Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

   14-15. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների»։ «Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ապա ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»։
   
    Այստեղ Քրիստոս կրկին հիշատակում է երկնքի և Հոր մասին, որպեսզի այդ հիշատակմամբ ամոթ ներշնչի ունկնդրին, եթե իհարկե վերջինս, այդպիսի Հոր զավակը լինելով, շարունակի մնալ դաժան և, կանչված լինելով դեպի Երկինք, այդուհանդերձ, երկրային ու կենցաղական որևէ մտածում ունենա: Աստծու որդի լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն շնորհ ունենալ, այլ նաև գործեր գործել: Եվ ոչինչ այնքան չի նմանեցնում մեզ Աստծուն, որքան այն, երբ մենք ներում ենք մեզ վիրավորող չար մարդկանց: Սա Փրկիչն արդեն իսկ ցույց էր տվել ավելի վաղ` ասելով, որ երկնավոր Հայրն «Իր արեգակի ճառագայթներն ուղարկում է թե´ չարերի և թե´ բարիների վրա» (տե՛ս Մատթ. 5:45): Ահա թե ինչու Քրիստոս Իր յուրաքանչյուր խոսքում պատգամում է ամենքի համար աղոթքներ մատուցել, երբ ասում է. «Հայր մեր… Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է, մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, ների՛ր մեզ մեր պարտքերը, ների՛ր մեզ մեր պարտքերը, մի՛ տար մեզ փորձության, ազատի՛ր մեզ» (տե՛ս Մատթ. 6:9-13):
   Այսպիսով, մեզ պատվիրելով մեր բոլոր խնդրանքներն արտաբերել շատերի անունից` Հիսուս դրանով իսկ խրատում է մերձավորի դեմ զայրույթի չնչին հետք անգամ չունենալ: Ուրեմն, ինչպիսի՞ պատժի կարժանանան նրանք, ովքեր, անտեսելով այս ամենը, ոչ միայն իրենք անձամբ չեն ներում դիմացինի, այլև ավելին` Աստծուց են խնդրում վրեժխնդիր լինել իրենց թշնամիներից և, այդպիսով, ամբողջությամբ խախտում են անչարակամության մասին օրենքը, մինչդեռ Աստված ամեն բան անում և կարգավորում է, որպեսզի մենք միմյանց հանդեպ թշնամություն չունենանք:
   Ամեն բարիքի արմատը սերն է, ուստի Քրիստոս վերացնում է այն ամենը, ինչը կարող է վնասել սիրուն, և բոլոր ճանապարհներով ջանում է մեզ միավորել մեկմեկու հետ: Իրոք որ, բացարձակապես ոչ ոք՝ ո´չ հայր, ո´չ մայր, ո´չ ընկեր, ոչ էլ ուրիշ որևէ մեկը մեզ այնքան չի սիրում, որքան Ինքը` մեզ ստեղծած Աստված: Եվ սա հատկապես երևում է թե՛ Նրա ամենօրյա բարերարություններից, թե՛ Նրա պատվիրաններից: Եթե դու կարող ես մատնացույց անել բազմաթիվ հիվանդություններ, վշտեր և կյանքում պատահող այլ աղետներ, ապա մտածի´ր, թե որքան ես դո´ւ ամեն օր անդադար վիրավորում Աստծուն, և այդ ժամանակ չես զարմանա, եթե նույնիսկ քեզ պատուհասեն նաև ավելի մեծ աղետներ: Այլ, ընդհակառակը, դու կզարմանաս և կապշես, երբ քեզ հնարավորություն ընձեռվի որևէ բարիք վայելել: Հիմա մենք նայում ենք միայն մեզ պատուհասող դժբախտություններին, իսկ այն վիրավորանքների մասին, որոնցով ամեն օր մենք ենք վիրավորում Աստծուն, բնավ չենք խորհում: Այդ իսկ պատճառով էլ վշտանում ենք: Մինչդեռ, եթե մենք ուշադրությամբ խորհեինք նույնիսկ միայն մեկ օրում գործած մեր մեղքերի մասին, ապա պարզորոշ կտեսնեինք, թե իրականում մենք որքան ծանր պատիժների ենք արժանի:
   Եվ չխոսելով այլևայլ մեղքերի մասին, որոնք նախկինում մեզանից յուրաքանչյուրս էլ գործել է, կասեմ միայն այսօ´ր գործված մեղքերի մասին: Թեև ես չգիտեմ, թե ձեզանից յուրաքանչյուրը կոնկրետ ինչով է մեղանչել, սակայն մեղքերն այնքան շատ են, որ, նույնիսկ ամեն ինչ ճշգրիտ չիմանալով էլ, կարելի է նշել դրանցից շատերը: Օրինակ, ձեզանից ո՞վ աղոթքի ժամանակ ծուլություն չի դրսևորել: Ո՞վ չի հպարտացել: Ո՞վ չի ամբարտավանացել: Ո՞վ իր եղբորը վիրավորական խոսք չի ասել: Ո՞վ չար ցանկություն չի ունեցել: Ո՞վ անամոթ աչքերով չի նայել դիմացինին: Ո՞վ թշնամու մասին հիշելով՝ հոգով չի խռովվել, և իր սիրտն ամբարտավանություն չի պարուրել: Եթե նույնիսկ Եկեղեցում գտնվելով և գեթ կարճ ժամանակում մենք այդքան մեղքերով մեղանչելով` հանցավոր ենք դարձել, ապա ինչպիսի՞ն կլինենք, երբ այստեղից դուրս գանք: Եթե նավահանգստում այսպիսի ալիքներ են ծփում, ապա երբ մտնենք չարիքների անդունդը, այսինքն՝ դուրս գանք շուկա, զբաղվենք քաղաքային գործերով և կենցաղային հոգսերով, արդյոք կկարողանա՞նք նույնիսկ ինքներս մեզ ճանաչել:
   Եվ, այդուամենայնիվ, Աստված, ցանկանալով, որ մենք ազատվենք այդքան շատ ու մեծ մեղքերից, մեզ առաջարկում է կարճ, հեշտ և հարմար մի ճանապարհ: Իսկապես որ, ի՞նչ դժվարություն կա մեզ վիրավորողին ներելու գործում: Ոչ թե ներումը, այլ թշնամության պահպանո´ւմն է չարչարանք (դժվարություն) ենթադրում: Ու, ընդհակառակը, զայրույթից ազատվելը շատ դյուրին է նրա´ համար, ով ցանկանում է դա անել, և հենց դա է, որ խաղաղության է հանգեցնում:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

14-15. Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»:
   

   Որովհետև եթե մարդկանց ներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե մարդկանց չներեք նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների :

   Պարզ վարդապետություն և կասկածի անենթակա խրատ: Կրկնելով՝ [Տերը] հաստատում է նախորդը և հակիրճ վճիռ կայացնում, ինչպես որ հարությունից հետո էլ նույնը հաստատեց՝ ասելով. «Եթե մեկի հանցանքները ներեք, ներված կլինեն և ձեր [հանցանքները], և եթե մեկինը կապեք, կապված կլինեն և ձեր [հանցանքները]» (հմմտ. Հովհ. 20։22): Նույն միտքն է արտահայտում նաև հետևյալը. «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում, և ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում» (հմմտ. Մատթ. 18։18): Նաև սա. «Որպեսզի ոչ ոք չասի, թե չեմ կարող ներել մեկի հանցանքները» (հմմտ. Մատթ. 9։6): Ուրեմն՝ ասվում է, որ ունե՛նք իշխանություն սրանում: Բայց քանի որ մարդկանց հանցանքները երկու տեսակ են՝ [գործված] Աստծո և մարդկանց հանդեպ, [Տերը] որո՞նք է ասում, որ ներենք: Պարզ է, որ միմյանց հանդեպ գործված սխալները՝ ըստ այսմ. «Քանի՞ անգամ, եթե եղբայրս մեղանչի իմ հանդեպ, պիտի ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ». և [Տերը] պատասխանեց. «Ո՛չ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ անգամ» (հմմտ. Մատթ. 18։21-22), մինչ անհնար է, որ մեկ օրում մարդ [այդքան] մեղանչի: Աստծո հանդեպ հանցանքը պետք է ուղղել ըստ կանոնական խրատների և ապաշխարության արժանի պտուղ պահանջել [հանցանք գործածներից]: Իսկ ընկերոջ հանդեպ հանցանքն արդար իրավունքը կոխոտել է [նշանակում], քանի որ ասված է, որ [նրան] պետք է սեփական անձի չափ սիրել (Ղևտ. 19։18, Մատթ. 22։39) և նույնիսկ կյանքը [նրա] համար չխնայել (Հովհ. 15։13):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:
   
   «Եվ ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»:
   Այս ասելով՝ ոչ այլ ինչ է ուսուցանում, եթե ոչ այս՝ թե մեր դեմ հանցանք գործածներին արժանացնենք ներման, որպեսզի և Դու՝ Հա՛յր երկնավոր, ներես մեզ: Որովհետև Ինքն իսկ՝ Փրկի՛չը, քիչ հետո այս մեկնելով, ասաց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»:

   «Եվ մի տար մեզ փորձության»: Ինչո՞ւ է հրամայում աղոթել՝ չտարվելու համար փորձության, և ինչո՞ւ է ասում՝ «Իր կողմից փորձության տարվել», ինչպես Աբրահամի մասին գրված է. «Աստված փորձեց Աբրահամին» (Ծննդ. 22։1):

   Այս մասին պետք է ասել, թե կա երկու փորձություն, մեկը, որ Աստծուց է լինում, Իր սրբերի քաջությունը հայտնի դարձնելու համար, որպեսզի ցույց տա մարդկանց, թե ինչպիսին են, և [սրբերի] քաջությունը ցույց տալով՝ խրատի նաև այլ մարդկանց, ինչպես եղավ Աբրահամի և Հոբի պարագային, որ ասվեց, թե այլ ինչ մեծագույն բարիք կարվեր քեզ, քան այն, որ քո համբերությունը և քաջությունը ցույց տրվեցին քեզ, սատանային և բոլոր մարդկանց: Այսպիսի փորձությունը բարի և Աստվածային է:

   Իսկ մյուս փորձության [դեպքում], որ դժնդակ հանցանքների և Աստծու Խոսքը արհամարհելու պատճառով է [լինում], [մարդիկ] անտեսվում և մեկուսացվում են Աստծու նախախնամությունից ու մարդասիրությունից, և դրա համար պես-պես տանջանքներով փորձվում են բանսարկուից ու մարդկանցից: Հրամայում է այսպիսի փորձության մեջ չընկնել, [այլ] աղոթել և փրկվել չարից՝ աներևույթ թշնամուց և չար գործերից, որոնք կատարվում են ըստ նրա կամքի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1