Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
14-15. «Պետրոսի տուն գալով` Հիսուս տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած»։ «Եվ բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց, և նա վեր կացավ ու ծառայում էր նրանց»։
Մարկոսը, ցանկանալով ցույց տալ նաև ճիշտ ժամանակը, ասում է. «…և իսկույն» (Մարկ. 1:30), մինչդեռ Մատթեոսը նկարագրում է միայն հրաշքը՝ առանց ժամանակը նշելու:
Ոմանք ասում են, որ հիվանդը նույնիսկ ինքն է խնդրանքով դիմել Փրկչին, բայց Մատթեոսն այդ մասին էլ է լռում: Այնուամենայնիվ, սրանում հակասություն չկա. մի իրողությունը պատմության համառոտության հետևանքով է, մյուսը՝ պատմությունն ամբողջականորեն ներկայացնելու միտումից ելնելով:
Բայց Քրիստոս ինչո՞ւ մտավ Պետրոսի տուն: Ինձ թվում է՝ սնունդ ընդունելու համար: Սա սա ցույց է տալիս նաև ավետարանիչը, երբ ասում է. «Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց»: Քրիստոս կանգ էր առնում Իր աշակերտների հարկի տակ, ինչպես օրինակ՝ նաև Մատթեոսի´ տանը, երբ նրան կանչում էր Իր հետևից, որպեսզի դրանով պատվի նրանց (աշակերտներին) և ավելի ջերմեռանդ դարձնի: Բայց դու այստեղ էլ նկատի՛ր Պետրոսի պատկառանքը Հիսուսի հանդեպ: Ունենալով զոքանչ, որ տանը պառկած էր ուժգին տենդով, Պետրոսը Հիսուսին իսկույն չբերեց իր տուն, այլ սպասեց, մինչև Նրա ուսուցումն ավարտվի և բոլոր մյուսները բժշկվեն, և միայն այդ ժամանակ, երբ Քրիստոս մտավ իր տուն, սկսեց խնդրել Նրան: Այսպիսով, Պետրոսը հենց սկզբից ուսանեց ուրիշների օգուտը գերադասել սեփական օգտից:
Ուրեմն, Պետրոսը Հիսուսին իր տուն չի բերում, այլ Նա Ինքն Իր կամքով է գալիս` այն բանից հետո, երբ հարյուրապետն ասաց. «Ես արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես» (Մատթ. 8:8): Այդպիսով Քրիստոս ցույց է տալիս, թե Ինքն ինչպիսի բարեհաճություն է ունեցել Իր աշակերտի նկատմամբ: Բայց պատկերացրու, թե ինչպիսին էին այդ ձկնորսների տները…Այնուամենայնիվ, Քրիստոս չէր խորշում մտնել նրանց աղքատ խրճիթները՝ դրանով քեզ սովորեցնելով ամեն ինչում ոտնակոխ անել մարդկային հպարտությունը: Երբեմն Նա բուժում էր միայն խոսքերով, երբեմն ձեռք էր մեկնում կարիքավորին, իսկ երբեմն էլ անում էր թե´ մեկը, և թե´ մյուսը, որպեսզի Իր կատարած բժշկությունը տեսանելի լիներ: Քրիստոս միշտ չէ, որ ցանկանում էր հրաշք գործել արտասովոր կերպով: Բայց Հիսուս դեռևս պետք է «թաքնվեր»` հատկապես Իր աշակերտներից, որովհետև վերջիններս մեծ ուրախությամբ ամեն ինչ կպատմեին ամենքին: Եվ սա երևում է նրանից, որ լեռ բարձրանալուց հետո Հիսուս անհրաժեշտ է համարում Իր աշակերտներին զգուշացնել, որ նրանք ոչ մեկին ոչինչ չպատմեն: Ուրեմն, դիպչելով մարմնին, Փրկիչը ոչ միայն դադարեցնում է տենդը, այլ նաև ամբողջությամբ վերադարձնում է առողջությունը: Քանի որ հիվանդությունն աննշան էր, ուստի Հիսուս ցույց տվեց Իր զորությունը բժշկման եղանակով, ինչը բժշկական արվեստն անկարող կլիներ անել:
Ձեզ հայտնի է, որ նույնիսկ տենդից ազատվելուց հետո հիվանդներին շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերականգնեն իրենց նախկին առողջությունը: Բայց այս դրվագում ամեն բան միանգամից տեղի ունեցավ: Եվ սա պատահեց ո´չ միայն այս իրավիճակում, այլ նաև ծովի վրա: Այնտեղ նույնպես Հիսուս ոչ միայն հնազանդեցրեց քամիներին ու փոթորկին, այլև անմիջապես կանգնեցրեց նաև ալիքների ընթացքը, ինչը նույնպես զարմանահրաշ էր: [Սովորաբար] նույնիսկ փոթորկի դադարելուց հետո էլ ալիքները դեռևս երկար ժամանակ տատանվում են:
Քրիստոսի գործած հրաշքների պարագայում, սակայն, այդպես չէր: Նրա հրաշագործությունների ժամանակ ամեն ինչ միաժամանակ դադարում էր: Հենց այդպես պատահեց նաև այս կնոջ (Պետրոսի զոքանչի) հետ: Դա մատնացույց անելով՝ ավետարանիչն ասում է. «Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց», ինչը թե´ Քրիստոսի զորության, և թե´ կնոջ (Պետրոսի զոքանչի)՝ Քրիստոսի հանդեպ ունեցած վերաբերմունքի նշանն էր:
Այստեղից մենք կարող ենք եզրակացնել նաև այն, որ Քրիստոս մեկի հավատի զորությամբ բժշկություն էր պարգևում նաև մյուսներին (այստեղ հենց ուրիշներն էին խնդրում Հիսուսին, ինչպես դա եղավ հարյուրապետի ծառայի պարագայում): Այնուամենայնիվ, Քրիստոս բարեգործություն է անում միայն այն դեպքում, եթե բժշկության կարիքն ունեցողը չի համառում իր անհավատության մեջ, այլ կա՛մ իր հիվանդության պատճառով չի կարող գնալ Փրկչի մոտ, կա՛մ էլ տգիտության և հոգևոր անհասության պատճառով վսեմ պատկերացում չունի Հիսուսի մասին:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
14-15. Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր: Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:
Երբ Հիսուսը եկավ Պետրոսի տուն, տեսավ, որ նրա զոքանչը բարձր ջերմությամբ պառկած է: Բռնեց նրա ձեռքից, ջերմությունն իջավ, [զոքանչը] ոտքի ելավ և ծառայում էր Նրան:
Մեր Տերը սովորություն ուներ երբեմն Իր աստվածությունը հայտնի դարձնել, երբեմն էլ՝ մարդկությունը, որն անթերիորեն ուներ: Արդ՝ հարյուրապետի տուն չգնալը հայտնապես ցույց է տալիս Նրա աստվածությունը, որն ամենուրեք լինելով՝ կատարում է գործերը: Իսկ այժմ եկավ Պետրոսի տուն և իբրև մարդասեր բժիշկ բռնեց ջերմություն ունեցողի ձեռ քից՝ ցույց տալով Իր մարդկային խոնարհությունը: Այդպես երբեմն ալիքների վրայով էր ընթանում, երբեմն էլ նավով երթևեկում, որպեսզի ցույց տար, որ ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ: Բայց Մարկոսը ասվածներին ավելացնում է, որ անմիջապես է [Տերը] եկել Սիմոնի տուն, և որ [զոքանչի] համար աղաչել են Նրան, իսկ Մատթեոսը համառոտ է պատմում, որովհետև առաջինը կամենում է նաև ժամանակի մասին տեղեկացնել, իսկ մյուսը՝ միայն հրաշքների:
Տիրոջ՝ տուն մտնելը, ինձ թվում է, որևէ կերակուր ընդունելու համար էր: Սա երևում է նրանից, որ [ավետարանիչն] ասում է. «[Զոքանչը] ոտքի ելավ և ծառայում էր Նրան». բայց նախ Տիրոջ պարգևը վայելեցին և ապա՛ Պարգևատուին կերակրեցին: Ուշադրություն դարձրու նաև Պետրոսի ակնածանքին, թե ի՛նչ հիվանդ ուներ տանը, բայց չէր համարձակվում [Հիսուսին իր] տուն տանել, այլ սպասում էր, մինչև ուսուցանումն ավարտեր և ուրիշներին բժշկեր, որովհետև այսպես էր խրատվել ի սկզբանե՝ սեփական անձն առավել մեծարգի չհամարել, քան շատերի փրկությունը: Իսկ երբ [Հիսուսն] Ինքը մտավ [նրա] տուն, աղաչեցին [զոքանչի] համար, և բժշկեց: [Սրանով] նախ Իր մարդկությունն ու նաև խոնարհությունը հայտնի դարձրեց, որովհետև ի՞նչ պիտի լիներ որսորդի տունը, սակայն չգարշեց գնալ [այնտեղ], որպեսզի քեզ խրատի ոտնակոխ անել մարդկային փառքը: Եվ ապա ցույց տվեց աստվածության փառքը՝ ոչ միայն այդ բժշկությամբ, այլև նորանշան առողջացմամբ, այնպես, որ [զոքանչը] զորացած՝ ծառայում էր նրանց: Որովհետև ամեն ոք էլ գիտի, որ երբ բարձր ջերմությունն իջնում է, հիվանդները երկար ժամանակ են անցկացնում, մինչև վերստանում են նախկին ուժը, իսկ այստեղ ամեն ինչ միանգամից եղավ: Եվ [զոքանչի] ձեռքից [Տերը] բռնեց, որպեսզի հայտնի դառնար, որ բժշկությունը Նրանից է և ո՛չ մեկ ուրիշից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
14-15. Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր: Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:
Շաբաթ օրերը ժողովարանում հոգևոր քարոզություն անող րաբբին, կեսօրվա ճաշին մասնակցելու համար, հրավիրում էր մի որևէ բարեպաշտի տուն, անգամ անծանոթի, որը համարվում էր պարզ եկեղեցական մի գործ։ Նմանօրինակ սովորույթը ցայսօր մեր մեջ ևս պահպանվել է․ հատուկ ժամարաններ և քարոզիչներ բարեսեր թաղեցիների կողմից հրավիրվում են ճաշի։ Հիսուս ևս այս կերպ անծանոթ փարիսեցիների սեղաններին մասնակցեց։ Այն շաբաթ օրը, երբ բժշկվեց դիվահարը, Պետրոսը թույլ չտվեց Հիսուսին ուրիշի տուն գնալ։ Հիսուս նոր էր եկել Կափառնայումում բնակվելու և Պետրոսը կամեցավ, որ առաջին հյուրամեծարությունն ինքն անի, և Հիսուսին իր տունը տարավ։ Նրա հետ էին Զեբեդեյան եղբայրները, իր եղբայր Անդրեասը, ում առանձին ծուխ լինելու կամ, արևելյան սովորության համաձայն, մեծ եղբոր հետ միասին բնակվելու մասին ստույգ ոչինչ չգիտենք։
Պետրոսը տուն-տեղ ունեցող, մեծ նավի և ձկնորսության մեծ գործի տեր եղող անձնավորություն էր, Հիսուսին և ուրիշ հյուրերի ևս մեծարելու կարող։ Դժբախտաբար զոքանչը տենդով անկողին էր ընկել և տնային գործերը վատ էին առաջ գնում։ Հետևաբար, Պետրոսը տարակուսանքի մեջ էր։ Զոքանչի անունը երբեք չի հիշատակված, թեպետ Լատին Եկեղեցու ավանդությամբ Պետրոսի կնոջ անունը Պերպետուա էր, աղջկանը՝ Պետրոնիլլա, որոնց տոնն էլ Լատին եկեղեցին կատարում է։ Հիսուս Պետրոսին ու նրա զոքանչին էլ ուրախություն կամեցավ պատճառել։ Առանց խնդրանքի մոտեցավ հիվանդի անկողնուն, բռնեց ձեռքից և հրամայեց ոտքի կանգնել։ Եվ ահա հանկարծ սաստիկ ջերմությունը թողեց, թուլությունն անցավ, կինը կատարելապես առողջացավ, սկսեց ներս ու դուրս անել, ճաշի պատրաստությունն ամբողջացնել և իր նշանավոր հյուրին, փեսայի վարդապետին ու հրաշագործ բժշկողին ձեռքից եկածի չափ մեծարել ու պտվել։ Այն օրը Պետրոսի տան համար մեծ ուրախության օր էր։ Մյուս կողմից Հիսուսի և Իր աշակերտների միջև եղող կապն ու վստահությունը առավել ևս, քան էր, հաստատվում ու զորանում էր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: