Սուրբերը Քրիստոսի սիրոյ համար երկար համբերում էին չարչարանքներին: Նրանք այնքան մեծ սիրով էին միաւորուած Քրիստոսին, որ չէին կամենում բաժանուել Նրանից, ինչպէս առաքեալն է ասում. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ինչպէս որ գրուած է. Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար» 1:
Սուրբերն այդ սիրուց մղուած՝ կամենում էին ոչ թէ մէկ անգամ մեռնել Քրիստոսի համար, այլ անդադար եւ բիւր անգամ: Եւ արդ, Քրիստոս տեսնելով նրանց մեծ սէրը, տեսնելով, որ նրանք կամենում են, որ երկարեն իրենց տանջանքները, նրանց մեծ համբերութիւն էր տալիս, որպէսզի տոկան տանջանքների մէջ, ինչպէս մեր սուրբ Լուսաւորիչն էր ասում. «Կամենում եմ, որ երկարեն մարմնիս տանջանքները, որպէսզի թեթեւանան հոգուս տանջանքները»: Եւ նաեւ սուրբերին մեծ համբերութիւն էր տալիս, որպէսզի ուրիշները տեսնելով լցուեն նախանձախնդրութեամբ եւ նմանուեն նրանց:
Նրանք ոչինչ էին համարում մարմնի չարչարանքները, որովհետեւ տեսնում էին Քրիստոսին որպէս իրենց մարտակից եւ օգնական: Եւ քանի որ Նա էր հանդիսադիրը, ուստի եւ Նա էր գործակիցը եւ Առագաստ հասցնողը: Նրանք իրենց աչքի առջեւ ունէին խոստացուած բարիքները, ինչպէս նաեւ յաւիտենական տանջանքները, անշէջ հուրը, աչքերի լացը, ատամների կրճտոցը, որի պատճառով ոչինչ էին համարում անցաւորը: Միշտ աչքի առջեւ էին Քրիստոսի չարչարանքները եւ յատկապէս փառաւոր Յարութիւնը, որի համար յօժարութեամբ էին չարչարւում:
Նախանձախնդիր լինենք նրանց, եւ ինչպէս սուրբ Պօղոսն է ասում. «Թող ձեր հաւատի միջոցով Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. եւ կարողանաք հասկանալ բոլոր սուրբերի հետ, թէ ինչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, այսինքն ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստուծոյ լրիւ ամբողջութեամբ: Բոլոր ժամանակներում նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն» 2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: