«Որ Է-ն յէութեան Որդի Է-էն՝ անեղանելի ծնունդ հայրական.
Զոր ի վերուստ հնչեցին որդիքն Որոտման.
Եւ յայտնեցին որդւոց մարդկան զծածկապէս խորհուրդ:
Բանն անսկիզբն ի Կուսէն սկզբնաւորեալ.
Ի յերկրի մարմնով երեւեցաւ. զոր տեսին քարոզք Բանին ճշմարտութեան.
Եւ ծանուցին տիեզերաց Աստուած եւ մարդ:
Իսկապէս Բանն Աստուած միացաւ ի մարմնի. անփոփոխ գոլով յԷութեան.
Որում եղեն ականատես որդիքն Որոտման.
Եւ ընդհանուր քարոզեցին զԲանն մարմին եղեալ»:
(Շարակնոց)
Մեր Քրիստոս Աստուծոյ սիրելի աշակերտներ սուրբ Յակոբոսը եւ Յովհաննէսը Զեբեդիոսի որդիներն էին, Մարիամի Որդու՝ Յիսուս Քրիստոսի քրոջ որդիները: Նրանց մայրը՝ Սողոմէն, դուստրն էր Յովսէփ Աստուածահօր, որը Մարիամի այր կոչուեց՝ Կոյսի պահպանութեան, Քրիստոսի ծննդեան, Նրան մեծացնելու եւ սպասաւորութեան համար, քանզի ինչպէս որ Յովսէփի որդիները Քրիստոսի եղբայրներ կոչուեցին, նոյնպէս եւ Յովսէփի դուստրերը քոյրեր կոչուեցին:
Նրանք իրենց մօր հետ մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Տէ՛ր, թոյլ տուր, որ մենք նստենք Քո արքայութեան մէջ, մէկս՝ Քո աջ կողմում եւ միւսս՝ ձախ կողմում, ինչպէս որ տեսանք Մովսէսին ու Եղիային Թաբօր լերան վրայ»[1]: Եւ Յիսուս ասաց նրանց. «Կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը Ես խմելու եմ. կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով Ես մկրտուելու եմ»[2]: Եւ նրանք ասացին՝ կարող ենք, որը եւ արեցին գործով: Յակոբոսը յայտնապէս կանգնելու եւ համարձակ հրեաներին յանդիմանելու համար գլխատուեց Հերովդէսի կողմից, իսկ մարմինը նետուեց ծովը, որը տարաւ եւ դուրս բերեց Իսպանիա՝ իր սեփական վիճակը, ուր առաջ գնացել ու քարոզել էր փրկութեան աւետարանը, եւ ապա վերադարձել Երուսաղէմ ու սպանուել Կեսարիայում, որն այժմ Աղուն է կոչւում: Մինչ Աստուածամայր Մարիամը, Յակոբոս տեառնեղբայրը եւ Յովհաննէս աւետարանիչը, որոնց լուր էր հասել, թէ Հերովդէսը սպանել է Յակոբին, միասին սգում էին Յակոբի մահը, Տիրոջ հրեշտակը գլխատման ժամին վերցրեց Յակոբի գլուխը, տարաւ Երուսաղէմ եւ դրեց սուրբ Աստուածածնի առջեւ: Երբ տեսան Յակոբի գլուխը, մեծ սուգ արեցին նրա վրայ եւ ապա ամփոփեցին մի պատշաճ վայրում, ուր այժմ մեր հայոց ազգին պատկանող հոյեակապ եւ հռչակաւոր վանք կայ:
Երբ գլխատեցին սուրբ առաքեալին, Իսպանիայից բարձրատոհմիկ մի կին, որը Երուսաղէմում աշակերտել էր նրան եւ շրջել նրա հետ, կաշառեց դահիճներին, վերցրեց անգլուխ սուրբ մարմինը եւ տարաւ Յոպպէ՝ Իսպանիա տեղափոխելու համար: Ծովափին կապեց մի քարի, մինչեւ որ նաւ պատահի, բայց Աստուծոյ կամքով առաքեալի սուրբ մարմինն արձակուեց, եւ ծովի ալիքները տարան ու նրան դուրս բերեցին Իսպանիա: Մի կոյր, որն իր ձեռքերը լուանում էր ծովի ջրերում, ձեռքը մօտեցաւ սուրբի մարմնին, ջուրը շփեց իր երեսին, այնժամ բացուեցին կոյրի աչքերը, եւ նա տեսաւ սուրբ մարմինը: Իսկոյն աղաղակեց. «Եկէ՛ք, տեսէ՛ք այս անգլուխ աստծուն, որը բացեց իմ խաւարած աչքերը»: Այնժամ գալով վերցրին եւ պատուեցին սուրբ մարմինն ու անուանեցին անգլուխ աստուած, մինչեւ որ Պօղոս առաքեալը եւ այն բարձրատոհմիկ կինը, որը կամենում էր սուրբ մարմինն իր երկիր տանել, եկան եւ ասացին, թէ նա Աստուած չէ, այլ Աստուծոյ ծառան եւ Նրա առաքեալը:
Իսկ Յովհաննէսը, ինչպէս որ Փրկչի կողմից յանձնարարուեց իրեն, տասներկու տարի սպասաւորեց Աստուածածին Կոյս Մարիամին: Սուրբ Կոյսի Վերափոխումից յետոյ նա գնաց Ասիա եւ քարոզեց Աստուծոյ Բանին: Եփեսոսում հրավառ բաղնիք մտնելով մեծամեծ սքանչելիքներ գործեց: Աստուածապաշտութեան դարձրեց քառասուն հազար մոլորուած մարդկանց, ապա աքսորուեց Պատմոս կղզի, որտեղ տեսաւ աստուածային տեսիլքը եւ գրեց աստուածախօս աւետարանը: Կղզու բնակիչներին հաւատքի բերելուց յետոյ Ներուաս կայսեր հրամանով վերադարձաւ Եփեսոս եւ ապա փոխուեց ի Քրիստոս, որ եղաւ կիրակի օրը: Յետագայում, երբ բացեցին աւետարանչի տապանը, այնտեղ չգտան նրա սուրբ մարմինը, որովհետեւ նա կատարեալ յարութեամբ վերափոխուել էր առ Տէր, ինչպէս որ սուրբ Կոյս Մարիամը՝ իր հոգեւոր Աստուածածին մայրը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Եւ արդ, չկայ առաւել երանելի մէկը, քան առաքեալները, որոնք այսպիսի պատուի արժանացան: Մարդկանց մէջ որեւէ տեղ չկայ մէկը, որ գերազանցէր նրանց փառքին, ո՛չ արդարների, ո՛չ մարգարէների, ո՛չ նախահայրերի, ո՛չ նահապետների, ո՛չ այլ սուրբ թագաւորների ու քահանաների մէջ՝ թէ՛ օրէնքի եւ թէ՛ շնորհների տակ եղած: Յանդգնութիւն չէ ասել, որ անգամ թէ՛ հրեշտակները, թէ՛ գերաշխարհիկ զինուորութիւնները նրանցից առաւել երանելի չեն, որովհետեւ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, ովքեր ժառանգելու են փրկութիւնը: Իսկ սուրբ առաքեալները ոչ միայն ուղարկուածներ եւ սպասաւորներ էին, այլեւ Աստուծոյ Բանի ականատեսները եւ ամէն բան Արարողի խօսակիցները: Եւ ոչ միայն ականատեսներն ու խօսակիցներն էին, այլեւ սիրելիները եւ բարեկամները, եղբայրներն ու որդիները, Քրիստոսի ժառանգները եւ ժառանգակիցները: «Դուք Իմ բարեկամներն էք, - ասաց Տէրը, - որովհետեւ ինչ որ լսեցի Իմ Հօրից, յայտնեցի ձեզ»[3]: Եւ դարձեալ՝ «Հա՛յր, կամենում եմ, որ ուր Ես եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն Իմ փառքը»[4]: Ինչպիսի՜ մեծ պատուի եւ ինչպիսի՜ գերազանց շնորհի արժանացան առաքեալները, առաւել վեր, քան հրեղէնները, նաեւ սերովբէները: Քանզի նրանք թեւերով ծածկուելու եւ ունելիների կարիք ունէին այն Սեղանից կայծ վերցնելու համար, իսկ առաքեալները բաց երեսով մերձ էին Նրան: Խօսում Նրա հետ բերան առ բերան, աչքերով տեսնում Նրան, ականջներով լսում, ձեռքերով շօշափում եւ բերանով համբուրում: Ապա ուրեմն ճշմարիտ ասացի, թէ չկայ առաքեալներից առաւել երանելի մէկը, որովհետեւ նրանց պատիւը գերազանցեց բոլոր սուրբերի եւ արարածների պատուին: Քանզի նրանք պայծառ էին առաւել, քան արեգակն ու լուսատուները, քան աստղերն ու լուսինը, բարձր են, քան ամրակառոյց երկինքն ու երկիրը, լայնատարած են, քան ծովերը եւ առատահոս, քան գետերը, անուշահոտ, քան խունկերը, անմեղ, քան գառները, աշխատաւոր, քան եզները, միամիտ, քան աղաւնիները, խորագէտ, քան օձերը, զօրաւոր, քան առիւծները, արագընթաց, քան եղջերուները, արագավազ, քան երիվարները, տիրասէր, քան շները, բարձրաթռիչ, քան արծիւների ձագերը, մաքուր, քան աղաւնիները, ողջախոհ, քան տատրակները, արդար, քան արագիլները, բանաւոր, քան ծիծառները, որոնք հոգեւոր գարուն են մեզ աւետարանում, պատուական, քան ոսկին, ազնիւ, քան մարգարիտը, փայլփլուն, քան պայծառ եւ պատուական քարերը, սպիտակափայլ, քան արծաթը, եւ այստեղ եղող երեւելիներից ոչ մի բան չարժէ նրանց: Ինչպէ՞ս այնքան ճոխացան եւ փարթամացան, որ Աստուծոյ Բանն ասաց նրանց. «Դուք այս աշխարհից չէք, այլ Ես ընտրեցի ձեզ աշխարհից»: Եւ արդ, որոնց գովութիւնն այսպիսինն է Աստուծոյ կողմից, ինչպէ՞ս կարող է մէկը, երկրաւորների հետ համեմատելով, գովաբանի նրանց ու չմեղանչի: Եւ արդ, ի՞նչ է Աստուծոյ կողմից տրուած այն մեծ եւ յոյժ զարմանալի գովութիւնը, որ բարձրագոյն է բոլոր հրաշափառ ճառերից: Ասում է. «Դուք այս աշխարհից չէք: Աշխարհն յիրաւի սիրում է իւրայիններին, բայց քանի որ այս աշխարհից չէք, այսուհետեւ ընտրեցի ձեզ աշխարհից եւ կարգեցի ձեզ, որ դուք գնաք, պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը հաստատուն մնայ: Ահաւասիկ գովեստի շարքը լսելիս չէ՞ք զարհուրում արդեօք: Քանզի ո՞վ է տեսել, կամ ո՞վ է լսել, թէ մահկանացու հողեղէն մարդիկ, որ աղցաւոր[5] բնութիւն ունեն, այս աշխարհից չեն: Չկայ մէկը որեւէ տեղ, ով կարող է վկայել այս, անշուշտ, միայն Քրիստոսի բերանը, որով Հայրը խօսեց: Արդ, եթէ Նա է վկայում, ապա ոչ ոք չի կարող ընդդէմ խօսք ասել, այլ միայն ափիբերան զարմացած մտածել, թէ ինչպէս չէին այս աշխարհից, կամ լինելով երկնաքաղաքացիներ եւ հրեշտակներին բնակակիցներ՝ ինչպէս էին շրջում երկրի վրայ, ինչպէս էին մերձաւոր Աստծուն, բայց ապականացու մարմին ունէին, ինչն էր պատճառը, որ ձկնորսները եւ տգէտները, մաքսաւորներն ու ռամիկներն այդպիսի վկայութեան արժանի եղան: Քանզի նրանք երկրի վրայ էին միայն գարշապարով, իսկ այլ ամէնով շրջում էին երկնքում: Նրանք սրբասէր էին իբրեւ անմարմիններ, ընչատեաց՝ իբրեւ կարիք չունեցողներ, ժուժկալ՝ իբրեւ կրօնաւորներ, համբերող՝ իբրեւ նահատակներ, գթառատ՝ իբրեւ հայրեր, ողորմած՝ իբրեւ մայրեր, ուսուցիչներ՝ իբրեւ վարդապետներ եւ ամէն բան էին ամէն բանում: Հրեշտակներ էին երկնքում եւ մարդիկ՝ երկրի վրայ, որի համար տնկուեցին Տիրոջ տան մէջ եւ մեր Աստուծոյ գաւիթներում ծաղկեցին որպէս ձիթենիներ ու արմաւենիներ: Եւ արդ, ինչպէ՞ս կը համարձակուի երկրաւորներիցս մէկը գովեստի խօսքեր ասել նրանց եւ չամաչել: Նրանց պէտք է գովաբանեն երկնաւորներն ու աստուածամերձ եղողները, որովհետեւ այնտեղից՝ աստուածութիւնից է սկսւում նրանց գովքը, որն անճառելի եւ անպատմելի է: Եւ ի՞նչ է այն: Այն է, որ ասում է Յովհաննէս աւետարանիչը, թէ հաղորդութիւն ունենք Հօր եւ Նրա Որդու Յիսուս Քրիստոսի հետ[6]:
Արդ, ո՞ր միտքն է կարող իմանալ այս մասին, կամ ո՞ր լեզուն կարող է ճառել արժանաւոր խօսքեր: Ինչպէ՞ս այս հողեղէն եւ վայրաքարշ բնութիւնը կարող է հաղորդ եւ կցորդ լինել Հայր Աստծուն, կամ ինչ օրինակով ու ինչպիսի հաղորդութեամբ: Ես եւս մտաբերելով բերկրում եւ սարսափում եմ, որովհետեւ արժանի չեմ հաղորդութիւն ունենալ անգամ առաքեալների հետ, առաւել եւս՝ Աստուծոյ հետ: Բայց ասես հրով տոչորւում եմ իմ անձուկ սրտով: Յիշելով անարժանութիւնս՝ վարանում եմ դառնագոյն սգով, որովհետեւ անբաւ հեռաւորութեամբ հեռու եմ նրանց ճանապարհներից: Անդադար հեծեծելով՝ մտածում եմ, թէ ինչ կերպով նրանք արժանացան Հայր Աստուծոյ հետ հաղորդութեանը, որից մեր ծուլութեամբ որքան զուրկ ենք գտնւում: Արդ, մերկանանք մեր ունեցած այս հեղգութիւնից եւ զգեստաւորուենք նրանց նախանձախնդրութեամբ, որպէսզի նրանց հետ հաղորդութեամբ վեր ելնենք ի հաղորդութիւն Յիսուս Քրիստոսի եւ արժանի լինենք Նրա արքայութեանը մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն
Քրիստո՛ս Աստուած, Քո սուրբ առաքեալների եւ կենաց Խօսքդ քարոզողների աղօթքներով եւ մաղթանքներով ողորմի՛ր այս գիրը թողնողին:
ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՆՆՋՈՒՄԸ
Յովհաննէսը՝ Որոտման որդին, Քրիստոսի առաքեալը, աւետարանիչն ու սիրելի աշակերտն էր: Յիսուս սիրում էր նրան: Ամենասրբուհի Աստուածածնի վերափոխումից յետոյ նա գնաց իր վիճակը՝ Յունաց երկիր՝ ասիական Եփեսոս քաղաքը՝ քարոզելու Աստուծոյ Բանին:
Նախքան գնալը առաքեալները վիճակ գցեցին՝ երկրներ գնալու եւ Քրիստոսի աւետարանը քարոզելու համար, եւ Յովհաննէսին վիճակուեց գնալ Ասիա: Պետրոսը հրամայեց նրան գնալ այնտեղ, որից Յովհաննէսի տրտմեց, որովհետեւ չէր կամենում գնալ: Եւ երբ նաւ նստեց, Յովհաննէսի տրտմութեան պատճառով նաւը խորտակուեց սաստիկ ալէկոծութիւնից, սակայն բացի բեռներից ոչ ոքի վնաս չեղաւ: Յովհաննէսը քառասուն օր տատանուեց ծովի ալիքների վրայ, եւ ապա քառասուն օր յետոյ ծովից դուրս բերուեց Ասիա՝ դէպի իր վիճակը: Եւ ելնելով գտաւ իր Պրոխորոն աշակերտին, որին նախօրօք՝ մինչդեռ ալէկոծութեան մէջ էին, պատուէր էր տուել ու ասել. «Որդեա՛կ, ահա այս ծովն ալեկոծւում է, եւ այս նաւը խորտակւում է: Ոչ ոքի վնաս չի լինի, այս ծովի ալիքների վրայ միայն ես եմ չարչարւում: Որդեա՛կ, երբ փրկուես այս ծովից, քառասուն օր կը սպասես ինձ Գառնի գիւղում: Եթէ ես փրկուեմ, կը գամ ու այնտեղ կը գտնեմ քեզ, իսկ եթէ քառասուն օր յետոյ չգամ, գնա՛, ուր կամենում ես»:
Պրոխորոնը, Յովհաննէսից ընդունելով այս պատուէրը, սպասեց նրան: Եւ երբ Յովհաննէսը եկաւ, միմեանց տեսնելով ուրախացան, արտասուքներով գրկախառնուեցին եւ միմեանց ողջագուրուեցին: Եփեսոս քաղաք մտնելով՝ Պրոխորոնը բաղնեպան եղաւ, իսկ Յովհաննէսը՝ երկու տարի բաղնիքի հնոցապան, որից յետոյ տրուեց Բանի քարոզչութեանը:
Եղաւ, որ մէկ տարի յետոյ իշխանի որդին բաղնիքում խեղդուեց դեւերի կողմից, եւ Յովհաննէս աւետարանիչը Քրիստոսի անուամբ յարութիւն տուեց նրան: Ապա սկսեց քարոզել Տէր Քրիստոսին՝ որպէս Աստուած Հայր Աստծուց, աշակերտ դարձրեց շատերին եւ բոլորին լուսաւորեց սուրբ աւազանի մկրտութեամբ, որի համար Դոմետիանոս կայսեր կողմից աքսորուեց Պատմոս կղզին, ուր տեսաւ աստուածային յայտնութիւնը եւ այնտեղ գրեց ընդհանրական թղթերն ու աստուածախօս աւետարանը: Եւ երբ հաւատքի բերեց կղզու բնակիչներին, դարձեալ Եփեսոս եկաւ Ներուաս կայսեր հրամանով, որովհետեւ նա Յովհաննէսի մասին լսել էր, որ սուրբ եւ առաքինի այր է, ու նրա բոլոր ասածները ճշմարտութիւն են: Այդ պատճառով գրեց նրան, որ պատուով Եփեսոս վերադառնայ: Այնժամ հաւաքուեցին կղզու բոլոր հաւատացեալ բնակիչները եւ ընկնելով Յովհաննէսի ոտքերը՝ խնդրեցին նրան՝ ասելով. «Հա՛յր սուրբ, քանի որ կամենում ես մեզ որբ թողնել, աղաչում եւ խնդրում ենք, որ տաս մեզ սուրբ աւետարանի գրաւոր պատմութիւնը եւ Աստուծոյ Որդու՝ Քրիստոսի մարդանալու հանգամանքները»: Իսկ սուրբ Յովհաննէսը, տեսնելով նրանց փափագն ու արտասուքները, ասաց նրանց. «Որդեակնե՛ր, գնացէ՛ք ձեր տները, իսկ ես կը խնդրեմ Քրիստոս Աստծուն: Եթէ Նա հրամայի ինձ, ես կը տամ ձեր խնդրածը»: Յովհաննէսից այս լսելով՝ նրանք երկրպագեցին նրան ու գնացին:
Իսկ Յովհաննէսը վերցրեց Պրոխորոնին, եւ միասին դուրս եկան քաղաքից մէկ մղոն հեռաւորութեամբ եղող մի խաղաղ վայր, որ կար բլրի վրայ: «Մտանք մի քարայր, - գրում է Պրոխորոնը, - երեք օր անսուաղ մնացինք այնտեղ եւ աղօթեցինք՝ եղբայրների բարի խնդրանքը կատարելու համար: Չորրորդ օրը սուրբ Յովհաննէսն ասաց ինձ. "Որդեա՛կ իմ, Պրոխորո՛ն, գնա՛ քաղաք ու բե՛ր այստեղ թանաք եւ մագաղաթ, եւ թող եղբայրներից ոչ ոք չիմանայ, թէ մենք որտեղ ենք: Երկու օր դու մնա՛ այնտեղ եւ ապա ե՛կ": Ես գնացի ու այդպէս արեցի, իսկ երբ վերադարձայ, նրան աղօթքի մէջ գտայ: Նա ասաց ինձ. "Վերցրո՛ւ թանաքդ եւ մագաղաթդ ու նստի՛ր իմ աջ կողմում": Եւ ես այդպէս արեցի: Յանկարծ սաստիկ որոտ ու փայլատակում եղաւ, եւ տեղանքը շարժուեց: Ես մահու չափ ահաբեկուած ընկայ երեսիս վրայ, իսկ սուրբ Յովհաննէսը բռնեց իմ ձեռքից, բարձրացրեց ինձ եւ ասաց. "Նստի՛ր, որդեա՛կ", իսկ ինքը դարձեալ սկսեց աղօթել: Աղօթելուց յետոյ ասաց ինձ. "Որդեա՛կ, ինչ որ լսես իմ բերանից, մեծ զգուշութեամբ գրի՛ առ մագաղաթի վրայ": Եւ աչքերը երկինք բարձրացնելով՝ բացեց իր բերանն եւ սկսեց ասել. «Սկզբից էր Բանը, եւ Բանն Աստուծոյ մօտ էր, եւ Բանն Աստուած էր: Նա սկզբից Աստուծոյ մօտ էր ...»[7]: Նա ասում էր ոտքի վրայ, իսկ ես գրի էի առնում: Եւ աւարտելով մեր աստուածային խօսքերը, եկանք քաղաք ու գնացինք Սոսիպատրոսի տուն: Ճաշակելուց եւ հանգստանալուց յետոյ սուրբ Յովհաննէսը Սոսիպատրոսին ասաց. "Սոսիպատրո՛ս, որդեա՛կ, ձեռք բեր մաքուր եւ ընտիր մագաղաթներ ու բե՛ր մեզ՝ աստուածային սուրբ աւետարանը սրբագրելու համար": Նա գնաց եւ իսկոյն բերեց: Եւ սուրբ Յովհաննէսը պատուիրեց ինձ վերցնել մագաղաթները, ձեւաւորել եւ դրանց վրայ գրել սուրբ աւետարանը, որ թելադրեց: Եւ ես մեծ զգուշութեամբ արեցի այնպէս, ինչպէս հրամայեց: Եւ սուրբն ամբողջ կղզում՝ քաղաքից քաղաք, կարգեց եպիսկոպոսներ ու քահանաներ եւ սուրբ աւետարանը տուեց նրանց: Երբ եղբայրները հաւաքուեցին, նա ինձ պատուիրեց ընթերցել աւետարանը՝ ի լուր ժողովրդի: Եւ երբ լսեցին, ընդունեցին ուրախութեամբ ու փառաւորեցին Աստծուն: Երանելի Յովհաննէսն ասաց նրանց. "Վերցրէ՛ք, եղբայրնե՛ր, ընդօրինակէ՛ք այն ըստ նոյն օրինակի ու դրէ՛ք բոլոր եկեղեցիներում": Վերցնելով աւետարանը՝ նրանք արեցին այդպէս եւ ընդունեցին այն հաւատով, իսկ առաջին օրինակը, որ գրել էինք մագաղաթի վրայ, վերցրինք մեզ հետ: Յաջորդ օրը մեզ մի նաւ պատահեց, որ Եփեսոս էր գնում: Յովհաննէսը կանչեց բոլորին եւ պատուիրեց նրանց հաստատուն մնալ հաւատքի մէջ, որ սովորեցին ի պատիւ սուրբ աւետարանի, որն ընդունեցին: Ապա հրաժեշտ տուեց նրանց բոլորին, իսկ նրանք, շատ արտասուքներ թափելով եւ մորմոքուելով, կսկծում էին մեզ համար: Փարւում էին Յովհաննէսի ոտքերին եւ օրհնութիւն ստանում նրանից: Եւ մենք, աղօթելով նրանց համար, նստեցինք նաւ, իսկ նրանք իրենց տուն գնացին: Այնտեղից նաւեցինք եւ հասանք Եփեսոս, որը տասը մղոն հեռաւորութեան վրայ էր: Ցամաք դուրս գալով՝ աղօթեցինք, իսկ եղբայրներն իմանալով մեծ ուրախութեամբ հաւաքուեցին մեզ մօտ եւ մեզ քաղաք տարան: Եւ Յովհաննէսն սկսեց քարոզել սուրբ աւետարանը, որը բոլորն ընդունեցին եւ հաւանեցին, ու նրանցից ոչ ոք չմնաց անհաւատութեան մէջ, քանզի սկզբում եւ վերջում չորս հազար մարդ, որոնք մոլորուած էին կուռքերի յետեւից, Յովհաննէսի խօսքով աստուածճանաչողութեան եկան: Աքսորավայրից վերադառնալուց յետոյ քսանվեց տարի քարոզեցինք Եփեսոսում, տասնեօթ տարի եղանք աքսորավայրում՝ Պատմոս կղզում, իսկ Եփեսոսից դուրս քարոզեցինք ինը տարի: Երբ Երուսաղէմից եկանք Ասիա, սուրբ Յովհաննէսը յիսուն տարեկան եւ եօթ ամսական էր, իսկ ես՝ Պրոխորոնս, երեսուն տարեկան եւ երեք ամսական: Յովհաննէսի կեանքի բոլոր օրերը հարիւր եօթ տարի էին:
Մի օր, որ կիրակի էր, բոլոր եղբայրները հաւաքուել էին մեզ մօտ՝ Դոմնոսի տանը, որ Բիւռոսն էր: Սուրբ Յովհաննէսը մխիթարական խօսքեր ասաց նրանց, սուրբ պատարագի հացը բեկելով՝ տուեց նրանց, եւ նրանք ընդունելով գոհութեամբ հաղորդուեցին Քրիստոսի Մարմնին ու Արեանը: Եւ Յովհաննէսն ասաց նրանց. «Թող իմ բաժինը ձեր հետ լինի, սիրելինե՛ր»: Ապա վերցրեց ինձ եւ այլ վեց աշակերտներ ու ասաց նրանց. "Ձեզ հետ բրիչներ եւ սակառներ վերցրէք ու եկէ՛ք իմ յետեւից": Եւ վերցնելով մեզ՝ դուրս եկաւ քաղաքից: Նա մօտեցաւ Տիմոթէոսի՝ Պօղոսի աշակերտի գերեզմանին եւ ասաց մեզ. «Որդեակնե՛ր, փորէ՛ք այստեղ իմ անձի՝ խաչանման տարածած ձեռքերիս չափով»: Եւ վերցնելով չափը՝ մենք փորեցինք, իսկ նա կանգնած աղօթում էր: Խօսում էր մեզ հետ եւ ասում յորդորիչ խօսքեր քրիստոնէական հաւատքի եւ աստուածպաշտութեան մասին: Երբ աւարտեցինք խորութեամբ փորելը, համբոյր տալով ողջունեց մեզ եւ իջաւ գերեզմանի մէջ միայն նափորտով: Երկար աղօթելով՝ խաչանման տարածեց իր ձեռքերը, ապա ասաց. "Լցրէ՛ք ինձ վրայ իմ մօրը, այսինքն հողը եւ ծածկէ՛ք ինձ մինչեւ իմ ծնկները": Եւ մենք այդպէս արեցինք: Դարձեալ աղօթեց եւ ապա ասաց. "Լցրէ՛ք ինձ վրայ հողը եւ ծածկէ՛ք ինձ մինչեւ իմ մէջքը": Եւ մենք այդպէս արեցինք: Դարձեալ աղօթեց ու ասաց. "Լցրէ՛ք ինձ վրայ իմ մօրը մինչեւ իմ պարանոցը": Եւ դարձեալ աղօթեց ու ասաց ինձ. "Որդեա՛կ իմ, Պրոխորո՛ն, գնա՛ Երուսաղէմ, որովհետեւ այնտեղ պիտի լինի քո վախճանը": Եւ դարձեալ համբոյր տուեց մեզ ու ասաց. "Վարշամակի կտաւով ծածկէ՛ք իմ երեսը, որովհետեւ այլեւս չէք տեսնելու այն այս անցաւոր աշխարհում": Այնժամ ընկանք եւ մինչեւ արեւի ծագելը դառնապէս լաց եղանք: Դարձեալ ասաց մեզ. "Խաղաղութի՛ւն ձեզ" եւ ապա երանելի Յովհաննէսն առ Աստուած աւանդեց իր հոգին: Իսկ մենք երեսի կտաւի վրայ սալաքար դրեցինք, ծածկեցինք հողով եւ արտասուելով քաղաք վերադարձանք: Երբ եղբայրները մեզնից լսեցին կատարուածի մասին, չհաւատացին: Վերադառնալով բացեցինք գերեզմանը եւ այնտեղ չգտանք սուրբ Յովհաննէսի մարմինը, այլ միայն՝ նափորտը, հողաթափերը եւ վարշամակը, քանզի Տէրն Իր սիրելի աշակերտին վերափոխել էր յաւիտենական կեանքի անպատում փառքի մէջ:
Նա Փրկչի համբարձուելուց յիսուներեք տարի անց Եփեսոս քաղաքում գրեց իր աւետարանը յունարէն լեզուով, Ասիայի եկեղեցու խնդրանքով: Փա՛ռք Քրիստոսին յաւիտեանս. ամէն:
Ս. Գ. Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՎՀԱՆՆԷՍԻՆ ԵՒ ՅԱԿՈԲՈՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՊԵՏՐՈՍԸ ԴԱՐՁԱՒ ԵՒ ՏԵՍԱՒ, ՈՐ ԱՅՆ ԱՇԱԿԵՐՏԸ, ՈՒՄ ՅԻՍՈՒՍ ՍԻՐՈՒՄ ԷՐ, ԳԱԼԻՍ Է ՅԵՏԵՒԻՑ» [Յովհ. ԻԱ 20], (Գլուխ ՃՁԱ)
Տօնախմբութեան այս խօսքը պայծառ է մեզ համար, ո՛վ քրիստոսասէր ժողովուրդ, որովհետեւ առաքեալական է այս հանդիսութիւնը, վկայական են այս մրցանակները, սրբազան է այս վայրը, հրեշտակային է այս ժողովը, արքունական է այս սեղանը, երկնային են հրաւիրուածները, բարի է Կոչնատէրը եւ հոգեւոր են կերակուրն ու ըմպելիքը: Առաքելական է այս հարսանիքը եւ պայծառազգեստ՝ խրախճանքը, որովհետեւ այսօր Յովհաննէս աւետարանիչը մեզ համար հոգեւոր տօնակատարութիւն արեց՝ պատրաստելով ոչ թէ մարմնաւոր կերակուր եւ ըմպելիք, որոնցով յագենալը շուայտութիւն է առաջ բերում, այլ հոգեւոր եւ աստուածային երանութեան սեղան բացեց: Եւ Սուրբ Հոգու պարգեւների շնորհն է, որ այսօր արժանացրեց մեզ ժամանել սուրբ առաքեալների՝ սիրելի աշակերտներ Յակոբոսի եւ Յովհաննէսի սրբազան յիշատակի այս մեծ օրուան: Թող նոյն Հոգին տայ մեզ խօսք եւ իմաստութիւն, իսկ ձեզ՝ ականջ եւ լսողութիւն՝ գովելու եւ պատմելու աւետարանիչների պատուասիրութեան մասին՝ ըստ այն խօսքի, որ ասում է. «Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից»[8]: Եւ այս խօսքի շուրջ չորս բան պէտք է ասել. նախ՝ այս տօնի մասին, որ վերջում է կարգուած, երկրորդ՝ աւետարանչի մեծութեան մասին, երրորդ՝ նրա գովեստի մասին, չորրորդ՝ առաջիկայ խօսքի խորհրդածութեան մասին:
* Քննենք առաջին գլուխը, թէ ինչու է այս տօնը վերջում՝ միւս երեք տօներից յետոյ կարգուած: Ասենք, որ այդպէս է սահմանուած ոչ թէ փոքր, այլ առաւել գերազանցութեան պատճառով, որը երեւում է վեց պատճառներից եւ օրինակներից:
Նախ՝ Աստուած օրէնքի մէջ պատուիրեց մեծարանքով ընդունել տօնի սկիզբը, իսկ աւարտին դարձեալ պատուել այն զոհաբերութիւններով եւ պատարագներով, որպէսզի չձանձրանան: Այսպէս եւ խօսքի սպասաւորները սկզբում՝ նախաբանին, զգոյշ են լինում՝ լսողներին արթնացնելու համար եւ ապա գեղեցկացնում են խօսքի աւարտը, որպէսզի համ թողնեն իրենց ասելիքից: Այսպէս եւ այս տօնն այդ երեքի լրումն է:
Երկրորդ՝ մարգարէները ժամանակով առաջ էին, քան առաքեալները, սակայն առաքեալները նախապատիւ էին, քան մարգարէները, ինչպէս որ Պօղոսն է ասում. «Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, ...»[9]: Այդպէս էլ այս տօնը նախապատիւ է, քան նախորդները:
Երրորդ՝ ինչպէս որ գերադրական կոչելով՝ ասում ենք թագաւոր թագաւորների, կամ իշխան իշխանների, կամ էլ՝ տէր տէրերի, այնպէս էլ նա աւետարանիչների եւ առաքեալների մէջ գերադրական է փառքով: Նոյնպէս էլ նրա տօնը գերադրական է, քան նախորդներինը:
Չորրորդ՝ երբ ասում ենք երկինքների երկինք, կամ սրբութիւնների սրբութիւն, տեղով նախ սուրբ խորանն է եւ ապա՝ սրբութիւնների սրբութիւնը, սակայն այնտեղ քահանայապետը տարուայ մէջ մէկ անգամ էր մտնում, իսկ սուրբ խորան քահանաներն ամէն ժամ էին մտնում: Դարձեալ՝ մեզ համար աւելի առաջ երկինքն է եւ ապա երկինքների երկինքը, սակայն երկինքը հրեշտակների բնակութեան վայրն է, իսկ վերին երկինքը՝ Աստուծոյ: Այսպէս եւ աստուածաբան աւետարանչի այս տօնն իր սրբութեամբ առաւել բարձր է, քան բոլորինը:
Հինգերորդ՝ ամենուր ընդհանուրը նախադաս են առանձինից, ինչպէս ընդհանուր առմամբ փայտը՝ այսինչ տեսակ փայտից, կամ ընդհանուր առմամբ մարդը՝ Պետրոս անունով մարդուց: Սակայն յատուկն առաւել պատուական է, քան ընդհանուրը: Սուրբերի փառքը, որոնց տօնախմբում ենք, ընդհանուր է մարգարէների, առաքեալների եւ մարտիրոսների համար, իսկ նրա փառքը յատուկ է միայն իրեն, ինչպէս որ ցոյց կը տանք առաջիկայում:
Վեցերորդ՝ յայտնի է, որ որքան նրա տօնը մօտ է Փրկչի Ծննդեան տօնին, այնքան նա մօտ եւ հարազատ է Աստուծոյ անհաս խորհուրդներին:
Այս պատճառներով սուրբ աւետարանչի տօնը կարգուեց վերջում՝ միւս երեք տօներից յետոյ: Այսքանն առաջին գլխի մասին:
* Երկրորդ գլուխ՝ աւետարանչի պատուի մասին:
Թուով տասներկուսն էին առաքալները, որոնք ընտրուեցին նախքան աշխարհի լինելը, կանչուեցին Քրիստոսի կողմից եւ նստեցին դատողական աթոռին, իսկ սուրբ Յովհաննէսը բոլոր առաքեալներից առաւել նախամեծար եւ գերագոյն տասներկու պատիւներ ընդունեց:
Նախ՝ նա Քրիստոսի մարմնաւոր ազգակիցն էր, որովհետեւ նրանց մայրը՝ Սողոմէն, Յովսէփ աստուածահօր դուստրն էր: Եւ ինչպէս Յովսէփի որդիները Քրիստոսի եղբայրներ, այդպէս էլ դուստրերը քոյրեր կոչուեցին: Ապա ուրեմն Յակոբոսը եւ Յովհաննէսը Քրիստոսի քրոջ որդիներն էին: Եւ մարդացեալ Աստծուն մարմնով ազգակից լինելը փոքր պատիւ չէ:
Երկրորդ՝ երկուսն էլ կոյս էին եւ սրբութեամբ մեծացած. նրանց մէջ չկար ո՛չ հոգեւոր, ո՛չ մարմնաւոր, ո՛չ մահացու եւ ո՛չ էլ ներելի մեղքեր՝ ըստ այն խօսքի, թէ «Սանձեցիր իմ հոգու ծածուկ ախտերը եւ խափանեցիր նրա յայտնի գործերը»:
Երկրորդ՝ նա սիրելի աշակերտ կոչուեց՝ ըստ այն խօսքի, թէ «Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր»[10]: Եւ այս մեծ երանութիւն է, քանի որ նա Հօր կողմից Սիրուածի սիրելի աշակերտը եղաւ: «Ովքեր սիրում են Ինձ, Ես էլ նրանց պիտի սիրեմ, եւ նրանք մեծ բարիքներ պիտի գտնեն»[11]: Ինչպէս որ աշակերտների մէջ Պետրոսն առաւել էր սիրում Քրիստոսին, այդպէս էլ Յովհաննէսն առաւել էր սիրւում Քրիստոսի կողմից:
Չորրորդ՝ նա փարուեց Քրիստոսի լանջին եւ մաքրուեց, ինչպէս ոսկին հրի մէջ: Եւ այս սիրոյ մեծ նշան է. սիրտը Քրիստոսի սրտին մօտեցրեց եւ եղաւ Քրիստոսի սիրտ եւ կամք, ճանաչեց Նրա սրտի ծածկուած անճառելի խորհուրդները, Քրիստոսի շնչից սրբուեցին նրա սիրտը, խորհուրդները եւ զգայարանները՝ ինչպէս հրից մաքրուած ոսկին:
Հինգերորդ՝ նա սուրբ Կոյսի որդի կոչուեց, քանզի խաչի վրայից Տէրն Իր մօրը յանձնեց նրան՝ ասելով. «Ահա քո մայրը, եւ ահա քո որդին»: Եւ յիրաւի, կոյս Յովհաննէսը տասներկու տարի սպասաւորեց Կոյս Մարիամին, մինչեւ նա վերափոխուեց իր կուսածին Որդու մօտ:
Վեցերորդ՝ նա Քրիստոսի կողմից կոչուեց Որոտման որդի, ոչ թէ ամպի որոտման, որը դժնի է լսողների համար, այլ այն որոտի, որը լցրեց աշխարհը բոլոր երգերից առաւել քաղցր ձայնով: Քանզի ի վերուստ որոտմամբ նա աւետարանեց, որ Բանն Աստուած, որ ի սկզբանէ Հայր Աստուծոյ մօտ էր, Աստուած էր:
Եօթերորդ՝ նա առաքեալ էր եւ եղաւ Քրիստոսի աւետարանիչը՝ ոչ միայն խօսքով քարոզելով, այլեւ գիրք գրելով եւ գործով ցոյց տալով:
Ութերորդ՝ երկու հարազատ եղբայրները յանձն առան ըմպել Քրիստոսի բաժակը, մկրտուել եւ Աստուծոյ Որդու փառքի մէջ նստել Նրա աջ եւ ձախ կողմերում:
Իններորդ՝ Պատմոս կղզում նա տեսաւ հրաշալի տեսիլքը, որը մեծ յայտնութիւն էր աշխարհի վախճանի, նեռի գալստեան, արդարների հանգստեան եւ մեղաւորների տանջանքների մասին:
Տասներորդ՝ Տէրը նրա համար ասաց. «Ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ գամ»[12], այսինքն պէտք է մեռնի ոչ թէ հրեշտակի կամ մարդկանց ձեռքով, այլ Ես պիտի գամ ու Ինձ մօտ վերափոխեմ Իմ սիրելի աշակերտին: Այս մեծարանքը Նա ցուցաբերեց ինչպէս Իր սուրբ Մօր, այնպէս էլ նրա հանդէպ:
Տասնմէկերորդ՝ քանի որ նա ծերացել էր մարմնով, բոլոր առաքեալներից աւելի երկար քարոզեց երկրի վրայ, բանտարկուեց, աքսորուեց, սերմանեց վարդապետութիւնը թէ՛ ծովի, թէ՛ ցամաքի վրայ, ցոյց տուեց բազմաթիւ սքանչելիքներ եւ լուսաւորեց բազմաթիւ երկրներ:
Տասներկուերորդ՝ մահից յետոյ վերացաւ մարմնով, եւ նրա մարմինը չգտնուեց որեւէ տեղ, այլ Մովսէսի եւ Եղիայի նմանութեամբ երկինք վերափոխուեց:
Այսքանը երկրորդ գլխի՝ նրա մեծութեան մասին:
* Երրորդ գլխով պէտք է խօսել նրա գովեստի մասին: Թէպէտ բոլոր ասածներս յայտնում են նրա մեծութեան եւ պատուի մասին, սակայն կարելի է տեսնել սուրբի մէկ այլ գովասանութիւնը:
Նախ՝ նրա անունը՝ Յովհաննէս, նշանակում է հնազանդութիւն: Եղբայրներն այնքան հնազանդ էին Քրիստոսին հրամանին, որ երբ Տէրը մէկ անգամ կանչեց նրանց, թողեցին նաւը, դրա մէջ իրենց հօրը՝ Զեբեդիոսին, եւ գնացին Քրիստոսի յետեւից:
Երկրորդ՝ նա, որ ձկնորս էր եւ անուս, իմաստութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր իմաստուններին: Քանզի Պլատոնը երբեմն ասում է, թէ մարդու հոգուն Աստուծոյ զօրութիւնից է լինում եւ անչափ մեծութեան հասցնում, երբեմն էլ անասունների կարգին իջեցնում կամ ասում է, թէ տնկիների եւ բոյսերի մէջ է բնակւում: Արիստոտելն էլ ասում է, թէ Աստուծոյ նախախնամութիւնը մինչեւ ամպերն են: Բայց Յովհաննէսի իմաստութիւնը մարդկանց երկինք է բարձրացնում եւ աստուածաբանում է ճշմարտութիւնը: Եւ դարձեալ՝ Յովհաննէսի խօսքերն անջնջելիօրէն արմատացան, իսկ նրանց սուտ խօսքերը կորան եւ ապականուեցին:
Երրորդ՝ այն, ինչ հրեշտակներն աղօտ էին տեսնում, իսկ սերովբէները ծածկում էին իրենց երեսները Աստուծոյ առջեւ, Յովհաննէսը նրանցից առաւել պայծառացած մտքով թափանցեց աստուածտեսութեան խորքերում՝ ասելով. «Խօսում ենք Նրա մասին, Ով սկզբից էր, Որի մասին լսեցինք, Որին ականատես իսկ եղանք, Որին նայեցինք, եւ Որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը»[13]: Եւ դարձեալ՝ նրանք չէին ճանաչում Հօր յաւիտենից Ծնունդը եւ Նրա Հօր մօտ լինելը, քանզի նրանցից ծածկուած էր խորհուրդը, բայց երբ նա Սուրբ Հոգու թելադրանքով ասաց. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր», նրանք մեզ հետ ճանաչեցին Յովհաննէսի խօսքից, ինչպէս որ առաքեալն է ասում. «Եկեղեցու միջոցով յայտնի եղաւ Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը»[14]:
Չորրորդ՝ ինչպէս արեգակն է ծագում երկնքում, այնպէս էլ Յովհաննէսը բոլորին յայտնապէս ծագեց եկեղեցում, սակայն առաւել պայծառ, քան արեգակը: Քանզի արեգակը երբեմն լուսաւորում է, երբեմն էլ ծածկւում, բայց Յովհաննէսը միշտ լուսաւորում է: Դարձեալ՝ արեգակը տեսանելի աչքն է լուսաւորում, իսկ Յովհաննէսը՝ իմանալի հոգիները եւ բանական միտքը: Այդ պատճառով սուրբ Գիրքն ասում է. «Հրաշազարդ երեւացիր սուրբերի մէջ, ինչպէս արեգակը՝ աստղերի մէջ»:
Հինգերորդ՝ նա համեմատւում է Եփրատ գետի՝ Դրախտի Եդեմաբուխ գետերի մէջ չորրորդ գետի հետ, որովհետեւ նախ՝ այդ գետը չի սահմանափակուած տեղով, ինչպէս միւսները: Այդպէս Յովհաննէսը ճառում է ոչ թէ մարդկութեան մասին, որ սահմանափակուած է տեղով եւ ազգութեամբ, այլ՝ առաջին Ծննդեան մասին, որ տեղով անբովանդակելի է, եւ ինչպէս մարգարէն է ասում. «Ո՞վ պիտի պատմի Նրա ազգատոհմի մասին»[15]: Դարձեալ՝ այս գետն առանձին է հոսում եւ Բաբելոնի մօտ խառնւում է Տիգրիս գետին: Այդպէս նա մեզ այլ աւետարան է պատմում, բայց չարչարանքների մասին պատմելիս խառնւում է իր ընկերներին: «Բաբելոն» թարգմանաբար նշանակում է խառնակչութիւն եւ խորհրդանշում է Հերովդէսին ու Պիղատոսին, որոնք խառնուելով միաբանուեցին՝ Փրկչին մահուան մատնելու համար:
Վեցերորդ՝ Յովհաննէսն աշխարհի չորս տարերքներից համեմատւում է հրի հետ, որովհետեւ նախ՝ հուրը սիրոյ նշանակն է, իսկ նա Քրիստոսի սիրելի աշակերտն էր, եւ սիրոյ նշան էր, երբ փարուեց Նրա սոսկալի պարանոցին եւ խաղաղուեց Նրա լանջին, ինչպէս սիրելի որդին ծնողի գրկում: Եւ դարձեալ՝ ինչպէս որ հուրն է մաքրում եւ լուսաւորում, նոյնպէս էլ նրանք լուսաւորեցին հաւատացեալներին եւ մաքրեցին մեղքերի ժանգից: Նաեւ՝ Յովհաննէսը երկնառաք հրով այրեց Արտեմիդայի պատկերը:
Եօթերորդ՝ Յովհաննէսը Եզեկիէլի չորս կառքերից համեմատւում է արծուի հետ նախ՝ սրատես եւ ապա բարձրաթռիչ ու գերամբարձ լինելու պատճառով: Նա նոյնպէս իր սրատես մտքով իմանալիների բոլոր դասերից առաւել բարձրաթռիչ եւ գերամբարձ եղաւ ու աստուածաբանեց մեզ այնտեղի անճառելիների մասին:
Ութերորդ՝ հոգու չորս առաքինութիւններից արդարութիւնն է նրա մէջ ցոյց տրւում, որովհետեւ նախ՝ արդարութիւնը ոչ թէ որեւէ մասի, այլ ամբողջ անձի առաքինութիւն է: Այդպէս է նաեւ նրա քարոզչութեան խօսքը, որը ոչ թէ մէկ ազգի, այլ բոլոր քրիստոնեաների կարգաւորման համար է: Եւ դարձեալ՝ ինչպէս որ արդարութիւնը կարգի է բերում այլ առաքինութիւնները, այդպէս էլ Յովհաննէսի աւետարանը կարգաւորում է միւս աւետարանիչների աւետարանները, որովհետեւ ըստ կարգի պատմում է նրանց կողմից բաց թողնուած նշանները:
Իններորդ՝ չորս աւետարաններից Յովհաննէսի աւետարանը չորրորդն է: Եւ երբ աշակերտները բերեցին երեք՝ Մատթէոսի, Մարկոսի եւ Ղուկասի աւետարանները, Յովհաննէսն ընթերցեց եւ վկայեց, թէ ճշմարիտ են գրուածները, «սակայն, - ասաց, - սրանք Տիրոջ գործած նշանների մէկ ու կէս տարուայ մասին են: Քրիստոսի մկրտութիւնից մինչեւ Յովհաննէսի մատնութիւնն ու բանտարկութիւնը եղած պատմութիւնները բացակայում են»: Աշակերտների խնդրանքով նա գրեց աւետարանի պակասող՝ չորրորդ գլուխը, որը չկար միւս աւետարանիչների մօտ, որովհետեւ նա գրեց նրանց չգրածը: Եւ դարձեալ՝ միւս աւետարանիչները ցոյց էին տալիս Տիրոջ մարդեղութիւնը, իսկ նա յայտնաբանում է աստուածութիւնը: Եւ ինչպէս որ աստուածութիւնն առաւել է, քան մարդկութիւնը, նոյնպէս էլ Յովհաննէսն առաւել է միւս աւետարանիչներից:
Տասներորդ՝ երկուսն էլ՝ Յակոբոսն ու Յովհաննէսը, կոյս էին, սուրբ մարմնով ու նախապատուելի առաքեալների մէջ: Եւ ինչպէս յայտնի է, Տէրն Իր հետ Յակոբոսին ու Յովհաննէսին տարաւ Թաբօր լեռը եւ նրանց ուղարկեց՝ պատրաստելու Զատիկը: Եւ նա մօտ էր նստում Քրիստոսին, իսկ Պետրոսը նրա մասին հեռուից ակնարկում էր ու հարցնում: Նա, մօտ լինելով, ընկաւ Տիրոջ լանջին եւ հարցրեց. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է Քեզ»[16]:
Եւ ահա, ինչպէս որ ցոյց տրուեց, այսքան եւ սրանից աւելի գովեստի են արժանի սուրբ եւ երանելի Յակոբոս եւ Յովհաննէս առաքեալները: Այսքանը երրորդ գլխի մասին:
* Քննենք չորրորդ գլուխը՝ այն, որ ասում է. «Պետրոսը դարձաւ եւ տեսաւ այն աշակերտին ...»:
Նախ՝ պէտք է իմանալ, թէ ինչու է աւետարանիչը պատւում ինքն իրեն՝ ասելով. «Այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր Նրա կրծքով ... »[17]: Վարդապետներն ասում են, թէ նա այստեղ ոչ թէ իր անձի գովքն է անում, այլ կամենում է ցոյց տալ Տիրոջ գութը Պետրոսի հանդէպ, թէ ուրացութիւնից յետոյ Տէրն այնքան անյիշաչար եղաւ Պետրոսի հանդէպ, որ կանչեց Պետրոսին եւ ոչ թէ այն աշակերտին, որն ընկաւ Իր լանջով, եւ որին այնքան սիրում էր: Տէրը կամեցաւ խորհրդաւոր խօսք յայտնել նրա վախճանի մասին կամ էլ Պետրոսին խաչուելու կանչեց, որը ցոյց է տալիս Նրա «Արի՛ Իմ յետեւից» խօսքը: Իսկ Պետրոսը կամենում էր Յովհաննէսին ընկեր դարձնել քարոզելիս կամ մկրտելիս: Նա Տիրոջն ասաց. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի, չի՞ գալու մեր յետեւից»[18]: Յիսուս նրան ասաց. «Ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ Ես գամ»[19]: Այստեղ պէտք է իմանալ, որ Քրիստոս երկու կեանք եւ երկու վարք ունեցաւ՝ մէկը միւսից յետոյ, այսինքն եղաւ այս կեանքի չարչարանքների մէջ, իսկ յարութիւնից յետոյ հանգստի եւ անմահութեան մէջ: Այդպէս էլ այդ երկուսի համեմատ՝ եկեղեցում երկու կեանք եւ երկու վարք ձեւաւորեց, այսինքն ներգործական եւ տեսական վարք, որոնք որպէս օրինակ ցոյց տուեց այս երկու աշակերտների մէջ: Եւ քանի որ ներգործական վարքը պէտք է լինէր չարչարանքների ու մահուան ժամանակ, այդ ցոյց տուեց Պետրոսի մէջ՝ ասելով. «Արի՛ Իմ յետեւից դէպի չարչարանքներն ու խաչելութիւնը»: Իսկ քանի որ տեսական խոկումը զերծ է մարտիրոսութիւնից, այդ ցոյց տուեց Յովհաննէսի մէջ՝ ասելով. «Կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ Ես գամ», այսինքն՝ մինչեւ գամ ու նրան Ինձ մօտ առնեմ: Ցոյց է տալիս այն, որ տեսական վարքն սկսւում է այստեղ, իսկ դատաստանի ժամանակ տեսականը փոխարկւում է յաւիտենական կեանքի եւ այնտեղ էլ աւարտւում: Եւ ըստ այս տեսութեան՝ ինչպէս որ սէրը երբէք չի կորչում, այդպէս էլ տեսական վարքը երբէք չի կորչում: Դարձեալ՝ ասում է. «Կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ Ես գամ»: Ոմանք ասացին, թէ Յովհաննէսը չմեռաւ, այլ վերափոխուեց եւ Ենովքի ու Եղիայի հետ զգալի դրախտում է: Ուրիշներն էլ ասացին, թէ պարզապէս ննջում է իր գերեզմանում եւ մեռած չէ, իբրեւ մանանայ՝ խունկ է ելնում նրա գերեզմանից, նրա շնչելուց դարձեալ խունկ է ելնում, իսկ վերջում նա պիտի մեռնի՝ Քրիստոսի համար չարչարուելով: Ահա այսպէս են մեկնում Քրիստոսի այն խօսքը, թէ «Կամենում եմ, որ դա ապրի», այսինքն ապրի մինչեւ այս աշխարհի վախճանը, երբ Նա գայ դատաստանի համար: Բայց ճիշտ չեն այս կարծիքները, որը երեւում են չորս բանից: Նախ՝ Քրիստոս կամեցաւ առանձնակի շնորհներ եւ բարիքներ տալ Յովհաննէսին, իսկ այն կարծիքը, թէ նա կենդանի է մարմնով կամ ննջում է գերեզմանում, անօգուտ է եւ ոչ թէ շնորհ:
Երկրորդ՝ թէ նա մարմնով կենդանի է եւ հեռու է երանելի կեանքից, եւ թէ նրա ընկերները փառքի մէջ են, իսկ ինքը՝ տանջանքների մէջ, ամենեւին սուտ է:
Երրորդ՝ աւետարանը յայտնապէս յանդիմանում է այս կարծիքը եւ ասում. «Ոմանք կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի, բայց Յիսուս չասաց, թէ չպիտի մեռնի»[20], քանի որ նա ճշմարտապէս մեռաւ:
Չորրորդ՝ Յովհաննէսի ննջման մասին պատմութիւնը, որը գրուած է Աստուծոյ շնչով, յայտնապէս վկայում է. «Մինչ մենք ուրախ էինք եւ լալիս էինք, երանելին իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը»: Իսկ ինչ են նշանակում «Կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ Ես գամ» խօսքերը: Երբ Պետրոսը խնդրեց Յովհաննէսին ընկերակցել իրեն քարոզչութեան, այլ չարչարանքների եւ խաչելութեան ժամանակ, Յիսուս ասաց. «Կամենում եմ, որ դա ապրի», այսինքն նախ՝ չեմ կամենում, որ նա ընկերակցի քեզ քարոզելիս, երկրորդ՝ չեմ կամենում, որ նա վախճանուի մարտիրոսական մահուամբ եւ խաչելութեամբ, երրորդ՝ չեմ կամենում, որ նա մեռնի ցաւերով եւ բռնի մահուամբ, այլ կամենում եմ, որ նա հեռու լինի այս երեքից, որոնք ասուեց, եւ ապրի, մինչեւ Ես գամ, ոչ թէ մինչեւ այս աշխարհի վախճանը եւ ընդհանուր դատաստանը, այլ մինչեւ Ես գամ ու այս աշխարհից հրաւիրեմ նրան երկնային փառքի մէջ: Եւ այսպէս է գրուած սուրբ Յովհաննէսի վարքի պատմութեան մէջ. «Նրա վախճանին երեւաց Քրիստոս եւ հրաւիրեց նրան երկնային փառքի մէջ»: Իսկ երբ Պետրոսին ասաց. «Քեզ ի՞նչ հոգ», յանդիմանեց նրան երկու պատճառով: Նախ՝ պէտք չէր, որ Պետրոսն իմանար աստուածային նախախնամութան անյայտ խորհուրդը, որ ունէր Յովհաննէսի մասին, ինչպէս որ գրուած է «Գործք առաքելոց» գրքում. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանութեան մէջ»[21]: Երկրորդ՝ դրանով սանձում է ոմանց անկարգ ցանկութիւնները, որոնք կամենում են, որ բոլոր նրանք, ովքեր իրենց կարգի մէջ են, արհամարհեն միւսների կարգը: Եւ այդ հակառակ է Աստուծոյ նախախնամութեանը, որը զանազան կարգեր հաստատեց եկեղեցիների մէջ. ոմանց տեսական, ոմանց էլ գործնական կարգի մէջ, որոնք էին վարդապետ եւ եպիսկոպոս, քահանայ եւ աշխարհական, դպիր կամ սարկաւագ, աղօթող կամ պահեցող եւ այլն: Եւ պէտք է, որ իւրաքանչիւր ոք իր գործը կատարի, ինչպէս որ առաքեալն է խրատում՝ ասելով. «Իւրաքանչիւր ոք, ինչ կոչման մէջ որ էր, երբ կանչուեց, թող նրանում էլ մնայ»[22]: Այդ պատճառով է ասում. «Քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ Իմ յետեւից»: Իսկ եթէ մէկն ասի, եթէ Յովհաննէսը չմարտիրոսացաւ, ուրեմն ի՞նչ է այն խօսքը, թէ նրանք յանձն առան ըմպել Քրիստոսի բաժակը եւ մկրտուել մահուամբ:
Նախ՝ ասենք, որ Յովհաննէսը յօժար էր մարտիրոսուել եւ չարչարանքներ կրել Քրիստոսի անուան համար, ինչպէս որ բազում չարչարանքներ կրեց Պատմոս կղզում եւ Եփեսոսում: Սակայն դրանք արգելելը եղաւ Քրիստոսի կամքով, Ով ասաց. «Կամենում եմ, որ դա ապրի»:
Երկրորդ՝ երբ նրան գցեցին եռացող ձէթի մէջ, նա համբերեց յօժարութեամբ, որը մարտիրոսութիւն էր, քանզի վարդապետներն ասում են, թէ Յովհաննէսի համբերութիւնը, որը չվախճանուեց չարչարանքներով, հաւասար էր Պետրոսի խաչելութեանը: Ուրեմն պարզ է, որ նա, ինչպէս խոստացաւ, ըմպեց բաժակը եւ կրեց չարչարանքներ Քրիստոսի անուան համար: Այստեղ պէտք է իմանալ, որ Յիսուս հաւասարապէս պատուեց Իր սիրելի աշակերտ կոյս Յովհաննէսին եւ Իր սիրելի մօրը՝ սուրբ Կոյս Մարիամին, որն արեց երեք կերպով: Նախ՝ ինչպէս որ խոստացաւ Իր մօրը գալ եւ աւանդել նրա հոգին, այդպէս էլ խոստացաւ աւետարանչին՝ ասելով. «Կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ Ես գամ»: Երկրորդ՝ ինչպէս որ մօր վերափոխման ժամանակ Որդին՝ Ինքն իջաւ եւ աւանդեց նրա հոգին, այդպէս էլ՝ այս սուրբ աւետարանչին, քանզի Քրիստոս Ինքը եկաւ, երեւաց եւ աւանդեց հոգին առանց տառապանքների: Երրորդ՝ ինչպէս որ սուրբ Կոյսի մարմինը երեք օր յետոյ վերափոխուեց փառքի մէջ, այդպէս էլ այս աւետարանչի մարմինը վերափոխուեց այնտեղ, ուր Տէրը կամեցաւ, որը յայտնի է երկու բանից: Նախ՝ երբ Յովհաննէսը գերեզման մտաւ, ընկողմանեց եւ ծածկուեց, երեք օր յետոյ աշակերտները եկան գերեզման, բայց չգտան սուրբ մարմինը: Երկրորդ՝ երբ Կոստանդիանոս Մեծը փնտռում եւ փորում էր տեղանքն իր շրջակայքով, սուրբ Յովհաննէսը երեւաց նրան ու ասաց. «Ո՛վ աստուածասէր թագաւոր, զուր մի՛ չարչարուիր եւ ինձ մի՛ փնտռիր երկրի վրայ, որովհետեւ Աստուած, Ով քեզ թագաւորութիւն տուեց, վերափոխեց ինձ արքայութեան երկնային փառքի մէջ»: Ապա ուրեմն պարզ է, որ ինչպէս Քրիստոս Ինքը երեք օր յետոյ յարութիւն առաւ գերեզմանից, եւ ինչպէս երեք օր յետոյ Իր մօրը վերափոխեց մարմնով, այնպէս էլ երեք օր յետոյ Իր սիրելի աշակերտին վերափոխեց մարմնով: Եւ թէ՛ Իր սուրբ մայրը եւ թէ՛ սիրելի աշակերտը նախապէս առանձնակի շնորհով ընդունեցին ընդհանուր յարութիւնը եւ հոգով, մարմնով ու անվախճան կեանքով անպատում փառքի մէջ են:
Այսքանը Յովհաննէսի մասին:
* Նմանապէս եւ նրա Յակոբոս եղբայրը նրանից հետ չէր հոգով ու մարմնով, որովհետեւ ջերմեռանդ սիրով վառվում էր Քրիստոսի սիրով եւ խստօրէն յանդիմանում էր հրեաների տիրասպան ազգին, որոնք խնդրեցին Հերովդէսին, որ սպանի Յակոբոսին: Այս Հերովդէսն Արքեղայոսի որդին էր՝ մանուկներին կոտորած Հերովդէսի թոռը: Այս Հերովդէսն էր, որ գլխատեց Յովհաննէսին, նախատեց Քրիստոսին եւ ուղարկեց Պիղատոսի մօտ: Նա շնորհ արեց հրեաներին. սրով սպանեց Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, իսկ ինքն էլ որդնալից եղաւ հրեշտակի կողմից եւ մատնուեց կորստեան: Այսպէս Յակոբոս եւ Յովհաննէս հարազատ եղբայրները ընդունեցին Քրիստոսի չարչարանքների բաժակը եւ մկրտուեցին մահուամբ: Յակոբոսը բոլոր առաքեալներից առաջինն էր, որ նահատակուեց, իսկ Յովհաննէսը՝ վերջինը: Նրանք Զաբուղոնի ցեղից էին եւ, եւ քահանայապետի լանջապանակին նրանց քարը ոսկեքարն էր, որի վրայ Զաբուղոն էր գրուած: Նրանք մաքրուեցին ինչպէս ոսկին հրի մէջ եւ իրենց ոսկեղէն խօսքերով ու Հոգու հրով սրբեցին շատերին: Գեղեցիկ էին ու վայելուչ, ընտրուած էին որովայնից եւ կանչուած Քրիստոսի կողմից, Տիրոջ քրոջ որդիներ լինելով՝ ըստ մարմնի ազգակից էին Քրիստոսին: Եւ այս բոլոր փառաւորութիւնների հետ ապրեցին կուսութեամբ եւ սրբութեամբ ու նահատակուեցին Քրիստոսի անուան համար: Նրանց արժանի գովութեան եւ փառքի մասին գիտի միայն նրանց Պսակողը՝ Քրիստոս, որոնք պիտի ցոյց տայ հանդերձեալ աշխարհում, որ գալու է:
Իսկ մենք ապաւինենք նրանց բարեխօսութեանը, որոնք անդառնալի հայցուածներով մաղթում են ամբողջ աշխարհի եւ սուրբ եկեղեցու համար, որպէսզի աշխարհի այս մարմնաւոր կեանքում հայրաբար խնամեն մեր սրբութիւնները եւ փրկեն մեզ հակառակորդի զանազան փորձութիւններից: Եւ թող այստեղից յետոյ արժանի լինենք սուրբերի սրբամաքուր տեսութեանը արքայութեան փառքի մէջ Քրիստոսի աջ կողմում: Նրան Հօր եւ Սուրբ Հոգու հետ փառք, գոհութիւն եւ երկրպագութիւն թող մատուցուի բոլոր արարածների եւ ամէն լեզուի կողմից յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սկզբնաղբիւրներ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ: էջ 275, 90:
- Ս. Գ. Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Կ.Պօլիս, գլուխ ՃՁԱ – էջ 694:
[1] Հմմտ. Մատթ. Ի 21:
[2] Մատթ. Ի 22:
[3] Հմմտ. ԺԵ 15:
[4] Հմմտ. ԺԷ 24:
[5] Կարիքաւոր, կարիքի մէջ գտնուող:
[6] Տե՛ս Յովհ. Ա 3:
[7] Յովհ. Ա 1-2:
[8] Յովհ. ԻԱ 20:
[9] Ա Կորնթ. ԺԲ 28:
[10] Յովհ. ԺԳ 23:
[11] Հմմտ. Յովհ. ԺԴ 21:
[12] Յովհ. ԻԱ 22:
[13] Ա Յովհ. Ա 1:
[14] Հմմտ. Եփ. Գ 10:
[15] Ես. ԾԳ 8:
[16] Յովհ. ԻԱ 20:
[17] Յովհ. ԻԱ 20:
[18] Հմմտ. Յովհ. ԻԱ 21:
[19] Յովհ. ԻԱ 22:
[20] Յովհ. ԻԱ 23:
[21] Գործք Ա. 7:
[22] Ա Կորնթ. Է 20:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: