Հովհաննես Ծործորեցի
8-9. Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»:
Երբ աշակերտները տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է յուղի այդ կորուստը. որովհետև կարելի էր դա մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»:
Աշակերտները որտեղի՞ց ունեին այս միտքը. պարզ է, որ Ուսուցչից էին լսել. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Ովսե 6:6, Մատթ. 9:13). Նա նաև մեղադրում էր հրեաներին, որ թողել են «Օրենքի ծանր [պատվերները]` դատաստանը, ողորմությունն ու հավատը» (Մատթ. 23:23), և լեռան վրա էլ նույնը սովորեցրեց 1444: Ուստի նրանք սա մտքում ունենալով է, որ բարկացան, բայց [Հիսուսը], կնոջ մտքին նայելով, թույլ տվեց, իսկ աշակերտները Տիրոջ միտքը չգիտեին և անտեղի մեղադրում էին, թե կարելի էր դա մեծ գնով վաճառել ու տալ աղքատներին: Սա ասելով` ցույց տվեցին կնոջ առատաձեռնությունը, թե որքա՛ն յուղ վատնեց և ինչպիսի՛ լրջմտությամբ հանձն առավ օծել Տիրոջը: Բայց ինձ թվում է` յուղն այդքան էլ թանկարժեք չէր, այլ երբ դիպավ Տիրոջ գլխին, Նրա աստվածության հոտը բուրեց յուղի հետ, ինչի վրա զարմանալով` [յուղը] գովեցին: Իսկ այլաբանորեն` յուղը խորհրդանշում է ունեցվածքը. եթե մեկն իր ունեցվածքը վատնում է հարուստների վրա, [դա տանում է] դեպի կորուստ, որովհետև հնարավոր է աղքատներին տալ, որով [տվողը] ստանում է թանկագինը` երկնքի բարիքները. դա՛ է վաճառելը:
;
Մաղաքիա արք. Օրմանյան
8-13․ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ: Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
Բեթանիա ընթրիքի ժամանակ Մարիամի կատարած օծումը շատերին չափազանցված պատիվ էր երևում, իբր անխորհուրդ շռայլություն: Եթե հյուրին լվացմամբ և օծմամբ մեծարելը գնահատելի հյուրասիրություն էր, ապա մի ամբողջ լիտր, այսինքն` 160 տրամ ազնիվ ու թանկագին յուղը միանգամից սպառելը համարվեց մի անխորհուրդ գործ: Եթե Ղազարոսի քույրերը կամենում էին Հիսուսի պատվին որևիցե զոհողություն անել, ապա կարող էին իրենց զոհողությանն ավելի օգտակար ձև տալ, այլ ոչ թե վայրկյանում, առանց նպատակի, օդի մեջ ցնդեցնել թանկ արժողություն ունեցող յուղը: Երբ այդ դիտողություններն այս ու այն կողմից լռելյայն կամ մտովի զգացնել էին տալիս, Հուդա Իսկարիովտացին խզեց լռությունը և սկսեց համարձակորեն պախարակել Մարիամի արածը.
«Վարդապետին պատվելու համար,- ասաց,- մի քիչ յուղն էլ բավական էր: Նա ցանկացած յուղով էլ գոհ կլիներ: Մինչդեռ ամբողջ լիտր նարդոսյան յուղն արժի երեք հարյուր դենար և եթե վաճառվեր, կարելի էր այդ դրամով մի շարք աղքատների մխիթարել: Անշուշտ մեր Վարդապետն էլ ավելի կուրախանար այդ բարեգործությամբ, քան իրեն տրված անխորհուրդ պատվասիրությամբ»: Մյուս առաքյալները, առանց կասկածելու Հուդայի ներքին մտադրությանը, սկսեցին հավանություն տալ նրա խոսքերին: Իրենք նույնպես հավանեցին և սկսեցին կրկնել, թե իրոք մեկ լիտր նարդոսյան յուղը կարելի էր երեք հարյուր դենարով կամ դահեկանով վաճառել և այդ գումարը տալ բավականին թվով աղքատների: Դենարը կամ հռոմեական դահեկանը գրեթե այժմյան ֆրակին հավասար արժեք ունեն:
Եթե առաքյալների դիտողությունները իրավամբ միամիտ նախանձախնդրության խոսքեր էին, ապա նույն արդարացումը չի կարող վերաբերվել Իսկարիովտացի Հուդային: Այդ դիտողությունը իր ընկերներից Հովհաննես Ավետարանիչն է անում: «Հուդան ,- ասում է,- ամենևին աղքատների նկատմամբ ունեցած հոգածությունից չէր խոսում: Նա, ինչպես մենք, աղքատներին գթալու նպատակ չուներ, որովհետև մեր գանձապահն էր, հասարակաց քսակը նրա ձեռքում էր և ինչ դրամ որ հասնում էր մեզ, պահվում էր իր մոտ: Բայց նա հավատարիմ չէր իր պաշտոնում, այլ խարդախություն էր խառնում մեր պահեստի դրամին էլ, որովհետև անհավատարիմ ու գող էր»:
Անշուշտ, Հուդայի այդ ընթացքը Հիսուսի համար գաղտնիք չէր և մենք առիթ ունեցանք հիշելու Հիսուսի այն ակնարկը, որով, առանց անուն տալու, ասել էր, թե նույնիսկ Տասներկուսից մեկը սատանա է (Հովհ. 6:61-72): Առաքյալներն այդ խոսքին որոշակի իմաստ չէին տվել: Պետք է կարծել, որ Հուդայի անհավատարիմ գանձապահությունը միչև վերջին ժամանակները, մինչև Բեթանիայի ընթրիքի օրը ծանոթ չէր առաքյալներին, այլապես անհնար է կարծել, թե առևտրից եկող և սեփական գործերը իմացող մարդիկ, ինչպիսիք առաքյալներն էին, իրենց դրամն անհավատարիմ անձի ձեռքում թողնելու միամտությունը ունենային: Հարցը տարբեր էր Հիսուսի պարագայում: Նրա համար կարևորություն չուներ դրամի պահվելը կամ գողանալը: Իսկ դրամը գողի ձեռքը հանձնելը բարոյական մեծ նպատակ ուներ, ինչպես որ մտածում են Սուրբ Հայրերը: Հիսուս այս կերպ ցանկանում էր բուժել արծաթասեր աշակերտի մոլորությունը և դրամը ձեռքը տալով` ցանկանում էր կշտացնել նրա անհագուրդ ագահությունը և փարատել արծաթասիրության ախտը: Հետևաբար, ամեն ինչ ավարտվելուց և ամեն բան հայտնի դառնալուց հետո է, որ Հովհաննեսը, Տեղեկանալով գործի իսկությանը, հասկանալով Հուդայի գաղտնի նպատակը, այդ մասին նշում է իր Ավետարանում: Մատթեոսն ու Մարկոսը առանձնապես Հուդայի մասին որևէ բան չեն ասում:
Երբ ամենքն այսպես Բեթանիացի Մարիամի արարքն էին քննադատում և դիտողություններ անում նարդոսյան յուղի շռայլության համար, մինչև իսկ բարկանում ու զայրանում Մարիամի վրա, Հիսուս հարկ համարեց պաշտպանել վերջինիս արածը: Թե՛ եղելությունը խորքում կշռադատելով և թե՛ դրան խորհրդական իմաստ տալով` ասաց. «Այս կնոջ իմ նկատմամբ դրսևորած պատվասիրության հարգն եք կամենում նվազեցնել` առաջ քաշելով աղքատաասիրության նպատակը: Աղքատներին օգնելու նպատակը ես եմ ձեզ թելադրել և դրան հետևելը ճիշտ է: Բայց երբեք չեմ ասել,թե, բացի աղքատներն օգնելուց, ուրիշ բարեգործություն չի կարող լինել: Որդվո Մարդո ընծայված պատվաասիրությունը ևս բարի գործ է, այն էլ իր տեղն ունի, մանավանդ, որ իմ ժամանակը հասել է, մահս մոտալուտ է, շատ քիչ օրերից հետո արդեն չեմ լինի, և եթե որևէ մեկը կամենա, այլևս չի կարող ինձ համար պատվասիրություն անելու առիթ ունենալ: Ընդհակառակը, աղքատները կան ու կմնան, բնավ չպիտի պակասեն: Երբ էլ լինի, կարող եք նրանց լավություն անել:Մինչդեռ ինձ պատվասիրություն ցույց տալու առիթ պիտի չգտնեք, եթե անգամ ցանկանաք էլ: Ուրեմն, քանի որ իմ ժամանակը քիչ է, ինձ համար անելիքներդ ավարտեք և հետո, երբ կամենաք, աղքատների համար ձեր անելիքները կարող եք կատարել: Մանավանդ այս օծումը, որով Մարիամը կամեցավ ինձ պատվել ու մխիթարել, ինձ համար վերջին անգամ կատարված մի օծում եղավ, քանի որ, ինչպես ասացի, մահս մոտալուտ է: Մեռելների վրա կատարվող պատանքի օծումն առատորեն է լինում: Մարիամն իմ պատանքի առատ օծումը կանխավ կատարեց: Հետևաբար, ամենևին իրավունք չունեք քննադատելու նրա արածը,պախարակելու իրեն: Ընդհակառակը, շատ նշանավոր ու խորհրդավոր գործ կատարեց ու իր անունը կցեց իմ երկնառաք պաշտամունքների նվիրական վախճանին: Այնպես որ, ուր քարոզվի Ավետարանը, պատմվի մահվանս մասին և աշխարի բոլոր կողմերում հռչակվի փրկագործությունս, այդ կնոջ արածն էլ միասին պիտի պատմվի ու հռչակվի: Նրա անունը գովեստով ու պատվով պիտի հիշատակվի ամենուր և բոլոր ժամանակներում»: Այս ոճով գրում են Մատթեոսն ու Մարկոսը, իսկ Հովհաննեսը, գործողությանն ապագայի ձև տալով, գրում է. «Թույլ տուք դմա, զի յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ»: Նրանք, ովքեր այս հատվածի ապառնի ձևն են շեշտում, կարծում են, թե Մարիամն ողջ յուղը նույն վայրկյանին չի թափել, և Հիսուսը ինչ-որ կերպ ապսպրել է, որ յուղի մնացորդը պահի Իր պատանքի ու թաղման համար: Սակայն Մարկոսը նշում է շիշը կոտրելով մնացյալը թափելու պարագան: Բեկեալ զշիշն եհեղ, որով այլևս ոչինչ չէր կարող մնալ շշի մեջ: Մյուս կողմից էլ, թե՛ Հուդան և թե՛ առաքյալներն արդեն իսկ յուղի կորստի համար են ցավում: «Ընդէր եղեւ կորուստ իւղոյդ այդորիկ», ինչը չպիտի կարողանային ասել, եթե մի մասը տակավին մնացած լիներ: Ուստի անհրաժեշտ է Հովհաննեսի ապառնի ձևը պարզապես խոսքի դարձված ընդունել ոչ թե յուղին, այլ օծմանն առնչվող, որ կարող էր նաև նշանակել. «Եթե այս օծումը ձեզ հիմա շատ է թվում, ապա մտքներումդ պահեցեք և համարեցեք որպես պատանքիս ու թաղմանս օծում»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: