Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
37-43. «Նա ի պատասխան նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է»»։ «Իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, ովքեր Արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են»։ «Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են»։ «Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ այս աշխարհի վերջում է լինելու»։ «Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, և նրանք Իր Արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին»։ «Եվ նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։ «Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր Արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։
«Եվ ի պատասխան նրանց, - վկայում է ավետարանիչը, - Հիսուս ասաց․ «Լավ (բարի) սերմը ցանողը Մարդու Որդին է։ Իսկ արտն աշխարհն է։ Լավ (բարի) սերմը նրանք են, ովքեր Արքայության որդիներն են, իսկ որոմը չարի (ստի) որդիներն են։ Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ այս աշխարհի վերջում է լինելու։ Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, և նրանք Իր Արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին։ Եվ նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր Արքայության մեջ»։
Այսպիսով, եթե Հիսուս Ինքն է Սերմնացան, որը ցանում է Իր սեփական արտում և հնձում Իր սեփական թագավորությունից, ապա պարզ է, որ մեր այս աշխարհը պատկանում է Նրան։ Խորհի՛ր, թե որքան անմեկնելի է Փրկչի սերը մարդկության հանդեպ, որքան պատրաստ է Նա բարիք գործելու և որքան հեռու է Նա պատժելուց։ Երբ Քրիստոս սերմանում է, Նա Ինքն անձամբ է սերմանում, իսկ ահա երբ Նա պատժում է, պատժում է ուրիշների, այսինքն՝ հրեշտակների միջոցով։ «Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր Արքայության մեջ»։ Սա չի նշանակում, որ նրանք կփայլեն ճիշտ ինչպես արևը։ Բայց քանի որ մենք չգիտենք որևէ այլ լուսատուի մասին, որն ավելի պայծառ լինի, քան արևը, ուստի Տերն օգտագործում է մեզ ծանոթ պատկերներ։ Այլ տեղերում Քրիստոս ասում է, որ հունձքի ժամանակն արդեն իսկ հասել է։ Օրինակ, երբ Նա խոսում է սամարացիների մասին՝ ասելով․ «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են և հասել հնձի համար» (Հովհ․ 4։35)։ Եվ դարձյալ. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ» (Ղուկ․ 10։2)։ Ուրեմն ինչո՞ւ այնտեղ Հիսուս ասաց, որ հունձքի ժամանակն արդեն իսկ եկել է, բայց այստեղ Նա ասում է, որ հունձքի ժամանակն առաջիկայում դեռ պետք է գա։ Որովհետև «հունձք» բառը տարբեր իմաստներ ունի։ Ինչո՞ւ նաև, մեկ այլ տեղում ասելով՝ «Ա՛յլ է սերմանողը և ա՛յլ՝ հնձողը» (Հովհ․ 4։37), այստեղ Նա ասում է, որ Ի՛նքն իսկ է սերմնացանը։ Որովհետև այնտեղ, խոսելով հրեաների և սամարացիների հետ, Նա առաքյալներին հակադրում է ոչ թե Իր, այլ մարգարեների հետ, քանի որ Աստված սկզբնապես սերմանում էր մարգարեների միջոցով։ Նույն կերպ, Քրիստոս երբեմն նույն բանը անվանում է և՛ «հունձք», և՛ «ցանք»՝ այս բառերն օգտագործելով տարբեր համատեքստերում։
Երբ Նա նկատի ունի Իր ունկնդիրների հեզությունն ու հնազանդությունը, ապա, որպես Իր անելիքն ավարտած մեկը, Նա այն անվանում է «հունձք»։ Իսկ երբ Նա դեռ սպասում է Իր ունկնդիրների լսողության պտղին, ապա Նա այն անվանում է «ցանք», որի վերջում լինելու է «հունձքը»։ Իսկ ինչպե՞ս է այլուր ասվում, որ նախ արդարները կհափշտակվեն (տե՛ս Ա Թես․ 4։16): Իրոք որ, նախ նրանք կհափշտակվեն Քրիստոսի գալստյան ժամանակ։ Բայց սկզբում չարերը պատժի կենթարկվեն, ապա արդարները կմտնեն Երկնքի արքայություն։ Արդարներն անպայման կլինեն երկնքում, և Տերը կգա երկիր, կդատի բոլոր մարդկանց ու կհռչակի Իր դատաստանը նրանց նկատմամբ։ Ապա, որպես Թագավոր, Քրիստոս Իր հարություն առած ընկերներին կառաջնորդի դեպի երանելի ժառանգությունը։ Տեսնո՞ւմ ես, որ պատիժը կրկնակի կլինի. մեղավորները ստիպված կլինեն և՛ այրվել, և՛ տեսնել իրենց՝ փառքից օտարացած։ Բայց ինչո՞ւ, ի վերջո, երբ ժողովուրդն արդեն ցրվել էր, Քրիստոս դարձյալ առակներով է խոսում նաև առաքյալների հետ։ Որպեսզի նրանք, լուսավորված լինելով նախորդիվ իրենց ասված խոսքերով, այժմ արդեն կարողանային հասկանալ առակները։ Ահա թե ինչու, երբ առակները պատմելուց հետո Հիսուս նրանց հարցնում է. «Այս բոլորը իմացա՞ք», նրանք պատասխանում են. «Այո՛, Տե՛ր» (Մատթ․ 13։51)։ Այսպիսով, ի թիվս այլ բաների, առակները ևս առաքյալներին առավել խորաթափանց դարձրին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
37-38. Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են.
Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Լավ սերմ ցանողը Մարդու Որդին է: Ագարակն այս աշխարհն է: Լավ սերմն արքայության որդիներն են:
Լուսավոր ու հակիրճ խոսքով բացատրում է աշակերտներին պատմված առա կը: Նա, Ով մարգարեների միջոցով աստվածությամբ էր սերմանում աստվածպաշտությունը, այստեղ մարդկությամբ է դարձյալ [սերմանում]՝ ավետարանի վարդապետությունը՝ դեպի բարին առաջնորդելու համար թե՛ Հին [Ուխտի] մարդկանց, թե՛ Նոր: Իսկ «ագարակ» է կոչսսում այս աշխարհը՝ նրա փոքրությունն ու պակասությունը համեմատելով դրախտի ու վերին կյանքի հետ: Ովքեր ընդունեցին Տիրոջ ուսմունքը, լավ սերմեր դարձան, այսինքն՝ առաքինագործ, նաև ուրիշների մեջ ևս [բարիք] սերմանող, որովհետև այս կյանքում [գործված] առաքինությունները [նույնպես] նման են սերմի՝ առատ բերք ու պտուղ տալու և մշտնջենավոր պսակի պատճառով, և [դրանցով են] ժառանգելու վերին արքայությունը:
Իսկ որոմը չարի որդիներն են:
[Այսինքն]՝ նրանք, ովքեր չարի ուսմունքն ընդունեցին, ինչպես հրեաները (Տես սույն գլխի ծնթ. 17), հերձվածողներն ու անհավատ հեթանոսները, որ նրա կամքին ծառայելով՝ [իրենց] չար գործերով դարձան նրա ծնունդներն ու որդիները, այսինքն՝ գեհենի կրակի ժառանգորդներ:
Ստեփանոս Սյունեցի (†735)
37-38. Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են.
«Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը՝ արքայության որդիները»:
Ովքեր ընդունեցին բարի սերմը՝ Քրիստոսի վարդապետությունը, եղան բարի սերմեր՝ Աստծու արքայության որդիներ: Իսկ ովքեր ընդունեցին չար վարդապետությունը և մի կողմ թողեցին Քրիստոսի սերմը, սրանք եղան չարի որդիներ, գեհենի կրակի [արժանի] որոմ:
Արքայությունը Քրիստոսի Եկեղեցին է և Աստվածային խոսքերը, ուստի գայթակղությունները, այսինքն՝ այլ աղանդները, որոնք անօրենություն են գործում, կհավաքվեն և կգցվեն բոցավառ հնոցի մեջ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:36
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: