ՍՐԲՈՒՀԻ ՍՈՓԻԱՅԻ ԵՒ ՆՐԱ ԵՐԵՔ ԴՍՏՐԵՐԻ՝ ՊԻՍՏԻՍԻ, ԷԼՊԻՍԻ ԵՒ ԱԳԱՊԻԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

 

   Ժողովեալքս ի յիշատակ սրբոց Քոց Քրիստոս.

աղաչե՜մք զՔեզ,  սոցա բարեխօսութեամբ՝ ողորմեա՜:

Երկրպագեմք առաջի բեմի Քո Քրիստոս.

ընկալ Քո գթութեամբդ զաղաչանս մեր. սոցա բարեխօսութեամբ՝ ողորմեա՜:

Զորս հոգւով եւ մարմնով որպէս զանմարմին անարատ ի գալուստ Քո պահեսցես,

մարդասէր Փրկիչ. սոցա բարեխօսութեամբ ողորմեա՜:

(Շարակնոց)

 

   Սուրբ Սոփիան` իր դուստրերով հանդերձ, Շամունէի եւ նրա ուստրերի նմանութեամբ արդարեւ կարիք ունէր վկայագրի, որպէսզի Հնի համեմատ Նորում յայտնի դառնար Քրիստոսի շնորհների առաւելութիւնը եւ երեւար Սողոմոնի նոր անուանակցի՝ Սոփիայի («Սոփիա» եւս թարգմանւում է «իմաստութիւն») զաւակների՝ Հաւատի, Յոյսի եւ Սիրոյ արիութիւնը, որոնց յունարէն անուանում­ներն են Պիստիս, Էլպիս եւ Ագապի:

   Մետափրաստեսին զուգահեռ նրանց մասին վկայաբաններից շատերը գրեցին մարդկային պերճաբանութիւններով, սակայն իրենց խօսքերով որքան էլ կամեցան պաճուճաւորել նրանց, աղօտացրին նրանց վարքի ու նահատակութեան փայլը, որովհետեւ գեղեցիկ մարգարիտները, ինչպէս նաեւ բոլոր պատուական քարերն ու մաքուր ոս­կին, իրենց կողքին այլ զարդերի կարիք չունեն, այլ բաւական է միայն իրենց գո­յու­թեան իսկութիւնը: Այդ պատճառով փորձենք առաջ բերել նրանց պատմութիւնը՝ ըստ մեր Յայսմաւուրքի համառօտագիր եւ ստուգագոյն աւանդութեան, որը շարա­դ­րել է տէր Իսրայէլ վարդապետը:

   Քրիստոսի աղախին Սոփիան սերում էր մեծահարուստ ու պատուական ազգից: Նա իր դուստրերին մեծացրել էր բարեպաշտութեամբ, նրանք լի էին աստուածիմաստ հանճարով, անգիր գիտէին բոլոր մարգարէական եւ առաքելական հրամաններն ու հաստատուած էին աստուածպաշտութեան մէջ, որի համար Սո­փիան մեծապէս ուրախ էր: Աւագ դուստրը՝ Պիստիսը, տասներեք տարեկան էր, երկրորդը՝ Էլպիսը, տասնմէկ տարեկան, իսկ կրտսերը՝ Ագապիսը, ինը տարեկան:

   Նա, վերցնելով իր երեք դուստրերին, գնաց Հռոմ՝ ընդունելու Քրիստոսի Դրոշմը: Մի կիրակի օր, երբ նրանք եկեղեցի էին գնում, Անտիոքոս անունով անօրէն մէկը տեսաւ նրանց եւ, գերուելով նրանց վայելչատես գեղեցկութիւնից, կամեցաւ նրանցից մէկին կնութեան առնել: Սոփիան ասաց նրան. «Մենք քրիստոնեայ ենք եւ կուսութիւնը որպէս ոսկի ու մարգարիտ` ամուր եւ զգուշութեամբ ենք պահում»: Այնժամ անօրէնը գնաց կռապաշտ Ադրիանոս արքայի մօտ եւ ասաց. «Չգիտեմ, թէ որտեղից, իր երեք դուստրերի հետ այստեղ է եկել մի օտար կին եւ մեր կանանց ու աղջիկներին խրատում է հեռանալ կուռքերի պաշտամունքներից եւ ուսուցանում պաշտել մի Աստուծոյ»:

   Թագաւորն իր զօրագլուխներից մէկին ուղարկեց` նրանց իր մօտ բերելու, եւ սա ե­կաւ ու բռնեց երեք քոյրերին: Նրանք գնում էին միմեանց ձեռք ձեռքի տուած՝ ա­­սես պար բռնած, իսկ Սոփիան գնում էր նրանց հետեւից: Երբ հասան արքունի դռանը, կնքեցին ի­րենց սուրբ Խաչի նշանով եւ կանգնեցին թագաւորի առջեւ: Նրանց տեսնելով՝ թագաւորը հիացաւ նրանց գեղեցկութեամբ, ապա սկսեց խօսել մօր հետ՝ հարցնելով. «Ո՞ր երկ­­­րից էք, եւ ի՞նչ են ձեր անունները»: Մայրը պա­տաս­խա­նեց. «Մենք ազգութեամբ իտալացի ենք: Ես քրիստոնեայ անունն եմ կրում, սակայն ծնողներս ինձ Սոփիա են կոչել: Իմ դուստ­րե­րից մէկի անունը Հաւատ է, միւսինը՝ Յոյս եւ միւսինն էլ՝ Սէր, եւ մեր Տէրը Քրիս­տոս է: Ես Աստուծոյ առաջնորդութեամբ եկել եմ այս քաղաքը, որպէսզի իմ մա­տաղ զաւակներին Աստծուն պատարագ մա­տուցեմ»:

   Թագաւորը Պալատիա անունով մի իշխանուհու հրամայեց երեք օր նրանց պահել իր տա­նը: Այդ ամբողջ ընթացքում սուրբ Սոփիան խրատում էր իր դուստրերին հաստատուն մնալ Քրիստոսի հաւատի մէջ եւ չերկնչել տանջանքներից ու մահից: Երեք օր անց թա­գա­ւո­րն իր մօտ կանչեց նրանց եւ շատ համոզիչ խօսքերով ու մեծամեծ խոստումներով սկսեց խրատել դուստրերին, որպէսզի ուրանան Քրիստոսին եւ զոհեն կուռքերին, սա­կայն նրանք պատասխանեցին. «Որքան էլ մեզ տանջանքների մատնես, պատասխան չես լսի մեզնից: Չարչարի՛ր մեզ, ինչպէս կամենում ես եւ կը տեսնես մեր Քրիստոս Աս­տուծոյ փառքն ու զօրութիւնը»: Թագաւորը խիստ զարմացաւ նրանց հաստատուն հաւատի եւ քաջութեան վրայ ու դառնալով Սոփիային՝ հարցրեց. «Քանի՞ տարեկան են քո դուստրերը»: Սոփիան պատասխանեց. «Իմ աւագ դուստրը՝ Պիստիսը, տասներեք տարեկան է, երկրորդը՝ Էլպիսը, տասնմէկ տարեկան, իսկ կրտսերը՝ Ագապիսը, ինը տարեկան»: Թագաւորը նախ կանչեց Պիստիսին եւ սկսեց մեծ սպառնալիքներով խօսել նրա հետ, սակայն նա համարձակ անարգեց թագաւորին եւ նրա աստուած­նե­րին: Այն­ժամ նրա հրամանով կախեցին նրան եւ սկսեցին գաւազաններով ուժգին հարուածել, բայց սրբուհին ամենեւին ցաւ չէր զգում. նրա մարմինը չվիրաւորուեց եւ բնաւ չայլագունեց:

   Ապա սկսեցին սրով հարուածել նրան, սակայն նրա մարմինը երկաթի պէս անխզելի մնաց: Այնժամ նրան նետեցին ճարճատող հրի մէջ, բայց հուրը մարեց, իսկ նրա շանթերը սառոյցի պէս դարձան: Իր տանջանքների մէջ նա գոհանալով օրհնում էր Աստծուն եւ ասում բռնաւորին. «Ո՛վ թագաւոր, տեսա՞ր իմ Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը եւ քո տկարութիւնը»: Այնժամ բարկացած թագաւորը հրամայեց կտրել նրա գլուխը: Ե­րանելին գնաց իր մօր եւ քոյրերի մօտ, գրկեց նրանց, համբուրեց արտասուքներով ու ասաց. «Մի՛ երկնչէք տանջանքներից, քանզի ես ամենեւին ոչինչ չզգացի: Արդ, դուք եւս շտապէ՛ք գալ իմ հետեւից»: Եւ դահիճը մօտենալով` կտրեց նրա գլուխը:

   Նման խիստ եւ դաժան տանջանքներով չարչարեցին միւս երկու քոյրերին, սակայն, չկարողանալով նրանց հաւատափոխ անել, կտրեցին նաեւ նրանց գլուխ­նե­­րը, որի համար յոյժ ուրախ եղաւ Սոփիան, որովհետեւ երեք անարատ հարսներ պար­գեւեց Քրիս­­տո­սին: Այսպէս բարի խոստովանութեամբ նահատակուեցին երանելի մատաղատունկ քոյրերը:

   Իսկ նրանց բարեմիտ մայրը՝ Սոփիան, հա­ւա­քեց իր դուստրերի նշխարները, դրանք պա­տեց մաքուր կտաւներով եւ խունկերով, դրեց սայլին, դուրս բե­­րեց քաղաքից տասնութ մղոն  հեռաւորութեան վրայ եւ զետեղեց մարմարէ տա­­պանի մէջ: Նրանց տապանին փարուած՝ մայրն արտասուքներով աղաչում էր. «Իմ բարի զաւակնե՛ր, յիշէ՛ք ձեր ծնունդն ու հասակ առնելը, յիշէ՛ք, թէ ինչպէս սնեցի ձեզ եւ հաստատեցի Քրիստոսի հաւատով: Այժմ դուք էլ ձեր բարեխօսութեամբ արժանաց­րէք ինձ ձեզ մօտ գալ»: Եւ աղօթելով` Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հո­գին, իսկ քրիստոնեայ կանայք նրա մարմինն ամփոփեցին իր դուստրերի մօտ: