Լուսապայծառ իմաստիւք. լոյս եղելոց աշխարհի՝ համածագող գոլով.
Լուսաւորեաց զեկեղեցի՝ աստուածային բանիւ երանելին Բասիլիոս.
Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց:
Քրիստոսազօր զինուորաց համախմբող ի հոգեւոր պատերազմին.
Սիւն հաւատոյ հաստատութեան՝ առաջնորդ մարդկան ի կեանս՝ երանելին Բասիլիոս.
Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց:
Որ ըստ անմարմնոցն ի մարմնի քաղաքավարեալ առաքինութեամբ ի մանկութենէ.
Այսօր վերափոխեալ ի յերկնային խորանս երանելին Բասիլիոս.
Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց:
(Շարակնոց)
Թագաւորական պանծալի անուն Մեծն Բասիլիոսը կամ Վասիլիոսը՝ Բարսեղ Կեսարացին, ըստ նախնիներից մէկի (թերեւս սուրբ Ամփիլոքսիոսի) ճշգրիտ խօսքի՝ ընդհանրական եկեղեցու պայծառ ջահն է եւ աւետարանական ճշմարտութեան պայծառափայլ արեգակը, որն ամբողջ տիեզերքով մէկ սփռեց իր աստուածաբանութեան ճառագայթները: Կատարեալ էր վարքով, հանճարեղ՝ խօսքով, զօրաւոր՝ գրչով, գերազանց՝ աստուածային եւ աշխարհի գիտութիւններում, լի՝ բոլոր առաքինութիւններով, եկեղեցու սիւն էր, քահանայապետութեան զարդ, աստուածապաշտութեան դպրոց, Աստուծոյ այր, Հօր Միածնի պատգամախօս, հաւատարիմ տնտես եւ Սուրբ Հոգու գրիչ, Որից սահմանուեց լինել եկեղեցու ազատարարը բոլոր հերձուածներից, լինել հրեղէն լեզուով երկնառաք ջախջախիչ շանթ՝ ուղղուած առաջնորդ Արիոսին, Եւնոմիոսին, Սաբէլին, հոգեմարտ Մակեդոնին, Ապողինարին եւ բոլոր աղանդաւորներին: Նա եղաւ ոչ միայն կեսարացիների, այլեւ ամբողջ աշխարհի վարդապետը եւ ոչ միայն իր ժամանակի, այլեւ՝ բոլոր ժամանակների:
Սուրբ Բարսեղը ծնուել է Նիկիայի սուրբ Ժողովի օրերին, ըստ ոմանց՝ 328, իսկ ըստ այլոց՝ 317 թուականին, Կեսարիայում՝ Հայոց նախկին մայրաքաղաքում, որ Գամիրքի կամ Կապադովկիայի Մաժակ քաղաքն է եւ գտնւում է Արգոս լերան մօտ: Սերում էր ազնուական եւ աստուածասէր տոհմից. նրա նախնիները Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքից էին: Հայրը, որ նոյն անունով՝ Բասիլիոս էր կոչւում, Պոնտոսի Նէոկեսարիա քաղաքից էր, իսկ մայրը՝ Եմեղիան, Կապադովկեան Կեսարիայից: Մօրական պապը Քրիստոսի անուան համար նահատակուել է Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի կողմից յարուցուած հալածանքների ժամանակ, ինչպէս եւ Գրիգոր անունով քեռին, որն այդ կողմերի եպիսկոպոսն էր (Բարսեղի եղբայրը՝ Գրիգոր Նիւսացին, իր անունը նրանից է ստացել): Իսկ մօրական տատը՝ Մակրինան, սուրբ կին էր եւ սուրբ Գրիգոր Սքանչելագործի աշակերտուհին (Բարսեղի քոյրն էլ Մակրինա անունը նրանից է ստացել):
Բարսեղը երեք եղբայր ունէր. Նաւկրատիոսը, որը վաղամեռիկ եղաւ քսաներկու տարեկան հասակում, Գրիգորը, որը եղաւ Նիւսիայի եպիսկոպոսը եւ ծնողների ամենակրտսեր զաւակը՝ Պետրոսը, որը եղաւ Սեբաստիայի եպիսկոպոսը: Ունէր նաեւ վեց քոյրեր, որոնցից երեքը կոյսեր էին, իսկ երեքը՝ ամուսնացած: Բարսեղը մանկութեան եւ պատանեկութեան շրջանում իր տատից՝ սրբուհի Մակրինայից, լսում էր Սքանչելագործի վարդապետութեան մասին, իսկ քոյրը՝ Մակրինան, որ երեւելի եղաւ սրբութեամբ եւ իմաստութեամբ, սուրբ Բարսեղի հետ մեծապէս սատարում էր նրան եղբայրների եւ քոյրերի հոգեւոր դաստիարակութեան գործում:
Արդ, նրանց բոլորի պարծանքն անդրանիկ եղբայր Բարսեղ Մեծն էր, որը որպէս պտուղ ծնուեց սուրբ ծնողների աղօթքներով, ինչպէս Սամուէլը, եւ նրանց ձեռքով մեծացաւ աստուածապաշտութեան կարգով, նաեւ դաստիարակուեց հօր կողմից՝ իբրեւ առաջին ուսուցչից եւ կրթուեց սուրբ Գրքով ու աշխարհի գիտութեամբ: Դպրոցում նրա հետ կային նաեւ հայ մանուկներ, որոնց յետագայում Բարսեղն ուսումնակից եղաւ Աթէնքում:
Եղաւ, որ մանուկ հասակում Բարսեղին մերձիմահ հիւանդութիւն տիրեց: Մտատանջուած հայրը քնի մէջ տեսաւ Տիրոջը, Ով իրեն ասաց նոյն խօսքերը, ինչ աւետարանում ասաց պալատական պաշտօնատարին. «Գնա՛, քո որդին կենդանի է»[1]: Եւ նա եւս, նոյն հաւատքով ընդունելով խօսքը, նոյնպէս ստացաւ հաւատքի պտուղը. Բարսեղն ամբողջովին առողջացաւ եւ վերադարձաւ իր նախկին կայտառութեանը:
Հօր եւ տատի վախճանից յետոյ, երբ Բարսեղը մօտ տասնվեց տարեկան էր, տրուեց առաւել խոր ուսումնառութեան ոչ միայն Կապադովկեան Կեսարիայում, այլեւ Պաղեստինեան Կեսարիայում, որն առաւել ծաղկուն էր: Երկար տարիներ այդ կողմերում մնալուց յետոյ գնաց Կոստանդնուպօլիս՝ թագաւորական քաղաքի ուսումնարաններում առաւելը գտնելու համար: Այնտեղ ըստ ոմանց՝ աշակերտեց հեթանոս փիլիսոփայ Լիբանիոսին, որն անուանի ուսուցիչ էր: Ոմանք ասում են, թէ կրթութիւն ստացաւ ասորական Անտիոքում, ոմանք էլ՝ թէ Աթէնքում, որտեղից էլ Բիւզանդիա էր եկել: Երբ 343 թուականին Բարսեղը գնաց իմաստութեան մայրաքաղաք Աթէնք, այնտեղ գտաւ Գրիգոր Նազիանզացուն, որն իր ծանօթ համերկրացին էր, եւ յարեց նրան: Միմեանց գործակցելով՝ նրանք առաջադիմում էին ամէն բանում, մանաւանդ կիրթ էին կարեւոր ուսմունքների մէջ, միաժամանակ նաեւ առաքինի կենցաղավարութեամբ հրեշտակների պէս էին երեւում աթէնացիների մէջ: Եւ թէպէտ այդ ժամանակ Աթէնքում հելլենների մէջ բազմաթիւ էին իմաստուն վարժապետները, սակայն իր աշակերտների թուով եւ պերճախօսութեամբ առաւել անուանի էր Պռոէր (հաւանաբար Պարոյր) Սիւնեցին կամ Արծրունին, որը յոյների մօտ կոչւում էր Բռօէրէսիոս՝ հայկազուն իմաստասէր քրիստոնեայ: Նրա մասին վկայում է իր աշակերտ Եւնապիոսը, որ հելլենացի հեթանոս փիլիսոփայ էր եւ փիլիսոփաների վարքի մասին իր գրքում գրում է. «Նա Հայոց երկրից՝ Հայաստանից էր, որը սահմանակից է Պարսկաստանին», եւ թէ «Բախտը նրան մանկուց դուրս է բերել Հայաստանից եւ հասցրել Անտիոք, որովհետեւ նա ուղիղ Աթէնք չի եկել: Անտիոքում ճարտասանութիւն սովորելով՝ Պարոյրը Աթէնք՝ Յուլիանոս վարժապետի մօտ եկաւ Հեփեստիոնի հետ, որի հետ մէկ հոգի եւ մէկ մարմին էին, սակայն Յուլիանոսի աչքն առաւել շատ Պարոյրի վրա էր, որին աթէնացիներն իրենց վարդապետից յետոյ ընտրեցին որպէս նրա յաջորդը: Պարոյրին աշակերտեցին բոլոր պոնտացիները եւ սահմանակից բոլոր ազգերը՝ բիւթանացիները, ասիացիները, եգիպտացիները, լիբիացիները, որից այլ ուսուցիչները լցուեցին նախանձութեամբ եւ կաշառեցին անթիպատոսին՝ Պարոյրին Աթէնքից հեռացնելու համար»:
Նրա սքանչելի համբաւի համար Կոստաս կայսրը նրան կանչեց Գաղղիա՝ պալատի ծիրանազգեստ պաշտօնեաների հետ նրան հաղորդակից եւ սեղանակից դարձնելու համար, քանի որ նա առաքինի էր եւ խստակրօն, առոյգ եւ գեղապանծ, բոլորից մի ոտնաչափ բարձր հասակով, իսկ հանճարով, նրբութեամբ եւ հռետորութեամբ միակը: Կայսրը մինչեւ իսկ նրան ուղարկեց Հռոմ, որպէսզի հռոմէացիները եւս տեսնեն այդպիսի անզուգական մարդուն: Եւ նրանք այնքան հիացան ու պատուեցին նրան, որ անգամ պղնձէ արձան կանգնեցրին նրա հասակի չափով եւ վերտառեցին. «Հռոմում թագաւորող խօսքի թագաւորին»: Այնուհետեւ կայսրն Աթէնքից ուղարկեց նրան իր վարժապետութեան աթոռը՝ շնորհելով նաեւ պատուոյ արտաքին շուք եւ տալով արքունի բանակների ոստիկանի կամ իշխանի կոչում, որպէսզի աթէնացիների կարիքների համար կարողանար կղզիներից պահանջել ցորենի հարկը: Իսկ նրա վախճանի մասին Եւնապիոսը գրում է. «Այսպիսինը լինելով՝ Պարոյրը դէպի վեր չուեց մարդկանցից եւ իր խօսքով ու ճառերով լցրեց աշխարհը: Հինգ տարի ես աշակերտեցի նրան: Ութսունհինգ տարեկան էր, սակայն ժիր էր եւ յորդաբուխ խօսքով, աստուածային այր էր՝ յոյժ գեղեցիկ իր ծերութեան մէջ: Մեծամեծ եւ երկնային էին նրա գործերը»: Եւ ահա այսպիսի այրը՝ Պարոյր Հայկազունը, Աթէնքում եղաւ Բարսեղի ու Գրիգորի առաջին եւ գլխաւոր վարդապետը, իսկ նրանից յետոյ՝ իմաստասէր Լիբանիոսը, որին Յուլիանոս Ուրացողը հեթանոսութեան պատճառով նախապատւութիւն էր տալիս քրիստոնեայ Պարոյրից: Նրան դժկամութիւն էին ցուցաբերում նաեւ հելլեն իմաստունները, սակայն Պարոյրի համար անմահական յիշատակ եղաւ այն, որ նրա աշակերտները սուրբ Բարսեղն ու Գրիգորը եղան, եւ նաեւ փոքր ի շատէ հալածանքներ կրեց Յուլիանոսից, մանաւանդ որ գարշելով նրա անօրէնութիւնից՝ չընդունեց նրա տուած որեւէ պարգեւ: Քանզի ինչպէս Հերոնիմոսն է գրում իր «Քրոնիկոն»-ում. «Յուլիանոսն օրէնք էր սահմանել, որ քրիստոնեաները չլինեն աշխարհիկ գիտութիւններ ուսուցանողները, եւ միայն Պարոյրին շնորհեց ուսուցանել քրիստոնեաներին, բայց նա ինքնակամ թողեց դպրատունը»: Եւ այս եղաւ Ուրացողի թագաւորութեան օրօք: Նա սկզբում Բարսեղի եւ Գրիգորի հետ վայելում էր Պարոյրի աստուածիմաստ վարժապետութիւնն ու վարդապետութիւնը, բայց յետոյ չարացել էր նրա դէմ քրիստոնէութեան պատճառով: Ժամանակ անց այս մասին սուրբ Բարսեղը Յուլիանոս Ուրացողին գրել է. «Յիշեցնում եմ քեզ մեր ուսմանն ուղղուած ջանքերը, որով Աթէնքում միասին սովորեցինք սուրբ եւ գերագոյն ուսմունքն ու միասին անձնատուր եղանք աստուածային գրքերի վերծանութեանը»: Գրիգոր Աստուածաբանն էլ գրում է. «Աթէնքում կային Բարսեղին ուսումնակից հայ պատանիներ, որ եկել էին իրենց երկրից, որոնք երբ ուսման նրբին խնդիրներում նեղութեան մէջ էին գցում Բարսեղին, վրայ հասնելով՝ ես նախ արդարացնում էի հայերին եւ ապա ճարտարութեամբ Բարսեղի կողմն անցնելով՝ նրան յաղթող դարձնում, որով աւելի ու աւելի ջերմացաւ իմ եւ նրա միջեւ եղած բարեկամութիւնը»:
Բարսեղն Աթէնքը չգտաւ այնպիսին, ինչպիսին յոյս ունէր, որովհետեւ նրա սիրտը վերինն էր խոկում, իսկ աթէնացիները հետամուտ էին երկրաւոր գիտութիւններին եւ հոգում էին փառքի ու աշխարհի վայելքների համար: Այդ պատճառով նա տրտմում էր եւ Աթէնքն ունայնութիւն ու սնոտի երջանկութիւն համարում, իսկ Գրիգորը յորդորում էր չվհատուել մինչեւ ուսման աւարտը, որից յետոյ համամիտ եւ համակամ կը տրուեն հոգեւոր վարդապետութեանը: Եւ Բարսեղը սփոփուելով միառժամանակ հանդարտւում էր:
Բարսեղի եւ Գրիգորի կենցաղավարութիւնը սքանչելի էր բոլորի աչքին, քանզի նրանք հեռու էին երիտասարդական ցանկութիւններից եւ զուարճանքներից ու փայլում էին իրենց բարեկրօն վարքով: Նրանք ծաղրում ու այպանում էին հելլենական պաշտամունքները եւ պանծալով բերկրում էին Քրիստոսի անուամբ:
Այնուհետեւ, Տիրոջ 355 թուականին՝ Յուլիանոսի՝ Աթէնք գալուց մէկ տարի անց, Բարսեղն, աւարտելով իր ուսումը, հեռացաւ Աթէնքից՝ բաժանուելով Գրիգորից, եւ ասես թէ մի մարմինը երկու մասի բաժանուեց: Այդ պատճառով Գրիգորը եւս երկար չմնաց այնտեղ, եւ նրանց հեռանալուց յետոյ Աթէնքը դարձաւ մի մարմին՝ առանց հոգու: Արդ, երբ Բարսեղը վերադարձաւ իր ծննդավայրը, կեսարացիները, տեսնելով նրան զարդարուած բոլոր գիտութիւններով եւ առաքինութիւններով ու կատարելութեան հասած, ընդունեցին նրան որպէս իրենց քաղաքի նորոգիչ եւ պահապան: Նրանց եղբայրը՝ Գրիգոր Նիւսացին, գրում է. «Նրա քոյրը՝ սքանչելի Մակրինան, մտահոգւում էր, որ գուցէ Բարսեղը, երկրաւոր իմաստութեամբ հպարտացած, մերժի հոգեւորը, որի համար բոցավառում էր նրա սիրտը Քրիստոսի սիրով եւ քրիստոնէական կատարելութեամբ՝ ասես թէ ինքնակամ գնացող երիվարին էլ աւելի մտրակելով»: Եւ այդպէս Բարսեղը, ոտքի տակ տալով աշխարհի ամբողջ փառքն ու աշխարհի գիտութիւնը, ամբողջովին անձնատուր եղաւ աստուածային իմաստութեանը եւ ծայրագոյն խոնարհութեանը: «Ճառընտիր»-ը պատմում է Աթէնքից վերադառնալուց յետոյ նրա հրաշալի մկրտութեան մասին՝ ասելով. «Նա իր Եւուլոս վարդապետի հետ մկրտուեց Յորդանան գետում Մաքսիմիանոս հայրապետի կողմից»: Աթէնքից վերադառնալուց յետոյ նա երկար չմնաց Կեսարիայում, այլ հետեւելով աւետարանի այն խօսքին, թէ թողել ամէն բան եւ գնալ Քրիստոսի յետեւից, գնաց Ալեքսանդրիա՝ եգիպտական հայրերի անապատ: Շրջելով այցելեց Պաղեստինի, Ասորիքի եւ Միջագետքի մենակեացներին ու նեղ եւ անձուկ ճանապարհների նախանձախնդիրը լինելով՝ նրանցից քաղեց կրօնաւորական կենցաղի բոլոր ծաղիկները, ինչպէս որ նա ինքն էր ասում. «Զարմանալով նրանց վրայ՝ ես երանելի էի համարում այդ մարդկանց կեանքը, որովհետեւ նրանք գործերով իրենց մէջ ցոյց էին տալիս Յիսուսի մահը: Եւ ես ցանկանում էի, ըստ իմ կարողութեան, հետեւել նրանց»:
Երբ այնտեղից եկաւ Կեսարիա, թէպէտ այնտեղ կամեցան պահել նրան որպէս եկեղեցու սպասաւոր, սակայն նա ջանում էր խաղաղական կեանք վարել առանձնութեան մէջ: Նոյնը նամակներով յորդորում էր Գրիգոր Նազիանզացուն, սակայն Գրիգորի ծնողները միառժամանակ թոյլ չտուեցին: Բայց քանի որ Բարսեղն այդպիսի արգելք չունէր, եւ մանաւանդ նրա երանելի մայրը՝ Եմիղիան, իր դստեր՝ Մակրինայի հետ մտել էր Նէոկեսարիայից ոչ հեռու գտնուող կուսանաց մի վանք, առանձնացաւ Պոնտոսի մի կողմում: Նէոկեսարացիները, շատ բան խոստանալով, Բարսեղին յորդորում էին իր հօր նման դպրոցի վերակացու լինել եւ կրթել մանուկներին, բայց նա ընտրեց առանձնութիւնը մի լերան վրայ՝ խիտ մայրիների անտառներում՝ տրուելով աղօթքներին, պահեցողութեանը, տքնութիւններին, սուրբ Գրքի ընթեցողութեանը, կատարելով մենակեացների ողջ ճգնողական կարգը, սպանելով մարմնի երկրաւոր անդամները, կրթելով իրեն ներքին առաքինութիւններով եւ ուղղակի հեռանալով աշխարհից ու մերձենալով Աստծուն: Եւ այս ամէնը նա գեղեցկապէս նկարագրում է Գրիգորին ուղղուած իր նամակներում:
Մօտ 358 թուականին նրան միացաւ նաեւ Գրիգորը, եւ հաւատքի այս երկու լծակիցները, խօսքով ու գործով միմեանց յորդորելով, զօրութիւնից զօրութիւն էին ընթանում: Լինում էր, որ ճգնում էին առանձին խցերում եւ լինում էր, որ հանդիպում էին միմեանց՝ հոգեւոր մխիթարութեան համար: Այդ ժամանակ եղբայրների բազմութիւն ժողովուեց Բարսեղ Մեծի շուրջը, ընդունեցին նրան որպէս իրենց հոգիների հայր եւ հոգեւոր կարգի ուսուցիչ ու կրօնաւորեցին նրա ձեռքի տակ: Եւ նա ողջ բարեկարգութեամբ ու վարդապետութեամբ հրահանգաւորեց նրանց՝ տեսական վարքը գործնականի հետ լծորդելով, նաեւ աւանդեց կանոններ՝ մէկ առ մէկ բացատրելով դրանք: Այնուհետեւ այդ կողմերում եւ շատ այլ տեղերում գործածուեց սուրբ Բարսեղի կարգն ու կանոնադրութիւնը, յատկապէս երբ իր եպիսկոպոսութիւնից յետոյ շատացրեց վանքերն ու վանականներին, վերջնական տեսքի բերեց իր կանոնադրութիւնը:
Իսկ Գրիգորը միառժամանակ (մօտ երեք տարի) Բարսեղի հետ մնալուց յետոյ ստիպուած էր վերադառնալ իր տուն՝ ծերունի հօր մօտ, եւ քահանայ ձեռնադրուել, այնուհետեւ վերադարձաւ Բարսեղի մօտ եւ ստիպելով նրան եւս տարաւ: Այդ օրերին Կեսարիայի Տիանէոս արքեպիսկոպոսը, որ մահամերձ էր, կանչեց Բարսեղին եւ երդուելով նրան յայտնեց, որ սխալուել է ու Կոստանդիանոս կայսեր հրամանով ակամայից ստորագրել որոշ եպիսկոպոսների միաձայն դաւանութիւնը, որպէսզի եկեղեցին չպառակտուէր: «Մինչդեռ, - ասել էր, - ես չեմ հեռացել Նիկիայի 318 սուրբ հայրերի դաւանութիւնից եւ քեզ էլ պատուիրում եմ հաստատուն մնալ այդ նոյն բանում»: Նա այդ ասաց, որովհետեւ այդ դէպքերի պատճառով գայթակղութեան առիթ էր տուել Բարսեղին եւ միւս ուղղափառներին:
Տիանէոսի վախճանից յետոյ Կապադովկեան Կեսարիայի արքեպիսկոպոսութեան աթոռին նստեց Եւսեբիոսը, որը Բարսեղին քահանայ ձեռնադրեց: Երանելին տրտմեց, որովհետեւ իրեն անարժան համարեց, եւ նաեւ խափանուեց իր առանձնութիւնը: Գրիգոր Աստուածաբանը նամակ գրեց նրան եւ մխիթարեց Աստուծոյ կամքով՝ օրինակ բերելով իրեն ու գրեց. «Ես եւս հնազանդուելով ընդունեցի ծառայութիւնը»:
Այնուհետեւ եպիսկոպոսապետի հրամանով սուրբ Բարսեղն սկսեց եկեղեցում քարոզել Աստուծոյ խօսքը եւ ժողովրդին մեկնել «Առակաց» գիրքը, սակայն որքան կարողանում էր, չէր թողնում իր առանձնութիւնը եւ ազատ ժամանակ առանձնանում էր տանը՝ աղօթելու եւ ճգնելու: Կեսարացիներից հաւաքում էր աշակերտներ եւ իր կանոններով վարժեցնում նրանց կրօնաւորական կարգի մէջ:
Այդ օրերին, երբ Կոստանդիանոսից յետոյ թագաւորեց Յուլիանոս Ուրացողը, եւ երբ ծածուկ ու յայտնի հալածանքներ սկսուեցին Աստուծոյ եկեղեցու դէմ, գժտութիւն ընկաւ Եւսեբիոս եպիսկոպոսապետի եւ Բարսեղ քահանայի միջեւ, որի մասին Աստուածաբանն ասում է. «Եպիսկոպոսը մարդկայնօրէն թերեւս նախանձեց նրան՝ ժողովրդի աչքում ունեցած պատուի համար»: Եւ քանի որ շատերը՝ մենակեացներով հանդերձ, Բարսեղի կողմից էին, Բարսեղը՝ վախենալով, որ գուցէ մեծ աղմուկ բարձրանայ եպիսկոպոսապետի դէմ, մանաւանդ որ ուրիշ այլ եպիսկոպոսներ դժկամութիւն ունէին նրա հանդէպ, խաղաղութեան հնար գտաւ, որն էր հեռանալ իր ցանկալի անապատը, եւ դարձեալ առանձնացաւ այնտեղ: Նրա հետ առանձնացաւ նաեւ Գրիգոր Աստուածաբանը, որը եպիսկոպոսին հաշտեցրեց Բարսեղի հետ, եւ երեք տարի երկուսով մնացին անապատում: Այդ ընթացքում Բարսեղը յաճախակի գալիս էր՝ սատարելու եկեղեցուն, եպիսկոպոսների հրամանով գնում էր հեռաւոր վայրեր՝ Քաղկեդոն եւ Կոստանդնուպօլիս, եւ զգուշանում էր վիճել արիոսականների հետ, որովհետեւ գիտէր, որ նրանք անզեղջ են, եւ ընդդէմ նրանց զօրաւոր խօսքերով թղթեր գրեց:
Ասում են, թէ սուրբ Բարսեղի եւ Յուլիանոս Ուրացողի միջեւ եղած բոլոր իրադարձութիւնները նրա քահանայութեան եւ մենակեցութեան օրերին են կատարուել, թէպէտ ոմանք համարում են նրա եպիսկոպոսութեան օրերին: Ուրացող կայսրը, որն անչափ հալածեց եկեղեցուն, առաւելապէս առաջնորդներին եւ վարդապետներին, ակնածելով Բարսեղ Մեծից՝ որոշեց կեղծաւորաբար սէր ցուցաբերել նրա հանդէպ որպէս Աթէնքում իր ուսումնակցի եւ շողոքորթ խօսքերով թուղթ գրեց նրան: Իսկ սուրբը, հասկանալով նրա խորամանկութիւնը, յայտնեց նրա սրտի չարութիւնը եւ պատռելով դիմակը՝ կշտամբեց նրա անզգամութիւնն ու ապստամբութիւնը հաւատքի դէմ, որին մի ժամանակ դաւանում էր: Բայց Ուրացողը լրբաբար դարձեալ գրեց նրան. «Անտեղեակ չեմ քրիստոնէական հաւատքին, ընթերցել եմ ձեր Գիրքը, ընթերցել եմ, ճանաչել, բայց յետոյ արհամարհել: Իսկ դու ընդունի՛ր իմ այժմեան բարձր ինքնակալութիւնն ու կայսերական աթոռի օրինաւոր յաջորդութիւնը եւ ուղարկի՛ր ինձ հազար լիտր ոսկի՝ պարսից դէմ պատերազմի կարիքների համար»: Սուրբ Բարսեղը պատասխանեց նրան. «Ինչ որ ընթերցել ես, չես հասկացել, որովհետեւ եթէ հասկանայիր, չէիր դատապարտի: Չնչին են քո քաջագործութիւնները, բայց դրանց հետ աւելի շատ են չարիքներդ, որոնք ոչ այնքան մեր դէմ են, որքան, ինչպէս ասւում է, քո գլխին: Սոսկալով դողում եմ, երբ մտածում եմ, որ ծիրանի է գցած վրադ, իսկ գլուխդ պսակուած է թագով, որովհետեւ դրանք քեզ տրուել են առանց բարեպաշտութեան եւ ցոյց են տալիս ոչ թէ պատուական, այլ անպատիւ գլուխդ: Մինչեւ այժմ չեմ տեսել քեզնից առաւել ծաղրելի մէկին, քանզի վեր բարձրանալով եւ մեծարուելով ելել ես այնտեղ, որտեղ քեզ չար ու անողորմ դեւերն են ձգել, որովհետեւ դրանք, մեղուների պէս թռչելով գլխովդ, քեզ համար պսակ են կազմել: Այժմ թագաւորելով՝ սկսել ես ոչ միայն մեծապէս փքուել, այլեւ Աստուծոյ վրայ մեծամտանալ ու թշնամաբար անարգել եկեղեցուն, որ բոլորի մայրն է ու խնամողը: Իսկ ինձնից՝ չնչին մարդուցս, օգտագործելով քո իշխանութիւնը, հազար լիտր ոսկի ես պահանջում ... Բայց թող քեզ հաճոյ թուայ ներել մեզ, որովհետեւ հազիւ այնքան ունեցուածք ունենք, որ եթէ պէտք լինի վաճառել, մէկ օրուայ չի բաւականացնի: Մեր տանը դադարել է խոհարարութեան գործը, եւ դանակ չի մօտենում արեանը: Մեզ համար կերակուրներից ամենալաւը բանջարների տերեւներն են սակաւիկ հացով»:
Յուլիանոս Ուրացողի հալածանքներից յետոյ եկեղեցուն վրայ հասան արիոսական Վաղէս կայսեր հալածանքները: Այնժամ Բարսեղը եւ Գրիգորը, ինչպէս պատմում է Աստուածաբանը, Պոնտոսի անապատից շտապ իջան Կեսարիա՝ ձեռք մեկնելու իրենց մայր սուրբ եկեղեցուն: Այդ ժամանակ Բարսեղ Մեծը հանդէս եկաւ որպէս պարիսպ հաւատացեալների համար, որպէս հզօր աշտարակ ընդդէմ թշնամու եւ որպէս ագարակի փշերը ոչնչացնող հուր, որովհետեւ ոչ միայն հաստատեց ուղղափառներին, այլեւ սաստեց չարափառներին եւ ամօթահար անելով հաւատի թշնամիներին՝ վանեց իր խօսքով, գրչով ու գործերով: Եւ ըստ ընդհանրական կարծիքի՝ այս իրադարձութիւնները եղել են Բարսեղի եպիսկոպոսութեան տարիներին, բայց ուրիշները համարում են նրա քահանայութեան շրջանում: Քանզի Նիւսացին գրում է, թէ «Երբ շատերը տանջանքների, կապանքների եւ աքսորուելու ահից կամ էլ Վաղէսի առաջ շնորհ գտնելու համար ստորագրում էին նրա հրովարտակը, որ ուղղափառութեան դէմ էր, Բարսեղը հզօրաբար բոցավառուեց հոգով ընդդէմ ինքնակալի, երբ նա Կոստանդնուպօլսից շարժւում էր դէպի Արեւելք եւ կարծում էր, թէ ոչ ոք չի ընդդիմանայ իր հրամաններին, որովհետեւ նոր էր ոչնչացրել բարբարոսներին»: Թագաւորի եպարքոսը իբրեւ թէ թագաւորի ճանապարհը պատրաստելու պատրուակով նրանից առաջ քաղաքից քաղաք էր գնում, հեռացնում ուղղափառներին եւ հաստատում չարափառներին: Եւ երբ եկաւ Կապադովկեան Կեսարիա, կանչեց Բարսեղին ու ասաց. «Արդեօք լսեցի՞ր, թէ ինչ եմ արել այն բոլոր տեղերում, որտեղով անցել եմ: Այժմ ասում եմ քեզ, եթէ լսես ինձ, քեզ թագաւորից փառք ու պատիւ կը տամ, ինչպէս եւ՝ եկեղեցու առաջնորդութիւնը, այլապէս դառը վշտեր ու տանջանքներ են սպասւում քեզ»: Երանելին պատասխանեց. «Դուք պէտք է ոչ միայն հեռու մնաք այդ չարիքներից, որ գործեցիք, այլեւ ապաշխարէք: Եւ չէք կարող մեզ վնաս պատճառել, որովհետեւ անցողիկ բարիքներից ոչ մի բան չի կարող պատրել աստուածասէր անձանց, եւ ոչ մի չարիք չի կարող վախեցնել նրանց, ովքեր վերնային Լոյսի ակնկալիքն ունեն: Քրիստոնեան կարող է միայն ցաւել այն բանի համար, որ բնութեամբ մի մահ է սահմանուած, եւ նա չի կարող Ճշմարտութեան համար մեռնել բազմաթիւ անգամ»:
Եպարքոսը զարմացաւ Աստուծոյ մարդու համարձակութեան վրայ եւ սկսեց խօսել մեղմութեամբ՝ ասելով. «Փոքր բան մի՛ համարիր մեծ ինքնակալի կամքը, որը կամենում է լինել քո ժողովրդից մէկը, այլ յանձն առ լինել նաեւ նրա վարդապետը: Եւ այդ կը լինի, եթէ Հանգանակից հեռացնես "Համագոյակից" կամ "Նոյն Ինքը՝ Հօր բնութիւնից" խօսքերը»: Բարսեղն ասաց. «Ամէն կերպով ծանր է ինքնակալիդ ընդունել Աստուծոյ եկեղեցու մէջ: Անշուշտ, մեծ բան է հոգուն կեանք տալը ոչ թէ նրա համար, որ կայսրինն է, այլ որ մարդու է: Բայց այնքան հեռու է ինձնից հաւատի Հանգանակից մի բան հեռացնելը կամ աւելացնելը, որ ես յանձն չեմ առնի անգամ փոփոխել խօսքերի յաջորդականութիւնը»: Այսպիսի հաստատակամութեամբ Բարսեղ Մեծն ընդդիմացաւ հէնց իսկ Վաղէսին, որը, մեծ յոխորտանքով գալով Կեսարիա, չկարողացաւ ոչինչ անել, այլ ստիպուած սէր ցուցաբերեց Բարսեղի եւ կեսարացիների հանդէպ ու գլխիկոր հեռացաւ՝ իր հետ շրջող արիոսական եպիսկոպոսներով հանդերձ»:
Աստուածաբանը շատ բաներ է գրում նաեւ Բարսեղի աղքատասիրութեան մասին, որով նա շատերին ձեռք էր մեկնում սովի օրերին: Գրում է եւ նրա այլ առաքինի գործերի ու նրա աղօթքների զօրութեան մասին, որը վկայում են նաեւ ուրիշների կողմից աւանդած խօսքերը: Երբ Կեսարիայի եպիսկոպոսապետ Եւսեբիոսը փոխուեց այս կեանքից, բոլորը կամենում էին նրա փոխարէն Բարսեղին տեսնել: Այնժամ Բարսեղը շտապ նամակ գրեց Գրիգոր Աստուածաբանին, որով խնդրում էր շուտափոյթ տեսակցել իրեն որպէս թէ հիւանդի, սակայն նա կամենում էր որպէս Կեսարիայի առաջնորդ ընտրել տալ Գրիգորին: Երբ Գրիգորը լսեց Եւսեբիոսի մահուան մասին, ճանապարհ ընկաւ: Հասկանալով Բարսեղի հնարքը՝ նա չկամեցաւ հանդիպել նրան, այլ անձամբ յորդորեց շատերին Բարսեղին նստեցնել հայրապետութեան աթոռին, որն էլ եղաւ: Բարսեղին ձեռնադրող եպիսկոպոսներից գլխաւորը Գրիգոր Աստուածաբանի հայրն էր՝ ծերունի Գրիգորիոս եպիսկոպոսը, եւ համարւում է, որ այս եղել է Տիրոջ 370 թուականին: Իսկ թէ որքան վայելուչ էր Բարսեղի՝ այդ աթոռին նստելը յօգուտ ընդհանրական եկեղեցու, եւ թէ ինչպիսի շնորհներով ու իմաստութեամբ նա կառավարեց իր հօտը, ո՞վ կարող է պատմել: Մի կողմ թողնենք բազմատեսակ նեղութիւնները, որոնք նա կրեց մերձաւորների եւ հեռաւորների պառակտումներից, սակայն նա ամէն բանում մնաց իբրեւ հաստատուն վէմ՝ շատ բաներում իրեն գործակից եւ խորհրդակից ունենալով Գրիգոր Աստուածաբանին, որին հմտօրէն, հակառակ նրա կամքի, հասցրեց եպիսկոպոսութեան աստիճանի, որպէսզի նրա լոյսն առաւել լուսաւորի Աստուծոյ եկեղեցուն:
Մեծ էին Բարսեղ Մեծի ջանքերն՝ ուղղուած արիոսական հերձուածն, ինչպէս նաեւ ժամանակի աղանդներն արմատախիլ անելու գործում: Նա ջանում էր անարատ պահել ոչ միայն իր հօտը, այլեւ խաղաղութեան մէջ տեսնել սուրբ եւ անբիծ եկեղեցին: Այդ նպատակով թղթեր էր գրում՝ ուղղուած տարբեր տեղեր, առաւելապէս Մեծն Աթանաս Ալեքսանդրացուն եւ Հռոմի Դամասոս հայրապետին, իսկ ինքը հանապազօրեայ աղօթքներով մաշւում էր հոգով այս խնդիրների համար եւ լուսաւոր ու ազդու խօսքերով բազմաթիւ ճառեր գրում՝ աղանդաւորութիւնը վերացնելու եւ ուղղափառ վարդապետութիւնը հաստատելու համար: Միաժամանակ, մատնուելով թշնամիների բազմաթիւ բամբասանքներին, աստուածային բազմահնար խորհուրդներով ուղղափառ եպիսկոպոսների պառակտումը միաբանութեան եւ խաղաղութեան էր դարձնում: Էլ չասենք նրա ամենօրեայ տքնութիւնների, ճգնութիւնների եւ անձանձրոյթ աշխատասիրութեան մասին. գրում էր տեսաւ-տեսակ մեկնութիւններ, քարոզում Աստուծոյ խօսքը, եւ անհնար է մէկ առ մէկ թուարկել քաջ հովուի ու տիեզերալոյս վարդապետի միւս առաքինի գործերը:
Մէկ ուրիշ անգամ, երբ Վաղէս կայսրն իր Մոգեստիոս եպարքոսի միջոցով Բարսեղ Մեծին դարձեալ փորձելուց յետոյ լսեց, թէ նա անդրդուելի է իր խորհուրդներում, չի ակնածում ո՛չ սպառնալից եւ ո՛չ էլ ողոքիչ խօսքերից, երեսպաշտութիւն չի անում ո՛չ իշխանի, ո՛չ թագաւորի առաջ, այնժամ Վաղէսը գովեց նրան, բայց կամեցաւ անձամբ փորձել նրան: Գալով Կեսարիա՝ Քրիստոսի Ծննդեան օրը մեծ բազմութեամբ գնաց եկեղեցի եւ ընծաներ մատուցեց սուրբ Սեղանին: Այնտեղ Վաղէսը, տեսնելով եկեղեցական պաշտամունքի կարգն ու վայելչութիւնը, տեսնելով նաեւ սուրբ հայրապետին, որը սպասաւորների եւ ժողովրդի հետ սեան պէս անշարժ կանգնած պաշտամունք էր մատուցում Աստծուն, որոնք բնաւ չվրդովուեցին իր գալստեամբ, խելակորոյս ապշեց, բայց երբ տեսաւ նաեւ, որ հայրապետը չմերժեց իր ընծաներն ու ընդունեց դրանք, այնուհետեւ չկարողացաւ ոչինչ ասել ընդդէմ սուրբի: Իսկ սուրբը նրան ներս կանչեց, վարագոյրի յետեւում այնպիսի ազդու խօսքեր ասաց նրան, որ Աստուածաբանը գրում է. «Բացի Աստուծոյ խօսքից նա այլ բան չասաց, որը լսեցին ինչպէս կայսերականները, նոյնպէս եւ մենք, որ միասին էինք մտել»: Այնտեղ արքայի խոհարարապետը, որի անունը Դեմոսթենէս էր, եւ որին Աստուածաբանն ու Նիւսացին դահճապետ էին կոչում, յանդգնեց բացել իր բերանը եւ բանավիճել Բարսեղ Մեծի հետ: Իսկ սուրբ հայրապետը ժպտաց եւ ասաց. «Տեսանք Դեմոսթենէսին՝ կրթութիւնից զուրկ անգէտ հռետորին»: Եւ երբ նա աւելի զայրացաւ ու սպառնաց սուրբ հայրապետին, վերջինս աներկիւղ համարձակութեամբ ասաց. «Քեզ վայել է հոգալ կերակուրների մասին, եւ քանի որ ականջներդ խցուած են ճենճերի ախտով, անհնար է, որ լսես սուրբ վարդապետութիւնը»: Այնժամ Վաղէս կայսրն, առաւել հիանալով Բարսեղ Մեծի վրայ, ակամայից պատուասիրեց նրան եւ պարգեւեց նրան Կեսարիայի կողմերում գտնուող արքունի գեղեցիկ անդաստաններ՝ դրանք վաճառելու եւ աղքատների կարիքները հոգալու համար: Այսպէս մեծ նաւապետ Բասիլիոսը խորտակեց Վաղէսի ծփանքի ալիքները:
Այնուհանդերձ նա բազմաթիւ մեծ հալածանքներ կրեց Վաղէսի եւ նրա գործակալների երեսից, բայց ուղղափառների ախոյեանն ամէն ինչում յաղթող էր հանդիսանում: Մինչեւ իսկ կայսրը կամեցաւ սուրբին աքսորելու վճիռ արձակել, սակայն Աստուած խափանեց, քանզի այն նոյն գիշեր, երբ նա գրում էր վճիռը, արքունի ընտանիքին պատուհաս հասաւ. արքայի որդին մերձիմահ հիւանդացաւ, իսկ կինը բռնուեց յանկարծակի ցաւերով եւ տանջուեց ասես դահիճների ձեռքից: Սուրբ Եփրեմը գրում է. «Երբ կամենում էր ստորագրել վճիռը, գրիչը երեք անգամ կոտրուեց Վաղէսի ձեռքում, եւ նա ստիպուած եղաւ դադարեցնել գրելը»: Եւ երբ յոյսը կտրեց, որ բժիշկները կը բժշկեն որդուն, կայսրը ստիպուած ապաւինեց սուրբի աղօթքներին ու միջնորդների միջոցով կանչել տուեց սուրբ հայրապետին: Նրա գալուց յետոյ հիւանդութիւնն իսկ եւ իսկ մեղմացաւ, բայց քանի որ Վաղէսը չթողեց իր խստասրտութիւնը եւ չհեռացաւ իր մոլորութիւնից, մանուկը դարձեալ վտանգի մատնուեց: Այնժամ Բարսեղ Մեծը թագաւորին ասաց. «Ո՛վ կայսր, եթէ դաւանես իմ հաւատքը եւ ընդունես եկեղեցու միութիւնը, ապա մանուկդ կ՚ապրի»: Բայց երբ նա յանձն չառաւ, Բարսեղն ասաց. «Ուրեմն թող Աստուծոյ կամքը լինի մանկան վրայ»: Այս ասելով՝ հեռացաւ արքայի մօտից, իսկ մանուկն աւանդեց իր հոգին:
Եղաւ, որ Մոգեստիոս եպարքոսն ընկաւ ծանր հիւանդութեան մէջ եւ խնդրեց Բարսեղ Մեծին օգնել իրեն: Եւ նա, ձեռք դնելով, առողջացրեց եպարքոսին, որից յետոյ եպարքոսն ուղղափառութեան դարձաւ ու եղաւ Բարսեղի լաւագոյն բարեկամներից մէկը: Վաղէսն էլ, ակնածելով սուրբից, այլեւս չկամեցաւ հալածել սուրբ հայրապետին, իսկ վերջինս տխրում էր, որ չի արժանանում վկայական մահուան կամ էլ աքսորուելու: Նա իր մխիթարական թղթերով քաջալերում էր աքսորուած միւս եպիսկոպոսներին, մանաւանդ Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետին, որի հետ սերտ բարեկամութիւն ունէր, եւ նրանից էլ գրութիւն ստանալով՝ ցնծում էր հոգով: Այդ ժամանակաշրջանում Բարսեղը բոլոր ուղղափառ եկեղեցիների ընդհանուր հովիւն էր, որովհետեւ նրանց հովիւներն աքսորուած էին:
Նիւսացին սուրբ Եփրեմի վարքում գրում է. «Աստուծոյ առաջնորդութեամբ ծերունին եկաւ Կապադովկեան Կեսարիա եւ այնտեղ տեսաւ ու ճանաչեց նրան, ով եկեղեցու Բերանն էր՝ ոսկեղէն վարդապետութեան խօսնակ Բասիլիոսը, եւ սկսեց ցնծութեան օրհնառաք ձայնով ողջունել նրան, որովհետեւ հոգու կորովաբիբ աչքով տեսաւ փայլակնացայտ Աղաւնուն, որը, նրա աջ ուսին նստած, թելադրում էր իմաստութեան խօսքեր, որոնք էլ նա հաղորդում էր ժողովրդին: Եւ ինքը՝ սուրբ Բարսեղը, այդ պատուական Աղաւնուց, այսինքն Սուրբ Հոգուց, իմացել էր սուրբ աբբայի՝ օտար երկրից գալստեան մասին, եւ որ նա ինքը՝ սուրբ Եփրեմ Ասորին էր: Եւ այնքան մեծ ուրախութիւն ու մխիթարութիւն եղաւ այդ երկու սուրբերին, որ զուր չեղան ծերունու ճանապարհին կրած այնքան չարչարանքները»: Այս մասին ընդարձակ գրում է նաեւ Եղադիոսը «Ճառընտիր»-ի մէջ, ինչպէս եւ սուրբ Եփրեմը՝ Բարսեղին նուիրուած իր գովեստի մէջ:
Այնուհետեւ սուրբ Բարսեղն ապրեց մինչեւ եկեղեցու խաղաղութեան սկիզբը եւ ուղղափառ եպիսկոպոսների աքսորից վերադառնալը, որի մասին նա մարգարէացել էր Սամոսատի Եւսեբիոս եպիսկոպոսին ուղղուած թղթում: Քանզի Տիրոջ 378 թուականին ուղղափառներին հալածող Վաղէս կայսրը, պարտութիւն կրելով բարբարոսներից եւ իր կեանքն ու թագաւորութիւնը վտանգուած տեսնելով, հրամայեց վերադարձնել աքսորուած եպիսկոպոսներին: Ինքն էլ, Թրակիայում խոցոտուելով գոթերի կողմից, մտաւ մի գիւղացու հիւղակ, պաշարուեց այնտեղ եւ այրուեց՝ չարժանանալով անգամ թաղման: Յաջորդ տարի թագաւորեց աստուածասէր Թէոդոս Մեծը, որը մնացած եպիսկոպոսներին վերադարձրեց աքսորից եւ խաղաղութիւն բերեց ընդհանրական եկեղեցուն:
Ահա այս օրերին՝ 379 կամ 380 թուականի տարուայ սկզբին՝ յունուարի մէկին, վրայ հասաւ երանելի Բարսեղ հայրապետի վախճանը: Նա նմանուեց Աստուծոյ այր Մովսէսին, որը տեսաւ աւետեաց երկիրը, բայց չմտաւ: Այդպէս էլ Բարսեղ Մեծը, ինչպէս գրում է նրա եղբայր Գրիգոր Նիւսացին, կրեց եկեղեցու բոլոր տառապանքներն ու վշտերը, բայց չվայելեց եկեղեցու խաղաղութիւնը: Նրա լծակից Գրիգոր Աստուածաբանը ցաւագին անձամբ նկարագրում է նրա հոգու քաղցր աւանդումը հրեշտակների ձեռքը, ամբողջ Կեսարիայի բնակիչների եւ գաւառականների, ոչ միայն քրիստոնեաների, այլեւ հրեաների ու հեթանոսների մեծ ողբը եւ նրա փառաւոր թաղումը: Սուրբ Բարսեղի կեանքի տեւողութիւնը համընկնում է այն ժամանակահատուածին, որ ընկած էր Նիկիայի սուրբ ժողովից մինչեւ Կոստանդնուպօլսի սուրբ ժողովը, որը կազմում է մօտ յիսունհինգ տարի: Թէպէտ նա շատ չծերացաւ, սակայն նրա խստակրօն կենցաղը, եկեղեցու հոգսերը եւ անդադար գրաւոր աշխատասիրութիւնը՝ թոքի հիւանդութեամբ հանդերձ, կարճացրին նրա ցանկալի կեանքը:
ԿԵՍԱՐԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐՔԸ՝ ԸՍՏ ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔԻ
Աստուծոյ այս մեծ եւ սքանչելի այրը՝ Բարսեղը, մանկուց կրթուեց աստուածային սուրբ Գրքով եւ ապրեց Կոստանդիանոս, Յուլիանոս եւ Վաղէս հերձուածող թագաւորների օրօք: Երբ նա հինգ տարեկան էր, նրա ծնողները տուեցին սովորելու սուրբ Գիրքը, եօթ տարեկանում յաճախեց դպրոց եւ ապա գնաց Աթէնք, որն իմաստութեան մայր էր կոչւում: Այնտեղ գնացին նաեւ սուրբ Գրիգոր Աստուածաբանը, Յուլիանոս Ուրացողը՝ Կոստանդրանոս Մեծ կայսեր եղբօր որդին, եւ այնտեղ միասին եօթ տարի Եւուլոս վարդապետից ուսանեցին ամբողջ իմաստութեան արուեստը:
Մի օր Յուլիանոսը կախել էր իր կօշիկը, հարուածում էր դրան եւ ասում. «Ուրացի՛ր Քրիստոսին», եւ այդպիսով ասես թէ կատակելով, ծաղրում սուրբ մարտիրոսների նահատակութիւնը: Այս տեսնելով՝ Գրիգորը մարգարէաբար ասաց Յուլիանոսին. «Ո՛վ պատանի, քո մէջ չեն երեւում աստուածային շնորհները»:
Տասնեօթ տարի անց Բասիլիոսը գնաց Ալեքսանդրիա եւ Եգիպտոս, միառժամանակ մնաց Պորփիւր վանահօր մօտ եւ նրանից սովորեց աստուածային սուրբ Գրքի բոլոր պատուիրանները: Մէկ տարի անց մեծ փափագով գնաց Երուսաղէմ, երկրպագեց տեղի բոլոր սրբութիւններին եւ այնտեղից վերադարձաւ Աթէնք՝ իր Եւուլոս վարդապետի մօտ, մեծ ջանքերով նրան քրիստոնէութեան դարձրեց եւ Երուսաղէմ տարաւ: Ճանապարհին հելլենացիներից շատերին աստուածապաշտութեան դարձրեց, ապա հանդիպեցին Լիբիանոս անունով մի հանճարեղ վարդապետի եւ նրանից սովորեցին Հոմերոսի քերթուածները, որ տարածուած էին հռետորական շարակարգութեամբ: Եւ դարձեալ նրանք սովորեցրին նրան եւ նրա աշակերտներին աստուածգիտութեան պատուիրանները, ապա գնացին Երուսաղէմի Մաքսիմոս պատրիարքի մօտ եւ Յորդանան գետում մկրտուեցին նրա ձեռամբ: Եւ մինչ Բասիլիոսը ջրի մէջ էր, երկնքից մեծ լոյս ծագեց նրա վրայ. Սուրբ Հոգին աղաւնակերպ իջաւ, խառնեց ջրերը՝ ի վկայութիւն Բարսեղի սրբութեան եւ դարձեալ երկինք վերացաւ: Այս տեսնելով՝ Եւուլոս իմաստասէրն ինքը եւս մկրտուեց:
Երուսաղէմում մէկ տարի մնալուց յետոյ գնացին Անտիոք քաղաք, եւ այնտեղ Բասիլիոսը սարկաւագ ձեռնադրուեց Մելիտոս պատրիարքի կողմից: Վերջինիս հրամանով Բասիլիոսը մեկնեց Սողոմոնի առակների գիրքը եւ այնուհետեւ գնաց Կեսարիա: Կեսարիայի Եւսեբիոս եպիսկոպոսապետը Բասիլիոսին ասաց. «Ես տեսայ քո կերպարանքը եւ ճանաչեցի, քանզի Աստուած ինձ ցոյց տուեց, որ իմ վախճանից յետոյ դու պիտի նստես Կեսարիայի աթոռին»: Եւ այդպէս էլ եղաւ. նրա վախճանից յետոյ սուրբ Բարսեղը եղաւ այդ աթոռի եպիսկոպոսապետը: Եւ եղաւ, որ միասին կատարուեց սուրբ Բարսեղի եւ հայոց Ներսէս Մեծ հայրապետի քահանայական օծութիւնը: Ժողովրդի ամբողջ բազմութիւնն օծման ժամին տեսաւ աղաւնակերպ Սուրբ Հոգուն, որն իջաւ ու նստեց Ներսէսի եւ ապա սուրբ Բարսեղի գլխին, եւ այդպիսով Սուրբ Հոգին յայտնեց նրանց երկուսի արժանաւորութեան մասին:
Եւ Բասիլիոսը լցուեց Սուրբ Հոգով ու գրեց սուրբ պատարագի խորհուրդը: Մատուցելով աստուածային պատարագը՝ նա բարձրացրեց Քրիստոսի սուրբ Մարմինն՝ ասելով. «Սրբութի՛ւն սրբոց», իսկ ժողովրդին ասաց, որ ասի. «Միա՛կ սուրբ, միա՛կ Տէր Յիսուս Քրիստոս՝ Հայր Աստուծոյ փառքի մէջ»: Նա սուրբ պատարագի նշխարը բաժանեց երեք մասի. մի մասը ճաշակեց մեծ երկիւղով, միւս մասի համար վերցրեց ոսկէ աղաւնու անօթը, այն դրեց դրա մէջ եւ պահեց սուրբ Սեղանի վրայ, եւ միւս՝ երրորդ մասն էլ պահեց իր մօտ, որպէսզի իր մահուան ժամին թաղուի իր հետ: Եւ իր Եւուլոս վարդապետն ու ամբողջ ժողովուրդը խորանի վրայ տեսան պայծառ լոյս եւ երկնային հրեշտակներին՝ որպէս սպասաւորների, որոնք սպասաւորում էին սուրբ Բարսեղին:
Եւ ուրիշ օր սուրբ Բարսեղը, սուրբ պատարագ մատուցելով, հաղորդութիւն տուեց մեծաթիւ ժողովրդին: Մի հրեայ գաղտնի նայում եւ տեսնում էր, որ սուրբը հում եւ արիւնախառն միս էր տալիս ժողովրդին: Հրեան ինքն էլ մօտեցաւ, սուրբ Բարսեղի ձեռքից իր բերանն առաւ հաղորդութիւնը եւ դուրս եկաւ: Նա իր բերանից հանեց մասն ու տարաւ իր տուն, ամբողջ ընտանիքին ցոյց տուեց այն, որ հաց եւ գինի էր, բայց ինքը միս ու արիւն էր տեսել: Նա գնաց սուրբ հայրապետի մօտ եւ պատմեց իր տեսածի մասին, հաւատաց Քրիստոսին եւ մկրտուեց իր ամբողջ ընտանիքով ու ազգականներով հանդերձ՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
ՅՈՒԼԻԱՆՈՍԻ ԿՈՐՍՏԵԱՆ ՄԱՍԻՆ
Այդ ժամանակաշրջանում Քրիստոսին ուրացող Յուլիանոսն արշաւեց պարսիկների դէմ: Եւ երբ նա գնաց Կեսարիա, սուրբ Բարսեղն ընդառաջ ելաւ նրան եւ ուրացողին սկուտեղով երեք նշխար մատուցեց: Նա նենգութեամբ վերցրեց այն, հրամայեց երեք փունջ խոտ դնել սկուտեղին եւ տալ եպիսկոպոսին: Եւ սուրբը, վերցնելով խոտը, ասաց. «Ո՛վ արքայ, ինչից որ մենք ենք ուտում, այդ խնդրեցինք քեզ, իսկ դու ինչից որ ուտում ես, այն տուեցիր մեզ»: Բռնաւորը բարկացաւ այդ խօսքից եւ խստութեամբ սպառնաց, որ երբ վերադառնայ Պարսից երկրից, կը ոչնչացնի նրանց, եւ անցաւ-գնաց: Իսկ հայրապետն իր մօտ կանչեց քաղաքի մեծահարուստներին եւ պատուիրեց իրենց ունեցուածքից գանձեր, ոսկիներ, արծաթեղէն, պատուական քարեր եւ մարգարիտներ բերել: Բոլորը բերեցին եւ դրեցին հայրապետի առաջ, որպէսզի երբ Յուլիանոսը վերադառնայ, տանի նրա առաջ: Եւ վերցնելով պահեց այն, ապա ամբողջ ժողովրդի հետ ելաւ լեռը՝ ամենասուրբ Աստուածածնի տաճարը: Այնտեղ երեկոյեան գիշերային հսկում արեցին եւ մեծ պաղատանքներով աղաչեցին Աստծուն, որպէսզի մարի բռնաւորի բարկութիւնը: Եւ սուրբ Բարսեղը տեսաւ երկնային զօրքի բազմութիւնն ու նրանց մէջ՝ երկնքից իջած ամենօրհնեալ սուրբ Աստուածածնին: Նա ձայն տուեց Մերկիւռիոս սուրբ վկային եւ ասաց նրան. «Գնա՛ Պարսից երկիր եւ սպանի՛ր պիղծ Յուլիանոսին՝ իմ Որդուն հայհոյողին»: Նոյնը տեսաւ նաեւ Յոբիանոսը, որը Յուլիանոսի հեծելազօրի հետ էր, ունէր քրիստոնէական ուղղափառ հաւատք եւ ութ ամիս թագաւորեց պիղծ Յուլիանոսի մեռնելուց յետոյ, որից յետոյ էլ՝ Վաղէսը:
Սուրբ Բարսեղն արթնացաւ տեսիլքից, իջաւ լերան վրայից, գնաց սուրբ Մերկիւռիոսի անուան եկեղեցի, բայց այնտեղ չգտաւ սուրբ մարտիրոսի ո՛չ նշխարները, եւ ո՛չ զէնքերը: Իսկոյն ուրախութեամբ ելաւ լեռը եւ ուխտաւորներին աւետիս տուեց Յուլիանոսի կորստեան մասին, որոնք մեծապէս ուրախանալով՝ գոհութեամբ փառաւորեցին Աստծուն: Եւ քիչ օրեր անց լսեցին պիղծ Յուլիանոսի մեռնելու մասին: Եւ Յոբիանոսը գալով պատմեց Յուլիանոսի կորստեան տեսիլքի մասին ու ասաց, թէ «Մինչդեռ զօրքի խմբի մէջ ճակատ էինք կազմել՝ պատերազմելու, մեր զօրքի միջից ելաւ սպիտակ երիվարով եւ սպառազինուած խարտաշագեղ մի երիտասարդ ու գեղարդով հարուածեց Յուլիանոսի կողին, որից նա իսկոյն ընկաւ եւ մեռաւ»: Նա յայտնեց նաեւ, թէ որ օրն է եղել, եւ սուրբ Բարսեղը եւս հէնց այդ օրն էր տեսել տեսիլքը: Յոբիանոսն ասաց նաեւ. «Երբ սուրբ Մերկիւռիոսը հարուածեց պիղծ Յուլիանոսին, խոցուած տեղից արիւն հոսեց, որը վերցնելով՝ Յուլիանոսը ցօղեց դէպի վեր՝ երկինք, եւ ասաց. "Մարիամի՛ Որդի, Քո Աստուածութեան վրայ վերցրո՛ւ եւ իմ թագաւորութիւնը"»:
Եւ սուրբ Բարսեղը կանչեց ինչքի տէրերին, իրենց տուրքը վերադարձրեց նրանց ու ասաց. «Շնորհաւոր տարի, եւ թող բարի Կաղանդ լինի ձեզ»: Նոյն խօսքերով պատասխանեցին նրան, սակայն չվերցրին տուրքը, այլ թողեցին եկեղեցուն: Իսկ սուրբ Բարսեղ հայրապետը կէսը բաշխեց աղքատներին, միւս կէսով էլ սպասք ձեռք բերեց եկեղեցու համար:
ՄՈԼՈՐՈՒԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ
Քաղաքի իշխաններից մէկը կամեցաւ իր դստերն ընծայել կուսանաց վանքին, բայց իր ծառաներից մէկը սատանայական ցանկութեամբ սիրահարուեց աղջկան: Եւ քանի որ չէր կարողանում հասնել իր ցանկութեանը, գնաց մի աղանդաւոր կախարդի մօտ եւ խոստացաւ նրան արծաթ տալ, եթէ կարողանայ աղջկան համաձայնեցնել իր կամքին: Եւ կախարդը նրանից գրութիւն առաւ, որ Քրիստոսին, հաւատքն ու մկրտութիւնն ուրանալու մասին էր, ապա ուղարկեց պոռնկութեան դեւին, որը մտաւ աղջկայ մէջ եւ նրան երիտասարդի հանդէպ ցանկութեան դրդեց: Եւ աղջիկը նեղում էր իր հօրը՝ իրեն նրան կնութեան տալու համար, իսկ հայրն ասում էր աղջկան. «Որդեա՛կ, ես քեզ Աստծուն եմ խոստացել եւ ոչ թէ աշխարհին: Իսկ եթէ պէտք է ամուսնանաս, ապա մեր նմանի՝ իշխանի որդու եւ պատրիկի հետ ամուսնացիր եւ ոչ թէ մեր անարգ ու անարժան ծառայի հետ»: Բայց աղջիկը չէր լսում հօր խրատը, որովհետեւ սատանայական գործակցութեամբ այրւում էր երիտասարդի հանդէպ ցանկութեան մեղքով եւ չար տռփանքով: Ճարահատեալ հայրն իր աղջկան տուեց նրան: Ժամանակ անց աղջիկը տեսաւ, որ իր ամուսինը ծոյլ եւ պղերգ էր աստուածապաշտութեան մէջ, եկեղեցի չէր գնում, չէր աղօթում, Աստծուն չէր յիշում, այլ շարունակ հեռանում էր Աստուծոյ օրէնքներից: Կինը չարչարում եւ ստիպում էր ամուսնուն, մինչեւ որ նա խոստովանեց կնոջն իր խիստ չար գործը, որ արել էր: Այդ լսելով՝ կինը հարուածեց իր երեսին, ընկաւ գետնին, մեծ կոծով ու հառաչանքներով հող լցրեց գլխին եւ վա՜յ տուեց իրեն: Վեր կենալով՝ ճանկռած երեսով եւ գլխին հող լցրած, իսկոյն գնաց սուրբ Բարսեղի մօտ, ընկաւ սուրբ հայրապետի ոտքերը, լաց եղաւ եւ ասաց. «Հոգեւո՛ր հայր, ողորմի՛ր ինձ՝ մոլորուած եւ կորուսեալ ոչխարիս», եւ պատմեց նրան կատարուած չարիքի մասին: Եւ սուրբն ասաց. «Մի՛ երկնչիր, դո՛ւստր, քաջալերուի՛ր, որովհետեւ չեմ թողնի, որ դուք կորստեան մատնուէք»: Ապա իր մօտ կանչեց երիտասարդին, եւ նա սուրբին խոստովանեց ինչ որ արել էր: Սուրբ հայրապետն ասաց. «Կամենո՞ւմ ես դառնալ դէպի Քրիստոս»: Երիտասարդը պատասխանեց. «Չեմ կարող, որովհետեւ գրութիւն եմ տուել սատանային»: Սուրբն ասաց. «Դու միայն ուղղիր քո միտքը եւ թող, որ ես մարտնչեմ նրա դէմ»: Եւ ամուսնուն տարաւ, մտցրեց եկեղեցու առանձին մի խուց, նրա վրայ կարգ դրեց, իսկ ինքն անդադար աղօթեց նրա համար: Քառասուն օր դեւերը չդադարեցին սպառնալ եւ ահաբեկել ամուսնուն, քարեր եւ շիկացած շանթեր էին արձակում նրա վրայ ու ասում. «Ոչ թէ մենք եկանք քեզ մօտ, այլ դու եկար մեզ մօտ, իսկ մենք կատարեցինք քո խնդրանքը եւ սրտի փափագը: Ո՛չ Բասիլիոսը եւ ո՛չ էլ որեւէ մէկը չի կարող ազատել քեզ մեր ձեռքից, որովհետեւ սադայէլը՝ մեր տէրը եւ իշխանը, հզօր է զօրութեամբ, եւ հողեղէն մարդը չի կարող ընդդիմանալ նրան»: Քառասուն օր յետոյ սուրբ հայրապետը դարձեալ հարցրեց ամուսնուն, թէ ինչպէս է, եւ նա պատմեց դեւերի յարձակման եւ նրանց սպառնալիքների մասին: Եւ սուրբ հայրապետն ասաց. «Մի՛ վախեցիր նրանց սպառնալիքներից, այլ միայն միտքդ ուղղիր Քրիստոսով»: Եւ տալով նրան աւելի խիստ կարգ, դուռը փակեց նրա վրայ ու գնաց: Օրեր անց սուրբը եկաւ ու հարցրեց նրան, թէ՝ ինչպէ՞ս է: Եւ նա պատասխանեց. «Սո՛ւրբ հայր, քո սուրբ աղօթքներով միայն հեռուից եմ լսում դեւերի ձայները ու նրանց չեմ տեսնում»: Եւ նրա վրայ այլ աւելի ծանր կանոններ դնելով՝ փակեց դուռը: Տասն օր անց դարձեալ բացեց դուռը եւ հարցրեց, իսկ ամուսինն ընկաւ սուրբի ոտքերը եւ ասաց. «Իմ հոգեւո՛ր հայր, այսօր տեսայ, որ ինձ համար դու մարտնչեցիր սատանայի դէմ, քաջութեամբ յաղթեցիր նրան եւ ազատեցիր ինձ նրա ձեռքից»: Այնժամ սուրբը նրան դուրս բերեց արգելանոցից, հաւաքեց եկեղեցու ամբողջ միաբանութեանը, բազմաթիւ կրօնաւորների եւ քաղաքի ժողովրդին: Սաղմոսներով եւ «տէ՛ր, ողորմեա՛» ասելով՝ տարան նրան եւ մտցրին եկեղեցի: Այնժամ սատանան երեւաց նրան օդում եւ աղաղակելով ասաց. «Անիրաւութիւն ես գործում իմ հանդէպ, Բասիլիո՛ս, անիրաւութին ես գործում»: Եւ մօտենալով աներեւութաբար ցնցում էր սուրբ Բարսեղին ու կամենում էր այն մարդուն կորզել նրա ձեռքից, բայց չէր կարողանում: Այնուհետեւ դարձեալ օդ բարձրացաւ, ցոյց տուեց երիտասարդի պարտաւորագիր-գրութիւնը եւ ասաց. «Բասիլիո՛ս, Քրիստոսի ահաւոր դատաստանի ժամանակ այս գրութեամբ քեզ հետ դատաստանի պիտի մտնեմ»: Այնժամ սուրբն ամբողջ ժողովրդի բազմութեանը հրամայեց տարածել իրենց ձեռքերը եւ բարձրաձայն «տէ՛ր, ողորմեա՛» ասել: Եւ երբ միաբերան գոչեցին, նոյն պահին պարտաւորագիրն իջաւ եւ ընկաւ նրա առաջ: Սուրբն այն վերցնելով ցոյց տուեց երիտասարդին, եւ նա տեսնելով ճանաչեց այն: Այնժամ սուրբ հայրապետը պատռեց ու այրեց այն: Եւ եկեղեցի մտնելով՝ մատուցեց աստուածային սուրբ պատարագ, հաղորդ դարձրեց նրան Կենարարի պատուական Մարմնով եւ Արեամբ եւ ուղարկեց իր տուն: Քաղաքի դատաւորն էլ բռնեց կախարդին եւ սպանեց նրան սուրբ հայրապետի հրամանով:
ՆԻԿԻԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ
Այդ օրերին բոլոր արիոսականները հաւաքուեցին Վաղէս թագաւորի մօտ, որը եւս նրանց հերձուածի մէջ էր, եւ ուղղափառների ձեռքից վերցրին Նիկիայի սուրբ Սոփիա եկեղեցին: Եւ սուրբ Բարսեղը, մտնելով թագաւորի մօտ, ասաց. «Լսի՛ր, արքա՛յ, թագաւորի պատիւն արդարութիւն է սիրում, բայց դու անիրաւութեամբ մեր եկեղեցին տուեցիր արիոսականներին: Արդ, հրամայի՛ր փակել եկեղեցին: Կը կնքենք թէ՛ մենք եւ թէ՛ նրանք: Թող նրանք երեք օր աղօթեն առ Աստուած. եթէ եկեղեցին ինքն իրեն բացուի, թող վերցնեն եկեղեցին, եւ թող իրենցը լինի: Իսկ եթէ չբացուի նրանց, մենք էլ կ՚աղօթենք մէկ օր, եւ եթէ բացուի մեզ, եկեղեցին վերադարձրո՛ւ մեզ, եւ թող այն մերը լինի: Իսկ եթէ եկեղեցին չբացուի նաեւ մեզ, թող նրանցը լինի»:
Այս խօսքը հաճելի թուաց արքային, եւ նա հրամայեց անել այնպէս, ինչպէս խնդրեց Բասիլիոսը: Եւ գնալով Նիկիա՝ մեծ զգուշութեամբ փակեցին եկեղեցու դռներն, ու երկու դասերն էլ միասին կնքեցին: Արիոսականները երեք օր գիշեր-ցերեկ աղօթեցին, բայց եկեղեցին չբացուեց, եւ կարծեցին, թէ նրանց եւս չի բացուի: Իսկ սուրբ Բասիլիոսն իր ժողովրդի հետ Խաչով ու աւետարանով նախ գնաց Դիմոդէոսի եկեղեցին, եւ այնտեղից պաշտամունքով եկան սուրբ Սոփիայի եկեղեցու մուտքի մօտ: Եկան նաեւ արիոսականները՝ տեսնելու, թէ ինչ կը լինի: Եւ սուրբ Բարսեղը դռան դիմաց կնքեց սուրբ Խաչի նշանով եւ ասաց. «Վե՛ր քաշէք, իշխաննե՛ր, դռները ձեր ..., բացէ՛ք իմ առջեւ արդարութեան դռները»: Այնժամ իսկոյն բացուեցին փականքները, եւ երկու կողմերի կնիքը քանդուեց: Սուրբ հայրապետը ներս մտաւ իր ժողովրդի հետ՝ ասելով. «Տիրոջ դուռն է սա, եւ արդարներն այս դռնով պիտի մտնեն»[2]: Եւ հերետիկոսներն, ամօթահար եղած, իրենց տուն գնացին: Նրանցից շատերը եկան սուրբ Բարսեղի մօտ եւ ուղղափառ քրիստոնեաներ դարձան: Եւ ուղղափառները դարձեալ վերցրին եկեղեցին ու մինչեւ այսօր դեռեւս պահում են:
ՄԵՂԱՒՈՐ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
Մի կին զղջաց իր գործած չարիքների համար, թուղթ վերցնելով՝ գրի առաւ իր բոլոր մեղքերը, կնքեց մատանիով, տարաւ սուրբ Բարսեղ հայրապետի մօտ եւ ասաց նրան. «Տէ՛ր, հոգեւոր սո՛ւրբ հայր, քո սուրբ աղօթքներով ջնջի՛ր իմ յանցանքները»: Սուրբն, իր ձեռքն առնելով թուղթը, տարածեց իր ձեռքերը դէպի երկինք, աղօթքներով Աստծուն հաշեցրեց կնոջ հետ եւ նոյն կնիքով թուղթը տուեց կնոջ ձեռքը: Եւ կինը վերցնելով սուրբի առաջ բացեց թուղթը եւ տեսաւ, որ ջնջուել են մեղքերը՝ բացի մի ծանր մեղքից, որը չէր ջնջուել: Եւ կինը, սուրբի ոտքերն ընկած, աղաչեց այդ եւս ջնջել, իսկ սուրբն ասաց նրան. «Այդ ես չեմ կարող: Դու գնա Ուռհայի անապատ՝ Եփրեմ վարդապետի մօտ, որովհետեւ նա քո այդ մեղքը ջնջելու կարողութիւն ունի»: Եւ կինն անյապաղ Կեսարիայից գնաց Ուռհայ՝ Եփրեմ Մեծի մօտ: Բայց վերջինս կնոջը վերադարձրեց Կեսարիա՝ սուրբ Բարսեղի մօտ՝ ասելով. «Նա, ով ջնջեց միւս մեղքերդ, կարող է եւ այդ մեղքդ ջնջել»: Եւ մինչ կինը վերադարձաւ, սուրբ Բարսեղը վախճանուեց: Տեսնելով, որ նրան տանում էին նրան թաղելու, կինը ճիչ արձակեց եւ հառաչելով բարձրաձայն վիճաբանեց սուրբի հետ: Նա թուղթը գցեց դագաղի մէջ՝ սուրբի մարմնի վրայ եւ ասաց. «Թող Աստուած դատ անի իմ ու քո միջեւ»: Եւ սարկաւագներից մէկը վերցնելով բացեց թուղթը, որն ամբողջովին ջնջուած էր այնպէս, որ անգամ չէին երեւում գրածների նշմարները: Սարկաւագն այն ցոյց տուեց ժողովրդին եւ տուեց կնոջը: Եւ բոլորը, հիանալով կատարուած սքանչելիքի վրայ, փառաւորեցին Աստծուն:
ԱՆԱՍՏԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՄԱՍԻՆ
Սուրբ Բասիլիոս հայրապետը գնաց Անաստաս քահանայի տուն, քանզի Սուրբ Հոգու թելադրանքով իմացաւ նրա աստուածահաճոյ վարքի մասին: Եւ քահանան եւս, Սուրբ Հոգով իմանալով քահանայապետի իր տուն գալստեան մասին, ուշադրութեամբ պատրաստուեց եւ խնկերով ու մոմերով սուրբին ընդառաջ ելաւ: Եւ երբ սուրբ հայրապետը նստեց, Անաստասին ասաց. «Ինձ մօտ կանչիր քո քրոջը»: Եւ նա պատասխանեց. «Ես քոյր չունեմ, տէ՛ր իմ, այս կինն իմ կողակիցն է»: Եւ սուրբը քահանային խօսակցութեան մէջ ներքաշեց այնքան, մինչեւ որ նա ասաց ճշմարտութիւնը. «Արդէն քառասուն տարի է, որ մենք միասին ենք՝ անարատ պահելով մեր կուսութիւնը: Եւ ինչ որ վաստակում ենք մեր երկու լուծ եզներով, երեք մասի ենք բաժանում. մէկով վճարում ենք հասարակական հարկը, միւսը տալիս ենք աղքատներին, եւ միւսով հոգում ենք մեր կարիքները»: Եպիսկոպոսն ասաց. «Բարի է, ինչ որ անում էք, թող Աստուած յաջողութիւն տայ ձեր գործերին: Այժմ ե՛կ եւ բացի՛ր քո ներքին մառանի դուռը»: Քահանան չկամեցաւ, բայց սուրբը ստիպեց նրան բացել: Քահանան ասաց. «Տէ՛ր իմ, ներսում բորոտ մարդ կայ, որ խիստ զայրացկոտ է, բարկասիրտ եւ անարգում է մարդկանց»: Բասիլիոսն ասաց. «Այսքան ժամանակ դուք էք ծառայել նրան, եւ այժմ էլ թող մէկ օր ես ծառայեմ նրան»: Ապա մտաւ բորոտի մօտ, փակեց դուռը, աղօթքներով առողջացրեց նրան եւ դուրս բերեց արգելանոցից: Անաստասին ստիպեց պատարագ մատուցել, եւ երբ քահանան պատարագ մատուցեց, յայտնապէս տեսան Աստուծոյ Սուրբ Հոգուն, որ իջաւ սուրբ պատարագի ժամանակ, եւ ուրախանալով փառաւորեցին Աստծուն:
ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ ԱՍՈՐՈՒ ՄԱՍԻՆ
Սուրբ հայր Եփրեմը բնակւում էր Ուռհայի անապատում: Նա լսում էր սուրբ հայրապետ Բարսեղ Կեսարացու գործած սքանչելիքների մասին լուրերը, հիանում էր եւ ցանկանում տեսնել նրան: Մի օր տեսաւ երկրից մինչեւ երկինք կանգնեցուած մի սիւն եւ լսեց մի ձայն, որն ասաց. «Այդ լուսաւոր սիւնը Կեսարիայի սուրբ Բասիլիոս հայրապետի աղօթքներն են»: Այնժամ վեր կացաւ, իր հետ վերցրեց մի թարգմանիչ, քանի որ չգիտէր հռոմէացիների լեզուն եւ իջնելով Ուռհայի լեռներից՝ աւագ Զատկի Ճրագալոյցի օրը գնաց Կեսարիա:
Եկեղեցի մտնելով՝ տեսաւ Բասիլիոսին՝ զարդարուած ճերմակ զգեստներով ու ոսկեկար եմիփորոնով: Նրա շուրջը սպասաւորող քահանաներ ու պաշտօնեաներ էին: Եւ այդ կերպով նա դուրս եկաւ աւանդատնից ու մտաւ խորան: Այս տեսնելով՝ Եփրեմն իր մտքում ասաց. «Խաբուեցի տեսիլքից: Այն լուսեղէն սիւնը, որ երկրից մինչեւ երկինք էր հասնում, նրանը չէր, քանի որ նա երկրի վրայ այսպիսի փառք ունի»: Եւ երբ սուրբ Բարսեղ հայրապետն Աստուծոյ օրհնութիւնն էր տալիս, կամ երբ աղօթք էր ասում, սուրբ Եփրեմը տեսաւ, որ հուր էր ցոլարձակւում նրա բերանից եւ իբրեւ սիւն՝ երկինք ելնում: Այնժամ հաւատաց եւ ասաց. «Արդարեւ, Բասիլիոսը լուսեղէն սիւն է»:
Եւ սուրբ Բարսեղն իր կիսասարկաւագին հրամայեց. «Գնա՛ եկեղեցու այսինչ տեղը եւ կը գտնես մի կարճահասակ, թխամորթ ալեւոր, որը նօսր մօրուք ունի: Նրան մեզ մօտ՝ խորան կանչիր»: Եւ սարկաւագը բուրվառով գնաց, գտաւ Եփրեմին ու ասաց նրան. «Օրհնի՛ր, հա՛յր սուրբ, արքեպիսկոպոսը քեզ իր մօտ՝ խորան է կանչում»: Իսկ Եփրեմը թարգմանչի միջոցով ասաց նրան. «Մենք օտարական ենք, եւ նա մեզ չի ճանաչում: Տե՛ս, եղբա՛յր, գուցէ ուրիշ մէկին է կանչում եւ ոչ թէ մեզ»: Սարկաւագը գնաց եւ փոխանցեց Եփրեմի խօսքը, իսկ նա ասաց. «Գնա՛ այսինչ տեղը, որովհետեւ նա փոխել է իր տեղը եւ ասա՛ նրան. "Հա՛յր Եփրեմ, արքեպիսկոպոսը կանչում է քեզ, համեցէ՛ք եւ մտէ՛ք խորան, որովհետեւ ձեզ Տէրն է ուղարկել"»: Եփրեմը թարգմանչի միջոցով պատասխանեց. «Սուրբ պատարագից յետոյ միմեանց կը տեսնենք աւանդատանը»: Եւ երբ եպիսկոպոսն առանձնացաւ աւանդատանը, Եփրեմը գնաց նրա մօտ, եւ տեսնելով միմեանց՝ ուրախացան: Նա ձեռքը դրեց Եփրեմի գլխին ու նրան սարկաւագ ձեռնադրեց: Եւ Եփրեմն իսկոյն սկսեց յունարէն խօսել՝ ասելով. «Եւ նաեւ խաղաղութեան համար աղաչենք Տիրոջը»: Հայրապետն ասաց. «Ընդունի՛ր, ապրեցրո՛ւ եւ ողորմի՛ր: Օրհնի՛ր մեզ, Տէ՛ր, Քո շնորհով»: Եօթ օր յետոյ՝ Նոր Կիրակիին, նրան քահանայ ձեռնադրեց: Եւ տասնհինգ օր միասին ուրախացան, ապա սուրբ Եփրեմը գնաց իր անապատը՝ փառաւորելով Քրիստոս Աստծուն, որ օրհնեալ է յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՀՐԵԱՅ ԲԺՇԿԻ ՄԱՍԻՆ
Կար մի հրեայ հմուտ բժիշկ, որի անունը Յովսէփ էր եւ սիրելի էր սուրբ հայրապետին: Նա յաճախ գալիս էր սուրբի մօտ, եւ նրանք խօսում էին մարգարէական գրքերի մասին: Սուրբ Բարսեղն իր աստուածախօս վարդապետութեամբ ուսուցանում էր նրան քրիստոնէական հաւատքը, սակայն հրեան չէր ցանկանում քրիստոնեայ լինել՝ ասելով. «Այդ երբէք չի լինի»: Պատահեց, որ սուրբ Բարսեղը հիւանդացաւ, եւ հրեան գնաց նրա մօտ, ստուգեց նրա զարկերակն ու ասաց. «Այսօր այդ արեւը մայր կը մտնի արեգակի հետ»: Սուրբ հայրապետն ասաց. «Եթէ այսօր չմեռնեմ, ի՞նչ պիտի անես»: Հրեան ասաց. «Անհնար է, որ դու հասնես մինչեւ առաւօտ»: Սուրբն ասաց. «Եթէ վաղը չմեռնեմ, կը մկրտուե՞ս»: Եւ հրեան յանձն առաւ մկրտուել, եթէ նա չմեռնի, որովհետեւ ակնալում էր, որ նա երեկոյեան կը մեռնի:
Յաջորդ օրը Յովսէփը եկաւ եւ նրան կենդանի գտաւ՝ աւելի լաւ, քան նախորդ օրը: Խիստ զարմացաւ, հաւատաց Քրիստոսին եւ մկրտուեց իր ամբողջ ընտանիքով: Նրան մկրտեց ինքը՝ սուրբ Բարսեղը, մատուցեց աստուածային պատարագն ու հաղորդեցրեց նրան Աստուծոյ Որդու կենարար Մարմնին եւ Արեանը: Սուրբ պատարագից յետոյ ողջոյն տալով բոլորին՝ սուրբ Բարսեղ հայրապետը խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս այնպէս հեշտ, ինչպէս եթէ մէկն իր ծոցից մի խնձոր հանի եւ տայ ուրիշին: Զարմացած այդ բանից՝ հրեան ասաց. «Եթէ չկամենայիր, այժմ էլ չէիր մեռնի»: Քաղաքի մեծ բազմութիւն հաւաքուեց, եկան եկեղեցականների ամբողջ միաբանութիւնը, սուրբ վարդապետներ, նաեւ Մեծ Գրիգոր Աստուածաբանը, որը սուրբ Բարսեղի թաղման ներբողական ճառ ասաց: Այդպէս սաղմոսներով եւ օրհնութեամբ դրեցին տապանի մէջ ու ամփոփեցին սուրբ Եպսիքոս եկեղեցում՝ սուրբ Ղեւոնդ պատրիարքի նշխարների մօտ:
Այս երանելի Բարսեղը Կեսարիայի Աթոռի տասնվեցերորդ եպիկոպոսապետն էր: Նա, որ հաւասար եղաւ սուրբ առաքեալներին, Սուրբ Հոգու բնակավայր եւ օթեւան, եօթնարփեան կոչուեց, քանզի Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհներով լուսաւորեց եկեղեցիները եւ առաքելաբար արդիւնաւոր եղաւ Քրիստոսի հաւատացեալների համար: Իր աստուածատուր իմաստութեամբ գրեց «Վեցօրեայք»-ը[3] եւ դրա հետ միասին կամենում էր գրել մարդու կազմութեան ու բնութեան մասին: Եւ ամենասուրբ Աստուածածինը, երեւալով նրան, ասաց. «Գրի՛ր, գրի՛ր, խնայի՛ր, խնայի՛ր», քանզի սուրբ Բարսեղը ծերացել էր, տառապում էր լեարդի ցաւով, որի համար սուրբ Աստուածածինը խնայեց նրան: Իր աստուածատուր շնորհներով եւ լուսաւոր վարդապետութեամբ նա գրեց նաեւ «Պահոց»[4] ժողովածուն, «Գիրք հարցողաց»-ը[5], քանզի յոյժ գիտակ էր եւ համեղաբան: Ունի նաեւ բազմաթիւ այլ ճառեր՝ նուիրուած տէրունական տօներին եւ Աստուծոյ սուրբերին:
Եւ աւարտելով իր կեանքի օրերը՝ ննջեց ի Քրիստոս ու փոխուեց դէպի անանց կեանց, որի աղօթքներով թող Աստուած ողորմի այս գիրը թողնողին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրա տօնը նշում է երկու անգամ՝ մէկը յունուարի մէկին մօտակայ շաբաթ օրը, միւսը՝ տասներկու վարդապետների հետ՝ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:
Սկզբնաղբիւրներ
1. Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1021:
3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 282:
[1] Յովհ. Դ 50:
[2] Սաղմ. ՃԺԷ 20:
[3] «Վեցօրեայք»-ը բաղկացած է ինը ճառերից, որն ըստ Ծննդոց գրքի (Ծննդ. Ա 1-26)՝ արարչութեան վեց օրերի աստուածաբանական, փիլիսոփայական եւ բնագիտական մեկնութիւն է:
[4] «Պահոց»-ը ճգնակեցական հրահանգների ժողովածու է, որը պարունակում է 33 ճառ:
[5] «Գիրք հարցողաց»-ը հարցուպատասխաններից բաղկացած վանական կանոնադրութիւններ են:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1021, 3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 282:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: