Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հարյուրապետը պատասխանելով` ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես, այլ միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի»»։
   
    Ուրեմն, ի՞նչ է ասում հարյուրապետը: «Ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես»: Այս խոսքին ունկնդիր լինենք նաև մենք, որ մտադիր ենք ընդունել Քրիստոսին, որովհետև ներկայումս նույնպես կարելի է Նրան ընդունել, ուրեմն լսենք և նախանձախնդիր լինենք ու այս խոսքն ընդունենք միևնույն հոգածությամբ:

    Իսկապես որ, երբ դու ընդունել ես աղքատին, քաղցածին և մերկին, դու ընդունել և կերակրել ես հենց Քրիստոսի´ն: «…այլ միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի»: Տե՛ս, թե ինչպես է հարյուրապետը, բորոտի նման, ցույց տալիս Քրիստոսի մասին ունեցած իր ճշգրիտ պատկերացումը: Հարյուրապետը չի ասում՝ «դիմի՛ր Աստծուն», կամ՝ «աղոթի՛ր և շարժի´ր Աստծու ողորմությունը», այլ միայն՝ «հրամայի՛ր» («խոսքո՛վ ասա»):

    Քանի որ Ղուկասն այս հրաշագործության՝ հարյուրապետի ծառայի բժշկման մասին պատմության մեջ ներառում է նաև շատ այլ իրադարձություններ, որոնք, կարծես թե, որոշակի անհամապատասխանություն են ցույց տալիս, ուստի անհրաժեշտ է նաև սա բացատրել ձեզ: Ուրեմն, ի՞նչ է ասում Ղուկասը: Հարյուրապետը Հիսուսի մոտ ուղարկեց «հրեաներից ավագներին, որ աղաչեն Նրան, որպէսզի գա» (Ղուկ. 7:3): Մինչդեռ Մատթեոսն ասում է, որ հարյուրապետն ինքը, գալով, ասաց. «Արժանի չեմ…»: Ոմանք ասում են, որ սրանք տարբեր անձինք են, թեև ունեն շատ ընդհանրություններ: Այս վերջինի մասին ասվում է. «Սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար» (Ղուկ. 7:5), իսկ այն առաջինի մասին Հիսուս Ինքն է ասում. «Նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»: Ղուկասի նկարագրած հարյուրապետի մասին չի ասվում՝ «շատերը կգան արևելքից», - ինչից հավանական է, որ նա հրեա էր: Ի՞նչ կարող ենք ասել այս հարցի վերաբերյալ: Այն, որ խնդրի լուծումը շատ դյուրին է. հարցն այն է միայն, թե արդյոք այս երկու հարյուրապետերը նույն անձն են, թե ոչ: Ես կարծում եմ, որ խոսքը նույն անձի մասին է: Այդ դեպքում ինչո՞ւ է, որ, - գուցե հարցնի մեկը, - ըստ Մատթեոսի վկայության, այս հարյուրապետն ասաց՝ «Ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես», իսկ համաձայն Ղուկասի վկայության՝ մարդիկ ուղարկեց Հիսուսի հետևից, որպեսզի Նրան կանչեն: Ինձ թվում է, որ Ղուկասը մեզ ցույց է տալիս հրեաների հաճոյախոսությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ, դժբախտության մեջ անկայուն հոգեվիճակում լինելով, հաճախ փոխում են իրենց մտադրությունները: Շատ հավանական է, որ երբ հարյուրապետը ցանկանում էր ինքը գնալ Հիսուսի մոտ, հրեաները խանգարեցին նրան՝ հաճոյախոսելով և ասելով. «Մենք կգնանք և կբերենք Նրան քո տուն»: Տե՛ս, նրանց խնդրանքն էլ լի է հաճոյախոսությամբ: «Որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ շինեց մեզ համար», - ասում են նրանք և կարծես նույնիսկ չգիտեն էլ, թե ինչի համար պետք է գովել այդ մարդուն: Նրանք պետք է ասեին, որ «հարյուրապետն ինքն էր ցանկանում էր գալ և խնդրել, բայց մենք խանգարեցինք՝ իմանալով նրա դժբախտությունը և տեսնելով նրա տանը պառկած մարմինը», և այդպիսով պետք է ներկայացնեին հարյուրապետի հավատի մեծությունը, մինչդեռ սրա մասին այս հրեաները չեն խոսում: Իրենց նախանձի պատճառով նրանք չէին ցանկանում բացահայտել այդ մարդու հավատը, և որպեսզի Փրկչին հրավիրողին որպես մի մեծազնիվ մարդու չներկայացնեին Հիսուսի առջև, նրանք, կատարելով հանդերձ իրենց այն պարտքը, ինչի համար եկել էին, որոշեցին ավելի շուտ մթագնել հարյուրապետի առաքինությունը, քան թե բացահայտել նրա հավատքը: Նախանձը հեշտությամբ կարող է կուրացնել միտքը: Բայց գաղտնիքներն Իմացողը նրանց կամքին հակառակ փառաբանեց հարյուրապետին: Իսկ այն մասին, որ դա ճիշտ այդ պատճառով եղավ, լսի՛ր, թե ինչ է ասում Ղուկասը` բացատրելով եղելությունը. «Երբ [Հիսուս] տնից շատ հեռու չէր, հարյուրապետը Նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես» (Ղուկ. 7:6): Իսկ հենց որ նա (հարյուրապետը) ազատվեց հրեաների նյարդայնացնող ներկայությունից, մարդիկ ուղարկեց` ասելու. «Մի՛ կարծիր, թե ես ծուլությանս պատճառով չեկա Քեզ կանչելու, այլ որովհետև ինձ արժանի չհամարեցի Քեզ ընդունելու իմ տանը»:

    Այն, որ Մատթեոսը պատմում է, թե հարյուրապետն այդ ասաց ոչ թե իր «բարեկամներ»-ի միջոցով, այլ անձամբ, սա ոչ մի հակասություն չի առաջացնում: Խնդիրն այն է, որ երկու ավետարանիչներն էլ ցույց են տալիս այդ մարդու բարենկատությունը, ինչպես նաև այն, որ հարյուրապետը Քրիստոսի մասին շատ բարձր կարծիք ուներ: Հավանական է, որ հարյուրապետը, իր բարեկամներին Քրիստոսի մոտ ուղարկելուց հետո, ինքն էլ եկավ և ասաց նույնը: Եթե Ղուկասն այս մի իրողությունը չի հիշատակում, իսկ Մատթեոսն էլ չի հիշատակում այն մյուս փաստը, ապա դրա պատճառը երկու ավետարանիչների անհամաձայնությունը չէ, այլ ավելի շուտ ա´յն, որ ավետարանիչներից մեկը լրացնում էր այն, ինչ մյուսը բաց էր թողել: Տե՛ս, թե Ղուկասն ինչպես է բացահայտում հարյուրապետի հավատը նաև մեկ այլ դիտանկյունից՝ ասելով. «Ծառան մեռնելու մոտ էր»: Այս հանգամանքը, սակայն, չհուսահատեցրեց հարյուրապետին և չզրկեց նրան հույսից, այլ նույնիսկ այս պարագայում էլ նա հույս ուներ, որ իր ծառան կապրի: Եթե, ըստ Մատթեոսի վկայության, Քրիստոս ասաց՝ «նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա», և դրանով իսկ ցույց տվեց, որ հարյուրապետն իսրայելացի չէր, իսկ Ղուկասն էլ պատմում է, որ այս հարյուրապետը ժողովարան էր կառուցել, ապա այստեղ էլ հակասություն չկա, քանի որ կարելի էր նաև, առանց հրեա լինելու, ժողովարան կառուցել և սիրել հրեա ժողովրդին:

    Դու, սակայն, պարզապես մի՛ քննիր հարյուրապետի խոսքերը, այլ հաշվի առ նաև նրա դիրքը՝ որպես եգիպտական կառավարիչ, և այդ ժամանակ կտեսնես այդ մարդու առաքինությունը: Իրոք որ, կառավարիչները սովորաբար շատ հպարտ են և չեն խոնարհվում նույնիսկ ամենամեծ դժբախտությունների ժամանակ: Այսպես, Հովհաննեսի Ավետարանում հիշատակված [պալատական պաշտոնատարը] Քրիստոսին կանչում է իր տուն և ասում. «Տե՛ր, արի՛, քանի որ իմ որդին մահամերձ է»։  (հմմտ. Հովհ. 4:49): Մինչդեռ այս հարյուրապետը, ընդհակառակը, այդպես չվարվեց, այլ շատ ավելի լավ բարք ցույց տվեց, քան այդ պալատական իշխանավորը և նրանք, ովքեր անդամալույծի մահիճն իջեցրին տանիքով: Այս հարյուրապետը չի պահանջում Հիսուսի մարմնական ներկայությունը և տառապողին էլ չի բերում Բժշկի մոտ, ինչից էլ որ հետևում է, թե հարյուրապետը որքան բարձր կարծիք ուներ Հիսուսի մասին և Նրան ընդունում էր որպես աստվածահավասար մի Էակի` ասելով. «Միայն խոսքո՛վ ասա»:

    Եվ, դարձյալ, հարյուրապետը սկզբից չի ասում՝ «միայն խոսքո՛վ ասա», այլ նախևառաջ միայն պատմում է իր ծառայի հիվանդության մասին, քանի որ իր մեծ խոնարհության պատճառով ակնկալիք չուներ, թե Քրիստոս անմիջապես կլսի նրան ու կգնա իր տուն: Ահա թե ինչու, երբ հարյուրապետը լսեց Փրկչի այս խոսքերը, թե՝ «Ես կգամ ու կբժշկեմ նրան», այդ ժամանակ իսկ ասաց. «Միայն խոսքո՛վ ասա»: Եվ իր ծառայի հիվանդությունն էլ չէր խռովեցրել հարյուրապետին, այլ նա նույնիսկ դժբախտության մեջ իմաստնորեն էր վարվում՝ մտքում ունենալով ոչ այնքան պատանու առողջությունը, որքան այն, որ իր արարքներում որևէ անհարգալից քայլ չկատարի: Ու թեև նա չէր պնդում, բայց Քրիստոս խոստացավ: Եվ հարյուրապետը նույնիսկ այդ ժամանակ վախենում էր, որ որևէ կերպ դուրս չգար պատշաճության սահմաններից և իրեն որևէ ծանր արարքով չծանրաբեռներ: Տեսնո՞ւմ ես հարյուրապետի խոհեմությունը: Նայի՛ր նաև հրեաների անմտությանը, որոնք ասում են՝ «նա արժանի է, որ Դու նրան ողորմություն ցույց տաս»: Այդժամ հարկ էր դիմել Հիսուսի մարդասիրությանը, մինչդեռ հրեաներն առաջ են քաշում այդ մարդու արժանիքը՝ չիմանալով, թե որ տեսանկյունից էր պետք ներկայացնել նրան: Իսկ ահա հարյուրապետը, ընդհակառակը, այլ կերպ վարվեց. նա իրեն խիստ անարժան էր համարում ոչ միայն բարեգործության արժանանալու, այլ նաև Տիրոջն իր տանն ընդունելու համար: Այս իսկ պատճառով էլ, ասելով՝ «…ծառաս պառկած է», այնդուհետև չավելացրեց՝ «ասա´», վախենալով անարժան դառնալ պարգևի ընդունմանը, այլ նախ միայն պատմեց իր դժբախտության մասին: Եվ նույնիսկ երբ տեսավ Քրիստոսի ողորմածությունը, անգամ այդ դեպքում չպնդեց, այլ խստորեն պահպանեց պատշաճության սահմանը: Իսկ եթե մեկը հարցնի՝ «ինչո՞ւ Քրիստոս փոխադարձաբար չպատվեց նրան», մենք կպատասխանեինք, որ Քրիստոս, ընդհակառակը, մեծապես պատվեց այս հարյուրապետին: Նախ՝ հայտնեց Իր համաձայնությունը, ինչը հատկապես երևում է նրանից, որ Հիսուս չգնաց հարյուրապետի տուն (այլ միայն խոսքով բժշկեց), և երկրորդ՝ հարյուրապետին արժանի համարեց Արքայություն մուտք գործելուն և գերադասեց ամբողջ հրեա ժողովրդից: Եվ հարյուրապետն այս շնորհին արժանացավ միայն այն բանի շնորհիվ, որ ինքն իրեն անարժան համարեց նույնիսկ Քրիստոսին իր տանն ընդունելուն, և փոխարենն արժանացավ ստանալու Արքայությունը և այն բարիքները, որոնք վայելում էր Աբրահամը:

    «Իսկ ինչո՞ւ է, որ, - կհարցնի մեկը, - բորոտը, ավելի մեծ առաքինություն ցուցաբերելով, գովասանքի չարժանացավ: Չէ՞ որ բորոտը չասաց՝ «միայն խոսքո՛վ ասա», այլ շատ ավելի մեծազդու խնդրանքով դիմեց Փրկչին` ասելով. «Միայն կամեցի՛ր…», ինչպես մարգարեն է ասում Հոր մասին. «Ամեն բան, ինչ ցանկանում է, անում է» (հմմտ. Սաղմ. 113:11)»: Բայց չէ՞ որ բորոտը նույնպես գովասանքի արժանացավ: Երբ Փրկիչն ասաց՝ «ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է պատվիրել, իբրև վկայություն նրանց», այդ խոսքերով Նա արտահայտեց ոչ այլ ինչ, քան այն դատավճիռը, ըստ որի` դու մեղադրած կլինես նրանց, որովհետև դու հավատացիր: Մյուս կողմից, սակայն, հրեայի համար հավատալը նույնը չէր, ինչ հրեա ժողովրդից չեղող մեկի համար էր: Իսկ որ հարյուրապետը հրեա չէր, երևում է և՛ այն հանգամանքից, որ նա հարյուրապետ էր, և՛ այն խոսքերից, որոնք ասվեցին նրա մասին. «Նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի.
   

    Հարյուրապետը պատասխանեց. «Տե՛ր, արժանի չեմ, որ հարկիս տակ մտնես, այլ ասա՛ խոսքով, և երեխաս կբժշկվի»:

    Այս խոսքից երևում է, որ [հարյուրապետը] Նրա մասին ցածր բան չմտածեց, այլ շա՛տ բարձր, ավելի, քան բորոտը, որովհետև վերջինս ասաց. «Թե կամենաս, կարող ես» (հմմտ. Մատթ. 8։2), իսկ սա ազատորեն [ասում է]. «Ասա՛ խոսքով, և երեխաս կբժշկվի, քանի որ գիտեմ, որ իսկապես Տերն ես, որ անաշխատ խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը և մարդասիրելով՝ խոնարհությամբ իջար երկիր: Չեմ համարձակվում բանալ իմ հողեղեն հարկի դուռը Քո առաջ, Որիդ անտանելի մեծությունը չի կարող տանել բոլոր [գոյությունների] մեջ և ոչ մեկը, իսկ Քո հրամանի խոսքը գործով արդյունք է տալիս: Ուստի ինձ վրա՛ էլ ցողիր բժշկությանդ աղբյուրը, բժշկությանդ ցողը»: Մենք և՛ս սովորենք այսպիսի խոնարհությամբ զգեստավորվել, քանի տակավին հարյուրապետ ենք ու այս աշխարհակալ Կայսեր զինվորականը, և երբ մեծ շնորհ կամ աստիճան մեզ տրվի, ասենք. «Արժանի չենք [այս] մսեղեն բնակարանով ծառայելու Քեզ», որպեսզի սրանով թերևս ընդունենք Քրիստոսին, Ով մեզ կվերադարձնի արդարության բնակարանը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5