօրը, որը բնական գիտութիւնների հանճարեղ գիտակ էր: Եթէ կամենաս, ըստ քո խօսքի՝ սկսենք նախ Պլատոնից»: Ագրիկողայոսն ասաց. «Գիտենք Պլատոնի "Տիմէոս" մատեանի տրամախօսութեան մասին, երբ Պիւռիոն իջնելով՝ աղօթքներ մատուցեց աստուածուհուն: Արդ, նա քեզ իմաստուն թւո՞ւմ է, թէ՞ ոչ»: Եւստռատիոսն ասաց. «Քանի որ սկսեցիր "Տիմէոս"-ի գործից, այնտեղ Պլատոնը խիստ պարսաւում է քո Արամազդ աստծուն, որովհետեւ երկրորդ մատեանում այսպէս է գրում. "Աստուած բարի է՝ իբրեւ բոլոր բարիքների պատճառ, սակայն շատերին, այսինքն չարերին, անպատճառելի է, իսկ այլ բարիների համար, բացի Աստծուց, ոչ մէկին պատճառ չենք ընդունում": Արդ, պէտք չէ ընդունել ո՛չ Հոմերոսին եւ ո՛չ այլ քերթողներին, որոնք ասում են, թէ Զեւսը (որը եւ Արամազդը[8]) բարիքի եւ չարիքի պատճառ է լինում: Ինչպէս քերթողն է ասում, Զեւսը չէ՞ երդումի եւ դաշինքի եղծիչը: Այլեւս մի՛ գովէք նաեւ աստուածների պատերազմները եւ դատաստանը, որը, ինչպէս նոյն քերթողն է ասում, լինում են Զեւսի միջոցով դէպի ցանկութիւնը ձգելու նրանց, որոնց դու աստուածներ ես համարում: Արդ, Պլատոնը չի ցանկանում բնակիչներից ոչ ոքի՝ ո՛չ երիտասարդին, ո՛չ էլ ծերին, տեղեակ դարձնել այս բաներին, որ չասեն կամ չլսեն այսպիսի բաներ Արամազդի մասին, որովհետեւ օրինաւոր չէ աստուծոյ համար անարգել հօրը կամ հայրասպան լինել, ինչպէս որ ձեր կողմից պաշտելի Զեւսը, որն իր հայր Քրոնոսին, երկնքից երկիր իջեցնելով, վերացրեց նրան: Ուստի Պլատոնն արդարացիօրէն այպանում եւ թշնամանում է քո Զեւս աստծուն, որը կանանց նման անմխիթար ողբում էր Սարպեդոնի մահը: Ո՛վ դատաւոր, մի՞թէ այսպէս չէ, կամ մի՞թէ այդպէս չեն գրուած ձեր այդ առասպելական մատեաններում: Ահա եւ ինքը՝ Պլատոնը՝ ձեր իմաստութեան շարադրողը, մերժելի ցոյց տուեց Զեւսին եւ նրա նմաններին ու գրեց, որ նա է բոլոր թշուառութեան, վարքի եւ պղծութեան պատճառը: Ինչպէ՞ս էք դուք անմտաբար ստորադասւում նոյն մոլորութեանը եւ այսօր ստիպում մեզ երկրպագել ստայօդ ոչնչութիւններին, պղծագործ ախտաւորներին ու դիւանուէր անշունչ պատկերներին»: Ագրիկողայոսն ասաց. «Իմ մեծ մարդասիրութեամբ ներում եմ յանդուգն խօսքերիդ շաղակրատանքը: Այժմ եւ դու ասա՛, ո՞վ է Նա, Որին պաշտում ես՝ Աստուած կոչելով: Ի՞նչ կերպով է Նա, ինչպէ՞ս որպէս մարդ յայտնուեց կնոջից, դատապարտուեց մահուան եւ խաչուելով հրեայ ազգից՝ ձեզ Աստուած համարուեց»: Եւստռատիոսն ասաց. «Եթէ հրամայես եւ անձանձրոյթ լսես, ըստ կարգի կը յայտնեմ, ինչ որ խնդրեցիր, եթէ ժամանակը ների»: Ագրիկողայոսն ասաց. «Ասա՛, ինչ որ ցանկանում ես»: Այնժամ սուրբ Եւստռատիոսը գեղեցիկ ատենախօսութեամբ հաւաստիացրեց. «Ճշմարիտն Աստուած անհասանելի է, անքննելի, անայլայլելի, ամենազօր, արդար եւ բարի: Նրա Աստուածութիւնը մի է, անբաժանելի եւ անբաղդատելի, Նրանում չկայ ո՛չ մեծ, ո՛չ փոքր: Չկա՛ բազմաստուածութիւն: Այնպէս չէ, որ Նրանցից Մէկն արարի այսինչ արարածներին, Միւսն՝ այնինչ, որի համար ձեր իմաստուններն, աներեւոյթ զօրութիւնն անուղղակիօրէն մի Աստուծոյ վերագրելով, ասացին՝ Նա է ամէն բանի Արարիչը: Գերակատար գո՛ւթ, համայնի խնամող տնօրինութի՛ւն եւ զուգահաւասար բնութի՛ւն է, որոնք ոչնչով չեն կարող պատշաճել ձեր սուտ աստուածներին, այլ ճշմարիտ Աստծուն՝ Հօրը, Նրա Միածին Որդուն եւ ամենասուրբ Հոգուն, որին մենք պաշտում ենք: Արդ, ո՛վ դատաւոր, եթէ նորից ժամանակ տաս ու կամենաս լսել իմ ճշմարիտ Աստուծոյ եւ Բանի կենսաբեր տնօրէնութեան մասին, Որն անփոփոխ մնալով Իր էութիւնից՝ առաւ այս հողեղէն բնութիւնը եւ մեր փրկութեան համար կամաւոր անցաւ մարմնի կրքերի միջով, որպէսզի մարդկանց մօտեցնի Աստծուն, կարծում եմ, որ իսկոյն վրէժխնդիր կը լինես Նրա ճշմարտութեան համար, անմիջապէս կը ոչնչացնես քո աստուածների դիւաձոյլ արձանները եւ ազատուելով վիշապի չար ժանիքներից՝ կ՚ընկնես երկնաւոր Արքայի աւետարանի կենսաբեր ուռկանի մէջ»:
Այնուհետեւ Ագրիկողայոս դատաւորը լռեցրեց երանելուն եւ թողելով պատշաճ կարգը՝ ահաբեկելով բռնութիւն գործադրեց: Ասաց. «Քո բերանի բոլոր խօսքերն առասպել են թւում իմ աչքին: Արդ, այսուհետեւ մեր ատեանը եւ ինքնակալի հրամանն այլեւս քեզ թոյլ չեն տայ ինչ-որ բան խօսել քո Աստուծոյ մասին: Չենք կարող թոյլ տալ չարախօսել մեր մեծերի եւ աստուածային թագաւորների առաքինութիւնների մասին, այլ պէտք է ամէն բանում հպատակուել նրանց: Ուստի թողնելով բոլոր խօսքերդ եւ ընդդիմաբանութիւնդ՝ երկրպագի՛ր եւ զոհ մատուցիր ինքնակալի աստուածներին, այլապէս կը մատնուես այնպիսի սաստիկ տանջանքների, որ երբէք չէք տեսել ո՛չ դու, ո՛չ քո գործակից Ովրեստէսը»: Սուրբ Եւստռատիոսը պատասխանեց ու ասաց. «Ինչո՞ւ ես զուր եւ անիմաստ խօսքերով նեղութիւն պատճառում մեզ ու շուտ չես գործադրում ասածներդ»: Այնժամ անօրէն Ագրիկողայոսը որոշեց անտանելի տանջանքների մատնել նախ Ովրեստէսին, որ թերեւս ահաբեկի Եւստռատիոսին: Հրամայեց բերել երկաթէ մահիճ ու ներքեւից մեծ կրակ վառել: Երբ մահիճը շիկացաւ, եւ փայլատակող ճառագայթներ արձակուեցին նրանից, հրամայեց առաջ բերել սուրբ Ովրեստէսին ու մէջքի վրայ պառկեցնել մահճի վրայ, ապա դարձաւ Եւստռատիոսին եւ ասաց. «Ո՛վ Եւստռատիոս, տե՛ս պատուհասը, որ կայ եւ սպասում է նաեւ քեզ: Տանջանքներից առաջ նախապէս, մտածիր քո օգտի մասին»:
Երբ դահիճները սուրբ Ովրեստէսին մօտեցրին մահճին, սուրբի երեսն այլագունեց, որովհետեւ զարհուրեց տանջարանների տեսքից, սակայն նայելով սուրբ Եւստռատիոսին՝ ասաց նրան. «Աղօթի՛ր ինձ համար, տէ՛ր Եւստռատիոս, որովհետեւ մտքերս վախեցնում են ինձ»: Իսկ նա ասաց. «Մի՛ վրդովուիր եւ մի՛ վախեցիր, եղբա՛յր Ովրեստէս, որովհետեւ միայն աչքի տեսողութիւնն է երկիւղ բերում, իսկ զգացողութեամբ քեզ ոչինչ չի լինի, եթէ հաւատով գնաս դէպի նահատակութիւնը: Մեր Տէր Աստուծոյ օգնութիւնը մեզ հետ է՝ փրկելու մեզ այս ժամանակաւոր նեղութիւններից: Այժմ մի՛ վախեցիր, այլ յիշի՛ր Օգսենտիոսի եւ միւս սուրբերի նահատակութիւնը, ու չես լինի յետինը եւ վատթարագոյնը: Այս երեւացողները ժամանակաւոր են, իսկ պատրաստուած հանդերձեալները՝ յաւիտենական: Տիրոջ կողմից անապական գանձ է սպասւում Նրան յուսացողներին»:
Երբ սուրբ Եւստռատիոսն այսպիսի խօսքեր էր ասում սուրբ Ովրեստէսին, նրան շուրջը հաւաքուած զինուորների բազմութիւն կար: Հաւաքուել էին նաեւ Սեբաստիա քաղաքից, եկել էին տղամարդիկ՝ իրենց կանանցով եւ որդիներով՝ տեսնելու սուրբերի մրցահանդէսը: Նրանք խռնուած կուտակուել էին, իսկ սատանայի սպասաւորներն աւելի ու աւելի էին մահճի տակ բորբոքում հուրը: Այնժամ Քրիստոսի վկայ երանելի Ովրեստէսը, մօտենալով շիկացած մահճին, սկսեց աղօթել՝ ասելով. «Յաւիտենակա՛ն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի՛ Հայր, բոլոր նրանց յոյս եւ ապաւէն, ովքեր նեղութեան մէջ դիմում են Քեզ, գթա՛ անարժանիս եւ հաստատո՛ւն պահիր ճշմարիտ հաւատքի մէջ, որ ունեմ առ Քեզ: Իմ Տէ՛ր Աստուած, համբերութիւն տուր իմ տկարացած մարմնին, քանզի Դու չես արհամարհում նրանց, ովքեր իրենց յոյսը Քեզ վրայ են դնում, եւ զօրացրո՛ւ ինձ, որ Քո անունը փառաւորուի յաւիտեան. ամէն»: Սուրբ Ովրեստէսը երանելի Եւստռատիոսի հետ խաչակնքուեց ու առանց վախենալու իսկոյն ելաւ շիկացած մահճի վրայ, ամբողջ մարմնով տարածուեց հրահոսան գործիքին ու բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Եւ նոյն պահին աւանդեց հոգին:
Այս ամէնից յետոյ դատաւորը հրամայեց կապանքներով բանտարկել սուրբ Եւստռատիոսին: Բանտում առանձին լինելով՝ նա կանչեց ծառային, որը չէր հեռանում իրենից, եւ ասաց. «Որդեա՛կ, գնա՛ եւ շտապ թո՛ւղթ բեր, որ գրեմ իմ հրաժեշտի վերջին կտակը, քանզի վաղը ես եւս պատրաստւում եմ կանգնել Աստուծոյ առաջ»: Եւ երանելին գրեց իր վրայ եկած բոլոր նեղութիւնների մասին ու պատուիրեց, որ իր չորս ընկերների եւ իր սուրբ նշխարները տանեն իրենց հայրենի բնակավայրը՝ Արաւրակ քաղաք ու դնեն Բոսոսա (ըստ «Ճառընտիր»-ի) կոչուած առանձին տեղում: Քանզի իր հետ նահատակուած սուրբ վկաները՝ Ովրեստէսը, Մարդարիոսը, Օգսենտիոսը եւ Եւգինէոսը սուրբ Եւստռատիոսին երդուել էին տուել, որ վախճանից յետոյ իրենց մարմիններն իր մօտ դրուեն: Այդ պատճառով կտակում նա այդպէս էլ գրեց: Հայրական կալուածքը, որ նա ունէր Արաւրակում, պատուիրեց օգտագործել իրենց վկայարանի կարիքների համար, իսկ բոլոր անասունները, անդաստանները եւ ունեցուածքը բաժանել երկու մասի. մի մասը բաշխել աղքատներին, իսկ միւսը շնորհել իր քոյրերին: Պատուիրեց նաեւ ազատել իր ծառաներին ու աղախիններին՝ թոշակ յատկացնելով հանդերձ: Այդ օրը գրելով այս կտակը՝ այն պահեց բանտում:
Այդ ժամանակներում Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը (նա ինքը՝ սուրբ Վլասոսը) չարաշշուկ եւ դառը հալածանքների պատճառով գտնւում էր թաքստոցում: Գիշերուայ մէջ նա ծածուկ բանտ եկաւ, կաշառեց պահապաններին եւ խնդրեց լուր տալ Եւստռատիոսին, որովհետեւ երանելի եպիսկոպոսը լսել էր նրա իմաստութեան, անտանելի չարչարանքների մէջ համբերատարութեան եւ քաջութեան մասին, եւ թէ ինչպէս էր ատեանի առաջ ամաչեցրել անօրէն իշխանին ու նրա սնոտի պաշտամունքը: Եւ բանտ մտնելով՝ նա տեսաւ սուրբ վկային՝ կոճղի մէջ սեղմուած: Ընկաւ նրա պարանոցով, դառնապէս լաց եղաւ ու սկսեց համբուրել նրա ձեռքերի ու ոտքերի շղթաները: Ասաց նրան. «Երանելի՛ ես դու, որդեա՛կ Եւստռատիոս, որ մարդասէր Աստծուց համբերութիւն եւ քաջութիւն ստանալով՝ անպարտելի ախոյեան եղար ընդդէմ թշնամու ընդդիմամարտ զօրութեան եւ դէպի վեր բարձրացրիր քո արդարութեան պտուղները: Միայն թէ երբ անսխալ հասնես վերին յաղթանակի նպատակին՝ երկնաւոր Հօր հրաւէրին՝ հաղորդ լինելու Միածնի փառքին, քանի որ հաղորդ եղար եւ Նրա չարչարանքներին, այնժամ աղաչում եմ եմ քեզ, որդեա՛կ, յիշի՛ր ինձ Միածնի Աթոռի առաջ, երբ փառքով հանդիպես Նրան: Մի՛ մոռացիր անարժանիս, այլ հայցի՛ր, որ ողորմութիւն գտնեմ, եւ նաեւ խնդրիր, որ փարատուեն մէգն ու հալածանքների խաւարը, որ տարածուած են մեր շուրջը: Թող աստուածգիտութեան լոյսը ծագի մեր դէմ յարձակուողների վրայ՝ շնորհելով խաղաղութիւն աշխարհին եւ թող բարձրանայ սուրբ եկեղեցու եղջիւրը»: Սուրբ Եւստռատիոսը պատասխանեց եպիսկոպոսին. «Տէ՛ր իմ, հոգեւո՛ր հայր եւ Քրիստոսի հօտի՛ վերատեսուչ, թող քո սրբութիւնն այդպէս չմտածի, որովհետեւ ես ինքս քո աղօթքներով ինձ ճանապարհելու օգնութեան կարիքն ունեմ՝ սուրբերի ժառանգութեան բաժնին լոյսի մէջ հասնելու համար»: Այս ասելով՝ իր մօտ նստեցրեց սուրբ եպիսկոպոսին՝ նրա իւրայիններով հանդերձ եւ ասաց նրան. «Հրեշտակը, որ երեւաց ինձ, յայտնեց ինձ առաջիկայ ճանապարհի մասին, եւ քանի որ պատրաստւում եմ վաղը երրորդ ժամին ելնել այս մարմնից ու մտնել առ Աստուած, Որին փափագում եմ, այժմ վերցրո՛ւ իմ այս կտակը, որը գրեցի այս բանտում եւ ընթերցի՛ր»:
Եւ երբ ընթերցեց, երանելին եպիսկոպոսին խնդրեց իր հետ եղող կրօնաւորների հետ ստորագրել այդ թուղթը, որպէսզի այն հաստատուն եւ անփոփոխ լինի: Երդում առաւ եպիսկոպոսից, որպէսզի նա իր եւ սուրբ Ովրեստէսի նշխարները տանի իրենց գաւառը ու այլ ընկերների հետ թաղի իր կտակի յիշատակուած տեղում: «Իսկ դու էլ, - ասաց, - հանդերձեալ յաւիտենութեան մէջ բոլոր սուրբերի հետ բարի վարձք կ՚ընդունես բոլորի Արարչից»:
Երբ եպիսկոպոսը խոստացաւ անյապաղ կատարել իր բոլոր պատուիրածները, երանելի վկան խնդրեց նաեւ, որ արժանացնի իրեն սուրբ հաղորդութեան վերջին թոշակին ու ասաց. «Այն ժամանակուանից, երբ բռնուել եմ ու կապուել, չեմ հաղորդուել Աստուծոյ Որդու Մարմնին եւ Արեանը»: Այնուհետեւ երբ երկիւղած սպասաւորները բերեցին սուրբ Խորհուրդը, սուրբ Եւստռատիոսը մօտեցաւ երանելի եպիսկոպոսին եւ նրանից ընդունեց երկնային Մանանան: Այնժամ յանկարծ ահեղ փայլատակում ծագեց բանտում, շէնքը լցուեց անստուէր լոյսով, անուշահոտութիւն բուրեց, եւ հրեշտակների ձայն լսուեց: Եւ ահա մի ձայն եկաւ, որն ասաց. «Ո՛վ Եւստռատիոս, Իմ քա՛ջ զինուոր, լա՛ւ աշխատեցիր: Այսուհետեւ ընդունի՛ր Իմ կողմից պատրաստուած պսակը»:
Երբ լսեցին երանելի երկնային խօսքերը, բոլորն ընկան երեսնիվայր եւ լցուած անճառ խնդութեամբ՝ երկրպագեցին Աստծուն՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին՝ փառք առաքելով դէպի բարձունքները, Ով կամեցաւ զօրացնել Իր երանելի վկային: Եւ այդպէս ամբողջ գիշեր յարատեւեցին՝ Աստծուն աղօթելով: Այգաբացին եպիսկոպոսն ընկաւ սուրբ վկայի առաջ, ողջոյն տուեց նրա սուրբ եւ աստուածակիր մարմնին ու նրա հետ Աստուծոյ առաջ ծունկի եկած՝ խնդրեց այցելութիւն անել, փրկել Իր ժողովրդին ու դադարեցնել սուրբ եկեղեցու հալածանքները եւ խռովութիւնները: Իսկ սուրբ վկան բռնեց եպիսկոպոսի աջը, դրեց իր աչքերի վրայ, ապա համբուրեց եւ ասաց. «Աղօթի՛ր ինձ համար, Քրիստոսի կենդանի՛ վկայ եւ սուրբ հայրապետ, ու մի՛ մոռացիր իմ կտակում գրուածը»: Այնուհետեւ եպիսկոպոսը վեր կացաւ, խաչակնքեց իրեն սուրբ Խաչի նշանով՝ ասելով. «Տէր Աստուծոյ խաղաղութիւնը թող քեզ հետ լինի», ու հեռացաւ:
Իսկ Ագրիկողայոս դատաւորն առաւօտեան նստեց բեմին ու հրամայեց առաջ բերել սուրբ Եւստռատիոսին: Եւ երբ եկաւ, առանձնացրեց նրան ամբոխից ու ասաց. «Եւստռատիո՛ս, երդւում եմ աստուածների փրկութեամբ եւ նրանց տնօրինութեան վկայութեամբ, թէ որքան տրտում եմ քեզ համար, որ դու յանձն չառար հնազանդուել ինքնակալի հրամաններին: Արդ, այս հանդիսական ատեանի առաջ, միայն արտաքուստ, որ հաւաքուած ժողովուրդը տեսնի, երկրպագի՛ր աստուածներին, իսկ քո սրտում պահի՛ր հաւատքդ քո Աստուծոյ հանդէպ եւ երկրպագի՛ր Նրան, որովհետեւ եթէ Նա Աստուած է, կը տեսնի սրտիդ ծածուկ խորհուրդները: Դու երանելի կը լինես այս աշխարհում: Այդքան իմաստութիւն ունենալով՝ չարաչար մի՛ կործանիր քեզ՝ իբրեւ մահապարտ մէկը: Եթէ մի հնար ունենայի՝ թեթեւացնելու քո դատաստանի վճիռը, այդ եւս չէի խնդրի քեզնից: Իմ սիրտը կարեկցում է քեզ, իմ երիկամները ճմլւում են, եւ յոյժ խղճում եմ քեզ ու ցաւում: Ամբողջ գիշեր ցաւագին տրտմեցի քեզ համար, մինչեւ իսկ քունը փախաւ իմ աչքերից»: Սուրբ Եւստռատիոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, մի՛ տրտմիր եւ մի՛ տագնապիր ինձ համար ու զուր խորհուրդներով մի՛ խռովուիր քո միտքը, որովհետեւ երբէք չեմ մտածել ականջ դնել քո կորստաբեր խրատներին, այլ ամբողջովին հաստատուն եւ անսասան է իմ հաւատքը, որ ունեմ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ: Քո տանջարաններն ինձ համար ուրախութիւն են, իսկ եթէ չես հաւատում, դարձեալ սկսիր չարչարել ինձ, ինչպէս որ կամենում ես»:
Ագրիկողայոսը ծածկել էր իր երեսը եւ ցոյց էր տալիս, թէ խիստ ցաւակից է սուրբին: Մինչեւ իսկ ամբոխը եւս, տեսնելով նրա գութը արդարի հանդէպ, ու նաեւ հելլենացիները՝ քաղաքացիներով հանդերձ, մորմոքւում եւ լաց էր լինում էին լինում այդպիսի իմաստուն մարդու կորստեան համար: Այնժամ սուրբ վկան սկսեց բարձրաձայն աղաղակել ատեանի առջեւ ու ասել. «Ո՛վ Ագրիկողայոս, ինչո՞ւ ես յապաղում եւ իսկոյն չես կատարում քո թագաւորների հրամաններն ու քո հօր՝ սատանայի կամքը, քանզի նա է քո միջոցով այս փորձութիւնները բերում ինձ վրայ, որպէսզի խաբէութեան հնարքներով զրկի ինձ առաջիկայ երանութիւններից: Ես, բարձրեալ Աստուծոյ՝ երեւելի եւ աներեւոյթ արարածների Արարչի ծառան լինելով, մերժում եմ ձեր ինքնակալի անաստուած հրամանը եւ արհամարհում ու հրաժարւում եմ ձեր աստուածների չար պաշտամունքներից»:
Այնժամ Ագրիկողայոս դատաւորը, տեսնելով Քրիստոսի անյաղթ վկայի անփոփոխ եւ հաստատուն միտքը, նրա համար արձակեց հետեւեալ մահավճիռը. «Եւստռատիոսը՝ զինուորական գնդից նշանաւոր եւ իմաստուն այրը, որն ինքնակալների կողմից պատուի էր արժանացել իշխանական փառքով, անարգեց մեր անմահ աստուածների պաշտամունքը եւ արհամարհեց ինքնակալների հրամանն ու կրօնը՝ ընտրելով մահը իր սնոտի յոյսի՝ ոմն խաչեալ Յիսուսի համար, որը Գալիլեայի Նազարէթ քաղաքից էր: Ուստի հռոմէացիների օրէնքը հրամայում է ողջ-ողջ այրել նրա չարաբաստ եւ անբարեսէր մարմինը»:
Երբ բազմութեան առաջ ընթերցուեց այս հրամանը, իսկոյն հնոց բորբոքեցին: Ամբողջ ատեանը եւ քաղաքի մարդիկ գնում էին սուրբի յետեւից՝ տեսնելու նրա նահատակութեան տեսարանը: Երանելին մերկացաւ իր հանդերձներից, սփածանելիով կանգնեց հնոցի մօտ եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Փառաւորելով փառաւորո՛ւմ եմ Քեզ, Տէ՛ր ամենակալ: Տէ՛ր Յիսուս Քրիստոս, փառաւորուի՛ր իմ մարմնի ու հոգու մէջ, քանզի նայելով իմ խոնարհութեանը՝ չմատնեցիր ինձ իմ նեղողների ձեռքը, այլ պահեցիր ինձ Քո ողորմութեամբ եւ ծածկեցիր ինձ Քո թեւերի հովանու ներքոյ: Եւ այժմ գթա՛ ինձ, որովհետեւ յոյժ աղքատացայ եւ խռովուեցի հոգուս մարմնիցս ելնելու համար: Թող երբէք հակառակորդի չար խորհուրդները չտիրեն ինձ, եւ ես չգնամ դէպի արտաքին խաւարը այս կեանքում գործած իմ յանցանքների համար: Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ մի՛ մատնիր ինձ դժոխքին, թող որ չտեսնեմ խարդախ բանսարկուի խաւար երեսը, այլ թող ինձ ընդունեն Քո լուսեղէն հրեշտակները: Տէ՛ր, տո՛ւր Քո սուրբ անուան փառքը եւ Քո զօրութեամբ պահի՛ր ինձ: Կարգի՛ր ինձ Քո աստուածային բեմի աջ կողմում եւ դատելիս թող ինձ չմօտենայ այս աշխարհի իշխանի ձեռքը՝ անդունդների խորխորատը ձգելու համար, այլ Դու, Տէ՛ր, մօտ եղիր ինձ եւ եղի՛ր իմ կեցուցիչը, օգնականը եւ պաշտպանը: Այս մարմնաւոր չարչարանքները, որ հասան ինձ, ուրախութիւն եւ ցնծութիւն եղան ինձ՝ Քո ծառայի համար: Տէ՛ր Աստուած, ողորմի՛ր ինձ՝ մեղքով շաղախուած անձիս, եւ ընդունի՛ր ինձ մաքրութեամբ, որովհետեւ իմ ապրելը Քեզնով է, իսկ մեռնելը՝ Քո փառաւորեալ անուան, անապական գանձերի ու անկողոպտելի հարստութեան համար: Ճշմարի՛տ Աստուած եւ ողորմութեա՛ն Հայր, բարութեան, զօրութեան եւ իմաստութեա՛ն Հոգի, գոհանում եմ Քեզնից, որ անարժանիս արժանացրիր Քո անապական բարիքներին: Խաղաղութեա՛ն Նաւահանգիստ, ընդունի՛ր ինձ, որ անմահութեան պատրանքով ծփում եմ այս կեանքի մեղքերի ծովի անդնդապտոյտ յորձանքներում: Քեզ եմ դիմում եւ խնդրում, համբերութի՛ւն տուր այս նեղութեան մէջ, որպէսզի յաղթեմ բանսարկուին, որովհետեւ Դու ես ճշմարիտն Աստուած, որ կենաց խօսքը տարածեցիր աշխարհում, հալածեցիր անօրէնութեան մրրիկը եւ Քո արդարութիւնը ծագեցրիր իմ մէջ: Դու, որ միշտ փրկում ես Քեզ յուսացողներին, օգնի՛ր, որ արժանապէս նահատակուելով Քո առաջ՝ արժանանամ յաւիտենական կեանքին: Ովքեր հաւատով կը կատարեն մեր յիշատակը եւ ի բարեխօսութիւն իրենց յիշեն մեզ՝ նեղութեան մէջ դիմելով Քեզ, Տէ՛ր Աստուած, որպէս բարերար եւ մարդասէր Աստուած՝ լսի՛ր ու փրկի՛ր նրանց հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից ու մի՛ թող Քո ձեռքից Քո սուրբ Եկեղեցին: Բոլոր սուրբերի հետ խաղաղութեամբ ընդունիր եւ իմ հոգին, եւ Քեզ փառք յաւիտեանս. ամէն»:
Այնժամ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Կը կատարուեն քո խնդրանքները»: Ապա իսկոյն կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ մտաւ հնոցի մէջ: Բորբոքուած հուրն առագաստաձեւ շրջապատեց երանելի վկայի մարմնին, եւ բոցը բարձրանալով երկինք ելաւ: Այդպէս ողջ-ողջ հրկիզուելով կրակի մէջ՝ Քրիստոսի վկան օրհնութեամբ աւանդեց իր հոգին: Եւ որոնց Տէրն արժանի արեց, նրանք տեսան սուրբի հոգին, որն իբրեւ լոյսի փայլատակող ճառագայթ՝ ելնում էր դէպի բարձունքները:
Վկայի նահատակութիւնից յետոյ անօրէն Ագրիկողայոսը գնաց իր ապարանքը եւ ընթրիքի սեղան բացելով՝ մեծ խրախճանք արեց իր բարեկամների հետ՝ մեծ քաջագործութիւն համարելով իր արած գործը: Իսկ քաղաքի ամբոխը ցրուեց իր տները: Դատաւորի սպառնալիքի պատճառով ոչ ոք չէր համարձակւում մօտենալ եւ ձեռք տալ սուրբի նշխարներին, բայց քաղաքի եպիսկոպոսը՝ Վլասիոսը կամ Պետրոսը, իր հետ վերցնելով եկեղեցու ժառանգաւորներից երկիւղած այրերի, գիշերուայ մէջ եկաւ եւ ամփոփեց սուրբ վկաների՝ Ովրեստէսի ու Եւստռատիոսի նշխարները: Դնելով փայտէ տապանի մէջ՝ պահեց որոշ ժամանակ եւ ապա անձամբ տեղափոխեց իրենց հայրենի բնակավայրը՝ Արաւրակ, ինչպէս որ սուրբ վկան նշել էր իր կտակում:
Երբ հալածանքները դադարեցին, Քրիստոսի հինգ անյաղթ վկաների՝ Օգսենտիոսի, Մարդարիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մեծ Եւստռատիոսի հանգստարանի վրայ վկայարան շինեցին: Ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ՝ ամէն տարի դեկտեմբերի տասներեքին մեծապայծառ ուրախութեամբ եւ փառաւորեալ հանդիսութեամբ կատարում էին սուրբերի յիշատակի օրը, որոնք Նրանից անեղծ եւ անապական պսակներ ստացան: Որին թող մենք եւս հաղորդ լինենք սուրբերի ու բոլոր ընտրեալների բարեխօսութեամբ եւ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրութեամբ, Որին Հօր եւ Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Օգսենտիոսի, Մարդարիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մեծ Եւստռատիոսի յիշատակը տօնում է Յիսնակի պահոց երրորդ հինգշաբթի օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
[1] Սաղմ. ՃԺԳ 8:
[2] Երեմ. Ժ 11:
[3] Հռոմ. Ը 18:
[4] Սաղմ. ՃԼԲ 1:
[5] Հմմտ. Մատթ. ԺԶ 24, Մարկ. Ը 34, Ղուկ. Թ 23:
[6] Աստուածները:
[7] Սաղմ. ՃԺԸ 1:
[8] Հայաստանում հելլենական մշակոյթի տարածումից յետոյ յունական եւ հայկական աստուածները համադրուել են, ինչպէս Արամազդը նոյնացուել է Զեւսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: