Հայր մեր, որ երկնքում ես. Մեր Փրկչից իր բազում ժառանգակիցներին ավանդված աստվածային այս աղոթքը հոգեկիր (հայրերը) ընդարձակ քննությամբ դրեցին (այն) խնդրողների առջև, ինչը մեզ միշտ օգուտ է բերում, նաև բոլորին, ովքեր ընթերցումների մեջ տքնում են աշխատասիրությամբ: Այս պատճառով մեզ հարկավոր չէ նրանց առջև եղածը փնտրել, այլ համառոտ ընթացքով միայն խոսքի կարգը պահել ամբողջապես:
Հայր մեր, որ երկնքում ես.
Ով (Աստծուն) Հայր է ընդունում` իրեն դնում է որդիության սահմանի մեջ: Սրանցում թշնամական ոխ չի մնում: Բայց եթե որդին անկարգություն (իսկ) անի`՝ Հայրը բնական գութով և իմաստությամբ կների, ու ներողությամբ նրան ետ քաշելով մշտապես իր մոտ կպահի: Հայրական այս մեծ կամքին ծանոթ է որդին: Այս պատճառով անկարգության ժամանակ սիրո կապը հուսահատությամբ չի խզում. այլ ի՞նչ է (անում). մանկան նման մեղանչում է, և դարձյալ դեմ գնալով, Հոր անունն է դավանում, և նա ներողությամբ իր թևերի տակ է վերցնում նրան: Մինչդեռ ծառայի հանդեպ սովորության այս սահմանը չի պահում, որովհետև տիրոջ և ծառայի (հարաբերության մեջ) բացակայելով բնական գութի շաղկապվածությունը, մի անգամ մեղանչելիս սա զարհուրում է, իսկ նա պատժում: Սակայն Քրիստոսի եկեղեցիները Հայր Աստծո մոտ ծառայական կարգի մեջ չեն, այլ որդեգրության, որովհետև ասում է. «Իմ Հայրը և ձեր Հայրը» (Հովհ. Ի 17): Ուստի մեղքով ապստամբելիս չեն զարհուրում, այլ հիշելով բնական գութը, աներկյուղ պատկառանքով, Հորը դիմելով ասում են.
Հայր մեր, որ երկնքում ես.
Այսինքն` թեպետ երկինքն ու երկիրը լի է փառքովդ և զորությամբդ, սակայն քո սեփական Աթոռի անհաս էությանդ ինքնությունը բազմել է երկնքում: Այսու, լսիր իմ հառաչանքը երկնքում, ուր մեր մարմնակից քո Որդին հանուն մեզ մտավ իբրև Քահանա և բարեխոս: Լսիր դրան հանուն ինձ և յուրայիններիս, որ դրա առաջնորդ լինելու պատճառով փութով [դիմելով] խոսակցում եմ քեզ: Եվ ի՞նչ է քո խնդիրքը, որ ակնկալում ես Աստծո ամենաբավ կամքից, որին և Հայր դավանեցիր, ո՜վ մարդ. իմացիր, որ հրեշտակների համար սոսկալիին արժանի գտնվեցիր քեզ համար հարազատ անունով կոչել, խնդրանքներիդ մեջ մի՛ կասկածիր, այլ նրա առջև սփռիր համարձակությամբ:
Սուրբ լինի քո անունը.
Սա խնդրանքների մեջ ոչ միայն առաջին կարգում է, այլև [այդպիսին է] զորությամբ, այսինքն՝ աղոթքի բոլոր խոսքերը պետք է այս կարգն ունենան, ինչպես և պատրաստ ենք սովորել, որովհետև բարեկարգության աղբյուրն ինչպե՞ս կարող էր վրիպել իր սովորույթից: Ուստի և նախ սա ուսուցանեց խնդրել Հորից.
Սուրբ լինի քո անունը.
Խոսքի բացատրությունն ու խորհրդի գիտելիքը չենք կարող ուրիշ տեղից քաղել, բայց միայն` դիմելով Տիրոջ վարդապետությանը ու [դրա տարբեր տեղերը] հարաբերելով իրար` թերևս կարողանանք իմաստի կայծակները մեզ վրա փայլեցնել: Երբ Քրիստոս աղոթում էր Հորը առաքյալների ու նրանց հետ աշխարհի համար, սա ևս հավելեց Հորը ասելով. «Ինչպես ինձ առաքեցիր աշխարհ, և ես նրանց առաքեցի աշխարհ: Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ» (Հովհ. ԺԷ 18-19): Եվ Պողոսն իր մասին ասում էր եփեսացիների երեցներին. «Ես սուրբ եմ բոլորիդ արյունից, որովհետև չքաշվեցի ձեզ պատմել օգտակարը» (Գործք Ի 26-27): Եվ ահա առաքյալից պարզ դարձավ Տիրոջ սուրբ լինելն աշակերտներին, նաև` մեր Տիրոջից Հորն ուղղած խնդրանքներից: Քանզի Քրիստոսի սուրբ լինելն աշակերտների համար այն էր, որ նրանց ուսուցանեց ու վարժեցրեց ամեն տեսակ իմաստությամբ: Դրանից հետո աղոթեց նրանց համար, որ եթե հետ այդու մեղք գործեին` իրենք իրենց դատապարտեին: Ճիշտ այդպես էլ Պողոսը ուղարկվեց քարոզելու. եթե եփեսացիներին չուսուցաներ` նրանց արյունից սուրբ չէր լինի, քանզի հսկիչ լինելով, նրանց չզգուշացնելու պարագային Աստված նրանց արյունը նրա ձեռքից կպահանջեր: Մինչդեռ զգուշացնելուց հետո սրբվեց: Ինչպես մեր Տերը մեզ սովորեցրեց Հորը դիմելով ասել, թե ինչպես քահանային հրամայեցիր միշտ զգուշացնել մեղավորին չար ճանապարհից` խոսքով և իմաստությամբ, որով նա ինքն իրեն սրբում է արյունից, այդպես էլ դու հսկիչ ես մեզ վրա, միշտ ամենահայաց աչքովդ տեսնում ես չարի արկածները, որ սերմանում է տկար բնության մեջ: Այդ պատճառով գիտես նաև քո պատիժների քանակությունը: Իսկ մենք խավարամած լինելով մարմնի զբաղումներով ո՛չ իմանալի թշնամու նետերի տեղատարափն ենք տեսնում և ո՛չ քո պատիժների չափը: Այդ պատճառով աղաչում ենք քո ժողովրդի արյան անմասն սրբամաքուր անվանդ` նախախնամությամբդ միշտ արթնացնել մեզ՝ քո փառքի սերը և քո պատուհասի երկյուղն ունենալու, իսկ թշնամու հանդեպ նրա գաղտնի նետերն իմանալու ու նրա դեմ պատերազմում զորություն ստանալու: Եթե սրանք ունենանք Աստծուն հղած մեր խնդրանքով` պատուհասի ժամին նրա անունը սուրբ կլինի մեր արյունից, երբ վայելողներս նույն բանում (իսկ) մեղանչենք: Ինչպես և Քրիստոսի պարագային նրա հանցանք գործած աշակերտի ՝ Հուդայի արյունից սուրբ (և անմասն) մնաց, սակայն խնդրողներին, հավատարիմ լինելով սրան, դժվար է մեղք գործելը, ինչը [հավասար կլիներ] հոժար կամքով ինքն իրեն կրակի մեջ նետելուն:
Սուրբ լինի քո անունը,
Հայր` մեր պարտքերը զգուշացնելու և նախախնամելու համար: Եվ տես խնդրանքի հարակայությունը, քանզի ասում է` լինի, այսինքն` ոչ թե այսօր կամ վաղը, այլ` միշտ և հանապազ: Նաև որդու սովորությունն է հորն ասել. Քո խնամքը հայրաբար թող միշտ իմ վրա լինի: Այնուհետև եթե սխալվեմ` արժանիորեն դատապարտիր: Արդ, սա ուսուցանեց Տերն իբրև բանալի աղոթքով շահելու Աստծո արդարությունը և նրան պարտական դարձնել ողորմության և խնամքի, թեկուզ մենք անարժան լինենք դրան, որովհետև նա հանապազ, առանց խնայելու սփռում է իր շնորհները:
Թող գա քո արքայությունը.
Տես մտքի բարեկարգ ընթացքը, քանի որ առանց հրաժարվելու իր խնամքի տակ պահելուց հետո խնդրանքն ավելի բարձր տեղ է հասցնում, այսինքն` ինչի համար, որ սրբեցիր քո անունը՝ ուսուցանելով տիրիր` հարատևորեն: Ամենայն ինչի վրա նա Տեր է նախքան մեր խնդրելը, համաձայն այն խոսքի, թե` «Տերը մեծ թագավոր է բովանդակ երկրի վրա» (Սղմ. ՂԴ 3): Սակայն աղերսանքով նույնը խնդրելն իզուր չէ. այլ ի՞նչ է. Աստված գիտե իրեն որպես ամենայն ինչի տեր: Սակայն մարդկանցից շատերն անգիտացան Աստծո տիրելու, կամ` իրենց տեսնելու մասին: Այս պատճառով կամ բնավ չեն կոչում նրա անունը, կամ իմանալով գործերով ուրանում են նույնը: Սա ասում է. Իմաստության ու հանճարի Հոգիդ թող գա իմ անձի մեջ և ուսուցանի ինձ` իմանալու քո թագավորության ահարկու լինելը և քո սիրո իմ հանդեպ [եղած] առատության մասին. որովհետև ասում է. գա, այսինքն` իմ մտքի մեջ քո արքայութունը` Սուրբ Հոգով իմանալու քո տերությունը, ինչպես հարկ է գիտությամբ, այն է` մարմնական աչքերի առջև տևապես ունենալ հոգևոր մտածումներիս հայեցության նպատակը` հոգևոր Թագավորիդ: Եթե սա այսպես ունենանք, ինչպես և հայցում ենք, անհնար է հոժարակամ սայթաքել, ինչպես և թագավորի առջև ու նրա բաց հրապարակում խայտառակ մերկանալը: Բայց նույն կարգի մեջ այս ևս իմացեք, քանզի մինչև անվան սուրբ լինելը վայելչորեն խնդրեց: Որովհետև որոգայթ լարող բանսարկուն բազում անգամ մեզ դրդում է աջակողմում ևս սայթաքել, այսինքն՝ մեղքին տալիս է Աստծո կամքի կերպարանքը, և այդպես մարդկանց խաբելով նետում է նույն թվացյալ ճշմարտության մեջ: Մինչդեռ մենք, եթե մեր աչքերի առջև ունենանք մեր ներքին մարդու մեջ բնակվող Աստծուն, նրա զորությամբ, ընտրողական որոշմամբ կզանազանենք չարի մեքենայությունը: Այս պատճառով ասում է. «Սուրբ լինի քո անունը»: Եվ ինչպե՞ս Աստված իմ մեջ կլինի իմ սուրբ անունը: Պատասխանեմ. Երբ թո թագավորության գիտությունը գալով կբնակվի իմ մեջ և քո ահարկու արքայությունդ հարատևորեն մտքիս աչքերի առջև կլինի պատկերված, ըստ այն խոսի, թե` «սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև, նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ» (Սղմ. ԺԵ 8): Ուրեմն Աստծո անվան սուրբ լինելու կերպարանքը, որ սկզբից խնդրեց, ինքն իսկ ուսուցանում է խոսքի կարգի համաձայն, և նախ այս է ասում, թե` Քո արքայությունը գա` Քո տերության գիտությունը իմ անձի մեջ: Իսկ երկրորդը.
Տեր թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա.
Ու՞մ և ինչի՞ վրա զարմանանք` երկու խորհուրդներն ըստինքյան բաժանելով մտքի հայացքով, այսինքն՝ խոսքիս վայելչական կարգը և առաջիկա խորհրդիս վեհությունը, որովհետև թագավորելուց հետո խնդրում է կամքը ևս, ինչպես որ մարդկանց մեջ նմանապես պահվում է այս կարգը, քանզի մեկը նախ տիրում է մյուսին և հետո իր կամքն է նրա նկատմամբ գործադրում թե՛ քաղաք կառուցելիս, թե` ծառա կերակրելիս, թե` աշակերտ ուսուցանելիս: Այդպես էլ սա. նա իր անձը դնում է Աստծո արքայական տերության տակ, և ապա ինքն իրեն հանձնելով սեփական տիրոջ հոգածությանը, պահանջում է [նրա] կամքի տնօրենությունը: Եվ սա որքան է. ասում է. Թող քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա: Ո՜վ մարդ, մի՞թե դու երկինք ես բարձրացել և այնտեղ իմացել Աստծո կամքի տնօրենությունը, որովհետև պահանջում ես, որ այնպես կատարվի: Ի՞նչ է նրա կամքը երկնքում: Ինչի՞ն և ի՞նչ կամքով է կառավարում, ինչպե՞ս է նրանց մոտ նրա կամքի տնօրենությունը: Ասում է. Ես չգիտեմ, բայց ով իջավ երկնքից` նա սովորեցրեց ինձ սա աղերսել: Եվ ինչպե՞ս սովորեցրեց: Որովհետև աշակերտները մոտեցան Տիրոջը [և ասացին]. Սովորեցրու մեզ` Քո աշակերտներին աղոթել, ինչպես և Հովհաննեսը սովորեցրեց յուրայիններին (տես Ղուկ. ԺԱ 1): Իսկ նա ուսուցանեց նրանց ,ինչպես ինքը գիտեր աղոթել, և ոչ թե ինչպես նրանք խնդրեցին: Ինչպես օրինակ տգետ մարդկանցից ոմանք` գալով հեռավոր աշխարհից և անտեղյակ լինելով հունաց լեզվին, ազգին ու սովորույթների, ամենևին տեսած և իրազեկ չլինելով արքայական պալատի բարեկարգությանը, գնում են թագավորի դռան մոտ ողորմություն աղերսելու: Բայց այնտեղ հասնելով տարակույսի են մատնվում` չիմանալով` ինչպես մտնել թագավորի առջև, կամ թե նրանից ինչ վայելուչ բան խնդրել: Եվ մինչդեռ նրանք վարանումով տարակույսի մեջ էին, նրանց հանդիպում է թագավորի որդին իբրև շարքային մի զինվոր, որին տեսնելով, արագացնում են իրենց քայլերը, հասնում նրան և ասում. Ո՜վ եղբայր, սովորեցրու մեզ, թե ինչպես մտնենք արքայի առջև: Իսկ նա բարեմիտ լինելով` չի արհամարհում, կամ այպանում նրանց [տգիտությունը], այլ սիրով զիջելով նրանց պատասխանում է. Ես ձեզ սովորեցնում եմ. Երբ մտնեք արքայի առջև փութով երկրպագեք, նրան ասեք. Տեր, տուր մեզ խորհրդականի պատիվ, ովքեր քո առջև պաղատանքի են կանգնած: Եվ նրանք ոչ խորհրդական անունը գիտեն և ոչ դրա զորությունը (իրավունքը), ոչ պաղատելը և ոչ նրա դասակարգությունը, այլ մտնելով թագավորի առջև, ինչ որ սովորել էին, փութով աղաղակում են: Իսկ արքայական ապարանքի դասապետությունը նայելով նրանց խոսքին, որ օտար է ձևի հետ միասին, քանզի շինական են, [նայում] երեսներին, քանզի կոշտ էին, [նայում] հանդերձների ձևին` քանզի անպաճույճ էին, զարմանում են. սրանք որտեղի՞ց գիտեն, կամ ումի՞ց սովորեցին խորհրդականի անունը և պատիվը` այսպես օտար լինելով արքայական ապարանքին: Այսպես էլ մեր Տերը հրեշտակների ու մարդկանց համար անհասանելի կերպով արարեց մարմնի խորհուրդը, ինչպես ասում է Պողոսը, որին մոտեցան աշակերտները ոչ թե որպես Աստծո, այլ ինչպես Հովհաննեսին կմոտենային` ուսանելու աղոթքի կերպը: Իսկ նա գթալով նրանց վրա ամենագութ սիրով, ոչ թե նրանց ուսուցանեց՝ որքան կարող էին ընկալել, այլ երկնային անճառելի, անհասանելի խոր խաղաղություն ուսուցանեց նրանց` աղոթքով հայցել Հորից.
Թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա.
Արդ, Աստծուց այս խնդրելով, արդարև չգիտենք մեր խնդրանքի իրական զորությունը: Սակայն երկնայիններին ենք սարսափեցնում մեր աղոթքի վեհությամբ, քանզի չիմանալով նրանց պատիվը, Քրիստոսից տեղեկանալով, խնդրում ենք դրանք մեր սեփականը դարձնել, քանզի կամք ասելը խոսքի մեջ Աստծո բոլոր շնորհների հանգչումն է ցույց տալիս, որով նրանց[երկնայիններին ] հավասար լինելն է [ակնարկում], որովհետև կամքի զանազանությունը արգելում է մեզ [հաղորդակցվելու] նրանց փառքին, քանզի իր կամքը նրանց հանդեպ գործադրում է իբրև քաղցր և հոժար կամարարների, իսկ մեր հանդեպ` իբրև հանցավորների, ըստ այն խոսքի, թե` «Որդյակ, դու մշտապես ինձ հետ ես, և ամենայն ինչ, որ իմն է, քոնն է» (Ղուկ. ԺԵ 31): Արդ, այսպես եղավ նաև երկրի վրա.մարդկանց մեջ կատարվեց այն, ինչ հրեշտակների մեջ: Ո՜վ եղբայրներ, իբրև փոխհատուցում Տիրոջը՝ աղոթքի այսպիսի փրկարար բաժակ խմեցնողին, ի՞նչ տանք, որ տևապես մատակարարում ենք Հոր առջև, հրեշտակների բազմաժողով խմբի առջև, վերին Երուսաղեմի գավթում, ուրիշ ի՞նչ, եթե ոչ մեր երեսները գոհությամբ գետնին հպելով: Արդարև, ըստ այսմ տեսնում եմ մարդկանց սնոտի զբաղումների ունայն կարծիքները, երբ նայելով մտքիս աչքերով, հավատում եմ, թե Աստված քաղցր է իմ հանդեպ, ինչպես ՝ հրեշտակների, և ինձ նրանց նման իրեն խոսակից է դարձնում` աղոթքներով ամենաբարի կամքին ցանկալի: Վա՜յ ինձ, թողնելով այս` ես անկայուն կենցաղով եմ զբաղված, ու եթե սա ունենայի՝ հարկ էր, ըստ բնական սովորույթի, ագահելով փոքրը մեծով փոխանակել: Սակայն հայտնի է, որ խաբվում եմ՝ինձանում չունենալով ամփոփված իմաստի մտապահումը:
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր.
Ո՜վ մարդ, ինչպե՞ս հրեշտակների նման խնդրեցիր, որ քո վրա լինի Աստծո կամքը, այժմ հացի անունը ինչու՞ հապճեպ կցեցիր դրան, քանի որ դա նրաց մեջ չի ճանաչվում, որովհետև նրանք իմանալի բնություն են ու միշտ քաղցելով փափագում են գիտության կերակուրին, որոնց մեջ չի տեսնվում սերմանելն ու հնձելը, խոհարարություն կամ մարմնական ճաշակում, այլ ճաշակում են Աստծո սերը և հագենում են, ըմպում են [Սուրբ] Հոգու հորդահոս հեղումը ու զմայլվելով զվարճանում: Եվ ասում է. Աղոթքի իմ կարգը պահպանում եմ ամբողջապես, քանզի ոչ թե դյուրասպառն եմ խնդրում, այլ` ամենօրյան: Այն պատճառով երկնավորների նման կամքը խնդրեցի, որպեսզի երկնավորների հացը նրանից ստանամ առօրյա կյանքում: Չե՞ս լսել մարդկանց կողմից հրեշտակների հացն ըմբոշխնելու մասին (տես Սղմ. ՀԷ 25). աղոթում եմ այն կերակուրն ունենալ, որ ամենօրյա ըմբոշխնումով չի սպառվում և ըմպելով չի նվազում, ուտողին հագեցնում է, և իր ինքնությունը պահպանում[1]:
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր.
Եվ ինչու՞ է ասում մեր. որովհետև ժամանակին, քանի դեռ դրախտային փափկության մեջ էինք, ըմբոշխնում էինք նույն հրեշտակային իմաստ ունեցող կերակուրը: [Սակայն այս տեսնելով] նախանձեց չարը ու զրկեց Աստծո կամքի տերությունից, և հացի [փոխարեն] մեզ համար վայրի բանջարը կերակուր պատրաստեց, այն է` օտար աշխարհի հեշտանքի (ծնունդ) մարմնիս զգայարանները: Իսկ Աստծո հացը թերևս ոմանք կարողացան իրենց երեսի քրտինքով և արտասուքի հոսումով ճաշակել: Արդ, այժմ մեզ Հայր դարձած Աստծուց, նաև քաղցր կամքով Արքայից աղերսում ենք մեր առաջին հացը, քանի դեռ այսօր պանդխտում ենք այս կյանքում: Եվ ի՞նչ է հացը, եթե ոչ նրա գիտությունն ու սերը, որով հագեցվում է հոգուս փափագը, այն սեղանը, ուր Տերը հրավիրեց իր աշակերտներին: Ասում է` կուտեք իմ արքայության մեջ (տես Ղուկ. ԻԲ 30): Սակայն որոնց համար [դա] առանց փափագելու մոլորյալ կամքին [հլու] մարմնի պարարտացումն է, անհավատալի է թվում, որ տևապես ուտելով այն չի սպառվում. հարկադրված ենք օրինակով նրանց արթնացնել: Չե՞ս հավատում կերակուրի անսպառ լինելուն. մի՞թե Սուրբ Գիրքը տևապես մեզ չի կերակրում գիտությամբ, բայց մնում իր նույնության մեջ: Դարձյալ, քեզ չի՞ թվում գիտության դյուրին լինելը. այս մարմինը ինչքանո՞վ է օգտվում ոսկեձույլ ապարանքներից, ոսկեթել կերպասներից, ականակուռ բազմոցներից, ինչպե՞ս է շոյվում նրանց տեսքից ավելի քան կերակուրից: Երգերն ու եղանակներն ինչպե՞ս են ըմպելիքից ավելի զվարճացնում: Եղբայրներին ու որդիներին տեսնելն ու հիշելը մի՞թե չի քաղցրացնում կարոտյալներին ինչպես գինին: Մտաբերենք առավել շոշափելին. տռփանքով այլասերվածին ի՞նչ օգուտ կտա ողջույնի համբույրը: Այս բոլորը հաց կամ գինի չեն, որոնք լեցնում են մարմնի պակասությունը, այլ, հոգեկան իղձի քաղցը հագեցնելով, մեզ գոհացնում են գիտելիքով: Այսպես էլ մեր տկար մտքի առջև զորացնենք Աստծո սիրո հիշատակը, և իմանանք, որ անտեղյակ ենք դրան, այդ պատճառով էլ չենք ձգտում: Իսկ եթե տեղեկանանք` [կհասկանանք], թե ոսկուց առավել որքան առավել է Աստծո փառքը, այնքան առավել է նրա հանդեպ փափագը, քան նյութի: Այս պատճառով սա մաղթելով ունենալ, ասում է. Մեր անսպառ և ամենօրա հացը մեզ տուր: Եւ ինչու՞ է ասում. այսօր: Այսօր (ասելով) բովանդակ մարմնիս կյանքն է դնում, որի մեջ պանդխտելով՝ արտաքին բնությամբ բազում (կարիքներ) ունենք` հակառակ հոգևոր կերակուրի: Թե սրանից (այս կյանքից) հեռանանք` նույնը կվայելենք առանց աշխատության: Իսկ քանի դեռ այս կյանքի պանդխտության մեջ ենք` հարկ է նույնը ճաշակել քրտինքով, արտասուքով և աղոթքի տքնությամբ, ինչպես և ընդունեցինք հրամանը: Շատերը, ովքեր կերան այս կերակուրը, աղաղակում են նրա համեղության մասին, ինչպես այն, որ ասում է. «Որքան քաղցր են քո խոսքերն իմ քիմքին, ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սղմ. ՃԺԸ 103): Եվ դարձյալ. «Ոսկուց և շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, և քաղցր` մեղրից ու խորիսխից ավելի» (Սղմ. ԺԸ 11): Եվ Եսային ասում է. «Պիտի սնվեք ու հագենաք, և կուշտ ու պինդ պիտի վայելեք նրա մխիթարող ստինքներից» (Եսայի ԿԶ 11): Ձայնում է նաև Իմաստունը. «Եկեք, կերեք իմ այս հացից ու խմեք իմ գինուց, որ խառնեցի, ուստի զորացեք ատել անզգամությունը ու խնդրել իմաստությունը, և փրկվել» (Առակ. Թ 5-6):
Թող մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին.
Ճշմարտապես խնդրում է Աստծուց` ամեն ինչ նախակարգելով համառոտ խոսքով: Այնուհետև առաջադրում է անձի կրքերի խոստովանությունը սփռել նրա առջև: Բայց դու տես աղոթք ուսուցանողի ամենաբարի կամքի ընդարձակությունը. որովհետև չի խնդրում նախ մեղքը թողնել և հետո Աստծո հետ խոսել, ինչպես մարդկանց սովորությունն է, որովհետև թագավորից ներումն ենք խնդրում և հետո մեր խնդրանքն ենք նրան ներկայացնում: Բայց սա այսպես չի (վարվում), այլ` ընդհակառակը, նախ պարգևներ է խնդրում և հետո` ներումն: Թեկուզև հասնենք չարի խորքերը ու երկրորդվեն մեր հանցանքները, Աստված համակողմանիորեն ուսուցանում է խաղաղություն և գթություն, որ նա ունի մարդկային բնության նկատմամբ: Այս պատճառով նախ աղոթեց կարևորն ու մեծն ունենալ: Եվ այն ունենալուց հետո դյուրությամբ կգտնենք բարերար կամքով (թելադրված) մարդկային գթառատ ներումը:
Թող մեզ մեր պարտքերը.
Հիրավի պարտքեր են, քանզի մարմնով ու հոգով այսքան շնորհներ վայելելով` ինչպե՞ս չենք կարող պարտական չգտնվել՝ հպատակ լինելու Տիրոջ հրամանին: Ուստի և այն խախտելով՝ վայելուչ և ուղիղ խոստովանությամբ մեր անձը պետք է պարտական համարենք, ներումն խնդրելով ասենք. Մեղմացրու պարտքերը, որ սխալվելու դեպքում, ամենատես գիտությամբդ համբերելով կարճում ու թողություն ես տալիս: Ինչու՞. որովհետև մարմնավոր ենք, որովհետև խաբվում ենք դյուրապատիր կամքով, որովհետև շրջում ենք այս խավար կյանքում, որովհետև, հակառակ մտքի օրենքի, առաջնորդվում ենք բնական օրենքով, որ ակամայից ինձ տանում է դեպ մեղքի օրենքը: Այս պատճառով էլ քեզ վայել է ներելը, ինպես բարերարն է (ներում)` տկարին, ինչպես ողորմածը` ողորմելուն, ինչպես գթածը` կարոտյալին, ինչպես որ ես եմ ներում իմ պարտապանին: Սակայն մեկը կասի ընդդեմ ասածներիս. Ես հողողեղեն մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ նմանվել Աստծո, և ոչ միայն նմանվել, այլև (սեփական) անձը նրան ապացույց ներկայացնել` ասելով. Ինչպես ես ուրիշին, այնպես էլ դու ինձ արա: Սակայն հարկ է իմանալ, որ մեր Վարդապետ և Օրենուսույց Քրիստոս ոչ թե իր ստեղծած բնությունից դուրս, կամ նրան հակառակ խրատով էր մեզ վարժեցնելով կրթում, հապա (այն մտածումով), որ եթե օրենքները ախորժելի են մեր բնության համար, ուստի ամեն առումով հարկ է և կատարել նույնը: Եվ արդ, մարդկանցից ո՞վ է, որ չի կամենում սեր, ո՞վ է, որ չի դժվարանում թշնամություն անել: Մեղավորների այլ տեսակներ կան, որ հանցանք գործելով, մարմնին հեշտանք են պատճառում, ինչպես պոռնկությունը, որկրամոլությունը: Բայց այս ախտն ամենևին էլ թշնամական չէ, որովհետև մեզ տիրելով` նետում է հոգսի, նեղության, երկյուղի ու տարակուսանքի մեջ: Եվ ինչու՞ մեղմելով չենք խաղաղեցնում մեր անձերը և շահում մեր եղբայրներին. որովհետև բռնված լինելով ամբարտավանությամբ՝ սիրով չենք զիջում մեղավորին: Իսկ ամբարտավանությունը զինված է հակառակ Աստծո ու նրանից ներումն չի խնդրում: Այստեղից բովանդակ աշխարհում տիրեց անկարգությունը, որ խոսքս թույլ չի տալիս թվել՝ պարտք ունենալն ու չթողնելը: Սա անձավները դարձրեց բնակավայր, քաղաքները՝ ամրոցներ, զենքը՝ սպանության համար: Այս պատճառով ասում է. Դու թող, որովհետև ես չեմ կարողանում թողնել քո թշնամությունը, որ դու անձնիշխան կամքով բռնած պահում ես: Արդ, ոչնչացրու ամբարտավանությունը, որ հակառակ է Աստծուն, ու թշնամությունը, որ հակառակ է բնությանդ, և թող ընկերոջդ պարտքը: Դու արա քո կարելին, ինչպես և Աստծուց ես պահանջում կատարել իր կարելին: Դու թող քո եղբորը` քեզ էլ կթողնի քո երկնավոր Հայրը: Կամքիդ աշխատանքն է թողություն տալիս և ոչ թե՝ մարմնիդ: Իսկ եթե այս չես կամենում՝ ինչպե՞ս ես Աստծուն բռնադատում, երբ դու (ինքդ) ոչ թե տկարանում ես, այլ չես կամենում: Արդ, իմանանք մեր երկակի օգուտը՝ մեր թողություն տալը մեր կյանքի խաղաղության տնօրենն է լինում, և այն, ինչը թողնվեց մեր թողության պատճառով՝ անվախճան կյանքի նախակարապետը: Եթե ունայն ոխակալության պատճառով սրանցից վրիպենք` կամովին ինքներս մեզ կմերժենք:
Եվ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից.
Փորձությունն այստեղ պետք է իմանալ իբրև չարի ներգործություն, որ տևապես մարտնչում է մեր դեմ: Բայց ինչու՞ չասաց մարտ կամ պատերազմ, այլ` փորձություն` ցույց տալով ,թե իշխանություն չունի անձամբ մեր դեմ մարտնչել: Այլ ի՞նչ. պատերազմի զենքերը վերցնում է մեր կամքից և խորհուրդներից, ըստ այնմ՝ ինչին պատրաստում եք ձեր անձը հնազանդությամբ, ծառայում եք նրան, ում հնազանդվում եք՝ թե՛ մեղքին և թե՛ ի հնազանդություն արդարության (տե՛ս Հռոմ. Զ 16): Եվ Հակոբոսը գրում է. «Ձեզանից յուրաքանչյուրը փորձվում է իր ցանկություններից հրապուրված և խաբված» (Հակոբ Ա 14): Ուրեմն պարզ է, որ մեզանից է վերցնում փորձության նյութը.ինչպե՞ս. քանզի խորհրդակցում է կերակուրների ցանկության հետ և սերմանում է որկրամոլություն, Աստծո փառքի ցանկությունը կցորդում և սերմանում է սնափառություն: Եվ այսպես, ամեն տեսակ կրքերում խորհրդի սկիզբը բարությամբ ենք դնում, իսկ նա նրա հետ միասին չարն է նյութում: Ու քանի դեռ մեզանից չի վերցրել նյութը, նրա մեքենայություններն անգործ են մնում, ինչը հայտնի է Ավետարանից. որովհետև երբ Տերն ընդունեց քաղցի կերպարանքը, այնժամ միայն նրան մոտեցավ փորձիչը: Եվ ինչու՞ է ասվում փորձություն. քանզի երբ մենք ցույց ենք տալիս հարկավորի կարիքը, նա գալիս է, և ըստ այդմ դրդվելով փորձում է մեզ ՝ թե արդյո՞ք մեր սերն Աստծո հանդեպ հաստատուն է թե՞ ոչ: Եվ բնական կրքերին խառնում է ավելորդ ցանկությունները. ինչպես օրինակ որքան հաստատուն է մեր առջև եղած ժայռը, այնքան անհույս ենք, թե կշարժենք այն, իսկ եթե ցնցելով շարժենք այս ու այն կողմ, շրջելով նայենք` տեսնելու ու փորձելու համար, այնժամ կարող ենք շարժվածը ջախջախել: Արդ, այդ շարժումը մեզանում կերակուրների ցանկությունն է, անհրաժեշտ պետքերի ցանկությունը, Աստծո փառքի ցանկությունը: Իսկ նա, երբ տեսնում է սրանցից մեկը շարժված, գալիս փորձում է, և բարի մտածումի հետ խառնում է իր մեքենայությունը. եթե կարողանանք ընտրությամբ օտարը զանազանել բնականից` Աստծո շնորհքով կփրկվենք: Ապա եթե չկարողանանք, և փորձության խորհուրդներն իբրև բարի ընդունենք` գործի ավարտին կկործանի. կերակուրների ցանկությամբ կտանի պոռնկության, անհրաժեշտ պետքերի (ցանկությամբ)` արծաթասիրության, Աստծո փառքի ցանկությամբ` սնափառության: Եվ մենք մեր ցանկություների համաձայն հրապուրվելով խաբվեցինք, ինչպես գրեց Հակոբոսը` մեր անձերը նետելով մեղքերի խորխորատը, ու փորձելով անփորձ գտնվեցինք թշնամու դեմ մարտում: Ուստի անհրաժեշտաբար զգուշացնելով` մեր Տերը սովորեցնում է աղոթել.
Մի տար մեզ փորձության.
Ոչ թե իբրև Աստված է տանում, որովհետև Աստված չարով չի փորձում,այլ մենք ուր գնում ենք դավաճանողի (սատանայի) խարդավանքով, չարն իբրև բարի ենք (ընդունում): Դու (Աստված) ,որ տեսնում ես կերպարանքների (իրական) բնությունը, որ չար է ու մեզ բարի է թվում, ինչը ճշմարիտ չէ, մի՛ թող մեզ ակամա կամքով մեր անձերը կործանել: Ինչպես օրինակ մեկը, ով վախենում է ոմանցից, թե կարող են լավ կերակուրի մեջ խառնելով մահաբեր դեղ` նրան կերակրել սպանելու համար, ասում է ոմն բժշկի. Դու, որ ճանաչում ես (թույնը), միշտ ինձ հետ եղիր, որպեսզի հարկավոր պետքերիս համար հրապուրվելով չսպանվեմ: Այսպես էլ սա է ասում հարկավոր բաների մեջ, որ պահանջում է մարմնի կարիքը, դու, ամենահայաց, մի՛ թող ինձ փորձել և նրանից դուրս ցնցել: Այս կրքերի միջով անցնելով Հոբը գրում էր. «Մարդկանց վարքը երկրի վրա փորձություն է» (Հոբ Է 1), և Տերն ասում է. «Հարկ է գալ գայթակղությանը» (Մտթ. ԺԸ 7): Ինչու՞. որովհետև մեր բովանդակ կյանքում մեզ ընթացակից ունենք գայթակղեցնողին, բայց ոչ թե Աստծո ամենախնամ Աջը, երբ նրանից խնդրում ենք` մեզ չգցել փորձության մեջ, ըստ այն խոսքի. «Քո կողքին հազարներ կընկնեն, բայց մի վախեցիր, քեզ չեն մերձենա, քանզի քո աջ կողմում տասյակ հազարներ կան» (հմմտ. Սղմ.Ղ 7):
Այլ փրկիր մեզ չարից.
Ոչ թե սոսկ փորձությունից, այլ առհասարակ նրա ամեն տեսակ մեքենայությունից է խնդրում ազատվել, քանզի բազում անգամ պատահում է, որ մեր կամքի մեջ նյութ չունենալով` մարդկանց վրա կուտակում է բազմավտանգ արկածներ, որ կարելի է տեսնել Հոբի ու վկաների մոտ, որոնց մատնում էր թագավորների ձեռքը: Նույնը տեսնում ենք երանելի հայրերի մոտ, որովհետև երբ այն նյութ ուներ Անտոնի կամքի մեջ` նրան տանջում էր չարաչար: Իր չարությունը ներգործում է շատերի վրա նաև այժմ, երբ նրան ենք մատնվում Աստծո հանդուրժողությամբ, կամ էլ սրբոց առաքինությունը նույն հաղթանակն է լինելու ի փառս իրենց անձանց և համոթ թշնամու (սատանայի), և կամ նրա (առթած) փորձությամբ զղջալով, Աստծո տված պատուհասով չար սովորությունից դեպ բարին փոխվենք: Արդ, սրանից, ասում է, փրկիր մեզ. ինչու՞. որովհետև եթե մեղավոր ենք, դու պատուհասելով ուղղիր և ոչ թե թշնամու ձեռքը տուր, և եթե արդար ենք` ինչպես կամենում ես ընդունիր և մի՛ փորձիր, որպեսզի չլինի թե մեր տկար բնության պատճառով անփորձ գտնվելով կորչենք, որովհետև ամեն ինչ չէ, որ անփորձ լինելով (կրակի) բովքի միջից դուրս է գալիս (անվնաս), այլ բազում անգամ փորձվելուց հետո դժգունելով (փոխում է) իր սկզբի գույնը: Այս իմանալով առաքյալը գրում է Կորնթացիներին. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. Ժ 13): Արդ, այս հավատարմությունն է պահանջում ունենալ` փրկություն խնդրելով փորձողից: Ասում է` փրկիր մեզ չարից. (սրանով) ցույց է տալիս, որ թեպետև դու փորձությամբ մեր օգուտն ես տնօրինում և մարտի մեջ հաղթությամբ մեր պսակն ես բյուրապատկում, բայց անձամբ անձիս համար նույնը չեմ պահանջում` իմ տկար, դյուրախաբ մարմնին վիճակվածը, այլ միշտ աղոթում եմ փրկություն ունենալ: Հիրավի, մեր Տերը տկար մարդկության (վիճակված) փորձը, մեր նմանությամբ ամենայն ինչով իր վրա վերցրեց, բացի մեղքից, ճշմարտապես չարչարակից եղավ ընդունելով փորձությունները: Եվ ճշմարտապես սրան ենք հավատում նախակարգված աղոթքի վշտակցությամբ: Ըստ այսմ օգնություն ստանալով այս հավատքի միջոցով` միշտ տկարության փորձությունը մեր հոգիներին մատուցենք, ինչպես գրեց առաքյալը. «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու», այսինքն` հավատալի է, թե չի տալու: Ինչի՞ց. կրքերի (պատճառած) չարչարանքից. որովհետև եթե լույսը հալածվեց խավարից` խավարը ի՞նչ եղավ, քանզի իր նպատակին չհասավ, որովհետև լույս էր (իր բնությամբ), սակայն մեզ ճանաչեց, ուստի ասում է` հասիր, որովհետև դյուրագայթ ենք: Նա չմոլորվեց, որովհետև Աստված էր, այլ մեր մոլորությունն իմացավ, որովհետև ադամորդիներ ենք: Եղբայրներիս նմանվեց, որպեսզի ողորմած լինեն: Եվ «հավատարիմ է» ողորմության մեջ, քանզի չարչարակից է, փորձվեց,որպեսզի փորձակից լինի, և կարողապես օգնեց, որովհետև մեզ ուսուցանեց աղոթել փրկության համար:
Դու ես մեր փրկությունը, Հիսուս, էլ ու՞մ վրա հենվենք,
Դու կրեցիր փորձությունները` էլ ու՞մ ապավինենք,
Մի՞թե քոնը չէ տալը՝ էլ ու՞մ մոտ ապաստան գտնենք,
Դու ես ողորմածը` կարոտյալներս ու՞մ ոտքերի մոտ հանգչենք
Նայիր, Տեր, փորձության ենթարկվածներիս ու կործանվածներիս, մատնվածներիս, գիշատվածներիս, հարբածներիս ու հիմարացածներիս:
Դու Փրկիչ, որ սովորեցրիր փրկություն խնդրել, Քո եղածով Քեզ ենք թախանձում, փրկիր մեզ որսողից:
Որ օրհնված ես հավիտյանս. Ամեն:
[1] Ակնարկում ս. Պատարագի անմահարար ընծաները՝ Տիրոջ մարմինն ու արյունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: