Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:39

Հովհաննես Ծործորեցի (†1338)

39-40. Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»:

 

    Անցորդները հայհոյում էին Նրան, գլուխները շարժում ասում. «Վա՛յ, որ քանդում էիր Տաճարն ու երեք օրում կառուցում այն. փրկի՛ր Քեզ, եթե Աստծո Որդին ես, իջի՛ր այդ խաչից»

    Դավիթը նույնպես սա ասաց. «Ամենքը, որ տեսնում էին ինձ, արհամարհում էին ինձ, շուրթերով խոսում ու գլուխները շարժում» (Սաղմ. 21։8): Քանի որ թանձրամիտ ու չարաբարո անձնավորություններ էին, հեգնում էին ըստ այդ մարգարեության. «Վա՛յ, որ քանդում էիր Տաճարն ու երեք օրում կառուցում», ինչը [Տերը] ոչ թե Տաճարի մասին [էր ասել], թեպետ դա ևս [կարող] էր անել, այլ Իր մարմնի մասին, և այդ խոսքն իրականացրեց Իր մահվամբ ու հարությամբ: «Քանդում էիր» և «կառուցում էիր» ասելով` նաև վկայում էին Նրա մահվան կամավոր լինելը, ինչպես Ինքն էր ասել. «Ես Ինքս եմ կյանքս տալիս և Իմ իշխանությամբ էլ վերստանում եմ այն» (հմմտ. Հովհ. 10։18): «Փրկի՛ր Քեզ, եթե Աստծո Որդին ես, իջի՛ր այդ խաչից». սա ուրիշ անգամ էլ էին ասել. «Բժի՛շկ, բժշկի՛ր Ինքդ Քեզ» (Ղուկ. 4։23), և չգիտեին այն, որ ոչ միայն Իրեն էր փրկելու, այլև շատերին` խաչով:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

39-43. Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք: Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»:
   

    Եղելության տարօրինակությունը տոնական օրը, տեղի մոտ լինելը բազմաթիվ հետաքրքրասերներ էր հավաքել Գողգոթայի գագաթին, ուր հռչակավոր ու հրաշագործ մարգարեն խղճալի ու խայտառակ մահվամբ իր ընթացքն էր ավարտում ու կյանքն էր կնքում։ Այդ բազմության գլուխն էին կանգնել Հիսուսի անհաշտ թշնամիները՝ քահանայապետերն ու դպիրները, որոնք իրենց օրինակով գրգռում էին ամբոխին, որպեսզի Հիսուսի մարմնի չարչարանքներին սրտի կսկիծներ ու տառապանքներ էլ ավելացնեն։ Օգտվելով հիսուսի քարոզությունների ժամանակ տրված բացատրություններից ու կատարած գործերից՝ իր խոսքերն իր դեմ ծաղրանքի ու հեգնանքի էին փոխում։ Ժողովուրդն էլ նրանց հետևելով խաչի առաջ գնում-գալիս էին ու գլուխները տարուբերելով՝ ծիծաղում, մատները ցցելով՝ սպառնացող շարժումներ անում, աներես ծիծաղելով՝ խայտառակ խոսքեր ասում, նախատինքով հայհոյություններ էին կրկնում, միով բանիվ ձեռքից եկածն ու մտքով անցած որևէ բան բաց չէին թողնում, որպեսզի մեխերով ծածկված մարմնի սիրտն էլ լեզվի սլաքներով ծակծկեն։
    Այդ ժխորի մեջ էր, որ բոլորից չլսված հայհոյանքներ էին լսվում․ «Տաճարը պիտի քանդեիր ու երեք օրից պիտի չլիներ․ ահա կյանքդ է քայքայվում ու վերջանում, եթե կարող ես այն շինիր ու ապրիր։ Ասում էիր Աստծու Որդի եմ և ամեն բան կարող եմ․ կարողություններդ ցույց տուր ու խաչից իջիր, եթե կարող ես։ Այդքան մարդկանց հիվանդություններից ու մահերից ազատեցիր, մեռելներին էլ էիր հարություն տալիս․ եթե իրոք զորություն ունես, ինքդ քեզ ազատիր և կյանքդ պահպանիր։ Հրեաների թագավորն եմ, ասում էիր, և ազգը պիտի ազատեիր․ զորքերդ ու բանակներդ բեր, որ քեզ պաշտպանեն։ Աստված իմ հայրն է, իմ բոլոր ցանկությունները կատարում է, ասում էիր․ լուր տուր Հորդ, որ գա իր Որդուն պաշտպանի։ Ամբողջ ժամանակ հույսդ Աստծու վրա դրած, բոլոր վտանգների դեմ էիր հանդգնում․ եթե հույսդ իրական է և Աստված էլ քեզ սիրում է, թող գա ու քեզ խաչից իջեցնի։ Հրաշքներիս հավատացեք, ասում էիր, մի հրաշք արա ու հիմա խաչից իջիր և մենք էլ հավատանք։
    Այս և սրանց նման խոսքեր էին անդադար կրկնում, մեկն անցնում էր, մյուսն էր գալիս, մեկը լռում էր, մյուսն էր սկսում և երբ կարծես թե ժողովուրդը հոգնում էր, քահանայապետենը, դպիրներն ու ծերերը նորից էին աղմուկ հրահրում, նորից էին գրգռում մոլեգնած ամբոխին։ Արդեն մոռացել էին այնչափ հրաշքները, անթիվ բժշկությունները, անհամար բարիքները, գրավիչ քարոզներն ու շինիչ վարդապետությունը։ Փոխված էին սրտերը, լռել էին զգացմունքները, խելահեղ էին դարձել բոլոր մտքերը։ Ա՛յս է ամբոխի ընթացքը, ա՛յս է չարամիտ գրգռությունների հետևանքը, ա՛յս է անվերջանալի զրպարտությունների արդյունքը։ Հիսուսի վրա կատարվածը գերազանց օրինակ է, նրա աղոտ նմանությունների անպակաս են աշխարհի մեջ։
    Հիսուսին ուղղված էր այդ անարգ խոսքերի կանխատեսումն էլ մենք գտնում ենք մեսիական սաղմոսի մեջ․ Ամենեքեան, որ տեսանին զիս, արհամարհէին զինեւ, խօսեին շրթմամբ, և շարժեին զգլուխս իւրեանց։ Յուսացավ ի Տեր և փրկեսցէ զնա, կեցուսցէ զնա զի կամի զնա Սաղմ. 21:8-9: Խառնաճիղանջ բազմության համար էլ սաղմոսերգուն ասել էր․ Շուրջ եղին զինեւ շունք բազումք, և ժողովք չարաց պաշարեցին զիս Սաղմ. 21:13,17։