Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են»։
Ահավասիկ, բացի «շներից» և «խոզերից», մատնանշվում է նաև մեկ այլ տեսակի խմբավորում, որը չարախոսություն և նենգություն է սփռում: Այս «տեսակն» այն առաջիններից շատ ավելի վտանգավոր է. նրանք, գոնե, հայտնի և բացահայտ էին, իսկ սրանք՝ թաքնված: Այդ պատճառով էլ Փրկիչը հրամայում էր գեթ հեռու մնալ վերոհիշյալ «շներից» և «խոզերից», մինչդեռ սույն «սուտ մարգարեների» դեպքում պատգամում է դեռևս ուշադիր զննել, քանի որ անհնար է նրանց ճանաչել առաջին հայացքից: Ահա թե ինչու է Հիսուս ասում՝ «զգո´ւյշ եղեք»` առավել մեծ ջանասիրություն ներշնչելով նրանց ճանաչելու հարցում:
Այնուհետև Փրկիչն Իր ունկնդիրներին հիշեցնում է նախնի հայրերի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները՝ հատկապես հիշատակելով սուտ մարգարեների մասին, որպեսզի նրանք, ովքեր Հիսուսից լսել էին, թե պետք է ընթանալ նեղ, վշտերով լեցուն և շատերի համար տհաճ ճանապարհով (ընդ որում՝ այդ ճանապարհով ընթանալիս էլ իրենց հեռու պահել շներից ու խոզերից, ինչպես նաև այլ՝ ավելի չար տեսակի թշնամիներից, այսինքն՝ գայլերից), սպասվող վշտերի բազմությունից հուսահատության մեջ չընկնեին, քանի որ, ինչպես ասացի, նրանք պետք է ընթանային շատերի համար տհաճ ճանապարհով և, ընդ որում, այդ ընթացքում պետք է հաշվի առնեին վերոնշյալ խոչընդոտները:
Այս նկարագրված դժվարությունները պատահում էին նաև այն ժամանակ: «Ուստի, - ասում է Քրիստոս, - մի՛ խռովվեք: Նոր կամ առանձնահատուկ ոչինչ չի պատահել: Սատանան մշտապես էլ ճշմարտությանը խառնում է իր խաբեությունը»: Այստեղ «սուտ մարգարեներ» անվան տակ, ինչպես ինձ է թվում, Քրիստոս նկատի չունի հերետիկոսներին, այլ նրա´նց, ովքեր, անառակաբարո կյանք վարելով, թաքնվում են առաքինության դիմակի տակ, և որոնց սովորաբար անվանում են «խաբեբաներ»:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են:
Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հագուստով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Նրանց պտղի՛ց կճանաչեք նրանց:
Նախ ասաց, որ շների ու խոզերի հետ չհաղորդակցվենք, իսկ այժմ ցույց է տալիս ուրիշ թշնամիների՝ ավելի չար, քան նախորդները, քանի որ վերջիններս հայտնի էին, իսկ սրանք՝ ծածուկ, նրանցից հեռանալ հրամայեց, իսկ սրանց մեծ զգուշությամբ քննել: Բայց ո՞ւմ է «սուտ մարգարե» կոչում. հերձվածողների մասի՛ն չի խոսում, որովհետև հերձվածողների մեջ հաճախ կարելի է գտնել պարկեշտ վարք, իսկ սրանց մեջ՝ ո՛չ բնավ, ինչպես ասում է. «Նրանց գործերի՛ց կճանաչեք նրանց»: Ինձ թվում է՝ սուտ առաքյալների մասին է խոսում, որոնց Պողոսը «նենգավոր մշակ» է կոչում (Բ Կոր. 11։13), որովհետև ինչպես որ նենգ մշակները փչացնում են տանուտերերի այգիները, այդպես սրանք ոչխարի մորթիով քողարկվելով՝ հոտերը փողոտում են: [Նկատի ունի] նաև նրանց, ովքեր առաքինության կերպարանք են հագնում, ինչպես [հրեա] օրենսգետները, բայց ներսից զեղծ վարքով են շրջում և շատերի գայթակղության ու հավատքից հրաժարման պատճառ դառնում: Եվ որպեսզի ոչ ոք չասի, թե քանի որ ոչխարի հագուստ են կրում, ինչպե՞ս կարող ենք ճանաչել, [Տերն] ասում է. «Նրանց պտղի՛ց կճանաչեք նրանց». [այդպիսիք] իսկույն խայտառակվում են, որովհետև Ես հրամայեցի նեղ դռնել անցնել, իսկ կեղծավորները դա չեն կամենում, ուստի նրանց չարության կեղծիքը բացահայտվելով հրապարակվում է: Բայց հենց այնպես չէ, որ [Տերը] գործը «պտուղ» է կոչում, այլ որպեսզի ցույց տա, որ գործը դրսից երևացողն է, ինչպես ճյուղից կախված պտուղը, նաև Իր խնամքն է ցույց տալիս, քանի որ մարդկանց խնամում է ինչպես ծառեր՝ սպասելով փրկավետ գործերի պտուղներին, որոնցով ուրախանում է մեր բանական հողի Տնկագործը, որպեսզի [այդ հողը] չամբաստանվի իբրև փշաբեր, ինչպես Իսրայելը կամ ինչպես այժմ ներկայացվող կեղծավորները:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են:
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» և այլն:
Հրամայում է զգուշանալ խաբեբա վարդապետներից և սուտ մարգարեներից, քանզի իրենց սուտ խոսքերով և շողոքորթությամբ մարդկանց աչքում թվում են ավելի հեզ, քան ոչխարները, և ավելի քաղցր, քան խաղողի և թզենու պտուղները, սակայն իրենց սրտերով և խորամանկություններով կորստյան են մատնում իրենց հետևորդների հոգիները: Նրանք առավել հափշտակող են, քան գայլերը, և խոցոտելիս ավելի դժնդակ, քան փուշն ու տատասկը:
Եվ ինչպես անհնարին է այսպիսիներից խաղող կամ թուզ հավաքել, նույնպես և անհնարին է այսպիսիներից քաղցր և առողջ վարդապետություն ընդունել:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: