ՀՌՈՄԻ ՍՈՒՐԲ ՍԵՂԲԵՍՏՐՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐՔԸ

«Զանմարմնոցն զմաքրութիւնսն

մարմնական կրիւք տարեալք ի յանձինս իւրեանց՝

Քաջ եւ յաղթօղ երանեալ սուրբ հայրապետքն.

Սոցա բարեխօսութեամբ ողորմեա մեզ Աստուած»:

(Շարակնոց)

 

Արեւմտեանների լուսաւորիչը եւ մեր սուրբ Լուսաւորչի ժամանակակիցը՝ Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետը եւ բազմաթիւ պտուղներ բերած քաջ հովիւը, բարձրատոհմիկ եւ հաւատացեալ ծնողների՝ Հռուփինոսի եւ Յուստիայի որդին էր: Երբ Սեղբեստրոսը որբացաւ հօրից, այրիացած մայրը նրան մեծացրեց բարեպաշտութեամբ, իսկ քրիստոնէական ուսմունքով եւ դաստիարակութեամբ նա կրթուեց առաքինի Կիւրինոս երէցի կողմից, որը յետագայում նահատակուեց Քրիստոսի անուան համար:

 

Առաջադիմելով Սեղբեստրոսն իր անարատ վարքով եկեղեցու սպասաւոր կարգուեց: Խիստ աղքատասէր եւ հիւրասէր էր, ընդունում էր օտարականներին ու պանդուխտներին, որոնք ուխտի էին գալիս սուրբ Պետրոս եւ Պօղոս առաքեալների գերեզմանին: Նրանց թւում հիւրընկալեց նաեւ Տիմոթէոս Անտիոքացուն (ըստ ոմանց՝ Անտիոքի հայրապետին), որը հաւատով լի մի այր էր, աներկիւղ քարոզում էր աւետարանը եւ ուխտագնացութեան էր եկել սուրբ առաքեալների մօտ՝ պատուելու վկաների նշխարները: Եւ քանի որ կռապաշտներից շատերին դարձի բերելու պատճառով Հռոմի Տարկուինոս եպարքոսը կամենում էր սպանել նրան, գիշերուայ մէջ Սեղբեստրոսը յափշտակեց նրան, տարաւ իր տուն եւ այդ մասին տեղեկացրեց քաղաքի Մարկեղիանոս հայրապետին: Եւ նա հրամայեց պահել նրան բարեպաշտ Թէոդորա տիկնոջ պարտէզում, որ մօտ էր սուրբ Պօղոսի հանգստարանին:

 

Եպարքոսը Տիմոթէոսին որոնելու համար հարցուփորձ էր անում՝ իմանալու, թէ նա ում մօտ է թաքնուած: Այնժամ բռնեցին Սեղբեստրոսին եւ բերեցին ատեանի առաջ: Տարկուինոսն ասաց նրան. «Ինչպէ՞ս ես համարձակւում օթեւան տալ օտարական քրիստոնեաներին: Ես գիտեմ, որ այժմ բազում ինչքեր կան քեզ մօտ: Եթէ ինձ չտաս պիղծ Տիմոթէոսի ինչքերը, կորստեան կը մատնուես նոյն օրինակով»: Սեղբեստրոսը պատասխանեց. «Այն բանի համար, որ պիղծ անուանեցիր Քրիստոսի սուրբ վկային եւ քո արծաթասիրութեան համաձայն կարծեցիր, թէ ագահելով ես վերցրել եմ նրա ունեցածը, թող քեզ վրայ կատարուի աւետարանի այն խօսքը, թէ "Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են"[1]»:

 

Զայրացած դատաւորը հրամայեց բանտարկել նրան, ոտքերը ձգել կոճղի մէջ, որպէսզի յաջորդ օրը հրապարակաւ դատի նրան: Եւ ահա ընթրիքի ժամին ձկան փուշը մնաց բռնաւորի կոկորդին ու խեղդեց նրան, իսկ Սեղբեստրոսն ազատուեց բանտից:

 

Եւ Աստծուց Սեղբեստրոսին շնորհ տրուեց, որպէսզի անհաւատներից շատերին փրկչական խօսքերով դարձնի դէպի սուրբ հաւատքը, որի համար Մարկեղիանոս հայրապետը (կամ նրա յաջորդը՝ Մարկեղոս հայրապետը) Սեղբեստրոսին քահանայ ձեռնադրեց: Եւ նա, ամէն բանում սքանչելի երեւալով, մեծ նպաստ բերեց եկեղեցուն: Ակնածելի էր բոլորի՝ թէ՛ մեծերի եւ թէ՛ փոքրերի, թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների աչքին: Պարտութեան էր մատնում դոնաթեան հերձուածողներին, որոնք, չարանալով նրա դէմ, հնարքներ էին որոնում աղարտելու նրա, ինչպէս եւ քահանայապետի անունը՝ բամբասելով նրանից որպէս հաւատքի մատնիչի՝ իբրեւ թէ նա սուրբ գրքերը հեթանոսների ձեռքն է հանձնել: Սակայն նրանց չարախօսութիւններն ի դեւեւ ելան այնպէս, ինչպէս որ մառախուղն է հալածւում արեւի երեսից:

 

Այնուհետեւ Մարկեղիանոսի եւ Եւսեբիոսի սակաւամեայ աթոռակալութիւնից յետոյ սուրբ Սեղբեստրոսը Տիրոջ 314 թուականին ընտրուեց՝ նստելու սուրբ Պետրոս առաքեալի աթոռին, որից յետոյ նա աւելի ու աւելի փայլեց լուսաւոր վարդապետութեամբ եւ լուսաւորեց շատերին խօսքով ու գրչով՝ նշաններով եւ զօրութեամբ հանդերձ, որոնք ցոյց էր տալիս Տէրը նրա ձեռքով: Տեսիլքի մէջ սուրբ Պետրոս առաքեալից հրաման առնելով՝ նա Հռոմից անհետացրեց մահաբեր մի սոսկալի վիշապի, որին շատերը զոհաբերութիւններ էին մատուցում: Այս մասին մեր «Յայսմաւուրք-ը գրում է. «Կար մի վիշապ, որ բուն էր դրել Կապետոլիոնի ապարանքում: Աղանդաւոր կանայք իջնում էին երեք հարիւր վաթսունհինգ աստիճան, գնում վիշապի մօտ եւ նրան զոհեր մատուցում: Եւ Հռոմ քաղաքում մեծ չարիքներ էին լինում այդ վիշապի պատճառով: Սուրբ Սեղբեստրոս հայրապետը չէր դադարում հրեաներին եւ հեթանոսներին ուսուցանել աստուածային սուրբ Գիրքը: Եւ նրանք ասացին նրան. "Եթէ կարող ես խափանել վիշապին մատուցուող զոհաբերութիւնները եւ ազատել այս քաղաքը նրա պատճառած վնասներից, կը հաւատանք քո Աստծուն, Ում դու քարոզում ես": Եւ սուրբ Սեղբեստրոսը բոլոր քրիստոնեաների հետ երեք օր պահեցողութեամբ աղօթեց: Սուրբ Պետրոս առաքեալն անուրջի մէջ երեւաց նրան եւ ասաց. "Վերցրո՛ւ քեզ հետ երեք քահանաներ եւ երկու սարկաւագներ, ցած իջի՛ր երեք հարիւր վաթսունհինգ աստիճան եւ վիշապի մուտքի առաջ ու ներսում, ուր պղնձէ դռներ կան, եւ որտեղ բուն է դրել վիշապը, կանգնեցրո՛ւ սուրբ Խաչի նշանը: Տալով մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը՝ փակէ՛ք դռները եւ ասացէ՛ք. "Այսպէս է ասում Քրիստոսի Պետրոս առաքեալը. "Այս դռները չեն բացուելու, այլ փակուած կը մնան մինչեւ աշխարհի վախճանը": Եւ սուրբ Սեղբեստրոս հայրապետն արեց, ինչպէս իրեն հրամայեց սուրբ առաքեալը: Եւ վիշապին ծառայողները, տեսնելով կատարուած սքանչելի գործը, հաւատացին Քրիստոսին ու մկրտուեցին Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, որ օրհնեալ է յաւիտեանս յաւիտենից. ամէն»[2]:

 

Այդ ժամանակներում զօրացել էր հռոմեացիների ինքնակալ Կոստանդիանոս Մեծ թագաւորը: Նա, օդում տեսնելով Խաչի հրաշալի նշանը, ընդունեց Քրիստոսին եւ ճանաչելով Քրիստոսի սուրբ Խաչի զօրութիւնը՝ այդ Նշանով յաղթեց բռնակալներին եւ հաստատուեց իր թագաւորութեան մէջ: Սակայն ինչպէս Խորենացին է գրում, նորահաւատ արքան իր հեթանոս կնոջ դրդմամբ իր նախորդների պէս հալածանքներ էր յարուցում քրիստոնեաների դէմ, որից սուրբ Սեղբեստրոս հայրապետը քաշուեց դէպի Սերապտիոն կոչուող լեռը, որն այժմ նրա անունով՝ սուրբ Սեղբեստրոսի լեռ է կոչւում, որտեղ կայ նաեւ նրա մատուռը:

 

Եւ Տէրը հարուածեց նրան ելեփանդական բորոտութեամբ, որը հռոմէացի բժիշկներն ու կախարդները չկարողացան բուժել: Մինչեւ իսկ Կոստանդիանոսը պատգամաւորներ ուղարկեց իր վաղեմի բարեկամ հայոց Տրդատ Մեծ արքայի մօտ՝ Պարսից աշխարհից իր մօտ մոգեր ուղարկելու համար: Ապա քրմերը դիւային հրապոյրներով խորհուրդ տուեցին ընդունել այն դժոխային դեղը, որի մասին յիշատակում է Պլինիոսը՝ գրելով ելեփանդական այդ ախտի մասին. «Այս չար ախտը եգիպտական էր, եւ երբ այն տիրում էր թագաւորներին, ողբալից աղէտ էր պատում ժողովրդին, որովհետեւ որպէս այդ ախտի դեղամիջոց աւազանները լցւում էին մարդկային արեամբ»: Եւ երբ Կոստանդիանոսից հրաման ելաւ, հաւաքեցին բազմաթիւ կերակրող մայրերի, նրանց գրկից յափշտակեցին մանուկներին, որպէսզի մորթէին նրանց աւազանում: Սակայն ինքնակալը, լսելով ողբուկոծի ձայները, ասաց. «Աւելի լաւ է մեռնեմ, քան բժշկուեմ անմեղների արեամբ ու սգակիր դարձնեմ նրանց ծնողներին»: Ապա արձակել տուեց իւրաքանչիւրին: Այդ գիշեր սուրբ Պետրոս եւ Պօղոս առաքեալները երեւացին թագաւորին ու ասացին նրան. «Մեր Քրիստոս Աստուած, Ով Իր Խաչով զօրացրեց քեզ ընդդէմ քո թշնամիների, ուղարկեց մեզ՝ ցոյց տալու քեզ Իր ողորմութիւնը մատաղ մանուկներին գթալու համար: Այժմ կանչի՛ր Հռոմի տեսուչ Սեղբեստրոսին, որը գալով քեզ փրկութեան խօսքեր կ՚ասի ու կը բժշկի քեզ հոգու եւ մարմնի ախտերից»:

 

Եւ արքան արթնանալով հրամայեց որոնողների միջոցով գտնել ու իր մօտ բերել Սեղբեստրոսին: Եւ երբ նա եկաւ, արքան պատմեց տեսիլքի մասին ու հարցրեց. «Պետրոսը եւ Պօղոսն աստուածնե՞ր են»: Հայրապետը պատասխանեց. «Ոչ թէ աստուածներ են, այլ ճշմարտութեամբ սրբուած մարդիկ, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, աշխարհի քարոզիչներ, առաքեալներ եւ լուսաւորիչներ, որոնք տուեցին մեզ աստուածգիտութիւն եւ արդարութիւն: Նրանք ամբողջ տիեզերքով տարածեցին փրկութեան աւետարանը, խոստովանութեամբ վկայեցին այստեղ՝ այս քաղաքում, եւ նահատակուեցին ամենակալ Հայր Աստուծոյ, Նրա Միածին Որդու եւ Սուրբ Հոգու անուան համար»: Եւ երբ թագաւորը խնդրեց նրան տեսնել Պետրոսի եւ Պօղոսի պատկերները, սուրբ Սեղբեստրոսն իր ծոցից հանեց սուրբ առաքեալների փոքր պատկերները: Վերցնելով այն՝ արքան տեսաւ եւ շատ ուրախացաւ: Ասաց. «Արդարեւ, տեսիլքի մէջ նրանց նմանութեամբ երեւացին ու հրամայեցին ինձ, որ քո ձեռքից ստանամ հոգու եւ մարմնի բժշկութիւնը: Ահաւասիկ ես քո առջեւ եմ, հա՛յր»: Այնժամ սուրբ հայրապետն ասաց. «Արդ, հրաման տուր, որ մեհեանները փակուեն, դադարեցնեն կուռքերին մատուցուող զոհաբերութիւնները եւ դիւային պաշտամունքներն ու քո ամբողջ թագաւորութեան մէջ քարոզուի Քրիստոս Աստուած: Թող այս ամէնի հետ բոլորն աղօթքի եւ պահեցողութեան մէջ լինեն, ինչպէս նինուէացիները, եւ ապա բազմութեամբ հանդերձ թող սրբուեն աւազանի սրբութեամբ»: Եւ թագաւորն ամէն բան արեց հաւատով եւ յօժարութեամբ, ապա կիրակի օրը եկաւ մկրտութեան: Եւ ելնելով ջրից անարատ մարմնով եւ հոգով՝ օծուեց սուրբ իւղով: Առ այս՝ «Յայսմաւուրք-ը գրում է. "Պայծառ լոյս փայլեց ջրի վրայ, եւ երկնքից Ձեռք մօտեցաւ թագաւորի մարմնին: Ճարճատիւնի ձայն լսուեց ինչպէս տապակից, կեղեւի պէս թեփուկներ թափուեցին թագաւորի վրայից, լցուեցին ջրի երեսին, եւ նա եղաւ լուսափայլ դէմքով ու անարատ մարմնով, ինչպէս մանուկը: Այդ օրը սուրբ Սեղբեստրոսի ձեռքով մկրտուեցին տասներկու հազար մարդիկ, որոնք թագաւորի հրամանով սպիտակ հանդերձներ հագան, եւ իւրաքանչիւրի ձեռքին մոմեր դրեցին"[3]»:

 

Այնուհետեւ սուրբ հայրապետը մատուցեց անարիւն պատարագ եւ թագաւորին ու բոլոր լուսաւորուածներին հաղորդ դարձրեց ահաւոր փրկչական Խորհրդին, օրհնեց բոլորին, եւ մեծ ուրախութիւն եղաւ: Այնուհետեւ հաւատացեալները բորբոքուած համոզում էին Կոստանդիանոսին, որ ովքեր կը մնան հեթանոսութեան մէջ, թող հեռանան Հռոմից եւ ընկնեն պէս-պէս տուգանքների տակ: Իսկ սուրբ Սեղբեստրոսն արքային յորդորում էր, որ ոչ ոքի խոշտանգելով քրիստոնէութեան չդարձնի, այլ միայն՝ հոգեւոր վարդապետութեամբ եւ Քրիստոսի սիրով, որպէսզի բոլորը դառնան դէպի հաւատքը ոչ թէ ստիպմամբ կամ վախենալով, այլ կամաւոր: Այդպէս Տիրոջ անունը մեծանում էր Հռոմ քաղաքում ու նրա բոլոր սահմաններում, օրէցօր բազմանում էին հաւատացեալները, զարդարւում էին եկեղեցիները, եւ շինւում բազմաթիւ նորանոր տաճարներ ու վկայարաններ:

 

Ոսկեբերանն իր «Ընդդէմ հրեաների» երկրորդ ճառում գրում է, թէ այդ օրերին Կոստանդիանոսը տարբեր կերպերով նուաճում էր հրեաներին: Եւ ինչպէս տեղեկացանք Եւսեբիոսի գրած Կոստանդիանոսի վարքից, նա է եղել իր մօր՝ Հեղինէի Քրիստոսին հաւատալու պատճառը: Ուստի անկասկած է այն, ինչը գրում են նաեւ ուրիշները, թէ հրեաները ջանում էին դշխուհու միտքը հեռացնել Քրիստոսից՝ ասելով, թէ լաւ է թողնել կուռքերին, բայց պէտք է չպաշտել նաեւ Խաչեալին: Եւ սրա շուրջ Հռոմ քաղաքում Կոստանդիանոսի եւ Հեղինէի առաջ հրապարակային վիճաբանութիւն եղաւ քրիստոնեաների առաջնորդների ու հրեաների միջեւ: Եւ սուրբ Սեղբեստրոսը Տիրոջ խօսքով ու զօրութեամբ ամաչեցրեց Քրիստոսի Խաչի թշնամիներին: Դշխուհին հաստատապէս հաւատաց, մկրտուեց եւ աւելի ջերմ եղաւ աստուածապաշտութեան մէջ, քան իր որդին, որի համար ոմանք կարծում էին, թէ նա աւելի շուտ է ընդունել հաւատքը:

 

Լսելով Տիրոջ՝ հռոմէացիներին այս բոլոր այցելութիւնների մասին, մեր Տրդատ արքան, որը շատ առաջ էր լուսաւորուել սուրբ Գրիգորի միջոցով, սուրբ Լուսաւորչի հետ եկաւ՝ ողջոյն տալու Կոստանդիանոսին եւ սուրբ Սեղբեստրոսին: Այս ամէնից յետոյ Կոստանդիանոս Մեծը, կամենալով արքունիքը փոխադրել Բիւզանդիա, որին նորոգելով Նոր Հռոմ, իսկ ժողովուրդն էլ Կոստանդնուպօլիս կոչել, բազմաթիւ շքեղ սպասքով, շարժական եւ անշարժ նուիրատւութիւններով մեծարեց սուրբ Սեղբեստրոսին՝ Հին Հռոմի հայրապետին: Եւ հետզհետէ տիեզերքի աչք կոչուած այդ քաղաքը որքան անշքացաւ մարմնաւոր առումով, այդքան էլ աւելի ու աւելի ճոխացաւ եւ պայծառացաւ հոգեւոր առումով ու տիրապէս տիեզերքի աչք եղաւ:

 

Եւ սուրբ Սեղբեստրոսը, համարձակութեամբ գործադրելով առաքելական իշխանութիւնը, հսկող հովուի արթնութեամբ բազում կերպերով ձեռք էր մեկնում քրիստոնէական բոլոր եկեղեցիներին: Իր քահանայապետութեան առաջին տարում Գաղղիայի Արելատ քաղաքում պատուիրեց ժողով գումարել արեւմտեան եպիսկոպոսների մասնակցութեամբ, ի դէմս իրեն՝ ուղարկեց փոխանորդների եւ մաքրեց եկեղեցին դոնաթեանների աղանդից: Նոյնպէս եւ եկեղեցու բարեկարգութեան համար տարբեր ժողովներ էր գումարում Հռոմում: Սեղբեստրոսի հայրապետութեան տասներկուերորդ տարում նրա ձեռնարկութեամբ եւ աստուածասէր Կոստանդիանոս թագաւորի աջակցութեամբ գումարուեց Նիկիայի առաջին եւ մեծ տիեզերական սուրբ ժողովը, որին մասնակցում էին Սեղբեստրոսի փոխանորդները՝ եկեղեցական ժողովի գահերէցները: Եւ երբ աւարտուեց Նիկիական ժողովը, որտեղ հերքուեց Արիոսի աղանդը, հաստատուեց, որ Զատկի օրը միօրինակ կատարուի բոլոր եկեղեցիներում, եւ ընդունուեցին բարեկարգութեան քսան կանոններ:

 

Սուրբ հայրապետն աշխարհում փայլեց նաեւ այլ սքանչելի գործերով: Քսաներկու տարի նստելով սուրբ Պետրոսի աթոռին եւ հասնելով խոր ծերութեան՝ խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս, որ եղաւ Տիրոջ 335 թուականին, դեկտեմբերի վերջին օրը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրա տօնը նշում է երկու անգամ՝ մէկը յունուարի մէկին մօտակայ շաբաթ օրը, միւսը՝ տասներկու վարդապետների հետ՝ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:

 

Սկզբնաղբիւրներ

1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:

2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1032

3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 288-290:

 

 

[1] Ղուկ. ԺԲ 20:

[2] Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 288 :

[3] Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 289-290 :
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1032: 3.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 288-290: