ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐՈՒ ՎԱՐՔԸ

Որ համանման մեծին Եղիայի եւ Յովհաննու Մկրտչին.

Յանապատի բնակեցար հրեշտակական վարուք ճգնեալ.

Ի փշաբեր ոստոց ծաղիկ վարդից՝ զանուշահոտութիւնն Քրիստոսի

Բուրեալ կենաց ի կեանս փրկելոցն.

Ո՛վ երանելի սուրբ Եփրեմ. առ Քրիստոս բարեխօսեա վասն քո տօնողացս:

Որ երկնային վտակաց Հոգւոյն արբեր զհոսանս շնորհաց.

Որպէս ի Վերնատանն դասք առաքելոցն ի հրեղէն լեզուացն.

Զոր առատապէս մատռուակեալ՝ ծաւալեցեր ընդ տիեզերս յարբումն ոգւոց ծարաւեաց.

Ո՛վ երանելի սուրբ Եփրեմ. առ Քրիստոս բարեխօսեա վասն քո տօնողացս:

Որ աստուածատունկ իմանալի ծառոյն կենաց ողկոյզն ի քէն պտղաբերեցաւ.

Որով կերակրեցեր եւ կերակրես միշտ զմանկունս եկեղեցւոյ.

Արքայութեանն երկնից դպիր եւ վարդապետ հին եւ նոր կտակարանաց.

Ո՛վ երանելի սուրբ Եփրեմ. առ Քրիստոս բարեխօսեա վասն քո տօնողացս:

(Շարակնոց)

 

Տիեզերքի վարդապետը՝ սուրբ հայր Եփրեմը, սուրբ Ոսկեբերանի կողմից յիշատակւում է այսպիսի պանծալի գովութեամբ. «Այն Մեծ Եփրեմ Ասորին՝ թմրեալներին արթնացնողը, տառապեալների մխիթարիչը, երիտասարդներին խրատողն ու հրահանգիչը, մենակեացների հայելին, ապաշխարողների առաջնորդը, աղանդաւորների աչքին ուղղուած տէգն ու նիզակը, առաքինութիւնների հիւրընկալը, Սուրբ Հոգու բնակարանն ու օթեւանը ... »: Իսկ սուրբ Գրիգոր Նիւսացին, որը ներբողական ճառով գրել է Մեծ Եփրեմի պատմութիւնը, ասում. «Նրա վարքի ու գովեստի նիւթը գործնականը եւ տեսականն են, որոնց հետեւում են առաքինութեան հոյլերը՝ հաւատքը, յոյսը, սէրը, առ Աստուած բարեպաշտութիւնը, սուրբ խօսքերի շուրջ խոկումը, հոգու եւ մարմնի մաքրութիւնը, անդադար բխող արտասուքները, մենակեցութիւնը, տեղից-տեղ փոփոխուելը, չարից փախուստը, անդադար վարդապետելը, անձանձրոյթ աղօթքը, անչափ պահեցողութիւնն ու տքնութիւնը, գետնախշտութիւնը, գրեթէ անհաւատալի խստակեցութիւնը, կամաւոր աղքատութիւնն անհամեմատ խոնարհութեամբ, գերմարդկային գթասրտութիւնը, աստուածային նախանձախնդրութիւնն աստուածպաշտութեան եւ կրօնի դէմ հակառակուողների հանդէպ: Եւ պարզապէս ամէն բան, որոնցով մարդը կերպարանւում է Աստուծոյ պատկերով: Ահա մեր հայրն այսպիսի գովասանքներով է զարդարուած»:

 

Արդ, սքանչելի Եփրեմը, որ մեր մօտ Խուրի Ասորի է կոչւում (ասորերէն՝ Քոռե, արաբերէն՝ Խառի կամ Առի, այսինքն վերծանող կամ ընթերցող), ազգութեամբ ասորի ծնողների որդի էր: Նրա հայրը Մծբին քաղաքից էր, իսկ մայրը՝ Ամիդից, իսկ ինքը ծնուել է Եդեսիայում ու մեծացել Մծբինում: Նա ծնուել է Կոստանդիանոս Մեծի թագաւորութիւնից առաջ կամ էլ նրա թագաւորութեան սկզբում եւ ապրել մինչեւ Թէոդոս Մեծի թագաւորութեան սկիզբը:

 

Եւ թէ ինչպիսին նա պէտք է լինէր, Աստուած կանխապէս յայտնեց տեսիլքի միջոցով, որը, ինչպէս ոմանք են ասում՝ համաձայն Յայսմաւուրքների, երեւացել է նրա ծնողներին  նրա մանկութեան շրջանում: Ուրիշներն էլ ասում են, թէ երեւացել է հէնց իրեն՝ Եփրեմին, պատանեկութեան շրջանում, որը վերցրել են Նիւսացուց, ով գրում է. «Նա ինքը պատմում է, թէ իմ պատանեկութեան առաջին տարիներին մի գաղտնի խորհուրդ պատահեց ինձ. թւում էր, թէ իմ լեզուի վրայ մի պտղալից բարունակ էր բուսնում: Նա այնքան ծաւալուեց, որ ծածկեց երկրի երեսը: Երկնքի բոլոր թռչունները գալիս եւ ուտում էին նրա պտուղներից, սակայն որքան թռչունները քաղում էին նրա պտուղները, բարունակն այնքան առաւել ողկուզալից էր լինում»:

 

Ինչպէս բոլորն են պատմում, նրա մասին այլ տեսիլք տեսաւ նաեւ անապատականներից մէկը, որը Նիւսացին մէջ է բերում այս օրինակով. «Կորովաբիբ մէկը վկայեց, թէ Եփրեմի մասին այսպիսի տեսիլք տեսայ. երկնքից իջած հրեշտակների բազմութիւնն իրենց ձեռքին մի գիրք ունէին, որ գրուած էր ներսից ու դրսից: Սուրբ հրեշտակները միմեանց հարցնում էին. "Ո՞վ կը կարողանայ վերցնել այս գիրքը": Եւ մէկն ասում էր, թէ՝ ինչ-որ մէկը, մէկ ուրիշն էլ, թէ ժամանակի նշանաւոր մարդկանցից մէկը: Եւ նրանց մէջ ձայն լսուեց, որն ասաց. "Դրանք, որ ասում էք, սուրբեր եւ Աստուծոյ սպասաւորներ են, սակայն չեն կարող այդ գիրքն իրենց ձեռքն առնել": Այնժամ նրանք միաբանուեցին երկնաւոր ձայնին եւ ասացին. "Ոչ ոք չի կարող վերցնել այդ գիրքը, այլ միայն Եփրեմ Ասորին": Եւ այնժամ տեսաւ, որ երկնաւոր հրեշտակներն այն տուեցին Եփրեմին»: Կամ ինչպէս ուրիշներն են ասում. «Հրեշտակը գիրքը դրեց Եփրեմի բերանում, նա կուլ տուեց, եւ այնուհետեւ նրա բերանից գետի պէս Սուրբ Հոգու շնորհներ բխեցին»:

 

Իսկ երանելու դարձի օրինակը՝ ստահակութիւնից դէպի արթնութեան եւ կրօնաւորութեան լաւագոյն կեանքը, ճոխապէս պատմւում է իր իսկ կողմից իր խոստովանութեան եւ անձի կշտամբանքի մասին գրքում, որտեղ եղբայրների օգտի համար առաւել պարզօրէն պատմում է հետեւեալը. «Մինչ երեխայ էի եւ անհանգիստ վարքով, ծնողներս ինձ ուղարկեցին քաղաքից դուրս ծառայութեան: Անտառում տեսայ արածող մի երինջ, որ շուտով պիտի ծնէր: Քարերով խփելով՝ քշեցի նրան դէպի անտառի խորքերը եւ այնքան հարուածեցի անասունին, որ նա այս ու այն կողմ գնալով կիսամեռ ընկաւ եւ գիշերուայ մէջ գազանների կերակուր դարձաւ: Իսկ երբ երինջի աղքատ տէրը հարցրեց ինձ՝ որեւէ տեղ չե՞ս տեսել նրան, ես պատասխանելու փոխարէն չար խօսքերով վիրաւորեցի նրան:

 

«Այս դէպքից անցաւ մօտ մէկ ամիս, եւ ես դարձեալ ուղարկուեցի՝ աշխատելու քաղաքի արուարձաններում: Դրսում թափառելով՝ չկարողացայ տուն գնալ, որովհետեւ երեկոն իջնում էր, եւ հովիւները ստիպեցին ինձ մնալ իրենց մօտ՝ անտառում: Եւ ահա գիշերուայ մէջ գայլերը կամ վայրի գազանները ոչխարների հանգստանալու ժամին յարձակուեցին եւ ցիր ու ցան արեցին նրանց հօտը: Երբ հովիւներն արթնացան, բռնեցին ինձ եւ ասացին. "Ո՞վ պատճառեց մեզ այդ վնասը, եթէ ոչ դու: Դու պայման ես կապել գողերի հետ ու գողանալ տուել մեր անասունները": Ես երդուեցի նրանց, որ մեղք չունեմ, սակայն նրանք չկամեցան հաւատալ իմ խօսքերին: Նրանք կապեցին ինձ, մատնեցին քաղաքի դատաւորի ձեռքը, ու ինձ բանտ նետեցին, որտեղ կային երկու կալանաւորներ. մէկին բռնել էին որպէս մարդասպան, միւսին՝ որպէս շնացող:

 

«Եօթ օր (մէկ այլ օրինակում՝ քառասուն օր) բանտում մնալուց յետոյ գիշերային քնի մէջ տեսայ, որ ինձ մօտ եկաւ ահաւոր տեսքով մի երիտասարդ եւ մեղմօրէն ասաց ինձ. "Եփրե՛մ, ի՞նչն է պատճառը, որ դու այստեղ՝ այս բանտում ես": Եւ երբ ես վախեցայ նրանից, ասաց ինձ. "Մի՛ վախեցիր, այլ յայտնի՛ր ինձ քո բանտարկութեան պատճառը": Եւ ես կատարուածի մասին պատմեցի նրան՝ ասելով. "Ես անպարտ եմ, Տէ՛ր, ես այս կապանքների մէջ եմ հովիւների անիրաւ զրպարտանքով": Իսկ նա ժպտալով ասաց. "Գիտեմ, որ անպարտ ես այդ գործում, բայց գիտեմ, թէ սրանից առաջ ինչ ես արել այն աղքատ մարդու երինջին: Եւ արդ, իմացի՛ր, որ Աստուծոյ առաջ անիրաւութիւն չկայ, այլ յոյժ խորն են Տիրոջ դատաստանները: Եւ այդ կը տեսնես այն մարդկանց վրայ, որոնք քեզ հետ բանտում են: Հարցրո՛ւ նրանցից եւ կը հասկանաս": Այս ասելով՝ տեսիլքն աներեւոյթ եղաւ:

 

«Առաւօտեան ես պատժապարտներին հարցրի իրենց գործած մեղքի մասին, իսկ նրանք ասացին. "Մեզ բանտարկել են սուտ զրպարտութեամբ", եւ իրապէս, նրանք չէին գործել այն յանցանքները, որոնց պատճառով բռնել էին: Ես հարցրի նրանց. "Նախկինում գործած այլ յանցանքներ չունէ՞ք": Այնժամ նա, որին բռնել էին որպէս մարդասպան, ասաց. "Այս գիտեմ, որ օրեր առաջ ես տեսայ մէկին, որին իր ընկերը չարութեամբ կամրջից գետի մէջ նետեց: Ես կարող էի ձեռք մեկնել նրան ու ազատել, սակայն զանց առայ": Իսկ միւսն ասաց. "Ես եւս յիշում եմ իմ յանցանքը, որ գործել եմ երկու տարի առաջ: Երկու եղբայրներ, կամենալով իրենց քրոջը զրկել ծնողական ժառանգութիւնից, խոստացան տալ ինձ յիսուն նոմոս[1], որպէսզի վկայեմ, թէ իրենց քոյրը պոռնկացել է: Ես սուտ վկայութիւն տուի, եւ մեծ անիրաւութիւն եղաւ": Նրանք էլ հարցրին ինձ, եւ ես նոյնպէս պատմեցի նրանց նախկինում գործած իմ յանցանքի մասին:

 

«Յաջորդ օրը դատաւորը քննեց նրանց երկուսին եւ ազատեց, իսկ ես քառասուն օր մենակ մնացի բանտում, մինչեւ որ եկան նաեւ երեք այլ պատժապարտներ, եւ երեսուն օր սրանց եւս բանտակից եղայ:

 

«Այդ օրերին այն երիտասարդ, որին տեսել էին նախկին տեսիլքում, քնելու ժամին դարձեալ երեւաց ինձ եւ ասաց. "Գիտե՞ս, թէ ովքեր են քեզ պատժակից այն երեք մարդիկ: Արդ, ճանաչի՛ր Աստուծոյ դատաստանը, քանզի նրանցից երկուսն այն եղբայրներն են, որոնք չարախօսում էին իրենց քրոջ մասին՝ նրան ժառանգութիւնից զրկելու համար, իսկ երրորդը նա է, որն ընկերոջը նետել է գետի մէջ եւ մէկ ուրիշի էլ սպանել":

 

«Երբ արթնացայ, բանտարկեալներին հարցրի իրենց մեղքերի մասին, եւ նրանք պատմեցին ինձ իրենց կատարած գործերի մասին, ես էլ պատմեցի իմ յանցանքի մասին: Եւ ասացին. "Մէկն է Աստուած, որ սքանչելիքներ է գործում": Մենք սկսեցինք լաց լինել ու սպասել աւարտին: Երբ դատաւորները քննեցին նրանց, մահապատժի ենթարկեցին. կտրեցին երկու եղբայրների աջ ձեռքը եւ ապա կախաղան բարձրացրին, այնուհետեւ կտրեցին նաեւ երրորդի երկու ձեռքերն ու նրան եւս կախաղան հանեցին: Նրանցից յետոյ դահիճներն ինձ եւս տարան ատեանի առաջ: Հանեցին իմ հագուստները եւ ցնցոտիներ հագցրին ու այդպէս մերկ կանգնեցրին դատաւորի առջեւ, իսկ ես դառնապէս լաց էի լինում եւ աղօթում՝ ասելով. "Ամենակա՛լ Տէր, փրկի՛ր ինձ այս վտանգի տառապանքներից, եւ ես մենակեաց կը լինեմ, որպէսզի Քեզ ծառայելու արժանի լինեմ": Եւ երբ դատաւորը հրամայեց չորս կողմերից պրկել իմ մարմինն ու հարուածել արջառաջլով, նրան լուր տուին, որ պահի ինձ՝ մէկ ուրիշ օր դատելու համար, որովհետեւ արդէն ճաշի ժամն էր: Այդպէս դարձեալ շղթայակապ ինձ բանտ նետեցին ու թողեցին եւս քսանհինգ օր:

 

«Այնժամ տեսիլքն ինձ երեւաց երրորդ անգամ եւ ասաց. "Տեսա՞ր Աստուծոյ արդար դատավարութիւնը": Եւ ես արտասուքներով ասացի. "Այո՛, Տէ՛ր, Դու արժանացրիր երեք անգամ այցելել ինձ, եւ այժմ աղաչում եմ Քեզ, ազատի՛ր ինձ, որպէսզի արժանի լինեմ ճգնել ու ծառայել Աստծուն": Եւ նա ժպտալով ասաց. "Պէտք է, որ զգօն լինէիր եւ բանտ չմտնէիր: Դու քո ստահակութեամբ մտար այստեղ, ես ի՞նչ կարող եմ քեզ անել, սակայն մի՛ վախեցիր, որովհետեւ շուտով քեզ ազատութիւն կը լինի": Սրանից հինգ օր յետոյ եկաւ մէկ այլ դատաւոր, որը ծանօթ էր մեր ընտանիքին: Ութերորդ օրը նա, քննութեան ենթարկելով իմ մասին եղած ամբաստանութիւնը, ազատեց ինձ որպէս անպարտ, եւ ես անմիջապէս գնացի անապատ՝ ծերերի մօտ, ու կամեցայ կրօնաւոր լինել»:

 

Երանելի Եփրեմը պատմեց այս ամէնը՝ ի լուր եղբայրների, որն այլ հանգամանքներով հանդերձ ընթերցում ենք նրա խոստավանութեան մասին գրքում: Սակայն արժան է լսել նաեւ սուրբի խոնարհ եւ անկեղծ խոստովանութիւնը, որում հոգու մեծ շահ կայ: Քանզի նախ ասում է. «Մինչ դեգերում էի աշխարհում, իմ մանկութեան թշնամին պատերազմեց իմ դէմ՝ դնելով իմ մտքում, թէ ինչ որ պատահում է կեանքում, ըստ բախտի եւ ըստ դիպուածի է լինում: Եւ ինձ պատահում էր այն, ինչ լինում է ղեկ չունեցող նաւին. թէպէտ ղեկավարն անցնելով նստի նաւախելին, անղեկ նաւը կամ յետ կը դառնայ, կամ առաջ չի գնայ, կամ էլ կը կործանուի, եթէ նրան օգնութիւն եւ այցելութիւն չհասնի մարդու կամ հրեշտակի կողմից»: Եւ երբ պատմեց, թէ ինչպէս Աստուծոյ հրեշտակի այցելութեամբ ազատուեց բանտից, աւելացրեց. «Ես չեմ մեծամտանում տեսիլքով, այլ տանջւում եւ վշտանում եմ իմ անօրէն խորհուրդների համար: Հրեշտակը երեւաց փարաւոնին՝ մարգարէանալով գալիքի մասին, բայց մարգարէութիւնը չփոխեց նրա միտքն ու խորհուրդները: Նաեւ Քրիստոս Իր անունով մարգարէացողներին ասաց. "Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք Ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ"[2]: ... Այդ պատճառով, եղբայրնե՛ր, տագնապում եմ ամէն կողմից եւ զղջում իմ խղճմտանքի մէջ: Եթէ դարձեալ անօրէնութիւն գործեմ, վա՛յ է ինձ: ... Արդէն իսկ հաղորդ էի շնորհներին, հայրերի կողմից դաստիարակուել եմ քրիստոնէութեամբ, եւ իմ մարմնաւոր ծնողներն աւանդել են ինձ Տիրոջ երկիւղը: Ես տեսնում էի իմ մերձաւորներին՝ ջանասէր աստուածապաշտութեան մէջ, լսում էի, որ շատերը տեսակ-տեսակ նեղութիւններով չարչարւում էին Քրիստոսի անուան համար, իսկ իմ ծնողները դատաւորի ատեանի առաջ խոստովանել են Քրիստոսին: Իմ նախնիները պանդուխտներ էին՝ օրուայ պարենն իրենց արհեստով եւ ձեռքով հայթհայթող: Նրանք ապրել են հողագործութեամբ, եւ ծնողներս եւս, ոչ ազնուազարմ լինելով, նուաստ վիճակի մէջ էին: Եւ այժմ, արդեօք ես ինչո՞վ պարծենամ ... Չէի կամենում յիշատակել իմ չար մանկութիւնը, որպէսզի զզուելի չլինեմ ձեր աչքին ...  Սակայն այս ամէնի համար գիտեմ, որ մկրտութեան միջոցով ողորմութիւն գտայ Աստուծոյ առաջ»:

 

Ըստ բոլորի վկայութեան՝ նա աշակերտել է Մծբինի սուրբ Յակոբ հայրապետին, նրա հետ մասնակեցել է Նիկիայի ժողովին, բայց, ինչպէս մեր «Յայսմաւուրք»-ն է ասում, չի համարուել հայրերի թւում: Յայտնի է, որ նա սոսկ վերծանող էր եւ սուրբ Յակոբի սպասաւորը, սարկաւագ չէր, այլ սոսկ աբեղայ: Այն ծերը, որին առաջին անգամ ճգնակեցութամբ աշակերտեց Մծբինի լեռներում, եղել է կամ սուրբ Մարուգէն, կամ նրա գործակիցներից մէկը: Ասորիները սուրբ Եփրեմի աղօթքներին են ընծայում Շապուհ արքայից Մծբին քաղաքի ազատութեան սքանչելիքը:

 

Իսկ բանսարկուն, չարանալով սուրբ Եփրեմի առաջադիմութեան վրայ, նրա դէմ չար զրպարտութիւն յարուցեց: Քանզի Մծբինում համանուն Եփրեմ անունով ոմն սարկաւագապետ, չարի անօթ դառնալով, կենակցեց մի իշխանի դստեր հետ եւ սովորեցրեց նրան ասել, որ երբ նրա հայրն իմանայ այդ մասին, ասի թէ՝ Եփրեմ Խուրին՝ ընթերցողն է այս չար գործն արել իր հետ: Եւ աղջիկը վարուեց ըստ նրա անօրէն խորհրդի: Սուրբ Յակոբ եպիսկոպոսը լսեց այս մասին, մեծապէս զարմացաւ եւ յոյժ խռովքի մատնուեց, մանաւանդ որ ամէն ժամ հոգով տեսնում էր, ինչ որ լինում էր: Սակայն այս խորհուրդը ծածուեց նրանից, որի համար սկսեց մեղադրել Եփրեմին, իսկ Եփրեմն իր խոնարհութեամբ յանձն առաւ յանդիմանութիւնն ու ապաշխարութիւնը, որից յետոյ սուրբ Յակոբն իմացաւ նրա անմեղութիւնը, որը Տէրն այսպէս յայտնեց:

 

Երբ աղջիկը ծնեց մանկանը, աղջկայ հայրը վերցրեց երեքօրեայ մանկանը, բերեց եկեղեցի՝ Եփրեմի մօտ, եւ ասաց նրան. «Վերցրո՛ւ քո որդուն, տա՛ր եւ մեծացրո՛ւ»: Այս տեսնելով՝ պարզամիտներից ոմանք գայթակղուեցին, իսկ սուրբը գայթակղութիւնը հեռացնելու համար Աստուծոյ Հոգու թելադրանքով երեխային իր գիրկն առաւ եւ կանգնելով եկեղեցու առաջ՝ ասաց. «Ո՛վ մանուկ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով ասում եմ քեզ, բացի՛ր քո բերանը եւ ասա՛, թէ ով է քո հայրը»: Նոյն պահին բացուեց երեխայի բերանը, եւ նա բարձրաձայն ասաց. «Եփրեմն է իմ հայրը, սակայն ո՛չ նա, որը գրկել է ինձ»: Տալով այս վկայութիւնը՝ երեխան մահացաւ: Այնժամ եկաւ աղջկայ հայրը, ընկաւ սուրբի ոտքերը եւ բոլորի հետ թողութիւն խնդրեց Եփրեմից: Եւ նա խոնարհութեամբ օրհնեց բոլորին՝ ամենեւին չյիշելով որեւէ մէկի մեղքը, իսկ սարկաւագապետը փախաւ քաղաքից, որովհետեւ յայտնի եղաւ նրա անզգամութիւնը, որը խոստովանեց նաեւ աղջիկը:

 

Երբ սուրբ հայրապետն աւարտեց իր կեանքի ընթացքը եւ փոխուեց առ Քրիստոս՝ լի ամէն արդարութեամբ ու առաքինութեամբ, սուրբ Եփրեմը սաստիկ տրտմեց: Քահանայական դասի հետ վերցրեց նրա մարմինն ու սաղմոսներով եւ օրհնութեամբ ամփոփեց մի պատուաւոր տեղում:

 

Երբ Յուլիանոսի մահից յետոյ հաշտութիւն եղաւ յոյների եւ պարսիկների միջեւ, նրան յաջորդող Յոբիանոս կայսրը, գալով Մծբին քաղաք, հրամայեց բնակիչներին դուրս գալ քաղաքից, եւ երբ դուրս եկան, քաղաքը յանձնեց պարսիկների ձեռքը, որովհետեւ նա այդպիսի պայման ու դաշինք էր կապել պարսից արքայի հետ: Այնժամ երանելի Եփրեմը գնաց Ամիդ քաղաք, ապա մէկ տարի այնտեղ մնալուց յետոյ եկաւ Եդեսիա, ուր գտնւում էր Միջագետքի Ուռհայ քաղաքը եւ մտադրուեց բնակուել այդտեղ մինչեւ իր կեանքի վերջը: Երբ քաղաք մտաւ, կանգնեց գետափին եւ այնտեղ տեսաւ կանանց, որոնք լուանում էին իրենց հագուստները: Նրանցից մէկը, որին Նիւսացին պոռնիկ է կոչում, ակնապիշ նայում էր նրա երեսին, իսկ սուրբը սաստեց նրան եւ ասաց. «Ինչո՞ւ ես ամօթդ կորցրած այդպէս նայում ինձ եւ ինչո՞ւ գետնին չես նայում»: Կինը պատասխանեց նրան. «Այդ դու պէտք է նայես գետնին, որից ստեղծուել ես, իսկ ես պէտք է նայեմ քեզ, որովհետեւ քեզնից եմ վերցուել»: Երբ այս լսեց, Եփրեմը զարմացաւ օձի պէս խորագէտ կնոջ իմաստութեան վրայ եւ իր մտքում ասաց. «Եթէ այս քաղաքի կանայք այսպէս իմաստուն են, ապա որքան առաւել՝ այրերը»:

 

Այնուհետեւ ընտրեց մնալ անգէտների մօտ, որպէսզի շահի նրանց եւ քանի որ չունէր ձեռքի արհեստ, յարեց մի բաղնեպանի ու իրեն ծառայութեան յանձնեց նրան, որով կերակրւում էր: Գիշեր թէ ցերեկ նա խօսում էր Աստուծոյ խօսքը, ում պատահում էր, եւ այդպէս շատերին դարձնում Տիրոջ ճանապարհի վրայ: Մի պոռնիկ կին, պատուհանից տեսնելով Եփրեմին, ասաց նրան. «Ո՛վ աբեղայ, կամենո՞ւմ ես կերակուր բերեմ, քեզ ի՞նչ է հարկաւոր»: Եփրեմն ասաց. «Երեք քարի կտոր ու մի քիչ ցեխ, որպէսզի ծեփեմ պատուհանիդ»: Եւ երբ անամօթ կինն իր մոտ կանչեց նրան, սուրբը նրան ասաց. «Ինչ որ պէտք է անենք, ե՛կ հրապարակում անենք»: Կինն ասաց. «Ամօթ չի՞ լինի»: Սուրբը պատասխանեց. «Եթէ պէտք է ամաչենք մարդկանցից, ապա որքան առաւել՝ Աստծուց, Ով տեսնում է մարդկանց ծածուկ գործերը»: Սուրբի այս խօսքից պոռնիկ կինը զղջաց, թողեց մեղաւոր գործերը, մտաւ կանանց վանք եւ իր կեանքն անցկացրեց ապաշխարութեամբ: Այս մասին՝ այլ հանգամանքներով հանդերձ, պատմում է նաեւ Նիւսացին:

 

Եւ երբ սուրբի անունը յայտնի դարձաւ եդեսիացիների մէջ, նա խուսանաւեց դէպի մօտակայ անապատը եւ այնտեղ մնաց հանդարտութեան մէջ՝ կրօնաւորելով աղօթքներով, պահեցողութեամբ եւ Աստուծոյ Հոգով լի գրուածքներն ընթերցելով: Երանելի Եփրեմը գնաց նաեւ Եգիպտոսի Սկիտէ անապատը, ուր բնակւում էին սուրբ հայրերը եւ այնտեղ գտնելով մի դատարկ խուց՝ մտաւ ու բնակուեց իր թարգմանչի հետ, մինչեւ որ Աստուած սուրբ հայրերի հետ եգիպտերէն խօսելու շնորհներ տուեց: Ութ տարի մեծ ժուժկալութեամբ մնաց այնտեղ, միաժամանակ գրեց նաեւ բազմաթիւ աղօթքներ ու այլ հոգեւոր գրքեր: Իր մօտ եկողներին նա շահում էր աստուածային իմաստութեամբ, հեթանոսութիւնից եւ արիոսի աղանդից դարձի բերում շատերին՝ հալածանքներ ու նեղութիւններ կրելով ճշմարտութեան թշնամիներից: Բժշկութեան նշաններ էր գործում նաեւ հիւանդների ու դիւահարների վրայ: Եւ երբ յայտնի դարձան նրա առաքինութիւնը, խոյս տուեց Եգիպտոսից ու ճանապարհուեց՝ տեսնելու Կապադովկեան Կեսարիայի հայրապետ Բարսեղ Մեծին, որի մասին ընդարձակ գրում են բոլոր մատենագիրները: Սակայն արժան է լսել նաեւ սուրբ Եփրեմի խոնարհութեամբ ասուած խօսքերը, որ նա գրում է սուրբ Բարսեղին նուիրուած իր ներբողական ճառում: «Երբ մի քաղաքում էի, - գրում է, - ինձ վրայ Տիրոջ գթութեան ողորմութիւնը եղաւ. ես լսեցի մի ձայն, որն ասաց ինձ. "Արի՛, Եփրե՛մ, եւ կե՛ր իմաստութիւն եւ խորհուրդներ": Իսկ ես, վարանումների մէջ ընկած, ասացի. "Որտեղի՞ց ուտեմ, Տէ՛ր իմ": Եւ ասաց ինձ. "Ահա Իմ տան մէջ կայ պայծառ եւ մեծ անօթ, որը քեզ կերակուր կը մատակարարի": Զարմացած այս խօսքերից՝ վեր կացայ ու գնացի Բարձրեալի տաճար, կամաց մտայ Նրա սրահը եւ անձկալով նայելով մուտքից՝ սրբութիւնների Սրբութիւնում տեսայ ընտիր անօթ՝ ուղղուած ժողովրդին: Բոլորի աչքերը նրան էին նայում: Նրանից տաճարը ճոխացած էր Հոգով եւ տեսայ նաեւ նրա մեծ խնամքը որբերի ու այրիների հանդէպ: Նրա մօտով անցնում էին գետի նման հոսող արտասուքների հոսանքներ: Ես տեսայ կենաց գեղմը, որն իր ոսկեղէն ճառագայթներն էր սփռել ամենքի վրայ, եւ տեսայ նաեւ հէնց Իրեն՝ Հովուին, Ով Հոգու թեւերով վեր էր բարձրացնում մեզ համար արուող աղօթքները եւ հիւսում խօսքի գեղեցիկ թելեր: Տեսայ նաեւ, որ Նրանից են բխել Պօղոսի վարդապետութիւնը, Աւետարանի օրէնքները եւ ահաւոր խորհուրդները ... : Եւ երբ աւարտեց խօսքերը, Սուրբ Հոգու յայտնութեամբ իմացաւ, որ ես այնտեղ եմ, եւ խնամատարութեամբ նուաստիս Իր մօտ կանչելով՝ թարգմանի միջոցով հարցրեց. "Դո՞ւ ես Եփրեմը, որ գեղեցիկ պարանոցդ խոնարհեցրել ես փրկչական խօսքի լծի տակ": Ես Նրան պատասխանեցի. "Ես եմ Եփրեմը, որ յետ եմ ընկել երկնաւոր շաւղից": Ապա ողջունեց ինձ Իր սուրբ համբոյրով, բարիքներով լի սեղան պատրաստեց՝ լի Սուրբ Հոգու անմահական իմաստութեամբ եւ սուրբ ճաշակելիքներով, այլ ոչ թէ ապականացու խորտիկներով»:

 

Սուրբ Եփրեմը յայտնում է իր եղբօր առաքինութիւնները՝ ծածկելով սեփականը, սակայն ինչպէս ուրիշներն են գրում նոյն Եփրեմի եւ Բարսեղի վարքում, Բարսեղ Մեծն էլ յայտնում էր Եփրեմի առաքինութիւնները: Նախ սուրբ Բարսեղն ասում է երանելի Եփրեմ ծերին. «Բարո՛վ եկար, անապատի՛ հայր, բարո՛վ եկար: Անապատում դու մեծացրիր Քրիստոսի աշակերտների թիւը եւ հալածեցիր դեւերին: Ո՞ւմ համար արդեօք այդպէս չարչարուեցիր, կամ ո՞ւմ տեսնելու եկար՝ մեղաւոր մարդո՞ւ: Թող Աստուած հատուցի քեզ քո չարչարանքների վարձը»: Եւ շատ խօսքեր ասելուց ու նրան պատուասիրելուց յետոյ Բարսեղը Եփրեմին ասաց. «Ասա՛ ինձ, հա՛յր սուրբ, դու, որ ասորի ես եւ յունարէն չգիտես, ինչո՞ւ իմ քարոզելու ժամանակ երեք անգամ գովաբանեցիր ինձ»: Եփրեմն ասաց. «Ես գովաբանում էի Սուրբ Հոգուն, որ խօսում էր քո բերանով»: Բարսեղն ընկաւ նրա առաջ եւ ասաց. «Թողութիւն տուր ինձ: Արդեօք ո՞վ թոյլ կը տար ինձ Եփրեմ լինել, իսկ քեզ՝ Բարսեղ, եթէ յանձն առնէիր: Եւ այժմ, սիրելի՛ եղբայր, խնդրում եմ քեզ, մի՛ զրկիր մեզ այդ աստուածային պարգեւից, որ Աստուած շնորհեց քեզ, այլ ուրախացրո՛ւ մեզ քո վարդապետութեամբ»: Եփրեմը Բարսեղին ասաց. «Ես եւս քեզնից խնդրելու բան ունեմ»: Եւ նա ասաց. «Հրամայի՛ր, ինչ որ քեզ պէտք է, որովհետեւ պարտական եմ քեզ մանաւանդ քո կրած չարչարանքների համար»: Սուրբ Եփրեմն ասաց. «Ճանաչում եմ քեզ որպէս Աստուծոյ սուրբի, որովհետեւ ինչ որ խնդրում ես Աստծուց, Նա տալիս է քեզ: Այժմ աղօթի՛ր Տիրոջը, որ ինձ յունարէն լեզուով խօսելու շնորհ տայ»: Սուրբ Բարսեղն ասաց. «Ե՛կ, պատուակա՛ն իմ հայր, խնդրենք Տիրոջը, եւ Նա կը կատարի քո կամքը, որովհետեւ գրուած է, թէ Տէրը կատարում է Իրենից երկիւղածների կամքը եւ լսում նրանց աղօթքները: Աստուծոյ համար անհնարին ոչինչ չկայ"»: Աղօթելուց յետոյ Բարսեղ Մեծը սուրբ Եփրեմին ասաց. «Ինչո՞ւ չես ընդունում քահանայական ձեռնադրութիւնը, քանի որ այն լիովին վայել է քեզ»: Թարգմանի միջոցով Եփրեմը պատասխանեց. «Որովհետեւ մեղաւոր եմ, ո՛վ սուրբ հայրապետ»: Սուրբ եպիսկոպոսն ասաց. «Երանի թէ ես քեզ նման մեղաւոր լինէի»: Այնուհետեւ ծնկի բերեց նրան, ձեռքը դրեց նրա վրայ, ընթերցեց սարկաւագութեան աղօթքը եւ ապա ասաց. «Հրամայի՛ր, կանգնի՛ր»: Եւ երբ նա կանգնեց, զօրացաւ նրա լեզուն եւ խօսեց յունարէն լեզուով որպէս յոյն սարկաւագներից մէկը եւ ասաց. «Անդիլաւու, սօսօն, էլէիսօն, քէ տիաֆիլաքսօն, էմաս», այսինքն «ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛ եւ պահեա՛ զմեզ» եւ այլն՝ ըստ կարգի, որից զարմացան բոլոր նրանք, ովքեր լսեցին այս: Այնուհետեւ նա համարձակ յունարէն էր խօսում, մինչեւ անգամ ոմանք կարծեցին, թէ նաեւ յունարէն ինչ-ինչ գրել եւս գիտի:

 

Այնժամ սուրբ Բարսեղն սկսեց մտերմօրէն ստիպել երանելի Եփրեմին՝ քահանայութեան կարգն ընդունելու համար, որից էլ ոմանց մօտ լուր տարածուեց, թէ քահանայ է ձեռնադրուել: Սակայն ինչպէս որ պատմութիւնն առաջ է բերում, Եփրեմն աղաչում էր Բարսեղին՝ ասելով. «Մի՛ ստիպիր ինձ, որովհետեւ արժան չեմ այդ բանին»: Այդպէս բերկրելով հոգեւոր սիրով՝ մեծապէս ուրախ եղան եւ երկու շաբաթ միմեանց մօտ մնալով՝ խօսեցին Սուրբ Գրքից: Բարսեղ Մեծը շատ բան սովորեց սուրբ Եփրեմից, յատկապէս եբրայական աւանդութեամբ աստուածային սուրբ Գրքի շուրջ զրոյցից, որից չի տարբերւում ասորերէն լեզուով գրուածը: Այդ պատճառով «Վեցօրեայք» գրքում նա գրում է, թէ ինչպէս սուրբ ասորի ծերը սովորեցրեց «Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայով» խօսքերի իմաստը: Սուրբ Հոգու շրջելը մեկնելիս նա, որպէս համեմատութիւն, օրինակ է բերում խնամող եւ թուխս նստող թռչնին, որպէսզի ցոյց տայ, թէ ամեն շնչաւոր կենդանի՝ ըստ իր տեսակի, պէտք է ծնուի ջրից, որով էլ ճանաչւում է Սուրբ Հոգու արարչագործ զօրութիւնը՝ արարչակից ու էակից լինելով Հօրը եւ Որդուն:

 

Կեսարիայից Ուռհայ վերադառնալիս, երբ Եփրեմ ծերն անցնում էր Սամոսատով, մի իշխանի երիտասարդներից մէկը, որ աղանդաւոր էր, ապտակեց նրան: Եւ երբ սուրբն անցաւ, մի թունաւոր օձ խայթեց պատանուն, որն իսկոյն, ասես այրուելով կրակից, մեռնում էր: Իշխանը գնաց սուրբի յետեւից, ընկաւ նրա ոտքերը եւ յայտնեց եղածը, իսկ նա, գալով մեռածի մօտ, ծնրադրեց, հառաչանքներով աղօթեց առ Աստուած, ապա բռնեց նրա ձեռքից ու վեր կացրեց: Այս տեսնելով՝ աղանդաւորները դարձան դէպի ուղղափառութիւնը: Դարձի բերեց նաեւ շատերին, որոնք կային Եդեսիայում եւ Միջագետքում, ինչպէս եւ մոլորեցուցիչ Բարդեծանի աղանդից ու մանիքէական եւ մարկիոնական հերձուածից շատերին: Ինչպէս աւանդում են ճառընտիրները, սուրբ Եփրեմը գրեց հոգեւոր երգեր՝ ասորի Բարդեծանի եւ նրա որդու՝ Հերմինոսի մոլար երգասացութիւնները վերացնելու նպատակով, որոնք թուով հարիւր յիսուն էին՝ հակառակ Դաւթի աստուածային սաղմոսների:

 

Երբ երանելի Եփրեմը տեսաւ, որ Եդեսիա քաղաքը հանդարտուել է խոր խաղաղութեան մէջ, մաքրուել մոլար վարդապետութիւններից եւ փայլում է ուղղափառութեամբ ու աստուածապաշտութեամբ, հեռացաւ քաղաքից եւ առաջնորդեց եղբայրների բազմութեանը, որոնք կրօնաւորում էին նրա ձեռքի տակ: Սուրբ Եփրեմն աւանդեց նրանց լուսաւոր կանոններ եւ ունեցաւ բազմաթիւ ընտրեալ աշակերտներ:

 

Սակայն երբ Եդեսիայում սով ընկաւ, նա իջաւ քաղաք, հաւաքեց մեծահարուստներին եւ յորդորեց նրանց օգնական լինել աղքատներին ու տնանկներին: Այնժամ օգնեցին բոլորը՝ իւրաքանչիւրն ըստ իր հնարաւորութեան. ոմանք հաց էին տալիս. ոմանք՝ ոսկի եւ արծաթ: Եւ սուրբ հայր Եփրեմը սուրբ Ստեփաննոսի նման հոգ էր տանում հոգեւոր ու մարմնաւոր հացի կարօտեալներին ու աշակերտների բազմութեամբ սպասաւորում էր աղքատներին: Հիւանդների համար երեք հարիւր մահճակալներ պատրաստեց եւ նրանց հանգստութեան համար դրեց մի պատշաճ տեղում: Կարգով յուղարկաւորում էր մեռելներին, իսկ ողջերին՝ հանգստացնում: Շատ այլ սքանչելի մեծամեծ գործեր արեց, որոնք անհնար է ամբողջը գրել, եւ մատենագիրներն էլ գրեցին շատից քիչը:

 

Աստուծոյ այրն իր բազմաթիւ մատեաններով յիշատակ թողեց սուրբ եկեղեցում: Նրա նմանը չեղաւ ասորիների մէջ, եւ այլ եկեղեցիների մէջ վարդապետներից քչերը հաւասարուեցին նրան: Իրաւացիօրէն սուրբ Եփրեմը դասուեց ընդհանրական եկեղեցու տասներկու վարդապետների շարքում, եւ գեղեցիկ խորհրդով նա տօնախմբւում է երեք մեծ սուրբերի՝ Սեղբեստրոսի, Բարսեղի եւ Նիւսացու հետ, որոնց ժամանակակիցն է եղել:

 

Սուրբ Եփրեմը վախճանուեց՝ հասնելով խոր ծերութեան, մօտ եօթանասունհինգ կամ ութսուն տարեկան հասակում, սուրբ Բարսեղի փոխուելուց կարճ ժամանակ անց, Տիրոջ 379 կամ 380 թուականին: Թողել է գրաւոր կտակ, որպէսզի ոչ ոք չհամարձակուի պատանքելով թաղել իրեն փառաւոր շիրիմում, «այլ, - գրել էր, - թող ինձ թաղեն ճգնաւորի իմ հանդերձով, ինչպէս օտարական աղքատ մէկին»: Եւ նրա պատուէրով եղբայրները կապեցին նրա կարկատուն պարեգօտը, որն առաւել պատուական էր, քան թագաւորական ծիրանիները, եւ այդպէս Եդեսիա քաղաքի մեծ բազմութեամբ սաղմոսներով ու օրհնութեամբ դրեցին նրան գերեզմանում: Ինչպէս գրում է «Ճառընտիրը», կարճ ժամանակ անց սուրբի մարմինը փոխադրեցին այն քարայրի մէջ, որտեղ եպիսկոպոսների գերեզմաններ կային, եւ այնտեղ սուրբի մարմինը փառաւորւում ու պատուի է արժանանում մեծաթիւ հաւատացեալների կողմից:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ եփրեմ Ասորու յիշատակը տօնում է տարին երկու անգամ՝ յունուարի 1-ի մերձակայ շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:

 

Սկզբնաղբիւրներ

1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:

2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1034:

 

[1] Դրամի չափման միաւոր է, որն արժէ հինգ ստակ, որը մէկ դինարի չորրորդ մասն է:

[2] Ղուկ. ԺԳ 27:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 1034: