«Յուսացեալքն յանուն Քո սուրբ՝ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:
Որք կամաւն իւրեանց անցին ընդ հուր եւ ընդ սուր.
Եւ դասակից եղեն վերին զուարթնոցն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:
Արդ խնդրեմք ի Քէն Թագաւոր փառաց.
Աղաչանօք սրբոց վկայիցն խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց»:
(Շարակնոց)
Անօրէն Մաքսիմիանոսն իր ինքնակալութեան երկրորդ տարում հալածանքներ յարուցեց Աստուծոյ եկեղեցու դէմ եւ բորբոքուած կատաղի զայրոյթով՝ պատերազմ սկսեց ընդդէմ Բարձրեալի զօրքի: Նա՝ ինչպէս որսողների որոգայթներով, չարասէր բանսարկուի բոլոր հնարքներով պաշարում էր բոլոր նրանց, ովքեր քրիստոէական հաւատքի պաշտօնակատարները եւ սնոտիապատիր մոլորեցուցիչ կուռքերն արհամարհողներն էին: Այդ ժամանակներում ուղղափառ դասից կային բազմաթիւ աստուածավախ եւ ճշմարտասէր այրեր, որոնք քաջ տիրապետում էին քերթողական ու ճարտասանական արուեստին, բայց առաւել լցուած էին աստուածային գիտութեամբ եւ փրկչական Աւետարանի Քրիստոսապատում վարդապետութեամբ: Նրանք պատմագրում էին ժամանակաշրջանի բոլոր դէպքերն ու այդ ժամանակների իրադարձութիւնները՝ անմոռաց յիշատակարան թողնելով իրենց հետնորդներին: Նրանցից մէկը երանելի Կիւրղոսն էր՝ Բիւթանիայի նահանգի Նիկոմիդիայի սրբազան քահանայապետը, որը զարդարուած էր բարեպաշտ կենցաղավարութեամբ: Ինչպէս կարծում են, նա եղել է սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի յաջորդը եւ յայտնի է որպէս սուրբ Անթիմոսի նախորդը: Նա շինում էր անաստուած հելլենացիների կողմից ընկած եւ աւերուած եկեղեցիները, վերականգնում մարտիրոսների մատուռները, հիմնում ճգնաւորների մենաստաններ եւ իր վարդապետութեամբ զօրացնում սուրբ հաւատի մէջ տկարներին: Բոլորին ցոյց էր տալիս ճշմարիտ ճանապարհը եւ սերմանում արդար գործեր մինչեւ իսկ նրանց մէջ, ովքեր բնակւում էին արքունի պալատում, որոնցից շատերն ընդունեցին քրիստոսադիր սուրբ օրէնքները եւ թողնելով աշխարհի հարստութեան երեւելի ճոխութիւնը՝ իրենց ունեցուածքն ու կարողութիւնը բաշխեցին տնանկներին եւ կարօտեալներին ու ամբողջովին նուիրուեցին Քրիստոսին:
Իմանալով այս մասին՝ անօրէն Մաքսիմիանոսն ամենեւին չկարողացաւ հանդուրժել, որովհետեւ պաշարուած էր երկու պատերազմով. մարտնչում էր ընդդէմ սուրբ Եկեղեցու եւ վանում այլազգիների դէմ մղուող մարտը: Առաջին պատերազմը, որ քրիստոնեաների դէմ էր, միառժամանակ ծածուկ արեց՝ մտածելով. «Այլազգիների դէմ մղուող մարտը վերջացնելուն պէս դարձեալ փնտռելով կը գտնեմ քրիստոնեաներին եւ դատաստանով վրէժ կը լուծեմ անմահ աստուածներին արհամարհողներից եւ հռոմէական տէրութեան արդար օրէնքներն այպանողներից»: Եւ այսպէս գոռոզութեամբ մտաւ առաջիկայ պատերազմի մէջ:
Սակայն աստուածապաշտութեան ջահը եւ ճշմարտութեան կանթեղը՝ այն աստուածային հուրը, որ բոլորի Տէրը գցեց երկիր, վերստին աւելի ու աւելի բորբոքուեց, իսկ Քրիստոսի զինուորները, լսած լինելով բռնաւորի բարձրագոչ սպառնալիքները, լցուած էին անպարտելի հաւատով եւ պատրաստ էին ճակատամարտի մէջ մրցութեան ասպարէզ մտնել:
Արդ, մինչ այս վիճակն էր տիրում Քրիստոսի հօտին, յանկարծ արեգակնափայլ ծագմամբ երեւաց բարետես եւ յոյժ վայելուչ աստղը՝ գերապայծառ, մաքրամիտ, պարկեշտութեամբ զարդարուած չքնաղ եւ զարմանալի Դոմնա կոյսը (հռոմէացիների լեզուով Դոմնա թարգմանաբար նշանակում է տիրուհի), որը ծագումով նշանաւոր եւ փառաւոր տոհմից էր ու մեծացել էր թագաւորական առագաստի գահին: Անօրէն Մաքսիմիանոսի կողմից նա քրմապետուհի էր կարգուած՝ սպասաւորելու սնոտի աստուածների պաշտամունքին, որոնք դրուած էին արքունի ապարանքում: Նա քրմուհիների առաջնորդն ու գլխաւորն էր, բոլոր զոհաբերութիւնների եւ տասներկու աստուածներին մատուցուող նուիրաբերութիւնների վերակացուն եւ իշխողը: Բայց քանի որ պտղատու ծառը բերրի հող է փնտռում, եւ պտղաբեր ձիթենին Աստուծոյ տանն է հաստատւում, Աստուած Դոմնայի մտքում տնկեց աստուածապաշտութեան խորհուրդը, որով առաջնորդուելով՝ նա զօրանում էր Հոգու իմաստութեամբ: Տարբեր առիթներով լսելով աստուածային պատուիրանների մասին՝ նա կամաց-կամաց ընդունում էր աստուածապաշտութեան լոյսի ճաճանչը եւ ծարաւ հոգով ցանկանում հասնել անմահ Փեսայի սիրուն: Ձեռք բերելով աստուածընկալ սուրբ Պօղոսի թղթերը եւ «Գործք Առաքելոց» գիրքը՝ անդադար ընթերցում էր եւ գիշեր թէ ցերեկ աշխատասիրաբար խոկում դրանց շուրջ: Ծանօթանում էր դրանցում եղած բոլոր հոգեպատում աստուածահրաշ մտքերին ու հրաշագործութիւններին եւ զուարճանալով ցնծում ու բերկրում էր իր հոգուն շահ բերող այդ խօսքերից: Հանդիպելով այդ գանձերին՝ նա յատկապէս մտաբերում էր մարմնաւոր հարստութեան մէջ գտնուող իր հոգու նախկին տնանկութիւնը եւ անցած ժամանակուայ մէջ այսպիսի բարիքներից ու ճշմարիտ լոյսից զուրկ լինելը, որի համար իր անցած կեանքը խոր գիշեր էր համարում:
Մի գիշեր նա ծածուկ իր մօտ կանչեց աստուածային օրէնքներին քաջատեղեակ մի հեզ կոյսի, որը քաղաքի պատուաւոր անձանցից մէկի՝ խորհրդական սինկղիտոսի դուստրն էր: Մեծ տենչով նա ցանկանում էր ամբողջովին տեղեկանալ Քրիստոսի ճշմարիտ հաւատքի պաշտամունքին եւ ուսանելով անհրաժեշտը՝ շտապում էր նրա առաջնորդութեամբ կենցաղավարել աստուածապաշտութեան կարգով եւ թեւակոխելով հասնել գեղեցկագոյն խորհրդին՝ մկրտութեանը: Ապա մի գիշեր, բոլորից ծածուկ, Դոմնան իր մի ներքինու հետ գնաց սուրբ Կիւրղոս քահանայապետի մօտ եւ հանդիպելով նրան՝ յայտնեց իրենց ի Քրիստոս ունեցած փափագը: Սուրբ Կիւրղոսն ընդունեց նրանց մեծ ուրախութեամբ եւ խրատելով նրանց աստուածային պատուիրաններով ու քարոզելով ճշմարիտ հաւատքը՝ տեառնագրեց նրանց Քրիստոսի նշանով: Կատարելով սովորական կարգը՝ իսկոյն նրանց ընդունեց երախայութեան կարգի մէջ եւ պատուիրեց Ագապիոս անունով սարկաւագներից մէկին ամէն օր կրթել նրանց: Այնուհետեւ տրուելով աղօթքներին ու պահեցողութեանը՝ երանելի Դոմնա կոյսն ամբողջովին մոռացաւ հելլենական ցոփ սովորութիւնները:
Պալատում ոչ ոք չգիտէր Դոմնայի անմահ Փեսային ընծայուելու մասին, բացի նրա առաքինութիւններին մերձ կանգնած Ինդոս անունով մի ներքինուց, որը բարբարոսների ազգից եւ տոհմից էր, թէպէտ նրա բարքը բարբարոսի չէր, այլ արդարութեան ազնիւ եւ պատուական ընդունարան էր: Նա այնպէս բոցավառուեց Քրիստոսի սիրով, որ ոչ միայն կոյսի նման ընդունեց հաւատքը, այլ անգամ առաջ անցնելով նրանից՝ ըղձալի տենչով փութաց հասնել մարտիրոսութեան:
Արդ, երբ երկուսն էլ եկան-հասան մկրտութեան սահմանուած օրուան, սուրբ Կիւրղոս եպիսկոպոսի արժանաւոր ձեռամբ եւ սուրբ աւազանով վերստին ծննդեամբ արժանացան ընդունել Քրիստոսի կնիքը, լինել երկնաւոր Հօր որդեգիրները եւ Սուրբ Հոգու հրաւէրքով ստանալ երկնային պատուական Մարգարիտը՝ սուրբ հաղորդութիւնը: Այդ ժամանակ երանելի Դոմնա կոյսը հազիւ տասնչորս տարեկան էր: Պարսպելով իրեն Հոգու գիտութեամբ՝ երանելին հաստատուեց անարատ մաքրութեամբ եւ այնուհետեւ հեռանալով մարմնաւոր զբաղմունքներից ու այս ստորաքարշ կեանքի ունայն, մոլորեցնող խաբէութիւններից՝ հոգում էր միայն իմանալի կենաց Հացին արժանանալու եւ աստուածային խօսքերն ուսանելու համար:
Արդ, մի անգամ երանելի կոյսն իր ձեռքն առաւ «Գործք Առաքելոց» աստուածային գիրքը եւ հասաւ այն տեղին, ուր առաքելական քարոզչութեանն աշակերտողները, վաճառելով իրենց ունեցուածքն ու կալուածքները, առաքեալների ոտքերի տակ էին դնում արծաթով լի քսակները՝ կարօտեալներին բաշխելու համար: Եւ այս մտապահելով՝ նա որքան արծաթեղէն, ոսկեղէն, սպասք եւ պատուական հանդերձներ ունէր, հաւաքեց, իր ծառայի հետ գիշերը տարաւ երանելի Կիւրղոսի մօտ եւ մեծ պաղատանքներով խնդրեց ընդունել դրանք ու իր ձեռքով բաշխել աղքատներին, եւ ապա լուռ վերադարձաւ արքունի պալատի իր սենեակը:
Այդ օրերին սուրբ Կիւրղոսը՝ սուրբ Դոմնայի վերստին ծննդան հոգեւոր հայրը, թողնելով երկրային կեանքը, փոխուեց երկինք՝ բոլորի Հօր մօտ: Նրա վախճանին տեսանելի նշաններ երեւացին հաւատացեալների բազմութեանը: Իսկ երանելի կոյսը, թէպէտ տխրում էր նրանից բաժանուելու համար, սակայն իր սրտում կնքած էր պահում ճշմարիտ քահանայապետի արդարութեան բոլոր դաշինքները՝ նախանձախնդիր լինելով եւ նմանուելով նրա ճգնողական առաքինութիւններին: Երանելի Ինդոսը եւս, նրա հետ ճգնելով, ճնշում էր իր մարմինը պահեցողութեամբ: Նրանք կերակրւում էին երեկոյեան մօտ, որ էր միայն հաց եւ ջուր, իսկ յատկացուող կերակուրը, որը թագաւորական ապարանքից մատակարարւում էր նրանց, տալիս էին աղքատներին: Եւ միշտ այսպէս վարուելով՝ բնաւ ոչ ոքի ոչինչ չէին ասում եւ այդ ամէնը բոլորից ծածուկ էին պահում:
Բայց վայել եւ պատշաճ չէ, որ լերան վրայ գտնուող քաղաքը ծածկուէր, կամ լուսափայլ ճրագը գրուանի[1] տակ դրուէր, կամ էլ աստուածային գանձերը ծածկուէին հողի տակ: Եւ այդժամ չար մարդիկ, չարանալով նրանց վրայ բարի գործերի պատճառով, հետեւեցին նրանց ու մէկ առ մէկ պատմեցին գլխաւոր մատակարարին, որը կարգուած էր արքունական պալատի եւ ինքնակալի գերդաստանի վրայ: Եւ լսելով` սա ոչ քիչ տանջանքների մատնեց Ինդոսին ու Դոմնային, շատ հարուածներ հասցրեց եւ նախատեց նրանց՝ հաշիւ պահանջելով, թէ ինչպէս են վատնում թագաւորական ապարանքից իրենց հատկացուած միջոցները կամ ինչ կարիքների համար են ծախսում: Իսկ նրանք չէին յայտնում իրենց հոգեւոր շահի ըղձալի օգուտները, այլ մեծ համբերութեամբ հաստատուն էին մնում նահատակութեանն ուղղուած իրենց ջանքերում, որպէսզի չխափանուէր կարօտեալների համար կատարուող մարդասիրական գործը:
Բայց ներքինիներից մէկը, որն, ըստ ոմանց, ազգութեամբ պարսիկ էր, մօտենալով իշխանին, նրանց մեծ եւ գովելի առաքինութեան գործերը որպէս պարսաւանք ներկայացրեց ու ասաց. «Նրանք մաքուր են, իրենց հեռու են պահում կերակուրներից, հրաժարւում են հեշտութիւններից, բայց ինչ-որ տառապանքներից ճնշուած՝ մաշում են իրենց: Ամէն բան, ինչ արքայի կողմից առատատուր պարգեւներով հասնում է նրանց, կերակուր է լինում արքայի եւ աստուածների հակառակորդներին: Եթէ կամենում ես իմանալ ճշմարտութիւնը, բացի՛ր նրանց շտեմարանները եւ ստուգի՛ր»:
Եւ իշխանը, սիրայօժար լսելով այդ անօրէն մարդուն, իսկոյն հրամայեց բացել նրանց սպասքի սենեակը, բայց այնտեղ ոչինչ չգտաւ, բացի տէրունական Խաչից եւ Պօղոս առաքեալի տասնչորս թղթերի գրքից: Դրանց հետ կային նաեւ «Գործք Առաքելոց» գիրքը, խեցեղէն բուրվառ, ճրագ, փայտէ փոքր տապանակ, որի մէջ պահում էին սուրբ հացի նշխարները եւ աւելացած Կերակուրի մնացորդները, որից հաղորդւում էին: Կային նաեւ խոտից հիւսուած երկու սովորական խսիր, որ դրուած էին չոր գետնի վրայ, որոնք էլ ազնուական ու ճշմարտասէր երանելիների՝ Դոմնայի եւ Ինդոսի համեստ անկողիններն էին: Իշխանը ցասումով հարցրեց նրանց. «Որտե՞ղ են զարդարանքների մաքուր ոսկիները, ձեր ամենապատուական հանդերձանքները եւ շքեղ սպասքը»: Իսկ երանելիներն ուշադրութիւն չդարձրին նրա հարցմանն ու ամենեւին չպատասխանեցին, այլ լուռ եւ գլխիկոր աղօթում էին՝ իրենց սրտում գոհանալով Տիրոջից եւ ակնկալում ստանալ երկնային վարձք ու անանց բարիքներ: Այնժամ չարի արբանեակը մատնեց նրանց չարչարանքների եւ գանահարելով բանտարկեց մի խաւարտչին բանտում, մինչեւ որ ամբողջ եղելութիւնը ստուգելով տեղեկացնէր թագաւորին, որն այդժամ քաղաքում չէր:
Եւ նրանք երկար օրեր մնացին բանտում: Նրանց կերակուրը միայն կենդանի հացն էր, իսկ ըմպելիքը՝ աստուածային շնորհը, սակայն երկար տառապանքներ կրելուց յետոյ նաեւ հացին ու ջրին կարօտ մնացին, որովհետեւ խիստ ու անտանելի էր անօրէն իշխանի հրամանը՝ տրուած բանտապահներին, որով ասւում էր. «Փոխարէն այն բանի, որ նրանք քաղցած որովայններ էին լցնում, թող այդպէս էլ նրանց որովայնները մաշուեն քաղցից եւ կիզուելով պապակուեն ծարաւի տապից»: Եւ այնպիսի անողորմ տանջանքներ էին հասցնում Աստուծոյ վկաներին, որ կոյսը հիւանդացաւ: Ոչ մի տեղից մխիթարութիւն չկար, սակայն Աստուծոյ ողորմութիւնն ու գթութիւնն անմիջապէս հասաւ նրանց, որովհետեւ Նա, բանալով Իր ձեռքը, բոլորին լիացնում է կերակրով: Եւ մինչ կատարում էին գիշերային հսկման սովորական աղօթքը, երեւացին նրանց երկնային դասապետութիւնների զինուորութիւնները, որոնց արեգակնակերպ ճառագայթների լոյսի փայլատակումից երեւացին բանտի հիմքերը: Երանելիները, ողջագուրուելով սուրբ զուարթունների կողմից, զօրացան, կանգնեցին աղօթելու եւ տեսան իրենց համար պատրաստուած մի սեղան՝ լի ամէն բարիքներով: Հրեշտակները, քաջալերելով երանելի կոյսին, երկինք վերացան, իսկ սուրբերը, հաղորդուելով երկնային սեղանից, ամբողջովին մոռացան անցած վշտերն ու չարչարանքները, որովհետեւ բոլոր նեղութիւնները փարատուելով հեռացան նրանցից: Թէպէտ նրանք բանտի կապանքների մէջ էին, սակայն, զուարճացած սքանչելի կերակուրներից, մոռացան տրտմութիւնը: Նրանք անընդհատ Դաւթի երգն էին երգում. «Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով պիտի օրհնի Քեզ»[2]:
Այնուհետեւ մի օր իշխանը եկաւ նրանց մօտ՝ կարծելով, թէ տկարացած կը լինեն քաղցից, եւ այդպէս կը կարողանայ իր կամքով համոզել նրանց: Բայց երբ տեսաւ նրանց պայծառ, զուարթ, բերկրալի եւ ուրախ երեսներով, ապշեց մեծ զարմանքով եւ վախեցած ու ցնորուած մտքով կարծեց, թէ հրաշալի սքանչելիքն աստուածներից է եղել: Միաժամանակ ակնածելով թագաւորից, քանի որ իր հրամանով էին նրանց նեղութիւնների մատնել, հրամայեց արձակել նրանց եւ թոյլ տուեց մնալ խաղաղութեան մէջ՝ ըստ իրենց կամքի: Եւ նախկինից ոչ պակաս շնորհեց նրանց կարիքները, ինչքեր, երեւելի հանդերձներ ու այլ անհրաժեշտ բաներ: Սակայն կոյսը դրանց կարիքը չէր զգում, այլ միայն աղքատների մասին էր հոգում, թէ ինչպէս կերակրի եւ բաւարարի նրանց կարիքները: Նա, իր զարդերը բազմաթիւ մասերի բաժանելով, բաշխում էր կարիքաւորներին եւ շատ օրեր անսուաղ մնալով՝ իր կերակուրը հատկացնում աղքատներին, որոնց բազմութիւնը գնալով մեծանում էր: Եւ Դոմնան տարակուսեց, որովհետեւ այլեւս ոչինչ չունէր՝ բաւարարելու այդքան հաւաքուած աղքատների կարիքները: Ապա կրկին ձեռքը մեկնեց իր զարդատուփին եւ գօտուն, որը պատրաստուած էր ոսկուց եւ արծաթից ու զարդարուած էր թանկարժէք քարերով եւ մարգարիտներով, հաւաքեց դրանք, ցած իջեցրեց պատուհանից եւ ուղարկեց Ագապիոս սարկաւագին: Խնդրեց նրան վաճառել դրանք ու գինը բաշխել աղքատներին, եւ թէ դրանով տնանկների որքան բազմութիւն օգտուեց, հնարաւոր չէ ասել:
Բայց քանի որ անհնար էր, որ այդպիսի մաքուր եւ անախտ կուսութիւն ունեցող եւ բոլոր առաքինութիւններին հետեւող անձը մեղաւորների յարկի տակ շաղկապուէր այս սնոտի կեանքի ցանկութեան պատրանքներին կամ էլ բնակուէր անօրէն թագաւորների գաւիթներում, այնուհետեւ երանելու միտքը տնօրինուեց ի վերուստ. նա մտաբերեց մեծ մարգարէ աստուածահայր Դաւթի խորհրդաւոր ցնծութիւնը, երբ նա փախել էր Սաւուղի մօտից, եւ թէ ինչպէս էր այլայլելով իր դէմքը՝ խելացնորի պէս գլուխկոնծի տալիս: Եւ այդպէս, ճողոպրելով ճշմարիտ անզգամներից, նա մեծ յաղթանակ ունեցաւ: Նմանապէս եւ նա, յանձն առնելով կամաւոր եւ մարտիրոսական չարչարանքներ, տեսնողների աչքին նսեմացրեց իր չքնաղ գեղեցկութիւնը, որպէսզի դրանց միջոցով կարողանայ ազատուել անզգամների պագշոտութիւնից եւ անբիծ ու անարատ մտնել վերին Հարսնարանի առագաստը: Անմիտ մարդու կերպարանք առած՝ յանկարծակի դուրս էր գալիս սենեակից, շարժելով ցնցում իր թարթիչները, պարանոցից մինչեւ լանջը լորձոտում իրեն թքով, փրփրում, անհասկանալի ձայներ արձակում, երբեմն լաց ու կոծ ու վայնասուն բարձրացնում, երբեմն էլ յանկարծակի բարձր ծիծաղում եւ ատամները կրճտացնում: Այս տեսնելով՝ թագաւորի ապարանքում ոմանց մօտ գութ եւ փաղաքշանք, ոմանց մօտ էլ զարմանք էր առաջացնում, եւ բոլորին ահ ու դող էր պատում: Իմանալով այս մասին՝ կայսերական ողջ պալատի մեծ հազարապետը կանչել տուեց նրան եւ տեսնելով լսածները՝ ասես ցաւ ապրեց ու կարեկցեց նրան, քանզի երբ իշխանը նրան էր նայում, վկայուհին աւելի ուժգին եւ սաստկագոյն էր ցոյց տալիս ախտը: Ուստի երկիւղելով՝ հազարապետը բազմաթիւ պահապաններ կարգեց նրա վրայ, որպէսզի անտանելի վշտեր չկրի կամ վախից մղուած քարընկեց չլինի: Եւ այսուհետեւ ոչ սակաւ թախիծ պատեց նրա պահապաններին, որովհետեւ կոյսը յաճախակի անհասկանալիօրէն աղաղակում էր եւ նրանց առջեւ այսահարի պէս ողբ ու կոծ անում իր համար:
Այնժամ նրան տարան ներքինապետի մօտ եւ խնդրեցին նրան, որ կոյսին ընդմիշտ ուղարկի քրիստոնեաների մօտ, «որովհետեւ, - ասացին, - նրանց մօտ նման շատ ցնորուածներ առողջութիւն են գտել»: Նրանք այս բանը խնդրում էին իրենց համար, որ թերեւս ազատուէին նրան ծառայելուց, սակայն Աստուած Իր կամքով հաստատեց այն, ինչ կոյսն էր ցանկանում, որն էր ազատուել անօրէնների ձեռքից, ինչպէս որ գրուած է. «Խստերախ ձիուն պէտք է արձակել դաշտում, կամ դելֆինին բաց թողնել ջրում»: Իշխանը յօժարութեամբ լսեց նրանց, որովհետեւ ինքը եւս կամենում էր ազատուել եւ արձակուել այդ ցնորքներից: Նա շտապ իր մօտ կանչեց Նիկոմիդիայի եկեղեցու սուրբ Անթիմոս եպիսկոպոսին, որը յաջորդում էր վերոնշեալ Կիւրղոս քահանայապետին: Նա եկաւ, հոգով իմացաւ կոյսին վերաբերող հանգամանքները, սակայն լուռ մնաց եւ թաքցրեց իր սրտում: Կոյսը եւս, տեսնելով Աստուծոյ քահանայապետին, անպատշաճ եւ մոլեկան ոչինչ չցուցաբերեց, այլ պատկառելով սուրբից՝ երեւաց սթափ, հեզ եւ խաղաղ տեսքով, որից բոլորը հիացել, սակայն զարմացել էին, թէ ինչ զօրութիւն երեւաց եպիսկոպոսի դէմքին, որից անսթափը սթափութեան կոչուեց: Ապա իշխանը խնդրեց եպիսկոպոսին իր մօտ վերցնել կոյսին եւ նրա հետ նաեւ Ինդոսին, ինչպէս եւ շատ բաներ տուեց նրանց կարիքների համար, «որ թերեւս, - ասաց, - բժշկութեան հնար լինի»: Իսկ եպիսկոպոսը, ուրախութեամբ վերցնելով նրանց, Դոմնային ուղարկեց կուսանաց վանք, Ինդոսին էլ՝ մենակեացների մօտ: Եւ ո՞վ կարող է ասել, թէ որքան էին ուրախացել երանելիներն ու լցուել Հոգու սիրով:
Այդ ժամանակ Մաքսիմիանոսը մեծ յաղթանակով եւ ուրախութեամբ վերադարձաւ պատերազմից՝ մարտի յաջողութիւնը վերագրելով կուռքերի օգնականութեանը: Այս առիթով նա իրենց աստուածներին զոհեր նուիրաբերեց, զարդարելով նրանց մեհեանները՝ քրմերին պատուոյ ընծաներ բաշխեց եւ խորամանկութեամբ ջանաց ամբողջ ազգին հնազանդեցնել այդ չարասէր կրօնի անաստուած պաշտամունքին: Այնժամ հրապարակներում ճոխ խնջոյքներ կազմակերպեց եւ ամբողջ քաղաքին հրաւիրեց խաղահանդէսի: Ձիընթաց կառամարտիկների արշաւահանդէսից յետոյ քրմապետներին հրամայեց բերել բոլոր ոսկեղէն եւ արծաթեղէն սուտանուն աստուածների կուռքերին, զարդարեց դրանց պէս-պէս եւ հրաշալի պայծառութեամբ, տեղադրեց թագաւորական գահի վրայ եւ հրամայեց բոլորին իր հետ երկրպագել դրանց: Աստուածների սպասաւորներին պսակեց ձիթենիների ու սոճիների ոստերով, այդ օրը ցուլեր ու զուարակներ զոհաբերելով՝ նշեց աստուածների եւ աստուածուհիների տօնը ու քրմերին հրամայեց, որ զոհերի արիւնը ցօղեն բոլոր զինուորականների վրայ: Այդտեղ էին քրիստոնեաներից ոմանք, որոնք եկել էին որպէս թէ քաղաքացիական խաղահանդէսի, բայց երբ տեսան հանդիսութեան չար ընթացքը, այլեւս չհանդուրժելով հեռացան ասպարէզից՝ լաւ համարելով մեռնել, քան թէ շաղախուել անաստուած զոհաբերութիւնների արեամբ: Իսկ անօրէն Մաքսիմիանոսը, մռնչալով նրանց դէմ, սկսեց հրապարակային բարձրաձայն խօսել հեթանոսների բազմամբոխ ժողովրդի առաջ, մեծարել իր սուտ աստուածներին եւ ընծայել նրանց աշխարհի բոլոր բարիքները, որը երկնքից, եւ որը երկրից: Ամբարտաւանութեամբ եւ յոխորտալով խօսեց նաեւ բոլոր ազգերի վրայ հռոմէական թագաւորութեան հզօրացման մասին: Եւ մինչ խօսքերն անօրէնի բերանին էին, յանկարծ թնդիւնով մեծ որոտմունք եղաւ եւ հրի սաստիկ փայլատակումից շանթահարուելով՝ քաղաքի մի մասն ու կուռքերի յայտնի մեհեանն այրուեցին: Մութ ամպերից յորդ անձրեւի՝ իբրեւ ծովածաւալ հեղեղի հետ ահեղ կարկուտ տեղաց: Ահաւոր սպառնալիքից մարդկանց բազմութիւնն, իրար անցնելով, միմեանց ոտքի տակ տուին, շատերն էլ մեռան՝ դիաթաւալ գետնին գլորուելով, իսկ թագաւորը մազապուրծ փախաւ իր ապարանքը: Չարաբաստ իշխանն ահեղ Դատաւորի այս անսպասելի դատաստանը պատահար համարեց եւ ամենեւին չզղջալով՝ ընդդէմ քրիստոնեաների շարունակեց մնալ նոյն յամառութեան մէջ:
Օրեր անց նա նստեց ատեանում եւ հրամայեց բերել բոլոր աստուածապաշտ անձանց, որովհետեւ կամենում էր իր բարկութիւնը մարել այդ անարատ մարդկանց արդար արեամբ: Հետաքրքրուեց նաեւ Ինդոսից եւ Դոմնայից, որը «ցնորուել» էր, ինչպէս նաեւ միւսների մասին, որոնք չէին երեւում պալատում եւ ատեանում: Ներքինապետն ասաց. «Դոմնան կորցրել է խելքը եւ առայժմ նրանց մօտ է, ովքեր այդպիսիններին բժշկել գիտեն: Նրա հետ է նաեւ Ինդոսը՝ նրան պահպանելու եւ սպասաւորելու համար»: Լսելով այս խօսքերը՝ թագաւորը բորբոքուեց ցասումով եւ թախիծով լցուած ասաց. «Ո՛վ անիրաւ եւ չարագո՛յնդ մարդկանցից, ինչպէս այսահարուած Դոմնային հեռացրիր աստուածների բարերարութիւններից եւ ինչո՞ւ աստուածների ու աստուածուհիների սպասաւոր Ինդոսին հեռացրիր պաշտամունքից»: Այս ասելով՝ հրամայեց արձակել ներքինապետի թանկարժէք քարերով ու մարգարիտներով ընդելուզուած գօտին, մերկ ու խայտառակ շրջեցնել քաղաքի միջով եւ բանտարկել: Այնուհետեւ հրամայեց իր առջեւ բերել Ինդոսին եւ դարձեալ նրան կարգեց պալատի աստուածուհիներին սպասաւորելու համար՝ չենթադրելով, որ նա ընդունել է քրիստոնէութիւնը: Իսկ Ինդոսն այդ պահին իր մասին ոչինչ չյայտնեց, որպէսզի պալատականների առաջ ճշմարտութեան քարոզ լինէր, որն էլ արեց, քանզի ոչ միայն ինքն էր պահում աստուածապաշտութիւնը, այլեւ կուռքերի սնոտի պաշտամունքի մէջ մոլորուածներից շատերին ճանաչել էր տալիս ճշմարտութիւնը:
Սակայն անօրէն Մաքսիմիանոսն, օրէցօր սաստկացնելով հալածանքները եւ յայտնապէս մարտնչելով քրիստոնէական հաւատքի դէմ, այրում էր Աստուծոյ տաճարները, շինում դիւաձոյլ արձանների մեհեաններ եւ իր իշխանութեան բոլոր տեղերում քարոզել տալիս. «Եթէ մէկը չի պաշտի ինքնակալների աստուածներին, թող այդպիսինը զրկուի կեանքից, իսկ նրա ունեցուածքն ու ստացուածքն անցնեն արքունիքին»: Նաեւ անողորմ դատաւորներ ու վայրենամիտ կողմնակալներ ուղարկեց հեռու տեղեր եւ խիստ սպառնալիքներով կարգադրեց նրանց, որ որտեղ էլ գտնեն Նազովրեցուն հաւատացողներ ու աստուածների դէմ ապստամբողներ, անողորմ եւ դառը տանջանքներով կեանքից զրկեն նրանց, «Մանաւանդ, - ասաց, - եթէ գտնէք նրանց աղանդի առաջնորդներին, երկաթէ կապանքներով ինձ մօտ ուղարկէք, որպէսզի կարողանամ աստուածներին անարգելու համար արժանի վրէժ լուծել»:
Այդ օրերին փնտռում էին սուրբ Անթիմոս եպիսկոպոսին, յատկապէս երբ թագաւորը տեղեկացաւ, որ Դոմնան բժշկութեան համար նրան է յանձնուել: Արքունի սուսերամերկ զինուորները բազմիցս շրջափակել էին եկեղեցին, սակայն չէին գտել հայրապետին, որովհետեւ նա անօրէնների անտեղի գործողութիւնների պատճառով խուսանաւելով հեռացել էր անբնակ վայրեր: Չէր երեւում նաեւ Դոմնան: Նրանց չգտնելով՝ անօրէնն ընկաւ տարակուսանքների մէջ, թախծած վարանեց եւ ասես ջերմութեան տապից տոչորուեց սրտի կիզիչ ցասումով: Մտադրուել էր անտանելի տանջանքների մատնել սուրբ Անթիմոսին, առաւել քան միւսներին, որպէսզի տեսնելով իրենց ուսմունքի առաջնորդի պատուհասները՝ բոլորը զարհուրեն, դառնան աստուածների պաշտամունքին եւ իրենց հանգիստ տան: «Մանաւանդ որ, - մտածում էր, - նա է թաքցրել չքնաղագեղ Դոմնային՝ հեռացնելով նրան ապարանքից, եւ կարծում եմ նաեւ, որ հրապուրել է նրան եւ կցորդ դարձրել իր կրօնին»:
Եւ քանի որ չկարողացան գտնել Աստուծոյ սուրբին, դադարեցրին որոնումները: Այնժամ աղուէսաբարոյ բռնաւորը բանսարկուի հնարագիտութեամբ այլ բան որոշեց. թաքցնելով իր զայրոյթն ու կատաղութիւնը՝ նա ցոյց էր տալիս, թէ հեռացրել է իր բարկութիւնը, սուրը պատեան դնելով՝ խոստումներ էր տալիս եւ ամբողջ հրապարակին զուարթ երես ցոյց տալիս: Պատուիրակներ էր ուղարկում, բարին քարոզում եւ ցոյց էր տալիս, թէ իր դառնութիւնը քաղցրութեան է դարձրել: Մտածում էր. «Գուցէ յայտնապէս երեւան՝ չվախենալով իմ պատիժներից: Ես միանգամից կը հաւաքեմ նրանց իմ թակարդի մէջ ու երկրից կը վերացնեմ նրանց յիշատակը, որպէսզի նրանց անունը բնաւ չերեւայ յոյների մէջ, եւ այդպիսով մեր մեծափառ աստուածները մեզ բարի շնորհներ կը հատուցեն»: Այսպիսի խարդաւանող եւ կեղծաւոր խորհուրդներով պատրում էր բոլորին:
Այնուհետեւ քրիստոնեաների բազմութիւնը, խաբուելով նենգաւորի «խաղաղարար» լուրերից, սկսեցին աներկիւղ համարձակութեամբ ցրուած եւ թաքնուած տեղերից հաւաքուել մի տեղ ու յայտնապէս յօժարակամ սրտով աղօթելով՝ կատարել իրենց պաշտամունքը:
Արդ, մի նշանաւոր օր Նիկոմիդիայում եւ նրա շրջաններում գտնուող հաւատացեալների բազմութիւնը համախմբուած եկաւ ընդհանրական եկեղեցի՝ կատարելու իրենց սովորական աղօթքը: Այս իմանալով՝ թագաւորն իր լաւ զինուած զօրքով եկաւ-հասաւ Աստուծոյ տաճարի մօտ, մի բարձր տեղում բազմեց աթոռի վրայ, իսկ սպառազինուած զօրքի բազմութիւնն անշշունջ կանգնեց նրա առաջ: Այնժամ թագաւորը եկեղեցու հաւաքուած բազմութեանն ասաց. «Իմ անպարտելի եւ ամենաբարեբախտ ինքնակալութեան մարդասիրական ներողամտութիւնն ամէն բանում նմանւում է աստուածայիններին: Քանզի օտարազգի թագաւորների վրայ, որոնք մեր հարկերի լուծը դժուարակիր են համարում եւ չեն հնազանդւում հռոմէական տէրութեանը, անմիջապէս նիզակիս տէգը չեմ ուղղում, պարկուրճից նետերս չեմ հանում, սուսերով զինուած բազուկս չեմ բարձրացնում եւ իսկոյն չեմ ոչնչացնում նրանց վահանապատ պատնէշներով, այլ նմանուելով հանճարեղ եւ իմաստուն բժիշկներին՝ հանգստացնում եմ նրանց ողոքիչ խօսքերով եւ որպէս սպեղանի՝ վէրքերի վրայ մարդասիրութիւն եմ դնում: Բայց երբ տեսնում եմ յոյժ խոցոտուած եւ խոր թաքցուած վէրքը, կտրում եմ խարանով եւ վրան լցնում կսկծեցնող դեղ ու դառն ըմպելիք: Այդպիսինները մարդկանց մէջ ոչ մի ներում եւ ողորմութիւն չեն գտնի: Այդ պատճառով ասում եմ ձեզ եւ խնդրում, մի՛ փորձէք իմ խստութիւնը եւ անտանելի ցասումը, այլ շտապէք զոհ մատուցել մեծամեծ աստուածներին, որպէսզի նրանց եւ մեր կողմից հաշտութիւն գտնէք ու վայելէք բոլոր բարիքները: Ես բազմաթիւ պարգեւներ եւ երեւելի պատիւներ կը շնորհեմ ձեզ, կը թեթեւացնեմ ձեր բոլոր հարկերը, իսկ ձեզնից արժանաւորներին ինձ համապատիւ կը դարձնեմ: Արդ, այսուհետեւ հեռու մնացէք այդ աղտեղի ուսմունքից ու մի հրեայ մահապարտին՝ խաչուած եւ մեռած Նազովրեցուն պաշտելուց: Այլապէս իմացէ՛ք, որ իմ դատաստանի իրաւունքը հեռու չի մնայ ձեզնից: Տեսէ՛ք, այս տունը, որի վրայ յոյս էք դնում, ես հրի ճարակ կը դարձնեմ եւ ձեզ նրա հետ կորստեան մը մատնեմ»: Այսպէս անօրէն Մաքսիմիանոսը որոտալով եւ չարաչար սպառնալիքներով թունալի մահ էր սփռում բոլորի ականջներում եւ խեթ-խեթ նայում հաւաքուած քրիստոնեաների դասին:
Այնժամ, առաջնորդուելով Սուրբ Հոգով, իմաստախոհ, երիցս երանելի Գղերիկոս քահանան, որը Նիկոմիդիայի եկեղեցու աւագ երէցն էր, առաջ եկաւ եւ ի դէմս բոլորի բարձրաձայն ասաց. «Ո՛վ արքայ, իմացի՛ր, որ մենք չենք ընդունում քո խոստումներն ու պարգեւները եւ ոչ էլ քո սպառնալիքներից ենք վախենում, որովհետեւ մեզ քաջալերում է մեր Փրկչի պատուիրանը, որն ասում է. "Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ հոգին սպանել չեն կարող"[3]: Քո խոստացած բարիքներով դու կամենում ես մոլորեցնել մեզ եւ զրկել այն բարիքներից, որ ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջն է լսել եւ ո՛չ էլ մարդու սիրտն ընկել, որոնք Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար: Դու սպառնում ես հրկիզել մեր մարմինները եւ կամենում ես անտանելի տանջանքներով բժշկել մեզ, սակայն անցկացնելով մեզ անկիզելի յորդահոս հրեղէն գետի միջով՝ մեզ դէպի Քրիստոս՝ մեր նաւահանգիստն ես հասցնում: Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատուելու հանդերձեալ փառքի հետ, որ յայտնուելու է, իսկ այժմեան փառքն ու պատիւը աղբ կամ ստուերային երազ ենք համարում: Արքա՛յ, ինչո՞ւ ես զուր եւ անհարկի խռովւում ու փակում հոգուդ իմանալի աչքերը: Ինչո՞ւ չիմանաս քո օգուտը եւ ինչո՞ւ չճանաչես ամենքի Արարչին ու քեզ այդ իշխանութիւնը Տուողին: Այլապէս քո յաղթանակը, որով պարծենում ես ամբարտաւանութեամբ, եւ սնոտի ու անարժէք փառքդ, որով կարծում ես, թէ բարձր ես շատերից, շուտով մեր իսկ նահանգում կը վերանայ կանանց եւ անգամ մանուկների ձեռքով, որովհետեւ քո կեանքը նմանուել է ունայնութեան, բայց քո ունայն վայելչութիւնը դժոխք պիտի իջնի: Զարմանում ենք, թէ ինչո՞ւ է այդչափ տկարութեամբ համակուածդ դեռեւս մարտնչում այն անպարտելի Զօրութեան դէմ, Որը ոչնչից գոյացրեց բոլոր յաւիտեանները եւ Իր խօսքի զօրութեամբ կառավարում է համայնին: Նա կայ եւ Իր անշարժ հաստատութեամբ մնում է Իր անհամեմատելի ու անփոփոխելի բնութեամբ, իսկ դու, անօրէն մտքով ամբարտաւանելով եւ անվայել բաներ խօսելով, դիւաձոյլ արձաններին անզուգական անուն ես տալիս՝ աստուածներ եւ աստուածուհիներ կոչելով նրանց, որոնք սանդարամետական անիրաւ խառնակումներից եւ չար սերմերից են առել նման կերպարանք: Աղտեղի է նրանց մասին ամէն բան ասելը, մանաւանդ որ կուռքերից շատերը քանդակուած են շների եւ գազանների կերպարանքներով: Սատանան այնքան է կուրացրել քո միտքը, որ անգամ երկնքի ու երկրի արարիչ ես կոչում դրանց, որոնք մարդու ձեռքով են ստեղծուել, եւ թշնամացել ես Աստուծոյ անմահ զօրութեան՝ Միակի եւ ամենքի Պատճառի հետ: Դու բարձրացրիր քո եղջիւրը՝ անմիտ խօսքեր ասելու Նրա Միածնի մասին եւ մեռելների կարգին իջեցնելու Նրա անմահութիւնը, Ով առաքող Հօր անպարփակելի էութեան կերպարանքը, կնիքը եւ ծագումն է ու ամենազօր եւ համագոյ Հոգու փառակիցն ու էակիցը: Նա կամաւոր մահուամբ վերացրեց մահուան իշխանութիւնը եւ Իր հրաշագործ եւ սքանչելի յարութեամբ կենագործեց մեղքով մեռածներին: Նա պիտի գայ միւս անգամ՝ դատելու ողջերին ու մեռեալներին եւ հատուցելու արդարներին՝ ըստ իրենց արդար վաստակի, իսկ քեզ նման անսուրբներին, չարագործներին, Իրեն չճանաչողներին եւ Իր Գալստեան օրուան չակնկալողներին պիտի մատնի անանց եւ մշտնջենաւոր այրման անշէջ գեհենում: Եթէ միայն ակնարկենք մեր Արարչին, անյապաղ պատուհասի սպառնալիքներ կը հասնեն ձեզ, ուստի չակնկալես, թէ այսուհետեւ կը ճողոպրես կենդանի Աստուծոյ ձեռքից»: Այսպիսի եւ սրանից աւելի խօսքեր ասաց երանելի Գղերիկոսը թագաւորի առջեւ եւ բազմաժողով հրապարակի մէջ: Թագաւորը լսում էր նրան ներողամտութեամբ եւ չէր կամենում իսկոյն պատուհասել, որովհետեւ ակնկալում էր ողոքիչ խօսքերով համոզել նրան եւ նրանով էլ՝ ամբողջ հաւատացեալ ժողովրդին: Այդ պատճառով ձեռք չտուեց նրանց, թէպէտ բոլորը պատրաստ էին իրենց անձերը մահուան մատնել, այլ լուռ հեռացաւ տաճարից՝ նրանց մտածելու ազատ ժամանակ տալով:
Ապա բռնաւորը մտածեց, թէ քանի դեռ ողջ է Աստուծոյ քահանան, չի կարող ժողովրդին հեռացնել հաւատքից կամ պառակտել նրանց միաբանութիւնը, բայց միաժամանակ հոգու մէջ խոցուելով սուրբի համարձակախօսութիւնից, այլեւս չերկարացրեց եւ հրամայեց զինուորներին մտնել Աստուծոյ սուրբ եկեղեցին, բռնել երանելի Գղերիկոսին ու դուրս բերել: Եւ երբ նրան տարան թագաւորի առջեւ, վերջինս արժան չհամարեց երանելուն հարցաքննել, այլ հրամայեց տարածել գետնի վրայ ու դալար ճիպոտներով ուժգին հարուածել: Դահիճների ձեռքերը յոգնեցին հարուածելուց, իսկ նա արհամարհում էր տանջանքները եւ գոհանում Տիրոջից, Որի համար համբերելով չարչարանքներ էր կրում:
Այնժամ սաստկացրին տանջանքները. սատանայի արբանեակներն սկսեցին երկաթէ ճանկերով քերել նրա կողերը եւ վառուող ջահեր մօտեցնել մարմնին: Սաստիկ քերանքից սուրբի պատուական արիւնը ոռոգում էր գետինը, բայց սուրբ վկան չէր դադարում քարոզել ճշմարտութիւնը եւ յանդիմանել անօրէնների մոլորութիւնը, մինչեւ որ շունչը կտրուելուց եւ նուաղելուց չկարողացաւ շարժել շրթունքները: Մունետիկն աղաղակում էր եւ ասում. «Ո՛վ Գղերիկոս, պահի՛ր լեզուդ, մի՛ եղիր ամբարտաւան եւ ճոռոմախօս ու մի՛ ալեկոծիր հրապարակը: Պատուի՛ր հռոմէական տէրութեանը, մի՛ խռովեցրու ինքնակալների ատեանը եւ անվայել բաներ մի՛ խօսիր հելլեն իմաստունների դէմ»: Մունետիկն այսպիսի խօսքերով էր լցնում հրապարակը, սակայն ո՛չ բռնաւորի տանջանքները եւ ո՛չ էլ նրա ողոքիչ խօսքերը չկարողացան հնազանդեցնել Քրիստոսի վկային: Իսկ երիցս երանելին, զօրանալով Սուրբ Հոգով, բարձրաձայն գոչում էր հրապարակում եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Միածի՛ն Որդի, բարձրեալ Հօ՛ր ճառագայթ եւ կերպարանք, ի՛մ վստահութիւն եւ զօրութիւն, զօրացրո՛ւ ինձ, որպէսզի բազմատեսակ այս չարչարանքների միջոցով ինձ համար բազմանան բարի գործերի հատուցման պսակները»:
Այս խօսքերից թագաւորը լցուեց ցասումով եւ բարկացաւ սպասաւորների վրայ՝ հրամայելով, որ աւելացնեն սուրբի տանջանքները: Եւ նրանք բռնաւորի հրամանով այնքան հարուածեցին սուրբի խոշտանգուած մարմնին, որ ասես նա լիովին անշնչացաւ: Մաշկն ուռչելով՝ թափուեց մսերի եւ ջլերի հետ, կտոր-կտոր գետնին ընկաւ, եւ միայն ոսկորները մնացին՝ զարմացնելով բոլոր տեսնողներին: Իսկ երանելի նահատակը, միայն շրթունքները շարժելով, հազիւ նուաղաձայն ասում էր. «Ես միայն յաւիտենական Թագաւորի՝ Աստուծոյ ծառան եմ եւ խոստովանում եմ այն միակ Տիրոջը, Ով արարեց երկինքն ու երկիրը: Յուսալով Նրան՝ սպասում եմ Նրա անճառ պարգեւներին, եւ զոհ չեմ մատուցի կուռքերին, որոնք առաւել վատթար են, քան շները»:
Այնժամ անօրէն բռնաւորը, չհանդուրժելով սուրբի համարձակութիւնը, վճիռ կայացրեց, որ խաչեն նրան՝ քաղաքից դուրս տանելով, իսկ մարմինն էլ այրեն: Արդ, դահիճները, վերցնելով Քրիստոսի նահատակին, քարշ տուին քաղաքի փողոցներով, մինչեւ հասցրին քաղաքից դուրս գտնուող ծովափնեայ մի հարթավայր, որտեղ էլ փայտ կանգնեցրին: Սուրբը, դէպի արեւելք նայելով, սկսեց լուռ աղօթել եւ երբ աւարտեց, դահիճներին ասաց. «Եկէ՛ք եւ շուտ կատարէք բռնաւորի հրամանը»: Եւ անձամբ դիմելով դէպի խաչը՝ տարածեց իր ձեռքերն ու բեւեռուեց նրա վրայ: Ապա սատանայի սպասաւորները ներքեւից հուր բորբոքեցին ու խաչի վրայ ողջակիզեցին նրան: Եւ նա բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր իմ հոգին անուշահոտութեան մէջ եւ Քո գալստեան Օրը խառնի՛ր ինձ Քո սիրելիների հետ»: Եւ իսկոյն աւանդեց իր հոգին:
Այդ օրերին պալատում զոհաբերութիւններ եւ նուիրատւութիւններ էին մատուցւում տասներկու կուռքերին, իսկ աստուածասէր ներքինի Ինդոսը, քրձազգեստ փակուած մի մութ սենեակում, զոհ մատուցողների կորուստն էր ողբում: Երբ թագաւորը տեղեկացաւ այդ մասին, հրամայեց նրան իր առջեւ բերել: Քրիստոսի անուան համար նրան անարգանքներ հասցնելուց յետոյ հրամայեց նրա ձեռքերը կապել թիկունքին, երկաթէ շղթայ հագցնել նրա պարանոցին եւ ոտքերը կոճղի մէջ ձգած խաւարտչին բանտ նետել: Այնուհետեւ սկսեց որոնել սուրբ Դոմնա կոյսին, որովհետեւ պագշոտ յիմարութեամբ հալումաշ էր լինում նրա համար եւ մինչեւ իսկ մոռացել էր, թէ ինչ էր լսել նրա մասին: Ասում էր. «Ո՞ւր է Դոմնան՝ Արտեմիս եւ Աթենաս մեծափառ աստուածուհիների քահանայուհին»: Բայց երբ պալատի պատուական անձանցից ոմանք յայտնեցին նրան Դոմնայի հետ կատարուածների մասին, իսկոյն հրամայեց գլխատել ներքինապետին՝ Դոմնային արքունի պալատից հեռացնելու համար:
Այնուհետեւ սպառազինուած բազմաթիւ զինուորներ ուղարկեց կոյսերի մենաստան, որպէսզի գտնեն Դոմնային եւ իր մօտ բերեն: Իմանալով այս մասին՝ երանելին վանամայր Ագապէի յորդորով տղամարդու հագուստներով գաղտնաբար խոյս տուեց եւ հեռացաւ վանքից: Եւ երբ չգտան կոյսին, անօրէնները, արիւնարբու գազանների պէս մռնչալով, չարութեամբ լցուեցին բոլորի դէմ ու որոշեցին դաժանօրէն քարշ տալ ու անարգանքի մատնել միւս սրբակեաց կոյսերին: Իսկ նրանք, փախուստ տալով դէպի քարայրներն ու ժայռերի ծերպերը, բնակուեցին վայրի գազանների հետ, բայց եղան ոմանք, որոնք ընկան դահիճների ձեռքը, սակայն վերին խնամատարութեան աներեւոյթ զօրութիւնն անարատ պահեց թէ՛ նրանց հաւատքը եւ թէ՛ սրբութիւնը: Նրանց մէջ իր անհամեմատ գեղեցկութեամբ եւ բարի վարքով աչքի էր ընկնում Թէոփիլա կոյսը, որին տեսնելով՝ չարի կամակատարները յիմարացան պագշոտութեամբ: Զինուորների խումբն, իրար անցնելով, մոլեկան ցանկութեամբ քոյրերի միջից յափշտակեցին նրան եւ բռնի քարշ տալով տարան անօրէն յարկերը, իսկ երիտասարդները, նրա հռչակուած համբաւից տռփանքով լցուած, հաւաքուեցին այդտեղ:
Արդ, մինչ կոյսն արգելափակուած էր պանդոկի այդ անարգ վայրում, աչքերը դէպի երկինք՝ մեծ Նաւապետին ուղղելով, բացեց իր հոգին Հզօրի առջեւ, Նրա, Ով եկաւ վերացնելու աշխարհի մեղքը, եւ գոչեց՝ ասելով. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Յիսո՛ւս Քրիստոս, Փրկի՛չ իմ եւ Կեցուցի՛չ, նայի՛ր Քո բարձունքներից Քո անարժան աղախնուն: Թոյլ մի՛ տուր, որ ապականուի Քո ժառանգութիւնը եւ անաղտ ու անարատ պահիր կուսութեանս առագաստը, որովհետեւ խոստացել եմ Քեզ անարատ պահել իմ կուսութիւնը: Եւ արդ, ցո՛յց տուր ինձ Քո երեսը, անբիծ եւ անապական երկնաւո՛ր Փեսայ ու շտապի՛ր ինձ օգնութեան հասնել: Մի՛ մատնիր գազաններին Քո անունը խոստովանողիս, որպէսզի փառաւորուի Քո անունը բարբարոս եւ անօրէն ազգերի մէջ, իսկ ես արժանի լինեմ անարատ մաքրութեամբ աւարտել իմ ընթացքը, աչալրջօրէն հանդիպել Քո փառքին եւ լոյսի մէջ մաս ու բաժին ունենալ Քո սուրբերի հետ»:
Երանելի Թէոփիլա կոյսն արտասուքներով հանդերձ այսպիսի պաղատանքներ էր մատուցում Աստծուն, եւ երբ աւարտեց աղօթքը, անօրէն զինուորներից տարփածու մէկը չար խորհրդով կամեցաւ մերձենալ նրան: Եւ երբ մօտեցաւ, իսկոյն պատուեց ահ ու դողով եւ տանջուելով չարից՝ երերալով մեռելի պէս անշնչացած ընկաւ Թէոփիլայի ոտքերի առաջ: Բաւական ժամանակ անցնելուց յետոյ, երբ տեսան, որ նա դուրս չի գալիս, ներս մտաւ մէկ ուրիշը: Նա տեսաւ կոյսի շուրջը փայլատակող անճառ լոյսը, որի նշոյլից իսկոյն զրկուեց աչքի լոյսից, եւ սա եւս չկարողացաւ դուրս ելնել: Դրսում եղողներն էլ, չիմանալով, թէ ինչ է կատարւում ներսում, եւս ներս մտան՝ իմանալու, թէ ինչ է եղել, բայց նոյն պատուհասներով նրանք եւս տանջահար եղան: Այնժամ ողջ բազմութիւնը, միասին ներս մտնելով, մեծ հրաշք տեսաւ. երանելի կոյսն առանձին նստած լուռ ընթերցում էր աստուածային Գիրքը, որը միշտ իր մօտ էր պահում: Նրա առջեւ կար լուսեղէն երիտասարդ, որի երեսից լոյսի փայլատակումներ էին արձակւում: Այս տեսնելով՝ բոլորը պատուեցին մեծ երկիւղով եւ հազիւ ճողոպրելով փախան՝ ասելով. «Մեծ է քրիստոնեաների Աստուածը, անյաղթ ու անպարտելի է Նրա զօրութիւնը»: Եւ այդ դէպքից շատերը հաւատացին Տիրոջն ու դարձան աստուածապաշտութեան:
Լուր հասաւ Մաքսիմիանոսի ականջին, թէ կոյսն անշաղախ է մնացել զինուորներից, իսկ նա, Աստուծոյ մեծասքանչ զօրութիւնը կախարդութիւն համարելով, ասաց. «Գալիլեացիներն այդ ամէնը գործում են չարիմաց կախարդական աղանդով, որպէսզի մոլորեցնեն շատերին»:
Իսկ այն լուսատեսիլ երիտասարդը, բռնելով կոյսի ձեռքից եւ անճառ լոյսով առաջնորդելով մինչեւ եկեղեցի, ասաց նրան. «Խաղաղութի՛ւն քեզ» ու երկինք վերացաւ: Այնժամ երանելին, համակուած երկիւղալի ուրախութեամբ, գոհացաւ մարդասէր Աստծուց, որ փրկեց իրեն սատանայի բոլոր հնարքներից, եւ ներս մտաւ: Այդ ժամանակ ընդհանրական եկեղեցում հաւաքուած քրիստոնեաների բազմութիւնն իր ընթացիկ աղօթքներն էր անում: Ներսում նրան տեսնելով՝ բոլորը զարմացան, իսկ կոյսը պատմեց այն բոլոր չարչարանքների մասին, եւ թէ ինչպէս Աստուծոյ զօրութեամբ փրկուեց այդ ամէնից: Երբ հաւատացեալների բազմութիւնը լսեց այդ մասին, բոլորը միաձայն փառաւորեցին Աստծուն արագահաս օգնութեան համար եւ արտասուքի աղբիւրներ հեղեցին՝ թրջելով սուրբ տաճարի յատակը, իսկ սուրբ Թէոփիլան, ընկած Աստուծոյ սուրբ սեղանի առաջ, արտասուալից հառաչանքներով աղօթում էր Ամենակալին՝ գոհանալով իր փրկութեան համար:
Այդ օրերին թշուառ բռնաւոր Մաքսիմիանոսի հրամանով նրա չար արբանեակները հետապնդում եւ հետաքրքրուելով փնտռում էին քրիստոնեայ առաջնորդներին: Եւ գտնելով ձերբակալեցին ու թագաւորի ատեանի առաջ բերեցին Դորոթէոսին, որը պայծառացած էր փառքով ու աշխարհական շուքով, քանզի նախարար եւ հրամանատար էր կարգուած պալատի բոլոր գործակալների վրայ: Բռնեցին նաեւ Մարդոնիոս անունով նշանաւոր իշխանին, նրա ընկերոջը՝ Միգդոնիոսին, վերոնշեալ Ինդոս ներքինուն եւ շատ այլ քրիստոնեաների, որոնք արքունի պատուական իշխաններից էին: Անօրէն Մաքսիմիանոսը, նրանց հանդէպ բարկութեամբ եւ ցասումով լցուած, ասաց. «Երդւում եմ անմահ եւ ամենակալ աստուածներով, որ չեմ խնայի ձեզ ու ձեր անօրէնութեան համար կը պատուհասեմ ամէն տեսակ տանջանքներով: Ձեր մարմինները կը տամ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին, որպէսզի միւսները վախենան ու չհեռանան աստուածների պաշտամունքից»: Ապա հրամայեց իսկոյն արձակել նրանց գօտիները եւ հանել իշխանական հանդերձները, իսկ նրանք միասիրտ ու միաբերան աղաղակեցին՝ ասելով. «Մենք քրիստոնեաներ ենք, ամենակալ Աստուծոյ՝ երկինքը, երկիրը եւ դրանցում եղածներն Արարողի ծառաները: Քո ամբողջ պաշտամունքը, ո՛վ թագաւոր, մենք անպիտան աղբ ենք համարում»: Այնժամ անօրէն Մաքսիմիանոսն առաւել բորբոքուեց չարութեամբ եւ հրամայեց պարանով կապել նրանց ոտքերն ու ձեռքերը, տարածել նրանց գետնին եւ մահակներով վայրենաբար երկար տանջել: Դահիճները, որ նրանց շուրջն էին, առաւօտից մինչեւ երեկոյ անգթօրէն հարուածում էին նրանց՝ ամենեւին չխնայելով: Եւ մինչ կենդանի էին չարչարանքների եւ տանջանքների մէջ, հրամայեց կապուած ոտքերով ու ձեռքերով բանտ նետել նրանց, ինչպէս եւ միւսներին, քանզի նրա սուրն անյագաբար ճարակում էր բոլորին: Այսքանը ժամանակի առանձին վկաների մասին: Ժամն է ասել նաեւ երանելի համախմբուած միւս վկաների բազմութեան մասին, որ այդ օրերին կային Նիկոմիդիայում:
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՎԿԱՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Արդ, քանի որ մօտեցել էր մեր Փրկչի եւ Աստուծոյ Աստուածյայտնութեան տօնը, Ով շրջեց մեզ հետ, պէտք էր, որ Նրան հաւատացողներն ընծայաբերուէին Մեծագոյնին՝ խորին Խորհրդով տնօրինուած Աստուծոյ Բանին եւ Կոյսից Ծնուածին: Քրիստոնեաների մեծ բազմութիւն էր հաւաքուել ընդհանրական եկեղեցում: Այնժամ սինկղիտոսը, ողջ իշխանական դասը եւ զինուորական գունդը մօտեցան Մաքսիմիանոսին եւ ասացին. «Թող թագաւորը յաւիտեան ապրի: Ճշմարտապէս գիտենք, որ քո ինքնակալութիւնը մշտապէս հոգ է տանում գալիլեացիների սնոտի յոյսի աղանդը վերացնելու համար, որպէսզի անսասան մնայ հռոմէական օրէնքը եւ առանց անարգուելու հաստատուն լինի մեր մեծափառ, անմահ եւ բարերար աստուածների պաշտամունքը: Արդ, եկել է նրանցից վրէժ լուծելու յարմար ժամանակը, եւ կարելի է ամբողջովին մէջտեղից վերացնել նրանց անմիտ ու չար ուսմունքը: Այսօր նրանց գերահռչակ գլխաւոր տօնն է: Նրանք առասպելաբանում են, թէ իրենց Աստուածը, Որին իրենց արարիչ են համարում, ծնուել է Կոյսից: Ահաւասիկ նրանք՝ մեծից մինչեւ փոքր, հաւաքուած են մեծ եկեղեցում եւ հանդիսաւոր տօնակատարութեան կցուրդներ[4] են ասում»:
Այս խօսքերը Մաքսիմիանոսին հաճոյ թուացին: Նա հրամայեց, որ զինուորական բոլոր դասերը սպառազինուած շրջապատեն Աստուծոյ տաճարը եւ փակեն սուրբ եկեղեցու դռները, որպէսզի հաւաքուածներից ոչ ոք դուրս չգայ: Հրամայեց նաեւ, որ տաճարի մուտքի մօտ կանգնեցնեն իրենց աստուածների բագինները, իսկ մունետիկն աղաղակում էր եւ ասում. «Եթէ մէկը կամենում է ճողոպրել տանջանքներից եւ փրկուել մահից, թող դուրս գայ ու երկրպագի ինքնակալի բարերար աստուածներին, իսկ եթէ չէք կամենում հնազանդուել նրա կամքին, բոլորդ ողջ-ողջ հրոյ ճարակ կը դառնաք, եւ ձեզնից ոչ ոք չի փրկուի: Այսպէս է մեծն Մաքսիմիանոսը հրամայել ձեզնից քաջերին»: Եւ երբ քարոզիչները բարձրաղաղակ յայտարարեցին այս խօսքերը, իսկոյն գործն ի կատար ածուեց. թագաւորի պատգամաբերները, մտնելով եկեղեցի, բարձրագոչ ասացին. «Ինքնակալը մեզ ձեզ մօտ է ուղարկել, որպէսզի ընտրէք երկուսից մէկը. պէտք է կամ դուրս գալ եւ զոհ մատուցել աստուածներին, որոնք կան տաճարի դռների մօտ, կամ չհնազանդուելով հրկիզուել այստեղ: Այժմ իսկոյն ընտրէք, որը կամենում էք, որովհետեւ ժամանակը չի ներում այլ պատասխան տալու համար»:
Այնժամ եկեղեցու երանելի Թէովնաս սարկաւագապետը, զօրացած Սուրբ Հոգու շնորհներով, համարձակ կանգնեց բեմի վրայ՝ աստուածային Սեղանի մօտ, սկսեց խօսել եւ ասել եկեղեցում հաւաքուածներին. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, վերին Երուսաղէմի որդինե՛ր, բոլորդ գիտէք, որ ամէն օր երգում էինք երեք մանուկների երգը եւ սքանչանալով զարմանում էինք նրանց մեծահանդէս ինքնակամ յօժարութեան վրայ, թէ ինչպէս էին պարելով հրի մէջ, ինչպէս առագաստի վրայ, իրենց հետ բոլոր արարածներին հրաւիրում օրհնել ամենքի Աստծուն: Մենք նրանց երանի էինք տալիս ոչ միայն խօսքով, այլեւ ցանկանում էինք հաղորդ լինել նրանց սուրբ պսակներին: Այժմ եկել է մեր փրկութեան օրը եւ ընդունելի ժամանակը: Արդ, բոլորդ արիապէս բոցավառուէք Նրա սիրոյ համար, Որի արեամբ դուք փրկուեցիք: Շտապէ՛ք, սիրելինե՛ր, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է: Մենք պէտք է որպէս անուշահոտ խունկ՝ պատարագուենք այն անարատ Գառին, Ով եկաւ վերացնելու աշխարհի մեղքը: Ահա եկել-հասել եւ ժամանել է աւետեաց օրը, որին ցանկացել ենք բոլորս: Այսօր մեր առաջ բացուել են երկնքի դռները: Աստուծոյ աներեւոյթ զօրութիւնը, որ կայ ձեր, ինչպէս որ երեք մանուկների մէջ, Իր կամքով քաղցրութեամբ պսակում է մեզ եւ Իր հետ բարձրացնում երկնային զուարթունների հրեղէն բնակութեան վայրերը՝ դարձնելով մէկ հօտ եւ մէկ Հովիւ: Արդ, հաստատուն, միաբան եւ միախորհուրդ եղէ՛ք, ամուր մնացէ՛ք հաստատուն վէմի վրայ, որի անկեան գլուխը Նա Ինքը՝ Քրիստոս է: Թող ձեզ յետ չպահեն այս կեանքի սնոտի պատրանքները, եւ մի՛ զարհուրէք այս շիջանուտ հրից: Թող ոչ ոք զատուելով դուրս չմնայ աստուածային գաւիթներից եւ լուցկի կամ ճարակ չդառնայ յաւիտենական անշէջ գեհենի համար»: Եւ այլ բազում յորդաբուխ խօսքերով ու շնորհալի աստուածախօս վարդապետութեամբ Թէովնասը զօրացրեց բոլոր քրիստոնեաներին: Այնժամ ամբողջ բազմութիւնը նրա հետ բարձրաձայն գոչեց. «Մենք քրիստոնեաներ ենք եւ բարձրեալ Աստուծոյ ծառաներ: Մենք չենք պաշտում թագաւորի աստուածներին եւ չենք երկրպագում նրա կանգնեցրած արձաններին»:
Լուրն իսկոյն հասաւ Մաքսիմիանոսին, եւ նա հրամայեց սպասաւորներին անմիջապէս կրակ վառել՝ ասելով. «Թող ոչ ոք չճողոպրի, եւ ոչ ոք ողորմութեան չարժանանայ»: Այնժամ քրիստոսասէր նահատակները մի կողմ հաւաքեցին երախաներին[5], նրանց վրայ կատարեցին մկրտութեան աստուածային խորհուրդը եւ հաղորդեցրին անարատ սուրբ Խորհրդին: Նոյն ժամին թագաւորի սպասաւորները վրայ հասան եւ սուրբ տաճարի շուրջը կրակ բորբոքեցին: Բոցը մեծ որոտմամբ եւ ճարճատելով ելնում, վեր էր բարձրանում ու ճարակում շինուածքը թէ՛ դրսից եւ թէ՛ ներսից, իսկ եկեղեցում հաւաքուածների բազմութիւնը բարձր ձայնով երեք մանուկների երգն էր երգում ու չէր դադարում բոլոր արարածներին հրաւիրել օրհնաբանութեան: Հրի մէջ նրանց հետ լսելի էին նաեւ հրեշտակների ձայները: Ամբողջ երկիրը ցնցւում եւ դղրդում էր նրանց բարձրագոչ ձայներից: Այսպէս բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, որոնք շուրջ երկու հազար էին, ողջակիզուեցին եւ հրեշտակների ձեռքով իրենց հոգիներն աւանդեցին Աստուծոյ ձեռքը: Նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած է Կեանքի Գրքի մէջ: Բոլոր վերնային զօրքերը, առաւել եւս մարդիկ, հիանալով սքանչացած էին նրանց՝ Աստուծոյ վկաների միակամ եւ միակրօն անքակտելի միաբանութեամբ նահատակուելու կամայորդոր ջանքի վրայ:
Անցան հինգ կամ եօթ օրեր, սակայն հուրը դեռեւս ճարակում էր նիւթը: Այնուհետեւ, երբ բոցը մարեց, տեսնողներին չքնաղ եւ զմայլելի անուշահոտութիւն բուրեց, բայց առաւել զարմանքով լցուեցին բոլոր նրանք, ովքեր տեսան ոսկեճաճանչ նշոյլներ՝ իբրեւ որոշակի տեղերում իջած զարդեր եւ իբրեւ ծագող արեգակի ճառագայթներ, որոնք զարդափայլում էին պատուական մասունքների վրայ: Եւ այդպէս սուրբերի նշխարներն ի յայտ էին գալիս հրաշաճաճանչ լոյսով:
Իսկ Մաքսիմիանոսը, մեծ յաղթանակ համարելով այդ գործը, ի պատիւ իր աստուածների՝ մեծ տօնակատարութիւն արեց: Ձիարշաւների խաղահանդէսից յետոյ նա հրաման արձակեց, ըստ որի մնացած քրիստոնեաները կարող էին համարձակ պաշտել իրենց կրօնը: Այնժամ զինուորական գնդից Զենոն անունով մէկը, տեսնելով, թէ ինչպէս է թագաւորն ինքը հանդէսին ներկայ եղող ամբողջ զօրքով կատարում Դեմետրիա չաստուածուհու պախարակելի տօնը, չկարողացաւ հանդուրժել դեւերին մատուցուող զազրատեսիլ զոհաբերութիւնները, որի համար կանգնեց մի բարձրադիր տեղում եւ բարձրագոչ ասաց. «Ո՛վ թագաւոր, դու մոլորուած ես՝ անշունչ քարերին եւ փայտերին զոհեր մատուցելով, նիւթական տարերքներին աստուածներ անուանելով եւ ձեռակերտ արձաններին երկրպագելով, որոնք դեւերի պատկերներ ու ստայօդ կերպարանքներ են: Վե՛ր բարձրացրու հոգուդ իմանալի աչքերը, նկատի՛ր, նայի՛ր եւ տե՛ս, տեսանելիներով ճանաչի՛ր եւ իմացի՛ր աներեւոյթը, եղած նիւթեղէններով՝ աննիւթականը, եւ որ Աստուած ամէն բան անգոյութիւնից գոյութեան է կոչել: Իսկ դու, թողած ամէն բան ստեղծող եւ աննիւթական Արարչին եւ ապերախտ գտնուելով Նրա բարի կամքի շնորհների հանդէպ, զոհաբերութիւն եւ պաշտամունք ես մատուցում սնոտի քո կուռքերին այն դէպքում, երբ նրանք մի մժեղի զօրութիւն չունեն եւ աւելի անարգ են, քան մժեղները»:
Այս լսելով՝ Մաքսիմիանոսը հրամայեց քարերով ջարդել նրա կզակը: Եւ մինչ դահիճները հարուածում էին, թագաւորը զայրագին գոչում էր՝ հրամայելով առաւել սաստկացնել հարուածներն ու տանջանքները եւ ջախջախել նրա գանգը, որպէսզի չանարգի աստուածներին: Արդ, երբ ջարդեցին նրա գանգն ու կզակը, ատամները չարաչար թափուեցին, եւ միայն փոքր-ինչ շունչ էր մնացել նրանում ու մօտ էր մեռնելուն, թագաւորը հրամայեց քարշ տալ նրան քաղաքից դուրս եւ սրով կտրել նրա համարձակախօս գլուխը: Այսպէս Քրիստոսի քաջամարտիկ Զենոն վկան ընդունեց իր մահավճիռը եւ աւարտելով իր մարտիրոսական պայքարը, փոխուեց առ Քրիստոս:
Իսկ պալատական միւս սուրբերը, որոնք Դորոթէոսի հետ գտնւում էին բանտում, պէտք չէր, որ նրանք եւս մնային առանց չարչարանքների եւ պսակների: Սուրբ Անթիմոս քահանայապետը, որը թաքնւում էր մի գիւղում, Թէոփիլոս սարկաւագի միջոցով թուղթ ուղարկեց նրանց, սակայն անօրէն թագաւորին յայտնի եղաւ թղթի մասին: Նա այն բերել եւ ընթերցել տուեց իր առաջ, որի մէջ քաջ հովիւն իմաստուն խօսքերով քաջալերում էր նրանց՝ յաւիտենական կեանքի յոյսի աստուածադիր կոչման կետին հասնելու, վերին կոչման վկայական մրցահանդէսում արիաբար հաստատուն մնալու ու յաղթող լինելու համար: Այնժամ մոլեգնած Մաքսիմիանոսը հրամայեց իր առջեւ բերել բանտարկուածներին եւ հարցրեց նրանց. «Ինչո՞ւ ապստամբելով իմ դէմ՝ ոտքի ելաք եւ իմ թշնամու կողմն անցաք»: Ապա հրամայեց ընթերցել թուղթը եւ ներս կանչել սուրբ Թէոփիլոս սարկաւագին, որին տեսնելով՝ սուրբ վկաներն իրենց հոգում շատ ուրախացան: Մաքսիմիանոսը խեթ հայեացքով նայեց նրան եւ զայրագին ասաց. «Երիցս թշուառակա՛ն եւ եղկելի՛, ո՞վ է պատուիրել քեզ բերել այս թուղթը, եւ որտե՞ղ է նա թաքնուած»: Իսկ այդ քաջ եւ զուարթագին այրը, չերկիւղելով նրա դժնի հայեացքից ու չվախենալով նրա սպառնալիքներից, ասաց. «Թէ ով է տուել այդ թուղթը, կ՚ասեմ, բայց թէ որտեղ է նա, չեմ ասի, որովհետեւ ես չեմ կարող մատնել իմ հովուին, որից մեծ շահ եւ օգուտ է մատակարարւում ամբողջ եկեղեցուն: Նա ինքը քիչ ժամանակ անց յայտնապէս կը երեւայ շատերին, որովհետեւ լերան վրայ գտնուող քաղաքը չի կարող թաքնուած մնալ»:
Այնժամ անօրէն Մաքսիմիանոսը, չհանդուրժելով նրա համարձակախօսութիւնը, հրամայեց կտրել նրա լեզուն եւ ապա քարկոծել: Սուրբ նահատակը լեզուն կտրելուց եւ քարկոծուելուց յետոյ խոցոտուեց նաեւ նետահարուելով: Մինչեւ վերջին շունչը նա, արհամարհելով տանջանքները, աղօթում էր՝ գոհանալով Աստծուց եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ եւ ընդունի՛ր իմ հոգին անուշահոտ բուրմունքի մէջ»: Եւ այդպէս աւանդեց իր հոգին:
Իսկ Մաքսիմիանոսը, դեռեւս ցասումով լցուած լինելով Դորոթէոսեանների վրայ, դառնատեսիլ եւ անողորմ տանջանքների էր ենթարկում նրանց: Երբ դահիճների ձեռքերը յոգնում էին նրանց ձաղկելուց, այնուհետեւ երկաթէ քերող ճանկերով էին խոշտանգում նրանց մարմինները եւ դարձեալ բանտ նետելով՝ առանց հաց ու ջրի հալումաշ անում: Բազմիցս նրանց մատների ծայրերին եւ եղունգներին տակ սայրասուր եղեգներ էին խրում, իսկ երանելիները, այդպէս խոցոտուելով, քաջութեամբ համբերում էին ամէն բանի ի Քրիստոս երանաւէտ յոյսի համար եւ խստօրէն յանդիմանում թագաւորի անօրէնութիւնը: Ուստի եւ թագաւորն ինքը եւս յուսահատուեց, յոգնեց բռնութեամբ մահուան տարուող վկաների համբերութիւնից եւ ապա նրանց համար արձակեց հետեւեալ դատավճիռը. «Դորոթէոսին գլխատել, Մարդոնիոսին ողջ-ողջ այրել, Միգդոնիոսին խորխորատը նետել ու ծածկել քարակոյտով, իսկ Գորդոնիոսին, Ինդոսին եւ Պետրոսին ծովը նետել՝ պարանոցներից երկանաքար կապած»: Եւ այդքան զանազան տանջանքներից յետոյ սուրբ վկաները նահատակուեցին երանելի մահով ու բարի խոստովանութեամբ, ելան առ Աստուած, խառնուեցին երկնային զուարթունների բանակներին եւ պսակուեցին ամենքի Արարչից:
Իմանալով այս մասին՝ մաքուր եւ ցանկալի Դոմնա կոյսն ուրախացաւ, ցնծաց եւ բերկրեց իր սրտում, մանաւանդ Ինդոսի համար, որն իր սուրբ աստուածապաշտութեան ընկերակիցն էր: Նա տենչալի փափագով ցանկանում էր հաւասարուել նրանց եւ դառնալ նրանց մաքուր մրցապայքարի մարտակիցը եւ յաղթութեան պսակն առնողը: Եւ Տէրը, Ով կատարում է Իրենց երկիւղածների կամքը, չանտեսեց նրա բարի ցանկութիւնը, որ ունէր առ Աստուած, որովհետեւ նա մաքուր էր պահել հոգեւոր հարսնութեան պատմուճանը, բազմահեղ եւ ջերմ արտասուքներով սպիտակեցրել էր առագաստի զարդն ու իրեն ամէն տեսակ ճգնութիւնների մատնելով՝ ցանկալի դարձել անմահ Փեսային: Անօրէններից խուսանաւելով՝ նա թաքնուել էր մի քարայրում եւ իբրեւ սանդարամետական՝ խաւար անձաւում իր օրերն անց էր կացնում անձկութեամբ եւ զովանալով սակաւ ջրով՝ կերակրւում էր քարանձաւի շուրջն եղած բոյսերի արմատներով:
Շատ օրեր անց տղամարդու կերպարանք առաւ, ինչպէս առաջ հագցնում էր իրեն նրա հոգեւոր մայր Ագապէն, եւ անօրէնների ձեռքից ճողոպրելու համար իջաւ լերան վրայից՝ որոնելու երանելի Ագապէին, սակայն լսեց, որ նա սուրբ կոյսերի հետ հրկիզուել է Աստուծոյ տաճարում ու այդպէս աւարտել իր վկայական ընթացքը: Երանելի Դոմնան յոյժ վշտացաւ, որ ինքը եւս չի ողջակիզուել Ագապէի հետ՝ հաղորդ լինելով միւսների չարչարանքներին: Կանգնած այրուած տաճարի մօտ՝ նա իր յորդառատ արտասուքները խառնեց սուրբ մարմինների աճիւնների հետ եւ աղեկէզ տոչորուեց՝ բախելով կուրծքը թախծոտ հառաչանքներով: Ապա իսկոյն ծովափ իջաւ, ուր տեսաւ մի նաւ, որի վրայ ձկնորսներն ուռկաններն էին պատրաստում: Նաւավարները, չճանաչելով տղամարդու կերպարանք առած երանելուն, ասացին. «Ե՛կ, երիտասա՛րդ, օգնի՛ր մեզ, եւ մենք ձկների որսից քեզ բաժին կը հանենք»: Նաւ նստելով՝ Դոմնան իր հեզ պարկեշտութեամբ եւ քաղցրահունչ աստուածային խօսքով ճմլեց ձկնորսների հոգիները: Եւ երբ ուռկաններ ծովը նետեցին, իսկոյն նրա մէջ լցուեց մեծամեծ ձկների յոյժ մեծ բազմութիւն, որը մեծ դժուարութեամբ կարողացան ծովափ հանել, սակայն ձկներին հանելիս ուռկանների մէջ տեսան նաեւ կտոր-կտոր եղած մեռած մարմիններ: Սարսափած իրենց տեսածից՝ պատուեցին ահով եւ տրտմութեամբ, մարմինները թողեցին ցամաքում եւ վերցնելով իրենց ուռկանները՝ շտապեցին անցնել ծովի միւս ափը եւ իրենց որսն անել մարդկանցից անտես մէկ այլ տեղում: Նրանք խնդրեցին սուրբին մասնակից լինել իրենց որսին, սակայն նա չլսեց նրանց ու հեռացաւ, ձկնորսներն էլ վարձի փոխարէն նրան ձուկ եւ հաց տուեցին ու գնացին:
Այնժամ երանելի Դոմնան, որն արդէն գիտէր, թէ ինչ կերպով են նահատակուել Ինդոսն եւ նրա ընկերները, մօտեցաւ այն տեղին, որտեղ ընկած էին ուռկանների միջից ափ ելած սուրբերի մարմինները: Նա անընդհատ շուռումուռ էր տալիս նրանց եւ զննում իւրաքանչիւրին: Նրանց արտաքին տեսքից հաւաստի երեւում էր նրանց կերպարանքը: Իր գիրկն առնելով՝ նա անյագաբար համբուրում էր նրանց եւ ոչ սակաւ արտասուքներ հեղում նրանց վրայ: Եւ մինչ ծովափին դառնացած հոգով փարւում էր երանելիների մարմիններին, տեսաւ մի նաւ, որի նաւավարները, իջեցնելով նաւի առագաստը, թիավարելով հանդարտ մօտեցան ափին: Առաջ գալով՝ սուրբ Դոմնա կոյսը, ինչպէս հարկն էր, ողջունեց նաւապետին, ցոյց տուեց իր ձկները՝ որպէս թէ էժանագին վաճառելու համար, սակայն ցանկանում էր իմանալ, թէ նաւավարն ու իր իւրայիններն արդեօք քրիստոնեաներ են, ինչպէս որ կարծում էր: Նաւապետն էլ, կամեցաւ ստուգել նրա քրիստոնեայ լինելը, որի համար երդուել տուեց նրան Յիսուս Քրիստոսի անուամբ՝ հարցնելով, թէ որքան է դրանց գինը: Այնժամ ազնուական կոյսը, տեսնելով, որ նա բարեպաշտ է, նաւից դուրս կանչեց նրան եւ ցոյց տուեց սուրբերի մարմինները՝ կամենալով նրան սուրբերի մասունքները պատուելու մասնակիցը դարձնել: Եւ մէկ առ մէկ պատմեց նրան բոլոր իրադարձութիւնները՝ կապուած վկաների չարչարանքների հետ: Արդ, երբ այս ամէնը լսեց, նաւապետը, սուրբ վկաների առաջ ընկած, համբուրեց նրանց սուրբ եւ աստուածակիր մարմինները: Շտապ նաւից մի նոր կտաւ, սպիտակ հանդերձներ, անուշահոտ իւղեր եւ ազնիւ խունկեր բերեց, իսկ Դոմնան մաքուր ջրով, բայց առաւել իր արտասուքներով, լուաց երանելիների մարմինները: Նաւապետի հետ օծեցին եւ խնկարկեցին նրանց ու զգուշութեամբ պատանքեցին: Ապա վերցնելով տարան քաղաքի պարսպի դռների մօտ՝ որ ձորակի բերանին էին եւ նայում էին համատարած ծովին եւ որտեղ Դորոթէոսեան ու Ինդոսեան սուրբերն ընդունեցին իրենց մահավճիռը: Այնտեղ նրանք գերեզման պատրաստեցին ու զգուշութեամբ թաղեցին սուրբերին: Դոմնան խոստացաւ մնալ այդտեղ մինչեւ իր կոչման օրը եւ չհեռանալ Քրիստոսի նահատակների սուրբ գերեզմաններից: Այնուհետեւ մնաց այդտեղ մեծ համբերութեամբ եւ աղօթքներով՝ միշտ պատուելով նրանց յիշատակը անուշահոտ խունկերով ու անշէջ լապտերներով: Եւ այդ ամէնի՝ անհրաժեշտ միջոցների ու կարիքների հոգսը կրում էր բարեպաշտ նաւապետը:
Արդ, քանի որ պէտք չէր ու պատշաճ չէր, որ արեգակնափայլ եւ լուսաճաճանչ ճառագայթները ծածկուէին հողի տակ, առաւել եւս պէտք չէր, որ անկատար մնար կոյսի վկայական հանդէս մտնելու աստուածային ցանկութիւնը, ուստի այս մասին լուրը տարածուեց եւ հասաւ չարամիտ Մաքսիմիանոսի ականջին, որն իմանալով կոյսի նահատակուելու անձկալի ցանկութեան մասին, ծիծաղեց ծափ տալով եւ ասաց. «Ես կը շնորհեմ նրան իր բաղձալի վախճանը, հաւասարակից կը դարձնեմ իր ընկերների չարչարանքներին եւ կ՚ուղարկեմ նրանց դէպի իրենց սնոտի յոյսը, որ ունեն»: Այս ասելով՝ իսկոյն ուղարկեց դահիճներին, որոնք գալով եկան այնտեղ, որտեղ կոյսն էր, եւ տեսան, որ երանելին արտասուալից պաղատանքներով աղօթում էր իր սրտում՝ շարժելով միայն շրթունքները: Մերկացրած սուսերով սպառնացին անդամահատել նրան, որ թերեւս զարհուրի եւ ուրանայ Քրիստոսին, բայց երանելի կոյսն, ուշադրութիւն չդարձնելով նրանց սպառնալիքներին եւ չվախենալով մահուան երկիւղից, աղօթում էր հանդարտութեամբ եւ ցնծութեամբ: Եւ երբ աւարտեց աղօթքը, կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ խոնարհեցրեց պարանոցը դահիճների առաջ: Այդպէս գլխատուեց գերապայծառ եւ մաքուր սուրբ Դոմնա կոյսը, որ եղաւ դեկտեմբերի քսանչորսին:
Դոմնայի վկայական մահից յետոյ բռնեցին նաեւ Բիւթանիայի սուրբ քահանայապետ մեծն Անթիմոսին, որն իր լուսաւոր վարդապետութեամբ լուսաւորեց շատերին եւ նրանց՝ որպէս բանաւոր պատարագ, ընծայեց երկնաւոր Հովուին: Այդպէս քաջութեամբ եւ համբերութեամբ անցնելով բոլոր մրցապայքարների միջով՝ նա սրի քաշուեց նոյն Մաքսիմիանոսի մահավճռով: Նրա ամբողջ հարցաքննութիւնը եւ տանջանքներին ենթարկուելը մանրամասնաբար նկարագրուած են նրա առանձին պատմութեան մէջ:
Արդ, ինչպէս վկայաբանն է ասում, ոչ միայն այս երկու հազարով, որոնք միասին միաժամանակ ընդունելի ողջակէզ եղան եւ անուշահոտ պատարագ եղան ամենքի Աստծուն, այլեւ ի յայտ եկած անթիւ վկաներով, Նիկոմիդիա մեծ քաղաքը զարդարուեց՝ իբրեւ աստղերով պածառացած երկինք: Եւ այդ նշոյլագեղ աստղերի մէջ այդ օրերին յատկապէս փայլեցին նախաճառեալ նշանաւոր վկաները՝ սքանչելի Գղերիկոսը՝ Նիկոմիդիայի ընդհանրական եկեղեցու աւագ քահանան, Թէովնաս սարկաւագապետը, Թէոփիլոս սարկաւագը, երանելի Դորոթէոս նախարարը, Մարդոնիոս, Պետրոս, Միւգդոնիոս ասպետները եւ իշխանները, Զենոն զօրականը, երանելի Ինդոս ներքինին, աստուածային երեք կոյսերը՝ Ագապէն, Թէոփիլէն, Դոմնան՝ մարտիրոսների ու վկայուհիների գլուխն ու աւարտը եւ երկու հազար վկաները:
Այս բոլոր սուրբ վկաների նահատակութիւնը եղաւ Մաքսիմիանոսի եւ Դիոկղետիանոսի թագաւորութեան օրօք՝ Տիրոջ մօտ 300 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը տօնում է Յիսնակի պահոց չորրորդ հինգշաբթի օրը:
Սկզբնաղբիւր
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, 1810, հատոր Բ:
[1] Աման, որ գործադրւում է իբրեւ ծածկոց:
[2] Սաղմ. ԿԲ 6:
[3] Մատթ. Ժ 28:
[4] Սաղմոսից տուն, որն ասւում է յաւուր պատշաճի:
[5] Երախայ նշանակում է չմկրտուած անձ: Նախկինում մկրտութիւնից 40 օր առաջ սկսում էին նախապատրաստուել ընդունելու սուրբ խորհուրդը, այսինքն՝ սովորում էին քրիստոնէական գիտելիքներ եւ ապա մկրտւում։ Քառասնօրեայ նախապատրաստութեան այս ընթացքը կոչւում է երախայութիւն։ Երախայանալ նշանակում է կրթուել եւ մկրտուել պատրաստուողների դասում (Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հատոր Ա):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: