Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

23-24․ «Եվ Հիսուս շրջում էր ամբողջ Գալիլեայում` ուսուցանելով նրանց ժողովարաններում և քարոզելով Արքայության Ավետարանն ու բժշկելով ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր տկարությունները։ «Եվ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. և Նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, տարբեր հիվանդություններից ու ցավերից տառապողներին, դիվահարների, լուսնոտների ու անդամալույծների, և Նա բժշկեց նրանց։
   
    Ամեն անգամ, երբ մի ինչ-որ առանձնահատուկ ու արտասովոր բան է տեղի ունենում, կամ երբ կյանքի մի նոր ձև (կենսակերպ) է առաջ քաշվում, այդժամ Աստված սովորաբար նշաններ է ցույց տալիս՝ որպես Իր զորության գրավական բոլոր նրա´նց համար, ովքեր պետք է ընդունեն Իր օրենքները։ Այսպես, մտադրվելով ստեղծել մարդուն, Աստված նախևառաջ ստեղծեց ամբողջ աշխարհը, և ապա միայն դրախտում մարդուն տվեց այն հայտնի օրենքը։
    Այդպես նաև, երբ Աստված ցանկացավ օրենք տալ Նոյին, կրկին մեծամեծ հրաշքներ գործեց, նորոգեց ամբողջ արարչությունը և որպես այդ փոփոխության նախահիմք` սարսափազդու ջրհեղեղին հրամայեց մեկ տարի շարունակ ծածկել երկիրը և այդպիսի ահասարսուռ տարերքների մեջ անվնաս պահեց արդարին (Նոյին)։ Այդ կերպ նաև Աբրահամի´ն «պաշտպանեց» բազմաթիվ նշաններով. նրան հաղթանակ պարգևեց պատերազմում, հարվածներով պատժեց փարավոնին և նախահորը ազատեց վտանգներից։
    Այդ նույն կերպ, նախքան հրեաներին օրենքի ենթակա դարձնելը Տերը զարմանալի ու մեծամեծ հրաշքներ գործեց, և այդուհետ միայն` տվեց օրենքը։ Այստեղ ևս, մտադիր լինելով տալ կյանքի առավել վսեմ կանոններ շնորհելու և մարդկանց առաջարկելու այն, ինչ նրանք երբեք չէին լսել, Աստված Իր խոսքերը հաստատում է հրաշքներով։ Քանի որ Իր հռչակած թագավորությունը տեսանելի չէր, Տերը տեսանելի նշաններով նույնիսկ այդ անտեսանելին ակնհայտ դարձրեց։ Եվ նկատի´ր, թե Ավետարանիչն ինչպիսի համառոտություն է պահպանում. նա մանրամասնորեն չի խոսում բշկված յուրաքանչյուր անձի մասին, այլ իր սակավ խոսքերով բազմաթիվ հրաշքներ է հիշատակում. «Նրա մոտ էին բերում, - ասում է Ավետարանիչը, - բոլոր հիվանդներին, տարբեր հիվանդություններից ու ցավերից տառապողներին, դիվահարների, լուսնոտների ու անդամալույծների, և Նա բժշկում էր նրանց»։ Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ Քրիստոս այդ բժշկվածներից որևէ մեկից հավատ չպահանջեց։ Ինչո՞ւ նրանց չասաց այն, ինչ ասելու էր ավելի ուշ. «Հավատու՞մ եք, որ Ես կարող եմ դա անել» (հմմտ. Մատթ. 9:28)։ Դա այն պատճառով էր, որ այդ ժամանակ Հիսուս դեռևս ցույց չէր տվել Իր զորության վկայությունները։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ անձանց ոչ փոքր հավատն ապացուցվեց այն իրողությամբ, որ նրանք մոտեցան Հիսուսին և Նրա մոտ տարան հիվանդներին։ Մարդիկ հեռու տեղերից հիվանդներին չէին տանի Քրիստոսի մոտ, եթե մեծ հավատ չունենային Նրա հանդեպ։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը:
   

   Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում:

   Երբ որսաց ձկնորսներին, Իր հետ առած շրջում էր, որպեսզի նրանց սովորեցներ մարդկանց որսալու կերպերը:
Իսկ ինչո՞ւ էր աշխարհին Իր հայտնվելու սկզբում Գալիլեայի կողմերում շրջում և ոչ թե Հրեաստանում: Նախ՝ որպեսզի Եսայու այն մարգարեությունն իրականացներ, որը վերևում այս ավետարանիչը բերեց: Ապա՝ որովհետև սկզբում հնարավոր չէր շրջել օրենսգետների ու փարիսեցիների մեջ և սովորեցնել. եթե հետո, երբ ժողովուրդը հրաշքների պատճառով Նրան պատվում էր իբրև մարգարեի, նրանք այդքան նախանձով լցվեցին, ի՞նչ չէին անի այն ժամանակ, երբ դեռ անծանոթ էր ժողովրդին:

   Եվ ոչ թե հենց այնպես էր [Հիսուսը] շրջում, այլ մեծ օգուտ բերելով, ինչի մասին ասում է [ավետարանիչը]:

   Սովորեցնում էր նրանց ժողովրդի մեջ և քարոզում արքայության ավետարանը:
    Որտե՞ղ էր սովորեցնում: Երբեմն՝ տներում, երբեմն էլ՝ դրսում: Իսկ այստեղ, որ [ավետարանիչն] ասում է «նրանց ժողովրդի մեջ», նկատի ունի նրանց ժողովարանները, որտեղ սովոր էին շաբաթ օրերը հավաք-վել և մարգարեների [գրքերն] ընթերցել: Այս մասին նաև Ղուկասն է պատմում՝ [Հիսուսի]՝ Նազարեթ գալը, ժողովարան մտնելն ու Եսայու գրքից ընթերցելը  189:

   Եվ բժշկում էր, – ասում է [ավետարանիչը], – ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր ցավերը: Իր բժշկության պարգևը նախ հրեաներին է տալիս, ինչպես ասաց քանանացի [կնոջը]. «[Թույլ տուր]՝ նախ մանուկները հագենան» (Մարկ. 7։27), որպեսզի չկարողանային ամբաստանել Նրան [հրեաները], որոնցից հավատ չէր պահանջում բժշկելիս, ինչպես հետո՝ ոմանցից, այլ ձրի էր բժշկություն շնորհում, որովհետև այդ ժամանակ Իր [աստվածային] զորությունը դեռևս հայտնի չէր դարձրել: Եվ հրեաների մեջ Նրա [գործած] հրաշքների մասին լսելով՝ նաև հեթանոսներն էին հավատով մոտենում Նրան, ինչպես հաջորդիվ պատմում է [ավետարանիչը]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը:
   
   «Եվ Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում»:

   Գալիլիա բառը եբրայերենից թարգմանվում է որպես բնակավայրի փոփոխում, որովհետև մարդկանց ամբարիշտ գործերը փոփոխում էր բարեպաշտության՝ անցնելով, քարոզելով ու բժշկելով ոչ միայն տեսանելի ախտաժետներին, դիվահարներին ու լուսնոտներին, այլև առավելաբար հոգեպես օգնության կարիք ունեցողներին: Այս պատճառով ասաց՝ շրջեց Գալիլիայում, այսինքն՝ փոփոխված բնակավայրում:

   Լուսնոտությունը, ինչպես բժիշկներից շատերն ասացին, մարմնի մաղձալից հիվանդություն է, որն առաջանում է, երբ լուսինը իր շրջագայության ժամանակ բարձրանում է դեպի արեգակը: Եվ այդպես իր ձևով ձևավորվելու ժամանակ զանազան ազդեցություն է ունենում կենդանիների մարմինների և բույսերի վրա:Եվ սա անհայտ չէ, քանի որ շատերը լուսնի լրումից և խավարումից դառնում են ինչպես դիվահար, և պատահում է, որ դևը, հրճվելով և ուրախանալով լուսնի փոփոխումներով, հայտնվում է մարդկանց մեջ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

23-25․ Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը: Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց: Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:
   
   Հիսուս այն շաբաթ օրվա երեկոյան, որի առավոտյան ժողովարանում բժշկեց դիվահարին և կեսօրից հետո Պետրոսի զոքանչի ջերմությունը դադարեցրեց, գիշերեց Պետրոսի տանը։ Երկու բժշկությունների լուրը տարածվեց և բոլոր հիվանդ ունեցողները բժշկվելու ցանկությամբ ոգևորվեցին։ Հազիվ էր շաբաթ օրվա հանգստի ժամը լրացել, նոր էր մայր մտել արևը, երբ ամեն կողմից բոլոր կափառնայումցիները, ովքեր տներում հիվանդներ ունեին, շալակած բերում էին Հիսուսի գտնված տունը և խնդրում, որ բժշկի։ Հիսուս ոչ մեկին առանց մխիթարելու ետ չդարձրեց։ Ընդունում էր բոլոր հիվանդներին և, ձեռքը նրանց վրա դնելով, անմիջապես բժշկում։ Բերված հիվանդների մեջ կային նաև շատ դիվահարներ, ովքեր Հիսուսի հրամանով դևերի ձեռքից և դիվական ախտից փրկվում էին։ Դա բարձրաձայն խոստովանում էին նաև դևերը և ասում. «Գիտենք, որ Դու ես Որդին Աստծոյ»։ Սակայն Հիսուս չէր քաջալերում նման խոստովանությունները և սաստում էր դևերին, որ լռեն։ Եթե Իրեն Քրիստոս-Մեսիա և Որդի Ստուծո էին ճանաչում, ապա թող իմանան և ըստ այնմ զգուշանան․ իրենց խոսքն ու խոստովանությունը չէ, որ Հիսուսի համար իբրև փաստ ու զորություն պիտի ծառայեին, այլ Հիսուսի գործերը պետք է խոսեին ժողովրդի սրտի հետ և վարդապետությունը պիտի գրավեր նրանց միտքը։
   Գիշերը վրա հասնելուն հետ պակասեցին նաև դիմողները։ Հիսուս Պետրոսի տանը մի պահ հանգստացավ, բայց արշալույսին, դեռ արևը չծագած, մեն-մենակ թողեց տունը, մեկնեց քաղաքից, գնաց բնակության վայրից հեռու յանապատ տեղի և սկսեց աղոթել։ Առավոտյան նորից հիվանդատերերը Պետրոսի տունը շրջապատեցին, բայց Հիսուս այնտեղ չէր և Պետրոսն էլ չգիտեր, թե ու՞ր է գնացել։ Մի քանի ընկերներով դուրս եկավ Հիսուսին փնտրելու։ Հարցուփորձով գտավ Հիսուսի գնացած տեղը և սկսեց աաղաչել, որ Կափառնայում վերադառնա, ուր ողջ ժողովուրդը Իրեն էր որոնում, և բազմաթիվ հիվանդներ Իրենից բժշկություն էին ակնկալում։ Հիսուս խոսք չտվեց Կափառնայում վերադառնալ․ «Միայն մի քաղաքում,-ասաց,-քարոզելու չեմ եկել․ պետք է շրջեմ բոլոր կողմերը, պետք է ուրիշ քաղաքներում էլ քարոզեմ, նրանց էլ Երկնի Արքայության ավետիսը հաղորդեմ»։ Պետրոսն ու ընկերները ստիպում էին Հիսուսին և կամենում արգելել այլ վայրեր գնալը։ Բայց Հիսուս կտրականապես մերժեց Կափառնայում վերադառնալու առաջարկը։ «Իմ պարտքն է,-ասաց,-ու իմ պաշտոնը ամեն կողմ գնալ, ամեն քաղաքում քարոզել»։ Սակայն խոստացավ շրջագայության վերջում կրկին Կափառնայում վերադառնալ։
   Այնուհետև մեն-մենակ մի անգամ էլ շրջեց Գալիլիայի քաղաքներում, ինչպես արդեն բացատրեցինք (Ղուկ․ 4։14-15)։ Քարոզում էր ժողովարաններում, բժշկում հիվանդներին, դիվահարներին, ցավեր էր դարմանում և ամենքին բարիք գործում։ Այստեղ Մատթեոսը կրկին հիշատակում է մի մեսիական մարգարեություն և այն վերագրում Հիսուսին․ «Նա զհիւանդութիւնս մեր վերացոյց եւ զցաւս մեր եբարձ»։ Այս վկայությունը մեջբերված է Եսայու մարգարեությունից, եբրայականի համաձայն, իսկ Յոթանասնից թարգմանությունն ունի․ «Նա զմեղս մեր բառնայ եւ վասն մեր չարչարի» Ես․ 55։4, որի իմաստը վերաբերվում է ոչ թե մարմնական, այլ՝ հոգևոր ցավերին և նույն իմաստով է մեջբերում նաև Պողոսը․ «Քրիստոս միանգամ մատուցեալ պատարագա ի բառնալոյ զնեղս բազմաց» Եբր․ 9։28։ Իմաստային նույն նշանակությունն ունի Պետրոսինը ևս․ «Որ զմեր մեղսն իւրով մարմնով վերացոյց ի խաչափայտն, որոյ վիրօքն բժշկեցաք» Ա Պետր․ 2։24։ Մատթեոսը, որ գործածել է եբրայական օրինակը, վերջինիս հետևելով, հարմարացրել է մարգարեությունը։ Պողոսն ու Պետրոսը հետևել են Յոթանասնից օրինակին, թեպետ Եսայու մարգարեության մեջ հոգու ցավերը ևս հիշատակված են ստորև․ «Նա զմեղս բազմաց վերացոյց եւ վասն անօրէնութեանց նոցա մատնեցաւ» Ես․ 55։12: Սակայն հոգեկան և մարմնական ցավերի փոխադարձ հարաբերությունը Հիսուս նույնպես հաստատեց, երբ նախ ներեց անդամալույծի մեղքն ու առողջացրեց հոգին, ապա բժշկեց մարմինը Մատթ․ 9։2,6, ինչը տեսնելու ենք իր կարգին։ Որքան էլ ավետարանիչներն այստեղ որոշ օրերի միջադեպերի մասին են պատմում, այնուամենայնիվ, դրանք հատկապես հիշատակելու նպատակով չեն, այլ բացահայտում են քարոզությունների ընթացքում Հիսուսի բռնած դիրքը։ Հիսուս հրաշագործությունը, քարոզչությունն ու աղոթքը գործածում է միմյանցից անբաժան։ Նրա հիմնական նպատակը վարդապետելն ու ուսուցանելն է։ Հրաշքները կիրառում է որպես սրտերին ազդող փաստ, իբրև բարերարություն և սիրո դրսևորում՝ միաժամանակ մերժելով այն, ինչը սոսկ իբրև երևույթ կամ ցուցմունք կարող է կարծվել։ Մյուս կողմից, ընդմիջվող առանձնությամբ ջանում է վերգտնել և հաճախակի աղոթքով զորացնել իրեն։ Հիսուսի այս վարվելակերպը մեզ մի կողմից ծանոթացնում է Իր կյանքի պատկերին, մյուս կողմից էլ՝ ցույց տալիս կյանքի օրինակելի կանոնը։