Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:38

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից:
   

    Այդ ժամանակ Նրա հետ խաչեցին երկու ավազակի` մեկին` Նրա աջ կողմում, մյուսին` ձախ:

    Թեպետ նրանք ավազակների հետ խաչեցին [Նրան], սակայն Նա դրախտի դուռը բացեց խաչակցի համար: Սա նույնպես մարգարեություն էր. «Երկու կենդանիների միջև կճանաչվես Դու» (Ամբ. 3։2), և` «Անօրենների շարքը դասվեց» (Ես. 53։12) Նա, Ով անօրեն չէր: Խաչեցին չարագործների միջև, որպեսզի տեսնողները նրանց վերաբերյալ կարծիքը [Նրա վրա] էլ տարածեին և իմանային, թե խաբեբայի մեկն է: [Ավազակների] անունները սրանք են. Դեմաս, ով Նրա աջ կողմում էր` խորհրդանշելով աջակողմյան դասը, որ հավատացյալներինն է, և Կեստաս` ձախ կողմինը` խորհրդանշելով ձախակողմյան [դասը], որը կրակի մեջ ուղարկվեց 1591, որովհետև թեպետ շատերն են մկրտությամբ կամ ճգնակեցությամբ խաչակցում Քրիստոսին, սակայն երկուսի են բաժանվում, ինչպես հանդում ու երկանքի մոտ գտնվածները 1592:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից:
   
    Հիսուսի խաչվելու անմիջապես հարակից գործողությունը պիտի լիներ իր հետ խաչելության բերված երկու ավազակների էլ մահապարտության գործադրումը։ Սրանք Բարաբբայի ընկերներն էին և իրենց գլխավորի հետ մահվան էին դատապարտված և երբ անակնկալ հաջողությամբ Բարաբբայի մահվան վճիռը ջնջվեց, նրանց վիճակը չփոխվեց և միայն Նազովրեցի Հիսուսին նրանց ընկեր տրվեց՝ իրենց բուն գլխավորի փոխարեն։ Այս երկուսի մասին շատ հստակ տեղեկություններ չունենք, ավանդությունը նրանցից երկուսի անունը Դիսմաս, իսկ մյուսինը Գիսմաս է ասում և բավական կհամարենք միայն այսքանը հիշել։ Դրանց խաչվելու ձևի մասին բոլորովին տեղեկություն չունենք․ հին և նոր նկարներն այդ երկուսին խաչի վրա կապված, ոչ թե խաչի վրա բևեռված են ցույց տալիս, սակայն ավետարանիչները միանման բառերով և նույն ձևով են գրում ավազակների խաչվելը և նրանց գամված լինելն ավելի հավանական է թվում։ Երբ Հիսուսի համար հատկացված չորս զինվորը նրան էին խաչում, իհարկե միևնույն ժամանակ մյուսներին հատկացված չորսական զինվորներն էլ իրենց գործն էին անում և նրանց խաչելությունները միաժամանակ էին կատարվում։
    Մի կարևոր հանգամանք, որ ավետարանիչները հստակորեն հիշատակում են, դա խաչերի դիրքն է՝ որ Հիսուսի խաչը մեջտեղում էր զետեղված, իսկ մյուս երկու խաչերը՝ նրա երկու կողմերում՝ մեկը աջ և մյուսը ձախ կողմում, այնպես որ երեքը միասին նույն խմբակցությունն էին կազմում՝ ինչը որ Բարաբբայի հետ պիտի կազմվեր՝ գլխավոր ավազակը կենտրոնում, իսկ օգնական ավազակները՝ երկու կողմերում։ Այդ դիրքն է, որ Հիսուսին էլ ավազակապետի և անօրենների գլխավորի կերպարանքը տրվեց և կատարվեց, ասում է Մարկոսը, ինչ որ Ս․ Գրքի մեջ Մեսիայի համար ասված էր, ընդ անօրէնս համարեցաւ Ես.53:12։ Եսայու այդ խոսքերը վերցված են Մեսիական հայտնի մարգարեությունից, որը ևս մեկ անգամ հիշվեց (Ղուկ. 22:35-38), երբ ընթրիքից հետո զինվելու խոսակցությունը եղավ։ Բայց Հիսուսի անօրեն համարվելու բուն պատճառը՝ մարդկության մեղքերն ու անիրավություններն իր վրա վերցնելն է․ Նա զմեղս բազմաց վերացոյց, եւ վասն անօրէնութեանց նոցա մատնեցաւ, ինչպես նախապես գրել էր Եսային։