Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
15-26. Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը: Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց: Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»: Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, - սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, - պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»: Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային: Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»: Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ:
Աղոթքի և առանձնության օրերին առաքյալները սկսեցին մտածել իրենց ապագա գործունեության մասին, ստացած խրատներն ու պատգամները վերհիշել, վերջին իրադարձությունները մտաբերել և, անշուշտ, որոշ ծրագրեր էլ կազմել։ Այդ խորհրդածությունների ժամանակ անդրադարձան, որ իրենք Հիսուսի կողմից խորհրդավոր մի թվով էին ընտրված, որ համապատասխանում էր Իսրայելի տասներկու ցեղերի և ցանկացած թվահամարի ու չափի հիմքը հանդիսացող տասներկու թվին։ Բայց դժբախտաբար իրենցից մեկը այլևս չկար՝ ագահության փորձությանը չդիմանալով մատնիչ էր դարձել և հետո հուսահատության մատնվելով անձնասպան եղել։ Մի օր, երբ այս խոսակցություններն էին տեղի ունենում, ըստ ավանդության համբարձման հաջորդ հինգշաբթիին կամ ութօրեքին, որը մայիսի 25-ն է, և հարյուր քսան հոգի հավաքվել էին Վերնատանը, Պետրոսն առաջարկեց պակասն լրացնել և ամբողջացնել Տասներկուսի խումբը՝ Հուդայի փոխարեն մեկ ուրիշին ընտրելով։
«Եղբայրնե՛ր,-ասում է նա,-ինչի մասին, որ Սուրբ Հոգին կանխագուշակեց և Դավթի բերանով խոսեց, այդ ամենը պիտի կատարվի ու լրում գտնի։ Արդ՝ գիտեք, որ մեր ընկերներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մեզ նման առաքելական պաշտոնին էր բարձրացել և լրացնում էր մեր Տասներկու խորհրդավոր թիվը, մատնիչ դարձավ և Հիսուսին ձերբակալողների առաջնորդելով մեր վարդապետին թշնամիներին հանձնեց։ Այդ մասին սաղմոսում գուշակված էր, թե «Որ ուտէր զհաց իմ, յաճախեաց առնել ինձ խաբէութիւն», Սաղմ. 40:10 որով առաջին մարգարեությունը կատարվեց։ Այնուհետև Հուդան իր մատնության վարձով մի արտ ստացավ, որովհետև այդչափ դրամով ընդամենը մի արտ գնվեց, որտեղ և ինքն էլ կախվեց ու արտը Ակեղդամա՝ Արյան Գյուղ անունն ստացավ՝ վերածվելով անբնակ ու անշեն մի վայրի։ Այդ մասին էլ սաղմոսում կանխագուշակում կար, թե «Եղիցի բնակութիւն նորա աւերակ, եւ մի՛ ով իցէ որ բնակիցէ ի նմա» Սաղմ․ 68:26: Հետևաբար, այժմ մնացել է, որ մարգարեությունների կատարումը ամբողջանա։ Եվ, որովհետև գրված է, թե «Զկարգ նորա առցէ այլ» Սաղմ. 108:8, անհրաժեշտ է մեր կորուսյալ ընկերոջ փոխարեն մեկ ուրիշին նշանակել, որպեսզի նրա տեսչությունը բարձիթողի չմնա։ Իսկ ընտրվողի համար անհրաժեշտ պայման եմ նկատում, որ Հիսուսի ամբողջ կյանքին, ասածներին ու գործածներին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի Հիսուսի՝ Հորդանանում Հովհաննես Մկրտչից մկրտվելու օրվանից մինչև մահ, հարությունն ու համբարձումը, որպեսզի կարողանա մեզ հետ համահավասար կերպով ու կատարյալ հավատքով Հիսուսի հարության մասին վկայել»։
Ներկաները միաձայն համաձայնություն հայտնեցին Պետրոսի խորհրդին և առաջարկը ընդունվեց։ Ապա սկսեցին, Տասներկուսից հետո եկող Հիսուսի աշակերտներից աչքի ընկնողներից և Յոթանասուներկուսի գլխավորներից հարմարագույններին առանձնացնել ու առավել արժանավորներին առաջարկել, մինչև որ ի վերջո կանգ առան երկուսի թեկնածության վրա։ Եվ այդ երկուսից արժանավորագույնին որոշելու ժամանակ, մեկին մյուսից գերադասելու առիթ չգտան, և երկուսն էլ հավասրապես ընտրվելու արժանի համարվեցին։ Այդ երկուսն էին՝ Հուստոս կոչված, այսինքն Արդար Հովսեփ Բարսաբան և Մատաթիան։ Երկուսի մասին էլ նախընթաց տեղեկություններ չկան, բայց Պետրոսի առաջարկած պայմաններին բացարձակապես համապատասխանելը ցույց է տալիս, թե Հիսուսի առաջին և անբաժան ու հավատարիմ աշակերտներն էին և մյուս աշակերտների նման գալիլեացիներն են եղել։
Ընտրյալների հավասար ձայն ստանալու, կամ որ նույնն է իրենց արժանիքը համահավասար գնահատելու ժամանակ, ընդհանուր սովորություն է որոշումը թողնել վիճակի։ Այսպես որոշեց այդ հարյուր քսան հոգուց կազմված ժողովը։ Միայն թե մեկ հանգամանք նրանց համար առավել կարևորություն ստացավ։ Առաքյալները Հիսուսի կողմից էին ընտրված, հետևաբար պատշաճ էր, որ այս մեկին ևս Նա ընտրեր։ Հիսուս դեռևս ամենքի աչքի առջև կենդանի էր և երկինք մեկնելու պահին խոստացել էր իրենց հետ, իրենց մեջ և իրենց գործերի առաջնորդողը լինել։ Այդ համոզումով և զգացումով մտածեցին, որ վիճակ նետելը մի տեսակ համապատասխանում է իրենց մտադրությանը, երբ Հիսուս Ինքն հսկի և առաջնորդի, ուստի համախորհուրդ մի մաղթանք ուղղեցին Հիսուսին․ «Դո՛ւ Տեր, որ սրտերի գաղտնիքները գիտես և յուրաքանչյուր մարդու թաքուն գործերը ճանաչում ես, Դու ավելի լավ գիտես, թե այս երկուսից, որն է առավել արժանավոր և ավելի արդյունք պիտի բերի։ Դու հաջողիր այս վիճակահանությունը, որպեսզի հարմարագույնը ընտրվի մտնելու Տասներկուսի առաքելական խմբի մեջ և լրացնել այն տեղը, որ Իսկարիովտացին դատարկ թողեց՝ ինքն իր կորուստը պատրաստելով»։
Այս տրամադրությամբ էլ վիճակ նետեցին և այն ընկավ Մատաթիային, որ ընտրյալների մեջ երկրորդ էր նշանակված, բայց, անշուշտ պակաս արժանավոր մեկը չէր, այլապես վիճակահանության չէր հասնի։ Այս ձևով հարցը լուծվեց և դրանից հետո Մատաթիան ընդգրկվեց Տասներկուսի մեջ, որ պետք չէ շփոթել իր նմանանուն Մատթեոսի հետ։ Այս շփոթությունը ավելի զգալի է ուրիշ լեզուների մեջ, որոնք երկու անունները Մատթիաս ու Մատթեոս են գրում և արտասանում։
Այս պատմության մեջ ուշադրության արժանի կետերից առաջինն այն է, որ առաքյալները բավականին քաջալերություն էին ստացել պաշտոնապես հավաքվելու և գործելու, ինչպես և առանց հրեաներից վախենալու բացահայտորեն տաճար այցելելու։ Մյուս կողմից էլ հրեաները և հատկապես սինեդրիոնը, Հիսուսի մահվան եղերական հանգամանքներից սարսռած և Հիսուսի հարության ազդեցությունից շփոթված՝ իրենց հակառակությունները չափավորած և մի տեսակ ներողական կամ ավելի ճիշտ սպասողական դիրք են գրավել Հիսուսի հետևողների նկատմամբ՝ հետևելով, թե ի՞նչ ընթացք պիտի ստանա գալիլիացի ձկնորսների առաջնորդության ներքո մնացած շարժումը։
Երկրորդ կետը՝ հարյուր քսան հոգու համախմբության կազմությունն է։ Եթե հաշվենք Հիսուսի ամբողջ աշակերտների թիվը՝ այսինքն Տիրամորը և 11 առաքյալներին, 72 աշակերտներին, 4 Տյառնեղբայրներին և 12 յուղաբեր կանանց, կլինի 100 հոգուց բաղկացած մի խումբ, որոնց վրա անհրաժեշտ է ավելացնել ևս 20 հոգու Հիսուսի թաքնված աշակերտներից և նույնիսկ ընտրված խմբերից դուրս մնացած հետևողներից։ Ամեն դեպքում այդ 120 հոգու համախումբը, որ հանուն Հիսուսի հավաքվելով հրապարակավ խոստովանում է Հիսուսին հետևող լինելը և Հիսուսի անունով գործ է ձեռնարկում, Քրիստոնյա Եկեղեցու անդրանիկ համայնքը հանդիսացավ, որ հետագայում հազարներով շատացավ աշխարհում։
Վերջապես պարզ ճշգրտման համար նշենք, թե Պետրոսի առաջարկի մեջ հիշատակված մարգարեություններից առաջինը արդեն Հիսուսի ընթրիքի ժամանակ էլ հիշվեց։ Երկրորդ Սաղմոսում հոգնակի ձևով է․ «Եղիցի բնակութիւնք նոցա աւերակ, եւ ի յարկս նոցա մի՛ ոք իցէ որ բնակիցէ» Սաղմ․ 68:26։ Եվ երրորդն էլ մեր թարգմանության մեջ գրված է․ «Եւ զայցելութեան նորա՝ զայն ալ տարցի», իսկ հույնն ու լատինը թարգմանում են «Եւ զտեսչութիւն նորա ա՛յլ ոք առցէ» Սաղմ. 108:8։ Պետրոսը խոսքը եզակիի վերածելով Հուդայի վրա է մասնավորում և նույն ձևով պատշաճեցնում է նաև վերջինը, որը Դավիթ մարգարեն երգում է ընդհանրապես մեղավորի և նենգավորի մասին։ Կանխասացությունների լրումը երկու իմաստներով էլ կարող է արդարանալ՝ մեկը մասնավոր մի գուշակության իսկապես կատարվելով և մյուսը ընդհանուր գուշակություն մասնավոր դեպքին պատշաճեցնելով։ Պետրոսի առաջին բերած երկու վկայությունների մեջ երկու ձևն էլ գտնում ենք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: