Նիկիական դավանություն
(ակնարկ)
Նիկիական դավանանքը, որ սահմանվեց 325թ. Նիկիայի Տիեզերաժողովում, շրջադարձային պահ էր Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանության պատմության մեջ: Այս դավանանքն է, որ նորովի հաստատեց մարդկության նկատմամբ Աստծո սիրո Ավետարանը` ընդգծելով, որ համայն աշխարհի փրկությունը ոչ թե Աստծո ծրագիրն է միայն, այլ բխում է Նրա բնությունից։
Նիկիական դավանությամբ ամրագրվեց, որ Հիսուս Քրիստոսը` Աստծո Պատկերն ու Խոսքը, լավագույնս և ամենամերձավոր կերպով արտահայտում է Աստծո անհասանելի ու խորհրդավոր, միաժամանակ մարդասեր և միավորող բնությունը։ Ըստ այսմ` Հիսուս Քրիստոս Աստվածային բնություն ունի ու նաև արարչությանը հաղորդակից է դառնում Աստծո հետ` փրկություն շնորհելով բոլորին։ Աստծո Որդու` Հայր Աստծո հետ համագոյությունն է, այսինքն` նույն բնությունն ու էությունն ունենալն է, որ վկայում է, թե Աստված հեռակա և կրավորական գոյություն չէ, այլ կենդանի է և գործում է պատմության մեջ` հանուն բոլորի փրկության։
Նիկիական վարդապետությունն իր նեղ իմաստով Աստծո բնության և այդ բնության միության մասին է, որով շաղկապված են Ս. Երրորդության անձերը և որոնց միությանը հաղորդակից է դառնում Ս. Եկեղեցին Աստծո հարազատ Ծննդի` Աստծո Որդու միջոցով։
Դավանական սահմանումներ գրելով` Նիկիայի ժողովի աստվածաբանները որևէ բան չփոխեցին Եկեղեցու հավատո ավանդի մեջ։ Նրանց ջանքերն էին` բացատրել Եկեղեցու ժառանգած հավատքը ի պատասխան ժամանակի բարձրացված աստվածաբանական հարցերի։ Նիկիական վարդապետները ձգտեցին գտնել և ամրագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք միաժամանակ կպահպանեին Աստծո մասին ավետարանական հարազատ ընկալում, հասկանալի կլինեին ժամանակի մտածողությանը և կզատորոշեին այն սահմանը, որ անհրաժեշտ էր դնել ուղղափառության և հերետիկոսության միջև։ Դա Ավետարանի զգուշավոր և համակարգված պաշտպանությունն էր, որ թեև սահմանվեց Նիկիայի տիեզերաժողովում, սակայն այնտեղ չավարտվեց։ Տասնամյակներ պահանջվեց այն ճիշտ մեկնաբանելու և համընդհանուր ընդունելության արժանացնելու համար։
Այն պարզ և ընդհանրացված հասկացումը, թե Նիկիայում բարձրացված դավանական հարցը Հիսուս Քրիստոսի Աստված կամ արարած լինելն է եղել, միայն փոքր և միակողմանի պատկերացումն է այն նրբագույն և խորին տարընթերցումների, բանավեճերի ու պնդումների, որոնց պարզաբանման համար մեծ ճիգ են գործադրել ժամանակի մեծագույն վարդապետական մտքի տեր անձինք։ Ժամանակի բնագրերի ի մոտո ընթերցման արդյունքում պարզ է դառնում, որ Աստծո Որդուն տրված այնպիսի ուղղափառ սահմանումներ, ինչպիսիքն են` «Աստված», «հավիտենական», «ժամանակներից առաջ», որոշ պահի ընդունելի էին նաև հերձվածողների համար, որոնք դրանց կիրառմանը համաձայնելով` հետագայում նույն եզրերն այլ կերպ են մեկնաբանել` թաքցնելով իրենց իրական սկզբունքները։ Հենց նման «համաձայնություններն» են դարձել վիճարկման այն առանցքային կետը, որ ուղղափառ վարդապետներին նպատակամղել է հստակ սահմանումների` խուսափելու համար միևնույն բառերով տարբեր իմաստներ արտահայտելուց։ Նման տարընթերցումներն էին, որ, հաճախ հալածանքների և աքսորների մեջ, մերկացնում էին Նիկիական աստվածաբանները և պաշտպանում էին Նիկիական դավանանքը` փրկելու համար Եկեղեցու իսկատիպ վարդապետությունը։ Սա պահանջում էր աստվածաբանական նոր, կուռ լեզու, որ պետք է փոխանցեր ավանդական հավատքը իր ողջ ճշմարտության մեջ։
Արիոսականություն անունը ստացած հերետիկոսությունն ամենայն հավանականությամբ փորձում էր պաշտպանել միաստվածության բացարձակությունը, որից, ըստ նրանց որևէ այլ գոյության ծագումը անհնար էր համարվում։ Նրանք բացառում էին Հայր Աստծո բնության հետ որևէ համագոյություն և ուղիղ, անմիջնորդ կապ։ Այս մոնադային աստվածության պատկերն է, որ պաշտպանել են արիոսականները և որին հակադրվելով` Նիկիական հայրերը սահմանել ու բացատրել են Ավետարանին հարազատ Նիկիական դավանությունը։ Նիկիական վարդապետների կողմից սա նշանակում էր նաև հակադրություն ժամանակի փիլիսոփայության գլխավոր սկզբունքներին, մասնավորապես` միջին-նորպլատոնիզմի տրամաբանությանը։
Առհասարակ, այս դավանական բանավեճի մեջ ամենայն ճարտարությամբ կիրառվում էր թե՛ ժամանակի փիլիսոփայությունը, թե՛ Սուրբ Գիրքը և թե՛ Եկեղեցու ավանդությունը։ Վիճաբանող կողմերը լայնորեն և ճկունորեն օգտագործում էին այս միջոցները` հաստատելու համար իրենց աստվածաբանությունների ճշմարտացիությունը։ Թեև Նիկիայում, գուցե կայսեր ներկայությամբ և միջնորդությամբ, մասնակիցները ստորագրում և ընդունում են դավանական մի տեքստ` Նիկիո հավատո հանգանակը, սակայն, ինչպես ցույց են տալիս հետագա աղբյուրները, սա լոկ պայմանական համաձայնություն էր և ոչ ամբողջական ու ավարտուն միություն։
Նիկիական դավանանքը Նիկիայի ժողովից հետո լավագույնս ջատագովող ու բացատրող պաշտպաններից մեկը` ս. Աթանաս Ալեքսանդրացին, զանազան գրվածքներում մանրակրկիտ պարզաբանում է առաջին տիեզերաժողովի վարդապետությունը։ Նրա աշխատություններից որոշները ժամանակին թարգմանվել են նաև գրաբարի և լայնորեն կիրառվել են հայ վարդապետների կողմից։
Ինչպես երևում է Աթանաս Հայրապետի գրվածքներից` քաջածանոթ լինելով ժամանակի փիլիսոփայությանը և Եկեղեցու ավանդությանը, նա, այդուհանդերձ, որպես իր գրվածքների հիմնական աղբյուր կիրառել է Սուրբ Գիրքը։ Նրա աշխատություններում հաճախ հանդիպող Հովհանեսի ավետարանից արված մեջբերումները անկյունաքարային են` հաստատելու համար Նիկիական վարդապետության ճշմարտացիությունը։ Հատկապես` «Ես և Իմ Հայրը մի ենք» (10:30) և «ով Ինձ տեսավ, տեսավ Հորը» (14:9) հատվածները ս. Աթանասը կիրառում է` ցույց տալու համար, որ Հոր և Որդու գործունեությունը մի է, որ Որդին ամեն ինչով նույնն է, ինչ Հայրը (բացի Հայր լինելուց)։
Ըստ նրա` սուրբգրային «Հայր» և «Որդի» անունները զուտ արտահայտչամիջոցներ չեն, այլ ամփոփում և մեզ հասանելի են դարձնում հավիտենական հարաբերությունների մի սրբազան խորհուրդ, որ նման չէ մարդկային հայր և որդի հարաբերությանը։ Ըստ ս. Աթանասի` հայր-որդի մարդկային հարաբերությունները չեն կարող օրինակ լինել Հայր-Որդի աստվածային հարաբերությունների համար, ինչպես դա փորձում էին ցույց տալ հերձվածողները։ Ըստ նրա` մարդիկ միայն Աստծո շնորհով են որդեգիր դառնում Հորը, իսկ Աստծո Միածին Որդին` Հոր ծոցածին ծնունդը, հավիտենապես է ծնվում Հորից, և այս Ծնունդը էապես տարբեր է մարդկայինից։
Ս. Աթանասի աստվածաբանության առանցքային դրույթներից է նաև այն, որ Աստծո կյանքը անհաղորդ և օտար գոյություն չէ աշխարհի նկատմամբ, այլ ակտիվ և անմիջական է Իր արարչության նկատմամբ։ Աստված չի պահանջում որևէ նոր բնույթ կամ բնություն ունեցող միջնորդ։ Նույն աստվածային բնությունն է, որ Աստծո Որդին խոնարհաբար հաղորդակցում է մարդկայինին` նորոգելու և փրկելու համար արարչությունը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Աթանաս Հայրապետի համար ժամանակի աստվածաբանական խնդիրները զուտ փիլիսոփայական և տիեզերագիտական չէին, այլ` փրկաբանական։
Ի վերջո, Նիկիական դավանական սահմանումները նաև դեռ նախորդ դարերից ժառանգված վիճահարույց աստվածաբանական մի շարք հարցերի պատասխաններն էին։ Դրանք որոշակիություն տվեցին երրորդութենական ձևակերպումներին ու սահմանագծեցին ավետարանի պատգամը` զատորոշելով ժամանակի հունական և հրեական կրոնների ազդեցություններից։ Սա հետագայում Կապադովկյան հայրերի համար հիմք ստեղծեց` լուծելու իրենց ժամանակի աստվածաբանական վեճերը և վերահաստատելո Նիկիական հավատքը` առ Սուրբ Երրորդությունը և Մի Աստվածությունը։
Նիկիական դավանություն
(Ներածական ակնարկ)
Ընդհանրական Եկեղեցու կյանքում առանցքային և հիմնարար նշանակություն ունի Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովը` իր կանոնական, ծիսական, տոնացուցային և դավանական սահմանումներով։ Այն աննախադեպ է մասնակիցների ընդգրկմամբ, կարևորությամբ և հետագա ազդեցությամբ։ Թեև ժողովի բոլոր սահմանումները ընդունվել են ժողովին մասնակից գրեթե բոլոր եպիսկոպոսների կողմից, սակայն հատկապես դավանական հարցը` Հիսուս Քրիստոսի` Հայր Աստծո նույն բնությունից լինելը («homoousios»), հետագայում բուռն քննարկումների և վեճերի առարկա է դարձել, որ հանգուցալուծվել է տասնամյակների ընթացքում միայն։
Արդյո՞ք Աստծո Որդին Հայր Աստծո նույն բնությունից է, այսինքն` հավիտենական է, անփոփոխելի ու աստվածային նույն հատկանիշներն ունի, թե՞ նրանց միջև գոյություն ունի որոշակի գոյաբանական տարբերություն։ Առաջին հայացքից նրբերանգային զանազանումներ ունեցող այս հարցադրումները տանում են երկու ճանապարհով` կա՛մ ավետարանական բուն պատգամին հետևելու, կա՛մ դրանից շեղվելու։ Նիկիայի ժողովի ջատագովները ու հակառակ ճամբարի ներկայացուցիչները, երկուստեք վկայակոչելով Սուրբ Գիրքը, դրա հետ միասին նախորդող ժողովների որոշումները և բանադրությունները, իրենց կողմն են փորձել բերել թե՛ կայսրերի, թե՛ եպիսկոպոսների ու վանականների, թե՛ հավատավոր մարդկանց։ Մեծ ջանքերի գնով է միայն, որ ավետարանական ու առաքելավանդ հավատքը հնարավոր է եղել վերջնականապես պահպանել ու փոխանցել Եկեղեցուն այնպես, ինչպես այն ամրագրվել է Նիկիայի Սուրբ Ժողովում։
Ալեքսանդրիայի վեճը
Ինչպես ցույց են տալիս պատմագրական սկզբնաղբյուրները` հատկապես չորրորդ դարի մեզ հասած նամակագրությունները, Նիկիայում բարձրացված դավանական վեճը ծագել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այն հանրային բնույթ է կրել, քանի որ ծավալվել է Ալեքսանդրիայի համայնքի առաջ` այն պահից սկսած, երբ շրջանի եպիսկոպոսը` Ալեքսանդր Ալեքսանդրանցին, սուրբգրային մի հատվածի մասին հարց է ուղղել Ալեքսանդրիայի քահանաներից մեկին` Արիոսին։ Վեճն այնքան մեծ ծավալում է ստացել, որ դրան անդրադարձել է նաև Կոստանդիանոս կայսրը` երկուսին էլ նամակ գրելով և առաջարկելով հաշտության գալ ու չքննարկել հարցը։ Սակայն հակասությունը հետագայում ավելի մեծ չափեր է ստացել և կարճ ժամանակում տարածվելով Ալեքսանդրիայի քրիստոնյաների մեջ` ի վերջո թեմը բաժանել է հակադիր համայնքների։ Արիոսն ու նրա համախոհները Ալեքսանդր Ալեքսանդրացուն մեղադրել են ավանդական և սուրբգրային միաստվածության դավանանքը զիջելու մեջ, իսկ վերջինս նրանց նկարագրել է որպես որդեգրականների (նախկինում նզովված աղանդ, որոնք մերժում էին Որդու աստվածությունը)։
Այս վեճի սրման արդյունքում Լիբիայի և Եգիպտոսի շուրջ 100 եպիսկոպոսներ 321թ. ժողով են գումարում ու նզովում Արիոսին և նրա համակիրներին։ Դատապարտությունից հետո Արիոսն արդարացվելու նպատակով դիմում է ժամանակի հեղինակավոր եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացուն։ Վերջինիս հովանավորությունը ստանալով` նա Ալեքսանդրին ներկայացնում է որպես մոլորյալի: Այդ ժամանակ է, որ մի շարք արևելյան եպիսկոպոսներ նամակներ են գրում Ալեքսանդրին, որոնց թվում նաև` Եվսեբիոս Կեսարացին։ Ի պատասխան` Ալեքսանդր Հայրապետը երկու շրջաբերականներ է հրապարակում, որոնցում ցույց է տալիս իր հակառակորդների աստվածաբանական սխալները։ Արիոսն իր հերթին գրում է «Թալիա» անունով ջատագովական մի աշխատություն, որում բացատրում է իր և համախոհների վիճահարույց դրույթները։
«Թալիան» և արիոսականների դավանական աշխատությունները, պատմության ընթացքում գրեթե ամբողջապես ոչնչացվել են և նրանց վարդապետության վերաբերյալ տեղեկությունները քաղվել են նրանց քննադատների գործերից։
Պատկերացում տալու համար, թե հավատքի ինչ դրույթներ են ունեցել արիոսականները գոնե վեճի վաղ շրջանում, մեջբերում ենք հետևյալ կետերը Ալեքսանդ Ալեքսանդրացու շրջաբերական նամակից.
ա. Աստված միշտ չէ, որ Հայր է եղել,
բ. միշտ չէ, որ Որդին եղել է,
գ. Աստված արարել է Որդուն,
դ. Որդին արարվել է ոչնչից,
ե. եղել է ժամանակ, երբ Որդին չի եղել,
զ. Որդին նման է Հորը բնությամբ և էությամբ,
է. սակայն Որդին Հոր բուն իմաստությունը և խոսքը չէ:
Սրանք այն հերձվածողական դրույթներն են, որոնց պատճառով Արիոսն ու նրա տասներեք համախոհները դատապարտվում են Ալեքսանդրիայի տեղական ժողովում։ Նման դրույթներով Արիոսը փորձել է պաշտպանել ավանդական միաստվածությունը, սակայն արմատապես շեղվել է Սուրբ Երրորդության ճշմարիտ վարդապետությունից: Ըստ Ալեքսանդրի` արիոսականներն անտեսել են Որդու Աստվածության մասին սուրբգրային վկայությունները։ Որդին նման չէ արարածներին և ոչ էլ պարզապես որդեգիր է Աստծուն, այլ Հո՛ր նմանությունն է և ճշմարտապես հայտնում է Հորը (Հովհ. 14:8-9): Ալեքսանդր Հայրապետը հաստատում է, որ միայն Հայրն է անծին, հետևաբար Որդու` Հորից Ծնունդը խորհուրդ է։ Որդին միշտ Հոր հետ է, քանի որ Նրա իմաստությունն ու խոսքն է։ Ալեքսանդր Հայրապետի աստվածաբանության մեջ Որդու` հավիտենական Ծնունդ և Հոր հավիտենական պատկեր լինելու ձևակերպումները հետագայում էական նշանակություն են ունեցել ուղղափառ աստվածաբանության համար։
Արիոսական ուսմունքը շեղվում էր հավատքի փրկաբանական կարևոր դրույթներից, ուստի Արիոսական հերետիկոսությունը հիմնովին մերժելի է Եկեղեցու համար։ Ընդհանրապես միաստվածության պաշտպանությունը Ալեքսադրիայում առանձնակի կարևոր է եղել այս վեճից առաջ էլ, քանի որ Եգիպտոսում տարածված է եղել մանիքեական երկաստվածության պիղծ հերետիկոսությունը, ինչպես նաև որոգինեսյան հավիտենական արարչագործության վարդապետությունը։ Սրանց կարող է գումարվել նաև Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ տարածվող բազմաստվածության քարոզչությունը` ընդդեմ քրիստոնեական հավատքի։ Այս համատեքստում քրիստոնյաները հեթանոսներից մեղադրվել են, որ միաստվածյան չեն, քանի որ նաև մարդու են պաշտում։ Սրան ի պատասխան` տեղին է Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից իմաստության և պատկերի մասին սուրբգրային տեղիները մատնանշելը, որոնցով Ալեքսանդրիայի հայրապետը շեշտում է Որդու հավիտենականությունը և Հորը համարժեք Աստվածային բնություն ունենալը, ինչով և հիմնավորվում է Որդուն պաշտելը։ Միայն հավիտենական Որդին կարող է հայտնել անհասանելի Հորը` իբրև Նրա պատկեր (Եբր. 1:3) և երկրպագվել Հոր հետ միասին։ Հետագայում Աթանաս Ալեքսանդրացին է` Ալեքսանդր հայրապետի աշակերտը, որ շարունակում է նրա ուղղափառ աստվածաբանությունը թե՛ ընդդեմ հեթանոսների և թե՛ ընդդեմ արիոսականների։
Նիկիայի ժողովին նախընթաց` 324թ. Անտիոքում Կոտանդիանոս կայսրը առաջարկում է քննել նաև Եգիպտոսում զարգացող աստվածաբանական վեճը։ Ժողովը, դավանական որոշումները կառուցելով Պատկերի աստվածաբանության վրա (Որդու` Հայր Աստծո պատկերը լինելու), հաստատում է Որդու հավիտենականությունը և Հորից լինելը, Ծնունդ և ոչ թե արարած լինելը։ Նզովվում են Որդուն «արարած» կամ «փոփոխելի» անվանողները։ Բանադրվում են նաև որոշ եպիսկոպոսներ, որոնց հետ նաև Եվսեբիոս Կեսարացին։ Այս ժողովը կազմակերպում է Հոսիա Կորդովացին, ում կողմից հետագայում Նիկիայում առաջարկված «համագո» (homoousios) եզրը դառնում է Նիկիական դավանության բանալի արտահայտությունը։
«Համագո» եզրի անհրաժեշտությունը
Եկեղեցու վարդապետական սահմանումների համար կիրառված բառերն ու արտահայտությունները քաղված են գլխավորապես Սուրբ Գրքից։ Աստվածաշնչյան եզրերի ներառումը, ինչպես օրինակ` «աստվածածին», «երրորդություն», «աստվածացում», միշտ չէ, որ միանգամից ու միանշանակ է կատարվել։ Դրանք հաճախ անցել են բյուրեղացման և ամրագրման ժամանակաշրջան։ Աստվածաբանական բառապաշարում ընդունելություն գտնելու համար որոշակի բացատրություններ և մեկնաբանություններ պահանջող բառերից է եղել նաև Նիկիայի տիեզերական ժողովի բանալի արտահայտություններից մեկը` «համագո»-ն (հունարեն` «homoousios», գրաբար` «համագոյ», բնութենակից, նոյնբնութիւն եւ այլն):
Մինչ Նիկիական հանգանակի մեջ կիրառություն գտնելը` հայտնի է, որ «համագո» եզրը օգտագործել են թե՛ հեթանոս հեղինակները, թե՛ հերձվածները և թե՛ Եկեղեցու վարդապետները։ Յուրաքանչյուրի դեպքում, կախված համատեքստից, այն տարբեր իմաստներ է ունեցել։ Այս եզրի աստվածաբանական իմաստավորման զանազան դրսևորումներ կան Տերտուղիանոսի, Որոգինեսի, Դիոնիսիոս Հռոմեացու և Դիոնիսիոս Ալեքսանդրացու գրվածքներում։ Աստվածաբանական իրենց հայացքները հայտնելու համար «համագո» եզրը կիրառած և Եկեղեցուն մեծ անհանգստություն պատճառած հերձվածողներից են վալենտինյան գնոստիկները, Սաբելիոսը, Պողոս Սամոսատեցին (և գուցե Մանին)։ Այդ հանգամանքը թույլ չի տվել այս եզրի համատարած ընդունելիությունը և միանշանակ ընկալումը ուղղափառ եկեղեցականների շրջանակներում։ Ավելին, Անտիոքի 269 թվականի ժողովում այն պաշտոնապես մերժվում է` կապված Պողոս Սամոսատեցու` այն կիրառելու փորձերի հետ (տե՛ս Հիլարիոս Պիկտավացու նամակը, /«Ի վերայ ժողովոց»/)։ Սա հետագայում առիթ է տալիս վիճարկելու այս եզրի իսկությունը Նիկիական հանգանակում1։
Դժվար է հստակեցնել, թե ինչպես է «homoousios»-ը հայտնվել 325թ. Նիկիական ժողովում կազմված Հավատամքում։ Եվսեբիոս Կեսարացու շրջաբերական նամակում, որը նա Նիկիայի ժողովին մասնակցելուց հետո գրել է իր համայնքին, հաղորդվում է, որ այս եզրը հանգանակի մեջ առաջարկել է ավելացնել նույն ինքը` Կոտսանդիանոս կայսրը։ Սա որոշ ուսումնասիրողների ենթադրել է տալիս, որ դա կարող էր լինել Հոսիա Կորդոբացու միջոցով, որն այդ տարիներին եղել է կայսեր խորհրդական եպիսկոպոսը։ Եվսեբիոս Կեսարացու փոխանցած տեղեկությունների համաձայն` Նիկիական Հավատամքի մեջ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «ի բնութենէ Հօր», և «համագոյ Հօրն» (ἐκ τῆς οὐσίας τοῦ πατρὸς և καὶ τὸ τῷ πατρὶ ὁμοούσιον), որոշակի բացատրության կարիք են ունեցել և պարզաբանվել ու ժողովի ժամանակ ընդունվել են մեծամասնության կողմից։ Արդյունքում հստակեցվել է, որ դրանք նշանակում են, որ Որդին ճշմարտապես Հորից է, արարվածների պես չէ և չի ծագում որևէ այլ էությունից։
Որքան էլ որ զարմանալի է, սակայն Նիկիայի ժողովից հետո այս եզրի մասին ուղղափառ հայրերը շատ քիչ են հիշատակում։ ժողովից միայն տասնամյակներ անց, երբ որոշ արևելյան եպիսկոպոսներ, որոնք դեմ էին «համագո» եզրի կիրառությանը, փորձում են այն փոխարինել «նմանագո» (homoiousios) եզրով, ս. Աթանաս Մեծը ստանձնում է ընդունված եզրի ճշմարիտ բացատրության աշխատանքը։ Մասնավորապես իր «Նիկիական ժողովի սահմանումների վերաբերյալ» նամակում (359թ.) նա գրում է, որ այս եզրը ներմուծվել է անհրաժեշտաբար` մերկացնելու համար հերձվածողական ուսմունքները։
«...քանի որ Հորից Որդու ծնունդը տարբերվում է մարդկային ծննդից, և Որդին ոչ միայն նման է Հորը, այլև անբաժան է Հոր էությունից, հետևաբար Որդին և Հայրը մի են։ Ինչպես Ինքը՝ Որդին է ասում. «Խոսքը միշտ Հոր մեջ է, իսկ Հայրը Նրա` Խոսքի մեջ է (հմմտ. Հովհ. 10։30)` այնպես, ինչպես անբաժանելի են շողարձակումն ու լույսը։ Հետևաբար [Նիկիայի] ժողովը, սա ի նկատի ունենալով, գեղեցկորեն գրել է` «համագո». հերետիկոսների չարությունը տապալելու և ցույց տալու համար, որ Խոսքը տարբերվում է արարածներից։»
Ինչպես երևում է Արիոսի գրվածքների պահպանված հատվածներից` այս եզրի ընդունելիությունը նրա կողմից անհնար է եղել։ Ամենայն հավանականությամբ նա «համագո» եզրի «գո-» արմատը` «ousia»-ն, ընկալել է փիլիսոփայական-նյութական իմաստով։ Ինչպես երևում է նրա բացատրություններից` աստվածային գոյությունը չէր կարող մասնատվել, հաշվվել, կիսվել կամ իր մեջ այլ միավոր ունենալ, քանի որ դա հատուկ է միայն նյութական գոյությանը։ Ինչպես ցույց է տալիս ս. Աթանասի վերագրյալ մեջբերումը, նիկիական հայրերը առաջնորդվել են ոչ թե փիլիսոփայական, այլ աստվածաբանական մեկնությամբ. Որդու համագոյությունը Հորը արարածների` միմյանց նկատմամբ համագոյության պես չէ։ Այս համագոյությունը աստվածային է և մարդկանց համար ամբողջապես ըմբռնելի չէ։ Այլ կերպ ասած` Նիկիական հայրերը «homoousios» բառով նպատակ են ունեցել հաստատելու, որ Հայրն ու Որդին գոյութենապես նույնն են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: