Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:15

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային:

 

    Բայց [Զատկի] տոնին կուսակալը սովորություն ուներ ազատ արձակելու ժողովրդի համար մի բանտարկյալի, ում կամենային :

    Երևում է` [Եգիպտոսից հրեաների] դուրս գալուց ի վեր է սա սահմանվել, որովհետև ինչպես որ գառն էին ի նշան իրենց ազատության ուտում [Զատկին] և բաղարջը եղեգի հետ` ի նշան իրենց դառն ծառայության, այդպես էլ այս տոնին մի բանտարկյալի էին ազատում` հիշելով իրենց կապանքները, որ Եգիպտոսում «ասես շղթաներով կապված էին աղքատության մեջ» (Սաղմ. 106։10) և ազատվեցին: Քանի դեռ իշխանությունն իրենց ձեռքն էր, սա անվրեպ կատարում էին, իսկ երբ հռոմայեցիներին անցավ, կաշառ քով էին կուսակալին համոզում իրենց տոնին իբրև նվեր տալ մի բանտարկյալի, ում կամենային:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

15-18. Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային: Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր: Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան:
   

    Ավետարանիչները փոխադարձ համաձայնությամբ վկայում են, թե սովորություն էր, որ զատկի տոնի առթիվ, Երուսաղեմի ժողովրդի խնդրանքի համար, մի մահապարտի կյանք էր շնորհվում. մի տեսակ իրավունք՝ ժողովրդին վերապահված, ճիշտ այնպես, ինչպես վեհապետերին է վայելում պատիժները թեթևացնելու կամ վերացնելու իրավունքը: Սուրբ Գիրքը ոչ մի տեղ չի հիշում այս տեսակ հրեական իրավունքի կամ առանձնաշնորհի մասին, ուստի չենք կարող ասել, թե հրեական հատուկ մի սովորություն էր այս՝ հռոմեացիների կողմից հարգված ու կիրառված: Հռոմեական սովորություններում այս տեսակ հիշատակության հանդիպում ենք Լիկտիստերնյան կոչված տոների առիթով և նմանօրինակ մի սովորույթ էլ հիշատակվում է հույների մոտ՝ Ելևտերյան Բաքոսի տոնի առթիվ: Իբր աստվածներին հաճո մի բան, ըսդառաջելով ժողովրդին, մահապարտներին և այլ պատիժների ենթականերին մասնակի շնորհումներ էր արվում:Հետևաբար, պիտի ասենք, որ հռոմեացիներից հրեաներին շնորհված նոր սովորություն էր այդ: Իսկապես, Ավետարաններից դուրս, օտար պատմիչների մոտ այդպիսի սովորության հիշատակության չենք հանդիպում, սակայն ոչ ոք չի կարող պնդել, թե օտար պատմիչներն ամեն ինչ անթերի են գրել կամ գրելու առիթն են ունեցել և բնավ որևէ բան չեն անտեսել: Մեզ համար Ավետարանիչների վկայությունն էլ բավական է պատմական այն փաստը հաստատելու համար, որը չեն հիշատակել օտար պատմիչները:
    Երուսաղեմի ժողովուրդը այդ իրավունքը գործադրում էր զատկի տոնի օրը, որ զատկի հանդիսություններում սրտագրավ մաս էր կազմում: Այդ էլ մեզ համար որպես փաստ է ծառայում ընդունել, որ ուրբաթն իրոք նիսանի 15-ը և զատկի առաջին օրն էր: Ազատ արձակվող մահապարտներին ներկայացնում էր Հռոմեական իշխանությունը, և եթե կարող ենք այսպես ասել, այդ ընտրվածների վերջնական ցանկը դատավորն էր կազմում, ժողովուրդը խորհրդակցում էր իր մեջ և առաջարկվածներից մեկի կյանքի համար շնորհում խնդրում:
    Պիղատոսը մտածեց այս պարագայից էլ օգտվել՝ Հիսուսին ազատելու և ինքն իրեն հանգստացնելու համար: Մահապարտների վճիռները հնում ի կատար էին ածվում հանդիսավորությամբ և, ժողովրդի վրա մեծ ազդեցություն թողնելու համար, գործադրվում էին հանդիսավոր օրերին: Սույն զատկին էլ պիտի գործադրվեր երեք մահապարտների վճիռը, նրանք առավելապես ժողովրդի զայրույթն էին շարժել: Այս երեքի գլխավորը Բարաբբա անվամբ ավազակապետն էր, որ քաղաքում ահուդող սփրելու, խռովություն կազմակերպելու մեջ միշտ առաջնորդ էր եղել, այդ խռովությունների ընթացքում մարդ էլ էր սպանել, ի վերջո բռնվել էր և մահվան դատապարտվել: Նույն օրը պիտի վճիռը գործադրվեր խաչի պատժով և ժողովուրդը՝ ատելությամբ լցված, սպասում էր պատժի գործադրմանը: Պիղատոսն իր նպատակը դյուրացնելու համար, ազատության առաջադրվածների թիվը կամեցավ քչացնել և միայն Հիսուս Նազովրեցուն առաջարկել՝ Հեսու Բարաբբայի հետ, վստահ լինելով, որ ժողովուրդը երբեք չպիտի կարողանա ահարկու խռովարարի և արյունարբու ավազակապետի ազատվելը ցանկանալ և այս ձևով պիտի կարողանա Հիսուսին ազատել:
    Բարաբբայի անվանը հանդիպում ենք զանազան լեզուներում՝ քիչ տարբերությամբ. Բարոարբբա, Բարոաբբա, Բարաբա, Բարաբան և Բարաբբա, որոնցում բար սկիզբը ունի որդի նշանակությունը, իսկ տարբեր վերջավորությունները բացատրվում են իբրև Ռաբբիի, Աբբայի կամ Աբասի որդի: Սրանից ավելի կարևոր է Հեսու անունը, որ տրվում է Բարաբբային Մատթեոսի Ավետարանում և գտնվում է միայն մեր ու ասորական թարգմանություններիում, և սովորական հույն և լատին թարգմանություններում չկա: Որովհետև Հեսու անունը նույն Հիսուս անվան արտասանության մի այլ տարբերակն է, ապա մի տեսակ դիմաբաժանում է կազմվում Հիսուս Նազովրեցու և Հեսու Բարաբբայի բաղդատության մեջ և հույն և լատին մեկնաբանները այն ասորի ու հայ թարգմանիչների կողմից կատարված մի կամայական հավելում են կարծում: Մենք չենք գտնում, որ մեր և ասորի թարգմանությունները կարող են այսպիսի հավելում կատարել, եթե իրենց առջև դրված բնագրում չգտնեին: Արդեն քանի-քանի հույն գրչագիրների և Որագինեսի բացատրություններում Հիսուս կամ Հեսու անունը Բարաբբային տրված ենք գտնում:
    Երբ Պիղատոսը տեսավ, որ թեթև պատժով Հիսուսին արձակելու առաջարկն էլ հրեաների չգոհացրեց, ուրիշ ձև մտածեց: Ինչպես ասացինք, մի պահ պրետորիոնին դառնալուց և ասելիքը մտածելուց հետո, նորից քարահատակը վերադարձավ և բազմությանը դառնալով, ասաց. «Այսօր ձեր մեծ տոնի օրն է: Հռոմեական կայսերությունը ձեր տոնի ուրախությունն ավելացնելու համար սովորություն է դարձրել, ձեր մեծ տոնի առթիվ, համաձայն ձեր խնդրանքի, մի մահապարտի կյանք շնորհել: Այսօր պատրաստվել ենք ավազակապետ Բարաբբայի մահապատիժը գործադրել, այժմ էլ Նազովրեցի Հիսուսին եք ինձ իբրև մահապարտ ներկայացնում: Արդ, ձեզ եմ թողնում ընտրությունը. ու՞մ եք ուզում, որ արձակեմ. Հիսուս Նազովրեցո՞ւն թե՞ Հեսու Բարաբբային: Գնացե՛ք, մտածեցե՛ք և ինձ պատասխանեք»:
    Պիղատոսը, իր հնարագիտության մեջ, չէր նկատում, որ ինքն իրեն հակասում է: Կյանքի շնորհումը ոչ թե ամբաստանյալների, այլ դատապարտյալների վրա էր գործադրվում: Բարաբբան դատապարտյալ էր, իսկ Հիսուս լոկ ամբաստանյալ, այն էլ՝ դատավորի բերանով անմեղ հայտարարված մի ամբաստանյալ, պարզապես մի զրպարտյալ: Արդ, Պիղատոսի կողմից Հիսուսին դատապարտյալի տեղ դնել, իր նախկին հայտարարությունը ի չիք դարձնել և հրեաներին իրավունք տալ, իբրև օրենքով դատապարտյալի, պահանջել Հիսուսի մահապարտությունը: