Հովհաննես Ծործորեցի
35-36. որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:
Որպեսզի ձեզ վրա գա երկրի վրա հեղված ամբողջ արդար արյունը` արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, ում սպանեցիք Տաճարի ու զոհասեղանի միջև: Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, այս ամենը կգա՛ այս ազգի վրա:
Ինչո՞ւ է [Տերը] սրանց ավելի տանջում, այն աստիճան, որ անգամ նախնիների հանցանքների [հաշիվն] էլ է սրանցից պահանջում: Կամ` որովհետև ավելի մեծ [հանցանք] հանդգնեցին գործել` դառնալով բոլորից ավելի չար, և գործածներից ոչ մեկի համար չզղջացին, որովհետև ինչպես որ արդարների սպանությունը նախօրինակը եղավ ճշմարիտ Արդարի մահվան, այդպես էլ նրանց սպանողների [հանցավորությունը] նախատիպը դարձավ այժմյան մարդասպանների հանցավորության, ովքեր կատարեցին նրանց բաղձանքը` սպանել մարդասպանների Վրեժխնդիրին, Ով Իր ծառաների վրեժն էր խնդրելու: Որովհետև նա, ով սպանում է դատավորին, մարդասպանների բարեկամն է, ով ընդարձակում է նրանց ճանապարհը, ուստի [Տերը] նրանց [հանցանքների հաշիվը] սրանցից է պահանջում: Կամ էլ` սրանք չզգոնացան նախնիների հանդեպ վրեժխնդրությունից, որովհետև Աստված չլռեց` վերջիններիս գործերը [տեսնելով], պատիժներ պահանջեց նրանցից, և [նրանց այս հետնորդներն] էլ գիտեին, թե ինչ պատահեց Կայենին, ուստիև [Աստված] սրանց առավել է տանջում, ինչպես Ղամեքին: Եթե Կայենից յոթ վրեժ [էր պահանջվել], ապա Ղամեքից` յոթանասուն անգամ յոթ 1276, քանի որ նախկինի [պատժով] չխրատվեց: Ուստի այդպես էլ` բոլոր [նախնիներին] հավասար կպատժվեն սրանք, ինչպես ասում է [Տերը].
«Այս ամենը կգա այս ազգի վրա».ո՛չ թե հրեաների, այլ մարդասպանների՛ վրա, որոնք նախկին արյունահեղների ազգն են և չխրատվեցին նրանց պատիժներով, ինչպես, [օրինակ], Հերովդեսը, ով կամեցավ [Հիսուսին] մանուկների հետ սպանել, կամ նազարեթացիք, [որ կամեցան Նրան] գահավեժ անել 1277: Սրանք ամենքն էլ հաղորդակից են նրանց պատիժներին, որովհետև թեպետ չսպանեցին, սակայն կամեցան, [բայց չսպանեցին], որովհետև հնարավոր չէր, որ [Հիսուսը] Երուսաղեմից դուրս մեռներ 1278, ինչպես որ [հրեաների]` փրկության համար զոհաբերություններն էլ էին այնտեղ կատարվում` ըստ Մովսեսի օրենքի: Բայց երբ երուսաղեմացիները սպանեցին [Հիսուսին], նրանք ևս հաղորդակից դարձան [նախնիների] սպանությանը, ինչպես ասում է [Տերն այս խոսքում]: Իսկ որ Աբելին է հիշում, աննպատակ չի վարվում, այլ ցույց տալու համար, որ այս սպանությունը ևս նախանձից է կատարվում:
«Մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, ում սպանեցիք Տաճարի և զոհասեղանի միջև»: Ոմանք սրան համարում են Հովհաննես [Մկրտչի] հայրը, ում սպանեցին հրեաները Տաճարի և զոհասեղանի միջև Մարիամին կուսանների դասում կարգելու համար, երբ ընծայեց մանուկ Հիսուսին, ինչպես վկայում է Կապադովկիայի Կեսարիայի եպիսկոպոսապետ Բարսեղը «Պահոց գրքում» 1279: Իսկ ուրիշներ [համարում են Զաքարիա] մարգարեին` [Բաբելոնից] վերադարձից հետո, ոմանք էլ` մի այլ երկանուն քահանա, ում [Սուրբ] Գիրքը Հովիդայե է կոչում 1280. սրան է սպանել, ասում են, Հովաս թագավորը Տաճարի և զոհասեղանի միջև: Եվ սա կրկնակի ժպրհություն էր նրանց կողմից, որովհետև ոչ միայն սրբերի էին սպանում, այլև սուրբ տեղում` չպատկառելով Քավությունից 1281 և [աստվածային] մեծազդու ներկայությունից: Այդ վայրն ակամա մարդասպաններին փրկում էր 1282, իսկ նրանք անմեղներին էին այնտեղ սպանում: [Տերն] այս խոսքով միայն չի սպառնում նրանց, այլև մխիթարում է Իր աշակերտներին` [հիշեցնելով], որ նրանցից առաջ եղած արդարներն էլ են նույնը կրել: Իսկ թե ինչու Իր սպանությունը կամ [դրա] վրեժխնդրությունն [այս խոսքում] չհիշատակեց, պատճառն այն է, որ [կամենում էր], որ նախնիների հիշատակությամբ հետնորդները զգուշանային, և վրեժ չպահանջեց, քանի որ տակավին չէին սպանել Իրեն, այլ դա հետո էր լինելու:
Ստեփանոս Սյունեցի
որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ:
«Արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի»:
Հովսեփոս Եբրայացի պատմիչը հիշատակում է, թե Հովաս թագավորը Զաքարիային սպանեց տաճարի մեջ՝ սեղանի առջև:
Մաղաքիա արք. Օրմանյան
որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:33
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: