Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»:
 
 Եվ երբ քահանայապետերն ու ծերերը չարախոսում էին Նրա մասին, ոչ մի պատասխան չէր տալիս:
 Ի՞նչ էին չարախոսում: [Ասում էին], թե Իրեն «թագավոր» է անվանում և կայսրին հակառակ է, աշակերտներ է հավաքում, «մեր Օրենքը խափանում է» և այլ այսպիսի բաներ: Բայց Նա բնավ նրանց չէր պատասխանում, այլ սակավ ինչ` կուսակալին [միայն], ինչպես ասացի, որպեսզի Նրա լռության պատճառով սուտ կարծիք չկազմվեր Նրա մասին: Իսկ նրանց չ[էր պատասխանում], որովհետև չէին համոզվելու` ըստ այսմ. «Նրա խոնարհության պատճառով Նրա [հանդեպ արդար] դատաստանը վերցվեց» (Ես. 53։8):
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
12 -14. Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց: Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»: Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ:
 
 Պիղատոսի կազմած համոզումը իր մտքում հաստատուն էր, և Հիսուսի անմեղության և հրեաների անիրավության վրա այլևս վարանում չուներ։ Հետևաբար, մտքին դրեց հրեաների անիրավ պահանջին տեղի չտալ և Հիսուսին ազատել վերահաս վտանգից։ Եթե իր համոզումը գործադրելու բարոյական ուժ ունեցող, արդարասիրության դատն անաչառորեն պաշտպանող, անձնական տեսակետներով չգործող, հրապարակային շարժումների և անիմաստ խլրտումների առջև չընկճվող, միով բանիվ իր հանգիստն ու շահն արդար իրավունքից չվերադասող մեկը լիներ Պիղատոսը, անշուշտ Հիսուսի հանդեպ բռնած ընթացքն ուրիշ կերպ և ելքը տարբեր կլիներ։ Բայց Պիղատոսի գերագույն նպատակակետը իր անձն ու օգուտն էր, որին կզոհեր արդարությունն էլ, իրավունքն էլ։ Այսուհանդերձ, նա ետ չկանգնեց Հիսուսին ազատելու համար մի քանի անուղղակի միջոցներ ձեռք առնելուց։
 Առաջինն այն էր, որ իր բարձրագույն իշխանությամբ հայտարարեց, թե ինքը կատարեց պատշաճ քննությունը, հարցաքննեց ամբաստանյալին և մահապարտության արժանի հանցանք չգտավ։ Բայց քանի որ հրեաները դեռևս պնդում էին պրետորիոնից ներս չմտնել (Մատթ. 27:2), ինքը պարտավորվեց Հիսուսի հետ միասին նորից քարահատակի վրա գալ և բարձրից խոսելով հավաքված բազմությանը հայտարարում է. «Ձեր բերած այս մարդուն ես քննեցի, խոսեցրեցի, մահապարտության ենթակա չգտա, հետևապես, ձեր խնդրած հավանությունն ու վճիռը չպիտի կարողանամ արձակել»։
 Հազիվ են Պիղատոսի բերանից լսվում այս խոսքերը, բողոքի ժխոր է բարձրանում՝ թե անմեղ չէ, անպարտ չէ, չարագործ է, հանցապարտ է, սինեդրիոնը դատաստանը տեսել է, վճիռը տված է։ Անշուշտ նկատի չէին առնում, որ սինեդրիոնի վճիռը այլ հիման վրա էր տրվել և Պիղատոսի արած առաջարկը ուրիշ ամբաստանության առումով էր ասվել, այլապես կերկնչեին այսպես խոսելիս։
 Քահանայապետերից և դպիրներից ոմանք առաջ են անցնում՝ Պիղատոսին պատասխանելու համար։ Նրանք Հիսուսի դեմ են խոսում, պատմում Նրա չարագործությունները, ներկայացնում ամբաստանություններ, բայց ո՛չ ասածները հիմք ուներ, ո՛չ վկաներով էր հաստատվում, ուստի ավետարանիչները «Չարախօսէին յոյժ զնմզնէ» են ասում և ոչ՝ կամբաստանեին։ Որովհետև անհիմն ու անտեղի խոսքերին չի կարելի ամբաստանություն անունը տալ։ Չարախոսները չէին դադարում խոսքը խոսքի վրա դիզել, զրպարտությունը՝ զրպարտության հետևից, մինչ Հիսուս հանդարտորեն լսում էր, անայլայլ լռում և հերքման ու բողոքի ոչ մի խոսք չէր ասում։ Դատավորը հրավիրում է Նրան պատասխան տալու։ «Ինչո՞ւ ես լռում,- ասում է,- ինչո՞ւ չես պատասխանում. չե՞ս լսում, թե ինչ ամբաստանություններ են անում քո դեմ»։ Հիսուս նորից է լռում։ Պիղատոսը կրկին հայտարարում է այդ մասին։ Հիսուս միշտ լռում է, բայց այնպիսի վեհությամբ, այնպիսի ծանրությամբ և պատկառելի կերպարանքով, որ Պիղատոսը ոչ թե զայրանում է, այլ՝ զարմանում։
 Իրավամբ Պիղատոսի զարմանքը հիմքեր ուներ, որովհետև թե՛ իր սկզբում ունեցած կարծիքով և թե՛ հարցաքննությունից ստացած համոզմունքով հասկանում էր, թե որքա՜ն անհիմն են զրպարտողների չարախոսությունները և որքա՜ն դյուրին է Հիսուսի համար՝ երկու խոսքով հերքել նրանց ասածները։ Մանավանդ ինքն արդեն բազմության առջև հայտնել էր Հիսուսի անմեղությունը և Հիսուս կարող էր վստահ լինել, որ Իր ջատագովությունները ընդունելություն պիտի գտնեին և պիտի նպաստեին Իր ազատությանը։
 Իսկ Հիսուս իրավունք ուներ լռելու, որովհետև չարամիտ զրպարտողները ոչ մի խոսքով ու հերքմամբ չէին համոզվի, քանի որ արդեն կամովին արդարությունն ուրանալու և անմեղին դիտմամբ անիրավելու ուղին էին բռնել և երբեք չէին կամենում ետ կանգնել իրենց նպատակից։ Իսկ Պիղատոսը, արդեն համոզված, որ Հիսուս անմեղ է, պրետորիոնում Հիսուսի տված բացատրություններով ավելի հաստատված, թե իր ունեցած գաղափարով պիտի առաջնորդվեր, արդեն ասվածը բավական էր։ Իսկ եթե իր խղճամիտ համոզմունքը պիտի հնազանդեցներ ամբոխի զրպարտողների կամքին, ապա որևէ խոսք կամ հերքում օգուտ չէր ունենա, ուստի խոհեմագույնը՝ լռելն էր։ Իրոք, նկատելի էր, որ Պիղատոսն իր համոզումը առաջ տանելու կամք չուներ, այլ գործից ուզում էր դուրս գալ միայն խոսքերով։
 Չարախոս քահանայապետերն ու դպիրները, տեսնելով, որ իրենց աղաղակներն ու զրպարտություններն օգնում էին գործն անորոշության թողնել և դատավորը կտրուկ մերժողականով լռեցնում էր իրենց, կրկնում էին զրպարտությունները՝ միշտ խոսքերին տալով քաղաքական հանցանքի երանգ, ինչը կրկնել էին նաև առաջվա ասածներում։ «Ինչպե՞ս կարելի է,- ասում են,- անմեղ և անպարտ համարել մի մարդու, որ տակնուվրա արեց ողջ Պաղեստինը, ամենուր շրջելով՝ ժողովրդին կայսրության դեմ գրգռեց, Գալիլիայում սկսված ապստամբությունը ամեն կողմ տարածեց, հասցրեց մինչև մեր կողմերը, մինչև Երուսաղեմ»։
 Վարանոտ դատավորը մտադիր էր օգուտ քաղել զրպարտողների ամեն մի բառից և Հիսուսի գործունեությունն Գալիլիայից սկսվելու հիշատակությունը բացեց նրա միտքը՝ այդ խոսքից օգտվելու համար։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: