ՍՈՒՐԲ ՎԼԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Որք հաղորդեցան չարչարանաց  Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.

 եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն.

սոցին աղաչանօք խնայեա՜ ի մեզ Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

   

   Քրիստոսի սքանչելագործ վկայ սուրբ Վլա­սիոս հայրապետը ծնուել է Գ դա­­րի վերջում Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում կամ էլ նրա սահմանամերձ շրջաններում: Ոմանք ասում են, թէ նրա ծնողները հեթանոսներ էին, ին­քը յետա­գայում է հաւատացել Քրիստոսին ու ջերմեռանդ եղել աստուածպաշտութեան մէջ, իսկ շատերն էլ անորոշաբար ասում են, թէ նա մանկուց մեծացել է աստուածպաշտութեամբ: Ասում են նաեւ, թէ նախկինում նա մասնագիտութեամբ բժիշկ է եղել, իսկ յետոյ Աստուած նրան Քրիստոսի անուամբ հրաշագործ է դարձրել, ինչպէս սուրբ Ղուկասին, Կոզմային եւ Դամիանոսին:

   Նա առաջադէմ գտնուեց իր առաքինի ու գովելի ընթացքով: Իր կեանքի բո­լոր օրերն ապրեց ինչ­պէս երկնաքաղաքացի եւ Յոբի նմանութեամբ եղաւ ար­դար այր, ճշմարիտ աստուածապաշտ ու հեռու բոլոր չար գործերից: Այդ պատ­­ճառով Սեբաստիայի եպիսկոպոսի մահից յետոյ Եկեղեցու միաբանութիւնը եւ ողջ ժողովուրդը, ճանաչելով նրա անբիծ վարքագիծն ու իմաստութիւնը, միաձայն հաւանութեամբ որոշեցին եպիսկոպոս ընտ­րել երանելի Վլասիոսին: Նա յանձն չառաւ եւ իրեն անարժան խոստովանեց այդ պատուին, սակայն տես­նելով բնակչութեան անտերունչ վիճակը ու բազմութեան պահանջը համարելով որպէս Աստուծոյ տնօրինութիւն՝ ակամայ հնազանդուեց եւ տե­ղի տուեց նրանց կամքին: Եւ այդպէս հաւաքուեցին բոլոր եպիսկոպոսները, քահանաներն ու Եկե­ղեցու ժառանգաւորները եւ նրան նստեցրին Սեբաստիա քաղաքի քահանայապետութեան Աթոռին:

   Ապա տիրապէս սկսեց խօսքերով եւ գործով հնչեցնել Ճշմարտութիւնը, սուրբ Աւետարանի Կեանքի խօսքերով լուսաւորել բոլորին ու շատերին կռապաշտութեան մոլորութիւնից դարձնել դէպի ճշմարիտ աստուածգիտութիւնը: Եւ ինչ­պէս որ նախքան եպիսկոպոսութիւնը զօրացնում էր Դիոկղետիանոսի կողմից հալածուող քաջ նահատակներին ու բոլորին յորդորում հաստատուն մնալ ճշմարիտ հաւատի մէջ, նոյնը եւ աւելին անում էր եպիսկոպոսութիւնից յետոյ: Ըստ աւանդութեան՝ երբ Եւստրաթէոսեան հինգ քաջ նահատակները Քրիստոսի անուան համար մատնուեցին բանտերի եւ կապանքների, ինքը՝ երանելի Վլասիոս սուրբ հայրապետը, սկսեց յաճախ այցելել նրանց, բաշխել Տիրոջ Մարմնի ու Արեան կենարար Խորհուրդը եւ քաջա­լե­րել ու յորդորել Արարչի սիրոյ համար աներկիւղ յարատեւել բո­լոր նեղութիւնների մէջ: Այդ ժամանակ սուրբ Եւստրաթէոսը գրութեամբ նրան է յանձնում իր տան գործերի կտակը, որը կարելի է տեսնել հին նկարերում, ուր հինգ վկաների հետ սուրբ Եւստրաթէոսի կողքին պատկերուած է սուրբ Վլասիոսը, ո­վ նրա ձեռքից վերցնում է կտակի թուղթը:

   Թւում էր, թէ Կոստանդիանոսի թա­գա­ւո­րե­լու ժամանակ արդէն մարում էր հալածանքների հրդեհը, սակայն վերստին հուր բորբոքուեց անօրէն Լիկիանոսի երեսից, ով Կոստանդիանոսի քրոջորդին էր: Սա Տիրոջ 308 թուականին Արեւելքում կայսր դարձաւ: Մի այր էր՝ մոլորուած կռապաշտութեան մէջ, որի համար քրիստոնեաների դէմ սոսկալի հալածանքներ սկսեց: Եւ քանի որ լսել էր, թէ Սեբաստիայի կողմերում ծաղկում է աստուածպաշտութիւնը, իսկ Փոքր Հայքում ու Կապադովկիայում օրէցօր մեծ թիւ են կազմում հաւատացեալները, որոշեց այդ շրջաններից իսպառ վերացնել քրիստոնէութեան անունը: Այս անօրէն գործն իրականացնելու համար ընտրեց ազգութեամբ յոյն, չարիքներ գործելուց հիւծուած, անսանձ եւ յանդուգն Ագրիկողայոսին, ում դատաւոր ու իշխան կարգեց Սեբաստիայում եւ նրա մերձակայքում ու նրան օգնական տուեց ոմն Լիւսիաս անունով դիւակերպ մէկին՝ որպէս այդ տարածքի վերակացու եւ տեսուչ:

   Երբ Սեբաստիայի հաւատացեալները լսեցին Ագրիկողայոսի՝ ահազդու սպառնալիքներով գալստեան մասին, նրանցից շատերը ցրուեցին, շատերն էլ թաքնուեցին անյայտ վայրերում: Նրանց հետ երանելի Վլա­սիոս եպիսկոպոսը եւս հաւատացեալների ստիպելով որո­շեց միառժամանակ ծածկուած մնալ: Եւ յիշելով աւետարանական «քաղաքից քաղաք հալածուած լինել» խօսքը եւ յատկապէս ունենալով Փրկչի՝ Եփ­րայիմի անապատ խոյս տալու օրինակը՝ ելաւ Սեբաստիայից ու գնաց բնակուելու Արգիասէս լեռան վրայ գտնուող մի այրում, ուր չէր երեւում որե­ւէ մարդու հետք, այլ տարածքում շրջում էին միայն գազաններ եւ անասուններ: Այնտեղ առանձնութեան մէջ սկսեց հանդարտել ու խստակրօնութեամբ տրուել աղօթքնե­րի, յարատեւ պահեցողութեան եւ տքնութիւնների: Վայրի անասունները, ընտելանալով նրան, հաւաքւում էին նրա մօտ ու ասես թէ օրհնութիւն խնդրում Աստուծոյ ծառայից, իսկ սուրբը, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնում էր նրանց: Երբ նրանցից մէկը տկարանում էր, գալիս էր սուրբի մօտ եւ ինչ­պէս բանական մէկը՝ նշանացի հասկացնելով ցոյց էր տալիս իր ցաւող տեղն ու չէր հեռանում այդտեղից, մինչեւ չէր շարժում երանելու գութը՝ իրեն ողորմութիւն անելու համար: Սուրբն էլ իր ձեռքը դնում էր նրա վրայ եւ Քրիստոսի անուամբ առողջացնում նրան:

   Այդ օրերին Ագրիկողայոսի սպասաւորներից ոմանք դուրս եկան որսի: Այս ու այն կողմ շրջելով՝ նրանցից մի քանիսը հասան այն լեռանը, ուր թաք­նուած էր Վլասիոսը, եւ տեսնելով նրա այրի առ­ջեւ հաւաքուած վայրի գազաններին՝ ըն­կան նրանց յետեւից: Երբ որսորդների ահից կենդանիները ցրուեցին, նրանք տեսան սուրբ եպիս­կո­պո­սին աղօթելիս: Քաղաք դառնալուն պէս այս մասին տեղեկացրին դատա­ւո­րին, ով հրաման տուեց, որ իբր որս անելու նպատակով որսորդների հետ որոնողներ գնան դէպի լեռներն ու ամայի վայրերը եւ որտեղ թաքնուած քրիստոնեաներ գտնեն, բե­րեն իր մօտ:

   Որոնողները եկան ու գտան Վլասիոսին աղօ­թե­լիս: Նրան ասացին. «Պատրաս­տուի՛ր գալ մեզ հետ, դատաւորը կանչում է քեզ»: Սուրբն ուրախանալով, զուարթ սրտով եւ հեզութեամբ պա­տասխանեց. «Հիմա, որդեակնե՛ր, ան­յապաղ գնանք միասին, քանզի այս գիշեր Տէրը երեք ան­գամ երեւաց ինձ ու ասաց. «Վե՛ր կաց եւ պա­տա­րագ մատուցիր Ինձ՝ ըստ քո քահանա­յա­պե­տու­թեան կարգի»:

   Նրանք ճանապարհ ընկան ու երբ տեղ-տեղ հան­գս­տանում էին, երանելի հայ­րապետը հոգելից վար­դապետութեամբ խօսում էր հեթանոսնե՝ թէ՛ մեծերի եւ թէ՛ փոքրերի հետ: Նա լուսաւորեց շա­տերի միտքը, ցոյց տուեց ճշմարիտ աստուածպաշտութեան ճանապարհն ու տեսակ-տեսակ հրաշագործութիւն­ներով հաստատեց նրանց հաւատի մէջ: Այդպէս նրա համբաւը տարածուեց բոլոր այն վայրերում, որտեղով անցնում էր: Աւա­ն­նե­րից եւ գիւղերից նրա մօտ էին բերում շատ հի­ւանդներ ու ցաւագարներ, իսկ նա, ձեռքը դնե­­լով նրանց վրայ, առողջացած արձակում էր իրենց տները: Ոչ միայն մարդ­կանց, այլեւ անասուններին էր բժշկում, որից յոյժ զարմանում էին դատաւորի սպասաւորները եւ սկսում ակնածել նրանից:

   Մի կին մինուճար որդի ունէր: Պատահեց, որ այդ մանուկը ձուկ ուտելիս կուլ տուեց փուշը, որը, կանգ առնելով շնչափողում, խեղդեց երե­խա­յին, ու նա չէր կարողանում խօսել: Իսկ մանկան մայ­րը, լսած լինելով սուրբի մասին, գիրկն առաւ որդուն եւ շտապեց գտնել Աստուծոյ մար­դուն: Մօտեցաւ նրան, մանկանը դրեց նրա ոտքերի առջեւ, աղաղակեց արտասուքներով ու ասաց. «Ողորմի՜ր իմ որդուն, Յիսուս Քրիստոսի ծառա՛յ, քան­զի նա իմ մինուճար զաւակն է»: Այնժամ սուրբն իր ձեռքը դրեց մանկան շնչափողին, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Տէ՜ր, Դու, որ Բժիշկ ես նրանց համար, ովքեր ճշմար­­տապէս կան­չում են Քեզ, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները ու Քո անտեսա­­նելի զօրութեամբ այս երեխայից հե­ռաց­րու վնասակար փուշը: Եւ սրանից յե­տոյ եթէ որե­ւէ մէկի հետ նման բան լինի ու յիշատակի Քո ծա­ռայի անունը, յա­նուն Քո մեծ անուան փառքի՝ բժ­շ­կու­թիւն պարգեւիր նրան»: Երբ վերջացրեց աղօթ­քը, սուրբն առողջացած մանկանը յանձնեց մօրը:

   Երբ մտաւ մի այլ գիւղ, որն ըստ ոմանց կոչում են Նիկոպոլիս, սուրբ Վլասին մօտեցաւ մի աղ­քատ եւ այրի կին, ով ոչինչ չունէր, բացի մի փոքր խոզից, որին պահ առաջ յափշտակել էր գայ­լը: Նա արտասուքներով աղաչում էր եպիսկոպո­սին՝ փրկել անասունին գայլի երախից, իսկ սուր­բը ժպտալով ասաց նրան. «Մի՛ տրտմիր, ո՛վ կին, քո անասունը քեզ կը հասնի», ու այս ասելով՝ սաստեց գազանին, որը չէր երեւում աչքի առաջ: Երբ կինը շրջուեց, տեսաւ, որ գայլն իրեն ընդ­առաջ է գալիս՝ անվնաս բերելով իր անա­սու­նին, որին թողեց կնոջ մօտ եւ հեռացաւ իր տեղը:

   Արդ, երբ սուրբ Վլասիոսը մտաւ Սեբաստիա, Ագրիկողայոսը հրամայեց բանտարկել նրան ու յաջորդ օրն ատեան նստելով՝ հրամայեց իր առջեւ բերել եպիսկոպոսին: Դատաւորը նախ սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ եւ ասել. «Տեսնում եմ քեզ ողջ ու առողջ, աստուածների բարեկամ Վլա՛սիոս, ուրա՛խ եղիր»: Երանելին պատասխանեց. «Ուրա՛խ եղիր եւ դու, հզ՛օր դատաւոր, սակայն դու նրանց աստուածներ մի՛ կոչիր, որովհետեւ նրանք դեւեր են եւ ո՛չ աստուածներ, որոնք իրենց պաշտօնեաներով հանդերձ պիտի մատնուեն յաւիտենական հրին»: Դատաւորը, բարկանալով նրա համարձակ խօսքերից, հրամայեց դալար ճիպոտներով հարուածել նրան, որպէսզի սթափուի իր անմտութիւնից ու սովորի անարգելու փոխարէն մեծարել աստուածներին: Երկար ժամեր բաւական գանահարուելուց յետոյ սուրբն առաւել համարձակ ասաց բռնաւորին. «Ո՛վ լիրբ եւ անպատկառ կուռքերի պաշտօնեայ, եթէ կարծում ես, թէ տանջանքների մատնելով կարող ես ինձ յետ դարձնել ճշմարիտ Աստծուն դաւանելուց, չես կարող, որովհետեւ ես հաւատում եմ  Յիսուս Քրիստոսին, կենդանի Աստուծոյ Որդուն, Ով ինձ զօրութիւն է տալիս»: Այնժամ դատաւորը հրամայեց  նրան բանտ նետել:

   Երեք օր անց, երբ դատաւորը դարձեալ ատեան նս­տեց, իր առջեւ բերել տուեց Աստուծոյ սուրբին եւ ասաց. «Վլասիէ՛, եթէ չզոհես աստուածներին, կը կոր­չե՛ս չարաչար մահուամբ»: Վլասիոսը պատասխանեց. «Թող կորչե՛ն քո աստուածները, որոնք չեն արա­­րել երկինքն ու երկիրը, իսկ մահը, որով ինձ սպառ­­նում ես, ինձ առիթ կը լինի մտնել յաւի­տե­նական Կեանք»: Բռնաւորը, տեսնելով նրա անսասան հաւատը, հրամայեց երանելուն կախել փայտից եւ երկաթէ քերիչ­ներով անխնայ քերել նրա մարմինը: Գետի պէս սկսեցին հոսել նրա արեան վտակ­ները ու ներկել գետինը, սակայն նա իր տանջանքերի մէջ նոյն խօսքերն էր կրկնում եւ ասում դատաւորին. «Դու հարուածներ ես հասցնում ինձ, սակայն ինձ հետ է իմ Զօրացուցի­չը՝ Քրիստոս: Ես յուսալով սպասում եմ անանց Բարիքներին, որոնք Նա պատրաստել է Իր սիրե­լի­ների համար»:

   Դատաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից ու տանել բանտ: Եւ մինչ տա­նում էին սուրբին, ով ոտքից մինչեւ գլուխ շաղախուած էր արեամբ, Աստծուց երկիւղած եօթ կանայք գնում էին նրա յետեւից ու իրենց օծում սուր­բից հե­ղուած արեամբ: Այս տեսնելով՝ դահիճները նրանց բե­րեցին դատաւո­րի առջեւ եւ ասացին. «Ո՛վ դատաւոր, ահա սրանք եւս քրիստոնեաներ են», ու պատ­­մեցին, ինչ որ նրանք արել էին: Դատաւորն ասաց նրանց. «Հնազանդուէ՛ք աստուածներին եւ նրանց զոհեր մատուցէ՛ք»: Կանայք խաբէութեամբ ասացին. «Եթէ կամենում ես, որ զոհենք քո աստուածներին, հրամայիր նրանց բե­րել ծովափ, որպէսզի այնտեղ լուանալով մեր երեսները՝ պատրաստ լի­նենք կատարելու քո հրամանը»: Յոյժ ուրախացաւ բռնաւորը ու կարծեց, թէ նրանք կը խոստանան կատարել իր կամքը: Իսկ կանայք, վերցնելով գարշելի կուռքերին, նետեցին ծովը:

   Երբ այս լուրը հասաւ բռնաւորին, նա այն­քան բարկացաւ, որ սրտմտութիւնից փո­խեց երեսի գոյնը: Կրճտացրեց իր ատամները եւ մեղ­քը գցելով զինուորների վրայ՝ ասաց. «Ինչո՞ւ նրանց թոյլ տուեցիք աստուածներին ծովը նետել»: Զինուոր­ները պատասխանեցին. «Ինչպէս որ քեզ հետ խօսեցին նենգութեամբ, նոյն պատրանք­նե­րով մեզ մոլորեցրին, քանզի մինչ կարծում էինք, թէ նրանք մօտենում են, որ սի­րով երկրպագեն, սա­կայն վերցնելով կուռքերին՝ խորտակեցին ծո­վում»:

   Երանելի կանանց բերեցին բարկացած դատաւորի առջեւ, եւ երբ սաստիկ նախատուեցին իրենց արարքի համար, նրանք ասացին. «Այն աստուածը, որը պահպանութեան համար գտնւում է զօրականների հսկողութեան տակ, նա աստուած չէ, քանզի Աստուած ան­վնա­սե­լի է ու անչարչարելի: Իսկ նրանք, որոնց դուք աստուածներ էք կոչում, մարդկանց ձեռքի գործեր են՝ քանդակուած փայտից, ոս­կուց, քարից, պղնձից, զուրկ մտքից ու զօրութիւնից եւ նման նրանց, ովքեր արարեցին իրենց: Եւ արդ, տեսէ՛ք ձեր աստուածների անզօրութիւնը, ար­դեօք կարո՞ղ են նրանք ելնել ծովի խորքերից»:

   Դատաւորը մոլեգնելով հրամայեց կապար հա­լեց­նել ու լցնել մեծ կաթսայի մէջ: Կաթսայի մի կող­մում հրամայեց դնել սուսեր, երկաթէ ճանկեր եւ տանջանքի այլ գործիքներ, իսկ միւս կողմում՝ փափուկ կտաւներ, կանացի զար­դեր, ոսկեղէն ու արծաթեղէն: Ապա ասաց կանանց. «Ձեզ համար ընտրէ՛ք այս երկուսից մէկը. կա՛մ երկրպագէք աստուածներին եւ փրկէք ձեր ան­ձերը` այս­պիսի փափուկ կտաւներով ու զարդեղէնով, կա՛մ էլ այժմ պիտի այրուէք՝ նախապէս ըն­դունելով ձեզ համար պատրաստուած այս տանջանքներով խոշտանգումները»: Սուրբ կանայք ընտրեցին տանջանքները, նրան­ցից մէկն էլ թքեց զարդեղէնի վրայ, իսկ կտաւները գցեց հնոցի հրի մէջ: Սրա երկու երեխաները եկել էին իրենց մօր յե­տեւից եւ տեսնելով տանջանք­ներով նահատա­կու­թեան պատրաստուող իրենց մօրը՝ սկսեցին աղաչել ու ասել նրան. «Մեզ էլ վերցրու քեզ հետ եւ մի՛ թող, որ կորչենք այստեղ: Եւ ինչպէս որ սնե­ցիր եւ յագեցրիր մեզ քո քաղցր կաթով, այժմ էլ յագեցրու մեզ Աստուծոյ Արքայութեամբ»:

   Այս լսելով՝ դատաւորը, սաստիկ բար­կա­ցաւ եւ հրամայեց տղաներին հեռացնել մօրից: Հրամայեց նրանց բանտ տանել, ուր գտնւում էր Վլասիոսը, իսկ դահիճներին հրամայեց կանանց շտապ կա­խա­ղան հա­նել ու քերել մարմինները: Եւ հրաշք եղաւ. նրանց մարմին­ները դար­ձան ձիւ­նից առաւել սպիտակ ու նրանցից սաս­տիկ լոյս փայլատակեց, որը կուրացրեց նրանց նայող զինուորների աչքերը: Անգամ նրանց արիւնն էր երեւում սպիտակ կաթի նման: Այն­ժամ երկնքից մի հրեշտակ իջաւ, բժշկեց նրանց բոլոր վէրքերը եւ ասաց. «Մի՛ երկնչէք, քանզի երբ բարի մշակն սկսում է հնձել, ոչ թէ սկզբից է առնում վարձքը, այլ երբ կա­տա­րում է իր գործը՝ ըստ տիրոջ կամքի, ով իրեն կանչեց հունձ անելու: Այնժամ լի օրհնութեամբ ստա­նում է իր ամբողջ վարձքը եւ ուրախութեամբ գնում իր տուն: Այսպէս եւ դուք, որ սկսեցիք քաջութեամբ, համբերէ՛ք մին­չեւ մրցութեան վերջը, որպէսզի ամէնքի Փրկչից ըն­դու­նէք յաւիտենական Կեանքը»:

   Ապա դատաւորը հրամայեց երանելի կանանց գցել բորբոքուած հնոցի մէջ, սակայն մտնելուն պէս անմիջապէս հուրը մարեց, եւ նրանք անվնաս դուրս եկան հնոցից: Այս բանից յիմարացած դատաւորն ասաց. «Թողէ՛ք ձեր այդ կախարդութիւնը եւ մօ­տե­ցէ՛ք զոհելու աստուածներին»: Իսկ սուրբ կա­նայք միաբան ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Թագաւոր` Յիսո՛ւս Քրիս­­տոս, որ հրաւիրեցիր մեզ գալ Քո Արքայութեան ճանապարհով»: Ապա դառ­նա­­լով դատաւորին՝ ասացին. «Շտապի՛ր կատարել, ինչ որ մտադիր ես, քանզի մենք երկնքի Արքա­յու­թեան հրաւէրն ունենք»: Այնժամ բռնաւորը զայրանալով հրամայեց սրով վերջ տալ նրանց:

   Դահիճները նրանց տարան նահա­տա­կութեան վայրը: Սուրբերը խնդրեցին նրանց թոյլ տալ փոքր-ինչ աղօթել: Ապա ծունկի իջան ու ասա­ցին. «Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, Ով դուրս բերեց մեզ խաւարից եւ կանչեց Իր փառքի լոյսի մէջ: Աղաչում ենք Քեզ, ո՜վ Աստուա՛ծ, համադասիր մեզ Քո առաջին վկայ սուրբ Թեկղիի հետ ու ընդունի՛ր Քո սուրբ քահանայապետի եւ վկայի՝ Վլասի աղօթքները, ով առաջ­նորդեց մեզ դէպի այս նահատակութիւնը»: Ու դարձեալ տարածելով իրենց ձեռքերը՝ աչքերը երկինք բարձրացրին եւ ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Քրիստոս Աստուած, որ մեզ արժանացրիր կանգ­նել զոհասեղանին` իբրեւ մորթուելու տա­րուող ոչխարներ: Եւ արդ, Քո սուրբ Սեղանի վրայ ընդունիր մեր հոգիները` իբրեւ պատարագ»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ դա­հիճները սրով կտրեցին երանելիների գլուխ­նե­րը, ովքեր յօժարակամ մատնեցին իրենց անձերը Քրիստոսի սիրոյ եւ ունեցած յոյսի համար:

   Իսկ դատաւորն օրուայ երրորդ ժամին նստեց ատեան ու հրամայեց բանտից Վլասին իր առջեւ բե­րել: Երբ Վլասը կանգնեց ատեանի առջեւ, դատաւորն սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Վլասիէ՛, այժմ կը զոհե՞ս կուռքերին»: Սուր­բը պատասխա­նեց. «Ո՞վ է այն մարդը, ով Աստծուն որպէս ճշմարիտ Արարիչ ճանաչելուց յետոյ, կÿերկրպագի ան­շունչ կուռքերին: Դու, որ խարխափում ես խաւարում, երկրպագում ես քարերին ու փայտին, իսկ ես՝ երկնքի եւ երկրի Արարչին: Եւ այս էլ իմացիր, ես չեմ վախենում քո սպառնալիքներից, տան­­ջի՛ր ինձ, ինչպէս կամենում ես, որովհետեւ դու միայն մարմինս կարող ես տան­ջել, իսկ հոգուս վրայ իշխանութիւն ունի միայն Արարիչը»: Դատաւորն ասաց. «Ա՛յ թշուա­ռա­կան, եթէ քեզ գցեմ ծո­վի խորքերը, քեզ ինչպէ՞ս կը փրկի Նա, Ում դու երկրպագում եւ պաշտում ես»: Հայհոյիչի այս արհամարհական խօս­քե­րից սուրբ եպիս­կո­պո­սը, վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ, պատասխանեց խստագոյն խօսքերով ու ասաց. «Ո՛վ անմիտ, եթէ դու կար­ծում ես, թէ երկրպագելով գարշելի կուռքերին` կարող ես փր­կուել, ապա վա՛յ քեզ, երի՛ցս թշուառական եւ արիւնարբու գազան, դու յաւի­տե­նա­կան հուրն ես ժառանգելու: Իսկ այժմ ջրերի վրայ ես քեզ ցոյց կը տամ իմ Տի­րոջ զօրութիւնը, Ում պաշ­տում եմ»: Այնժամ իշխանը հրամայեց նրա պարանոցից քար կապել ու ընկղմել ծովի մէջ (որը Սեբաստիայի լիճն է): Նա, ա­ռաջ գնալով, Խա­չի նշանով կնքեց ջուրը, եւ ահա այն փոխեց իր լոյծ բնու­թիւ­նը, կարծրա­ցաւ, եւ սուրբը քայլեց ծովի՝ ինչպէս ցամաքի վրայով: Ապա դառ­նա­լով դահիճներին եւ հեթանոսների բազմութեանը՝ ասաց. «Եթէ դուք աստուածներ ունէք, ապա եկէք այստեղ ու ցոյց տուէք նրանց զօրութիւնը»: Այս խօսքերի վրայ նրանք համարձակ մտան ծո­վը, սակայն վաթ­սունութ մարդ ընկղմուեց ծովի խորքերում: Այնժամ Աստուծոյ հրեշտակն իջաւ սուրբի մօտ եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, Աստուծո՛յ քահանայապետ, ելի՛ր այս երկրից, ե՛կ եւ ընդունի՛ր Աստծուց քեզ համար պատրաս­տուած պսա­կը»: Սուր­բը, քայլելով ծովի վրայով, դուրս եկաւ ցամաք, եւ ողջ ժո­ղո­­վուր­դը տեսաւ, որ լոյս էր ճառագում նրա երեսից, ու սքանչելի տեսք ունէր: Բայց բռնաւոր Ագրիկողայոսը, սուրբի բոլոր գոր­ծերը կախարդութիւն հա­­մա­րե­լով, ասաց նրան. «Ինչո՞ւ ես այդքան յամառում: Մեռնելն աստուած­ներին զոհաբերելուց լա՞ւ ես համարում»: Սուրբն ասաց. «Իմա­ցի՛ր, ո՛վ դատաւոր, որ ես Սուրբ Աստուծոյ ծա­ռան եմ եւ գարշելի կուռքերին չեմ զո­հի»: Դատաւորը բարկացաւ ու անմիջապէս գլխատ­ման այսպիսի մահավճիռ ար­ձակեց. «Վլասիոսը, ով արհամարհեց ինքնակալ թագաւորի հրամանը եւ ա­ն­արգեց աստուածներին, մահապարտ է: Հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը եւ այս վճիռը տարածել նաեւ այն եր­կու մանուկների վրայ, ովքեր մոլորուեցին՝ հետեւելով նրա մոգութեանը»:

   Նրանց տարան նահատակութեան վայրը: Մինչ դահիճը պատրաստում էր իր սուրը, սուրբ հայ­րապետն սկսեց աղօթել՝ ասելով. «Գոհանում եմ Քեզանից, Տէ՜ր Աստուած իմ, Դու փրկեցիր ինձ կռա­պաշտութիւնից ու բերեցիր խաւարից դէ­պի լոյս, անգիտութիւնից դէ­պի ճշմարիտ գի­տու­թեան: Զօրութիւնների Տէր, որ նստում ես քե­րով­բէների վրայ եւ բացում երկնքի սահանք­նե­րը, որ ձգե­ցիր Քո աղեղը ամպերի մէջ, պարտութեան մատնեցիր սատանային ու ոչնչացրիր վիշա­պի զօրու­թիւ­նը, լսի՛ր ծառայիդ աղաչանքները եւ օգնու­թեան հասիր Քո հա­ւատացեալների հոգու ու մարմ­­նի բոլոր կարիքներին: Եւ եթէ մէկը պատահմամբ կուլ տայ փուշ կամ ոսկոր կամ նման ինչ-որ նեղութեան հան­դիպի, ու եթէ Քո աստուածութեան առջեւ կանչեն իմ անունը, կա­տարի՛ր նրանց իւրաքանչիւր խնդրանքը»:

   Աղօ­թե­լուց յետոյ երկնքից ամպ իջաւ եւ ծած­կեց նրան: Ամպի միջից Փրկիչը խօսեց նրա հետ ու ասաց. «Իմ քա՛ջ նահատակ, կը կատարե՛մ քո բո­լոր խնդրանքները եւ աւելին կÿանեմ: Յա­նուն Ինձ քո բարի նահատակութեան՝ կÿօրհ­­նեմ բոլոր նրանց տները, ովքեր կը կատա­րեն քո յիշատակը, ու նրանց շտեմարանները բարիքներով կը լցնեմ: Իսկ դու ե՛կ եւ հանգստա­ցի՛ր անճառելի փառքի մէջ, որ քեզ համար պատրաստեցիր քո ճգնութիւններով»: Այս ասելով՝ Փրկիչը երկինք վերացաւ:

   Իսկ դահիճները քաղաքից դուրս՝ պարիսպնե­րի մօտ, գլխատեցին սուրբ Վլա­սիոսին ու երկու մա­նուկներին: Եւ մի բարեպաշտ կին, ում անունը Եղիսեա էր, վերցրեց նրանց նշխարներն ու ամփո­փեց նրանց նահատակութեան վայրում: Այդ տեղը նշա­նա­ւոր դարձաւ` սուրբ Վլասի բարեխօսու­թեամբ կատարուած բազում հրաշքների եւ բժշկու­թիւնների պատճառով: Նրա նահատակու­թիւնը եղաւ Լիկիանոսի թագաւորութեան օրօք՝ Տիրոջ 315 թուականի փետրուարի 10-ին կամ 11-ին:

   Սուրբի անունը փառաւորուեց ողջ աշխարհի բոլոր քրիստոնէական եկեղեցիներում: Բոլոր տե­ղե­րում նրա անուամբ կառուցուեցին շատ եկեղեցիներ՝ նախ Սեբաստիայում, ապա Ասիայի այլ քաղաքներում:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 70: