Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի գյուղ, որի անունը Գեթ սեմանի էր:
Թեպետ մեր [լեզվով] ստուգաբանվելով` Գեթսեմանին «մազմանոց 1507» է նշանակում, սակայն այս բառը եբրայերեն է և թարգմանվում է «պատրաստության» կամ «ջահերի ձոր» 1508. գիշերը Դավիթը ջահերով այստեղ փախավ Աբեսաղոմից` տրտմելով նրա հանդգնության համար 1509: Արդ` Տերն այնտեղ է գնում կամ ապահովության համար, կամ որպեսզի նախօրինակը 1510 ճշմարտի, որովհետև ջահերով այնտեղ եկան` բռնելու Անըմբռնելիին, այլև այնտեղ աշակերտներին որպես պայծառ ջահ պատրաստեց Իր վարդապետության միջոցով:
Ասաց նրանց. «Նստե՛ք այդտեղ, մինչև գնամ աղոթեմ»:
Քանի որ անբաժան էին Նրանից և բնավ չէին կամենում հեռանալ, հրամայեց նստել այնտեղ, որովհետև, ըստ Իր սովորության, առանձնացած էր աղոթում, մանավանդ այդ փորձության ժամանակ, որպեսզի մեզ սովորեցներ աղոթել հանդարտության մեջ և մեր հոգին լավ նախապատրաստած, նաև աղոթելիս միշտ հեռու մնալ մարմնական խորհուրդներից, առավել ևս` երբ որևէ վտանգ է սպասվում:
Ստեփանոս Սյունեցի
Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
«Այն ժամանակ Հիսուս նրանց հետ եկավ մի գյուղ, որի անունը Գեթսեմանի էր»:
Գեթսեմանի թարգմանվում է պարարտության ձոր:
Մաղաքիա արք. Օրմանյան
36-39․ Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
Հիսուս Իր Տասնմեկ առաքյալներով հասավ Գեթսեմանի և բոլորը միասին գնացին իրենց մշտական օթևանը: Հիսուս, շրջվելով դեպի առաքյալները, ասում է. «Դուք այստեղ մնացեք, հանգստացեք, քնեք, ես այս գիշեր հանգստանալու մտադրություն չունեմ. հուզված եմ, վրաս տխրություն է իջել, մոտալուտ փորձանքների նախատեսությունն ազդում է վրաս, ուստի ցանկանում եմ մի քիչ առանձնանալ, աղոթել ու աղոթքով զորացնել հոգիս»: Դեռ նոր մեկնած, առանձնությունը ևս Իրեն ծանր է թվում, և դառնալով նախապատիվ առաքյալներ Պետրոսին, Հակոբոսին ու Հովհանեսին` խնդրում է Իրեն լրիվ մենակ չթողնել այդ շփոթ կացության մեջ, միասին գան և աղոթքի ժամանակ Իր մոտ գտնվեն: Առաքյալներից ութը մնում են օթևանում, իսկ Հիսուս, մյուս երեքի հետ միասին, մտնում է հարակից պարտեզը: Այնտեղ, բացօթյա, նիսանի 14-ից 15-ի գիշերը, լիալուսին երկնքի տակ կամենում է Իր աղոթքը մատուցել Երկնավոր Հորը: Պարտեզում քայլած ժամանակ, երեքի հետ խոսելիս, նորից է կրկնում, թե մահվան զտխրություն է իջել վրան,սիրտը հուզված է, միտքը շփոթված, Ինքը ևս դժվարանում է անելիքը որոշել. Իր կյանքի վերահաս վտանգին Իրեն մատնել, թե՞ մի ուրիշ բան անել: «Դուք էլ որ իձ հետ եկաք, -ասում է, - կարող է պատահել, որ դուք էլ փորձանքի մեջ ընկնեք: Ես պիտի աղոթեմ Երկնավոր Հորը, որ Ինքը Ինձ զորացնի և ինչպես որ Իր կարծիքով ավելի օգտակար է, այնպես տնօրինի: Դուք էլ անտարբեր մի’ մնացեք, դուք էլ ձեզ համար աղոթեցեք, որ փորձանքի մեջ չընկնեք: Ուրեմն դուք այստե’ղ աղոթեցեք, ես էլ մի փոքր այն կողմ կգնամ աղոթելու»: Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը մնում են պարտեզի այն մասում, ուր խոսելով հասել էին: Հիսուս քարընկեցի հեռավորության չափ առաջ է անցնում: Քարընկեցը սովորաբար երեսուն մետրի չափ հեռավորություն է վերցնում: Այժմ էլ, Գեթսեմանիի պարտեզում այդպիսի հեռավորությամբ ցույց են տալիս, ութի, երեքի և Հիսուսի գտնված տեղերը: Միայն թե Հիսուսի աղոթքի համար մատնանշված տեղը մի քարայր է: Սակայն Հիսուսի քարայրամուտ աղոթելը բնավ չի համապատասխանում Ավետարանի պատմությանը: Քանի որ Գեթսեմանիում մի քարայր կա,ապա ավելի հարմար է կարծել, թե դա հենց սովորաբար իբրև օթևան ծառայած տեղն էր, ուր այդ գիշեր ութը մնացին հանգստանալու:
Երբ Հիսուս բոլորովին մենակ մնաց, ծնկեց անհուն երկնքի տարածության վրա հաստատված Աստուծո աթոռի առջև, սրտից հառաչանքներ արձակեց, զանազան մտքեր պաշարեցին Նրան: Աչքերի առջև տեսնում էր վերահաս վտանգը: Մտքով չէր չափում այդ վտանգի ներքին նշանակությունը: Սիրում էր Իր մահվամբ կատարվելիք փրկագործության խորհուրդը, բայց զգում էր կյանքը զոհաբերելու անհուն տագնապը: Որի՞ն տար նախապատվություն. Անխորտակելի ու անսասան մնար մահվան վտանգի առջև, թե՞ որևէ կերպ խույս տար և ազատվեր այդ դառն հանձնառությունից: Հնարավոր չէ՞ր արդյոք, որ առանց փրկագործության խորհուրդը եղծելու, առանց խափանելու մարդկային փրկության գործը` Ինքը ազատվեր այդ դառն ու բազմաչարչար հանձնառությունից: Այս մտքերով Հիսուս երեսնիվայր ընկած էր, և ճակատը գետնին, սիրտը երկնքում, ծփում էր այդ հակառակ խորհուրդների մեջ, ալեկոծյալ հոգին փոթորկալից ծովի կերպարանքն ուներ:
Հանկարծ Հիսուս, ոգևորված ներշնչմամբ, կրկին բարձրանում է ծնկներին, ձեռքերը տարածում դեպի երկինք և գոչում է. «Հա՜յր, Հա՜յր, քեզ համար անհնար բան չկա: Եթե կամենաս, կարող ես թե՛ մարդկային փրկությունը լրացնել և թե՛ ինձ կսկծագին մահվանից ազատել. հետևաբար կարող ես խնայել և վերահաս դառը մահվան լեղի բաժակը քամելու չստիպես: Տեսնում եմ այս հնարավորությունը, բայց չեմ համարձակվում այդ հարցով ստիպել: Թո՛ղ իմ կամքը չլինի, թո՛ղ կատարվի քո կամքը և լրանա փրկագործության խորհուրդը, ո՛չ թե այնպես, ինչպես ես եմ մտածում, այլ ինչպես դու ես հրամայում»:
Աստվածային կամքի համակերպության վերջնական որոշումը կարծես թե ներքին զորություն է հաղորդում
Հիսուսին: Մի պահ Ինքն իրեն հանգստացած է զգում, ոտքի է կանգնում, նայում չորս կողմը, մենակությունն ազդում է վրան: Կողքին մարդ տեսնելու ցանկություն է ունենում, հետ է գալիս` միանալու այնտեղ թողած երեք առաքյալներին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: