Հովհաննես Ծործորեցի (†1338)
1-2. Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»:
Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան փարիսեցիներն ու օրենսգետները Երուսաղեմից և ասացին. «Ինչո՞ւ Քո աշակերտները չեն պահում ծերերի ավանդությունը. որովհետև չեն լվանում ձեռքերը, երբ հաց են ուտում»:
Ե՞րբ մոտեցան: Երբ բյուրավոր հրաշքներ գործեց և հիվանդներ բժշկեց՝ միայն Իր հագուստի քղանցքին հպվելու միջոցով: Ավետարանիչն այս ժամանակն է մատնանշում, որպեսզի ցույց տա Նրա անչափ զորությունը: Իսկ ի՞նչ է [նշանակում] «փարիսեցիները Երուսաղեմից» խոսքը: Օրենսգետներն ու փարիսեցիները տասներկու ցեղերի մեջ էին սփռված, և նրանք, որ մայրաքաղաքում էին, մյուսներից ավելի վատն էին, որովհետև որքան մյուսներից ավելի շատ էին պարգևներ վայելում, այնքան ավելի էին հպարտության մեջ աճում: Ուստի հիմարացան, ինչը նրանց հարցից է երևում. որովհետև չասացին, թե [Քրիստոսի աշակերտները] Մովսեսի Օրենքն են խափանում, այլ ծերերի ավանդածները, ինչից պարզ է դառնում, որ քահանաները շատ նորամուծություններ էին արել: Թեպետ մեծ ահով ու սպառնալիքով պատվիրվել էր ոչինչ չավելացնել և չպակասեցնել, սակայն նրանք ոչ սակավ նորամուտ բաներ էին անում: Օրինակ՝ որ չպետք է անլվա ձեռքով հաց ուտել, ինչպես որ իրենք, փողոցից [տուն] մտնելով, լիքը ձեռքով լվացվում էին, նաև բաժակների, պղինձների, ամանների և մահիճների լվացումներ կատարում: Սրանք մեծ ծաղրի էին արժանի, որովհետև երբ պատշաճում էր ազատվել ավելորդություններից՝ ժամանակի զարգացման պատճառով, այդժամ նրանք ավելի էին իրենց դնում ավելորդությունների կապանքների մեջ: Ձևացնում էին, թե օրենսդիր են: «Չեն պահում,- ասում է [ավետարանիչը],- ծերերի ավանդությունը»: Մեջտեղ էին բերում այն, ինչն Աստծուց ավելի կարևոր էին համարում, որովհետև կամենում էին դրանով ավելի բարկացնել Նրան, որպեսզի եթե նախատեր նրանց, հենց Ինքը լիներ [Իր մասին] չարախոսության պատճառը:
Բայց պետք է քննել, թե ինչո՛ւ էին աշակերտներն անլվա ձեռքերով ուտում: Այսպես [վարվում էին] ոչ թե արհա մարհանքի պատճառով, այլ որ անփույթ էին ավելորդ բաների հանդեպ և միայն կարևոր բաներին էին հետամուտ լինում, որովհետև ոչ լվացվելու, ոչ էլ չլվացվելու օրենք չէին սահմանում իրենց համար, այլ երկուսն էլ կիրառում էին այնպես, ինչպես հարկն էր պահանջում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-9. Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի: Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»»:
Թեև Ավետարաններում մանրամասն չունենք, թե Հրեաստանում Երուսաղեմի սինեդրիոնի դպիրներն ու փարիսեցիները Հիսուսի դեմ ինչպիսի հալածանքներ ու դավաճաննություններ էին լարել, դժվար չէ իմանալ, որ սպասում էին Հիսուսի Երուսաղեմ գնալուն, որպեսզի որևէ կերպով Նրան բռնեն դավաճանությամբ, կամ թե սուտ ամբաստավանությամբ մեջտեղից վերացնեն, այդ գալիլիացի վարդապետին, որ իրենց կեղծավորության ամբարտակը հիմքից քանդում էր, իրենց գործին չէր խթանում, և պետք չէր որ ապրեր ու գործեր: Երբ որ տեսան, որ Հիսուս Երուսաղեմ չեկավ, և իրենց մտադրությունը չիրագործվեց, իրենք պարտավորվեցին Նրա ետևից գնալու: Եվ դպիրներից ու փարիսեցիներից մի քանի հոգի ուղարկվեցին Գալիլիա՝ Հիսուսին հետևելու, փորձելու, վտանգելու, որպեսզի ձեռքերին մի փաստ կամ մի միջոց անցկացնեն կամ մեջտեղից Նրան վերացնեն, և կամ անվանարկելով ազդեցությունը կոտրեն:
Սրանք Գալիլիա հասնելով տեսնում են, որ Հիսուսի աշակերտներից ոմանք առանց սկզբից ձեռքերը լվալու, անլվա ձեռքերվ կերակուրները բռնում և ուտում են: Այստեղ ձեռք լվալու պայմանը պարզապես մաքրման և կենցաղագիտության տեսակետից չի կատարվում, այլ՝ օրինական պղծության տեսակետից: Հին օրենքով պիղծ բանին դիպչելը կամ պիղծ համարված բան ուտելը բավական էր, որ դիպչողին կամ ուտողին պղծված և օրինական պահանջների դեմ մեղանչած տեսնել: Այդ պղծություններից ազատվելու միջոցն էլ օրինական լվացումներն էին:
Այդ՝ տեսնելով, որ մարդ չիմանալով կարող է պիղծ բանի դիպած լինել և պիղծ բանի դիպած ձեռքը պղծում է կերակուրը և պղծված ուտողը՝ ինքն էլ պղծված կհամարվի, դրա համար հրեաների մեջ ավանդական օրենք կար կերակուրից առաջ ձեռքերն ամբողջությամբ առատ ջրով լավ լվանալ, որպեսզի ո՛չ կերակուրը պղծվի և ոչ՝ ինքը: Այդ լվացվելու ավանդությունը անչափ տարածված ու ընդարձակված էր, որ ոչ միայն կերակուրը, այլև ամբողջ կերակուրի ամանները, օրինակ՝ բաժակ, կուժ, պղնձաման, կաթսաներ, ինչպես նաև մահիճ, աթոռ, սեղան, օրինական լվացումով չանցկացրած գործածության չէին մտցնում: Իրոք՝ պղծվածների համար լվացումը օրենք էր, բայց պիղծ չեղած ժամանակ բոլորովին ավելորդ էր: Դրա համար Հիսուս և Իր աշակերտները այդ լվացումներին ուշադրություն չէին դարձնում, որ օրենքից դուրս կամավոր հավելադրումներ էին:
Երբ որ Հիսուս լսում է դպիրների ու փարիսեցիների ամբաստանությունն ու բամբասանքը, զայրանում է նրանց կեղծավորման վրա, որ մի կողմից ոտնակոխ է անում օրենքները, իսկ մյուս կողմից ավելորդ զգուշություններով աշխատում են օրինապահ երևալ: Նրանց հանդիմանում է Եսայի մարգարեի՝ կեղծավորների դեմ ասած խոսքերը կրկնելով. «Այս ժողովուրդը շրթունքներով է մեծարում ինձ, և նրանց սրտերը հեռացել են ինձնից, իզուր են պաշտում ինձ, ուսուցանում մարդկանց պատվիրած վարդապետություններ» և Ինքն ավելացնում է իբրև եզրակացություն. «Թողեալ զպատուրիանն Աստուծոյ, ունիք զմարդկան աւանդութիւն. խօտէք զպատուրիանն Աստուծոյ, զի զձեր ավանդութիւն հաստատիցէք»: Եսայու այս խոսքերը գրեթե չեն տարբերվում Մատթոսի ավետարանի մեջ հիշված և բնագրի մեջ Ես. 29:13 կարդացված ձևից, և հետևաբար, բաղդատելը ավելորդ ենք համարում: Ավանդությունների մասին Հիսուսի հայտնած արհամարհանքը, և ավանդությունների հիմքով թե՛ եկեղեցու և թե՛ ուրիշ ընկերական շրջանակների մեջ օրինական փաստեր կազմելը, չպետք է իրար հակասական երևան: Ավանդությունների օրինական փաստը կազմվում է մինչև իրենց ծագումը կամ աղբյուրին գնալով, իսկ եկեղեցիական շրջանակի մեջ՝ մինչև առաքյալները և մինչև Քրիստոս հասնելով և այնտեղից մինչև մեզ անընդհատ, անփոփոխ և ընդհանուր մի գործնական եղելություն երևան հանելով: Իսկ Հիսուսի արհամարած մարդկանց, ծերերի, կամ փարիսեցիական ավանդությունը որևէ հետագա, կամավոր և մասնավոր աղբյուրից է առնում իր ծագումը և հեղինակությունից զուրկ է մնում:
Փարիսեցիների պաշտպանած ավանդության տգեղությունները ցույց տալու համար Հիսուս մի օրինակ է բերում, որպեսզի զգալի դարձնի, թե ինչպես են ավանդությունները պատվելով օրենքը անարգում: Մովսեսը տասնաբանյա օրենքում գրել է «Պատուեա զհայր քո եւ զմայր», մի ուրիշ տեղ էլ գրել է. «Որ բամաբսեսցէ զհայր կամ զամայր իւր, մահու վախճանեսցի» Ելք. 20:12 և 21:17, ուր պատիվը նկատվելու է ոչ միայն խոսքերով կամ արտաքին ձևերով, այլ հնազանդվելով, օգնելով և ձեռքից եկած հաճելին ընծայելով: Այս է օրենքը: Իսկ ավանդության զորությամբ փարիսեցիները և դպիրները սովորեցնում էին, որ երբ մարդը իր ունեցածը Աստծուն է նվիրել, թեպետև ունեցվածքը իր ձեռքը լինելով՝ ինքը նրանից օգտվում է, սակայն այնտեղից չի կարող մի բան հանել և ծնողներին տալ, և չտալով էլ օրենքի դեմ մեղանչած չի լինի: Այս է Ավետարանում այդ մասին գրած ճիշտ իմաստը. «Եթէ ասիցէ ոք զհայր կամ զմայր, կորբան, որ է պատարագ, զոր յինէն օգտեսցիս»: «Կորբան» բառը հին տառադարձությամբ գրված, մեր այժմյան տառադարձությամբ «գուրպան» արամերեն բառն է, որ նշանակում է պատարագ կամ նվեր, ինչպես էլ թարգմանված է Ավետարանում: «Դուք սովորեցնում եք, - ասում է Հիսուս - որ եթե որևէ մեկը հորը կամ մորը ասի, ինչ որ ես քեզ պիտի տամ, կամ ինչ-որ դու ինձանից պիտի օգտվես, համարվում է Աստծուն տրված գուրպան կամ պատարագ, այլևս հնարավոր չէ, որ հորը կամ մորը օգնի: Եվ այս կերպով,- ավելացնում է Հիսուս, - անարգում ենք աստվածային մի մեծ պատվիրան, միայն ձեր կազմած ավանդությամբ, որ դուք սովորեցնում եք ուրիշներին: Եվ սա բերում եմ իբրև մի օրինակ, - ասում է Հիսուս, - որովհետև սրա նման շատ և շատ անտեղի և ապօրենի սկզբունքներ ենք սովորեցնում ձեր պատված և պաշտպանած ավանդություններով: Դուք հարցնում եք ինձ, թե ինչո՞ւ եմ անարգում այս տեսակ ավանդությունները, բայց ես պետք է հարցնեմ, թե ինչո՞ւ եք անարգում աստվածային պատվիրանները ձեր սուտուփուտ մարդկային ավանդությունների համար»:
Հիսուսի պատասխանը ջախջախիչ եղավ դպիրների և փարիսեցիների դեմ, և պարտավորվեցին լռել ու հեռանալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: