Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Հիսուս հարյուրապետին ասաց. «Գնա՛, և, ինչպես որ դու հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»։ Եվ նրա ծառան բժշկվեց այդ պահին»։
   
    Փրկիչը, բազմաթիվ հրաշքներ գործելուց հետո, ժողովրդի հետ խոսում է ավելի մեծ ազատությամբ: Ապա, որպեսզի ոչ ոք Նրա խոսքերը հաճոյախոսություն չհամարի, այլ բոլորը իմանան, որ հարյուրապետն իսկապես այդպիսի տրամադրվածություն ուներ, ասում է. «Գնա՛, և, ինչպես որ դու հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»:

    Եվ սրան անմիջապես հետևում է այն նշանը, որը վկայում է նրա (հարյուրապետի) այդպիսի տրամադրվածության մասին. «Եվ նրա ծառան բժշկվեց այդ պահին»: Նույնը պատահեց նաև ասորա-փյունիկեցի կնոջ հետ, քանի որ նրան էլ Փրկիչն ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»։ Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց» (Մատթ. 15:28):

    Եվ, այնուամենայնիվ, այդ մեծ և զարմանալի հրաշքին մեծապես նպաստեց ինքը` հարյուրապետը, ինչը ցույց տալով՝ Քրիստոս ասաց. «Գնա՛, և, ինչպես որ դու հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»: Տեսնո՞ւմ ես, թե պատանու բժշկությունն ինչպես բացահայտեց և´ Քրիստոսի զորությունը, և´ հարյուրապետի հավատը, ինչպես նաև` հաստատեց գալիքը: Կամ, ավելի ճիշտ, այս ամենը վկայում էր Քրիստոսի զորության մասին, որովհետև Նա ոչ միայն բուժեց պատանու մարմինը, այլև հրաշքների միջոցով նաև հարյուրապետի հոգի´ն գրավեց դեպի հավատը: Բայց դու նայի՛ր ոչ միայն սրան, որ մեկը հավատաց, իսկ մյուսը` բուժվեց, այլ նաև հիացի՛ր այն արագությամբ, որը ցույց տալով՝ ավետարանիչն ասում է. «Եվ նրա ծառան բժշկվեց այդ պահին», ինչպես որ նաև բորոտի վերաբերությամբ էր ասվել, թե նա (բորոտը) «իսկույն» մաքրվեց: Քրիստոս ցույց էր տալիս Իր զորությունը ոչ միայն բժշկությամբ, այլ նաև նրանով, որ այդ բժշկությունը կատարում էր անսպասելի և ակնթարթորեն: Եվ ոչ միայն սրանով էր Նա օգուտ բերում, այլ նաև ա´յն բանով, որ հրաշքներ գործելու ժամանակ հաճախ քարոզում էր Արքայության մասին Իր վարդապետությունը և բոլորին գրավում էր դեպի այդ Արքայությունը: Նույնիսկ նրանց, ում Հիսուս սպառնում էր դուրս նետմամբ, սպառնում էր ո´չ թե դուրս նետելու համար, այլ որպեսզի խոսքերով վախեցնելով՝ նրանց ևս գրավի դեպի Արքայություն: Եթե հրեաները սրանից ոչ մի օգուտ չստացան, ապա դրա համար միանգամայն մեղավոր էին հենց իրենք, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր տառապում էին հրեաներին հատուկ անհավատության այս հիվանդությամբ: Բոլորին է հայտնի, որ նույնը պատահում էր ոչ միայն հրեաների, այլ նաև հավատացյալների´ հետ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:
   

    Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա՛, և կլինի քեզ, ինչպես հավատացիր»:

    Նախ՝ քանի որ հրեաների համար վճիռ սահմանեց, հրաշքներով է այն հաստատում: Երկրորդ՝ որպեսզի ոչ ոք չկարծեր, թե հարյուրապետի խոսքերը ծառայություն մատուցելու համար էին և ոչ թե ճշմարիտ ու հաստատուն բարքի [արդյունք], ամենքին է հայտնի դարձնում նրա միտքը, թե՝ «Գնա՛, և ինչպես որ հավատացիր», որ խոսքով կառողջանա երեխադ,«կլինի քեզ», և խոսքն իսկույն գործ է դառնում՝ որպես այդ մարդու հավատի վկայություն: Եվ երրորդ՝ ցույց է տալիս, որ նրա հավատը Իր կատարած բժշկության մասնակիցն է. սա՛ է հայտնում «Գնա՛, և կլինի քեզ, ինչպես հավատացիր» [խոսքը]:

    Եվ նրա երեխան առողջացավ այդ օրը:

    Ինչպես քանանուհու դուստրը, երբ [Տերն] ասաց նրա [մորը]. «Դո՛ւստր, մեծ է քո հավատը, կլինի քեզ, ինչպես կամենում ես» (Մատթ. 15։28), բժշկվեց նույն ժամին, այդպես էլ հարյուրապետինը ոչ միայն բժշկվեց, այլև «այդ օրը». երբ [հարյուրապետը] հարցրեց ժամի մասին, թե ո՛ր ժամին է [դուստրն] ապաքինվել, ասացին. «Երեկ՝ յոթերորդ ժամին, տենդը թողեց նրան» (Հովհ. 4։52), և այդ նորանշան դեպքի պատճառով [հարյուրապետն] ու նրա ամբողջ տունը հավատացին [Հիսուսին]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5