Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:24

Հովհաննես Ծործորեցի

Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:

 

    Մարդու Որդին գնում է, ինչպես և գրված է Նրա մասին, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով է Մարդու Որդին մատնվելու. ավելի լավ կլիներ այդ մարդու համար, որ ծնված չլիներ»:

    Սրանով աշակերտներին խելամիտ է դարձնում, որպեսզի եղածը [Նրա կողմից] տկարություն չհամարեն, ինչպես նաև որպեսզի մատնիչին ուղղության բերի, ինչը եթե նա չկամենա, անխուսափելիորեն տանջվելու է: Բայց ի՞նչ է «Մարդու Որդին գնում է, ինչպես և գրված է» [խոսքը]. այսինքն` մահվան է [գնում], ինչպես և գրեցին մարգարեները Հոր կամքով Նրա չարչարվելու մասին` ըստ այսմ. «Կտեսնեք ձեր Կյանքին ձեր աչքերի առաջ կախված» (հմմտ. Բ Օր. 28։66). [Նրա] ձեռքերի ու ոտքերի ծակվելու և հագուստը բաժանելու մասին Դավիթը գրեց 1468, [գրվեց] նաև` «[Եկեք] փայտ գցենք նրա հացին» (Երեմ. 11։19), և` «Ոչխարի պես քշվեց մորթվելու» (Ես. 53։7), «Բարձրացար դու քո կառքը, և քո հեծելությունը փրկություն եղավ» (հմմտ. Ամբ. 3։8), «Ելավ բարձունքներ և առավ գերիներ» (Սաղմ. 67։19), և այլ այսպիսի [մարգարեություններ]: Ուրեմն` Մարդու Որդին ըստ այդ սահմանման է մեռնում, ասում է [Տերը]:

      «Բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով է Մարդու Որդին մատնվելու»:

    Ի՞նչ է սա. եթե գրված էր [Քրիստոսի] խաչելության մասին, և Հուդան գրվածը կատարեց, հրեաները` նույնպես, ապա ինչո՞ւ պատժվեցին: Սա՛ կպատասխանենք: Կատարեցին, ոչ թե որ գրվեց [այդ մասին], այլ քանի որ կատարելու էին, այդ պատճառով գրվեց: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. այն նպատակով չկատարեցին, որ գրվածներն իրականացնեին, այլ իրենց սրտի չարության պատճառով. Հուդան` ագահության, հրեաները` նախանձի և ոխակալության. ուստիև դատապարտվեցին: Որովհետև եթե կամքը չքննես, ապա սատանային էլ պատիժներից կազատես: Սակայն այդպես չէ, այլ թե՛ նա, թե՛ սրանք բյուրապատիկ պատիժների են արժանի նշված պատճառով: Եվ թեպետ աշխարհը փրկվեց, դա [կատարվեց] ո՛չ Հուդայի մատնությամբ ու հրեաների գործած սպանությամբ, այլ այդ օգուտը գործվեց Քրիստոսի իմաստուն հնարքով, որ ուրիշների չարիքը մեր օգ տի համար գործածեց, ինչպես ժամանակին եգիպտացիների չարչարանքով ազատության պատճառ ստեղծեց իսրայելացիների համար:

    Իսկ եթե մեկն ասի. «Եթե Հուդան չմատներ, ուրիշը չէր մատնի», կպատասխանենք, որ Քրիստոսը պիտի խաչվեր ո՛ւմ ձեռքով էլ որ հնարավոր լիներ, և եթե բոլորը բարի լինեին, մի՞թե [աստվածային] տնտեսությունը կխափանվեր. քա՛վ լիցի. Նա գիտե՛ր` ինչպես էր պետք մեր փրկությունը գործել, և Նրա մահը չէր կարող որևէ մեկի կորստյան պատճառը դառնալ:

    «Վա՛յ այն մարդուն,- ասում է,- ում ձեռքով է Մարդու Որդին մատնվելու»:

    Նաև այն պատճառով է սա ասում, որպեսզի ոչ ոք չկարծի, թե ինչոր [մարդ աստվածային] տնօրենության [իրագործմանը] ծառայեց, ուստի վայ է կարդում մար դուն և ողբում անօրեն ապականիչին: «Ավելի լավ կլիներ այդ մարդու համար, որ ծնված չլիներ». սա նաև Ժողովողն է ասում. «Վիժվածքն ավելի լավ է, քան նա» (Ժող. 6։3). ոչ թե լավ է, որ խավարից եկավ ու դեպի խավար գնաց, այլ «քան նա» է ասվում, որովհետև թեպետ [Հուդան] ավելի երկար ապրեց, բայց ոչ թե բարիք գործեց, այլ հակառակը, և հետո՛ կորավ ու խավարի մեջ ծածկվեց. ուստի ավելի լավ էր, որ վիժվեր ու չծնվեր և ոչ մի չար բան չգործեր ու կորստյան չարժանանար: Իսկ եթե մեկն ասի. «Եթե ավելի լավ էր չծնվել, ինչո՞ւ [Տերը] թույլ տվեց, որ նա կամ այլ չարեր ծնվեին», կպատասխանենք, որ նախ` [Տերը] բարի է և Իր բարությունը չի կամենում խափանել, և [Նրա կամքը] լինելությունն է: Երկրորդ` չի կամենում, որ առաքինությունը հարկադրաբար գործվի, այլ հոժարությամբ ու ազատաբար. Նա դա՛ է փափագում: Երրորդ` նրանք են մեղադրելի և ոչ թե Աստված. սա երևում է լավ [մարդկանցով], որովհետև պիտանի եղան, չարերից չվնասվեցին բնավ և կրկնակի պսակներ ընդունեցին. այդպես նաև վատերը կարողություն ունեին լավ լինելու, բայց չեղան, այլ չարացան, ուստի արդարացիորեն են կրկնակի պատիժներ կրելու: Նաև` մատնիչի պատիժը ծանրացնելով հանդերձ` [Տերն] Իր չարչարանքները կամավոր է ցույց տալիս: Սակայն, թեպետ տնօրինական [գործերը] կամավորաբար կատարվեցին աշխարհի փրկության համար, մատնիչն ու խաչողները ստանալու են [իրենց չար գործերի] հատուցումը, որովհետև դրանք գործեցին ոչ թե [աշխարհի փրկության] համար, այլ իրենց կրքերից շարժված, ինչպես արդեն ասացի:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:21