Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:43

Հովհաննես Ծործորեցի

43-45. Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»: Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:

 

    Հիսուսն ասաց նրանց. «Իսկ ինչպե՞ս է Դավիթը Հոգով Նրան Տեր կոչում և ասում . Ասաց Տերն իմ Տիրոջը. «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև թշնամիներիդ Քո ոտքերի համար պատվանդան դնեմ»: Եթե Դավիթը Նրան Տեր է կոչում, ինչպե՞ս է նրա որդին»:

    Չի ժխտում այն, որ Դավթի որդին է, թեպետ կամենում էին այդ խոսքը չառնչել Նրա հետ, որովհետև կույրերն ու մանուկները հայտնապես [Դավթի որդի] դավանեցին [Նրան] 1242: Իսկ որ վկայությունը ստուգապես Նրա վերաբերյալ չտվեցին, պատճառն այն էր, որ Նրան լոկ մարդ էին համարում: Ուստի [Հիսուսը] նրանց սխալ կարծիքը մերժում է Դավթին վկայաբերելով 1243, ով հայտնապես քարոզեց Նրա Տեր լինելու մասին` ցույց տալով, որ [Քրիստոսն] արդարև Աստծո Որդին է և նույն պատիվն ունի, ինչ Հայրն ու Սուրբ Հոգին: Եվ սա ասելով` [Հիսուսը] ոչ թե [Իրեն] հեռացնում է Դավթից, այլ ասում է. «Ոչ միայն Դավթի որդին է ըստ մարմնի, ինչպես դուք եք կարծում, այլև նրա Տերը»: Եվ դու տես, թե ինչպես կամացկամաց ներկայացրեց Իր փառքը հարմար ժամանակին, որովհետև երբ ասաց. «Տերը մեկն է», ապա ցույց տվեց, որ Ինքն էլ է Տեր` մարգարեությամբ կնքելով և ոչ թե միայն գործերով [ցույց տալով], որովհետև ում դուք Նազովրեցի եք անվանում, մարգարեն իր Տերն է կոչում:
    Իսկ ասում է. «[Դավիթը] Հոգով Նրան Տեր է կոչում», որպեսզի չասեն, թե [Դավիթը Քրիստոսին] այդպես կոչել է ավելի հաճոյանալու համար, և դա մարդկային բնորոշում է: Ասում է, թե Հոգո՛վ կոչեց, որը ճշմարտությունն է ցույց տալիս, որովհետև «ոչ ոք Տեր չի կոչում Հիսուսին, եթե ոչ` Սուրբ Հոգով» (Ա Կոր. 12։3), քանի որ [Դավիթը] կոչեց այն, ինչ կար, և ինչ չկար, փափագեց: Ուստի [Հիսուսը] մեջբերում է նաև [Դավթի] այդ խոսքը թե` «Ասաց Տերն իմ Տիրոջը. «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև թշնամիներիդ Քո ոտքերի համար պատվանդան դնեմ»»: Սրանով ցույց է տալիս, որ ով հակառակ է Նրան, հայտնապես [հակառակ] է նաև Հորը, և Հայրը դրան վրեժխնդիր է լինելու: [Հիսուսն այսպես խոսեց], որպեսզի գեթ սրա վախից խոնարհվեին ու զգաստանային: Նաև ցույց է տալիս Ծնողի հետ Իր համակամությունն ու համապատվությունը, որն ամեն պատվի գլուխն ու ծայրն է` ըստ առաքյալի. «Մեր մեղքերի սրբագործումը կատարելով` նստեց բարձունքներում` Մեծության աջ կողմում» (Եբր. 1։3):
    «Մինչև թշնամիներիդ Քո ոտքերի համար պատվանդան կդնեմ»: Սա կամ հասկանում ենք որպես հռոմեացիների [գործած] ավերը, ովքեր վրեժխնդիր եղան Աստծո Որդու մարմնի արյան համար, որը [սաղմոսը] «ոտք» է անվանում` ըստ այսմ. «[Ինչպես որ քո ոտքը կթրջվի արյամբ], այդպես Քո շների լեզուները [կթրջվեն] քո թշնամիների արյամբ» (Սաղմ. 67։24), կամ էլ այս [աշխարհի] կյանքի վախճանին մոտ` Քրիստոսի և Նրա Հոր թշնամիները Նրա մարդեղության ոտքերի առաջ կերկրպագեն, ինչի օրինակը տեսավ Հովհաննեսը` հարյուր քառասունչորս հազար կնքվածներին 1244, և ապա [Քրիստոսը] կելնի անհավատների դատաստանն անելու:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:41