Մանկունք նոր Սիովնի, փառաբանիչք Սուրբ Երրորդութեանն,
զյիշատակ սրբոյն Կիւրղի հայրապետին,
տօնելով այսօր ընդ զօրս անմարմնոցն, օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
Ի յարկի սրբութեան եւ ի տեղւոջ փառաբանութեան,
զյիշատակ սրբոյն Կիւրղի օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
Քահանայք եւ պաշտօնեայք` միաբան հաւատացեալք,
զյիշատակ սրբոյն Կիւրղի օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
(Շարակնոց)
315-386թթ.
Երուսաղէմի պատրիարք 348 թուականից
Եպիսկոպոսութիւնը վարեց 35 տարի
Սուրբ Խաչի երեւումը Երուսաղէմում 351 թուականի մայիսի 7-ին
Սուրբ Կիւրեղ Երուսաղէմացի հայրապետը, որ Եկեղեցու տասներկու վարդապետներից մէկն է, տիրապէս եղաւ Երուսաղէմի Աթոռի պարծանքը, որովհետեւ Տեառնեղբայր Յակոբոս Արդարից յետոյ աստուածակոխ քաղաքի բոլոր եպիսկոպոսների մէջ նա հանդէս եկաւ որպէս մեծանուն եւ բազում արդիւնքներ տուած հովիւ` թողնելով լուսափայլ վարդապետութեամբ հարուստ ժառանգութիւն:
Բարեպաշտ ծնողների զաւակ էր: Հաւանական է, որ ծնուել է Երուսաղէմում, ուր մեծացել եւ կրթուել է աստուածպաշտութեամբ ու աստուածային գիտութեամբ: Յոյժ գիտակ էր Հին եւ Նոր Կտակարաններին, ինչպէս նաեւ քաջատեղեակ արտաքին գիտութիւններին եւ փիլիսոփայութեանը: Նա աչքի էր ընկնում էր իր անարատ վարքով, սիրելի էր Աստծուն եւ մարդկանց: Դեռեւս մանկուց առաքինութիւնը ցանկալի էր նրան, որի համար ընտրեց սրբակրօն եւ ճգնաւորական կեանքը: Առանձնացաւ եւ իր անձը մատնեց պահեցողութեան, ճգնութիւնների, աղօթքների ու հոգեւոր կրթութեան, քաջածանօթ եղաւ Սուրբ Գրքի խորախորհուրդ իմաստներին եւ հոգելից հայրերի աւանդութիւններին` սկսած առաքեալներից մինչեւ իր օրերը: Նա լի էր իմաստութեամբ, առատապէս հարուստ վարդապետութեամբ, որով էլ զինուած մարտնչում էր ընդդէմ ժամանակի բիւրատեսակ աղանդաւորների, հեթանոսների եւ հրէաների:
Այդ պատճառով արժանապէս եկեղեցու սարկաւագ ընտրուեց Երուսաղէմի սուրբ Մակար հայրապետի կողմից, եւ ապա մօտ 335 թուականին նրա յաջորդ` Մաքսիմոս Խոստովանող հայրապետի ձեռամբ քահանայական կարգ ստացաւ: Սա այն Մաքսիմոսն է, ում կռապաշտների հալածանքների ժամանակ Քրիստոսի անուան եւ հաւատի համար նրան զրկել էին աջ աչքից եւ ջախջախել աջ սրունքը:
Աթոռանիստ Եկեղեցում սովորոյթ կար, որ ժողովրդի առջեւ խօսէին ընտրուած մէկ, երկու կամ աւելի քահանաներ, որից յետոյ գալիս էր եպիսկոպոսը` հովուական իշխանութեամբ բեմից քարոզելու համար: Սա ինքը` երանելի Կիւրեղը, իր սքանչելի վարդապետութեան համար Մաքսիմոսի կողմից կարգուեց որպէս քարոզչութեան առաջնորդ եւ վարդապետների վարդապետ, եւ գրեթէ բոլոր կիրակի օրերին ինքն էր, որ իբրեւ հայրապետի փոխանորդ` սփռում էր իր քարոզները ժողովրդին: Սակայն նա առաւել ծանր գործ ունէր. պէտք էր ի շինութիւն Եկեղեցու կարողանար մեծ իմաստութեամբ եւ զգօնութեամբ ընդունէր ամէն տարի հեռուներից Երուսաղէմ եկող ժողովրդին, որոնց մէջ կային իմաստասէրներ, գիտակներ, եկեղեցական եւ աշխարհական կարգի երեւելի անձինք: Նրանք մշտապէս գալիս էին Երուսաղէմ` մկրտուելու Յորդանան գետում, եւ սուրբ Կիւրեղն էր, որ պատրաստում էր նրանց` արժանապէս ընդունելու սուրբ մկրտութիւն հայրապետի ձեռամբ եւ նրա քահանաների ու սարկաւագների գործակցութեամբ:
Նա մաքրում էր նաեւ ժամանակի ամենուր տարածուած հերետիկոսների եւ աղանդների սփռած չար մոլախոտերը, որի համար մեծ ջանքերով կրթում ու ամրացնում էր ժողովրդին, յատկապէս ուղղափառ վարդապետութեամբ նորատունկ հաւատ ունեցողներին: Մաքսիմոս հայրապետի օժանդակութեամբ անխոնջ աշխատանք էր տանում այդ առաքելական գործի համար` կրելով մեծ տառապանքներ ու հալածանքներ ոչ միայն հերեսիովտացիներից 1 եւ սուտանուն եղբայրներից, այլեւ ուղղափառներից: Քանզի այդ օրերին Նիկիոյ սուրբ ժողովում պիղծ Արիոսին դատապարտելուց յետոյ ողջ Եկեղեցին ալեկոծւում եւ չարչարւում էր արիոսականների երեսից. նրանք Եւսեբիոս Նիկոմիդացու գլխաւորութեամբ ձեռնամուխ էին եղել Աթոռից հեռացնել երեւելի ուղղափառ եպիսկոպոսներին, ինչպէս սուրբ Աթանաս Ալեքսանդրացուն եւ նրա համակիրներին: Նրանց ենթարկում էին աքսորների, հալածանքների, վտարում էին եւ նրանց փոխարէն կարգում չարափառների կամ էլ այն ուղղափառներին, որոնց ակնկալում էին երկդիմի խօսքերով դարձնել իրենց կողմը: Այդ օրերին գրեթէ բոլոր քաղաքներում հակառակութիւններ եւ գժտութիւններ կային եպիսկոպոսների ու եկեղեցու ժառանգաւորների միջեւ:
Սարդիկիայի ժողովում եւս, որը տեղի ունեցաւ 347 թուականին, սաստիկ խռովութիւն եւ պառակտում ընկաւ եպիսկոպոսների մէջ: Ուղղափառների մեծամասնութիւնը մնաց Սարդիկէում` Արիոսի եւ նրա հետեւորդների աղանդն իսպառ ոչնչացնելու համար, իսկ արիոսամիտ եւսեբեանները հաւաքուեցին Փիլիպուպոլիսում` ընդդէմ ուղղափառների առանձին ժողով գումարելու համար: Եւ այդպէս այստեղից ու այնտեղից միմեանց դէմ վեր ելան նզովքներ եւ շրջաբերական թղթեր: Սարդիկեաններն ու փիլիպուպոլսեաններն իրենց հռչակեցին Արիոսի հետեւորդներ եւ Նիկիոյ սուրբ ժողովի թշնամիներ: Այս ամէնից վարանումների մէջ ընկան շատ եպիսկոպոսներ, ովքեր հակամիտում էին` կէսն այս կողմ, կէսն` այն կողմ: Մի մասն էլ, կամենալով գնալ միջին ճանապարհով, մի նոր` կիսաարիոսական հերձուած ստեղծեցին: Մեծ վտանգ էր ինչպէս նրանց հաղորդ, այնպէս էլ անհաղորդ լինելը, որը լաւ առիթ էր նոր հերձուածի առաջացման համար:
Այս իրավիճակում Երուսաղէմի Մաքսիմոս հայրապետը, ում որպէս իր առաջնորդի լսում եւ հնազանդւում էր Կիւրեղը, լաւ համարեց սիրով ընդառաջ գնալ ամէնքին, որպէսզի այդ կերպով թէրեւս շահի երկու կողմերին: Եւ երբ առաւել զիջեց, եւսեբէականների պատրանքով Մաքսիմոս հայրապետը ներքաշուեց մասնակցելու Տիւրոսի ժողովին, որն ընդդէմ Աթանասի գումարուել էր արիոսականների կողմից, եւ դրանով իսկ հարկադրուեց մասնակցել նաեւ Երուսաղէմի միւս ժողովին, որը դարձեալ գումարուել էր ընդդէմ Աթանասի: Այդ պատճառով Մաքսիմոս հայրապետը միառժամանակ համարուեց կիսաարիոսական, յատկապէս երբ չանսաց սուրբ Պափնոտիոս խոստովանողի խրատներին, որը եւս հաւատի համար զրկուել էր մի աչքից: Նա Մաքսիմոսի հետ եղել էր Տիւրոսի ժողովին եւ տեսնելով, որ ժողովը գլխաւորողներն ընդդէմ Աթանասի անցել էին չարափառների կողմը, բռնել էր Մաքսիմոսի ձեռքը եւ ասել. «Օ՜հ, գնանք այստեղից», հասկացնելով, թէ ովքեր մատնում են իրենց անձերը Քրիստոսի սուրբ անուան խոստովանութեան համար, արժան չէ, որ մասնակցեն քրիստոսամարտների ժողովին: Իսկ Մաքսիմոսն այդժամ խելամուտ եւ խորամուխ չեղաւ չարափառների խորհուրդների մէջ եւ թէպէտ միառժամանակ այդպէս վտանգի մատնուեց, սակայն, յետոյ հասկանալով արիոսականների խարդաւանքները, հեռացաւ նրանցից եւ միաբանուեց սուրբ Աթանասին: Այնժամ Մաքսիմոսի հրամանով Երուսաղէմում տասնհինգ եպիսկոպոսների մասնակցութեամբ ժողով գումարուեց, ուր խոստովանեցին, որ իրենք Աթանասին Աթոռից հեռացրել են չարի պատրանքներով: Եւ ապա ստորագրութեամբ նամակ պատրաստեցին ու այն ուղարկեցին Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի եպիսկոպոսներին:
350 թուականին վախճանուեց Մաքսիմոսը, եւ միառժամանակ Երուսաղէմի Աթոռն անժառանգ մնաց: Արիոսականները ջանում էին տիրել այդ Աթոռին, բայց ժողովուրդը՝ իբրեւ արժանաւոր առաջնորդի, կամենում էր այդ Աթոռին տեսնել հայրապետանոցի երէց Կիւրեղին: Շատ վէճերից յետոյ գումարուեց եպիսկոպոսաց ժողով, ուր տեղի տալով ժողովրդի ցանկութեանը՝ վճռուեց առաջնորդ ընտրել երանելի Կիւրեղին: Այս ընտրութեանը հաւանութիւն տուեցին ոչ միայն ուղղափառները, այլեւ կիսաարիոսականները եւ ծպտեալ արիոսականներից շատերը, քանզի թէպէտ գիտէին Կիւրեղին որպէս իրենց աղանդի ջախջախիչ, սակայն, ճանաչելով նրա հեզահամբոյր վարքը եւ խաղաղասիրութիւնը, յօժարեցին միաբանուել նրա ընտրութեան հարցում:
Նրա հայրապետութեան առաջին տարում, կամ երկրորդ տարուայ սկզբում՝ 351 կամ 352 թուականին, մայիս ամսուայ եօթերորդ օրը, առաւօտից մինչեւ օրուայ երրորդ ժամը 2 երկնքում երեւաց հրաշափառ լուսեղէն մեծ Խաչ, որն իր պայծառութեամբ յաղթում էր արեգակի ճառագայթներին: Այն երեւաց Գողգոթայի սուրբ լերան վրայ եւ ցոլաց մինչեւ սուրբ Ձիթենեաց լեռը: Յոյժ գեղեցիկ եւ սքանչելի էր՝ շուրջանակի ծիածանաձեւ եւ պատուած պսակաձեւ նշոյլներով: Այն բազմութեանը երեւաց ոչ թէ հարեւանցի, այլ յայտնապէս եւ երկար ժամեր ակներեւ ամէնքին: Դղրդաց ողջ քաղաքը. մարդկանց ապշած բազմութիւնը հիացաւ ցոլացող սուրբ Խաչի արփիագեղ տեսիլքով: Բոլոր տեսնողները՝ թէ՛ տղամարդիկ, թէ՛ կանայք, թէ՛ ծերերը, թէ՛ մանուկները, թէ՛ բնակիչները, թէ՛ օտարականները, թէ՛ քրիստոնեաները, թէ՛ հեթանոսները, իբրեւ մէկ հոգի դարձած, հոծ բազմութեամբ ընթացան դէպի Սիօնի մայր եկեղեցին: Բոլորը միաբերան օրհնում էին Քրիստոս Աստծուն եւ պանծացնում սուրբ հաւատը: Մեծ ուրախութեամբ լցուեցին քրիստոնեաները, իսկ շատ անհաւատներ ընդունեցին Քրիստոսի սուրբ հաւատը եւ մկրտուեցին:
Նա ինքը՝ սուրբ Կիւրեղ հայրապետը, ով եղաւ այդ մեծ սքանչելիքի ականատես վկան, մեծապէս գոհութիւն մատուցեց Փրկչին եւ շտապեց թուղթ գրել Կոստանդ կայսրին՝ քարոզելով ահազդու հրաշքի փառաւորութեան մասին: Արդ, թէպէտ նա լաւ գիտէր Կոստանդի արիոսականների հանդէպ համակրանքի մասին, սակայն նրա սիրտը շահելու նպատակով ըստ կարգի նախ նրան մեծարեց աստուածասէր եւ բարեպաշտ թագաւորների պատուանուններով եւ ապա ազդու խօսքերով յորդորեց զինուել սուրբ Խաչի զօրութեամբ, ինչպէս իր բարեպաշտ հայր Կոստանդիանոս թագաւորը եւ փայլեցնել իր թագաւորութիւնը աստուածպաշտութեամբ: Չկարողացաւ առաւել բացայայտ խրատել, որպէսզի նրան չգրգռի ընդդէմ ուղղափառների: Այս մասին է գրում նաեւ ճառընտիրը՝ ասելով. «Երանելի Կիւրեղը աղաչական թուղթ գրեց Մեծն Կոստանդիանոս թագաւորի Կոստանդ որդուն՝ կոչելով նրան բարեպաշտ եւ աստուածային, կամենալով այդպէս շահել նրան, որովհետեւ նա մոլորուած էր արիոսականների հերձուածով: Այնտեղ գրեց նաեւ աստուածային նշանի երեւման եւ նրանով բազմութեան առ Աստուած դարձի մասին»: Սուրբ Կիւրեղի այս թուղթը Խաչի երեւման տօնի օրը Եկեղեցում կարդացւում է ընթերցուածքների սկզբում:
Օրըստօրէ տարածւում էր երանելի Կիւրեղի սրբութեան եւ իմաստութեան համբաւը որպէս ուղղափառ վարդապետութեան ճշմարիտ քարոզչի, որից չարացաւ Պաղեստինեան Կեսարիայի չարանենգ Ակակիոս եպիսկոպոսը եւ հակառակութիւն առաջացրեց ընդդէմ սուրբ հայրապետի. հաւաքեց իր արիոսական համախոհներին եւ կիսաարիոսականներին, վէճ բորբոքեց Աթոռի պատուականութեան համար. իբր Կիւրեղն արժանի չէ ինքնիշխան վարել հովուապետութիւնը, «... որովհետեւ Պաղեստինում, - ասաց, - իմ մետրոպոլիտութիւնն առաւել բարձրապատիւ է, քան նրանը»: Եւ այլ բազում ամբաստանութիւններ բարդեց նրա վրայ, որպէսզի, յուսալով կայսեր օգնականութեանը, արիոսականների եւ այլ աղանդների հետ յաղթի նրան, դատի կանչի եւ հեռացնի Աթոռից:
Կիւրեղը ուշ չդարձրեց նրա ամբաստանութիւններին, որի համար Ակակիոսը որոշեց ամբաստանել նրան ինքնակալի մօտ: Այդ ժամանակներում, երբ Պաղեստինում տիրում էր քաղցը, աղքատների բազմութիւնը դիմեց սուրբ Կիւրեղ հայրապետին: Նրանց կարիքները մեղմելու նպատակով երանելին իր ամբողջ ունեցուածքը բաշխելուց յետոյ, վաճառել տուեց նաեւ որոշ բաներ Եկեղեցու սպասքից: Քաջ հովուի այս հայրագութ հոգածութիւնը եւ կատարեալ ողորմածութիւնը Ակակիոսին առիթ տուեց, որ երանելուն համբաւէր որպէս վնասատու եւ եկեղեցու գանձերի վատնիչ: Իրեն համախոհ եպիսկոպոսների հետ վերստին սպառնալիքներ տալով՝ նրան հրաւիրեց ժողովի, եւ երբ Կիւրեղը մերժեց նրա անիրաւ, կասկածելի հրաւէրն ու նրան մերձաւոր մոլորամիտ անձանց, Ակակիոսը զայրացաւ եւ առանց նրա մասնակցութեան հեռացրեց նրան Աթոռից իբրեւ անարժան Երուսաղէմի Աթոռին: Եւ այնչափ բռնացաւ, որ անգամ սկսեց հալածել Կիւրեղին քաղաքից քաղաք, իսկ ինքը տիրեց նրա Աթոռին, մինչեւ կը նշանակուէր այլ մէկն արքունի իշխանութեամբ:
Սուրբ Կիւրեղը հարկադրուած հեռացաւ Երուսաղէմից եւ գնաց Անտիոք՝ բողոքելու ողջամիտ եպիսկոպոսների մեծագոյն ժողովին: Բայց այնտեղ ոչինչ չկարողացաւ անել, քանի որ վախճանուել էր տեղի Ղեւոնդիոս եպիսկոպոսը, իսկ Աթոռը մնացել էր առանց հովուի: Եւ քանի որ չէր կարող դիմել այլ երեւելի Աթոռներին, որովհետեւ նրանց մեծամասնութիւնը գտնւում էր արիոսականների բռնութեան ներքոյ, ելաւ-գնաց Տարսոն քաղաք՝ Սիղուանոս եպիսկոպոսի մօտ, ով թէպէտ կուսակից էր կիսաարիոսականներին, սակայն չէր էլ մերժում ուղղափառներին, որի համար նա սիրով ընդունեց Կիւրեղին եւ նրան թոյլ տուեց Տարսոնի ժողովրդին քարոզել Աստուծոյ խօսքը: Այնժամ Ակակիոսը սպառնալից նամակ յղեց Սիղուանոսին՝ Կիւրեղին ընդունելու համար, ուր գրում էր, թէ Կիւրեղը մերժուած է Աթոռից, եւ պէտք չէ հաղորդ լինել նրան: Սակայն Սիղուանոսը յօրինուածք համարեց նրա խօսքերը, քանի որ խոր յարգանք էր տածում Կիւրեղի հանդէպ եւ նաեւ ակնածում էր ժողովրդից, որ մեծ սիրով ընդունեց Կիւրեղի վարդապետութիւնը: Իսկ Կիւրեղն իր իմաստութեամբ շահեց Սիղուանոսին՝ հեռու պահելով նրան ծպտեալ արիոսականներից եւ կիսաարիոսականներից:
Այդ օրերին՝ 359 թուականին, Սելեւկիայում գումարուեց 150 հայրապետների ժողովը, որին Սիղուանոսի հետ մասնակցեց նաեւ Կիւրեղը, ուր նա մեծ ընդունելութեան արժանացաւ բոլորի կողմից: Այնտեղ գնաց նաեւ Ակակիոսն իր գործակիցներով եւ առանց պատկառելու ասաց ժողովուած եպիսկոպոսներին. «Մենք չենք կարող հաղորդ լինել եւ մասնակցել ձեր ժողովին, մինչեւ որ այստեղից չգնայ Կիւրեղը, ով հեռացուած է եպիսկոպոսական կարգից»: Հակառակութիւն ծագեց. եպիսկոպոսներից ոմանք իբրեւ թէ խաղաղութեան հնար գտնելու համար յորդորեցին Կիւրեղին հեռանալ ժողովից՝ խոստանալով, որ հաւատի վերաբերեալ խնդիրների քննարկումից յետոյ կը լուծեն նաեւ իր իրաւունքների խնդիրը, սակայն Կիւրեղը յանձն չառաւ, որովհետեւ դա անարգանք էր ոչ միայն Երուսաղէմի սուրբ Աթոռին, այլեւ արիոսականների գաղտնածածուկ հնարքների զօրացման բացայայտ նշան էր ընդդէմ իր եւ ընդդէմ ուղղափառութեան: Նա ասաց. «Ուղղափառ հաւատի խնդիրը կա՛մ կ՚որոշուի իմ ներկայութեամբ, կա՛մ ես նախ ցոյց կը տամ իմ իրաւունքը եւ ակակիոսականների բռնութիւնները»:
Երբ հայրերը հաւանութեան արժանացրին Կիւրեղի այս խօսքերը, ըմբոստացած Ակակիոսը իւրայիններով հանդերձ բարկութեամբ դուրս եկաւ ժողովից: Այնժամ ժողովի հայրերը վճռեցին արդարացնել Կիւրեղին եւ ընդունել նրան որպէս Երուսաղէմի սուրբ Աթոռի արժանաւոր ժառանգ: Ապա կանչեցին Ակակիոսին եւ նրա համակիրներին՝ կանգնելու ատեանի առջեւ եւ պատասխան տալու ծագած հակառակութիւնների ու արիոսականների հետ իրենց համախոհութեան համար, սակայն սրանք արհամարհեցին հայրերին: Այնժամ հայրերը մերժեցին նրանց իբրեւ խռովարարների եւ Արիոսի համախոհների:
Նրանց մէջ նշանաւոր էր Եւդոքսիոսը, ով բռնութեամբ եւ առանց արքունիքի հաւանութիւն տիրել էր Անտիոքի Աթոռին: Իմանալով այս մասին՝ Ակակիոսը թոյլ չտուեց Եւդոքսիոսին մասնակցել Սելեւկիայի ժողովին եւ սրտապնդեց նրան չերկնչել այլ եպիսկոպոսներից, «... քանզի,- ասաց, - ես կը լինեմ քո երաշխաւորը կայսեր առջեւ եւ քեզ կը տամ Անտիոքի կամ Կոստանդնուպոլսի Աթոռը»:
Ինչպէս Մեծն Եւսեբիոս Կեսարացին յոյժ սիրելի էր Մեծն Կոստանդիանոսին, այնպէս էլ Եւսեբիոսի յաջորդը՝ անարժան Ակակիոսը, պատուելի էր Կոստանդիանոսի որդու՝ Կոստանդի առջեւ: Այս իմանալով՝ Ակակիոսը Եւդոքսիոսի հետ գնաց թագաւորանիստ Կոստանդնուպոլիս քաղաք եւ մտնելով Կոստանդ կայսեր մօտ՝ չարախօսեց Սելեւկիայի ժողովի հայրերից եւ յատկապէս Կիւրեղից: Նա ասաց. «Իմացիր, ո՛վ արքայ, որ Կիւրեղը վաճառել է այն սուրբ պատմուճանը եւ ոսկէթել նափորտը, որը քո օգոստափառ հայր Կոստանդիանոսն ի պատիւ Երուսաղէմի եկեղեցու նուիրել էր Մակար հայրապետին, որպէսզի դրանցով զգեստաւորուած կատարի մկրտութեան խորհուրդը: Թատրոնի միմոսներից մէկն այն գնել է վաճառականների ձեռքից, հագել եւ մտել խաղի, սակայն կաքաւելու պահին պատուհասուել է, ընկել ու մեռել: Եւ ահա մոլորամիտ եպիսկոպոսները, որ հաւաքուել են քննելու հաւատի խնդիրները, իրենց մէջ ընդունեցին այդպիսի մէկին ու մերժեցին մեզ եւ քեզ հետ միաբանուողներին»:
Այնժամ Կոստանդը հրաման տուեց, որ ժողովը գլխաւորող տասը անդամներ գան իր մօտ՝ Կոստանդնուպոլիս: Նրանք եկան, կայսեր առջեւ հաստատապէս հանդէս եկան որպէս ճշմարտութեան ջատագովներ եւ ընդդէմ Ակակիոսի համարձակ քարոզեցին ուղղափառ հաւատը: Քարոզիչներից մէկն էր Սիղուանոս Տարսոնացին: Սակայն կայսրն առաւել յարում էր ակակիոսականներին, որոնց դրդմամբ հրաման տուեց թագաւորական քաղաքում գումարել այլ ժողով: Եւ այդպէս 360 թուականին տեղի ունեցաւ այդ ժողովը, ուր յանդգնեցին դատապարտել Կիւրեղին եւ նրա համախոհներին որպէս խռովարարների եւ մոլորեցնողների: Հաւատ ընծայելով նրանց՝ Կոստանդ թագաւորը հրաման տուեց արտաքսել Կիւրեղին եւ նրա գլխաւոր գործակիցներին, իսկ արիոսամիտ Եւդոքսիոսին Ակակիոսի խնդրանքով նստեցրեց Կոստանդնուպոլսի Աթոռին: Այնուհետեւ Ակակիոսն ամենուր չարիքներ սփռեց. գնալով Տարսոն՝ հեռաւոր մի տեղ աքսորել տուեց Սիղուանոսին եւ այլ ուղղափառ եպիսկոպոսներին: Տարսոնի հովուապետութիւնը յանձնեց յափշտակիչ գայլ Եւնոմիոս եպիսկոպոսին, իսկ Երուսաղէմում սուրբ Կիւրեղի փոխարէն միառժամանակ կարգեց ոմն Եւտիքիոս եպիսկոպոսին, ով թշնամի էր Կիւրեղին, իսկ ժամանակ անց յանձնեց այլ մէկին:
Այդպիսի չարափառ եւ չարաբարոյ աւազակների երեսից չէր հանդարտւում քաջ հովուի հօտը: Երկար ժամանակ Եկեղեցին այսպէս ալեկոծւում էր զօրացած արիոսականների պատճառով, ինչպէս որ ժամանակ անց նաեւ Ուրացող Յուլիանոսի հալածանքների պատճառով, բայց Աստուած ամէն բան տնօրինեց յօգուտ Եկեղեցու: Այդ օրերին՝ 361 թուականին, մեռաւ Կոստանդ կայսրը եւ թագաւորեց Յուլիանոսը: Սա, որպէսզի հանդէս գար որպէս խաղաղասէր եւ մարդասէր, միառժամանակ մի կողմ դրեց իր իշխանասիրութիւնն ու փառասիրութիւնը եւ հրաման տուեց աքսորավայրերից հետ բերել բոլոր եպիսկոպոսներին, ովքեր տարագրուել էին Կոստանդի հրամանով: Եւ այդպէս սուրբ Կիւրեղը վերադարձաւ աքսորից:
Այս ամէնից յետոյ՝ 363 թուականին, Յուլիանոսը շարժուեց դէպի Արեւելք՝ պատերազմելու Պարսից երկրի դէմ եւ կարճատեւ դադար տուեց Պաղեստինում: Այնտեղ նրան դիմեցին Երուսաղէմի հրէաներից նշանաւոր անձինք եւ խնդրեցին, որ իրենց ազատի քրիստոնեաներից եւ հրամայի, որ ժողովարան եւ աղօթավայր կառուցեն իրենց համար: Սակայն նրանց այս խորամանկութիւնը նպատակ ունէր հնարաւորութեան դէպքում գլխովին վերականգնել իրենց տաճարը: Այնժամ անօրէն Յուլիանոսը, ով յօրինում էր ամէն հնարք՝ եղծելու քրիստոնէութիւնը, սկսեց գովաբանել հրէական օրէնքները եւ գրուածքները: Նրանց մեծ ազատութիւն տուեց, հրամայեց յայտնապէս զոհեր մատուցել՝ ըստ Մովսէսի օրէնքի, իսկ հրէաներն ասացին. «Օրէնքը մեզ հրամայում է զոհեր մատուցել միայն տաճարում: Արդ, պէտք է տաճար կառուցուի, քանի որ մենք չենք կարող զոհեր մատուցել այլեւայլ տեղերում»: Յուլիանոսն անմիջապէս նրանց ընդառաջ գնաց եւ արեց աւելին, քան խնդրեցին: «Այն տաճարը, որը կործանեց Տիտոսը, - ասաց նա, - ես կը կանգնեցնեմ իր նոյն տեղում: Դուք սկսէք կառուցել, իսկ ես արքունի գանձերից կը հոգամ ծախսերը»: Սակայն նա հոգում էր ոչ թէ տաճարի համար, այլ կամենում էր այդ կերպով մարտնչել քրիստոնեաների դէմ:
Հրէաները լցուեցին անասելի խնդութեամբ. մեղուների պէս հաւաքուեցին Երուսաղէմի բոլոր կողմերից, եւ այր թէ կին ուրախութեամբ գործի անցան: Բերում էին իրենց զարդերն ու գանձերը՝ ի պէտս տաճարի: Անձամբ գործակից էին լինում կառուցողներին, փորում էին գետինը եւ գրկով հող կրում: Եւ ով կարող էր տանել հրէայ ազգի յոխորտանքները. նրանք պարծենում էին ընդդէմ քրիստոնեաների եւ նախատում նրանց՝ հայհոյելով Քրիստոսին: Ասես թէ եկել-հասել էր իրենց թագաւորութեան նորոգումը եւ բոլոր քրիստոնեաների ոտնահարումը:
Այնքան մեծ էր հրէաների ոգեւորութիւնը, որ հոյեակապ տաճար շինելու համար քանդեցին հին տաճարի հիմքերը: Այնժամ կատարուեց սուրբ Կիւրեղի մարգարէութիւնը, որ մի ժամանակ ասել էր նրանց իր քարոզներում, թէ՝ կը գայ ժամանակ, որ այդ մնացած քարերն էլ պիտի քանդուեն՝ ըստ Տիրոջ խօսքի, լինի պատահմամբ, լինի շինութեան պատճառով: Եւ այդպէս եղաւ. հրէաներն իրենց ձեռքերով հանեցին հին քարերը, որպէսզի դնեն նորի հիմքերը, հողը կիտեցին բլուր առ բլուր, որպէսզի այլ տեղում պատրաստեն շինանիւթը:
Երբ արդէն գրեթէ ոչինչ չէր մնացել, եւ յաջորդ օրը պիտի սկսէին դնել հիմքերը, այնժամ հաւատացեալները, ովքեր համակուած էին սգով, եկան հաւաքուեցին իրենց սուրբ Կիւրեղ հայրապետի մօտ՝ յայտնելու իրենց տագնապը չարագուշակ դէպքերի առթիւ: Քաջ հովիւն անվրդով էր ու խաղաղ: Նա քաջալերեց եւ յորդորեց ժողովրդին դիմել Աստծուն աղօթքներով: Մխիթարեց նրանց տէրունական խօսքով եւ ասաց. «Դուք ինքներդ տեսաք, թէ ինչպէս կատարուեց Տիրոջ խօսքը, թէ քարը քարի վրայ չպիտի մնայ: Եւ չկարծէք, թէ հրէաները կը կարողանան դնել քարը քարի վրայ»: Ինքն իսկ վստահ էր ի Տէր, վստահ էր, որ Տէրը պիտի այցելի Իր անուան փառաւորման համար, որն էլ եղաւ, քանզի ահա այդ գիշեր, երբ հրէաները որոշել էին առաւօտեան սկսել տաճարի հիմնարկէքը, յանկարծ ահագնապէս սասանուեց տեղանքը, սաստիկ հողմ բարձրացաւ, եւ յաջորդեց ուժգին փոթորիկը: Կրկին դղրդիւն եղաւ, որից փլուզուեցին շրջակայքի տները, ուր ժողովուած էին հրէայ շինարարները: Նրանք մնացին փլատակների տակ եւ կործանուեցին: Սաստիկ մրրկահողմից հիմքերից հանուած հողակոյտերը դարձեալ լցուեցին փորուած փոսերը, իսկ հիմքերի համար պատրաստուած հսկայ քարերը քշուեցին հեռաւոր տեղեր: Տաճարի շինութեան համար բերուած բազմակոյտ ատաղձը ցիրուցան եղաւ ողջ Երուսաղէմ քաղաքով մէկ: Սակայն այս աստուածասաստ յանդիմանութիւնից հրէաները չզգաստացան, համարեցին, թէ պատահարը եղաւ ըստ դիպուածի, որի համար առաւօտեան յանդգնեցին վերսկսել իրենց գործը: Բայց երբ սկսեցին մաքրել փորուած հիմքերը, անսպասելի գետնից հուր ելաւ եւ այրեց հրէաներից շատերին: Բոլորը խուճապի մատնուեցին եւ խառնիխուռն փախան՝ շարժուելով դէպի քրիստոնեաների Եկեղեցին, որի դռները տեսան, որ բաց էին, սակայն աներեւոյթ զօրութեամբ դրանք փակուեցին նրանց առջեւ: Հրէաներին թուաց, թէ Եկեղեցու պաշտօնեաներն իրենց առջեւ փակեցին դռները, որի համար կամեցան բռնութեամբ մուտք գործել: Եւ ահա նրանց վրայ Եկեղեցու ճակատից հուր ելաւ. ոմանք բոցակիզուեցին, ոմանք կիսաայրուած փախուստ տուեցին: Երկնքից իջած կամ երկրից ելած հրարձակումներ եղան նաեւ տարբեր տեղերում. մարդիկ գալիս էին փլատակների տակ մնացած իրենց ազգականների դիերը տանելու, եւ յանկարծակի լափող հուր էր ժայթքում: Նրանք փախուստ էին տալիս կրակից, սակայն բոցը մեծ արագութեամբ հետապնդում էր նրանց փողոցներով եւ հրապարակներով՝ ճարակելու որեւէ հրէայի, ուր էլ որ գտնէր: Այս աղէտը տեւեց ողջ օրը՝ երբեմն մեղմանալով, երբեմն մոլեգնելով: Կորստեան մատնուեցին շատ հրէաներ, ոչնչացան տաճարի կառուցման ամբողջ շինանիւթը եւ կահկարասիները:
Այս ամէնից անհաւատ հրէաները խելքի չեկան, չհասկացան, որ Աստուծոյ ձեռքն էր, որ իջաւ իրենց վրայ, որ Խաչեալի զօրութեան ահն էր պատել իրենց: Յաջորդ գիշերը երկնքի մէջ երեւաց խաչանման մեծ լոյս, ասես աստղազարդ եւ ճաճանչագեղ մի նշան, որն իր պայծառութեամբ չէր զիջում այն խաչին, որ երեւացել էր տարիներ առաջ՝ Կոստանդ կայսեր օրօք: Այն եւս տարածուած էր Գողգոթայից մինչեւ Ձիթենեաց լեռը: Այս տեսնելով՝ մեծ խնդութեամբ լցուեցին հաւատացեալները, քանի որ յայտնի եղաւ Փրկչի յաղթութեան նշանը՝ ընդդէմ սուրբ Եկեղեցու թշնամիների:
Ի հաստատումն այս դէպքերի՝ դրանց յաջորդեց մէկ այլ, նոր սքանչելի նշան. երբ հրէաները եկան տեսնելու ահազդու խաչը, շատերի զգեստների վրայ աստուածային հրաշքով թխագոյն, ասես հրից խանձուած խաչեր դրոշմուեցին: Հրէաները չարչարուելով ջանում էին իրենց զգեստներից թօթափել խաչի նշանները, բայց դրանք դրոշմուած եւ անջնջելի էին, որովհետեւ այդ կնիքը աստուածադրոշմ էր՝ ի յանդիմանութիւն նրանց եւ ի փառաւորութիւն խաչապաշտների: Մինչ քրիստոնեաները զարմացած նայում էին խաչանիշ հրէաներին, նոյնօրինակ խաչի նշաններ յայտնուեցին նաեւ բազմաթիւ քրիստոնեաների վրայ, նաեւ սուրբ Եկեղեցու սպասքի, սուրբ Սեղանի ծածկոցի, գրքերի եւ տաճարի այլ զարդերի վրայ: Եւ դա ոչ միայն Երուսաղէմ քաղաքում, այլեւ մերձակայ տարածքներում՝ մինչեւ Անտիոքի սահմանները:
Յաղթուած այս ակներեւ եւ ահաւոր հրաշքներից՝ բոլոր հրէաները եւ նաեւ Յուլիանոսը ահաբեկուեցին ու իսպառ հրաժարուեցին տաճարի շինութեան ձեռնարկումից: Եւ աւելին՝ հրէաների ու հեթանոսների մեծ բազմութիւն ընդունեց քրիստոնէութիւնը: Նրանցից շատերը դիմում էին քահանաներին, աղաչում, որ իրենց ընդունեն Եկեղեցու մէջ, մկրտուեն Տիրոջ սուրբ անուամբ եւ միանան Քրիստոսի հօտին:
Այդ օրերին Մեծն Կիւրեղը փայլեց իր հովուապետական առաքելութեամբ: Բոլոր իրեն դիմողներին նա սիրով առաջնորդում էր դէպի Քրիստոսի փարախը, քաջալերում էր նրանց մխիթարական խօսքերով, հաստատում նրանց սուրբ հաւատի մէջ եւ մկրտելով Քրիստոսի կնիքով՝ մեծացնում Քրիստոսի հօտը: Մեծ հրաշքներ էին կատարւում, որոնց մասին լուրը տարածուեց ամենուր: Ժամանակի հայրապետներն ու վարդապետները, ինչպէս Գրիգոր Աստուածաբանը, Ոսկեբերանը, Ամբրոսիոսը եւ միւսները, իրենց քարոզներում եւ ճառերում յաճախ էին հաւատացեալ հօտի առջեւ յիշատակում սուրբ Խաչի զօրութեան մասին՝ մէջ բերելով այն կատարուած հրաշքները, որ եղան Երուսաղէմում: Էլ չենք ասում այդ ժամանակների պատմիչների մասին. թէ՛ ուղղափառ, թէ՛ այլադաւան, մինչեւ իսկ հեթանոս պատմիչները արձանագրեցին այդ հրաշքներն ընդդէմ հրէաների: Երբ անցան հրաշքների օրերը, շատ անհաւատ հրէաներ, ովքեր իրենց նեղութեան մէջ օգնութեան էին կանչում Քրիստոսին, դարձեալ մնացին իրենց խստասրտութեան մէջ: Եւ Յուլիանոս Ուրացողը եւս, ով թէպէտ կատարուած հրաշքների ականատեսն էր, սակայն արհամարում էր դրանք իբրեւ մոգութիւններ ինչպէս փարաւոնը, և երբ պէտք է Անտիոքի ու Պաղեստինի կողմերից մեկնէր Պարսկաստան, ընդդէմ Քրիստոսի անուան փառքի՝ Երուսաղէմում պատուիրեց կառուցել մեծ ամֆիթատրոն, «... որպէսզի,- ասաց,- խաղաղութեամբ պատերազմից վերադառնալու դէպքում այնտեղ գազանամարտ կը մատուցեմ իմ կուռքերին: Բերել կը տամ նորատեսիլ ահարկու գազաններ եւ եպիսկոպոսներին, քահանաներին եւ կրօնաւորներին կը գցեմ դրանց առջեւ»: Սակայն հէնց նոյն տարում նա ինքը՝ չար գազանը, Աստուծոյ դէմ ապստամբողը եւ ընդդէմ Բարձրեալի ամենազօր Աջին ելնողը, աներեւոյթ ձեռքով մեռաւ Պարսից երկրում, եւ ի դերեւ ելան չարի բոլոր խորհուրդները:
Իսկ սուրբ Կիւրեղը, որ ակնկալում էր նահատակուել Յուլիանոսի ձեռքով, չհասաւ իր ցանկութեանը, թէպէտ ոչ քիչ նահատակութիւններ էր կրում ժամանակի արիոսականների եւ այլ հերեսիովտացիների դէմ ունեցած ամենօրեայ պայքարներում: Յուլիանոսից յետոյ թագաւորեց Յովիանոսը, որի օրօք միառժամանակ խաղաղութիւն տիրեց Եկեղեցուն, եւ լռեցին արիոսականները: Սակայն մէկ տարի անց, երբ թագաւորեց արիոսական Վաղէս թագաւորը, դարձեալ զօրացան չարափառները: Այդ շրջանում մեռաւ արիոսականների ծպտեալ դրօշակակիր Ակակիոսը, եւ սուրբ Կիւրեղը նրա փոխարէն կամեցաւ Պաղեստինեան Կեսարիայի Աթոռին անմիջապէս կարգել Փիլումենոսին: Բայց Կիւրեղի թշնամի Եւտիքիոսը բռնութեամբ այդ Աթոռին կարգեց ոմն Կիւրեղի, ով չունէր ողջամիտ վարդապետութիւն, իսկ սուրբ Կիւրեղը, չհանդուրժելով այս Կիւրեղին, նրան պաշտօնանկ արեց եւ փոխարէնը կարգեց իր քեռորդի Գելասիոսին, ով վկայուած էր բոլորի կողմից իր ուղղափառ վարդապետութեամբ եւ բարի վարքով: Սակայն շուտով Գելասիոսն ու սուրբ Կիւրեղը աքսորուեցին, քանզի 367 թուականին արիոսական Եւդոքսիոսը, ով տիրում էր Կոստանդնուպոլսի Աթոռին, այլ արիոսական եպիսկոպոսների հետ միասին չար խորհրդատւութեամբ գրգռեց Վաղէս կայսրին: Նա դրդեց հրաման արձակել, որ ովքեր նախկինում աքսորուած են եղել Կոստանդ կայսեր հրամանով եւ Յուլիանոսի օրօք նորից դարձել իրենց Աթոռներին, դարձեալ հեռացուեն, քանի որ չեն միաբանւում արիոսականներին: Եւ այս հրամանը արձակուեց, որով դարձեալ արտաքսուեցին սուրբ Աթանաս Ալեքսանդրացին, սուրբ Կիւրեղ Երուսաղէմացին եւ ոչ քիչ ուղղափառ եպիսկոպոսներ:
Արդ, սուրբ Կիւրեղի վտարանդուելուց եւ նրա փոխարէն Երուսաղէմում արիոսական մէկի նշանակուելուց յետոյ ողջ Պաղեստինում անկարգութիւն տիրեց: Համարձակ առաջ եկան արիոսականները, ապողինարները, հոգեմարտ մակեդոնականները եւ այլ աղանդաւորները, որոնց բազմութեան դէմ սուրբ Կիւրեղը մարտնչում էր խօսքով եւ գրով: Աւելի քան տասը տարիներ տեւեց նրա աքսորը, ուր թէպէտ բազում նեղութիւններ ու տառապանքներ կրեց, սակայն երբէք չյուսահատուեց, որովհետեւ մշտապէս ամուր պարսպուած էր մարգարէական սաղմոսներով եւ աղօթքներով: Եւ Աստուած այց արեց Իր ժողովրդին, քանզի երբ 378 թուականին դաժան մահով մեռաւ Վաղէս կայսրը, եւ նրան յաջորդեցին բարեսէր Գրատիանոսը եւ բարեպաշտ Մեծն Թէոդոսը, շատ աքսորուած հայրեր վերադարձան իրենց Աթոռներին, այդ թւում սուրբ Կիւրեղը, հայոց Ներսէս Մեծ հայրապետը:
Սուրբ Կիւրեղը տեսաւ իր հօտին՝ ցրուած ապականիչ գայլերի կողմից: Մեծ ջանքեր թափեց՝ մաքրելու իր թեմը բոլոր վնասակար վարդապետութիւններից եւ անկարգութիւններից: Կրեց նորանոր նեղութիւններ ոչ այնքան չարափառներից, ովքեր զգուշանում էին Թէոդոս կայսրից, որքան ուղղափառներից, որոնց թեւակից էին արեւմտամէտները եւ ընդդէմ էին Կիւրեղին:
Սուրբ Կիւրեղին ձեռք մեկնեց սուրբ Գրիգոր Նիւսացին. երբ 380 թուականին նա գնում էր մասնակցելու Անտիոքի ժողովին, Երուսաղէմով անցնելիս կանգ առաւ եւ ցանկացաւ միջնորդ լինել Կիւրեղի ու այն եպիսկոպոսների միջեւ, ովքեր չէին կամենում հաղորդուել Կիւրեղի հետ իբրեւ թէ կիսաարիոսականներին ձեռնադրելու պատճառով: Սակայն երբ Նիւսացին տեսաւ, որ Կիւրեղի հակառակորդները խորշում են նաեւ իրենից, յուսահատուեց, որ կարող է խաղաղութիւն հաստատել եւ վերացնել պառակտութիւնը: Այնժամ հրաժեշտ տուեց սուրբ Կիւրեղին, այց արեց տնօրինական վայրերին եւ տրտմութեամբ հեռացաւ: Իսկ սուրբ Կիւրեղն ամէն բան յանձնեց Աստուծոյ ձեռքը՝ սէր ցուցաբերելով իրեն ատողների հանդէպ, շահեց նրանց սրտերը, եւ այդպէս կամաց-կամաց խաղաղութիւն տիրեց:
381 թուականին 150 հայրապետների մասնակցութեամբ գումարուեց Կոստանդնուպոլսի սուրբ Ժողովը, որը նպատակ ունէր պայքարել ընդդէմ հոգեմարտների եւ ժամանակի այլ հերեսիովտների եւ նաեւ խաղաղութիւն հաստատել Եկեղեցում: Ժողովին մասնակից հայրերից մէկն էր նաեւ սուրբ Կիւրեղ Երուսաղէմացին: Այդ օրերին վախճանուեց սուրբ Մելիտոսը, եւ նրա փոխարէն ընտրուեց երանելի Փլաբիանոսը, իսկ Կոստանդնուպոլսի Աթոռի համար, որից հրաժարուեց Գրիգոր Աստուածաբանը, ընտրուեց Նեքթարիոսը: Սուրբ Կիւրեղը հերքեց իր բոլոր չարախօսների զրպարտութիւնները, որոնք հեռու էին ճշմարտութիւնից, որի համար բոլոր հայրերը միաբան հաւանութեամբ հաստատեցին նրան՝ որպէս իր Աթոռի իրաւացի ժառանգորդի:
Այնուհետեւ սուրբ Կիւրեղը մի քանի տարի խաղաղութեամբ առաջնորդեց իր հօտին, ապա 386 կամ 389 թուականին խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս՝ Եկեղեցուն թողնելով ուղղափառ վարդապետութեան հարուստ ժառանգութիւն: Ըստ հաւանական կարծիքների՝ եպիսկոպոսութիւնը վարեց 35 տարի, որից միայն 19 տարիներին նստեց իր Աթոռին, իսկ 16 տարիներն անցկացրեց աքսորներում եւ հալածանքների մէջ: Կեանքի տեւողութիւնը եղաւ մօտ 70 եւ աւելի տարիներ:
Նրա թողած ժառանգութեան մէջ կարեւորագոյնը «Կոչումն ընծայութեան» կամ «Յաղագս երախայից» աշխատութիւնն է: Հայերէն թարգմանուել է հինգերորդ դարում եւ առաջին անգամ տպագրուել է 1727 թուականին, Կոստանդնուպոլսում:
Հայ Եկեղեցին սուրբ Կիւրեղ Երուսաղէմացու յիշատակը տօնում է տարին երկու անգամ՝ Մեծ պահքի երրորդ կիրակիի նախորդ եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրերը տասներկու վարդապետների շարքում:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 191:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: