Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:51

Հովհաննես Ծործորեցի (†1338)

եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան

 

   Եվ ահա Տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց:
   Նախ` Մատթեոսը բացատրում է Հովհաննեսի ասածն ու մեր այժմ տեսածը. ասում է` վարագույրը պատռվեց: Որովհետև պատռեցին Հիսուսի վարագույրի` մարմնի կողը, որպեսզի իրականանար Նրա խոսքը թե` «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում կկառուցեմ այն» (Հովհ. 2։19): Արդ` գեղարդով խոցելով` սկսեցին քանդել Նրան, պատռվեց նաև Տաճարի վարագույրը Նրա նման, [Ում կողից] երկու վտակ առատորեն բխեց վերևից ներքև` մինչև խաչի պատվանդանը 1620, որը ոմանք ասում են, թե կպած էր, ոմանք էլ` թե շրջվել էր: Երկրորդ` [վարագույրը պատռվեց], որպեսզի ցույց տար, որ [Տերը հրեաներից] պատռեց արքայությունը և տվեց այն ժողովրդին, որ պտուղ է տալիս 1621: Երրորդ` վարագույրի պատռումը խորհրդանշաբար ցույց տվեց, որ Տաճարը կործանվելու էր, որովհետև նրա Շունչը գնաց: Չորրորդ` քահանայապետն անօրինաբար պատռեց իր պատմուճանն ու մերկացավ քահանայությունից, պատռեց [Սուրբ] Հոգին նաև վարագույրը, որպեսզի բոլոր արարածներին քարոզեր նրանց ժպրհությունը և այն, որ Իր հետ հանում է նրանցից նաև բոլոր շնորհները: Հինգերորդ` Հին [ուխտի] խորհուրդները տեսան Նոր խորհրդի Գառին, ուստի պատռեցին նախօրինակն ու ընդառաջ ելան նրա ճշմարիտ [իրականացմանը]:

   Վեցերորդ` ինչպես երբ իր ամուսնուն սիրահար նորահարս կինը լսում է նրա մահվան գույժը, իր երեսը զարդարող քողը պատռում ու դուրս է գալիս, այդպես էլ երբ Տաճարը տեսավ իր ժողովրդի հանդգնությունը, որ իր երկնավոր Փեսային դատապարտելով` փայտի վրա սպանեցին, պատռեց իր քողն ու դուրս եկավ: Յոթերորդ` ինչպես որ վարագույրն է մարմինը պարուրելով ծածկում, այդպես էլ ամոթը` երեսը, իսկ թլփատվածների որդիները իրենց հոգու գեղեցիկ պատկառանքի ծածկույթը պատռեցին և լրբենի դեմքով հանդգնություն գործեցին մեր Տիրոջ հանդեպ` դառնալով Աստծո թշնամի և ամեն մարդու համար ատելի 1622, և Աստծո խնամքից զրկվեցին անամոթության պատճառով, ուստի [Տաճարի] վարագույրը ևս պատռվեց: Ութերորդ` վարագույրը մարմնի ծածկույթ է, որը ցույց է տալիս Հին Կտակարանի և նրա սպասավորների սրտի վրա եղած քողը, որն այժմ Կուսորդի Հիսուսի խաչով պատռվեց, որովհետև մարգարեների գրքերը բացվեցին վերից վար, այսինքն` Ադամից մինչև Քրիստոսի [երկրորդ] գալուստը, որի ժամանակ [հրեաները] նույնպես դարձի են գալու առ Տեր. երբ հեթանոսների ամբողջությունը [հավատքի եկած լինի], և Իսրայելը կփրկվի1623:

   Իններորդ` Սողոմոնը գրում է. «Կա պատռելու ժամանակ» (Ժող. 3։7), և մի ուրիշը` «Ծովի ջրերը պատռվեցին» (հմմտ. Ելք 14։21). պատշաճ ու հարմար ժամանակին Տաճարի վարագույրը, երկու մասի պատռվելով, ցույց տվեց հեթանոսների քարացած սրտերի պատռվելը` ըստ այսմ. «Պատռեք ձեր սի՛րտը, ո՛չ թե հագուստը» (Հովել 2։13), որովհետև նրանք թողեցին կուռքերի մոլորությունը վերևից ներքև, այսինքն` լուսատուների ու տարերքների բարձրագույն պատվից մինչև ստորին արարածների խաբեությունը, ճանաչեցին Արարչին ու երկրպագեցին Նրան` փառավորելով Նրա անունը հավիտյան: Տասներորդ` վերևից ներքև պատռվելը ցույց տվեց, որ Խաչվածը երկնային է և վերևից ներքև իջավ` պատռելու նախաստեղծ Ադամի դատապարտության գրությունը:

   Երկիրը շարժվեց, վեմերը պատռվեցին:[Սա եղավ]` նախ` որպեսզի իմանաս, որ Նա, Ով վեմերը պատռեց, երկիրը շարժեց ու աշխարհը խավարեցրեց, եթե կամենար, կարող էր [Իրեն խաչողներին] այրել ու մեջտեղից պատռել, բայց չկամեցավ, այլ բարկությունն ուղարկեց [ոչ բանական] արարածների վրա, ինչպես Ադամի նզովքը, որովհետև կամեցավ հեզությամբ փրկել նրանց: Երկրորդ` Նրան դատապարտեց մարդկանց բերանը, ուստի աղաղակեց ու արդարացրեց Նրան արարածների բերանը` ըստ Տիրոջ խոսքի. «Եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկ. 19։40): Երրորդ` երկիրը շարժելով` [Տերը] մարդկանց ծանրացած սրտերը շարժեց դեպի բարին, և Վեմը, պատռելով վեմերը, հեթանոսների քարացած բնությունը կակղեցրեց ու առ Աստված դարձրեց` ըստ սաղմոսի. «Ապառաժներն աղբյուրներ դարձրեց» (հմմտ. Սաղմ. 113։8):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

51-53. Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին, եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին:
   
    Երկինքը խավարումով էր արտահայտում իր սուգը Հիսուսի խաչելության պահին, երկիրը ահագին ցնցումով հայտնեց իր սոսկումը Նրա մահվան ժամին։ Մատթեոսը գրում է, թե․ «Երկիր շարժեցաւ եւ վէմք պատառեցան, եւ գերեզմանք բացան»։ Խավարումը, որ տևել էր մինչև ժամը ինը, հանկարծ պարզվեց և կարծես թե ահեղ ցնցումը երկնքի մթագնած քողը պատռեց, և արեգակի լույսը կրկին երևաց իր կատարյան պայծառությամբ։ Երկրաշարժերը բնության մեջ սովորական են, նրա ահավոր արդյունքները միշտ էլ տեսել են՝ ժայռերը ճեղքվում են, գերեզմանաքարերը տապալվում, և, մանավանդ, երբ գերեզմանները քարայրների և քարանձավների և խոռոչների մեջ է փորվում, ինչպես սովորություն էր հին ժամանակներում։ Ավելորդ ենք համարում քննել, թե արդյոք բնության սովորական երկրաշա՞րժ էր, որ Հիսուսի մահվան ժամանակ զուգադիպեց, որովհետև ուրիշ տեղ որևէ հիշատակություն չունենք, որ մեզ համար հիմք ծառայի, ավետարանի պատմությունը համեմատելու համար։ Ենթադրություն անելու համար պիտի հիմնվենք միայն Մատթեոսի ավետարանի պատմության վրա, եթե ընդունենք որպես բնական երկրաշարժ կամ էլ հրաշալի և արտասովոր մի շարժում, ինչպես ավետարանի ոճից է երևում, և ինչպես որ ընդհանուր քրիստոնեության ընդունած համոզումն է:
    Ուրիշ հրաշալի հանգամանք էլ են հիշատակում երեք ավետարանիչները՝ համաձայնությամբ, թե մեծ վարագույրը, որ տաճարի մեջ Սրբություն Սրբությունների կոչված ներքին մասն է ծածկում և որտեղ միայն մեծ քահանայապետը տարին մեկ անգամ մտնելու իրավունք ուներ Ղևտ․ 16:34, Եբր․ 9:25, հանկարծակի վերևից ներքև պատռվում է և բացվում։ Այդպիսի երևույթը ակնհայտ և բոլորին տեսանելի բան չէր՝ եղելությունը ավետարանիչների կողմից ստուգելն էլ դժվար էր։ Քահանայապետերը ստիպված էին ամեն ճիգ թափել՝ այն ծածուկ պահելու համար։ Ասողներ եղան, թե վարագույրի պատռվելը չպիտի նյութական իմաստով հասկանալ, այլ լոկ խորհրդական իմաստով, իբրև թե Հիսուսի մահվամբ Հին Ուխտի նվիրականությունը վերանում է և նրա խորհրդավոր նշանակությունը դադարում։ Մի խոսքով, Հին Ուխտը խախտվեց ու կործանվեց և Նոր Ուխտի դռները բացվեցին։ Ուշադրության արժանի է նաև ՊողոսԱռաքյալի Եբրայեցիներին գրած թղթի մեջ Հին Ուխտի դադարման և անկման մասին ամեն տեսակ պարագաներ և փաստեր բերելու ժամանակ մեծ վարագույրի արդեն պատռված լինելը չհիշատակելը, ինչը որ իր նպատակին ծառայող ամենամեծ փաստը պիտի լիներ։ Ինչքան էլ որ այս տեսակետներն իրենց կարևորությունն ունեն, սկայն մեղ համար բավական չեն երեք ավետարանիչների համաձայնությամբ բերած պարագան սխալ համարելու, քանի որ մեկնությունն ու ենթադրությունը չեն կարող զորեղ լինել պատմության և վկայության դեմ։
    Ավելի մեծ դժվարությունների առաջ է կանգնում Մատթեոսի ավետարանի մեջ մեռելների մասին գրածը․ «Բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան եւ ելեալ ի գերեզմանաց յետ յարութեան նորա մտին ի քաղաքն սուրբ, եւ երեւեցան բազմաց»։ Ավետարանում գրվածի համաձայն, երբ որ գերեզմանները բացվում են, մեջը գտնվող մարմինները կամ կմախքները մարմին են առնում ու կրկին կենդանություն են ստանում։ Սրանք վաղուց մեռած սուրբ անձեր են, և բազում են, թե քանիսն են և ովքեր են, հայտնի չէ, և բազում ասելն էլ անորոշ է, կարելի է հասկանալ տասնյակներ, հարյուրավորներ։ Երբ հարություն են առնում, անշուշտ, այլևս գերեզմանում չեն սպասում, իսկ թե որտեղ մնացին և ինչ արեցին, հայտնի չէ, որովհետև Հիսուսի հարությունից առաջ ոչ մեկը չերևաց, որով էլ հայտնի չէ, թե Ուրբաթ երեկոյից մինչև միաշաբաթվա առավոտ եղած ժամանակամիջոցը ինճչպե՞ս անցկացրին։ Իսկ միաշաբաթի առավոտյան էր, որ մտնում են Երուսաղեմ ու երևում բազմաց։ Այստեղ էլ է անորոշ, թե որքա՞ն և ովքե՞ր են այդ տեսնողները։ Արդյոք Հիսուսի աշակերտնե՞րը կամ Հիսուսին հետևողնե՞րն են, թե Հիսուսի հակառակորդները և հասարակ ժողովուրդը։ Ի՞նչ ազդեցություն գործեցին, ի՞նչ արդյունք ունեցան, չգիտենք, որովհետև ավետարանների մեջ ոչ մի տեղեկություն այս հարուցյալների մասին հիշատակված չէ, և նրանց տեսնողի մասին հիշված չի։ Տեղին է նաև փնտրել, թե այդ հարուցյալները ի՞նչ եղան Երուսաղեմի մեջ, միաշաբաթվա օրը շատերին երևալուց հետո, կրկին վերադարձան ու թաղվեցին գերեզմանում և թե այդ դեպքում ի՞նչ ձևով նորից մեռան, թե՞ կենդանի մնացին և նոր կյանքով ապրեցին։
    Այդ պատմական դժվարություններից բացի, մեր առջև վարդապետական դժվարություններ էլ դրվեցին, թե ինչպես կարող է պատահել, որ Հիսուսի հարությունից առաջ, հարություններ տեղի ունենան, թե ինչպես կարող է Հիսուս «Անդրանիկ ի մեռելոց» Կող․ 1:18 կոչվել, եթե նրանից առաջ արդեն շատերն են հարություն առնում, արդյոք հնարավոր է ժամանակից շուտ ընդհանուր հարության ձևը ընդունել, մինչ ընդհանուր հարությունը աշխարհի կատարածին պիտի տեղի ունենա՝ Հիսուսի խոսքի համաձայն Մատթ․ 25:32։ Թե՛ Հիսուսի, թե՛ առաքյալների և թե՛ ուրիշ սրբերի ձեռքով կատարված մեռելների հարության հրաշքները երբեք հնուց և շուտ մեռածների վրա ընդհանուր կերպով չեն կատարվել, այլ անհատական մահերին անմիջապես հետևող հարություններ են, նորից մեռնելու համար, իսկ սրանցից շատ տարբեր է Մատթեոսի գրածը, թե «Բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան»։
    Այս բոլոր կետերը մեկնիչների և աստվածաբանների կողմից նկատի առնելով և բացատրության դժվարություններն էլ զգալով, ոմանք Մատթեոսի խոսքերը լոկ խորհրդական իմաստով հասկաան, թե Հին Ուխտի սրբերը, որ հավիտենական կյանքի ակնկալություն էին սպասում, Հիսուսի մահվամբ իրենց հոգևորական կյանքն ստացան։ Սակայն Մատթեոսի խոսքերի մեջ այնպիսի պատմական ոճ կա, որ հեշտությամբ խորհրդական իմաստի տանել հեշտ չէ, թեև պատմական ոճով եղելությունը բացատրելը դժվար է։ Մենք բավական ենք համարում հիշատակել, որ Հիսուսի մահը բնությանն էլ ցնցեց, և հրաշալի երևույթներով փառավորվեց, իսկ ինչ որ անլուծելի է մնում, մեզ հասած տեղեկությունների անբավարար լինելուն ենք վերագրում, ուր բավական ծանոթություն չունենք և ենթադրությունների հետևից ընկնելը ավելորդ ենք համարում։