ՍՈՒՐԲ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ, ԵՂԻԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՅԻ, ՇՄԱՒՈՆԻ ԵՒ ՆՐԱ ԵՕԹ ՈՐԴԻՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

   «Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս

ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:

Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի

 պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:

Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն.

քանզի երկրաւոր զինուորաց բազմութիւնքն

 ընծայեցան ի խորան սրբութեան երկնից»:

(Շարակնոց)

   

   Մակաբայեցիները Հին օրէնքի պանծալի վկաներն էին եւ գերազանցում էին Նոր օրէնքից շա­տե­րին: Նրանց վարքն ու պատմութիւնը մեզ է հա­­սել Սուրբ Գրքի Մակաբայեցիների՝ քաջ Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների մասին աւանդութիւնից: Նրանցից անդրանիկը Յովսեփէոսն էր, երկրորդը՝ Աբերը, երրորդը՝ Մախիրին, չորրորդը՝ Յուդասը, հինգերորդը՝ Աքասը, վեցերորդը՝ Արէթն ու եօթերորդը՝ Յակոբը: Նրանց նաեւ այլ անուններ են ընծա­յում, սակայն ստոյգն անյայտ է, եւ միայն նրանց մօրն են միաբերան կոչում Շամունէ կամ Սաղոմոնիս:

   Նրանց յիշատակի հետ է նշւում Եղիազար քահանայի տօ­նը: Ոմանք նրան համարում են Շամունէի եօթ որ­դիների դաստիարակը եւ կարծում են, որ բոլորն էլ նահատակուել են Երուսաղէմում, բայց առաւել ստոյգ է, որ նրանք նա­հա­տակուել են Անտիոքում: Այժմ ըստ Սուրբ Գրքի աւանդութեան՝ պատմենք նրանց վկայական նահատակութեան մասին:

   Ասորեստանի Անտիոքոս անօրէն արքան Ան­տիո­քոս Մեծի որդին էր: Նա մի սի­գապանծ ու խրոխտ, ժանտ ու գազանաբարոյ այր էր, որն իշխանութեան աթոռին նստեց Ք. ա. 170 թուա­կա­նին: Երբ զօրացաւ իր թագաւորութեան մէջ ու պա­տերազմով յաղթեց Եգիպտոսի Պտղոմէոս ար­քա­­յին, եկաւ հասաւ Երուսաղէմ եւ կողոպտեց Երու­­սաղէմի տաճարը: Մեծամեծ չարիքներ գոր­ծեց, մեծ կո­­տորած արեց ու սոսկալի սուգի մէջ գցեց ողջ եբրայական ազգին, իսկ ինքը մեծ աւա­րով եւ գերութեամբ վերադարձաւ Ասորեստանի արքայանիստ Անտիոք քաղա­քը:

   Երկու տարի անց Անտիոքոսը մեծ զօրքով մի հար­­­կահաւաք իշխան ուղարկեց Հրէաստան, ով դարձեալ աւերեց Երուսաղէմը, աւար վերցրեց ու հեթանոսների բնակութեան համար հրամայեց այնտեղ ներ­ք­նա­­բերդ կառուցել: Բա­զում չա­րիքներ գոր­ծե­ցին, տաճարում արգելեցին եբրայեցիների պաշտամունքները, որի պատճառով շատերը խոյս տուե­ցին դէպի անապատ եւ անշէն վայրեր: Այդ թւում էր նաեւ մակաբայեցիների հայրը՝ Մատա­թիա քահանան, իսկ վեհերոտներն ու երկչոտները գնացին հեթանոսների յետեւից եւ դարձան­ կռապաշտներ:

   Տեղեկանալով այս մասին՝ Անտիոքոսը խիստ հրաման արձակեց, որ իր տէրութեան մէջ գտ­նուող բոլոր հրէաները եւ առհասարակ բոլորը թող­­նեն իրենց հայրենի օրէնքները ու դառնան հե­­թանոսութեանը: Հրամայեց կուռքերի արձաններ կանգ­նեց­նել ինչպէս քաղաքներում, այնպէս էլ Աստուծոյ տաճա­րում՝ Սրբութեան Սեղանի վրայ: Այդ տարին սաս­­­տիկ հալածանքների տարի էր բոլոր եբրայեցիների համար, այդ թւում նաեւ սուրբ Մակաբայեցիների համար, որոնց նահատակութիւնը եղաւ ըստ այս աւանդութեան:

   Այդ ժամանակներից ի վեր, երբ Աստուծոյ Տան մէջ սկսեցին կատարուել հեթանոսական պաշ­տա­­մունքները, անտիոքացի Աթենեբիոս անունով մի չարագործ այր Երուսաղէմ քաղաքը լցրեց ամէն տեսակ պղծութիւններով: Նա արքունի հրա­մա­նով մահուան էր մատնում բոլոր նրանց, ովքեր յանձն չէին առնում թող­նել մովսիսական օրէնքը, ու նրանց կապանքներով ուղարկում էր թագաւո­րի մօտ:

   Այդ շրջանում թագաւորի ծննդեան օրը, երբ ժողովուրդը հոծ բազմութեամբ զոհաբերութիւններ էր մատուցում կուռքերին, եւ բո­լո­րին ստիպում էին զոհաբերել կամ ճաշակել, բռնե­ցին Եղիազար քահանային, ով իննսուն­ամեայ մի ծե­րունի էր՝ իմաստուն խորհուրդներով, երեւելի պատուով, զարդարուած բարեպաշտ վարքով, օրէնս­­գէտ ու օրինապահ: Արդ, երբ ա­ն­օրէններն սկսե­ցին այդ պատկառելի ծերունուն ուրանալ տալ հրէութիւ­նը եւ ըստ թագաւորի հրամանի՝ ստիպե­ցին զո­հել կուռքերին, նա անսասան հոգով ու ամուր սրտով յանձն առաւ մեռ­նե­լ քաջի անունով, քան թէ ապրել խղճի խայթով ու գայթակղեցնել իւրա­յին­նե­րին: Այդ պատճառով նախընտրեց ընդունել ամէն տեսակ տանջանքներ, քան հե­ռա­նալ ճշմարիտ Աստուծոյ օրէնքից: Նրա բե­րա­նին գելոց 1 դնելով՝ ստիպեցին խոզի միս ուտել, սա­կայն նա բա­ցէիբաց մերժեց նրանց, համար­ձա­կուեց թքել եւ անարգել նրանց պաշտամունք­նե­րը:

   Այնժամ իրեն ծանօթ աւագանու որոշ մարդիկ մի կողմ տարան նրան ու սկսեցին անմտութեամբ խրատել, որպէսզի նա յետ կանգնի իր հաստատ որոշումից՝ ասելով. «Յանձն առ թագաւորի հրա­մա­նը: Մենք քեզ ուրիշ միս կը տանք, բայց դու ցոյց կը տաս, թէ իբր խոզի միս կերար: Այդպէս կը փարատես նրանց կարծիքները եւ կը փրկուես մահուանից»: Բայց նա, ինչպէս որ վայել էր իր պատկառելի տարիքին, իր վեհութեանն ու իմաստութեանը, փառահեղ սպիտակ մազերին, ման­կուց ստացած կրթութեանը եւ յատկապէս աստուա­ծադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մար­դուն, արժանապէս պատասխանեց. «Արժան չէ եւ ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի մարդը կեղծաւորութեամբ մօտենայ խոստովանութեան սրբու­­թեանը, որովհետեւ շատ երիտա­սարդ­ներ, խէթ նայելով ինձ,  կը կասկածեն իրենց մտքում ու կասեն. «Եղիազարն իննսուն տարեկան հա­­սա­կում, հասնելով մահուան շեմին, դաւանա­փոխ եղաւ»: Նրանք կը գայթակղուեն իմ կեղծաւորութեան պատճառով, իսկ ես խղճի խայթ կունե­նամ եւ աշխարհում վատ անուն կը թողնեմ: Այդ պատճա­ռով ծերութեանս արժանի կերպով կամենում եմ քաջութեամբ հեռանալ աշխարհից ու բարու­թեան եւ առաքինութեան օրինակ թող­նել սերունդների համար, որպէսզի նրանք յօժարու­­թեամբ, քաջութեամբ ու կեանքի գնով կարողա­­նան պաշտպանել իրենց սուրբ օրէնքները»:

   Այս ասելով՝ ինքնակամ եւ սիրայօժար դիմեց դէպի տանջանքներն ու մահը: Նրանք, որ առաջ մխիթարում էին իրեն, այժմ չարացան նրա դէմ, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարեցին եւ սկսեցին արագացնել նրա տան­­ջանքները: Իսկ նա, որ շատ կտտանքներ կրելուց յետոյ մերձ էր իր վախճանին, բացեց բերանը, սկսեց խօսել Տիրոջ հետ, Ով տեսնում է մարդկանց սրտերի սուրբ խոր­հուրդները, եւ ասաց. «Դու գիտես, որ իմ ձեռքին էր այս տաժանակիր մահից ազատուելու կարողութիւնը: Համբերութեամբ կրում եմ մարմնիս այս խիստ տանջանքները, բայց հոգով դրանք ընդունում եմ քաղցրութեամբ` Քո հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»: Եւ այսպէս մաքառելով՝ փոխուեց աշխարհից:

   Սրանից յետոյ Սուսանդրում բռնեցին եօթ եղ­բայր­ներին իրենց մօր՝ Շամունէի հետ, տարան Ան­տիոք եւ կանգնեցրին թագաւորի ատեանի առ­ջեւ: Ծեծելով ու խոշտանգելով՝ նրանց ստիպում էին խոզի միս ուտել: Նրանցից մէկը՝ Ակարը, սկսեց համարձակ խօսել ու ասել. «Ի՞նչ էք ուզում անել, ի՞նչ էք ուզում իմանալ մեզ­նից: Մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբէք՝ հրաժարուել մեր հայրերի օրէնքներից»: Թագա­ւո­րը լցուեց զայրոյթով. հրամայեց տապակներ, կաթսաներ եւ անիւներ շիկացնել ու տանջանքների պէս-պէս գործիքներ պատրաստել ու նահատակին առաջ բերել: Նախ կտրեցին նրա լե­զուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, մօր եւ եղբայրների առջեւ կտրեցին ծայր­ան­դամ­նե­րը, իսկ երբ խօսելու եւ գործելու անկա­րող դարձ­րին, հրամայեց ողջ-ողջ նստեցնել շիկացած տապակների ու կաթսայի վրայ: Երբ ճենճերի ծուխն սկսեց ծաւալուել տապակից, եղբայրներն սկսե­ցին իրենց մօրն ու միմեանց մխիթարել եւ ասել. «Կը մեռնե՛նք քաջու­թեամբ եւ կը թողնենք ա­նուն ու հոգի: Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում այս պայքարում: Նա կա­րե­կից կը լինի իր ծառաներին, ինչ­պէս որ իր օրհ­նու­­թեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը»:

   Երբ առաջին եղբայրը փոխուեց աշխարհից, երկ­րորդին, որի ա­նունն էր Մա­կար կամ Մաքիր կամ էլ Մակաբ, տարան տանջանքների վայրը: Նրա գլխի կաշին` մազերով հանդերձ, շուռ տուե­ցին դէմքին ու հարցրին. «Խո­զի միս կուտե՞ս, թէ՞ անդամ առ անդամ հատենք մարմինդ»: Սա եւս հրա­ժա­րուեց, որի համար նոյն տանջանքների են­­թար­կուելով՝ նահատակուեց: Հո­գին տալուց առաջ նա սկսեց խօսել եւ ասել թագաւորին. «Ա՛յ դու սի­գա­պանծ, հպարտ ու ամբարտաւան: Դո՛ւ, որ մեզ զրկում ես այս կեանքից, ի­մա­ցի՛ր, որ թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, սակայն Նա, Ով աշխարհի Թա­գա­ւորն է, յաւիտենական կեանքում մեզ նո­րից կեանք կը պարգեւի»:

   Նրանից յետոյ բերեցին երրորդին՝ Խորէն կամ Գուրիաս կոչուածին: Կամենում էին նրա լե­զուն դուրս հանել, սակայն նա ինքն անմիջապէս դուրս հանեց եւ քաջասրտութեամբ տարածեց ձեռ­­քերը: Թագաւորը յոյժ զարմացաւ պա­­տանու քա­ջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա ար­հա­մարհում է տանջանքները:

   Երբ սա եւս նահատակուեց, չորրորդին բե­րեցին նոյն տեղը (սրա անունը, ինչպէս գրուած է, Խորսէն էր) ու նոյն տանջանքներով չարչա­րե­ցին նրան: Երբ մերձ էր հոգին աւանդելուն, ասաց. «Մեզ համար լաւ է, որ փոխւում ենք այս­տե­ղից, քանզի հաւատում ենք մեռելների յարութեանը, երկրորդ ծննդեանը»:

   Սրանից յետոյ հինգերորդին՝ Ամինադաբին բե­րեցին տանջանքների վայրը: Նա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Դու՝ մահկանացուդ, իշխա­նու­թիւն ունենալով մարդկանց վրայ, անում ես, ինչ կա­մենում ես, բայց մի՛ կարծիր, թէ քո չարութեամբ կարող ես վերացնել մեր ազգը կամ հե­ռաց­­­նել Աստծուց: Սպասի՛ր եւ շուտով կը տեսնես այն մեծամեծ հրաշքներն ու դաժան հարուած­նե­րը, որոնցով Տէրը պիտի պատժի քեզ ու քո ազ­գա­­տոհմին»:

   Բերեցին նաեւ վեցերորդին՝ Դաղիլէին: Երբ մօտ էր մահուանը, թագաւորին ասաց. «Այս ամէնը մեզ վրայ են գալիս մեր մեղքերի պատճառով, քանզի Աս­տուծոյ առաջ մենք մեծ մեղ­­քեր ենք գործել: Իսկ դու յոյս չունենաս, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ-առողջ եւ անվնաս կը մնաս»:

   Առա­ւել եւս բարի յիշատակի էր արժանի նրանց սքանչելի մայրը՝ Շամունէն, ով մի օրում այդ­­պիսի եօթ որդիներ կորցրեց՝ նրանց յանձ­նե­լով Աստուծոյ ձեռքը: Քաջալերում էր նրանցից իւրա­­քանչիւրին, ապա կանացի տկարութեան վրայ առնական քաջութիւն առնելով՝ առաջ եկաւ ու իրենց լեզուով ասաց. «Ես չէ, որ ձեզնից իւրաքանչիւրին կեանք եւ հո­գի եմ տուել ու ոչ էլ կերպարանք, ոչ էլ ձեզ պահել ու հասցրել այս հասակին: Այսուհետ ոչինչ իմը չէ, այլ Նրանը, Ով աշխարհի Արարիչն է եւ Ով Իր ողորմածութեամբ ու Իր Գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»:

   Ան­տիոքոսը թէպէտ քաջ նահատակների խօս­քե­­րից իրեն արհամարհուած զգաց, բայց քանի դեռ իր ձեռքում էր կրտսեր եղբայրը՝ Դադիդէն, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այ­լեւ երդուելով խոստացաւ հարստութիւն, խոստացաւ պարգեւել իշխանութիւն ու դարձնել թագաւորների պատուական բարեկամ, միայն թէ հրաժարուի իր հայրերի օրէնքից:

   Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին ամենեւին չի հնազանդւում, կանչել տուեց նրա մօրը, որպէսզի խրա­տի որդուն նրա կեանքը փրկելու համար: Երբ շատ ստիպեց, մայրը դարձաւ դէպի որդին եւ սկսեց խօսել նրա հետ. «Ողորմի՛ր ինձ, որ­դեա՛կ, քանզի ինն ամիս կրել եմ քեզ իմ որովայնում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եւ քեզ հասցրել այդ հասակին: Արդ, աղաչում եմ, նայի՛ր երկնքին ու երկրին եւ նրան­ցում եղած բոլոր արարածներին: Ի­մացի՛ր, որ նրանց Աստուած ստեղծել է ոչնչից: Դու մի՛ զարհուրիր դժնդակ դահճից, այլ բաժնեկից եղիր եղբայրներիդ ու ընտրի՛ր մահը եւ ոչ թէ այս աշ­խար­հի կեանքը, որպէսզի Աս­տուծոյ ողորմութեամբ ընդունեմ քեզ եղբայրներիդ հետ»:

   Ու մինչ­ մայրն այս քաջալերական խօսքերով հաստատում էր որդուն, նա ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում: Ես թագաւորի հրա­մա­նին չեմ ենթար­կուե­լու, այլ հնազանդ եմ Մով­սէ­սի միջոցով մեր հայրերին տրուած օրէնք­նե­րին: Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքների մատ­նե­ցիր եբրայեցիներին, չես փրկուի Աստուծոյ ձեռքից, քանզի եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրա­­տելու հա­մար  պա­տուհասում է եւ մի փոքր բարկանում, սակայն դարձեալ ողորմում է Իր ծառաներին: Իսկ դու՝ ա­նօ­րէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ եւ վախ­կո՛տ, քո սնոտի յոյսերով զուր ես բարձ­րա­մտում Նրա ծառաների վրայ: Դու չես փրկուելու ամենա­գէտ, ամենազօր Աս­տու­ծոյ դատաստանից: Այժմ մեր եղբայրները յաւիտենական կեանքի ու Աս­տու­ծոյ կտակարանների ուխտի համար համբերեցին տանջանքներին եւ ընդունեցին մահը: Ես էլ իմ եղբայրներին հաւասար պատրաստ եմ զոհել իմ շունչն ու մարմինը մեր հայ­րերի օրէնքի հա­­մար: Յոյ­սով աղօթում եմ Աստծուն, որ Նա քա­ւու­թիւն շնոր­հի մեր ազգին, իսկ քեզ դառնագոյն տան­ջանքներով խոստովանել տայ, որ միայն Ինքն է Աստուած, եւ չկայ ուրիշ մէկը: Իսկ իմ ու իմ եղբայր­ների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բռնութիւնները կանցնեն եւ կը մոռացուեն»:

   Եօթ եղբայրների քաջասրտութիւնից թա­գաւորն առաւել սրտմտեց, որի պատճառով կրտսեր եղբօրն առաւել դաժան տանջանքների ենթարկեց: Սակայն սա եւս, յուսալով Տիրոջը, անարատութեամբ ու սրբութեամբ հեռացաւ աշխարհից: Որդիներից յետոյ մայրը եւս նոյնակերպ նահատակութիւն ընդունեց: Թէ ինչ կտտանքների են­­թարկեցին այս զոհերին եւ ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այս­քա­նով:

   Այսպէս, Ք. ա. 163 թուականին մար­տիրոսա­ցան հրաշալի ու առաքինի նահատակները, աստուածային օրէնքի պանծալի սուրբ վկաները եւ Փրկչի մօտակայ Գալստեան նախընթաց կարապետները, որոնց արժանաւոր գովասանական ներ­բող­ները կարող էք գտնել սուրբ վարդապետների, յատկապէս` սուրբ Յովհան Ոսկեբերանի, սուրբ Գրի­գոր Աստուածաբանի, երանելի Օգոստինոսի եւ այլոց աշխատութիւններում: