Որ յարմատոց հարցն սրբոց մեզ գաւազան բղխեցեր`
զԻսահակ սուրբ հայրապետ, հովուել զհօտ քո Քրիստոս:
Որ զխաւարն անգիտութեան Հայաստանեայցս լուծեր`
զիմաստութիւն ծագեալ զլոյս սովաւ որդւոց Թորգոմայ:
Որ զհանդերձեալ խորհուրդ Քո, Տէ՛ր, տեսլեամբ սրբոյն ծանուցեր.
յիշատակի սորա ընկալ զտօնողացս աղաչանս:
(Շարակնոց)
Ծնուել է 348 թ. Կեսարիայում,
Կաթողիկոս` 387 թուականից:
Ննջել է 439 թ. Բագրեւանդ գաւառի Բլուր կոչուող գիւղում:
Համօրէն Հայաստանեայց երկրորդ լուսաւորիչը եւ սուրբ Գրիգորի լուսազարդ շառաւիղը` երիցս երանելի մեր հայր Սահակը, որդին էր Ներսէս Մեծի, սա` Աթանագինէի, սա` Յուսիկի, սա` Վրթանէսի, եւ սա էլ` Լուսաւորչի, վեցերորդը` սուրբ Գրիգորից, նրա սերնդից մնացած մարգարիտը եւ իր ազգի շողացող միակ լուսափայլ քարը: Նա եղաւ սուրբ Գրիգորի պարթեւեան զարմի վերջին հայրապետը, որի համար կոչուեց Սահակ կամ Իսահակ Պարթեւ: Նաեւ Սահակ Մեծ է կոչւում իր մեծամեծ գործերի համար եւ Սահակ Առաջին՝ մեր ազգի համանուն կաթողիկոսների մէջ:
Ըստ հաւաստի տեղեկութիւնների` նրա ժամանակակից պատմիչները 1 միաձայն նշում են նրա ծննդեան ճիշտ թուականը` 348 թուականի սեպտեմբերի 29֊ը Կեսարիայում: Սակայն շուտով մանկիկը մնում է անմայր եւ որբ: Նրա վաղամեռիկ մօր` Սանդուխտի մարմինը պապն ամփոփում է Թիլ աւանում, իսկ փոքրիկ Սահակին յանձնում Տարօնում գտնուող մօրապապերի` Մամիկոնեանների տուն, որովհետեւ նրա հայրը` Ներսէս Մեծը, ուսումնառութեան համար գտնւում էր Բիւզանդիայում, եւ հայրական կողմից չկար մէկը, որ ստանձնէր նրա խնամատարութիւնը: Երբ Սահակը չափահաս դարձաւ, սուրբ Ներսէսն արեց ամէն բան, որ իր միակ զաւակը՝ լուսաւորչեան ազգատոհմի միակ շառաւիղը, արժանի կրթութիւն ստանայ: Եւ այս նպատակով նրան երկար տարիներ ուսման տուեց Կեսարիայի եւ Բիւզանդիայի հռչակաւոր կրթարաններում:
Արդ, այս երանելին դեռեւս մանկուց ունէր Աստուծոյ բարեհաճութիւնը: Հասակ առնելուն զուգընթաց աճում էր նաեւ առաքինութիւնների մէջ, քաջ տիրապետում էր յունարէն, ասորերէն եւ պարսկերէն լեզուներին, էլ չեմ ասում մեր հայկաբան բնիկ լեզուին, թէպէտ մինչեւ նրա օրերը չունէինք մեր հայրենագիր տառերը եւ գործածում էինք օտարինը: Սակայն երանելին, ամէնից շատ իրազեկ լինելով Սուրբ Գրքի Հին եւ Նոր Կտակարաններին, խորասուզուած էր հոգեւորի մէջ, առանձնասէր էր եւ յոյժ աղօթասէր, քաղցրաբարոյ ու հեզահամբոյր վարքով եւ լի` Աստուծոյ Հոգով:
Երբ արբունքի հասաւ, շատերը ստիպեցին նրան մտնել աշխարհի կարգի մէջ, որպէսզի չմարի Լուսաւորչի տան ճրագը, քանզի միայն նա էր մնացել սուրբ Գրիգորի զարմից: Յատկապէս ողջ ազգն էր փափագում, որ միշտ իրենց առաջին հայրապետի` առաքելաշնորհ սուրբ Լուսաւորչի տնից մէկը պահպանուի որպէս Աթոռակալ ժառանգ, որի համար երանելի Սահակը խնդրում էր Աստծուն` իրեն արու զաւակ պարգեւել:
Երբ ծնուեց նրա Սահականոյշ դուստրը, եւ կինն այլեւս չկարողացաւ զաւակներ ունենալ, երանելին սաստիկ տխրեց: Նրան պաշարեցին ծանր խորհուրդները. նա անդադար աղաչում էր Բարձրեալին` իրեն արու զաւակ շնորհել, ինչպէս իր նախնիներին: Եւ նա այս անմխիթար մտորումների մէջ էր ու սպասում էր Տիրոջ այցելութեանը:
Ապա իր անձն առաւել մատնեց անդադար աղօթքների եւ աստուածային պատգամների ընթերցանութեան, գիշեր թէ ցերեկ խոկում էր Տիրոջ օրէնքի շուրջ, իր աստուածահաճոյ վարքով սփռում էր Քրիստոսի անուշահոտութիւնը, բարի օրինակ լինում բոլորին` ջերմեռանդ լինելով աստուածպաշտութեան մէջ եւ ծաղկելով բարի գործերով: Այնուհետեւ մտաւ քահանայական կարգի մէջ եւ օրէցօր աւելացնելով իր ճգնութիւնները` ապրեց աշխարհում, ինչպէս անապատում: Նա իր բոլոր առաքինութիւններով նմանուեց իր հայրերին: Նախանձախնդիր լինելով երանելուն` շատերը, ովքեր ունէին Աստուծոյ սէրը, աշակերտեցին նրան եւ օրինակեցին նրա ճգնութիւնները: Անապատական հայրերի եւ երեւելի վանականների պէս ունեցաւ մօտ վաթսուն աշակերտ, ովքեր կրօնաւոր այրեր էին` խարազնազգեստ, մեռած աշխարհի համար: Նրանց հետ յարատեւելով մշտամռունչ աղօթքներով ու պաշտամունքների մէջ` անապատականների պէս ապրում էր մենակեացների կարգով եւ միաժամանակ ամբողջովին բաւարարում Եկեղեցու կարիքներն ու հոգում աշխարհի կարեւոր խնդիրների համար:
Կողակցի մահից յետոյ իր Սահականոյշ դստերն ամուսնացրեց Համազասպ Մամիկոնեանի հետ, ով հայոց նախարարների մէջ յոյժ բարեպաշտ եւ երեւելի այր էր: Նրանցից ծնուեցին սուրբ Վարդանը, Հմայակը եւ Համազասպը՝ առաքինի պապի առաքինի թոռները եւ սքանչելի այրերը, որոնց մէջ իրենց մօր շառաւղով մնացել էին լուսաւորչեան հետքերը:
Այս ժամանակներում, թունաւորուելով Պապ թագաւորի կողմից, վախճանուեց սուրբ Ներսէս հայրապետը` երանելի Սահակի հայրը: Հայոց աշխարհը Տիրոջ բարկութիւնից գտնւում էր հոգեւոր եւ մարմնաւոր ալեկոծումների մէջ, եւ երկրին ոչ մի կերպ չէին կարողանում օգնել ժամանակի թագաւորները` Վարազդատը, իսկ նրանից յետոյ` Արշակը եւ Վաղարշակը, ինչպէս նաեւ Շահակ, Զաւէն եւ Ասպուրակէս կաթողիկոսները, ովքեր կարճ ապրեցին:
Եւ երբ թագաւորեց հայոց Խոսրով Երկրորդ արքան, նա միաբանեց նախարարներին, խաղաղութիւն հաստատեց յունաց Արկադէոս կայսեր` Թէոդոս Մեծի որդու հետ, ապա Տիրոջ 387 թուականին, երբ մեռաւ Ասպուրակէս կաթողիկոսը, միաձայն հաւանութեամբ որպէս հայոց հայրապետ ձեռնադրուեց երանելի Սահակ Պարթեւը, ով այդ ժամանակ 39 տարեկան էր: Այս փոփոխութեամբ մեծ հանգիստ ու անդորր տիրեց Հայոց աշխարհին, եւ երկիրն սկսեց փայլել իր բարեկարգութեամբ, որովհետեւ սուրբ Սահակն իսկոյն ձեռնամուխ եղաւ նորոգելու երկրի բոլոր կարգերն ու հոգեւոր հարցերը: Նա իր սրբակրօն աշակերտների հետ խրատում էր բոլորին եւ ցոյց տալիս փրկութեան ճանապարհը` ողջ ժողովրդի համար լինելով ճշմարիտ օրինակ եւ առաքինութեան սքանչելի հայելի: Այդ շրջանում հայոց հայրապետանոցը նմանուել էր Մովսէսի խորանին, որովհետեւ այնտեղ էին դիմում թէ՛ մեծամեծերը եւ թէ՛ փոքրերը, պատգամ էին վերցնում սուրբ հայրապետից` ինչպէս Տիրոջ բերանից, եւ նրանով ուղղում իրենց բոլոր ճանապարհները: Ինքը` Խոսրով թագաւորը եւս, աւագանիով հանդերձ, խոնարհւում էր Սահակ Մեծի առջեւ եւ յոյժ ակնածում նրանից:
Սակայն տիրանենգ նախարարներից ոմանք, ոխ ունենալով իրենց թագաւորի դէմ, բանսարկութիւն արեցին պարսից Շապուհ արքայի մօտ եւ գրգռեցին նրան ընդդէմ Խոսրովի` պատճառ բռնելով յունաց կայսեր հետ նրա միաբանութիւնը եւ առանց իր` Շապուհի հաւանութեան Սահակին հայոց կաթողիկոսական Աթոռին նշանակելը: Շապուհը Խոսրովին կանչեց իր մօտ, եւ երբ սա ընդդիմացաւ, իր գահակից որդուն՝ Արտաշիրին մեծ զօրքով ուղարկեց Հայաստան: Արտաշիրը հեշտութեամբ բռնեց Խոսրով թագաւորին, կապուած տարաւ Պարսկաստան եւ նրա փոխարէն Հայաստանում թագաւորեցրեց նրա եղբօրը` Վռամշապուհին: Զրկեց նախարարներին իրենց պատիւներից, բայց Սահակին թոյլ տուեց վարել իր պաշտօնը, որովհետեւ հասկացաւ, որ այդ կերպ խաղաղութեան մէջ կը պահի երկիրը:
Այդ նոյն օրերին մեռաւ Շապուհը, եւ Պարսկաստանում թագաւորեց նոյն ինքը` Արտաշիրը: Այդ ժամանակներում մեռաւ նաեւ հայոց սպարապետ Սահակ Ասպետը, եւ սուրբ Սահակն իր դստեր թախանձանքով դիմեց Վռամշապուհ արքային, որպէսզի նրա փոխարէն սպարապետ նշանակուի իր փեսան` Համազասպ Մամիկոնեանը: Վռամշապուհն ընդունեց այդ առաջարկը, սակայն ակնածելով Արտաշիրից, նամակ գրեց սուրբ Սահակին` գնալ Պարսկաստան եւ անձամբ խնդրել Արտաշիրի հաւանութիւնը այդ խնդրում եւ միաժամանակ ներկայացնել Հայաստանին վերաբերող այլ հարցեր:
Սուրբը գնաց Պարսկաստան, ուր Աստուած Իր ծառային մեծապատիւ եւ պատուական ցոյց տուեց անհաւատների առջեւ. նա յոյժ մեծարուեց Արտաշիրի կողմից, յատկապէս երբ վերջինս իմացաւ, որ Սահակը Պահլաւունի ազգից է` Մեծ Գրիգորի պարթեւեան ցեղից, որովհետեւ սասանեանները երախտիք ունէին նրա հօր` Անակի ու նրա ողջ ազգատոհմի առջեւ եւ նրան համարում էին պարսից թագաւորութեան հաստատման պատճառը` իրենց հակառակորդ հայոց Խոսրով թագաւորին սպանելու համար: Ուստի լիապէս կատարեց սուրբի բոլոր խնդրանքները եւ նրան պատուով ուղարկեց Հայաստան` նամակ ուղարկելով Վռամշապուհին, որում յիշատակում էր Սահակի նախնիների կարծեցեալ երախտիքները պարսից ազգի հանդէպ, ինչպէս նաեւ նրա նախնու` սուրբ Լուսաւորչի երախտիքը հայերի հանդէպ Տրդատ արքայի բժշկութեան համար:
Այդ ժամանակներում Սուրբ Հոգու յորդորով սուրբ Սահակ հայրապետի մօտ եկաւ նրա սիրելի եւ մտերիմ բարեկամը` երանելի Մաշտոցը, եւ նրան յայտնեց իր երկար տարիների մտահոգութիւնը: Ինչպէս Ղազար Փարպեցին է գրում, նա անվերջ խորապէս տրտմում էր` տեսնելով հայերի ջանքերը, երբ նրանք ահռելի ծախսերով, հեռագնաց ճանապարհներով եւ երկարաժամ դեգերումներով իրենց օրերն էին մաշում ասորական դպրոցներում: Հայոց վանքերում եւ եկեղեցիներում եկեղեցական արարողութիւնները եւ Սուրբ Գրքի ընթերցանութիւնները կատարւում էին ասորերէն, որից երկրի բնակիչները ոչինչ չէին հասկանում: Օտար լեզուի պատճառով Եկեղեցու սպասաւորների չարչարանքներն ու ժողովրդի ջանքերն ապարդիւն էին անցնում: Երանելի Մաշտոցն այս մասին խորհում էր արդէն երկար ժամանակ ու լալիս իր հոգում. չէ՞ որ կային հայերէն լեզուի նշանագրերը, որոնցով հնարաւոր էր սեփական եւ ոչ թէ մուրացածոյ լեզուով եկեղեցիներում շահել մարդկանց սրտերը:
Լսելով նրան` Սուրբ Սահակը քաջալերութեան աւետիս տուեց եւ ասաց. «Զօրացի՛ր եւ պի՛նդ կաց: Ա՛ռ քեզ հետ օգնականներ քահանաներից, որոնց ես կը պատուիրեմ, եւ որտեղ կը դժուարանաք վանկերը կարգաւորելիս, բերէք, որպէսզի ես , քանզի շատ դիւրին է փնտռածդ խնդրի լուծումը: Սակայն նախ պէտք է թագաւորին յայտնել այդ կարեւոր խնդրի մասին, քանի որ օրեր առաջ, երբ եկեղեցում խօսք եղաւ այդպիսի նշանագրերի անհրաժեշտութեան մասին, թագաւորին տեղեկացրին, թէ հայերէն նշանագրեր են տեսել մի գիւղում` ոմն եպիսկոպոսի մօտ»:
Երբ սուրբ հայրապետը երանելի Մաշտոցի հետ գնաց Վռամշապուհ թագաւորի մօտ, նրան յայտնեցին գործի կարեւորութեան մասին եւ ասացին. «Շտապի՛ր, որ քո օրօք լինի Հայոց աշխարհի համար մեծ եւ օգտաբեր այս գիւտը, քանզի այն ապագայում մեծ շահ, անմոռաց յիշատակ եւ երկնային վայելքների օգուտ պիտի բերի առաւել քեզ, քան թէ քո կամ քեզնից առաջ եղած Արշակունիների թագաւորական իշխանութեանը»:
Եւ այսպէս, գտնելով հայոց նշանագրերը` երանելի Մաշտոցն սկսեց ձեռնարկել գործը: Սուրբ Սահակ հայրապետն էլ տառերի դասաւորութեան եւ հնչիւնային ուղղաձայնութեան դիւրին ճանապարհ ցոյց տուեց, ինչպէս նաեւ հայոց քահանաներից ճարտաբան ու խելամիտ մարդկանց որպէս օգնականներ ընտրեց, ովքեր երանելի Մաշտոցի պէս փոքր-ինչ գիտէին յունարէն վանկ-վանկ ընթերցելը: Նրանց օգնութեամբ երանելի Մաշտոցը կարողացաւ հայերէն այբուբէնը կարգաւորել ըստ յունարէն լեզուի հնչիւնավանկային անսայթաք դասաւորութեան` յաճախ հարցնելով ու սուրբ Սահակից իմանալով յունարէն տառերի օրինակները: Պարզ է, որ նրանք առանց սուրբ հայրապետի առաջնորդութեան չէին կարող անթերի կատարել գործը, որովհետեւ նա իր առլեցուն գիտութեամբ բարձր էր շատ յոյն գիտնականներից, քաջատեղեակ էր յունարէն տառերի հնչիւնաբանութեանը, հռետորական յորդասաց մեկնաբանութիւններին ու փիլիսոփայական գիտութիւններին:
Այնուհետեւ Փրկչի առաջնորդութեամբ դասաւորելով հայերէն նշանագիր տառերը եւ յարմարեցնելով ըստ հելլէնական կարգի՝ ձեռնամուխ եղան դպրոցներ բացելուն: Ամէն մարդ սրտագին փափագում էր հայեցի կրթութիւն ստանալ, որովհետեւ այդ ճանապարհով կարող էին ասորերէն լեզուի պատճառած վնասները հաղթահարելով դուրս գալ խաւարից դէպի լոյս: Սակայն նրանք տարակուսանքի մէջ էին` Սուրբ Գիրք չունենալու պատճառով, այսինքն` հայերէն լեզուով դեռեւս չկային Եկեղեցու սուրբ Կտակարանները: Եւ երանելի Մաշտոցն ու նրան գործակից պատուական քահանաները չէին կարող համարձակ ձեռնարկել մի այնպիսի յոյժ կարեւոր գործ, ինչպիսին յունարէնից հայոց լեզուի թարգմանութիւնն էր, որովհետեւ բաւականաչափ տեղեակ չէին յունարէն լեզուի գիտական հրահանգներին:
Ապա Հայոց աշխարհի բոլոր աւագ քահանաները երանելի Մաշտոցի եւ բոլոր հայ նախարարների ու աւագանու հետ հաւաքուեցին հայոց Վռամշապուհ թագաւորի մօտ եւ թագաւորի հետ միասին դիմեցին սուրբ Սահակ կաթողիկոսին, որպէսզի նա լծուի հոգեւոր գործին եւ Աստուածաշունչ մատեանը յունարէն լեզուից հայերէն թարգմանի: Քահանայից աւագ դասը սուրբ քահանայապետին ասաց. «Մենք քո առաջ կանգնած ենք երանելի Մաշտոցի հետ, ում աստուածային շնորհը մղում է կարգաւորել վաղնջուց գրուած եւ դեռեւս չկիրառուած նշանագրերը: Մենք ապարդիւն, մեծ եւ անօգուտ ջանքերով ուսանում ենք ասորերէն լեզուն, ժողովուրդն ունայն եւ անմխիթար հեռանում է եկեղեցուց, իսկ ուսուցիչները հառաչելով ցաւում են իրենց զուր ջանքերի համար: Մարդիկ օգուտ չեն ստանում հոգեւոր խրատներից, որը կերակուր եւ սնունդ է իմաստութեան հետամուտ անձանց համար: Այս բոլոր խնդիրները պէտք է լուծուեն քո գիտութեամբ: Արդ, ինչպէս որ Հայոց աշխարհի լուսաւորութեան համար Քրիստոսի սուրբ նահատակ Գրիգորը մահաբեր խոշտանգումների մէջ անվնաս պահուեց Հզօրի Աջով, այնպէս էլ շնորհուեց պահուել քեզ` նրա շառաւղին, այս սուրբ գործի ժառանգաւոր պայծառ վիճակակցին, որպէսզի սկսես այս գործը եւ նմանուես քո սուրբ նախնուն, ով Հայոց աշխարհն անգիտութիւնից առաջնորդեց դէպի ճշմարիտ աստուածգիտութեան: Այժմ մեր ժողովրդին անօգուտ մուրողաբանութիւնից առաջնորդի՛ր դէպի ճշմարիտ, հոգեշահ եւ եկեղեցազարդ գիտութիւնը, որպէսզի լրացնես քո սուրբ նախնիներից մնացած այն պակասը, որի համար Աստուած պահեց քեզ, քանզի Հայաստան աշխարհում չկայ մէկը, ով կարողանայ ձեռնարկել այդ մեծ գործը: Մենք չկարողացանք հմտանալ ու հասու լինել այն գիտութեանը, որն ի վերուստ շնորհուել է քեզ` քո առաքինասէր եւ պարկեշտ հոգու համար»:
Այս լսելով` սուրբ հայրապետը ցնծաց հոգով եւ փառաւորեց ամէնքի Փրկիչ մեր Տէր Յիսուս Քրիստոսին: Կամաւոր յօժարութեամբ գործի լծուեց` փառավորելով Աստուծոյ գործակցութիւնը, Ով իրեն առատօրէն գիտութեան այնպիսի շնորհներ էր տուել: Եւ տքնելով գիշեր թէ ցերեկ` թարգմանեց բոլոր կտակարանները, Սուրբ Հոգով գրուած ճշմարիտ մարգարէութիւնները եւ կնքելով նոյն Սուրբ Հոգով՝ աւարտեց Նոր Կտակարանը երջանիկ առաքեալների լուսաւոր եւ կենսատու խօսքերով:
Երբ սուրբ հայրապետն աւարտեց իր բազմավաստակ գործը, անմիջապէս բացուեցին հայոց լեզուի ուսուցման դպրոցներ, բազմացան մէկը միւսից երեւելի գրիչների 2 դասերը, ճոխացան սուրբ եկեղեցու պաշտամունքները եւ ստուարացաւ մարդանց հոսքը դէպի եկեղեցիներ: Նրանք գոհանում էին` ստանալով հոգեւոր մեծ մխիթարութիւն, հաղորդւում էին մեծ Խորհրդին եւ ուրախութեամբ գնում իրենց տները:
Պայծառացան եկեղեցիները, շուք ստացան սուրբերի վկայարանները` նրանցում կատարուող մշտանորոգ աղօթքներով եւ մատուցուող ընծաներով: Անվերջ բխում֊հոսում էին Սուրբ Գրքի մեկնութիւնները, որոնք լուսաբանում էին մարգարէների ծածուկ խորհուրդները, եւ ողջ ժողովրդի առջեւ դրւում էին հոգեւոր սնունդով լի սեղաններ: Իմաստութեան հետեւողները ճաշակում էին այդ սեղանից եւ քաղցրացնում իրենց քիմքերը: Եւ մի խօսքով, ողջ երկիրը սուրբ հայրապետի հոգեւոր վտակներից լցուեց Տիրոջ գիտութեամբ, նման այն առատ ջրերին, որոնք լցւում են ծովերը:
Իսկ Վռամշապուհ արքան ապրեց շատ տարիներ եւ խաղաղութեամբ հասնելով խոր ծերութեան՝ վախճանուեց Հայոց աշխարհում:
Նրանից յետոյ մեռաւ նաեւ Պարսից Շապուհ արքան, եւ թագաւորեց նրա որդի Վռամը՝ Կրման արքան: Հայերը նրան խնդրեցին իրենց թագաւոր նշանակել Խոսրովին` Վռամշապուհի եղբօրը, ում նախկինում հայոց գահից զրկել էին տուել` Պարսից Շապուհ արքայի առաջ բանսարկութիւն անելով: Վռամը կատարեց նրանց խնդրանքը. դարձեալ թագաւորեցրեց Խոսրովին, ով արդեն ծեր էր, եւ վախճանուեց ութ ամիս անց:
Պարսից Վռամ արքայից յետոյ Պարսկաստանում թագաւորեց Վռամի եղբայր եւ Շապուհի որդի Յազկերտը, ով, չկամենալով Հայոց աշխարհի վրայ թագաւորեցնել Արշակունեաց տոհմից որեւէ մէկին, թագաւոր նշանակեց իր որդուն, որի անունը եւս Շապուհ էր` իր հօր նոյն անուամբ:
Այս Յազկերտը չարաչար խորհուրդներ ունէր. նա կամենում էր հայոց ազգին քիչ-քիչ ընտելացնել եւ դարձնել իրենց կրօնին` շնորհիւ միմեանց հետ յաճախակի բարեկամութեան եւ ամուսնական փոխադարձ տուրեւառութեան: Այսպէս մտածելով` նա չէր հասկանում Սուրբ Հոգու այն խօսքը, որ ասում է. «Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ընդունայն են» 3: Սակայն երկար չթագաւորելով` Յազկերտը մեռաւ: Նոյն օրն էլ նրա որդի Շապուհին, ով Արշակունու փոխարէն թագաւոր էր կարգուել մեր աշխարհի վրայ, պալատականները դաւադրութեամբ հէնց արքունիքում սպանեցին: Յազկերտից յետոյ Արեաց աշխարհի 4 վրայ թագաւորեց նրա որդի Վռամը: Հայոց իշխաններն էլ, գալով Պարսից արքայ Վռամի մօտ, իրենց համար թագաւոր խնդրեցին Արշակունիների տոհմից, եւ նա թագաւորեցրեց Վռամշապուհի որդի Արտաշէսին:
Այս Արտաշէսը երիտասարդ էր եւ զեխ ու մոլեկան վարք ունէր, որի համար հայոց նախարարները միաբան հաւաքուեցին հայոց մեծ քահանայապետ սուրբ Սահակի մօտ եւ նրան ասացին. «Այլեւս չենք կարող յանդուրժել թագաւորի պիղծ գործերը: Լաւ ենք համարում մեռնել, քան ամէն օր աղտեղութիւններ տեսնել: Չենք կարող նաեւ խղճի յանդիմանութեամբ հաղորդուել այն մեծ, պատուական ու երկնային Խորհրդին` ամէն օր պղծութիւն տեսնելով, որովհետեւ ինչպէս գիտենք, մեղաւոր են ոչ միայն գործողները, այլեւ նրանք, ովքեր յանդուրժում են: Արդ, դու պարտաւոր ես այս անտանելի աղէտը վերացնելու հնար գտնել ու հեռացնել ամբարիշտ թագաւորին, ով անհաւատի պէս բացայայտ արհամարհանքով ոտնատակ է տալիս բոլոր սրբութիւնները»:
Նրանց լսելով` հայոց սուրբ քահանայապետը պատասխանեց. «Նոր բան չէ, որ լսում եմ ձեզնից, գիտեմ ես այդ ամէնը: Գիտեմ նաեւ, որ սրտի կսկիծով էք ասում այդ բաները, եւ ինձ անհնար է ասել, թէ յօրինուածքներ են կամ թէ` ստոյգ չեն ձեր պատմածները: Բայց թէ հոգեւոր մարդուն վայել ի՞նչ հնարքներով պէտք է դուրս գալ այդ դրութիւնից, դա պէտք է քննեն ու գործեն բոլորը»:
Նրանք պատասխանեցին. «Մենք այդ վիճակից ոչ մի ելք կամ հնար չենք գտնում, բացի Պարսից թագաւորին բողոքելուց, որպէսզի նրան հեռացնի թագաւորութիւնից, որը ժառանգելու արժանի չէ: Դրանից բացի ուրիշ ոչինչ չենք կարող անել: Բայց խնդրում ենք քեզ` միաբանուի՛ր մեզ այս հարցում, քանզի պէտք չէ կցորդ լինել թագաւորի անսրբութեանը եւ նրա պիղծ գործերին»:
Երբ սուրբ հայրապետը հայոց նախարարներից լսեց այս ամէնը եւ ստոյգ իմացաւ, որ ողջ երկրի աւագանին հաստատուած է նոյն մտքի ու խորհրդի շուրջ, պատուեց մեծ տրտմութեամբ ու անմխիթար սգով: Նա շատ արտասուքներ թափեց, շատ օրեր հրաժարուեց խօսել նրանց հետ եւ փակուեց մի սենեակի մէջ: Սենեակին մօտեցողները միայն ողբի ու հեկեկոցի ձայներ էին լսում, որովհետեւ Աստուծոյ սուրբ այրը Սուրբ Հոգու զօրութեամբ իր իսկ աչքերով տեսնում էր Հայոց աշխարհի վերջնական կործանումն ու կորուստը: Նա միառժամանակ լռեց եւ առանձնացաւ մի վայրում:
Շատ օրեր անց Հայոց աշխարհի բոլոր իշխանները դարձեալ հաւաքուեցին եւ նոյն պահանջը դնելով սուրբ հայրապետի առաջ, հարկադրեցին, որ միաբանուի իրենց: Իսկ սուրբը, տեսնելով, որ նրանք ոչ մի կերպ չեն հրաժարւում իրենց նախորդ առաջարկից ու վճռից (ըստ որում` թագաւորի անօրէն գործերն առաւել ու առաւել էին շատանում` մեծացնելով իշխանների միաբանութիւնը` ի կորուստ իր անձի), դիմեց բոլորին` ասելով. «Թէ՛ ես, թէ՛ դուք, իբրեւ Աստծուց ուսեալներ, ճշմարտութիւնն էնք ասում: Մենք պէտք է այդ մարդու թերութիւնը յանդուրժելով` արտասուքով ու թախանձանքներով դիմենք մեր ամենողորմ Փրկչին` Յիսուս Քրիստոսին, եւ մի հնար գտնենք մոլորուածի համար, քանզի, թէպէտ նա մեղաւոր է, սակայն ըստ աւազանի ծննդեան` մեր եղբայրն է ու մեր մարմինը: Յիշէ՛ք, թէ ինչ ասաց սուրբ Պօղոս առաքեալը, որն աւանդելով ուսուցանեց նաեւ ձեր հոգեւոր հայրն ու քահանայապետը` սուրբ Գրիգորը. «Եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները, եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» 5: Պէտք է յիշել ու մտաբերել սուրբ Գրիգորի չարչարանքներն ու նեղութիւնները, բանտերն ու կապանքները, այն պաղատանքներն ու աղօթքները, որ համայն աշխարհի համար ուղղեց Աստծուն եւ ձեռք բերեց ամենաթանկը` Սուրբ Հոգու շնորհիւ ճշմարիտ հաւատին դարձրեց հեթանոսներին, հեռացրեց ու հալածեց ձեզնից դիւային մոլութիւնները, սերմանեց ու ծաղկեցրեց աստուածպաշտութեան ճշմարիտ հաւատը ձեր մէջ: Եւ դուք նոյն օրինակով պարտաւոր էք ողորմութիւն խնդրել մեղաւոր անդամի համար եւ ոչ թէ նրան անօրէնների ձեռքը մատնելով` թոյլ տաք, որ ծաղրուի մեր սուրբ հաւատը: Յիշէ՛ք իմ եւ ձեր սուրբ հօրը եւ վարդապետին, ով գիշեր֊ցերեկ հառաչելով եւ անդադար հայցելով ամէնքի արարիչ Քրիստոսին` վերստին մարդկային բնութեան վերադարձրեց նրան 6, ով անասնական բնութիւն եւ կերպարանք էր առել: Եւ դուք` նրան աշակերտած հոգեւոր վարդապետների միաբանութեամբ, արտասուալից աղաչանքներով հաշտեցրէ՛ք ամենակարող Աստծուն, Ում համար հնարաւոր է ամէն բան, եւ ոչինչ չի տկարանում Նրա զօրութեան ահեղ հրամանների առաջ: Նա մարդասիրաբար կը տայ մեզ դժուարին թուացողը: Նա կատարում է միամիտ սրտով եւ ոչ թերահաւատութեամբ աղօթողների խնդրանքները, քանզի ասել է. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրա համար Իմ Հօր կողմից, որ երկնքում է»7։ Իսկ արդ, եթէ երկու֊երեք աներկմիտ խնդրողների հայցուածներն է կատարում, ապա որքան աւելի արագ կը շնորհուի այսքան բազմութեան խնդրանքը, մանաւանդ, եթէ այն մատուցուի անձանձրոյթ, ջերմ հառաչանքներով եւ անթերահաւատ յոյսով: Եւ ինչպէ՞ս չի պարգեւի առաւելը, քան հայցուածներն են: Իսկ որ ասում էք` միաբանուեմ ձեզ, քա՛ւ լիցի, որ ես մեր ճշմարիտ հաւատի մատնիչը լինեմ եւ իմ հօտի մոլորեալ ոչխարին յանձնեմ անհաւատներին` ծանակուելու: Որովհետեւ, թէպէտ նա մեղաւոր է, սակայն ունի սուրբ Աւազանից ծննդեան դրոշմը, գիտէ փրկութեան մասին եւ իրազեկ է կեանքի Աւետարանին: Արդ, եթէ իմ Եկեղեցու վիրաւոր ոչխարին տանէիք առողջ բժշկի մօտ, կը շտապէի եւ չէի յապաղի, սակայն իմ հիւանդ հոգեորդուն մատուցել ամենաախտալից ատեանին, երբէք յանձն չեմ առնի: Եթէ պէտք լինէր յանդիմանութիւն տանել հաւատացեալ թագաւորի առջեւ, թերեւս համարձակուէի` մոլորուածին գտնելու յոյսով, սակայն հաւատացեալին մեղքերի համար կշտամբել անհաւատների առջեւ` չեմ համաձայնի, քանզի ինքս միշտ ուսուցանել եմ Պօղոսի այն խօսքը, որ ասում է. «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սուրբերի առաջ: Չգիտէ՞ք, թէ սուրբերն են դատում աշխարհը: Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու: Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ` երկրաւորներին: Իսկ դուք, եթէ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, ովքեր անարժէք են: Յամօթ ձեզ եմ ասում: Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, ով կարողանայ դատ անել իր եւ եղբօր միջեւ: Սակայն եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ` անհաւատների առջեւ» 8: Եւ արդ, եթէ ես ուսուցանում եմ շատերին, ինչո՞ւ նախ չուսուցանեմ ինձ: Լաւ կը լինի, որ ես մեռնեմ, քան թէ հաւատացեալին անարժան գործերի համար մատնեմ անօրէնների ձեռքը: Թէպէտ նա պոռնիկ է, սակայն իր անձի վրայ Քրիստոսի հօտի կնիքն է կրում, թէպէտ մարմնով անառակութին է գործում, սակայն անհաւատ ու հեթանոս չէ, շուայտ կեանք է վարում, բայց կրակապաշտ չէ, տկար է կանանց հանդէպ, բայց չի ծառայում տարերքներին, հիւանդ է մէկ ցաւով, սակայն ամբարիշտների պէս չի վարակուած ամէն ախտերով: Եւ ինչպէ՞ս սակաւամեղ մարդուն մատնենք ամենաամբարիշտներին, որ կորստեան մատնեն նրան: Քա՛ւ լիցի, հեռացրէ՛ք այդ խորհուրդները ձեզնից եւ ձեր նախնիների պէս մի՛ փորձէք կորստեան մատնել ձեր տան տէրերին»:
Սուրբ կաթողիկոսն այսպիսի եւ առաւել քան այսպիսի խրատներ տուեց աւագանուն, սակայն չկարողացաւ նրանց հեռացնել իրենց միաբանութիւնից ու խորհուրդներից, որովհետեւ եկել, նրանց վրայ էր հասել Աստուծոյ սուրբ այր Ներսէսի անէծքը` ընկնել հեթանոսների ծառայութեան չար լծի տակ: Եւ նրանք միաբերան պատասխանեցին սուրբ քահանայապետին ու ասացին. «Քանի որ դու չանսացիր մեզ եւ հեռացրիր քեզ մեր միաբանութիւնից, իմացած եղիր, որ ինչպէս մտադրուել ենք, նա այլեւս չի թագաւորի մեզ, եւ խոստանում ենք, որ դու եւս որպէս քահանայապետ երկար չես մնայ մեր երկրում»:
Վրդովուած սուրբի խրատներից` այսպէս խօսեցին Հայոց երկրի աւագներն ու տանուտէրերը: Խիստ զայրացած` այլեւս չկամեցան մնալ քահանայապետի մօտ ու հեռացան:
Այնուհետեւ միաբանուած գնացին Պարսից արքունիք ու ներկայացան Վռամ արքային: Նրանց հետ էր նաեւ Սուրմակ անունով մի երէց` Բզնունեաց գաւառի Արծկէ գիւղից: Սա էլ, միաբանուելով հայոց նախարարներին եւ, խոցուած սուրբ հայրապետի խրատից, Պարսից աւագանու առջեւ հայոց թագաւոր Արտաշէսի մասին աւելի անմիտ ու աղտեղի խօսքեր ասաց, քան հայոց բոլոր նախարարները: Սա այդ ծառայութիւնը մատուցեց նախարարներին, որովհետեւ աւագներից ոմանք նրան խոստացել էին Հայոց աշխարհի կաթողիկոսական Աթոռը:
Լսելով այդ բողոքները՝ Պարսից արքան, նրանց այլեւս թոյլ չտուեց շարունակել, մինչեւ որ ամբաստանուողները չգային արքունիք: Անմիջապէս դեսպան ուղարկեց հայոց Արտաշէս թագաւորի մօտ եւ նրան հրամայեց մեծ քահանայապետ սուրբ Սահակի հետ շտապ ներկայանալ իրեն: Երբ նրանք եկան արքունիք, Պարսից թագաւորը նախ առանձին խօսեց հայոց Արտաշէս թագաւորի հետ` հարցնելով. «Ինչո՞ւ են հայոց նախարարներն ամբաստանում քեզ»: Եւ նա պատասխանեց. «Ամենեւին չգիտեմ, թէ ինչ են չարախօսում իմ մասին, սակայն գիտեմ, որ ինչպէս ի բնէ սովոր են, թշնամանում են իրենց տէրերի հետ: Նրանք միշտ փոխել են իրենց իշխաններին եւ եղել տիրատեացներ, նոյն օրինակով են վարւում նաեւ այժմ եւ կամենում են կատարել իրենց չար նպատակները»:
Ապա Արեաց Վռամ թագաւորը հրամայեց առանձին իր մօտ կանչել հայոց սուրբ կաթողիկոսին, որովհետեւ մեծարում էր նրան նախ` որպէս Սուրէնի 9 տոհմակից, եւ նաեւ` Աստուած Իր ծառաներին պատուական է ցոյց տալիս անհաւատների առջեւ: Հարցուփորձ անելով երանելի կաթողիկոսին` արքան ցանկանում էր նրանից իմանալ հայոց թագաւորից չարախօսողների նպատակները, իսկ նա պատասխանեց. «Չգիտեմ, թէ նրանք ինչ են խօսում արքայի դէմ: Թող իրենք ասեն, եւ դուք իրենցից լսէք: Ինչ որ ասեն ձեր առջեւ, թող հատուցումը իրենց անձանց վրայ լինի: Ինձ ոչինչ մի՛ հարցրէք, որովհետեւ ինձնից ոչ մի չար կամ բարի բան չէ՛ք լսի»:
Այնժամ Վռամ թագաւորը կանչեց իր հազարապետ պահլաւ Սուրէնին, ով մեծ քահանայապետ Սահակի ազգակիցն էր, յանձնարարեց յորդորել Սահակին` միաբանուել հայոց նախարարներին, վկայել նրանց չարախօսութիւնների մասին եւ մեծամեծ պարգեւներով ու պատուով վերադառնալ իր երկիրը եւ կաթողիկոսական իշխանութեանը: Սուրէնն արքայի պատգամը յայտնեց երանելի Սահակին` խոստանալով մեծ պատիւ եւ օգուտ ունենալ թագաւորի կողմից: «Թէ ընդունես նրա կամքը, ասաց, եւ հաստատես հայոց նախարարների վկայութիւնները, ապա մեծ պատիւներով կը վերադառնաս քո իշխանութեանը, իսկ եթէ յամառես, ապա կը կորցնես կաթողիկոսական աթոռը եւ կը զրկուես քո ունեցած իշխանութիւնից: Ես, որ քո ազգակիցն եմ, բարին եմ կամենում եւ հեշտութեամբ չէ, որ քեզ բարեկամական խրատ եմ տալիս»: Այսպէս ջանում էր համոզել սուրբ Սահակին, որովհետեւ պարսից արքան կամենում էր վերացնել հայոց թագաւորութիւնը:
Սակայն սուրբը բնաւ յանձն չառաւ վկայութիւն տալ, այլ անսասան մնալով` ասաց. «Ես չգիտեմ, թէ ինչ վատթար գործեր է արել Արտաշէսը, որոնցով արժանի լինէր ձեր կողմից դատուելու կամ անարգուելու: Թէպէտ ըստ մեր սրբասէր օրէնքների` նա արժանի է անարգանքների ու նախատինքների, սակայն ըստ ձեր աղտեղասէր օրէնքների` նա արժանի է գովասանքի ու մեծարանքների»:
Սուրէնն իր տոհմակից հայրապետի այս խօսքերն անմիջապէս հաղորդեց Արեաց թագաւորին, իսկ սա անասելի ցասման ներքոյ կարգադրեց բազմամբոխ ատեանի առջեւ հարցաքննել հայոց նախարարներին ու Արտաշէսին: Հայոց իշխաններն սկսեցին իրենց թագաւորի վրայ բարդել տեսակ֊տեսակ աղտեղի ու անարժան խօսքեր: Խօսում էին ոչ միայն նրա արածների մասին, այլեւ թշնամաբար բարդում էին մեծամեծ վնասակար մեղադրանքներ, որոնք թէպէտ Արտաշէսն ուրանում էր, սակայն լսողները չէին հաւատում, որովհետեւ կամենում էին մէջտեղից վերացնել Արշակունիների թագաւորութիւնը: Արտաշէսին մեղադրողները Արեաց թագաւորի եւ արքունի ամբողջ աւագանու առջեւ ասացին. «Ի՞նչ պէտք է թագաւորը, թող ժամանակ առ ժամանակ մի վերակացու պարսիկ իշխան գայ, որպէսզի նա, տեսնելով իւրաքանչիւրիս հպատակութիւնն ու ոչ հպատակութիւնը, յայտնի ձեզ»:
Այս լսելով` Վռամը եւ արքունի աւագանին շատ ուրախացան: Անմիջապէս կարգադրեց Արտաշէսից վերցնել թագաւորութիւնը, սուրբ Սահակից էլ` կաթողիկոսական աթոռը, որովհետեւ նա չէր միաբանուել հայոց նախարարներին եւ չէր տուել իր վկայութիւնը: Այսպէս Արտաշեսի վեցերորդ տարում վերացաւ Արշակունիների թագաւորութիւնը` համաձայն երանելի եւ մեծ քահանայապետ Ներսէսի խօսքի:
Հայոց աշխարհն ընկաւ Պարսից անօրէն իշխանութեան լծի տակ: Հայոց նախարարներն իրենց համար կաթողիկոս խնդրեցին Պարսից արքունիքից, եւ Վռամ թագաւորը նրանց տուեց Բրքիշոյ անուամբ ազգութեամբ ասորի մի մարդու:
Եւ յետոյ աւագ սեպուհները, Եկեղեցու միաբանութիւնը եւ ողջ ժողովուրդը ողբում էին կորցրած սուրբ վարդապետութեան համար, որը սերմանեցին ու աճեցրին սուրբ Գրիգորն ու նրա ժառանգները եւ որը երանելի առաքեալների պէս ընդունել էին ո՛չ թէ մարդուց, այլ Սուրբ Հոգուց: Եւ դարձեալ միահամուռ հաւաքուեցին, գնացին Աստուծոյ սուրբ այր Սահակի մօտ, բազմազեղ արտասուքներ թափելով եւ աղերսագին թախանձանքներով ընկան նրա ոտքերը` ասելով. «Մեղանչել ենք երկնքի դէմ եւ քո առջեւ: Ների՛ր մեր յանցանքները եւ վարուի՛ր քո նախնի բարեպաշտ սուրբ Գրիգորի օրինակով, ով չյիշեց իր այնքան տանջանքներն ու չարչարանքները, որ նրան հասցրին մեր նախնիները: Նմանուի՛ր ամէնքի Արարչին, Ով չարը բարութեամբ փոխհատուցելով՝ Իր հետեւորդների առջեւ բացեց առ Աստուած տանող ճանապարհը եւ ուսուցանեց երկնաթռիչ վարքը: Նա բոլորին սովորեցրեց հանապազ ասել. «Ների՛ր մեր մեղքերը, ինչպէս որ մենք ենք ներում մեր դէմ մեղանչողներին»: Արդ, Դու, որ անդադար վարդապետում էիր, ցո՛յց տուր Նրա փառաւորութիւնը քո անձի մէջ եւ Նրա երկայնամտութեան օրինակով ների՛ր մեզ: Մենք կը ջանանք եւ արքունիքում կը խնդրենք, որ քեզ հաստատեն սուրբ Եկեղեցու քո հայրենի կաթողիկոսական Աթոռին, որից լուսաւորուելով` տեսանք անմատչելի արդարութեան Արեգակին: Թող պղտոր ուսմունքը չխառնուի մեր սուրբ եւ առաքելանման Գրիգոր հայրապետի յստակ ու ականակիր վարդապետութեանը, քանզի թոյլ առաջնորդների պատճառով տկարանում է սուրբ, անարատ քարոզութիւնը: Եւ ահա յաւիտենական կորստի ենք մատնւում մենք եւ մեզնից ծնուածները»:
Շատ օրեր, գիշեր թէ ցերեկ այսպիսի պաղատանքներ էին մատուցում սուրբին, սակայն ամենեւին չկարողացան փոխել այդ արդար մարդու միտքը: Նա խաղաղութեամբ ասում էր բոլորին. «Երկնաւոր Արարիչը եւ Քրիստոս ինձ որեւէ մէկի վրայ բարկանալ չի սովորեցրել: Նա, Ով խաչի վրայ Իրեն խաչը հանողների համար աղաչում էր Իր Հօրը` դա մեղք չհամարել նրանց, մեզ պատուիրում է` օրհնել մեր հալածիչներին եւ բարիք անել մեզ ատողներին: Սակայն ես չեմ կարող քահանայ լինել տիրանենգ, տիրասպան եւ մատնիչ ժողովրդի համար, քանզի Սուրբ Հոգին, Ով մեզ վերստին ծնեց սուրբ աւազանով, որպէսզի ժառանգակիցներ լինենք Քրիստոսին, ասել է. «Մի՛ դատէք, որպէսզի չդատապարտուէք» 10, նոյնն ասաց նաեւ երկնաքաղաքացի Պօղոսի բերանով, թէ` «Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել» 11: Եւ դարձեալ ասում է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ Ես կը հատուցեմ» 12: Ուրեմն, դուք ձեր մասին մտածէք: Դուք վրէժխնդիր եղաք ձեր թագաւորի գործերի համար եւ նրա վրայ զայրացած` մեր Եկեղեցու սուրբ հաւատը անօրէնների առաջ ծաղրի մատնեցիք: Ինչպէ՞ս կարող էք ինձ մխիթարել, ես ո՞ւմ քահանայ լինեմ, երբ Քրիստոսի հօտի վիրաւոր ոչխարին տեսնում եմ ո՛չ թէ վէրքերը պատուած, ո՛չ թէ ձէթով ու գինով օծուած, գրաստի վրայ դրուած ու պանդոկ տարուած, այլ անխնայ յօշոտուած եւ պատառոտելու համար գիշատիչ գազանների առջեւ գցուած: Հեռացէ՛ք ինձնից եւ թո՛յլ տուէք ողբալ Հայոց աշխարհի ընդհանուր կորուստը, որը տեսնում եմ հոգուս աչքերով: Մի՛ բռնադատէք ինձ որ մխիթարուեմ կաթողիկոսական գահով երբ ժողովուրդը կորստեան է մատնված: Այս աղէտալի դէպքերը նախքան իմ եպիսկոպոս ձեռնադրուելը ինձ յայտնեց վերին կանխասացութիւնը մարգարէական այն տեսիլքի օրինակով, որը յայտնուեց սուրբ նահատակ Գրիգորին եւ ինձ ցոյց տուեց այն իրողութիւնները, որ պիտի լինեն ապագայում: Եւ ես այժմ ստիպուած եմ սրտի ցաւով այն պատմել ձեզ. ունկնդրէ՛ք ինձ, ո՛ղջ ժողովուրդ.
«Շատ տարիներ առաջ անմխիթարական խորհուրդներս նեղում էին ինձ, անդադար յիշեցնում եւ Բարձրեալին աղաչել տալիս՝ ինձ արու զաւակ շնորհել, ինչպէս իմ նախնիներին, ովքեր ամուսնանում էին` որդի ունենալու համար: Սակայն արդար է Հզօրի բաշխումը իւրաքանչիւրին, եւ Նա գիտէ առաւել, քան մենք ենք խորհում ու իմանում: Աղուհացի շրջանի 13 Աւագ Հինգշաբթի օրը` երեկոյեան հսկման Պատարագին 14, հաղորդուեցի Քրիստոսի սուրբ եւ մեղսաքաւիչ Խորհրդին: Ոչինչ չէի ճաշակել, բացի աղից, հացից ու ջրից` պահելով Նիկիական ժողովի աւանդած կանոնը, որը Սուրբ Հոգին հաստատել էր կնիքով: Երկար սաղմոսերգութեան կանոնն աւարտելուց յետոյ, սպասաւորների դասը նստած եւ բազմօրեայ տքնութիւններից հոգնած, կիսամեռ եղածների պէս խոր քուն մտաւ: Նրանք քառասնորդական օրերն անց էին կացրել խիստ պահեցողութեամբ եւ գիշեր ու ցերեկ անդադար աղօթելով, իսկ Աւագ շաբաթը կամեցան առաւել խստացնել իրենց չարչարանքները` յուսալով ուրախալից քրտինքով արժանանալ վարձքի հատուցմանը: Վառուած էին բոլոր ճրագներն ու կանթեղները: Ընթերցողը կամաւոր երկարացնում էր ընթերցուածքները, որպէսզի սպասաւորները փոքր-ինչ շունչ առնէին եւ հասնէին նրանց համար սահմանուած կանոնին: Գիշերային արարողակարգն սկսելու համար սպասում էին ժողովրդի հաւաքուելուն, քանզի իւրաքանչիւր ոք` տղամարդ թէ կին, փափագում էր արթնութեամբ արժանանալ իր անձի փրկութեանը: Եւ ես նստած էի Աստուծոյ Սեղանի մօտ` Վաղարշապատ քաղաքի սուրբ եկեղեցում:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒԻ ՏԵՍԻԼՔԸ 15: , ՈՐ ՏԵՍԱՒ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԲ ԲԵՄԻՆ` ԱՍՏՈՒԾՈՅ ՍԵՂԱՆԻ ՄՕՏ, ՆՍՏԱԾ ԷՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ` ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԷԻ ՄԷՋ: ԱՐԴ, ԴՐՈՇՄԷ՛Ք ԱՅՍ ՏԵՍԻԼՔԸ, ՈՐՈՒՄ ՀՕՐ, ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՕՍՔԵՐՆ ԵՆ:
«Եւ ահա յանկարծ բացուեց երկնքի հաստատութիւնը, որից առատ լոյս ծագեց ու լցրեց ողջ երկիրը: Երկրի վրայ կանգնելով` ինձ երեւաց ամպեղէն քառակողմ բեմ, որի բարձրութիւնը հասնում էր մինչեւ երկինք, իսկ լայնութիւնը տարածուելով ծածկում էր ամբողջ երկիրը: Բեմի վրայ երեւում էր Տիրոջ սպասաւորութեանն արժանի, ազնիւ ոսկուց խորանարդաձեւ տետրասկեղ 16: Այն ծածկուած էր շատ նուրբ, սպիտակափայլ կտաւով: Այդ խորանաձեւ ծածկոյթի վրայ յայտնապէս երեւում էր տէրունական Խաչի նշանը, որի երեւմունքը նիւթեղէն չէր, այլ լուսեղէն: Եւ յանկարծ խաղաղասիւք օդի շնչիւն եղաւ, եւ բացուեց կտաւի խորանաձեւ ծածկոյթի մի փեղկը: Ես նայեցի նրա միջով եւ տեսայ, որ ահա բեմի վրայ կար քառակողմ, ակնակուռ սեղան` ընդելուզուած բազմագոյն ու պատուական քարերով: Սեղանի վրայ կար մի սուրբ հաց եւ խաղողի մի ողկոյզ` ըստ փրկութեան երկնային խորհրդի պատուականութեան: Եւ սուրբ խորհրդին մօտիկ երեւում էր սաղարթաշատ եւ յոյժ պտղալից մի ձիթենի, որի բարձրութիւնն ու լայնութիւնը չէի կարողանում ընդգրկել իմ հայեացքով: Այն ունէր շատ պտուղներ, իսկ տեսքն ու գեղեցկութիւնն անպատում էր եւ սքանչելի: Ձիթենու չորս ոստերն առանձնացած էին եւ խոնարհուած՝ դէպի երկիր: Երեք ոստերը միաչափ էին, իսկ պտուղները` հաւասար եւ համանման, սակայն չորրորդը թերի էր եւ սակաւապտուղ: Եւ այս չորրորդ ոստի պտուղները բնաւ նման չէին ձիթենու երեք ոստերի պտուղներին ո՛չ իրենց փարթամութեամբ, ո՛չ էլ իրենց լիութեամբ, այլ թուով առաւել նուազ ու վտիտ էին ու ասես թորշոմած լինէին:
Եւ բեմի ձախ կողմում տեսայ մի քառակողմ ու բարձր Աթոռ: Այն ծովագոյն էր, սառնակերպ եւ ծածկուած թխագոյն թանձր կտաւով: Փչող քաղցրաշունչ օդից կտաւը բարձրացաւ եւ ահա Աթոռի վրայ տեսայ մեծ արծաթէ սկուտեղ: Սկուտեղի վրայ դրուած էր ծալուած մի բեհեզեայ նափորտ 17, նրա մօտ` ոսկէ մի գունդ, քառակուսի մի մագաղաթ: Մագաղաթի վրայ՝ վերին մասում, կային ինչպէս ճարտար գրչի ձեռքով գրուած տողեր` սքանչելի, ոսկէտեսիլ գրով, իսկ մագաղաթի միջին մասում` ոսկէգիր շարուածքից հեռու, երեւում էին եղծուած տողեր` ջնջուածի պէս: Բնաւ չէր երեւում ո՛չ նրանց ձեւը, ո՛չ էլ գրատեսակը: Եւ միայն մագաղաթի վերջում` ջնջուած տողերից հեռու, դարձեալ տեսնում էի մէկ ու կես տող ոսկէնախշ գրուածք` յոյժ սքանչելի, ինչպէս մագաղաթի սկզբում գրուած տողերը: Մագաղաթը մինչեւ եղծուած տողերը ոսկէգոյն էր, իսկ նրանից այն կողմ` կարմրադեղին: Սկուտեղի եզրամասի մօտ կային արու մանկանց բազմութիւն եւ քիչ թուով աղջնակներ: Նրանք բոլորը լուսազգեստ էին եւ պայծառ: Նրանց պատմուճանների փայլատակումից արձակւում էին ճառագայթներ` կարմրագոյն նշոյլներով: Նրանք գոյնգոյն եւ տարբեր֊տարբեր երանգներով էին երեւում: Նրանք բոլորը նայում էին սուրբ Սեղանին, եւ բնաւ իրենց հայեացքները չէին հեռացնում փրկչական Խորհրդից:
Յանկարծ Աթոռն սկսեց շարժուել սաստիկ դղրդիւնով: Այնժամ մանուկներն անմիջապէս երիտասարդ դարձան, կատարեալ հասակ առան եւ թեւեր առնելով` բարձրացան վեր` դէպի սուրբ Սեղանը, որն ընդելուզուած էր բազմագոյն քարերով, ու սկսեցին երգել «Սուրբ Աստուած»ը: Ապա սուրբ Սեղանը, նրանց իր հետ առած, համբարձուեց երկնքի հաստատութիւնից վեր ու ծածկուեց: Եւ այսպէս աներեւոյթ լինելով` տեսիլքն աւարտուեց, իսկ ես մնացի մեծապէս ապշած եւ զարհուրած:
Եւ ահա յանկարծ երկնքից ինձ երեւաց մարդու կերպարանքով մի լուսեղէն այր, որի երեսից ճառագող սաստիկ լոյսը խաւարեցրեց եւ ծածկեց արեգակի լոյսը: Եւ սլանալով՝ այրը եկաւ այնտեղ, ուր ես էի, իսկ ես առաւել հիացած ու ապշած նրա փայլակնացայտ երեւմունքից` դողալով ընկայ երեսիս վրայ: Նա ինձ վեր կացրեց եւ ամուր ոտքի կանգնեցնելով` ասաց. «Քաջալերուի՛ր, զօրացի՛ր եւ մի՛ երկնչիր, այլ ամրացրո՛ւ սիրտդ Հզօրի անուամբ, Ով արարեց ամէն ինչ եւ քեզ ցոյց տուեց Իր արարչութեան կանխատես մեծ խորհուրդը»: Ուշքի գալով՝ ես զօրացայ նրա խօսքերից եւ ոտքի կանգնեցի: Նա ասաց ինձ. «Ինչո՞ւ ես տրտմած եւ կամ ինչո՞ւ են զուր հոգսերը պղտորել քո յստակ միտքը: Անգէտ խորհուրդներ ընդունելով` խռովւում էիր արու զաւակ չունենալու համար, երբ քաջածանօթ ես Հզօրի կամքին, Ով Իր գիտութեամբ իւրաքանչիւրին բաշխում է իր օգուտը եւ չի արգելում որեւէ մէկին ստանալ իր արժանին: Եւ արդ, գթալով ու սիրելով քեզ` Բարձրեալը կամեցաւ հեռացնել քեզնից այդօրինակ ընդունայն մտածումներդ եւ մխիթարել այս տեսիլքով: Քեզ ցոյց տուեց մեծ յայտնութիւն ոչ միայն առաջիկայի, այլեւ ապագայի բոլոր դէպքերի, որ պիտի լինեն մինչեւ աշխարհի վերջը, եւ յայտնեց Քեզ ու բոլոր Իր խօսքին հաւատացողներին, ինչպէս որ քո արդար նախնուն` սուրբ Գրիգորին: Քեզ ցոյց տրուեց այն ամէնը, ինչ պիտի լինի մինչեւ աշխարհի վախճանը: Եւ արդ, լսի՛ր ինձ, եւ ես քեզ կը պատմեմ մեծ յայտնութեան մեկնութիւնը, ինչպէս ինձ հրամայուեց վերին Զօրութեան կողմից: Ունկնդրի՛ր ինձ մեծ զգուշաւորութեամբ եւ իմ խօսքերն անմոռաց գրի՛ր քո սրտի տախտակին: Դրոշմելով այն մագաղաթի վրայ` կը թողնես հաւատացեալ ժողովրդին` զգաստութեան համար մինչեւ աշխարհի վերջը»:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿԻ ՏԵՍԻԼՔԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԸ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՐԵՇՏԱԿԻ ԿՈՂՄԻՑ, ՈՐԸ ՅԱՅՏՆԱՊԷՍ ՑՈՅՑ ՏՐՈՒԵՑ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ԱՆՁԻ ԵՒ ԱՌԱՆՁԻՆ ՏՆԵՐԻ, ՄԱՐԴԿԱՆՑ ԿԵԱՆՔԻ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ
Երկնքի հաստատութեան բացուելը եւ երկրի ողջ երեսով մէկ սաստիկ լոյս սփռուելը, որ տեսար, նշանակում է, որ Աստուծոյ կենարար Որդու առաջին Գալուստից յետոյ բացուել է Նրա ողորմութեան շնորհի դուռը բոլոր նրանց առջեւ, ովքեր սիրում են Նրան եւ պահում Նրա պատուիրանի խօսքերը, եւ որոնց մէջ ծագելով այդ լօյսը` լուսաւորւում են Նրա գիտութեան փառքի լոյսով: Երկրից մինչեւ երկինք բարձրացած քառակողմ կանգնած բեմը, որ երեւաց քեզ, ճշմարիտ հաւատն է, որով արդարները վերանում են աշխարհի կեանքի ծանրութիւնից դէպի երկնային թեթեւ բնակութիւն: Եւ բեմն ամպեղէն գոյնով երեւաց, որովհետեւ Նա վերացաւ ամպով եւ նորից պիտի գայ` արդարներին բարձրացնելու ու հասցնելու Իր Հօր արքայութեան տան բազում օթեւանները, որի մասին գիտես Սուրբ Հոգուց, որ ընտիր այր Պօղոսի բերանով ասել է. «Ամպով պիտի յափշտակուենք, Տիրոջն ընդառաջ` օդի միջով» 18: Բեմի վրայ գտնուող ոսկէ տետրասկեղը, որի վրայ գցուած մաքուր, նուրբ կտաւը ծածկել էր սուրբ Սեղանը եւ խորհուրդը, իմացի՛ր ու ճանաչի՛ր, քանզի ծածուկ եւ անյայտ է աստուածային գիտութեան խորհուրդը, պատուական է եւ սուրբ` ընտիր մաքուր ոսկու եւ կտաւի լուսափայլ մաքրութեան պէս: Նրա վրայ կանգնեցուած կենդանացուցիչ Խաչի նշանը, որ երեւում էր, նշանակում է նախ՝ մեղքով գլորուած բոլոր մարդկանց կենդանացած վեր ելնելը, եւ դարձեալ` Քրիստոսի Գալստեան ժամանակ նախ Խաչը պիտի երեւայ, եւ ապա պիտի լինի Դատաստանը եւ իւրաքանչիւրին ըստ գործերի հատուցումը:
Իսկ քաղցրաշունչ օդը, որը բարձրացրեց կտաւի մի մասը, մի՛տդ բեր Սուրբ Հոգուց դէպի քեզ բխած քաղցր զեղումը, որով Իր սուրբերին յայտնում է Իր աստուածութեան ծածուկ խորհուրդը: Ներսում տեսար պատուական քարերով ընդելուզուած ոսկէ սեղանը, որը ցոյց է տալիս Սուրբ Երրորդութեան միութիւնը, Ում ուրախացնում է արդարների վարքն ու ճգնութիւնները՝ որպէս զանազան պատուական քարեր նրանց Իր վրայ առնելով: Նրանք, Նրա հետ սուրբ Սեղանին բազմած, արժանաւորապէս ճշմարտութեամբ ճաշակում են Փրկչի Մարմինն ու Արիւնը, որը ցոյց էր տալիս Սեղանին դրուած հացն ու ողկոյզը,որոնք էլ Տիրոջ կենարար չարչարանքների Մարմնի եւ Արեան օրինակն են: Իսկ քեզ ցոյց տրուած բարձր ու սաղարթախիտ, բազմապտուղ ու սքանչելատեսիլ ձիթենին, որը շատ մօտ էր Տէրունական Խորհրդին, նշանակում է մարդկանց ընծայաբերութիւնները, ողորմութիւնները եւ միմեանց հանդէպ սէրը: Քանզի բոլոր բարեգործութիւնների մէջ Աստուածութեանը ամենամօտը եւ նրա առջեւ առաւել պատուականը աղքատասիրութիւնն է, որով ընտիր երեւացին նախկին արդարները` Աբրահամը, Իսահակը եւ Յակոբը: Առանց նրա արհամարհուեց կոյսերի կուսութեան վաստակը, եւ նրանք հարսանիքից հեռացուեցին: Նրանով է երեւում Քրիստոսի քարոզութեան կնիքը մարդկանց վրայ, քանզի ասաց. «Եթէ դուք սիրէք միմեանց, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն էք» 19: Առաւել եւս նա, ով առատապէս, զուարթութեամբ եւ յօժարութեամբ է կատարում սիրոյ պատուիրանը ոչ միայն աղքատների, այլեւ ընկերների, եղբայրների եւ բոլորի հանդէպ, խաղաղութիւն է հաստատւում աշխարհում, եւ փառաց Տէրն է բնակւում նրա մէջ` շնորհելով հանգիստ ու առատ պտղաբերութիւն, ինչպէս այն բարձր, լիապտուղ եւ սաղարթախիտ ձիթենին, որ տեսար: Տեսար ձիթենու չորս ոստերը, որոնք խոնարհուել էին ցած` դէպի երկիր. երեք ոստերը հաւասարաչափ էին իրենց տեսքով ու պտուղներով, իսկ չորրորդը, ինչպէս քեզ ցոյց տրուեց, նրանց կէսի չափ էր ու նուազ` իր պտղաբերութեամբ: Նրաց պտուղները վտիտ էին ու թորշոմած, բերքը` քիչ եւ ոչ նման ձիթենու այլ լիատեսիլ պտուղներին: Արդ, սեւեռի՛ր միտքդ, լսի՛ր եւ ես քեզ կ՚ասեմ, թէ ինչ սահմանեց Բարձրեալը: Այսուհետեւ, մինչեւ աշխարհի վախճանը երեք տասնեակ եւ կէս տասնեակ տարիները պիտի համառօտուեն (կարճուեն) ամբողջ աշխարհի վրայ, մինչեւ որ երեւայ անապատի պիղծը, որի մասին Սուրբ Հոգին յայտնել է Դանիէլ մարգարէին եւ յայտնապէս պիտի լինեն երեք հարիւր յիսուն տարի` ըստ երեք եւ կէս ոստերի միանման պտուղների: Տեսար, որ ոստի պտուղները թոռոմած են, թորշոմած եւ նման չեն ձիթենու այլ պտուղներին: Ստուգապէս իմացի՛ր, որ վերացել է սէրն ու արդարութիւնը մարդկանց միջից, ովքեր ստութեամբ եւ ոչ ճշմարտութեամբ իրենց ցոյց են տալիս որպէս պատուիրանապահ եւ բարէսէր: Եւ դա յայտնապես գրուած եւ կնքուած է ամենագէտ Աստուծոյ Գրքում, Ով ներում է երկայնամտութեամբ եւ հատուցում անաչառութեամբ:
Բեմի ձախ կողմում քեզ ցոյց տրուած ծովագոյն ու սառնակերպ քառակողմ Աթոռը նշանակում է քահանայութեան եւ թագաւորութեան անկումը, որն արդարեւ Բանն Աստուած Ինքն է հաստատում: Նրա վրայ կար արծաթէ սկուտեղ, որովհետեւ Աստուծոյ խօսքը, ինչպէս փորձուած, ընտիր եւ լուսափայլ արծաթ, սփռուելով տարածուեց բոլոր ազգերի մէջ, որի մասին մարգարէն Սուրբ Հոգով ասում է. «Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ` եօթնապատիկ մաքրուած ու զտուած երկրից» 20: Մարգարէն ասում է «զտուած երկրից»` նկատի ունենալով Աստուծոյ Որդու` սուրբ Կոյսից մարմնով երեւալը: Աթոռի ծովագոյն սառնանման տեսքը նշանակում է Հայոց աշխարհի ծփացող ալեկոծութիւնները, իսկ թխագոյն թանձր կտաւով պատուելը նշանակում է այն թանձրամած սուգը, որ պիտի ունենայ ամբողջ աշխարհը:
Եւ տեսար, որ սկուտեղի վրայ ծալուած դրուած էր բեհեզեայ նափորտ եւ նրա մօտ` ոսկէ գունդ: Առաջինը նշանակում է քահանայութիւնը, երկրորդը` թագաւորութիւնը: Եւ քանի որ ոչ ոք իր վրայ չէր առել նափորտը եւ ոչ ոք իր ձեռքը չէր առել ոսկէ գունդը, ապա ստուգապէս իմացի՛ր, որ շատ շուտով պիտի դադարեն Արշակունիների տոհմի թագաւորութիւնը եւ արժանաւոր քահանայապետ Գրիգորի տոհմից քահանայութիւնը:
Հատուածաձեւ մագաղաթի սկզբում մի քանի տող գրուած էր ոսկեղէն գրով: Սուրբ Հոգու շնորհով սրանով քեզ ցոյց է տրուել սուրբ այրերի ձեռնադրութիւնը, ովքեր սերուած լինելով երանելի Գրիգորի զարմից` պիտի արժանապէս յաջորդեն քահանայապետութեան Աթոռին: Նրանք ընտիր այրեր են, քանզի նրանց անունները գրուած են կեանքի գրքում ոսկէտեսիլ տառերով: Մագաղաթի մէջտեղում` ոսկեգիր տառերից հեռու, դու տեսար աղաւաղուած եւ ջնջուած մի քանի տողեր: Իմացի՛ր, որ սուրբ Գրիգորի Աթոռին նստելու են քահանայապետեր, ովքեր ձեռնադրւում են ո՛չ սուրբ առաքեալների եւ ո՛չ էլ սուրբ ժողովին մասնակցած երեք հարիւր տասնութ սուրբ այրերի կանոնի համաձայն, այլ յանդգնութեամբ այդ պատուին են ձգտում` ըստ աշխարհի փառքի: Նրանք առաւել արծաթասէր են, քան թէ աստուածասէր: Եւ քանի որ անպիտան է այդպիսի քահանայութիւնը եւ ոչ հաճոյ Բարձրեալին, նրանք ջնջուած են երկնքի բարութեան մատեանից, մատնուած դատաստանի եւ այրուելու գեհենում` ի կորուստ իրենց անձանց ու ժողովրդի: Իսկ մագաղաթի ստորին եզրում գրուած սքանչելի ոսկէգիր եւ կէս տողը, որ երեւացին քեզ, հաստատապէս իմացի՛ր, որ անապատի պիղծի երեւալուն մօտ ժամանակներում դարձեալ թագաւոր պիտի ելնի Արշակունեաց տոհմից, եւ պիտի նորոգուի հայրապետական Աթոռը սուրբ Գրիգորի շառաւղից:
Եւ քանի որ նրանք արհամարհուած եւ գետնին ընկած չէին կոխկրտուելու համար, այլ գունդը երեւաց յստակ, եւ ծալուած նափորտը քեզ ցոյց տրուեց առաւել պատուականութեամբ ու հաստատապէս: Այդ սքանչելատեսիլ ոսկէգիր տողը եւ կէս տողը քեզ յայտնեց այն մասին, որ ամբարտաւան թշնամու ժամանակներում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի զարմից, եւ առաջին քահանայացածը պիտի աւարտի իր կեանքը` կրելով բազում նեղութիւններ կորստեան իշխանի սուտ առաքեալների կողմից: Վախճանուելու է խաղաղութեամբ եւ ոչ թէ սրով: Իսկ քահանայապետական Աթոռին յաջորդած նրա միւս զաւակը, երկար համբերելով տանջանքներին ու հարուածներին, սովին, հալածանքներին եւ դառը նեղութիւններին, անօրէն իշխանի դահիճների սրով ընդունելու է մարտիրոսութիւնը: Այն, որ գրածի մի մասը ցոյց տրուեց կարմիր գոյնով, ստուգութեամբ հաստատում է մարտիրոսութիւնը, որ պատահելու է սուրբերին:
Իսկ այն, որ արծաթէ սկուտեղի շուրջ երեւաց մանուկների բազմութիւն, զուարճացի՛ր ցնծալից ուրախութեամբ, որովհետեւ Արարչից քեզ տրուած զաւակի արգանդից պիտի ելնեն բազում շառաւիղներ, զօրութեամբ ընտիր այրեր: Նրանց հետ միաբանուելով հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց այլ բազմութիւններ, ովքեր զօրացած Աստուծոյ սուրբ խօսքով եւ արհամարհելով թագաւորների զայրոյթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի լցնեն երկնաւոր հրաւէրի բաղձալի յոյսով` անտեսելով սնոտի հարստութիւնները եւ ժամանակաւոր փառքը: Ընդ որում` ոմանք, փոխանակելով անեղծ Աստուծոյ փառքը աշխարհի սնոտի ու ապականացու կեանքի հետ, ուրացողներ են լինում, սակայն դռների մօտ է փոխհատուցումը թուլակամներին, որն է՝ նրանց կորուստը, եւ մօտ է օգնականութիւնը զօրացեալներին` նրանց փրկութիւնը: Դու տեսար աստուածային սեղանի շուրջ բոլորուած արու մանուկներին, որ բնաւ չէին նայում սնոտի հեթանոսական պաշտամունքների խոտորումներին. նրանցից ոմանք, կատարելութեան հասնելով, արժանանալու են մարտիրոսութեան պսակին: Եւ այրերից գտնուեցին շատերը, եւ ոչ միայն այրերից, այլեւ կանանցից, ովքեր թէպէտ ո՛չ սրով, այլ զօրացած Սուրբ Հոգու շնորհներով, աւարտեցին իրենց կեանքը` բազում բարի գործեր անելով: Դու տեսար, որ մանուկներից լուսափայլ նշոյլներ էին արձակւում. ոմանցից` կարմրագոյն փայլատակմամբ երփնավառ գոյնով շողեր էին ճառագում, որը խորհրդանշում է կատարեալների արեամբ նահատակութիւնը, եւ ոմանք էլ շողշողում էին բազմերանգ ճառագայթներով, որն էլ ցոյց է տալիս առաքինի մարդկանց լուսաւորութեան բազմափայլ գոյները, որովհետեւ անթիւ եւ անհամար են արդարների ճգնութիւններն ու չարչարանքները:
Դու տեսար այն Աթոռը, որը շարժուեց սաստիկ դղրդիւնով, եւ մանուկները, կատարեալ հասակ առնելով, համբարձուեցին` երկրից երկինք թռչելով: Սրանով Պարգեւատուն քեզ ցոյց տուեց արդարների` երկրաւոր կեանքից հրեշտականման վերափոխումը երկինք: Քանզի արդարները` իբրեւ մանուկներ, անմեղութեամբ ապրեցին աշխարհում` իրենց մտքի աչքը երբէք չդարձնելով ունայն զբաղմունքների վրայ եւ արթնութեամբ սպասեցին երկնային կանչի ուրախալից հրաւէրին: Քանզի այսուհետ բազում եւ սաստիկ դղրդիւններ պիտի լինեն աշխարհում. թագաւորները միմեանց դէմ պիտի ելնեն, պիտի լինեն սով, երկրաշարժեր եւ բազում նեղութիւններ: Եւ սրանք կորստեան որդու գալստեան նշաններն են: Ինչպէս գրուած է՝ նա պիտի գայ եւ նստի սուրբ տեղում եւ իրեն, որ հալ ու մաշ է լինում վերին զօրութիւնից, պիտի ցոյց տայ որպէս աստուած: Եւ Տէր Յիսուս պիտի ոչնչացնի նրան Իր բերանի շնչով: Այնժամ կատարեալ առաքինութեան վարքով արդարները պիտի թռչեն դէպի յաւիտենական յարկերը եւ այնպէս ամէն ժամ Տիրոջ հետ պիտի լինեն: Եւ ապա նրանց համար յայտնապէս պիտի կատարուի Տիրոջ խօսքը, որն ասում է. «Ուր որ Ես եմ, այնտեղ եւ Իմ պաշտօնեան կը լինի» 21: Եւ դու կնքի՛ր այս տեսիլքը, որ բարձունքներից յայտնուեց քեզ, քանզի նրանից չի վրիպելու ոչ մի խօսք, մինչեւ որ ամէնը կատարուի»:
Ես, ինչպէս քնից, արթնացայ տեսիլքից, որը յայտնապէս եւ արթնութեան մէջ ցոյց տուեց ինձ Բարձրեալը: Եւ սաստիկ զարմանքի մէջ լինելով` փառաւորեցի մարդասէր Աստծուն, որ անարժանիս արժանացրեց տեսնելու այս ահաւոր տեսիլքը: Ես լռեցի ու ոչ ոքի չպատմեցի մինչեւ այսօր: Իսկ ձեզ պատմեցի ոչ միայն սրտիս նեղութեան պատճառով, այլեւ վախեցայ թաքցնել, որպէսզի որպէս ապերախտ` պատուհասուելով չդատուեմ այս յայտնութիւնը ցոյց Տուողի կողմից, Ով հրամայեց ինձ գրութեամբ այն աշխարհին աւանդ թողնել»:
Հայոց աւագանու, տանուտէրերի, սեպուհների եւ ողջ հաւաքուած ժողովրդի բազմութիւնը, սուրբ Սահակ հայրապետից լսելով այս խօսքերը, զարհուրեցին: Եւ այնուհետեւ ոչ ոք չհամարձակուեց այդ բաների մասին որեւէ հարց տալ սուրբին կամ խօսել:
Այնուհետեւ առաքինի այրը, հեռացնելով իրեն աշխարհածուփ զբաղմունքներից, տրուեց միայն աղօթքների եւ քարոզութեան: Ապրելով երկար տարիներ եւ հասնելով խոր ծերութեան` խաղաղութեամբ ննջեց Բագրեւանդ գաւառում` Բլուր կոչուած գիւղում, Պարսից Վռամ թագաւորի որդի Յազկերտի երկրորդ տարուայ սկզբին` Նաւասարդ ամսի 30ին, ցերեկուայ ժամը երկուսին, որն ըստ ստոյգ իմացողների եւ ըստ երանելի այր Կորիւնի` այդ օրը նաեւ սուրբի ծննդեան օրն էր:
Ինչպէս ասացինք, սուրբ Սահակը չունէր արու զաւակ, այլ միայն մէկ դուստր, ում կնութեան էր տուել Մամիկոննեանների տէր եւ հայոց սպարապետ Համազասպին, որից ծնուեցին երեք արու զաւակներ` սուրբ Վարդանը, սուրբ Հմայեակը եւ երանելի Համազասպը: Իր կտակը թողեց նրանց եւ ձեռքը բարձրացնելով բազմութեան առջեւ` օրհնեց ու պատուիրեց անխախտ պահել սուրբ Գրիգորի վարդապետութեան պատուիրանները, ինչպէս ուսուցանել եւ արդարութեամբ աւանդել էր ամբողջ Հայոց աշխարհին` ծառայել եւ երկրպագել միմիայն ճշմարիտ Աստծուն եւ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին: Սուրբի մարմինը քահանաների, իշխանների ու ժողովրդի բազմութեամբ տարան Տարօն գաւառ` իր սեփական հայրենի ու բնիկ գիւղը, որը կոչւում էր Աշտիշատ, եւ այնտեղ սուրբի համար հանգստարան կառուցելով` նրա սուրբ մարմինն ամփոփեցին ըստ արժանւոյն: Այդ տեղում կառուցեցին մեծապայծառ եկեղեցի եւ սուրբերի վկայարան: Սուրբի նշխարներին այցելուները բժշկութիւն էին ստանում ամէն տեսակ ախտերի դէմ:
Հայ Առաքելալան Սուրբ Եկեղեցին նրա յիշատակը տօնում է տարին երկու անգամ: Յիշատակի տօներից առաջինը նշւում է Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստեան չորրորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 137: 2.Ղ.Փարպեցի. Հայոց պատմութիւն. Թուղթ Վահան մամիկոնեանին, Երեւան-1982:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: