Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 20:30

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

30-31. Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:
   
    Ավետարանիչներից Հովհաննեսն է, որ իր ընկերների անունից եւս հարկ է համարում ծանուցել, թե Հիսուսի
տարօրինակ պատմության, հրաշքների եւ քարոզների այն մասը, որ տեղ է գտել ավետարանում, երբեք պետք չէ ամբողջական համարել, որովհետեւ նա որիշ շատ ու շատ հրաշքներել է կատարել, «բազում եւ ա՛յլ նշանս արար Յիսուս»։ Նա ուրիշ շատ վարդապետություններ էլ էր խոսել, խրատներ տվել ,մարգարեություններ մեկնել, սկզբունքներ ուսուցանել, պատվիրաններ հրամայել, խորհուրդներ հաստատել, որոնք գրված չեն Ավետարան կոչված գրքերում։ Եվ եթե հարկ լիներ սրանք բոլորն ամբողջությամբ եւ կատարելապես, առանց մի բան դուրս թողնելու, գրի առնել, կարծեմ թե,- ասում է ավետարանիչը, որ բովանդակ աշխարհը բավական չէր լինի, որ պարունակեր այդ նյութերով գրված գրքերը։ Ավետարանիչը որքան էլ չափազանցրած լինեն համեմատությունը, սակայն իրականում անթիվ ու անհամար եղած կլինեին ավետարանները, եթե վայրկյան առ վայրկյան հարկ եղած լիներ գրի առնել Հիսուսի ամբողջ արածներն ու ասածները։
    Այդ նկատառումն է, որ մեզ առաջնորդում ընդունել Ավետարանից դուրս մնացած Հիսուսի գործերի գոյության մասին, իսկ գործերից ավելի՝ Նրա վարդապետությունների ու խորհուրդների գոյության մասին, որոնք Եկեղեցու նախնական եւ ընդհանուր ավանդությունն են կազմում, որը համեմատած ուղղափառ վարդապետության հետ Ավետարանի լրումն է կազմում եւ քրիստոնեական վարդապետությունը քաղելու ու ճնաչելու մի երկրորդ աղբյուրն է։ Բողոքականներն ու հռոմեականները ավանդության մասին երկու ծայրահեղ սկզբունքների են ծառայում։ Բողոքականները, ավանդության անստուգությունը եւ մարդկային քմահաճույքին ենթակա վիճակը նկատի ունենալով, ամբողջովին մերժում են այն եւ միայն վարդապետության աղբյու ճանաչում են Սուրբ Գիրքը։ Հռոմեականներն ավանդության պահպանությունն ու զորությունը այնպես են ընդարձակում, որ մինչեւ վերջին՝ 19-րդ դարում, ավանդության փաստերով նորանոր վարդապետություններ են ստեղծում, շարունակում վիճակի մեջ մնալ։ Այս երկու ծայրահեղ կարծիքների հանդեպ մեր Հայ Ուղղափառ Եկեղեցին պահում է միջաշավիղ ընթացք, գոհանում նախնական չորսուկես դարի ընթացքում տրված որոշումներով ու հաստատված վարդապետություններով, խորչում դեպի անհունը երկարաձգվող վարդապետությունների ու դավանությունների կազմությունից։
    Ավետարանների պակասը լրացնելու միտումով, նախկին դարերում մի շարք անվավեր ավետարաններ են գրվել, որոնք, սակայն, բնավ չեն ծառայել ընդունված Ավետարաններն ամբողջացնելուն, որովհետեւ օտարոտի նկատառումներով պատրաստված եւ արժանահավատ աղբյուրներից բխած գրքեր են։ Այս անվավերների ցուցակը շատ երկար է, եւ մի թողնելով նրանք, որ պատկանում են Հին Կտակարանյան շրջանին եւ կապ չունեն ավետարանների բովանդակության հետ, Հիսուսի կյանքի եւ Ավետարանի ժամանակաշրջանի համար գոյություն ունեն Թադեոսի, Պետրոսի, Մատաթիայի, Հակոբոսի, Բարթողիմեոսի, Բառնաբասի, Թովմասի եւ Անդրեասի ավետարանները, Անդրեասի, Թովմասի, Պետրոսի գործեր, Հիսուսի ծննդյան ու մանկության գրքեր, Ղուկասի, Եսիքիոսի պատմություններ, որ առհասարակ առասպելական բովանդակություն ունեն եւ զուրկ են վավերականությունից։ Հետեւաբար, որքան էլ չորս ավետարանների բովանդակության՝ ամբողջական չլինելու մասին գիտենք, այնուամենայնիվ, պետք է դրանցով բավականանանք։ Այս պատճառով «Համապատումիս» մեջ չորս ավետարաններից բացի, բնավ ուրիշ աղբյուրների չդիմեցինք, եւ նույնիսկ պատմական հիշատակություններ չունեցող ժամանակների մասին, ինչպիսիք են գլխավորապես Հիսուսի մանկության ու առանձնական կյանքի տարիները, չուզեցին օտարոտի պատմություներով լցնել։