ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻ ՎԱՐՔԸ

 

«Արեգականն արդարութեան ծագման արուսեակդ առաւօտեան.

Նախընթաց ճանապարհի Որդւոյն Աստուծոյ տնօրէնութեան սուրբ Յովհաննէս.  

Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:

Բարձրելոյն անճառ խորոց տեսանող իմաստիւք հոգւոյն.

Ի յորովայնէ մաքրեալ տաճար Աստուծոյն եւ բնակարան Սուրբ Երրորդութեանն.

Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:

Գաբրիէլ հրեշտակապետն առաքեալ առ Զաքարիաս.

Աւետարանել զհրաշալի ծնունդ քո սուրբ յամուլ ծերոյն Եղիսաբեթէ.

Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց»:

(Շարակնոց)
   
   Ըստ Քրիստոսի աստուածային բերանի անզու­գա­­­կան ու անսուտ գովեստի՝ կանանցից ծնուածներից մեծը եւ Իր Կարապետ ու Մկրտիչ սուրբ Յովհաննէսը Հայաստանեայց Եկեղեցու տօ­նա­ցոյցի սուր­բերի մէջ գեղեցիկ խորհրդով զբաղեց­նում է առաջին տեղը, որովհետեւ նախ` ինչպէս որ տա­րուայ վերջում՝ նախքան մեր Փրկչի Ծնուն­դը եւ Յայտնութիւնը, տօնում ենք աստուածա­մերձ սուրբերի` որպէս տէրունական տնօրի­նու­թեան գլխաւոր վկաների աւագ տօները, այնպէս էլ նոյն խորհրդով Աստուածյայտնութեան ու Մկրտութեան տօնից ութ օր անց յիշատակում ենք սուրբ Կա­րա­պե­տի` Աստուծոյ Որդու Մկրտչի առաջին եւ մեծ տօնը, որն էլ հանդիսանում է մեր տօնացոյցի սկիզբը: Երկրորդ` նա է հանդիսանում հին եւ նոր սուր­բերի բոլոր դասերի պարագլուխը, հայրենաւանդ ու մովսիսական օրէնքի լրումը եւ քրիստոսաւանդ շնորհագիր օրէնքների նախասկիզբը: Երրորդ, որն ամենամեծն է, համարւում է որպէս բոլոր սուրբերի առաքինութիւնների հանդէսն իր ան­ձի մէջ ցոյց տուող անարատ հայելի, նախահաւատ նախահայր` ճանաչուած առաջին նահապետ­նե­րի հետ, տեսանողների 1 դասում` աննման մար­գա­րէ, առաքեալների դա­սում` նորօրինակ առա­քեալ, վարդապետների դասում` գերագոյն Խօսքի քա­­­­րոզ, անապատում իր խստակրօն մենակեցու­թեամբ՝ օրինակ ճգնա­ւոր­նե­րին, վայելչութեան կերպով՝ զգաստութիւն կրօնաւորներին, պանծալի մարտի­րոս` վկայելով Ճշմարտութիւնն իր արեամբ, հողանիւթ հրեշտակ` մարմնի մէջ անմարմին քաղաքավարութեամբ. մի խօսքով` բոլոր արդարների ու առաքինիների դասերի երկնաչու ընթացքի նա­խա­շաւիղ առաջնորդ` զարդարուած սրբութեան հրաշագեղ վարքով, խոնարհութեամբ, աղքատութեամբ, աշխարհի հանդէպ մեռելութեամբ, լիակատար համբերութեամբ, Աստուծոյ եւ ընկերոջ հանդէպ կատարեալ սիրով, որը եւ պատուիրանների գլուխն է ու կատարելութիւնը:

   Եւ նա մեծ խորհրդով առաջ ընթացաւ իբրեւ Աստուծոյ Բանի կարապետ, իբ­րեւ երկնաւոր Փե­սա­յի ու Եկեղեցու փեսաւէր 2 եւ բարեկամ, իբրեւ քահանայի որդի, իբրեւ ձեռնադրող ու մկրտիչ Աստուծոյ Որդու` մեր ճշմարիտ Քահանայապետի եւ շնորհաբուխ խորհուրդների Օրինադրի: Առանձնա­յատուկ է նրա անհամեմատելի մեծութեան պատիւն ու նրա փառաւորութեան պանծալի պսակը, ինքնատիպ է դեռեւս արգանդից սրբութիւնների Սրբութեան այցելութեամբ նրա սրբութիւնը: Նրա սքանչելի ծնունդը տօնելի եղաւ, որը չվիճակուեց ոչ ոքի, այլ միայն Տիրոջը, Տիրամօրն ու նրան: Եւ քանի որ տա­­րուայ մէջ մեծ Մկրտչի այլեւայլ տօները տօնախմբւում են տարբեր օրերին, մենք եւս պէտք է համապատասխան տօնի առիթով զուգահեռաբար ճա­­ռենք նրա մասին` դնելով այս մատեանի 3 ու տարուայ սկիզբը եւ խօսենք Կա­րա­պետի ծագման ու Քրիստոսի մկրտութեան մասին:

   Արդ, երբ Արդարութեան Արեգակը` Լուսոյ Հօրից ճառագող անստուեր Լոյսը, պատրաստ­ւում էր երկնքից երկիր ծագել, որպէսզի փարա­տէր մեղքերի խա­ւարը եւ լուսաւորէր աշխարհ եկող ողջ մարդկային ազգին, ի նշան Իր մօտա­­լուտ Գալս­տեան՝ ընտրեց առաւօտեան արուսեակին` լու­­սատիպ ու անաղօտա­փայլ նախավառ Ճրա­գին` Յովհաննէս Կարապետին՝ ըստ առաւօտեան արուսեակ կոչուող լուսաբեր եթերային աստղի օրինակի, որը նախընթաց կերպով ծագելով՝ ազ­դա­րարում է արեգակի ծագման մասին եւ դառնում նրա կարապետն ու ելման նախանշանը: Եւ քանի որ մեծ էր այդ Խորհուրդը, նա երեւաց մեծամեծ նշաններով ու սքանչելի ծագումով եւ գործով հա­ւաս­­տեց, որ ինքն է արքայից Արքայի Գալստեան մեծագոյն խորհրդի մարգարէն:

   Եւ մինչ ողջ աշխարհը խարխափում էր անաստուածութեան եւ անձնապաշտութեան խաւարում՝ ինչպէս գիշերը, երբ ողջ տիեզերքն ընկղմուած էր հեթանոսութեան մէջ, ու Իսրայէլի աստուածածա­նօթ ժողովուրդը վայրաքարշ կեր­պով կապուած էր երկրին, Հրէաստանի արքայ Անթիպատրէսի որ­­­­դի Հերովդէսի օրերին անակնկալ ժամանակին Լոյս ծագեց: Քիչ էին հանդիպում ճշմա­րիտ աս­տուած­ապաշտներ եւ Աստծուց երկիւղածներ: Եւ այդ քչից մեծ Կարապետին ծնողներ լինելու հա­մար ընտրուեցին ժամանակի ընտրելագոյնները` սուրբ Զաքարիա քահանան` Աբիայի դասից, եւ նրա կինը` Եղիսաբէթը` Ահարոնի դուստրերից, որոնց յար եւ նման արժանաւոր գովեստն է անում աւետարանագիր Ղուկասը` ասելով. «Եւ երկուսն էլ Աստուծոյ առաջ արդար էին ու անարատ կեր­պով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով» [Ղուկ. 1:6]:

   Նրանցից ծնուեց կանանցից ծնուածներից մե­ծը, ծնուեց բնութեան օրէնքից վեր` ամուլ մօրից ու ալեւոր հօրից: Նրա ծննդեան աւետիսն անհաւատալի թուաց անգամ իր իսկ ծնողին: Համրացաւ նրա լեզուն, քանզի վարանեց հաւատալ Կան­չո­ղի ձայնի` դեռեւս հնուց կանխատեսուած նոր մարգարէի ծագելուն: Սա­կայն գործը պէտք է գլուխ գար՝ ըստ Աստուծոյ կողմից առաքուած Գաբ­­­րիէ­լի խօսքի, պէտք էր նրանց աստուածա­պար­­գեւ զաւակ լինէր` Յովհաննէս ա­նուամբ, յու­րա­խութիւն իր ծնողների եւ ի խնդութիւն շատե­րի: Պէտք է լինէր երկ­րորդ Եղիան՝ նրա նմանու­թեամբ, բայց առաւել, քան նա, քանզի Յով­հան­նէ­սը դեռեւս իր մօր որովայնում լցուած եղաւ Հո­գով:

   Եւ սա եւս նորահրաշ օրինակով եղաւ, քանզի Ինքն իսկ՝ Արդարութեան Արե­գակը, բազմելով կու­սական արգանդում՝ իբրեւ հրեղէն կառքին, ճե­պով այ­ցե­լեց Իր Կարապետին՝ նրան փութով ճա­նա­պարհ գցելու ու Իր արփիափայլ ծագ­ման մա­սին աւետարանելու համար: Զաքարիայի տունը լցուեց լուսալիր խնդու­թեամբ, եւ նախքան Արե­գա­կի ելքը Եղիսաբէթի տունն արեգակնափայլ ծագ­­­մամբ լուսազգեստ եղաւ. Աստուծոյ լեռը թե­քուեց դէպի Յուդայի լեռնակող­մը, իսկ աստուածավայելուչ տաճարը` դէպի քահանայական յար­կը: Քանզի երբ աստուածութեան օթեւան ամեն­օրհ­նեալ Աստուածամայրը ցնծութեան ձայ­­նով լու­­սա­սփիւռ ողջոյն ընծայեց, արուսեակի ծնողը Հո­գով լցուած բարձ­րա­ձայն օրհնեց Օրհնեալին: Խայ­տաց մաքուր մանուկը Մաքրազարդողի առ­ջեւ ու մօր որովայնից երկրպագեց Տիրամօր որո­վայ­նում յարկ գտած Իր Ա­րար­չին: Եւ մանկացած Աստուած Իր պարգեւների ողջ լիութիւնը առատ զեղ­­­մամբ հեղեց դեռեւս չծնուած, բայց Իր Սուրբ Հո­­գով լցուած մարգարէի վրայ: Աս­տուածամայրը երեք ամիս մնաց Եղիսաբէթի մօտ՝ աշխարհի սկզբից իր Ընտ­րեալի կամքի հաճութիւնն ունենա­լու համար:

   Սակայն սքանչելի արուսեակը` Յովհաննէսը, չհանդուրժելով Տիրոջ անճառե­լի խոնարհու­թիւ­նը, խօսք դրեց իր մօր բերանում` նախքան իր ելնելը Արե­գակին Իր տեղը դարձնել, քանզի գի­­տէր, որ ճրագն անկարող է Արեւի առաջ երե­ւալ, եւ առա­ւել անհանդուրժելի է իր ծննդեան ժա­մանակ Լու­սոյ Մօրից սպասաւորութիւն ըն­դու­նել: Այդ պատճառով երբ մերձեցան նրա լոյս աշխարհ գա­­լու օրե­­րը, հոգելից Եղիսաբէթն իր ամենա­սրբուհի ազ­գակցին հարազատաբար ու խոնարհութեամբ ասաց. «Ո՛վ անարատ Կոյս, Մայր երկնաւո՛ր Թագա­ւորի, դու եկար այստեղ օրհնաբեր ողջոյնով եւ լիացրիր մեզ ամէն բարիքներով: Արդ, խաղաղութեամբ գնա՛ քո յարկը, ով տաճա՛րդ Աստուծոյ, քանզի Արքային վայել չէ սպասաւոր լինել ծառայ­ին, եւ ոչ էլ արքայուհուն՝ հոգ տանել աղախնու համար: Վերցրո՛ւ, տա՛ր Արդարութեան Արեգակին եւ թո՛յլ տուր, որ իմ ճրագը վառուի իր չափաւոր նշոյլներով, քանզի նրան կիզելով՝ կայրի քո որովայնի կիզիչ Հուրը: Եւ եթէ հրեղէնները չեն կարողանում տանել Նրա Լոյսը, ապա որ­քա՜ն առաւել անկարող է Այն տանել հողեղէնը»:

   Ապա լուսածին Կոյսն Աստուածորդու հետ, Ում կրում էր իր արգանդում, դարձաւ Նազարէթի իր տունը: Իսկ Եղիսաբէթը, իբրեւ նորատեսիլ արուսեակի, լոյս ընծայեց իր երանելի մանկանը, աւետման որդուն եւ ողջ աշխարհի մեծամեծ բարիքների աւետաւոր մարգարէին: Նրան խնդակից էր իր ողջ ազգատոհմը: Մեծ ողորմութիւն արեց Տէրը` պտուղ պարգեւելով ամուլ արգանդից, ու գովելի ծնողներին ընծայեց ամենագովելի զաւակ, որի յարգը կատարուող դէպքերի բերումով օրէցօր մեծանում էր: Քանզի ութ օր անց՝ թլփատութեան պահին, երբ կամենում էին նրան Զաքարիա կոչել` ի յիշատակ հօր, ում ինն ամիս համր լինելու պատճառով կեանքից շուտով հե­ռացող էին տեսնում, Եղիսաբէթը Հոգու ազդմամբ ընդդիմանում էր եւ պնդում, թէ մանուկը Յովհաննէս պիտի կոչուի: Նոյնը հաստատում էր նաեւ Զա­քարիան` տախտակի վրայ գրելով նրա անունը, որովհետեւ դեռեւս չէին արձա­կուել նրա լեզուի կապանքները:

   Եւ ահա` դար­ձեալ սքանչելիք այդ պահին, որը խիստ զարմացրեց բոլորին. երկու ծնողներն էլ մի հոգով նոյն անունն էին սահմանում իրենց որդու համար: Եւ երբ Զաքարիան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», ով պիտի լինէր անապատում Կանչողի ձայնը եւ Աստուծոյ Բանի քարոզիչը, նոյն պահին արձակուեց լեզուն, ու ասես թէ գրելուն զուգահեռ` ասաց. «Յովհաննէ՛ս է դրա անունը»: Այնուհետեւ սկ­սեց համարձակաձայն խօսքերով օրհնել Աստծուն այս բոլոր պատահածների համար, մարգա­­­րէա­կան հոգով լցուած յայտնապէս քարոզել խո­­րին Խորհուրդը եւ ասել, թէ հա­սել է հայրերին խոս­­տացած մեծ Ուխտի կատարման ժամանակը` Բա­նի աշ­խարհ Գալուստը, եւ թէ Նրա առաջընթաց մարգարէն, անշուշտ, այս Յովհաննէսը պիտի լինի: Այդպէս էլ եղաւ. մանուկն աճեց ու զօրա­ցաւ, իսկ ամենա­կալ Տէրն Իր Հոգով բնակւում էր նրա մէջ, եւ Իր Ձեռքը նրա վրայ էր:

   Այս մեծամեծ սքանչելիքներից մեծ ահ ընկաւ բոլոր մերձա­ւոր­ների ու հեռաւորների վրայ: Նրանք զարմա­ցած ասում էին. «Արդեօք ինչ կը լինի այս մա­նու­­կը»: Հնչեց այդ ժամին նրա անունը, սակայն պա­­հուած էր, եւ պիտի գար մի այլ ժամանակ, երբ աշ­խար­հի բոլոր ծայրերում պիտի հնչէր անապատում Կանչողի ձայնը, որպէսզի մարդիկ պատրաստուէին ընդունել երկնքի ու երկրի Թագաւորի Գալուստը: Այդ պատճառով նա մանուկ հասակից միառժամանակ խորհրդաբար մեկուսացուեց անապատում, մինչեւ որ մօտենար աշխար­հի Փրկչին տիեզերքին յայտնելու ժամանակը, ու լինէր Նրա Գալստեան աւետարանիչը: Եւ ինչ­պէս պատմում է նախ­­նիների աւանդութիւ­նը, երբ Հերովդէսը կոտորում էր Բեթղեհէմի մանուկներին՝ նպատակ դնելով այդ թւում վերացնել տիեզերքի Փրկչին, կամեցաւ նաեւ Յովհան­նէ­սին սպանել, ուր էլ որ նրան գտնէր, որովհետեւ ողջ Հրէաս­­տանով մէկ հռչակուել էր նրա սքան­չե­լի ծննդեան համբաւը: Այնժամ Եղիսաբէթը, շտապ վեր­ց­նելով մանկանը, փախաւ դէպի լեռը: Տես­նե­լով իրեն հետապնդող թագաւորի մարդկանց՝ Եղի­սա­բէթն աղաղակեց Տիրոջը, եւ նոյն պահին պատ­ռուեց վէմը` իր մէջ առնելով մօրն ու մանկանը: Վտանգն անցնելուց յետոյ Տիրոջ հրեշտակը նրանց դուրս բերեց վէմից, Եղիսաբէթին պատուիրեց գնալ իր տուն, իսկ մանկանը թողնել անապատում՝ ասելով. «Աստու­ծոյ հրա­մանով մենք կը սպասաւորենք այս մանկանը»:

   Գալով Եղիսաբէթը վախճանուած գտաւ Զաքա­րիա­յին, բայց աւելի ճիշտ` նա­­­հատակուած յանուն Ճշ­մարտութեան, քանզի ըստ շատերի հաւանելի կարծիքի՝ հերովդէսական հրեաները սպանել էին նրան տաճարում, որովհետեւ նա քա­­րոզել էր ճշմա­րիտ Մեսիայի` Քրիստոսի Գալստեան մասին ու նաեւ թաքցրել իր որդուն: Իսկ մանուկ Յով­հան­նէ­սը մնաց անապատում` անտես մարդկան­ցից, եւ սպա­սաւորուեց հրեշտակների կողմից, մինչեւ կը լրա­նար իր երեսուն տարին:

   Ապա Տիբերիոս կայսեր իշխանութեան տասն­հին­գե­րորդ տարում անապատում Աստուծոյ Խօսքը լսե­­լի եղաւ Յովհաննէսին՝ գալ Յորդանան գետի կողմերն ու աշխարհին քարոզել ապաշխարութեան մկր­տութիւն` մեղքերի թողութեան համար: Այն­ժամ սուրբ Կարապետն սկսեց այն ծառայութիւնը, որի համար ընտրուել էր. այն  էր` լինել ամենա­կալ Տիրոջ աւետաւորն ու առաջընթաց պատգա­մա­­ւորը` նորահրաշ կերպով ճանապարհ հարթելով Նրա առջեւ եւ լի­նել անապատում Կանչողի ձայնը: Պէտք է լինէր մարմնացեալ Բանի քարոզը ոչ թէ ճար­տար խօսքերով, այլ Ճշմարտութեան նախանձախնդրութեամբ` ըստ Եղիայի, ոչ թէ երեւելի շու­քով, այլ անշուք ու նուաստ կերպարան­քով: Որ­­պէս քրձազգեստ ճգնաւոր՝ ունէր ուղտի մազից հան­դերձ եւ մէջքին` կաշուէ գօտի: Չափաւոր կե­րա­կուրն առանց պատրաստութեան էր, որն էր վայ­­­րի մեղրն ու մորեխը: Նա կամենում էր ապաշխարութեան քարոզչութիւնը խօսքից առաւել գործով հաստատել, որի մէջ արդէն  թրծուել էր իր երեսնամեայ խստակրօն ճգնակեցութեամբ:

   Ողջ ժողովուրդը զարմանում էր Կարապետի գոր­ծերի վրայ, քանզի տեսնում էր անապատում մե­ծացած մի մարդու, ով տկարացել էր պահ­քե­րից, իր ճգնասէր վար­քով եւ խոնարհ ընթացքով այլա­­գունուել տապից ու ցրտից: Ինչպէս մի երկ­նա­ւոր հրեշտակ, նա նոր հոգելից քարոզչութիւն էր անում, որին անծանօթ էին: Բայց երբ լսում էին նրա հոգեբուխ շուրթերից տարածուող ազդու խօսքերը, յօժարակամ ու փութով աշա­կեր­տում էին նրա վարդապետութեանը, խոստովա­նում իրենց մեղքերը, ուղղում իրենց վարքը եւ ապաշխարութեան կարգով նրա կողմից ջրով մկրտ­ւում մեղքերի թողութեան համար, որը մեծ շի­նութիւն ու մխիթարութիւն էր բարեսէր մարդ­կանց համար: Ճշմարտութեան բոլոր  ունկնդիր­ները նրան իրապէս ընդունում էին որպէս Աստուծոյ մարդու եւ մարգարէի, ով իրենց ցոյց է տալիս դէպի Աստուած տանող Ճանապարհը ու աւե­տարանում աշխարհին ակնկալուող փրկութիւ­նը, եւ մինչեւ անգամ շատերը կարծում էին, թէ Մեսիան հէնց ինքն է:

   Իսկ երանելին, իրենից հեռու վանելով այդ փա­­ռաւոր անունը, յայտնաբար ու առանց վա­րա­նե­լու խոստովանում էր. «Ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկուած եմ Նրա առջեւից իբրեւ կարա­պետ եւ փեսաւէր: Ես արժանի չեմ անգամ ծառայաբար արձակելու Նրա կօշիկների կապերը: Ձեր մէջ կայ Մէկը, Ում դուք չէք ճանաչում: Դուք, որ կարօտ էք Լոյսի, տեսնում էք արուսեակին, բայց նրան արեգակ էք համարում: Պատրաստէ՛ք ձեր սրտերը, որպէսզի ձեր մէջ ծագի Նա Ինքը` Լոյ­սի Աղբիւրը, Արդարութեան Արեգակը: Ես ձեզ մկրտում եմ ջրով` ապաշխարութեան համար, բայց Ով գալու է ինձնից յետոյ, Ով անսահման յաւ­իտենութեամբ առաջ է ինձնից, Ով Հօր ան­սկիզբ Ծնունդն է, եւ Ով մտաւ ժամանակի մէջ՝ մար­մին առնելով սուրբ Կոյսից, Նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով ու Հրով: Նա Ինքն է տիեզերքի Լու­սատուն, Նա Ինքն է աշխար­հի մեղքերը Սրբողը, ինչպէս որ ինձ սրբեց դեռեւս արգանդից եւ լուսաւորեց: Նա սուրբերի Սրբութիւն է ու Լոյս Լոյսից, Կեանք Կեանքից եւ ամէնքի Կենդանարար, Թագաւոր թագաւորների ու Դա­տա­ւոր ող­ջերի եւ մեռեալների: Նա այժմ գառան հե­զու­թեամբ գալիս է իբրեւ Հովիւ, որ­պէս­զի ի մի ժո­ղովի Աստուծոյ ցրուած ժողովրդին ու բարին պար­գեւի բոլորին: Միւս անգամ պիտի գայ փառ­քով՝ զատելու ընտրեալներին մեղաւորներից եւ հատուցելու իւրաքանչիւրին՝ ըստ իր գործերի»:

   Այս­պիսի եւ առաւել, քան այսպիսի խօսքեր էր աւե­տարանում ժողովրդին Յով­հաննէսը: Մխի­թա­րում էր ու խրատում, յանդիմանում էր եւ դար­մա­նում: Նա, իր աշակերտներին մատնացոյց անե­լով փրկութեան Առաջնորդին, ասաց. «Ա­հաւասիկ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղ­քը» [Յովհ. 1:29], ու մի խօսքի մէջ խորիմաստ կեր­պով բովանդակեց անճառ տնօրէնութեան ողջ Խորհուրդը:

   Երբ Տէրը գալով կամեցաւ մկրտուել Իր ծա­ռա­յի կողմից, մեծ Կարապետը սոս­կալով սարսեց իր Տիրոջ խոնարհութիւնից, որի համար հրա­ժա­րուեց, յանձն չառաւ այդ մեծ գործը եւ ասաց. «Ինձ պէտք է, որ Քեզնից մկրտուեմ, իսկ Դու ինձ մօ՞տ ես գալիս» [Մատթ. 3:14]: Բայց ըստ հնազանդութեան՝ հարկ էր, որ նա լսէր Փրկչին, Ով ասաց իրեն. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստուծոյ ամէն արդարութիւն [Մատթ. 3:15], մկրտւում եմ, որ լուսաւորեմ աշխարհը, մկրտւում եմ, որ­ լուանամ Ադամի մեղքերը, մկրտւում եմ, որ բացեմ երկնքի դռները, մկրտւում եմ, որ Հօրը հաշտեցնեմ մարդկանց հետ, մկրտւում եմ, որ երկնքից Հօր Խօսքն իջեցնեմ, մկրտւում եմ, որ օդն ու ջուրը սրբեմ, մկրտւում եմ, որ ճշմարտութեան Հոգին յայտնեմ աշխար­հին, մկրտւում եմ, որ աշխարհը մաքրեմ մեղքերից, մկրտւում եմ, որ վերստին զգեստաւորեմ մերկացած Ադամին, մկրտւում եմ, որ վերացնեմ մահը, մկրտւում եմ, որ աւերեմ դժոխքը, մկրտւում եմ, որ շէնացնեմ Արքայութիւնը, մկրտւում եմ, որ ջրով հանգցնեմ մարդկանց մեղքերի հուրը, մկրտւում եմ, որ հիմնարկեմ Եկեղեցին, մկրտւում եմ, որ կանգնեցնեմ սուրբ Սեղանը, մկրտւում եմ, որ հաստատեմ սուրբ Աւազանը, որով լուանամ մարդկանց մեղքերը եւ նրանց արժանացնեմ երկնքի Արքայութեանը»:

   Եւ նա, որ մինչ այդ կարապետ էր, այժմ եղաւ նաեւ մկրտիչ Աստուծոյ Որդու: Ասես թէ ըստ կարգի Մելքիսեդեկի՝ քահանայական պաշտօն գործադրուեց ճշմարիտ Քահանայապետի վրայ, որի համար էլ նա կոչուեց նաեւ ձեռնադրող Աստուծոյ Որդու, եւ աւելին` մկրտութիւնից յետոյ տեսաւ Սուրբ Հոգու աղաւնակերպ էջքն Իր Էակցի վրայ:

   Եւ արդ, ո՞ր խօսքերը կարող են պատմել նրա պատուական մեծութեան մասին, որ տրուեց մեծ Կարապետին այսպիսի խորհրդակատարութեամբ: Նա եղաւ ոչ միայն ամենակալ Տիրոջ պատգամաւորը, այլեւ Աստուծոյ Որդու ձեռնադրողն ու մկրտիչը: Մեր Տէրը եւս նոյն անուններով հռչակեց Իր Կարապետի անհամեմատելի մեծութիւնը, վեր դասեց նրան բոլոր ընտրեալների դասերից՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մե­ծը չի եղել» [Մատթ. 11:11]:

   Այդ պատճառով Հայաստանեայց սուրբ Եկեղեցու բոլոր գլխաւոր մաղթանքներում Աստուածամօր անուանն առընթեր ըստ արժանւոյն յիշատակւում է սուրբ Կարապետի անունը՝ որպէս նրանից յետոյ տիեզերքի երկ­­րորդ բարեխօսի: Նա մեծ պատուով փառաւորւում է բոլոր եկեղեցիներում՝ տարէցտարի տօնախմբուելով մի քանի անգամ` ծնունդը, գլխատումը, նշխարների գիւտը, դրանց այլեւայլ տեղեր փոխադրումը եւ այլն: Ո՞ր քրիստոնեայ ազգն է, որ տօնախմբութեամբ չի պատւում մեծ Կարապետին: Ո՞ր քաղաքն է, ուր մեծ Մկրտչի անուամբ չի կառուցուել տաճար կամ խորան, ինչպէս նաեւ՝ հոյակերտ վանքեր: Եւ կամ ո՞վ է այն մեծ կամ փոքր հաւատաւորներից մէկը, ով օգնութեան կանչելով նրա անունը՝ չի ստացել հաւատով իր խնդրածը: Ուստի մենք եւս միանանք Եկեղեցու կողմից բարձրացուող նրան ուղղուած ըղձաձայն խնդրանքներին ու ասենք. «Փութա՛ մեզ վերից օգնութեան հասնել, սո՛ւրբ Յովհաննէս, առաքեալ եւ մարգարէ, Կարապետ եւ Մկրտիչ Աստուծոյ Որդու, բարեխօս եղիր մեր անձանց համար»:
   

Ս. Գրիգոր Տաթեւացի

   Քարոզ Յովհաննէսի ծննդեան մասին՝ ըստ Ղուկաս աւետարանչի այն խօսքի, թէ՝ «Եւ դո՛ւ, ով մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները»:
(Ղուկ. Ա 76)

   

   Եւ արդ, Քրիստոսի սուրբ Կարապետի եւ Մկրտչի մասին պէտք է խօսենք հինգ գլխաւոր դրոյթների շուրջ. նախ` աւետման մասին, երկրորդ` ծննդեան մասին, երրորդ` բնակութեան մասին, չորրորդ` զգեստների մասին, եւ հինգերորդ` կերակրի մա­սին:

   Այժմ տեսնենք առաջին գլուխը:

   Գիտենք, որ ինչպէս մեր Տէրը ծնուեց սուրբ Կոյսից հրեշտակի աւետիսով, այդպէս էլ Մկրտիչը եղաւ աւետման զաւակ: Եւ նոյն Գաբրիէլն էր, որ նրա հօրը` Զաքարիային աւետեց. «Քեզ որդի պիտի ծնուի»: Այստեղ երեւում են նրա չորս գերապատւութիւնները. նախ՝ որ աւետման որդի էր, երկրորդ` աւետիսը տրուեց տաճարում՝ քաւութեան մեծ տօնի օրը, երրորդ` բազմամբոխ ժողովրդի մէջ, չորրորդ` համրացաւ հօր լեզուն:

   Ինչպէս պատմում է Աւետարանը, քաւութեան մեծ տօնի օրը Զաքարիա քահանայապետը զգեստաւորուեց, մտաւ տաճար` խնկարկելու եւ խնկերի սեղանի աջ կողմում տեսաւ հրեշտակին, որից խիստ զարհուրեց ու մտածեց. «Եթէ սա անմարմին հրեշտակ է, ինչպէ՞ս է մարդու կերպարանքով երեւում, իսկ եթէ մարդ է, ապա ինչպէ՞ս տաճար մտաւ փակ դռներով», որովհետեւ այնտեղ մարդ չէր մտնում, այլ միայն քահանայապետը, այն էլ տարին մէկ անգամ: Հրեշտակն ասաց նրան. «Մի՛ երկնչիր, քանզի ես երեւացի քեզ ոչ թէ իմ կերպարանքով, այլ մարդու, որպէսզի չերկնչես: Ես եկայ ոչ թէ քեզ զարհուրելու, այլ Աստուծոյ պատգամը յայտնելու համար: Քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը` Եղիսաբէթը, քեզ համար մի որդի կը ծնի, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես»:

   Այս խօսքերից առաւել խռովուեց Զաքարիան ու ասաց. «Նախ իմ աղօթքները որդի ունենալու համար չեն, այլ ժողովրդի փրկութեան համար, եւ ապա` երբ այստեղից դուրս գամ, ի՞նչ ասեմ ժողովրդին, թէ ինձ որդի՞ պիտի ծնուի: Նրանք կը քարկոծեն ինձ ու կÿասեն, թէ մեզ ի՞նչ շահ քո որդուց, մենք այստեղ ենք հաւաքուել, որ քեզ որդի՞ ծնուի»: Ապա հրեշտակը, մեկնելով խորհուրդը, ասաց. «Դու քաւութիւն ես խնդրում ժողովրդի համար, ես էլ քեզ նոյնն եմ ասում. քեզ որդի կը ծնուի, եւ շատերը կÿուրախանան նրա ծննդեամբ: Նա նախընթաց ու կարապետ կը լինի Փրկչի համար եւ կը պատրաստի Նրա ճանապարհը, որպէսզի գայ ու փրկի ժողովրդին իր մեղքերից»: Այստեղ պէտք էր հաւատալ հրեշտակին, բայց Զաքարիան երկմտեց, տարակուսեց եւ ասաց. «Ես ինչպէ՞ս կÿիմանամ, քանի որ ծեր եմ, Եղիսաբէթն էլ` ամուլ»:

   Հրեշտակն ասաց. «Ինչպէ՞ս կÿիմանաս, քահանայապե՛տ ու Օրէնքներ քննո՛ղ: Տե՛ս Իսահակին, ով աւետման որդի եղաւ Աբրահամին: Նա ծեր էր, իսկ կինը` ամուլ: Տե՛ս Սամուէլին, քանզի նրա մայրը դարձեալ ամուլ էր: Տե՛ս եւ Կոյս Մարիամին, ում դու պահեցիր տաճարում: Նրա մայրը` Աննան, եւս ամուլ էր, բայց Աստուած նրան զաւակ պարգեւեց: Ես Գաբրիէլն եմ, որ ուղարկուեցի խօսելու քեզ հետ, ես եմ, որ կանգնում եմ Աստուծոյ առաջ: Ու քանի որ չհաւատացիր, ահա դու համր կը լինես եւ չես խօսի մինչեւ մանկան անուանակոչութեան օրը»: Զաքարիան դուրս եկաւ ու չէր կարողանում խօսել: Սա նշանակում էր հին օրէնքի լռելը, որը Քրիստոսի նոր Օրէնքի գալով պէտք է դադարէր:

   Այժմ երկրորդ գլխի` նրա ծննդեան մասին:

   Իմանալի է, որ նրա ծնունդը հինգ տեսակի փառաւորութիւն ունէր: Նախ` ծնուեց ամուլ եւ չորացած արգանդից, իսկ կոյսին եւ ամուլին անհնար ծնել: Երկրորդ` մօր որովայնում սրբուեց սկզբնական մեղքերից, ինչպէս որ Աւետարանն է ասում. «Մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի» [Ղուկ. 1:15]: Եւ գիտենք, որ երեք հոգի սր­բուեցին իրենց մօր որովայնում` Երեմիան, Յովհաննէսն ու Աստուածածին Կոյսը: Սակայն նրանք սրբուեցին զանազանապէս. Երեմիայի վրայ հեղուեցին Սուրբ Հոգու շնորհները, Յովհաննէսը լցուեց Սուրբ Հոգով, իսկ Սուրբ Աստուածածինը լցուելուց առաւել՝ ստացաւ Սուրբ Հոգին, որպէսզի իր լիութիւնից հեղի ուրիշների մէջ: Երրորդ` իր մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին, քանզի երբ սուրբ Կոյսը ողջոյն տուեց Եղիսաբէթին, մանուկը խաղալով ցնծաց նրա որովայնում: Յովհաննէսն իր մօր որովայնում վեցամսեայ էր եւ Սուրբ Հոգուց իմացաւ, որ սուրբ Կոյսի արգանդում թագաւորների Թագաւորն է` Քրիստոս: Եւ քանի որ չէր կարող ձայնով յայտնել ու փառաւորել, որովայնում խայտալով երկրպագեց Նրան ու մօր ձայ­նով օրհնաբանեց՝ ասելով. «Օրհնեա՛լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՛լ է քո որովայնի Պտուղը» [Ղուկ. 1:42]: Չորրորդ` երբ ծնուեց, արձակեց հօր լեզուն: Արգանդում մօր լեզուով օրհնեց Աստծուն, իսկ ծնուելիս՝ հօր լեզուով՝ ըստ Աւետարանի այն խօսքի, թէ «Երբ եկան նրան թլփատելու, մի տախտակ ուզեց ու վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», եւ իսկոյն նրա լեզուն բացուեց» [Ղուկ. 1:63]: Սա նշանակում էր, որ նա էր հին օրէնքի լռելու միջնորդն ու նորը խօսելու եւ քարոզելու սկիզբը: Հինգերորդ` երբ Հերովդէսը կոտորում էր Բեթղեհէմի մանուկներին, վէմը պատռուեց եւ իր մէջ առաւ մանկանն ու նրա մօրը, եւ նա փրկուեց կոտորածից: Ապա դուրս բերուեց ու բնակուեց անապատում:

   Երրորդ` բնակութեան մասին:

   Նա երեսուն տարի բնակուեց անապատում, ապա եկաւ Յորդանանի կողմերը` մկրտելու ջրով: Արդ, անապատում բնակուելը վեց նշանակութիւն ունի: Նախ` նշանակում է աշխարհը. ինչպէս որ նա ծնուե­լուց յետոյ մնաց անապատում, նոյնպէս էլ մենք առաջին Ադամից ծնուելուց յետոյ ելանք Դրախտից եւ եկանք անապատ աշխարհ` պանդխտու­թեան: Երկրորդ` անապատը ամայի է ամէն բարուց, եւ մենք էլ դատարկուեցինք բոլոր բարի գործերից՝ ըստ այն խօսքի. «Բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի» [Սաղմ. 13:3]: Երրորդ` անապատը մի դժուարին, փշոտ վայր է՝ լի բազում օձե­­րով: Սա խորհրդանշում է մեր կեանքը` իր դժուարութիւններով, ուր բնակւում ենք բազում օձերի մէջ, ուր չար մարդիկ, սատանան եւ փշերը, որոնք մեղքերն են, խոցոտում են մեզ: Չոր­րորդ` նշանակում է, որ այն ժամանակ չկային մարգարէներ, այսինքն` անա­պատ էր մար­գարէներից, քան­զի մարգարէութիւններն ու շնորհները հեռացել էին տաճարից: Հինգերորդ` նշանակում է, որ հրէա­­ներն անպտուղ եւ թափուր էին բարի գոր­ծե­րից: Վեցերորդ` մնաց անապատում, որպէսզի չփառաւորուի մարդկանց կողմից, իսկ զգայարանները չփափկանան աշխարհի սիրով, այլ ապրեց անապատում` իբրեւ մարմնի մէջ հրեշտակ, իբրեւ անբիծ աղաւ­նի, իբ­րեւ անապատի տատրակ, ինչպէս Երգ Երգոցն է ասում. «Տատրակի ձայնը լսուեց մեր երկրում» [Երգ. 2:12], մնաց անապատում` որպէս սկիզբ եւ օրինակ մենակեացներին ու անապատականներին: Ասենք, որ թէպէտ Եղիան եւ Եղիսէէն եւս անա­պատում բնակուեցին, սակայն ոչ մանկութիւնից, իսկ սա բնակուեց մանուկ հասակից ու չգործեց որեւէ մեղք՝ ո՛չ մահացու, ո՛չ էլ ներելի: Այսպէս ճգնեց խստակեցութեամբ` ի նա­խա­տինք նրանց, ովքեր չեն գործում բարին, չեն աղօթում եւ պահք չեն պահում՝ ասելով, թէ «Չու­նենք մեղքեր, որ ապաշխարենք»: Իսկ սա, ի ծնէ մա­քուր լինելով, բնակուեց անապատում ու ճգնեց իր կեանքի բոլոր օրերում:

   Տեսնենք նաեւ չորրորդ գլուխը, որը զգեստների մասին է:

   Աւետարանն ասում է. «Յովհաննէսն ուղտի մա­զից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի` իր մէջքին» [Մատթ. 3:4], եւ ուրիշ ոչ մի ծածկոյթ, ո՛չ անկողին, ո՛չ փափ­կութիւն, ո՛չ բնակութեան յարկ, այլ մերկ ու բոկոտն շրջում էր անապատում: Ուղտի մա­զից հանդերձը բազում նշանակութիւններ ունի: Նախ` նուաստ եւ անարգ հանդերձները նշա­նա­կում էին Միածին կոյս Որդու ծառայի կեր­պա­րանք առնելը, խաչով կորուսեալ ոչխարին սպա­սե­­լը եւ յարութեան ժամանակ անմաքուր կեն­դա­նու մազի փոխակերպումը մաքրափայլ լուսակիզի: Երկրորդ` ուղտի մազը նշանակում էր կիսա­սուրբ եղող փարիսեցիների կեղծաւորութիւնը, քան­­զի նրանք ունէին կիսով չափ մաքրութիւն, այսինքն` ունէին հաւատ, բայց ո՛չ գործեր, որի պատճառով սուգ էր հագել նրանց կուրութեան համար: Երրորդ` հանդերձների անփութութիւնը նշանակում է մեզ նախկին ազնուականութեան հրաւիրելը, երբ կարիք չունէինք զգեստների ու հանդերձների: Չորրորդ` նշանակում էր աշխարհի մեղքերի հա­­մար սուգն ու ապաշխարութիւնը, որը քարո­զում էր խօսքերով եւ ցոյց տալիս գործով, քանզի աւետա­րանում էր Աստուծոյ Արքայութիւնը` առանց հանդերձների ու առանց կերակ­րի: Իսկ գօ­տին Սուրբ Գրքում կրում են տասը դէպքում: Նախ` կրում են զինուորութեան դէպքում պա­տե­րազ­մի պատրաստուելու ժամանակ: Երկրորդ` ծա­ռա­­յութեան դէպքում՝ ըստ այն խօսքի. «Գօտի կը կապի իր մէջքին եւ կÿանցնի նրանց սպասարկելու» [Ղուկ. 12:37]: Երրորդ` գօտին կապում են համբերութեան համար, ինչպէս Յոբը: Չորրորդ` թագաւորելու ժամանակ, ինչպէս Դաւիթը, ով զօ­րա­նա­լով յաղթեց մսաբլուր Գողիաթին: Հինգերորդ` արիութեան ժամանակ՝ ըստ այն խօսքի, որ ասում էր Իսրայէլի վերաբե­րեալ. «Գօտիները թող ձեր մէջ­քին լինեն» [Ելք. 12:11]: Վեցերորդ` իշխանութեան դէպքում, ինչպէս քահանաներն ու իշ­խան­ները: Եօթերորդ` ճշմարտութիւնը պա­հելու հա­մար՝ ըստ այն խօսքի. «Գօտեպնդեցէ՛ք ձեր մէջքերը Աւետարանի Ճշմարտութեամբ» [Եփ. 6:14]: Ութերորդ` զգաստութեան դէպքում՝ ըստ այն խօս­­­քի. «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լի­­նեն, իսկ ճրագներդ` վառուած: Եւ դուք նմա­նուե­­ցէք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տի­րո­ջը, թէ երբ կը վերադառնայ հարսանիքից» [Ղուկ. ԺԲ 3536]: Իններորդ` ողջախոհութեան դէպքում՝ ըստ Գրիգոր Աստուածաբանի այս խօսքի՝ «Քաջագօտի ասորիները»: Տասներորդ` թագաւորութեան զօրութեան դէպքում՝ ըստ այն խօսքի. «Զօրութիւն հագաւ Տէրն ու գօ­տե­­ւո­րուեց» [Սաղմ. 92:1]: Իսկ նրա գօտին, ունե­նա­­լով այս ամէնը, ինչ որ թուեցինք, առաւել եւս խորհրդանշում է կուսութիւնը, ողջախոհութիւնը եւ ամ­­բողջովին սանձուած երկրաքարշ ցանկու­թիւն­նե­րը: Գօտու՝ կաշուից լինելը նշանակում է անմեղութիւնը, նաեւ` Ադամի մեղանչելուց յետոյ մաշկեղէն հանդերձների խորհուրդն ուն­ի: Նշանակում է նաեւ Եղիայի մաշկեղէն հանդերձը, որովհետեւ նա Եղիայի հոգով ու զօրութեամբ եկաւ:

   Եւ հինգերորդ` կերակրի մասին: Ասում է` նրա կե­րակուրն էր մորեխը ու վայ­րի մեղրը: Արդ, մո­րեխն անարիւն եւ երկնաթռիչ կենդանի է: Սա նախ խորհրդանշում է նրա մաքուր վարքը, որն անխառն էր աշխարհի ցանկութիւններին, եւ մտքով միշտ երկնայինն էր խորհում, իսկ վայրի մեղրը նշանակում է Աս­տուծոյ Իմաստութիւնը, որը սուր­­­բերի կերակուրն է, ինչպէս որ Դաւիթն է ասում. «Որքա՜ն քաղցր են Քո խօսքերն իմ քիմքին, աւե­­լի քաղցր, քան մեղրն իմ բերանին» [Սաղմ. 118:103]: Դարձեալ՝ նրա կերակուրը խորհրդանշում է Աստուծոյ հին ու նոր պատուիրանները: Ինչպէս սուր­­բերից մէկն է ասում, մորե­խը տկար հին օրէնքն էր, ինչպէս որ ինքը՝ մորեխն է տկար թռչունների մէջ, եւ յետոյ՝ մո­­րեխը ուտելի չհամարուեց, ինչպէս հին օրէնքը՝ մեզ համար: Իսկ վայ­­­­րի մեղրը նոր Օրէնքի քաղցրութիւնն է՝ ըստ այն խօսքի, որ ասաց. «Իմ լու­ծը քաղցր է, իսկ Իմ բեռը` թեթեւ» [Մատթ. 11:30]: Նաեւ` Աստուծոյ Բանը, որ ի վերուստ էր, քաղցրացրեց մեր դառ­նու­թիւնը: Դարձեալ՝ մորեխն ու վայ­րի մեղրը նշա­­նակում են նրա` ամբողջովին խստակրօն ճգ­նու­­թիւնն ու զարմանալի կեանքը: Քանզի եթէ հարց­նես, թէ որտե՞ղ էր նրա բնակութեան վայ­րը, կÿա­սենք, որ անապատն էր, անկողինը գետնի քա­րերն էին, ընկերներն ա­նապատի օձերն էին, զգեստն ուղտի մազից հանդերձն էր եւ կաշուէ գօ­տին, կերա­կու­րը` մորեխն ու վայրի մեղրը: Եւ սրան­ցով նա ճգնութիւնների մէջ գե­­րազանցեց բոլորին: Քանզի թէպէտ շատերը բնա­կուե­ցին անապատում, սակայն բնակութեան յարկ ու­նէին, ունէին չափաւոր կերակուր ու հան­դերձ, ինչ­­պէս Եղիան, Եղիսէէն եւ Քրիստոսից յետոյ շատ­-շա­տերը: Իսկ սա մանուկ հասակից բնակուեց անապատում առանց ծածկոյթի ու կերակրի, եւ ինչ որ անցաւ կրակի վրայով, չկերաւ: Եւ ասենք, որ անգամ մեր Տէրը` Քրիստոս, այսպիսի նեղ ու դժուա­րին ճանապարհով չանցաւ, ինչպէս որ նա, քան­զի Ա­ւե­տա­­րանն ասում է. «Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում: Եկաւ մարդու Որդին, ուտում է եւ խմում» [Մատթ. 11:1819]: Եթէ կա­­մենար, Քրիստոս կարող էր առաւել խիստ կենցաղավարել, քան նա, ինչպէս երբ չկերաւ քառա­­սուն օր ու գիշեր, բայց չկամեցաւ, որովհետեւ դա օգուտ չէր լինի մեղաւոր­­ներին, այլ` վնասակար: Սա կը հաստատենք օրինակով, ինչպէս գրուած է Ծնն­դոց գրքում. «Յակոբն ասաց Եսաւին. «Երե­խա­ներս փոքր են, եւ եթէ նրանց ստիպեմ, կը մեռ­նեն: Ուրեմն, ես ըստ իմ կարողութեան, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ» [Ծննդ. 33:14]:

   Այսպէս, Քրիստոս աշխարհ ե­կաւ մեղաւորներիս համար. եթէ ապրէր խիստ կենցաղավարութեամբ, ապա Նրա տկար մանուկները չէին կարողանայ հետեւել Իրեն, ու բոլորը յուսահատուելով կը մեռնէին: Այդ պատճառով, ինչպէս մի բա­րե­գութ հայր՝ այս աշխարհում կենցաղավարեց միջին կերպով` չափաւոր հանդերձներով եւ կերակրով, որպէս­­­զի մեղաւորները կարողանան հետեւել Իրեն: Իսկ Յովհաննէսի կեանքն այն­­պիսին չէր, ինչ­պի­սին մարդկանցն է, այլ` ինչպէս մարմնի մէջ անմարմիններինն ու հրեշտակներինը: Եւ այսպէս, եկաւ ու ճանապարհ հարթեց Քրիստոսի համար, որ­պէսզի բոլորը պատրաստեն իրենց սրտերն ու հո­գիները` ընդունե­լու Քրիստոսին: Այդ պատճառով ասաց. «Եւ դու, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, պիտի գնաս Տիրոջ առա­ջից` պատրաստելու Նրա ճանապարհները»: Եւ մենք էլ նրա բարեխօսութեան միջնոր­դու­թեամբ պատրաստենք մեր հոգիները սրբութեամբ ու արդարութեամբ, որ­պէս­զի մեր մէջ մուտք գործի եւ բնակուի Քրիստոս, Ով Իր Հօրը եւ Սուրբ Հոգուն կը բնակեցնի մեր մէջ եւ մեզ կը դարձնի Սուրբ Երրորդութեան օթեւան: Նրան փա՜ռք եւ զօրութիւն յաւիտեանս. ամէն:

   Յով­հաննէսի քարոզչութիւնը չորս նպատակ ունէր:

   Նախ՝ նա ապաշխարութիւն էր քարոզում առ­հա­սարակ բոլորին ու ասում. «Ա­պաշխարէ՛ք, որով­հետեւ մօտեցել է երկնքի Արքայութիւնը»: Եր­կնքի Արքա­յութիւն ասելով՝ նկատի ունէր երկն­­քից խոնարհուած եւ իրենց մօտ եկած Քրիստո­սին` ըստ այն խօսքի, թէ «Երկնքի Արքայու­թի­ւ­նը ձեր ներսում` ձեր մէջ է»: Այսպէս էր պատրաստում Տիրոջ ճանապարհը: Ինչպէս որ երբ գալիս է երկրաւոր թագաւորը, հարթում են ճանապարհները ու զարդարում քաղաքը, նոյնպէս եւ մենք պէտք է Երկնաւոր Թագաւորի ճանա­պարհը, որը մեր միտքն ու զգայարաններն են, ապաշ­­խա­րու­թեամբ եւ խոստովանութեամբ մաքրենք մացա­ռուտ մեղքերից եւ ապա զարդարենք մեր հոգի­նե­րը պահքով, աղօթ­­քով ու ողորմու­թեամբ, որպէս­զի Քրիստոս գայ եւ մեր մէջ բնակութիւն հաս­­տա­տի: Երկրորդ` իւրաքանչիւրին, ով գալիս էր մկրտութեան ու խոստովա­­նում իր մեղքերը, խրա­տում էր եւ ասում. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»: Նոյն կերպով, երբ մկրտու­թիւնից յե­տոյ դարձեալ մեղք ենք գործում ու խոստո­վա­նում ենք քահանային, նա արձակում է մեր մեղ­­քերը եւ կանոն դնում՝ ասելով. «Ինչ որ գոր­ծել ես, այլեւս մի՛ արա եւ բարին գործիր»: Եր­րորդ` սաստկապէս յանդիմանում էր փարիսեցիներին ու ասում. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերա­հաս բարկութիւնից, որ գա­լու է»: Նոյն խօս­քե­րը ե՛ւ Տէրն ասաց նրանց՝ չար եւ դառնացող ազգ կո­չելով, ե՛ւ Դաւիթը, ե՛ւ  Մովսէսը, թէ՝ «Նրանց որ­թը Սոդոմի այգուց էր»: Եւ իրապէս իժերի ծնունդներ էին, որովհե­տեւ երբ իժը յղացւում է, սատկում է նրա հայրը, իսկ ծնուե­լու ժամանակ` մայ­րը: Այսպէս էլ նրանք սպա­­նեցին իրենց հայ­րե­րին, ովքեր իրենց քա­րո­զող մարգարէներն էին, իսկ յետոյ՝ մօրը, որն Օրէնքն է: Եւ չորս տեսակ խօսքերով վախեցրեց նրանց. առաջին, թէ «Առանց գործերի դուք մերժ­ւում էք Աբրահամի որդիութեանն արժա­նա­նա­­լուց». երկ­րորդ, թէ «Ձեր փոխարէն Աբրահամի որ­դի­նե­ր կը լինեն կարծրացած հե­­թա­նոսները». երրորդ, թէ «Աստուծոյ Բանը կաց­նի պէս կը կտ­րի ձեզ ծառի ար­մա­տից ու այլեւս ծիլ չէք տայ». չոր­րորդ, թէ «Կÿառաքուէք դէպի յաւիտենական հուրը»: Այսպէս էլ մենք պէտք է անզեղջ չա­րե­րին, անդարձ մեղաւորներին, անհաւատներին եւ հերձուածողնե­րին խիստ խօսքերով սաստենք ու յանդիմանենք: Եւ եթէ մեզ լսեն ու յետ դառ­նան, այնժամ պէտք է մօտենալ եւ մխիթարել, ինչ­պէս առաքեալն է ասում. «Սաստի՛ր, յան­դի­մա­նի՛ր ու դարձեալ մխիթարի՛ր» [Բ Տիմ. 4:2]: Նա այդպէս էր անում, ապա քաղցրացնում էր նրանց եւ խոնարհութեամբ ասում, թէ՝ «Արժանի չէք արձակելու Նրա կօշիկների կապերը», այսինքն՝ ոչ միայն հաւասար չէք Նրան, այլեւ արժանի չէք դասուելու յետին սպասաւորների թւում, քա­նզի մտածում էր, թէ մարդեղութեան խորհուրդը, որը ծայրա­գոյն ու խոնարհագոյն խորհուրդ է, չեմ կարող մեկ­նել եւ հասկանալ, էլ չեմ ա­սում աս­տուա­ծային խորհուրդը, որն անհա­սա­նե­լի է մարդկային մտքի համար ու անճառելի՝ լեզուի հա­­մար: Ասում է. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, սակայն Նա կը մկրտի Հրով եւ Հոգով»: Սա առաջին գլուխը Յովհաննէսի քարոզչութեան մասին:

   Երկրորդ գլուխ` Յովհաննէսի մկրտութեան մա­սին:

   Իմանալի է, որ կան մկրտութեան տասը եղա­նակ­ներ:

   Առաջին եղանակ - երբ ա­րարչութեան ժա­մա­նակ ասում է. «Աստուծոյ Հոգին շրջում էր ջրե­րի վրայ» [Ծննդ. 1:2], կանխատեսում է մկրտութեան խորհուրդը, երբ Սուրբ Հոգին իջնում է աւազանի վրայ:

   Երկրորդ - ողջ աշխարհի ջր­հեղեղը, որը սրբեց մեղքե­րը, եւս մկրտութեան նշանակ է, որով սրբւում ենք մեր բոլոր մեղ­քե­րից:

   Երրորդ - երբ Մովսեսը ճեղքեց ծովը եւ ժո­ղո­վրդին անցկացրեց ամպի ու ծովի մի­ջով, դար­ձեալ մկրտութիւն էր, որով ժողովուրդը սրբուեց եգիպտական մեղքերից, նոր լեզու տրուեց եւ անա­­պատում կերակրուեց մանանայով, ինչպէս որ մեր մկրտութեան ժամանակ մեղքերի թո­ղու­թիւն ենք ստանում, պէս-պէս շնորհ­ներ ձեռք բերում եւ Քրիստոսի Մարմինն ու Արիւնը ճա­շա­կում:

   Չորրորդ - Մովսէսը մկրտութիւնն օրինադրեց քահանաներին, որ լուացուեն ջրով, որպէսզի չմեռնեն, իսկ Սողոմոնը պղնձից աւազան շինեց, որպէսզի նրա մէջ լուանան իրենց ձեռքերն ու ոտ­քե­րը:

   Հինգերորդ - Յովհաննէսի մկրտութիւնն էր, ով եկաւ Յորդանանի կողմերը. նրա մօտ էին գա­լիս բոլոր մարդիկ, մկրտւում նրանից եւ խոստովանում իրենց մեղքերը:

   Վեցերորդ - Քրիստոսի Մկրտութիւնն էր, երբ մկրտուեց ու մեզ հաստատեց Նորի մէջ` մկրտուել Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով:

   Եօթերորդ - առաքեալների մկրտութիւնն էր, երբ Սուրբ Հոգին հրա­կերպ հողմով իջաւ Վերնատուն, մկրտեց նրանց եւ իջաւ նրանց վրայ:

   Ութերորդ - արեամբ մկրտութիւնն է, ինչպէս վկաներինը, ովքեր մկրտուեցին իրենց արեամբ, սրբուեցին մեղ­քերից եւ եղան Քրիստոսին չարչարակից:

   Իններորդ - ապաշխարութեամբ մկրտութիւնն է, երբ մեր արտասուքներով լուանում ենք մեղքերը, խոստովանու­թեամբ մեղքերի թողութիւն գտնում ու արդարանում:

   Տասներորդ - վախ­ճանի ժամանակ վեր­ջին` հրով մկրտութիւնն է, երբ ամէն ինչ պիտի անցնի հրի միջով, ու սրբի ներելի մեղքերից:

   Արդ, սրանք են մկրտութեան տասը ե­ղանակները:

   Սակայն ասենք, որ Քրիստոսի մկրտութիւնը չորս կերպով առաւել էր, քան Յով­հաննէսի մկրտութիւնը, որովհետեւ

   նախ - Քրիստոսի մկրտու­թիւ­նը թողութիւն էր տալիս մեղքերին՝ ըստ այն խօս­քի. «Ձեզնից իւրաքանչիւրը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողութեան հա­մար» [Գործք. 2:38]: Իսկ Յովհաննէսի մկր­տու­թիւ­նը թողութիւն չէր տալիս մեղքերին, այլ միայն մեղքերի ապաշխարութիւն էր:

   Երկրորդ - Քրիստոսի մկրտութիւնը պար­­գեւում էր Սուրբ Հոգին՝ ըստ այն խօսքի. «Նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով» [Մատթ. 3:11], իսկ Յովհաննէսի մկրտութիւնը չէր տալիս Հոգին, քանզի Հոգին նախքան խա­չելութիւնը դեռեւս չէր իջել, որովհետեւ «Յիսուս դեռ չէր փառաւո­րուել»,- ասում է Աւետարանը:

   Երրորդ - Քրիստոսի մկրտութիւ­նը մեզ Աստուծոյ որդիներ է դարձնում՝ ըստ Աւետարանի այն խօսքի, թէ «Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամ­քից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուե­ցին» [Յովհ. 1:13], իսկ Յովհաննէսի մկրտու­թիւնը մեզ Աս­տու­ծոյ որդիներ չէր դարձ­նում, որովհետեւ Սուրբ Հոգին չէր տալիս, քանզի առաքեալն ասում է. «Ստացանք որդե­գրու­թեան Հոգին, Որով աղաղակում ենք` Աբբա Հայր»:

   Չոր­րորդ - Քրիստոսի մկրտութիւնը բացում էր Արքայութեան դուռը՝ ըստ այն խօսքի, թէ` «Եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի՛ կա­րող Աստուծոյ Արքայութիւնը մտնել» [Յովհ. 3:5], իսկ Յով­հան­նէ­սի մկրտութեամբ չէին մտնում Արքայութիւն, որովհետեւ ինքը՝ Յովհաննէսը, եւ նաեւ իր կողմից մկրտուածները դժոխք իջան 4 Ահա ուրեմն պարզ է Յովհան­նէսի մկրտու­թեան որպիսութիւնը, որն ա­սում է. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար» [Մատթ. 3:11]:

   Երրորդ գլուխ` նրա շնորհների մասին:

   Ասենք, որ զարմանալի են նրա շնորհները եւ առա­ւել, քան բոլոր սուրբերի­նը: Քանզի աւետման որ­դի էր՝ ծնուած ամուլ ծնողներից, սրբուած արգանդից, Քրիստոսին որովայնից երկրպագող, իր հօր լեզուի կապող ու արձակող, ման­կութիւնից անա­պատում բնակուող եւ այլն, ինչպէս որ արդէն նա­խապէս ա­սացինք: Իսկ նրա առաւել շնորհները պէտք է տեսնել վեց եղանակով:

   Նախ - մարմ­նաւոր ծնն­դեամբ նա առաջ էր Քրիստոսից, եւ նախ ինքը եկաւ մկրտելու ջրով ու քարոզելու: Եւ որքան նա քա­րոզում էր, Քրիստոս լուռ էր, իսկ երբ Յով­հան­նէ­սը բանտարկուեց, Քրիստոս սկսեց քա­րո­զել:

   Երկրորդ - ըստ մարմնի՝ ազ­­գակից էր Քրիստոսին, հասակակից էր Նրան ու մեր­­ձաւոր: Այլ մարգարէները Նրա մասին ասում էին հեռուից եւ ցանկանում էին տեսնել, բայց չտեսան, իսկ նա տեսաւ Նրան ու վկայեց, թէ՝ «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշ­խար­հի մեղքը» [Յովհ. 1:29]:

   Երրորդ - եղաւ հին օրէն­քի աւարտը եւ Նորի սկիզբը, երկուսի միջ­նորդն ու կապը, քանզի բոլոր մարգարէութիւննե­րը եղան մինչեւ Յովհաննէսը եւ ապա դադարեցին՝ ըստ այն խօսքի, թէ «Յովհաննէս Մկրտչի օրերից մին­­չեւ այժմ երկնքի Արքայութիւնը բռնադատւում է, եւ հզօրներն են յափշտակում այն, քանի որ ամբողջ Օրէնքն ու մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը» [Մատթ. ԺԱ 1213]: Սա է շնորհների նոր Օրէնքը, իսկ նա եղաւ մկրտութեան եւ Քրիստոսի քարոզութեան սկիզ­բը:

   Չոր­րորդ - Մկրտչի խոնարհութիւնն էր, քանզի երբ նրան հարցրին, թէ դո՞ւ ես Քրիստոսը, ասաց՝ ես չեմ, հարցրին՝ Եղիա՞ն ես կամ էլ նրա համար Մովսէսի ասած մարգարէ՞ն, ասաց՝ ես չեմ, ես անապատում Կանչողի ձայնն եմ ու առաջ ընթացայ, որ տեղ պատրաստեմ: Իսկ Աստուծոյ Բանը եւ Բարբառը Քրիստոս է: Նա է Եկեղեցու՝ հոգե­ւոր հար­սի երկնաւոր Փեսան, իսկ ես բարեկամն ու փեսաւէրն եմ: Նա պիտի աճի, իսկ ես` նուա­զեմ: Ես արժանի չեմ արձակելու Նրա կօշի­կ­նե­­րի կապերը, քանզի վերջին սպասաւորներից աւելի ցածր եմ: Այսպիսի խոնարհութեան շնոր­հ­ներ ունէր նա իր մէջ: Եւ քանի որ ասաց. «Արժանի չեմ արձակելու կօշիկների կապերը», այդ պատ­ճա­ռով արժանացաւ ձեռքը մօտեցնելու Փրկչի Գլխին ու մկրտելու: Այսպիսի մեծ շնորհ է խո­նար­­հութիւնը, որի համար Աւետարանն ա­սում է. «Ով խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձ­րա­ցուի»:

   Հին­­գերորդ - ամէնքի Սրբո­ւթիւնը մկրտուեց նրանից, ինչպէս որ վկա­յեց. «Տէ՛ր, ինձ պէտք է, որ Քեզնից մկրտուեմ, եւ Դու ինձ մօ՞տ ես գա­լիս: Ո՞վ է տեսել, որ կաւը սրբի ջրին: Արդ, ես կաւ եմ, իսկ Դու՝ սրբարար Ջուր, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս սրբուելու: Ո՞վ է տե­սել, որ խոտը մաքրի հրին, եւ Դու ինձ մօ՞տ ես գա­լիս մաքրուելու: Ո՞վ է տեսել, որ ճրագը լոյս տայ արեգակին, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս լու­սաւորուելու: Փոքրը օրհնութիւն է առնում մեծից: Դու Արարիչ ես, իսկ ես արարած, ես ինչ­պէ՞ս համար­ձակուեմ մկրտել Քեզ»: Նրան ասաց. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այս­պէս վայել է, որ մենք կատարենք Աստուծոյ ամէն արդարութիւն» [Մատթ. 3:15]: Ով մեծ էր, խոնարհուեց, որ­ մեզ բարձրացնի: Տէրը ծառայ եղաւ, որ մեզ նախկին տէրութիւնը տայ: Իջաւ երկնքից, որ մեզ երկինք բարձրացնի: Աստուծոյ ու բարձրեալ Հօր Որդին եղաւ մարդու Որդի, որ­ մեզ Աստուծոյ որդիներ դարձնի: Այսպէս եւ Սրբութիւնը մկրտուեց, որպէսզի մեզ սրբի բոլոր մեղքերից:

   Վեցերորդ - մարմ­նա­ւոր աչ­քով տեսաւ Երրորդութեան Անձերին. Որդուն՝ Յորդանան գետում, Հոգուն` աղաւնակերպ իջած, եւ Հօրը` բացուած երկնքում, Ով ի վե­­րուստ վկայեց. «Դա՛ է Իմ սի­րե­լի Որդին, Դրա՛ն լսե­­ցէք» [հմմտ. Մատթ. 3:17]:

   Այս շնորհներով Յովհաննէսը գերազանց գտնուեց իրենից առաջ եղող բոլոր սուրբերից, քանզի Մովսէսը թէպէտ տեսաւ Աստծուն, սակայն թիկունքից, իսկ սա տեսաւ դէմ յանդիման ու չմեռաւ: Եղիան տեսաւ մեղմ  օդի մէջ, սակայն մի Անձին, իսկ սա ար­ժանացաւ տես­­­­նելու Սուրբ Երրորդութեանը: Դաւիթը տեսաւ մտ­քի հիացմամբ, իսկ սա ե՛ւ մտքով, ե՛ւ զգա­յու­թեամբ: Սողոմոնը տեսաւ գիշերուայ մէջ՝ երազային տե­սիլ­­քով, իսկ սա` արթուն, իր աչ­քով տե­սաւ Սուրբ Հոգուն, ականջներով լսեց Հօր Ձայ­նը եւ ձեռքերով շօշափեց Կենաց Բանին, ինչ­պէս Աւետարանիչն է ասում. «Նա, Ով ի սկզբանէ էր, Ում մասին լսեցինք, Ում ականատես իսկ եղանք, եւ Ում մեր ձեռքերը շօշափեցին եւ Ով Հօր մօտ էր, յայտնուեց մեզ» [Ա Յովհ. 1:1]:

   Չորրորդ` կոչումների մասին:

   Գիտելի է, որ Սուրբ գիրքը նրան կոչում է տա­սը եղանակներով:

   Առաջին - Հայր Աստուած Մա­ղաքիայի միջոցով նրան հրեշտակ է կոչում՝ ասե­լով. «Կÿառաքեմ Իմ հրեշտակին», որովհետեւ, նախ` կուսութեամբ ու անապատում բնակուելով հրեշ­­տակի վարք ունէր եւ նաեւ` Տէր Աստուծոյ պատգամն էր խօ­սում, որը հրեշտակի գործ է:

   Երկ­րորդ - Եսային նրան կոչում է ա­նա­պատում Կան­­չողի ձայն, որովհետեւ նախ ձայնն է ըն­թանում, իսկ խօս­քը գալիս է նրա­ յետեւից, եւ ապա ձայնն անցնում է լսելիքի միջով, իսկ խօսքը մնում է սրտում: Այսպէս Յովհաննէսի մկրտու­թիւ­նն անցաւ, իսկ մեր Տիրոջ մկրտութիւնը մնաց Եկեղեցում:

   Երրորդ - Գաբրիէլ հրեշտա­կա­պետը Զա­քա­րիա­յին պատուիրեց նրան Յովհաննէս կո­չել: Մայրը եւս Հոգու ազդմամբ Յով­հան­նէս կո­չեց նրան, իսկ Հայրը վերցրեց տախտակն ու գրեց. «Դրա անունը Յովհան­նէս է»: Յովհաննէս նշա­նակում է «շնորհ», քանզի եղաւ նոր քարոզութեան շնորհների սկիզբը: Նաեւ Յովհաննէս նշանակում է «հնազանդութիւն», քանզի հնազանդ եղաւ Քրիստոսին, ինչպէս ասացինք վերեւում:

   Չոր­­­րորդ - Տէրը նրան «մարգարէ» կոչեց, ինչպէս որ գրուած է. «Ի՞նչ տեսնելու ե­լաք. մի մար­գա­րէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ, քան մի մար­գա­րէ» [Մատթ. 11:9], որովհետեւ մօր որովայնից ճանաչեց Նրան, երկրպագեց եւ մօր լեզուով օրհ­նաբանեց: Եւ նաեւ ասաց. «Ձեր մէջ կայ Մէկը, Որին դուք չէք ճանաչում, Նա՛ կը մկրտի ձեզ» [Յովհ. Ա 26]:

   Հինգերորդ - ինքն իրեն առա­քեալ է կո­չում` ասելով. «Ով ինձ առաքեց ջրով մկր­տե­լու» [Յովհ. Ա 33]: Աւետարանն էլ ասում է. «Կար մի մարդ` Աստծուց առաքուած» [Յովհ. 1:6], որով­հետեւ, նախ` սպասաւորեց Բա­նին եւ ապա` քա­րոզեց Նրա մասին, թէ՝ «Իմ յե­տե­ւից գալիս է Մէ­կը, Ով ինձ­նից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» [Յովհ. 1:30]:

   Վեցերորդ - Մատ­թէոսը նրան Մկրտիչ է կոչում՝ ասելով. «Այն օրերին գալիս է Յովհաննէս Մկրտիչը» [Մատթ. 3:1], որով­հե­տեւ, նախ` ժո­ղովրդին մկրտում էր ջրով ա­պաշ­խա­րութեան համար եւ նաեւ մկրտեց Քրիս­­տո­սին, Ով ամէնքի Սրբու­թիւնն է:

   Եօ­թե­րորդ - մկրտու­թեան եկողները նրան վարդապետ էին կոչում` ասելով. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք» [Ղուկ. 3:12], քանզի, նախ` ուսու­ցա­նում էր ճշմարտութիւ­նը եւ ապա` սաստում ու յան­դի­մա­նում էր անա­­չա­­ռու­­թեամբ, ինչպէս որ իժերի ծնունդներ կոչեց Հերովդէսին ու փա­րի­­սե­ցի­նե­րին:

   Ութերորդ - կոչւում է քահանայ, որովհետեւ, նախ` ղեւտացիների ցեղից էր ու քահանայապետի որ­դի, եւ նաեւ` մկրտու­թիւ­նը քահանայի գործ է, իսկ նա իրագործեց նոր քահանայութիւն, այլ ո՛չ թէ հին, քան­զի գրուած է` «Աստուծոյ Խօսքը լսելի եղաւ Յովհաննէսին անապատում, նրան շնորհեց քահա­նա­յութիւն եւ առաքեց մկրտութեան»:

   Ին­նե­րորդ - կոչ­ւում է Կարապետ՝ որպէս Քրիստոսի Գալստեան նախընթաց ու ա­ւե­տաւոր, քանզի, նախ` մարդկանց քարոզեց Քրիստոսի փրկագործութիւնը՝ ըստ այն խօսքի, թէ՝ «Եւ դո՛ւ, ո՛վ մա­նուկ, Բարձ­րեա­­լի մարգարէն պիտի կո­չուես՝ պատ­րաստելու Նրա ճանապարհները» [Ղուկ. 1:76]: եւ ապա` կարապետ ե­ղաւ դժոխքում եղող հոգիներին ու նրանց աւետարանեց Քրիստոսի Գա­լստեան մա­սին:

   Տասներորդ - կոչւում է վկայ՝ ըստ այն խօս­քի, թէ՝ «Վկայեց եւ ասաց, թէ ե՛ս չեմ Քրիստոսը» [Յովհ. 1:20]: Եւ ասենք, որ նա վկա­յեց երկու կեր­­պով. նախ` խոստովանեց լեզուով, ինչպէս որ ասում է. «Խոստովանեց առանց վարանելու» [Յովհ. 1:20], եւ դարձեալ ասում է. «Տե­սայ ու վկա­յեցի, թէ սա՛ է Աստուծոյ Որդին» [Յովհ. 1:34]: Երկրորդ` վկայեց արեամբ, քանզի գլ­խա­­տուեց Հերովդէսից եւ վկայ եղաւ Քրիստոսի չար­չա­րանքներին ու մա­հուան:

   Հինգերորդ` գովաբանութիւնների մասին:

   Առաջին - Բազում են Յովհաննէսի համար ասուած նախնիների գովաբանութիւնները. Մա­ղաքիան նրան հրեշ­­տակ կոչեց, Եսային` Կանչողի ձայն, եւ նմա­նա­­պէս` միւս­­ները: Երբ Յովհաննէսը բանտից իր աշա­կերտներին ուղարկեց Տիրոջ մօտ` հարց­նելու, թէ «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք» [Մատթ. 11:3], սա թերահաւատութեան նշան չէր, որովհետեւ դեռեւս մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին, մօր ձայնով Նրան Տէր դաւանեց, վկայեց, թէ «Սա է Աստուծոյ Գառը», Յորդանանում լսեց Հօր Ձայնն ու տեսաւ աղաւնակերպ իջնող Հոգուն, այլ հարցրեց երեք պատճառով. նախ` նա կամեցաւ իր աշակերտներին ուղարկել Քրիստոսի մօտ, որպէսզի տեսնեն Նրա սքանչելիքներն ու հաւատան: Երկրորդ` հարցրեց ժողովրդի համար, որպէսզի միայն Նրան պաշտէին, որովհետեւ վախեցաւ, որ իր մահից յետոյ իրեն կը պաշտեն: Եր­րորդ` հարցրեց մեռեալների հա­մար, քանզի ասաց. «Պատրաստւում եմ փո­խուել նրանց մօտ, եւ ինչպէս որ կարապետ եղայ ողջերին, նոյնպէս էլ ա­ւե­տիս պիտի տանեմ մե­ռեալ­­ներին: Դու շո՞ւտ ես գալու, թէ՞ յապաղելու ես»: Իսկ ժողովուրդը որպէսզի չընկնէր տարակուսանքի մէջ, Քրիստոս սկսեց փա­րա­տել նրանց կաս­կած­­ներն ու ասաց. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ, թէ՞ թագաւորների պալատներում ապրող փափուկ զգեստներով զարդարուած մարդ: Նա այդպիսինը չէ» [հմմտ. Մատթ. ԺԱ 89]: Եւ նրան սկսեց գովել երեք կեր­պով. նախ` ասաց, թէ մարգարէ է. «Մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ, քան մի մարգարէ» [Մատթ. 11:9]: Եւ այս խօսքը չորս տեսակ գովասանք է պարունակում. առաջինը` մարգարէ է ու ճշմարտախօս, երկրորդը` մարգարէ է, որովհե­տեւ վկայեց Իմ մասին՝ ասելով. «Ով գալիս է Ինձնից յետոյ, Ինձնից աւելի հզօր է» [Մատթ. Գ 11], երրորդ` առաւել է, քան մարգարէն, որովհետեւ ականատես եղաւ, որի համար էլ խօսեց, չորրորդ` նաեւ մարգարէներին քարոզեց Քրիստոսի Գալստեան մա­սին: Սա՝ առաջին գովաբանու­թիւ­նը:

   Երկրորդ - գովեց Յովհաննէսին եւ ճրագ կոչեց` ասելով. «Յովհաննէսն է ճրագը, որ վառուած էր ու լոյս էր տալիս» [Յովհ. Ե 35]: Եւ սա չորս պատճառով ասաց. նախ` ճրագը լուսաւորում է գիշերը, իսկ արեգակի ծագելուն պէս մարում է: Այսպէս էլ Յովհաննէսը. նախքան Քրիստոս լուսաւորում էր հրէաների խաւարած մտքերը, իսկ երբ Քրիստոս սկսեց քարոզել, նա լռեց: Երկրորդ` ճրագը ուրիշից ունի լոյսը, այսպէս էլ Յովհաննէսը` Քրիստոսից: Երրորդ` ճրագն անընդհատ չի լու­­սա­ւորում, այլ շուտով մարում է. այդպէս էր Յովհաննէսի քարոզչութիւնը: Չորրորդ` մի ճրա­գից վառւում են շատերը. նոյն­­պէս եւ Յով­հան­նէ­սի քարոզչութիւնից լուսաւորուեցին ու ապաշխա­րե­­ցին շա­տերը: Սա՝ Յովհաննէսի երկրորդ գովա­բա­­նութիւնը:

   Երրորդ - գովեց նրան խօսքով եւ ասաց. «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի եղել» [Մատթ. 11:11]: Սա ասաց` համեմատելով նախկին մարգարէների, հայրերի ու նահապետների հետ:

   Իսկ Եկեղեցու վարդապետներն անթիւ մե­ծու­թիւն­ներ են վերագրում նրան, ո­րոնք բոլորը մաս­­­նաւորաբար վերցնելով` հաւաքուեց թուով քա­ռասունը:

   Նախ. Յովհաննէսն աւետման որդի է, ըստ որում` Գաբրիէլի աւետիսով:

   Երկրորդ. աւե­տիսն ստացաւ տաճա­րում՝ քաւութեան մեծ տօնի օրը:

   Երրորդ. ստացաւ բազմամբոխ ժողովրդի մէջ, որովհետեւ ողջ Իսրայէլի ժողովուրդը հաւաքուել էր քաւութեան տօնի համար:

   Չորրորդ. աւետիս տալուց յետոյ հայրը համրացաւ:

   Հինգերորդ. Յով­հաննէս անունը դրուեց հրեշտակի կողմից, մայ­րը եւս նոյն անունով կոչեց, իսկ հայրը` Զաքարիան, տախտակի վրայ գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», որը նշանակում է «շնորհ» կամ «հնազանդու­թիւն», ինչպէս որ ասացինք:

   Վեցերորդ. սր­բուեց արգանդից, ինչպէս Երեմիան:

   Եօթերորդ. մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին:

   Ութե­րորդ. երբ նա ցնծաց, նրա մայրը եւս լցուեց Սուրբ Հոգով:

   Իններորդ. ծննդեան ժամանակ ար­ձա­կեց հօր լեզուն, որը մարգարէացաւ իր համար:

   Տաս­ներորդ. ամլածին եւ ծեր ծնողներից ծնուած զա­ւակ էր:

   Տասնմէկերորդ. քահանայապետի որ­դի էր:

   Տասներկուերորդ. պատռելով վէմն ու կն­քե­լով՝ փրկուեց Հերովդէսի ձեռքից:

   Տաս­նե­րե­քե­րորդ. բնակուեց անապատում:

   Տասնչորսերորդ. առանց յար­կի եւ ծածկոյթի էր:

   Տասնհինգերորդ. շր­­ջում էր առանց հանդերձների` մերկ եւ բոկոտն:

   Տասնվե­ցերորդ. առանց կերակրի էր. ուտում էր միայն մո­րեխ եւ վայ­րի մեղր:

   Տասնեօթերորդ. ան­­դադար աղօթում էր Աստծուն:

   Տասնութերորդ. ան­հանգիստ եւ տքնասէր էր:

   Տասնիններորդ. կոչուեց Աստուծոյ հրեշտակ:

   Քսաներորդ. կոչուեց Կան­չողի ձայն:

   Քսանմէկերորդ. խօսեց Հայր Աստուծոյ հետ. «Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա՛ ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» [Յովհ. 1:33]:

   Քսաներկուերորդ. առա­­քուեց՝ մկրտելու ջրով՝ ապաշխարու­թեան հա­մար:

   Քսաներեքերորդ. ստացաւ մարգարէութեան գերագոյն Հոգի, քանզի առաւել յայտնապէս ու պարզ խօ­սեց Քրիստոսի Գալստեան մասին, քան միւս մարգարէները:

   Քսանչորսերորդ. եղաւ Արդարութեան Արեգակի կարապետ:

   Քսանհին­գերորդ. ոչ թէ հեռաւոր, այլ մերձաւոր էր Քրիստոսին եւ եղաւ Նրա ականատեսը:

   Քսան­վե­ցե­րորդ. խօսակից եղաւ Քրիստոսին:

   Քսանեօթերորդ. մկրտեց Քրիստոսին:

   Քսանութերորդ. ինքն էլ մկրտուեց Քրիստոսի կողմից:

   Քսան­իններորդ. տեսաւ Երրորդութեան Անձերին:

   Երեսուներորդ. տեսաւ բացուած եր­կինքը, որ փակ էր Ադամի յանցանքի պատճառով:

   Երեսունմէկերորդ. վկայեց, թէ «Սա՛ է Աստուծոյ Գառը»:

   Երեսուներկուերորդ. քարոզում էր Աստուծոյ Արքայութեան մօտենալու մասին ու հաստատում Քրիստոսի մէջ:

   Երեսուներե­քե­րորդ. կանխատեսեց Սուրբ Հոգու հրակերպ էջքը` Վերնատուն:

   Երեսունչորսերորդ. վախեցնում էր անաչառ դատաստանով, թէ՝ «Կացինն ահա ծա­ռե­­րի արմատին է դրուած»:

   Երեսուն­հին­գե­րորդ. վկա­յում էր հրէաների արտաք­սուելը Աբրահամի որդեգրութիւնից:

   Երեսունվեցերորդ` յայտնեց հաւատի մի­ջոցով հեթանոսների որդեգրութիւնն Աբրահամին:

   Երեսունեօթերորդ. մարգարէների վերջն էր ու առաքեալների սկիզ­բը:

   Երեսունութե­­­րորդ. քարո­զեց եւ աւետարանեց նաեւ դժոխ­քում եղող հոգիներին:

   Երեսունիններորդ. եղաւ առա­ջին մարտիրոսն ու վկան` հեղելով իր արիւնը ճշմարտութեան համար:

   Քառասուներորդ (որն ամե­­նագլխաւորն ու ամենամեծն է). գովուեց ամենա­երանելի բերանից եւ վկայուեց, թէ` «Կանանցից ծնուած­նե­րից Յովհաննէս Մկրտչից աւելի մե­ծը չի՛ եղել» [Մատթ. 11:11]:

   Մեր Տէր Յիսո՛ւս Քրիստոս, կանանցից ծնուած­­ներից մեծի` Մկրտչի եւ Կարապետի մաղթանքներով ու խնդրանքներով ընդունի՛ր մեր աղաչանքնե­րը. ների՛ր մեր բոլոր յան­ցանք­ները եւ արժանացրու մեզ բաժնեկից լինել Քո սուրբերի երանաւէտ վիճակին: Քե՛զ Քո ամե­նա­­կալ Հօր ու Ճշմարիտ Ամենասուրբ Հոգու հետ փա՜ռք եւ գոհաբանութի՜ւն անլռելի արտաձայնութեամբ այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 5:
2. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ձմեռան հատոր, տպեալ յամի 1740 ի Պօլիս, գլուխ ԺԶ-էջ 93:
3. Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների, Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994: