Կանոնական

Նիկիայի սուրբ տիեզերաժողովին (Ա), որը գումարվեց 325 թ․, հատկանշական է, որ մասնակցեցին ընդհանուր առմամբ 318 հայրապետներ[1]։ Ժողովը գումարվեց կայսեր և ապա նրա պատգամավորի ներկայությամբ, որը քննության ենթարկեց Արիոս Լիբանանցու առաջ քաշած չարափառությունը[2]։ Սուրբ ժողովը դատապարտեց Արիոսին և նրան համակրող 20 եպիսկոպոսներին ու նրա բոլոր կողմնակիցներին, սահմանեց 20 կանոն և կազմեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանական հիմքը հանդիսացող «Հավատո հանգանակ»-ի «Հաւատամք ի մի Աստուած»  անառարկելի բանաձևումը։ Հետագա բոլոր ձեռագրերում, որոնցում արձագանք կա այս սուրբ տիեզերաժողովին և նրա կանոններին և որոնք հայկական ձեռագրապահոցներում պահպանվում են, առկա են այս 20 կանոները և դրանք, հիմնականում, նույնական են հունասլովականներին։

 

Այդուհանդերձ կան որոշակի տարբերություններ և տարընթերցումներ։ Հատկանշական է, որ 2-րդ կանոնը ուռճացած է և բաղդատված․ կանոնի երկրորդ հատվածը թարգմանչի կողմից, ըստ Ներսես Մելիք-Թանգյան վարդապետի, թյուրիմացաբար է ընկալվել որպես 3-րդ կանոն ու այդպես էլ ներդրվել է հետագա կիրառությունների մեջ։ 9-րդ կանոնը առհասարակ սքողվել է, դուրս է թղնվել՝ այն կրճատելու նախատրամադրվածությամբ, իսկ 15-րդ և 16-րդ կանոնները նույնանմանության հանգամանքով միացվել են և ներկայացվել իբրև մեկ․ այսպիսով՝ դուրս է մնացել նաև 16-րդ կանոնը[3]։

 

Սակայն, թյուրիմացությունը կանխվել է այն հանգամանքով, որ հայ մատենագրության մեջ պահպանվել են  «Բ Նիկիական» ժողովի 114 կանոնները՝ գրաբարով, որոնց առկայությամբ շփոթը հանգուցալուծվում է․ այստեղ կարելի է գտնել Սուրբ Տիեզեարաժողովի 20 իրական կանոնները։

 

Մեզ հասած և պահպանված կանոնները հետևյալն են․

  1. «Ով հիվանդության ժամանակ բժիշկների միջոցով զրկվել է անդամներից կամ թե բարբարոսներից է ներքինի դարձել, այդպիսին կարող է մնալ հոգևորականության մեջ։ Եթե առողջ լինելով՝ ինքն իրեն ներքինի է դարձրել, այդպիսի անձին, թեկուզ լինի կղերի անդամ, պետք է արձակել և այդպիսիններից ոչ ոքին չընդունել եկեղեցական դասի մեջ»։

Այս կանոնի վեաբերյալ հայոց ձեռագրերում առկա են նաև հետևող պատիժները․ ըստ այսմ՝

  • Այդպիսի մարդիկ 7 տարի եկեղեցուց դուրս պետք է կանգնեն և պաշտանմունքի միայն ձայնը լսեն։
  • Դռան մոտ՝ դրսում, ապաշխարողների հետ միասին կանգնեն և ձեռք դնելով՝ թողություն ստանան։
  • 3 տարի էլ եկեղեցու ներսում ապաշխարեն։ Եթե մեռնելու լինեն, ապա նրանց կարելի է հաղորդություն տալ, որի պարագային առողջացումից հետո, վերստին անցնեն իրենց ապաշխարությանը։
  1. «Կարիքից կամ մարդկանց թելադրություններից ստիպված շատ բան է կատարվում եկեղեցական կանոնին հակառաակ, կռապաշտությունից նոր դարձածներին, որոնք կարճ ժամանակ միայն նախապատրաստության մեջ են եղած, շուտով հոգևոր ավազանին են մոտեցնում և իսկույն մկրտությունից հետո եպիսկոպոս են կարգում կամ երեց․ բարի համարվեց այդ բանն արգելել սրանից հետո։ Պատրաստվողին էլ ժամանակ պիտի տալ, որ մկրտությունից հետո փորձի ենթարկվի»։
  2. «Մեծ ժողովն առանց բացառության սահմանեց, որ ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ երեցը, ո՛չ սարկավագը և ո՛չ կղերականներից որևէ մեկն իրավունք չունենա կին պահել տանը՝ բացի մորից, քրոջից կամ մորաքրոջից, կամ այն անձերից, որոնք հեռու են ամեն մի կասկածից»։

Հետաքրքրական է, որ այս ժողովական կանոնը կարելի է նկատել կուսակրոն քահանայության կանոնական հիմք, քանզի ժողովականներից շատերին առաջարկվեց առաքինի մնալու համար որդեգրել հենց կուսակրոնությունը։

  1. «Ավելի վայելուչ է, որ աշխարհի բոլոր եպիսկոպոսների համաձայնությամբ առաջնորդ-եպիսկոպոս նշանակվի։ Եթե ճանապարհների հեռավորության և այլ պատճառներով բոլոր եպիսկոպոսները չկարողանան հավաքվել, գոնե երեք հոգի պիտի հավաքվեն, իսկ մնացածներն իրենց համաձայնությունը թղթով պիտի ուղարկեն և ապա ձեռնադրություն կատարեն։ Ամեն մի աշխարհում այդպիսի գործողության հաստատությունը պատկանում է աշխարհի մետրոպոլիտին»։

Այս կանոնի ոգուն համապատասխան են մինչև այսօր կատարվում կաթողիկոսների ու պատրիարքների ընտրությունները։

  1. «Նրանք՝ հոգևորական, թե աշխարհական, որոնց եպիսկոպոսը իր թեմում մերժել է եկեղեցուց, պիտի պահեն այն կանոնը, որը սահմանել է, որ բանադրվածներն ուրիշ անձանցից արձակում չստանան։ Միայն պիտի քննել, թե փոքրոգության, վեճի կամ մի որևէ այդպսիսի անբավականության համար չէ՞ արդյոք եպիսկոպոսը բանադրել։ Եվ այսպես, որպեսզի այդպիսի գործերի համար կատարվի վայելուչ քննություն, բարի համարվեց սահմանել, որ ամեն աշխարհում տարին երկու անգամ ժողով լինի, որպեսզի աշխարհի բոլոր եպիսկոպոսները միատեղվեն, քննեն այդպիսի թյուրիմացությունները, և այդ միջոցով եպիսկոպսոսի դեմ հանցավոր գտնվածները բոլորի կողմից համարվեն եկեղեցուց հեռացած այնքան ժամանակ, որքան բավարար կհամարի ժողովը և կմեղմացնի վճիռը։ Ժողովներից առաջինը լինի Քառասնորդականից առաջ, որ ամեն անբավականությունից հետո մաքուր ընծա բերվի Աստծուն, երկրորդը՝ աշնան ժամանակ»։
  2. «Թող պահվեն հին սովորությունները, որոնք ընդունված էին Եգիպտոսում, Լիբանանում և Պենտապոլսում, որ Ալեքսանդրիայի եպիսկոպոսն իշխանություն ունենա բոլորի վրա։ Նույնպիսի սովորություն կար և Հռոմի եպիսկոպոսին վերաբերող։ Նույնիսկ և Անտիոքում և այլուր թող պահպանվեն եկեղեցիների առավելությունները։ Թող հայտնի լինի այս, որ եթե մեկն առանց մետրոպոլիտի թույլատվության եպիսկոպոս կարգվի, այդպիսինների համար մեծ ժողովը որոշեց, որ նա եպիսկոպոս չլինի։ Իսկ եթե ընդհանուր ընտրությունը կլինի հաջող և եկեղեցական կանոնների համաձայն, բայց երեք կամ երկուսը վիճասիրության պատճառով կհակաճառեն նրան, այն ժամանակ ընտրողների ձայների մեծամասնությամբ գործը կվճռվի»։
  • Ալեքսանդրիա, որի սահմաններում են Եգիպտոսը, Լիբանանը և Պենտապոլիսը։
  • Անտիոք, որի սահմաններում են Ասորիքը, Կելեն (Սիրիա), Միջագետքը և երկու Կիլիկիա։
  • Հռոմ, որի սահմաններում էին Իտալիայի եկեղեցիները։
  • Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անկախ էր․ այն ձեռք էր բերել դեռևս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի օրոք։
  1. «Թող հաստատվի հին սովորությունը և ավանդությունը, որ Էլիայի (Երուսաղեմ)եպիսկոպոսը հարգանք ունենա, որ այն պատիվն ունենա, որ կապված է մետրոպոլիտին հատկացրած արժանավորությունների հետ»։
  • Այս կանոնը հետաքրքրական է հատկապես նրանով, որ սրանով Երուսաղեմի եպիսկոպոսին տրվում է մետրոպոլիտի պատիվ։
  1. «Մի ժամանակ իրենց մաքուր համարողների մասին, որոնք անբաժան էին Առաքելական և Ընդհանրական Եկեղեցուց, բարի է համարում սուրբ և մեծ ժողովը նրանց վրա ձեռք դնելով թույլ տալ մնալ կղերականության մեջ։ Ամենից առաջ նրանք պետք է խոստովանեն գրավոր կերպով, թե միանում են և խոստանում են հետևել Առաքելական և Ընդհանրական Եկեղեցու որոշումներին, այսինքն՝ եկեղեցական հաղորդակցության մեջ կլինեն թե՛ երկկին մարդկանց և թե՛ հալածանքների ժամանակ հավատուրացողների հետ, որոնց համար թե՛ ապաշխարանք և թե՛ ներման ժամանակ է նշանակված։ Պետք է, որ նրանք ամեն բանում հետևեն Առաքելական Եկեղեցու որոշումներին։ Եվ այսպես, թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում եթե նրանց ձեռնադրվածներից կպատահեն անձինք, որոնք կմիանան մեր Եկեղեցու հետ, նրանք կմնան իրենց կարգի մեջ։ Եթե դրանց մեջ կլինեն մեր Եկեղեցու հետ միացող եպիսկոպոսներ, և նույն տեղում կգտնվի ուղղափառ եպիսկոպոս, հարկավ ուղղափառ եպիսկոպոսը կմնա իր բոլոր իրավունքներով, և սրանից կախված կլինի նորադարձ եպիսկոպոսներին ընդունելը եպիսկոպոսական պատվով, եթե ուղղափառ եպիսկոպոսին ցանկալի չէ, կնշանակի նրանց քորեպիսկոպոս կամ քահանա․ երկու եպիսկոպոս մի քաղաքում չպիտի լինեն»[4]։
  2. «Եթե ոմանք առանց փորձի ենթարկվելու երեց դարձան կամ փորձման ժամանակ մեղքերը խոստովանեցին, բայց խոստովանությունից հետո էլի հակառակ գնացին կանոններին, այդպիսիններին կանոնն արգելում է քահանայագործություն անել, որովհետև Ուղղափառ Եկեղեցին պահանջում է, անշուշտ, անարատություն»։
  3. «Եթե ուրացողներից ոմանք անգիտությամբ կամ հենց կարգողների գիտությամբ հոգևորականության մեջ են մտել, նրանք չեն կարող եկեղեցական համարվել կանոնի համաձայն, որովհետև դրանք քննությունից հետո զրկվում են սրբազան կարգից»։
  4. «Որոնք ուրացել են հավատը ոչ ստիպմամբ կամ կալվածքի հափշտակությամբ կամ վտանգի և այլ պատահարների պատճառով, որ պատահում էր Լիկիանոսի ժամանակ, ժողովը որոշեց դեպի այդպիսինները ողորմած լինել, թեև արժանի չեն։ Որոնք անկեղծորեն կզղջան, նրանք երեք տարի ունկնդիրների հետ կկանգնեն իբրև հավատացյալ, 7 տարի եկեղեցում «ընդ ձեռամբ» կապաշխարեն և երկու տարի էլ ժողովրդի հետ կաղոթեն առանց հաղորդվելու»։
  5. «Նրանք, որոնք անկեղծորեն հավատքը կդավանեն, ջերմեռանդություն ցույց կտան և զինվորական գոտին դեն կնետեն, բայց հետո ինչպես շներ իրենց փոխածին կդառնան, արծաթ և պարգևներ կաշառք տալով՝ կհասնեն զինվորական պատվի, այդպիսինները 10 տարի եկեղեցում կապաշխարհեն ընդ ձեռամբ ներողություն խնդրելով և 3 տարի ունկնդիր լինելով գավթում։ Ապաշխարհելիս ի նկատի պետք է առնել տրամադրությունը և զղջման պատրաստակամությունը։ Որոնք երկյուղով, լացով, համբերությամբ, բարեգործությամբ և գործով կզղջան և ոչ արտաքուստ, դրանք որոշյալ ժամանակը լրանալուց հետո կընդունեն աղոթքների մեջ։ Եպիսկոպոսն իրավունք ունի զիջողաբար վարվելու։ Իսկ որոնք անտարբերությամբ կապաշխարեն, նրանք որոշած ժամանակն ապաշխարանքը կկրեն»։
  • Այս կանոնն ամբողջությամբ նվիրված է Լիկիանոսի զորքերին․ վերջինս դաժան ու անգութ զորահրամանատար էր, իսկ քրիստոնյա զինվորները ցանկություն չունեին կռվելու նման հրամանտարի հրամանատարության ներքո։
  1. «Մահամերձների նկատմամբ թող պահպանվի հին կանոնն ու օրենքը, որ մեռնողը չզրկվի վերջին ամենակարևոր ուղեկցությունից։ Եթե Հաղորդությունից հետո կառողջանա, թող մասնակցի միայն աղոթողների հետ եկեղեցու դռան մոտ։ Ընդհանրապես մեռնողներին, ով կուզի լինի, Հաղորդություն խնդրողներին, եպիսկոսպոսի կողմից փորձի ենթարկվելուց հետո, թող Հաղորդություն տրվի»։
  2. «Չմկրտվածների և ուրացողների համար սուրբ և մեծ ժողովն որոշեց երեք տարի ունկնդիրների հետ լսեն Սուրբ Գիրքը և ապա աղոթեն պատրաստվողների հետ»[5]։
  3. «Շատ խռովությունների և խառնակությունների պատճառով բարի համարվեց արգելել այն սովորությունը, որ, հակառակ Առաքելական կանոնին, մի քանի տեղերում գործադրվում է, որ քաղաքից քաղաք չտեղափոխվեն ո՛չ եպիսկոպոս, ո՛չ երեց, ո՛չ սարկավագ։ Ով հակառակ այս կանոնի կընթանա և կկարգադրի, նրա կարգադրությունը կլինի անվավեր և տեղափոխվողը հետ կբերվի այն Եկեղեցին, որտեղ ձեռնադրված է»։
  4. «Քահաններից, սարկավագներից կամ ժառանգավորներից նրանք, որոնք, շուտափույթ Աստծո երկյուղը մոռացած և եկեղեցական կանոնն անուշադրության տված, իրենց սեփական Եկեղեցուց կհեռանան, նրանք ուրիշ Եկեղեցում չպիտի ընդունվեն․ ամեն միջոց պիտի գործ դնել և ստիպել, որ նրանք հետ դառնան, եթե կհամառեն, թող զրկվեն Եկեղեցու հաղորդությունից։ Իսկ եթե մեկը կհամարձակվի ուրիշի իրավասության պատկանող մեկին հափշտակել և իր Եկեղեցու վրա ձեռնադրել՝ առանց սեփական եպիսկոպոսի համաձայնության և նրա վրա ուշադրություն դարձնելուն, այդպիսի ձեռնադրությունը կլինի անվավեր»։
  5. «Կղերին պատկանողներից շատերը շահասիրական ու վաշխառուական ցանկությամբ մոռացել են աստվածային գրությունը, որ ասում է․ «Արծաթդ մի՛ տար շահով», և պարտք տալով իրենց փողը՝ պահանջում են տոկոս (հարյուրերրորդականը)։ Մեծ և սուրբ ժողովը դատեց, որ այս որոշումից հետո փող տվողը, եթե ուրիշ գործադրություն կտա այս բանին՝ կամ կիսով շահ պահանջելով կամ մի ուրիշ բան մտածելով, որ շահասիրությունը ծածկի, այդպիսինը կարգալույծ թող լինի և հեռացվի հոգևոր դասակարգից»։
  6. «Սուրբ և մեծ ժողովին լուր հասավ, որ մի քանի տեղերում սարկավագներն են քահանային Հաղորդություն տալիս, այնինչ ո՛չ սովորությամբ, ո՛չ կանոնով չի թույլատրվում, որ հաղորդություն տալու իշխանություն չունեցողն իշխանություն ունեցողին Հաղորդություն տա։ Հայտնի եղավ, որ մի քանի սարկավագներ եպիսկոպոսից առաջ են Հաղորդության մոտենում։ Այս բոլորը վերջանա՛, սարկավագները իրենց չափը ճանաչեն, իմանան, որ նրանք եպիսկոպոսի ծառայողներն են և քահանայից՝ ցած։ Նրանք պետք է հաղորդություն ստանան քահանայից հետո, եպիսկոպոսի կամ քահանայի ձեռքով։ Նրանք պիտի նստեն քահանաներից հետո, այնինչ շատ անգամ պատահում է հակառակը։ Չհնազանդվողը կզրկվի սարկավագությունից»։
  7. «Պողիկյաններից նրանք, որոնք կմտնեն Ուղղափառ Եկեղեցու ծոցը, որոշվում է նրանց համար նորից մկրտվել։ Եթե սկզբում հգևորական դասին են պատկանել և անարատ ու անպարսավելի են եղել, կրկնակնունքից հետո կարող են ուղղափառ եպիսկոպոսից ձեռնադրվել։ Եթե փորձման ժամանակ անընդունակ երևացին քահանայագործության մեջ, պետք է կարգազուրկ լինեն։ Այդ կերպ պետք է վարվել և սարկավագուհիների և ընդհանրապես հոգևորականների դասին պատկանողների վերաբերյալ։ Այն անձինք-կանայք, որոնք ձեռնադրությամբ սարկավագուհի չեն, ապա միայն շորն են հագնում, կարող են համարվել ուղղակի աշխարհական»[6]։
  8. «Կան որոշներ, որոնք ծնկում են կիրակի և հիսնակի օրերին․ սուրբ ժողովը որոշում է, որ բոլոր թեմերում միակերպ պահպանվի հետևյալը, որ այդ օրերին կանգնած աղոթք մատուցվի Աստծուն»։

 

Վիրապ աբեղա Սարգսյան

[1] Ժողովի գումարման հանգամանքի մասին առկա են մեր կայքի համապատասխան բաժիններում։

[2] Աղանդ, հերետիկոսություն, հերձված, տե՛ս, Հայերէն բացատրական բառարան, Ստ․ Մալխասեանց, Երևան, 1944, հատոր 4, ցուցակ 1, էջ 15։

[3] Հայոց Եկեղեցական իրաւունքը, Ներսէս վարդապետ Մելիք-Թանգեան, Սբ․ Էջմիածին, 2011, էջ 128։

[4] «Մաքրություն» եզրի ներքո նկատում էին մաքրակենցաղությունը, խիստ մաքրակրոնությունը, վարքի անարատությունը։

[5] «Պատրաստվող» կոչվում էին այն նորադարձ քրիստոնյաները, որոնք Եկեղեցում առաջանում էին քրիստոնեոական վարդապետության մեջ։

[6]  Պողիկյանները աղանդ էին, որոնց հիմնադիրը Միջագետքի Սամոսատ քաղաքից Պողոս անունով մեկն էր։ Նա քարոզում էր, որ Աստված կա և անվանվում է Հայր, Որդի և Սուրբ Հոգի․ Որդին Հոր հետ նույնն է, ինչ որ խոսքը՝ բանը՝ մարդու։ Այս Բանը գալով աշխարհ, մարդու մեջ բնակվեց՝ Հիսուս անունով, և տուն կառուցելով, համբարձվեց Երկինք, իսկ այս Հիսուսը փոքր Հիսուս Քրիստոս  է՝ Մարիամից առաջացած։