Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
4-7. Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»: Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»:
 
 Շվարած ու վարանոտ Պիղատոսը, իր դատարանում նստած, դժվարին կացությունից դուրս գալու ուղիներ էր որոնում: Մի կողմից ուշքն ու միտքը թույլ չէին տալիս Հիսուսի մահապարտությունը վճռել, մյուս կողմից սիրտն ու կամքը ի զորու չէին հրեաների պահանջը մերժել և ինչ բերանով ասում էր, գործերով պիտի հաստատեր: Նա հետամուտ էր, որ հրեաները համոզվելով, կարեկցելով կամ զիջողությամբ ետ կանգնեին իրենց պահանջից, և Հիսուս ազատվեր հրեաների հաճությամբ: Մինչև այժմ տեսանք Պիղատոսի այդ կեղծավոր, շողոքորթ գործունեության զանազան դրսևորումները: Դրանք բավականին շատ էին, բայց դրանցից ոչ մեկը Պիղատոսին չհասցրեց իր նպատակին: Սակայն Պիղատոսը դեռ չէր հուսահատվելավարտին հասցնել իր կարծեցյալ հնարագիտությունները և գործադրել խղճի թելադրած արդարությունը:
 Կարծում էր, թե գանակոծությունը, որպես պարզ պատժի միջոց կիրառելուց հետո, ավելի ազդեցիկ պիտի լիներ, ուստի մտադրվում էր նորից խոսել հրեաների հետ և, իբր թե նրանց կամքը կատարած լինելը հայտնելով՝ վերջացներ գործը: Երբ ուզում է իր հրամայած պատժի ի կատար ածելը ստուգել, տեսնում է, որ զինվորները արդեն նորատեսակ ձաղանքներիով ավելի առաջ են անցել: Ինքը խիստ ազդվում է, կարծելով, թե հրեաները նույնպես պիտի ազդվեն և մտածում է Հիսուսին, այդ խեղճ ու խղճալի վիճակով, ներկայացնել բազմությանը և նրանց գութը շարժել:
 Հրամայում է, որ Հիսուսին զորանոցի գավթից դեպի դրսի քարահատակը բերեն: Ինքն էլ առջևից է դուրս գալիս և դիմելով քահանայապետներին, դպիրներին ու ժողովրդին՝ ասում է. «Ձեզ արդեն հայտնեցի, որ ես ձեր ամբաստանած Նազովրեցի Հիսուսին օրինական բոլոր ձևերով քննեցի ու դատեցի: Բայց մահվան արժանի ծանր հանցապարտություն չգտա: Սակայն, քանի որ այսպես թե այնպես ժողովրդի մեջ շփոթմունքի պատճառ է հանդիսացել, ուստի բավական համարեցի պարզ ու թեթև հանցանքների համար որոշված մի պատիժ տալ և ըստ այդմ էլ հրաման արձակեցի: Գանակոծությունը կատարվեց, դրանից ավելի պատիժներ էլ տրվեցին: Իր վիճակն իսկ արդեն ցույց է տալիս, որ այլևս մեծ նշանակություն ունեցող գործ չի կարողանա անել: Դուք էլ երբ այդ վիճակը տեսնեք, անշուշտ նույն համոզմունքը պիտի ունենաք: Ահա թե ինչու կամեցա իրեն դուրս բերել և ցույց տալ ձեզ: Ահա՛ ձեր մարդը, նայե՛ք ու տեսեք, եթե հանցանք էլ ունի, ապա արդեն չափից ավելի շատ պատիժ է ստացել: Այսպիսի մեկից կայսրությունը չի վախենում, դուք էլ կարող եք այդ մասին ապահով լինել»:
 Պիղատոսի ակնկալությունը այս անգամ էլ իզուր եղավ: Քահանայապետներն առաջ անցան՝ պատասխանելու համար նրանց հետ նաև սպասաւորք, որոնք նրանց իշխանության տակ էին գտնվում, վարձու անձինք, որոնց հատկապես բերել էին՝ ժողովրդին գրգռելու և ժողովրդի մեջ աղաղակ առաջացնելու համար: Ամենքը սկսեցին բարձրաձայն գոռգոռալ. «Ի՞նչ ազատել, ի՞նչ արձակել, արդեն նրան խաչելու մասին խոսվեց, ժամ առաջ գործադրությունն ենք կամենում, ի խաչ հան, խաչ հան զդա»: Պիղատոսն ավելի զայրացկոտ դիրք գրավելով ու վերջնական մերժումն կանխազգալով՝ պատասխանում է. «Ասացի և կրկնում եմ. ես այդ մարդու նկատմամբ մահապարտության հանցանք չեմ գտնում, ես յդ մարդու համար խիստ վճիռ չեմ կարող արձակել, գնացեք, ինչ ուզում եք՝ դուք ձեր ձեռքով խաչեցեք»:
 Քահանայապետները շփոթվում են և կարծում, որ Պիղատոսի ընդդիմությունը կոտրելու համար փաստ կլինի այն, որ այդ պահին փոխեն ամբաստանության ձևը, մոռանան քաղաքական ամբաստանությունը և առաջ քաշեն կրոնականը, որն իրենց քահանայապետական ժողովի վճիռն էր (Մատթ. 27:1): Այդ մասին մինչև հիմա լռել էին, մտածելով, որ հեթանոս դատավորի համար կարևոր չէ: «Եթե դու,-ասում են,- կարծում ես, որ այդ մարդը կայսրության աչքում նշանակություն չունի և չես կամենում նրա կյանքը վերցնելու մասին հոգալ, ապա նա մեզ համար ու ըստ մեր օրենքի այլևս չպիտի ապրի, որովհետև իրեն աստվածորդի է հռչակում, կամենում է կործանել մեր կրոնը, որը կայսրությունը ևս խոստացել ու հանձն է առել ամեն գնով պաշտպանել»: Հրեաները կարծում էին՝ այս ձևով Պիղատոսը տեղի կտա, սակայն այս անգամ էլ սխալ ճամփա բռնեցին, որովհետև Պիղատոսի վարանումն ու շփոթությունը մի աստիճան էլ մեծացրին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: